ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունիսի 2026 թվականի N 865-Ն
ՈՐՊԵՍ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ, ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ, ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՅԼ ՀԱՐԿԵՐԻ ԳԾՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՈՐՊԵՍ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ՝ ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՊՔԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել՝ որպես դրամական միջոցների գրավադրման եղանակով մաքսային վճարների, ներքին շուկայի պաշտպանության միջոցների, մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ հարկերի գծով մաքսային պարտավորությունների կատարման ապահովում, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով ներմուծվող ապրանքների մասով որպես դրամական միջոցների գրավադրման եղանակով մաքսային պարտավորությունների կատարման ապահովում՝ կանխավճարների օգտագործման դեպքերն ու պայմանները՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-379-Ն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
18.06.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2026 թվականի հունիսի 18-ի N 865-Ն որոշման |
ՈՐՊԵՍ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ, ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ, ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՅԼ ՀԱՐԿԵՐԻ ԳԾՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՈՐՊԵՍ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ՝ ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՊՔԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. Սույն հավելվածով սահմանվում են որպես դրամական միջոցների գրավադրման եղանակով մաքսային վճարների, ներքին շուկայի պաշտպանության միջոցների, մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ հարկերի գծով մաքսային պարտավորությունների կատարման ապահովում, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով ներմուծվող ապրանքների մասով որպես դրամական միջոցների գրավադրման եղանակով մաքսային պարտավորությունների կատարման ապահովում (այսուհետ՝ մաքսային պարտավորությունների կատարման ապահովում)՝ կանխավճարների օգտագործման դեպքերն ու պայմանները:
2. Հայտարարատուի կամ նրա կողմից լիազորված մաքսային ներկայացուցչի կողմից մաքսային մարմին ներկայացված դիմումի հիման վրա կանխավճարների գումարները կարող են օգտագործվել որպես մաքսային պարտավորությունների կատարման ապահովում։
3. Սույն հավելվածի 2-րդ կետում նշված դիմումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները՝
1) կազմակերպության դեպքում` անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը.
2) կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), Հայաստանի Հանրապետության քաղաքացու դեպքում` հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ) կամ դրա բացակայության դեպքում` լիազորված մարմնի կողմից տրամադրված հանրային ծառայությունների համարանիշի բացակայության վերաբերյալ տեղեկանքի համարը, իսկ օտարերկրյա քաղաքացու դեպքում` անձը հաստատող փաստաթղթի համարը.
3) մաքսային պարտավորության համար հիմք հանդիսացող փաստաթղթի համարը, մաքսային պարտավորությունների տեսակը, գումարը.
4) մաքսային պարտավորությունների կատարման ապահովման անհրաժեշտության վերաբերյալ տեղեկատվություն.
5) մաքսային ներկայացուցչի կողմից դիմումի ներկայացման դեպքում՝ լիազորագրի վերաբերյալ տեղեկություններ, ինչը ներկայացվում է դիմումին կից.
6) սույն հավելվածի 5-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվություն.
7) այլ տեղեկություններ՝ անհրաժեշտության դեպքում։
4. Սույն հավելվածով սահմանված դիմումը մաքսային մարմին է ներկայացվում մաքսային մարմինների կողմից կիրառվող էլեկտրոնային համակարգի միջոցով:
5. Որպես մաքսային պարտավորությունների կատարման ապահովում՝ կանխավճարներն օգտագործվում են հետևյալ դեպքերում և պայմանների պահպանված լինելու պարագայում՝
1) հայտարարատուի անվամբ մաքսային մարմիններին վճարման ենթակա պարտավորությունների՝ գանձապետական ավանդային հաշվին կանխավճարների փոխանցման (օգտագործման) օրվա դրությամբ բացակայության դեպքում՝ մաքսային միասնական հաշվին առկա կանխավճարների մնացորդի՝ մաքսային պարտավորությունների կատարումն ապահովելու համար բավարար լինելու պայմանով.
2) հայտարարատուի անվամբ մաքսային մարմիններին վճարման ենթակա պարտավորությունների՝ գանձապետական ավանդային հաշվին կանխավճարների փոխանցման (օգտագործման) օրվա դրությամբ առկայության դեպքում՝ մաքսային միասնական հաշվին առկա կանխավճարների մնացորդի՝ տվյալ պարտավորությունների մարման և միաժամանակ՝ մաքսային պարտավորությունների կատարումն ապահովելու համար բավարար լինելու պայմանով.
3) հայտարարատուի անվամբ մաքսային մարմիններին վճարման ենթակա պարտավորությունների առկայության դեպքում՝ մաքսային միասնական հաշվին առկա կանխավճարների մնացորդի՝ միայն մաքսային պարտավորությունների կատարումն ապահովելու համար բավարար լինելու պայմանով, եթե հայտարարատուն ունի լիազորված տնտեսական օպերատորի կամ օրինապահ հարկ վճարողի կարգավիճակ կամ ունի օրինապահության հավաստագիր:
6. Մաքսային պարտավորությունների կատարման ապահովման համար կանխավճարների գումարների օգտագործման վերաբերյալ դիմումն ուսումնասիրվում է մաքսային մարմնի կողմից՝ այն ստանալու օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվա ընթացքում։
7. Սույն հավելվածով սահմանված պայմանների պահպանված լինելու դեպքում համապատասխան դրամական միջոցները, սույն հավելվածի 6-րդ կետում նշված ժամկետում, ուղղվում են գանձապետական ավանդային հաշվին:
8. Սույն հավելվածով սահմանված պայմանների պահպանված չլինելու դեպքում, մաքսային մարմինը, սույն հավելվածի 6-րդ կետում նշված ժամկետում, տեղեկացնում է հայտարարատուին՝ որպես մաքսային պարտավորությունների կատարման ապահովում կանխավճարների օգտագործման անհնարինության վերաբերյալ՝ մաքսային մարմինների կողմից կիրառվող էլեկտրոնային համակարգի միջոցով:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
|
18.06.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հունիսի 2026 թվական: