ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ԿԱՐՄՐՈՒԿ, ԿԱՐՄՐԱԽՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԾԻՆ ԿԱՐՄՐԱԽՏԱՅԻՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆԸ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 30-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 66-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act
Կարգավիճակ
Գործում է (19.09.2026-till now)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.09.14-2026.09.27 Պաշտոնական հրապարակման օրը 18.09.2026
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
10.09.2026
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
10.09.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.09.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«10» սեպտեմբեր 2026 թվական

N 66-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԿԱՐՄՐՈՒԿ, ԿԱՐՄՐԱԽՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԾԻՆ ԿԱՐՄՐԱԽՏԱՅԻՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆԸ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 30-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հանրային առողջապահության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Կարմրուկ, կարմրախտ հիվանդությունների և բնածին կարմրախտային համախտանիշի համաճարակաբանական դիտարկմանը և կանխարգելմանը ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 14-ի ««Կարմրուկի, կարմրախտի և բնածին կարմրախտային համախտանիշի կանխարգելմանը ներկայացվող պահանջներ» ՍԿ 3.1.1-015-10 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները հաստատելու մասին» N 30-Ն հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

10.09.2026

Ա. ԱվանեսՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2026 թվականի սեպտեմբեր «10»-ի

N 66-Ն հրամանի

 

«ԿԱՐՄՐՈՒԿ, ԿԱՐՄՐԱԽՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԾԻՆ ԿԱՐՄՐԱԽՏԱՅԻՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆԸ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ

 

ԳԼՈՒԽ 1.

 

ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Կարմրուկ, կարմրախտ հիվանդությունների և բնածին կարմրախտային համախտանիշի համաճարակաբանական դիտարկմանը և կանխարգելմանը ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվը (այսուհետ՝ Նորմատիվ) նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (այսուհետ՝ բժշկական կազմակերպություն), ինչպես նաև առողջարանների, նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ ուսումնական հաստատություն), բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների համար՝ անկախ կազմակերպական-իրավական և սեփականության ձևից:

2. Նորմատիվը սահմանում է կարմրուկ, կարմրախտ հիվանդությունների և բնածին կարմրախտային համախտանիշի (այսուհետ` ԲԿՀ) համաճարակաբանական դիտարկմանը, համաճարակաբանական հետազոտությանը (հետախուզությանը), կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներին ներկայացվող պահանջները:

 

ԳԼՈՒԽ 2.

 

ԿԱՐՄՐՈՒԿ, ԿԱՐՄՐԱԽՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԲԿՀ-Ի ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

3. Բնակչության շրջանում կարմրուկի, կարմրախտի և ԲԿՀ-ի դեպքերը հայտնաբերվում են բժշկական կազմակերպությունների ավագ և միջին բուժաշխատողների կողմից՝ համաձայն դեպքի ստանդարտ բնորոշումների:

4. Կարմրուկի կլինիկական չափանիշներ. տարածուն բծավոր (մակուլոպապուլոզ) ցան (ոչ բշտիկային), բարձր ջերմություն և հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը՝

1) հազ.

2) քթահոսություն.

3) շաղկապենաբորբ:

5. Կարմրուկի լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը՝

1) կարմրուկի վիրուսի անջատում կենսաբանական նյութի նմուշից.

2) կենսաբանական նյութի նմուշում կարմրուկի վիրուսի ՌՆԹ-ի հայտնաբերում հետադարձ տրանսկրիպցիոն պոլիմերազային ՊՇՌ մեթոդով.

3) կարմրուկի իմունագլոբուլին Էմ (IgM) հակամարմինների հայտնաբերում շիճուկում կամ թքի մեջ, որը բնորոշ է սուր վարակին.

4) իմունագլոբուլին Ջի (IgG) հակամարմինների տիտրի նշանակալից աճ զույգ շիճուկներում.

5) ուղղակի ֆլյուորեսցենտային հակամարմինների թեստով կարմրուկի վիրուսի հակածնի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում` օգտագործելով կարմրուկի հատուկ մոնոկլոնալ հակամարմիններ.

6) լաբորատոր ախտորոշիչ հետազոտության արդյունքները մեկնաբանվում են ըստ պատվաստումային կարգավիճակի:

6. Կարմրուկի համաճարակաբանական չափանիշներ. մարդուց մարդ փոխանցում համաճարակաբանական կապ:

7. Կարմրուկի դեպքի դասակարգում.

1) կասկածելի դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ.

2) հավանական դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող (հիվանդության սկզբից 7-21 օր առաջ լաբորատոր հաստատված դեպքի հետ համաճարակաբանորեն կապված) յուրաքանչյուր անձ.

3) հաստատված դեպք՝ կլինիկական և լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ, ով 8 օրից մինչև 8 շաբաթվա ընթացքում չի պատվաստվել։

8. Կարմրախտի կլինիկական չափանիշներ. մակուլոպապուլոզ (բծավոր) ցան և հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը՝

1) պարանոցային ադենոպաթիա.

2) հետծոծրակային ավշային հանգույցների մեծացում.

3) հարականջային ավշային հանգույցների մեծացում.

4) հոդացավ (արթրալգիա).

5) հոդաբորբ:

9. Կարմրախտի լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը՝

1) կարմրախտի վիրուսի անջատում կենսաբանական նյութի նմուշից.

2) կենսաբանական նյութի նմուշում կարմրախտի վիրուսի ՌՆԹ-ի հայտնաբերում.

3) կարմրախտի իմունագլոբուլին Էմ (Ig M) հայտնաբերում (որոշակի իրավիճակներում կարող է իրականացվել լրացուցիչ թեստավորում՝ կեղծ դրական իմունագլոբուլին Էմ (Ig M) արդյունքները բացառելու համար).

4) կարմրախտի իմունագլոբուլին Ջի (Ig G) տիտրի նշանակալի աճ զույգ շիճուկներում.

5) լաբորատոր արդյունքները պետք է մեկնաբանվեն ըստ պատվաստումային կարգավիճակի (պատվաստումից հետո ժամանակ իմունագլոբուլին Էմ (Ig M) հնարավոր առկայություն).

10. Կարմրախտի համաճարակաբանական չափանիշներ. համաճարակաբանական կապ հաստատված դեպքի հետ։

11. Կարմրախտի դեպքի դասակարգում.

1) կասկածելի դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ.

2) հավանական դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող (հիվանդության սկզբից 12-23 օր առաջ լաբորատոր հաստատված դեպքի հետ համաճարակաբանորեն կապված դեպք) յուրաքանչյուր անձ.

3) հաստատված դեպք՝ կլինիկական և լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ, որը 8 օրից մինչև 8 շաբաթվա ընթացքում չի պատվաստվել:

12. Հղիության ժամանակ կարմրախտի կասկածի դեպքում դեպքերի, կառավարման համար, անհրաժեշտ է դրական կարմրախտի իմունագլոբուլին Էմ արդյունքների հետագա հաստատում (կարմրախտի հատուկ իմունագլոբուլին Ջի-ի թեստ, կարմրախտի իմունագլոբուլին Էմ և կարմրախտի իմունագլոբուլին Ջի մակարդակի համեմատություն զույգ շիճուկների վրա)։

13. ԲԿՀ-ի կլինիկական չափանիշներ. յուրաքանչյուր մեռելածին կամ յուրաքանչյուր մինչև մեկ տարեկան երեխա, ում մոտ հայտնաբերվում է առանց որևէ էթիոլոգիկ պատճառի առնվազն երկու կլինիկական ախտանշաններ Ա խմբից կամ առնվազն մեկական բնածին վիճակ Ա և Բ խմբերից.

1) Ա խումբ՝

ա. կատարակտա.

բ. բնածին գլաուկոմա.

գ. սրտի բնածին արատներ.

դ. լսողության խանգարում, կորուստ.

ե. պիգմենտային ռետինոպաթիա.

2) Բ խումբ՝

ա. պուրպուրա.

բ. Հեպատոսպլենոմեգալիա.

գ. Միկրոցեֆալիա.

դ. զարգացման ուշացում.

ե. Մենինգոէնցեֆալիտ.

զ. ռադիոլուսենտ ոսկրային հիվանդություններ.

է. ծնվելուց 24 ժամ հետո առաջացած դեղնություն:

14. ԲԿՀ-ի լաբորատոր չափանիշներ (լաբորատոր արդյունքները պետք է մեկնաբանվեն ըստ պատվաստումային կարգավիճակի). հետևյալներից առնվազն մեկը՝

1) կարմրախտի վիրուսի անջատում կենսաբանական նյութի նմուշից.

2) կարմրախտի վիրուսի ՌՆԹ-ի հայտնաբերում.

3) կարմրախտի վիրուսի իմունագլոբուլին Էմ հայտնաբերում.

4) կարմրախտի կայուն իմունագլոբուլին Ջի առկայություն՝ 6-ից 12 ամսականում առնվազն երկու հետազոտությունների ժամանակ` եթե պատվաստում կատարված չէ:

15. ԲԿՀ-ի համաճարակաբանական չափանիշներ. յուրաքանչյուր նորածին կամ մեռելածին՝ ծնված ծննդկանից, որի մոտ լաբորատոր հաստատվել է կարմրախտ հղիության ընթացքում` մարդուց մարդ ուղղահայաց փոխանցմամբ։

16. ԲԿՀ-ի դեպքի դասակարգում.

1) կասկածելի դեպք՝ նորածին, ում մոտ առանց որևէ էթիոլոգիկ պատճառի հայտնաբերվում է առնվազն երկու կլինիկական վիճակ Ա խմբից կամ մեկական Ա և Բ խմբերից.

2) հավանական դեպք՝ յուրաքանչյուր մեռելածին կամ բացասական լաբորատոր արդյունքով և հետևյալ երկուսից առնվազն մեկի առկայությամբ երեխա՝

ա. համաճարակաբանական կապ և Ա խմբի կլինիկական չափանիշներում թվարկված պայմաններից առնվազն մեկը.

բ. համապատասխանում է ԲԿՀ-ի կլինիկական չափանիշներին.

3) հաստատված դեպք՝ յուրաքանչյուր մեռելածին, որը համապատասխանում է լաբորատոր չափանիշներին կամ յուրաքանչյուր նորածին, որը համապատասխանում է լաբորատոր չափանիշներին և ունի հետևյալ երկուսից առնվազն մեկը՝

ա. համաճարակաբանական կապ.

բ. Ա խմբի ԲԿՀ-ի կլինիկական չափանիշներում նշված պայմաններից առնվազն մեկը:

17. Կարմրուկի, կարմրախտի և ԲԿՀ-ի յուրաքանչյուր հաստատված, կասկածելի դեպքի ախտորոշումը հաստատելու, փոփոխելու, ժխտելու կամ մահվան մասին տեղեկատվությունը, ինչպես նաև դեպքերի հաշվառումը, գրանցումը, հաղորդումն իրականացվում է բժշկական կազմակերպությունների ավագ և միջին բուժաշխատողների կողմից՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2026 թվականի հուլիսի 17-ի թիվ 53-Ն հրամանի պահանջների։

18. Լիազոր մարմնի կողմից, այդ թվում՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման կամ հանրային առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող իր ենթակայության պետական կազմակերպությունների (այսուհետ՝ պետական կազմակերպություն) միջոցով իրականացվում է կարմրուկի, կարմրախտի և ԲԿՀ-ի համաճարակաբանական դիտարկում:

19. Համաճարակաբանական դիտարկման արդյունքում հավաքված տվյալների հիման վրա Լիազոր մարմնի կողմից, այդ թվում՝ պետական կազմակերպության միջոցով իրականացվում է՝

1) կարմրուկի, կարմրախտի և ԲԿՀ-ի դեպքերի վերլուծություն տարեկան առնվազն մեկ անգամ, ինչպես նաև ըստ անհրաժեշտության՝ համաճարակային իրավիճակից ելնելով,

2) համաճարակային իրավիճակի գնահատում և կանխատեսում՝ կարմրուկի, կարմրախտի և ԲԿՀ-ի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համաճարակաբանական ցուցանիշների համեմատության միջոցով։

20. Նորմատիվի 19-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի արդյունքներով կարող են մշակվել և պետական մարմիններին, պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին հանրային առողջության ապահովման նպատակով ներկայացվել անհրաժեշտ առաջարկություններ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում այդ առաջարկությունների հիման վրա կարող են ընդունվել «Հանրային առողջապահության մասին» օրենքի 17-րդ հոդվածով նախատեսված որոշումներ:

 

ԳԼՈՒԽ 3.

 

ԿԱՐՄՐՈՒԿ, ԿԱՐՄՐԱԽՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԲԿՀ-Ի ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

21. Կարմրուկի, կարմրախտի և ԲԿՀ-ի դեպքերի ստանդարտ բնորոշումներին համապատասխանող յուրաքանչյուր կասկածելի դեպք ենթակա է կարմրուկի և կարմրախտի նկատմամբ լաբորատոր հետազոտության:

22. Լաբորատոր հետազոտության համար կարմրուկի, կարմրախտի և ԲԿՀ-ի դեպքերի ստանդարտ բնորոշումներին համապատասխանող յուրաքանչյուր կասկածելի դեպքի կենսաբանական նմուշների (արյուն, մեզ, բկանցքից քսուք) հաշվառումը, պահպանումը, տեղափոխումն իրականացվում է՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի հունիսի 23-ի N 38-Ն հրամանի, իսկ նմուշառումը և ուղեգրումը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի դեկտեմբերի 25-ի N 3780-Ա հրամանի պահանջների:

23. Բժշկական կազմակերպությունում կարմրուկի, կարմրախտի և ԲԿՀ-ի դեպքերի բոլոր դրական և տասը տոկոս բացասական լաբորատոր հաստատված նմուշները բժշկական կազմակերպության կողմից տեղափոխվում են «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն՝ կրկնակի լաբորատոր հետազոտության համար:

 

ԳԼՈՒԽ 4.

 

ԿԱՐՄՐՈՒԿԻ, ԿԱՐՄՐԱԽՏԻ ԵՎ ԲԿՀ-Ի ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ (ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ), ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

 

24. Կարմրուկի, կարմրախտի և ԲԿՀ-ի կասկածելի կամ հաստատված բոլոր դեպքերի, բռնկումների, համաճարակների, համավարակների կամ հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակ ներկայացնող իրադարձությունների արձանագրման ժամանակ Լիազոր մարմնի կողմից, այդ թվում՝ պետական կազմակերպության միջոցով, իրականացվում է դեպքի համաճարակաբանական հետազոտություն (հետախուզություն)։

25. Կարմրուկի, կարմրախտի և ԲԿՀ-ի կասկածելի կամ հաստատված բոլոր դեպքերի համաճարակաբանական հետազոտությունն (հետախուզությունն) իրականացվում է համաձայն Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով հաստատված մեթոդական ուղեցույցի։

26. Համաճարակաբանական հետազոտության (հետախուզության) իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվությունը, բժշկական փաստաթղթերը տրամադրվում են իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, ֆիզիկական անձանց (պացիենտ, վարակի կասկածով անձ, վարակակիր, կոնտակտավոր) կողմից:

27. Կարմրուկի, կարմրախտի և ԲԿՀ-ի օջախ է համարվում վարակի աղբյուրի գտնվելու վայրը (պացիենտի բնակության վայրը, աշխատավայրը, ուսումնական հաստատությունները), ինչպես նաև այն կազմակերպությունները, որտեղ տեղի է ունեցել պացիենտի հավանական վարակումը (բժշկական կազմակերպությունների, հանրային սննդի, ժամանցի և այլ կազմակերպություններ) և այն տարածքը, որի սահմաններում վարակը կարող է փոխանցվել:

28. Հիվանդության օջախում հակահամաճարակային միջոցառումներն (կասկածելի կամ հաստատված դեպքի բժշկական օգնություն և սպասարկում, կոնտակտավորների նկատմամբ բժշկական հսկողություն, անհրաժեշտության դեպքում` պատվաստումների իրականացում, լաբորատոր նմուշառում, բնակչության շրջանում իրազեկման աշխատանքներ) իրականացվում են բժշկական կազմակերպությունների ավագ և միջին բուժաշխատողների կողմից:

29. «Հանրային առողջապահության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված դեպքերում և կարգով համաճարակաբանական հետազոտություն (հետախուզություն) կարող են իրականացվել հիվանդության օջախում:

30. Համաճարակաբանական դիտարկման արդյունքների վերլուծության, ինչպես նաև համաճարակաբանական հետազոտության (հետախուզության) արդյունքում Լիազոր մարմնի, այդ թվում՝ պետական կազմակերպությունների կողմից, կարող են մշակվել և ներկայացվել առաջարկություններ «Հանրային առողջապահության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև Նորմատիվի 4-րդ գլխով սահմանված կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման ուղղությամբ:

31. Կարմրուկի, կարմրախտի, ԲԿՀ-ի կասկածելի կամ հաստատված դեպքերին` կլինիկական ընթացքի բարդությունից կախված ցուցաբերվում է արտահիվանդանոցային կամ հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում, և նրանց նկատմամբ սահմանվում է բժշկական հսկողություն:

32. Կարմրուկի, կարմրախտի և ԲԿՀ-ի կասկածելի կամ հաստատված հոսպիտալացման ենթակա դեպքերը հոսպիտալացվում են մասնագիտացված (ինֆեկցիոն) հիվանդանոցային բժշկական կազմակերպությունում կամ հիվանդանոցային պայմաններում բժշկական կազմակերպությունների ինֆեկցիոն բաժանմունքներում, կլինիկական ցուցումների դեպքում` ինֆեկցիոն վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Այն բժշկական կազմակերպություններում, որտեղ չկան մեկուսարաններ, առանձնացվում է առանձին տարածք՝ կասկածելի կամ հաստատված դեպքերի համար, սահմանափակելով շփումն այլ անձանց հետ:

33. Կարմրուկի, կարմրախտի և ԲԿՀ-ի կասկածելի կամ հաստատված չհոսպիտալացված դեպքերն ենթակա են մեկուսացման՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած մեկուսացման և օբսերվացիայի իրականացման կարգի:

34. Կարմրախտի կասկածելի կամ հաստատված դեպքի ստանդարտ բնորոշումներին համապատասխանող հղի կնոջ բժշկական հսկողությունն իրականացվում է հղիության ողջ ընթացքում և հղիության ելքը (ԲԿՀ կամ անախտանիշ բնածին կարմրախտ կամ պտղի մահ բնածին կարմրախտային վարակից կամ ինքնաբեր վիժում կամ նորմալ երեխայի ծնունդ) բուժաշխատողի կողմից գրանցվում է բժշկական փաստաթղթերում (հղիի հսկողության, հիվանդության պատմություն, փոխանակման քարտ):

35. Կարմրախտի կասկածելի կամ հաստատված դեպքի ստանդարտ բնորոշումներին համապատասխանող հղի կնոջից ծնված նորածինը ենթակա է լաբորատոր հետազոտության կարմրախտի և կարմրուկի նկատմամբ:

36. Կարմրուկի կամ կարմրախտի հաստատված դեպքով անձին թույլատրվում է հաճախել աշխատանքի վայր, ուսումնական հաստատություն և այլ վայրեր` ցանավորման սկզբից հաշված 4 օրից հետո` կարմրուկի, և 7 օրից հետո` կարմրախտի դեպքում:

37. Կարմրուկի հաստատված դեպքով անձը ենթակա է մեկուսացման կատառալ երևույթների դրսևորումից սկսած՝ ցանի առաջացումից հետո 4 օր տևողությամբ: Կարմրախտի հաստատված դեպքը ենթակա է մեկուսացման կատառալ երևույթների դրսևորումից սկսած մինչև ցանավորումից հետո 7 օր տևողությամբ: Փաստագրված իմունային անբավարարություն ունեցող կարմրուկի, կարմրախտի հաստատված դեպքերը մեկուսացվում են հիվանդության ողջ ընթացքում:

38. ԲԿՀ-ով մինչև 12 ամսական երեխաները յուրաքանչյուր ամիս ենթարկվում են լաբորատոր հետազոտության՝ կարմրախտի վիրուսի հայտնաբերման նպատակով:

39. ԲԿՀ-ով մինչև 12 ամսական վիրուսազատման փուլում գտնվող երեխաներին արգելվում է հաճախել նախադպրոցական և երեխաների խնամք իրականացնող կազմակերպություններ, սահմանափակվում է շփումը նաև այլ անձանց հետ՝ մինչև կարմրախտի վիրուսազատման դադարումը: Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում ապահովվում է ԲԿՀ-ով մինչև 12 ամսական վիրուսազատման փուլում գտնվող երեխաների մեկուսացումը՝ մինչև կարմրախտի վիրուսազատման դադարումը:

40. Բժշկական կազմակերպություններում, առողջարաններում, ուսումնական և բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում կոնտակտավորների նկատմամբ սահմանվում է ամենօրյա բժշկական հսկողություն կարմրուկի, կարմրախտի հաստատված դեպքի հետ վերջին շփումից հետո 23 օր տևողությամբ` իրականացնելով ջերմաչափում, մաշկի և տեսանելի լորձաթաղանթների զննում՝ տվյալները գրանցելով Նորմատիվի Ձև 1-ում, բացառությամբ մասնագիտացված (ինֆեկցիոն) հիվանդանոցային բժշկական կազմակերպություններում կամ հիվանդանոցային պայմաններում բժշկական կազմակերպությունների ինֆեկցիոն բաժանմունքներում:

41. Բժշկական կազմակերպությունում չպատվաստված, թերի պատվաստված և նախկինում կարմրուկով, կարմրախտով չհիվանդացած բուժաշխատողները աշխատանքի չեն հաճախում կասկածելի կամ հաստատված դեպքի հետ առաջին շփումից հետո 5-րդ օրվանից մինչև վերջին շփումից հետո՝ 23-րդ օրը:

42. Բժշկական կազմակերպությունում, բժշկական օգնություն և սպասարկում իրականացվող վայրերում կարմրուկի, կարմրախտի և ԲԿՀ-ի կասկածելի կամ հաստատված դեպքով անձի խնամքը, օգտագործվող անհատական պաշտպանության միջոցների կիրառումն իրականացվում է՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի N 23-Ն հրամանի պահանջների:

 

ԳԼՈՒԽ 5.

 

ԿԱՐՄՐՈՒԿԻ, ԿԱՐՄՐԱԽՏԻ ԴԵՄ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐ

 

43. Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի, կարմրախտի դեմ պատվաստումները կազմակերպվում և իրականացվում են՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված՝ իմունականխարգելման ազգային ծրագրի և Հայաստանի Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում իմունականխարգելման գործընթացի կազմակերպմանը և իրականացմանը ներկայացվող պահանջները սահմանող՝ Լիազոր մարմնի ղեկավարի ընդունած նորմատիվ իրավական ակտի, տվյալ պատվաստանյութի կիրառման հրահանգի և Լիազոր մարմնի ղեկավարի համապատասխան հրամաններով հաստատված կիրառման ուղեցույցների:

44. Կարմրուկի, կարմրախտի և ԲԿՀ-ի դեպքի հետ սերտ շփված կոնտակտավորները՝ շփումից հետո մինչև 72 ժամվա ընթացքում, ենթակա են պատվաստման կարմրուկի, կարմրախտի դեմ համաճարակաբանական ցուցումով: Պատվաստման ենթակա են նաև կոնտակտավորների հետ սերտ շփված անձինք, մասնավորապես.

1) կարմրուկի, կարմրախտի և ԲԿՀ-ի դեպքի հետ շփված 6 ամսականից մինչև 12 ամսական կարմրուկով կամ կարմրախտով չհիվանդացած երեխաներին, կատարվում է մեկ դեղաչափ պատվաստում, որը համարվում է զրոյական դեղաչափ, հաջորդիվ երեխայի կարմրուկի, կարմրախտի դեմ պատվաստումները շարունակվում են ըստ պատվաստումների ազգային օրացույցով սահմանված տարիքային խմբերի՝ համաճարակաբանական ցուցումով կատարված պատվաստումից առնվազն 4 շաբաթ անց,

2) կարմրուկի, կարմրախտի և ԲԿՀ-ի դեպքի հետ շփված 12 ամսականից մինչև 3 տարեկան 11 ամսական 29 օրականը լրացած մեկ դեղաչափ պատվաստված երեխաներին կատարվում է 1 դեղաչափ պատվաստում՝ նախորդ պատվաստումից առնվազն 4 շաբաթ անց, որը կհամարվի պատվաստումների ազգային օրացույցով սահմանված երկրորդ դեղաչափը,

3) կարմրուկի, կարմրախտի և ԲԿՀ-ի դեպքի հետ շփված 12 ամսականից մինչև 3 տարեկան 11 ամսական 29 օրականը չպատվաստված երեխաներին կատարվում է 1 դեղաչափ պատվաստում, որը կհամարվի պատվաստումների ազգային օրացույցով սահմանված առաջին դեղաչափը, հաջորդիվ երեխայի կարմրուկի դեմ պատվաստումները շարունակվում են ըստ պատվաստումների ազգային օրացույցի՝ համաճարակաբանական ցուցումով կատարված պատվաստումից առնվազն 4 շաբաթ անց,

4) կարմրուկի, կարմրախտի և ԲԿՀ-ի դեպքի հետ շփված 4 տարեկանից մինչև 18 տարեկան 1 դեղաչափ պատվաստված երեխաներին կատարվում է 1 դեղաչափ պատվաստում՝ նախորդ պատվաստումից առնվազն 4 շաբաթ անց, որը կհամարվի պատվաստումների ազգային օրացույցով սահմանված երկրորդ դեղաչափը,

5) կարմրուկի, կարմրախտի և ԲԿՀ-ի դեպքի հետ շփված 4 տարեկանից մինչև 18 տարեկան չպատվաստված երեխաներին կատարվում է 1 դեղաչափ պատվաստում, որը կհամարվի պատվաստումների ազգային օրացույցով սահմանված առաջին դեղաչափը, հաջորդիվ երեխայի կարմրուկի դեմ պատվաստումների երկրորդ դեղաչափը շարունակվում է նախորդ պատվաստումից առնվազն 4 շաբաթ անց,

6) կարմրուկի, կարմրախտի և ԲԿՀ-ի դեպքի հետ շփված 18 տարեկան և բարձր տարիքի անձանց, ովքեր չունեն փաստագրված պատվաստումային կարգավիճակ կամ կարմրուկով հիվանդացման փաստ, կատարվում է 1 դեղաչափ պատվաստում:

45. Կարմրուկի դեպքի հետ շփումից հետո հղիներին, մինչև 6 ամսական երեխաներին, փաստագրված իմունային անբավարարություն ունեցող անձանց առաջարկվում է պասիվ իմունականխարգելում՝ հակակարմրուկային մարդկային իմունոգլոբուլինով (հակակարմրուկային իմունոգլոբուլինի առկայության դեպքում): Կարմրուկի հաստատված դեպքի հետ շփումից հետո մինչև 6 օրվա ընթացքում պասիվ իմունականխարգելման դեպքում այն կարող է կանխարգելել հիվանդությունը կամ նվազեցնել ծանր դեպքերի առաջացումը:

46. Բուժաշխատողները, ովքեր չունեն կարմրուկի, կարմրախտի դեմ 2 դեղաչափ պատվաստում կամ կարմրուկով, կարմրախտով հիվանդացման մասին գրանցված փաստ՝ անկախ կարմրուկի, կարմրախտի և ԲԿՀ-ի դեպքի հետ շփումից, համաճարակաբանական ցուցումով ստանում են կարմրուկի, կարմրախտի դեմ կանխարգելիչ պատվաստում:

 

Ձև 1

 

ԿԱՐՄՐՈՒԿԻ, ԿԱՐՄՐԱԽՏԻ ԿՈՆՏԱԿՏԱՎՈՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՉԱՓ

 

Կարմրուկի, կարմրախտի դեպքի ազգանուն, անուն, հայրանուն

________________________________________________________________________________

 

Բնակության վայրի հասցե

________________________________________________________________________________

 

Ախտորոշում

________________________________________________________________________________

 

Ախտորոշման հաստատման ամիս, ամսաթիվ

________________________________________________________________________________

 

Հ/հ

Կոն-տակ-տավորի ազգա-նուն, անուն,

հայրա-նուն

Ծննդ-յան օր, ամիս, տարի

Բնա-կու-թյան հասցե

Հեռ. հա-մար

Ամիս, ամսաթիվ

               

ջերմու-թյուն

ախտա-նշան

ջերմու-թյուն

ախտա-նշան

ջերմու-թյուն

ախտա-նշան

ջերմու-թյուն

ախտա-նշան

ջերմու-թյուն

ախտա-նշան

ջերմու-թյուն

ախտա-նշան

ջերմու-թյուն

ախտա-նշան

ջերմու-թյուն

ախտա-նշան

                                         
                                         
                                         

Տվյալները լրացնողի անուն, ազգանուն, հայրանուն, զբաղեցրած պաշտոն

________________________________________________________________________________

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 սեպտեմբերի 2026 թվական: