ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 210
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act
Կարգավիճակ
(08.04.1992-till now)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1992/4, ապրիլ 1992
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.04.1992
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.04.1992

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 ապրիլի 1992 թ. N 210

Քաղ. Երևան

 

«ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն «Բնության պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենսդրության, «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության 1991 թվականի հոկտեմբերի 1-ի «Սևան» ազգային պարկի վերաբերյալ առաջարկությունների մասին» որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Սևան» ազգային պարկի կանոնադրությունը (կցվում է).

2. Հանձնարարել պատգամավորների Սևանի, Կրասնոսելսկի, Վարդենիսի, Մարտունու, Կամոյի շրջխորհուրդների գործադիր կոմիտեներին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետության բնության ու շրջակա միջավայրի պահպանության նախարարության հետ համատեղ, երկամսյա ժամկետում ուսումնասիրել և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Սևան» ազգային պարկին հատկացվող տարածքի վերաբերյալ։

3. Սահմանել, որ «Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գործունեությունը կարգավորվում է «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին», Հայաստանի Հանրապետության օրենքով, «Սևան» ազգային պարկի մասին կանոնադրությամբ, ինչպես նաև համապատասխան պայմանագրերով։

4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը՝ սույն որոշման կատարման ընթացքի մասին եռամսյա ժամկետում զեկուցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1978 թվականի մայիսի 25-ի «Սևան» ազգային պարկի ժամանակավոր կանոնադրությունը հաստատելու մասին» N 334 որոշումը։

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ 

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ է

ՀՀ կառավարության 1992 թվականի

ապրիլի 8-ի N 210 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարության «Սևան» ազգային պարկը (այսուհետև՝ պարկ) հանդիսանում է բնապահպան գիտահետազոտական հիմնարկ, որն իրականացնում է Սևանա լճի և նրա ավազանի բնական համալիրների և պաշարների՝ պահպանությունը և օգտագործման վերահսկումը, այդ աշխատանքների գիտական հիմնավորումը, միջազգային համագործակցությունը և բնապահպան քարոզչությունը, ինչպես նաև կոորդինացնում և վերահսկում է հանգստի և տուրիզմի կազմակերպումը, աջակցում է պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությանը։

2. Պարկի ընդհանուր տարածքը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։

3. Պարկի տնօրենը նշանակվում և ազատվում է պաշտոնից Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից՝ Հայաստանի Հանրապետության բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարության ներկայացմամբ։

4. Պարկի աշխատակիցները կրում են սահմանված ձևի համազգեստ, իսկ տեսչական ծառայության աշխատակիցներին թույլատրվում է կրել նաև տաբելային զենք։

5. Պարկը օգտվում է իրավաբանական անձի իրավունքից, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանը պատկերող և իր անվամբ կնիք։

 

II. «Սևան» ազգային պարկի խնդիրներն ու ֆունկցիաները

 

6. «Սևան» ազգային պարկի խնդիրներն են`

ա) Սևանա լճի և նրա ավազանի բնական ռեսուրսների՝ լանդշաֆտների, ջրային տարածքների, բուսական և կենդանական աշխարհի պահպանությունն ու վերարտադրությունը, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությունը.

բ) տուրիզմի և հանգստի պայմանների ստեղծումը (ռեկրեացիա) և բնակչության էկոլոգիական դաստիարակությունը.

գ) պարկի տարածքների տնտեսական օգտագործման գիտական հիմունքների մշակումը և կիրառումը.

դ) պարկի տարածքում տեղաբաշխված ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) գործունեության վերահսկումը.

ե) քաղաքացիների պարկից օգտվելու կանոնների սահմանումը։

Պարկի ռեժիմը խախտող քաղաքացիները պատասխանատվության են ենթարկվում Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն.

զ) համապատասխան պայմանագրերով պարկի տարածքում գործող ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների միջև տնտեսական  փոխհարաբերությունների կարգավորումը.

է) պարկի տարածքում գործող ձեռնարկություններից և կազմակերպություններից օրենքով սահմանված կարգով բնական պաշարների օգտագործման և շրջակա միջավայրի աղտոտման համար համապատասխան վճարների գանձումը։

 

III. «Սևան» ազգային պարկի ֆունկցիոնալ գոտիները

 

7. Պարկը բաժանվում է ֆունկցիոնալ հետևյալ գոտիների՝

ա) արգելոցային գոտի, որի ռեժիմը սահմանվում է համաձայն «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին», Հայաստանի Հանրապետության օրենքի և հանվում է տնտեսական շահագործումից.

բ) արգելավայրային գոտի, որի գործունեությունը կարգավորվում է «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.

գ) ռեկրեացիոն գոտի, որտեղ սահմանված կարգով իրականացվում է տուրիզմի և բնակչության հանգստի կազմակերպումը.

գ) տնտեսական գոտի, որտեղ իրականացվում է ազգային պարկի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և քաղաքացիների կողմից ազգային պարկի ռեժիմին չհակասող տնտեսական գործունեություն (բնապահպան ուղղությամբ)։

 

IV. «Սևան» ազգային պարկի պահպանական գոտին

 

8. «Սևան» ազգային պարկի տարածքի վրա բացասական ներգործություն ունեցող տնտեսական գործունեությունը սահմանափակելու կամ արգելելու նպատակով «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, սահմանվում է պահպանական գոտի:

9. Պահպանական գոտին ընդգրկում է «Սևան» ազգային պարկի սահմաններից դուրս՝ մինչև 500 մ լայնությամբ տարածք:

10. Պահպանական գոտում թույլատրվում է «Սևան» ազգային պարկի հետ համաձայնեցված և վերջինիս էկոլոգիական համակարգին չվնասող ցանկացած տնտեսական գործունեություն։

11. Պահպանական գոտու ռեժիմի վերահսկողությունը իրականացնում է «Սևան» ազգային պարկը։

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.01.1996, N 23 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան