ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 138-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1351-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act
Կարգավիճակ
Գործում է (19.09.2026-till now)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.09.14-2026.09.27 Պաշտոնական հրապարակման օրը 18.09.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.09.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.09.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.09.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 սեպտեմբերի 2026 թվականի N 1351-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 138-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-դ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի ««Ագրոքիմիական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու և գործառույթներ վերապահելու մասին» N 138-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3. Թույլատրել «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝

1) ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող ու այլ հողօգտագործողների հողատեսքերում ագրոքիմիական հետազոտությունների իրականացում և հրահանգների կազմում.

2) ագրոքիմիկատների քիմիական հետազոտությունների իրականացում և որակի գնահատում.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված իր լաբորատորիայի միջոցով՝ ներկրվող և տեղում արտադրվող ագրոքիմիկատների որակական ցուցանիշների որոշմանն ուղղված փորձաքննությունների իրականացում և տվյալների հիման վրա փորձաքննության արձանագրությունների կազմում և տրամադրում.

4) կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման ենթակա վարակիչ հիվանդությունների նկատմամբ կանխարգելիչ միջոցառումների իրականացում, ինչպես նաև խոշոր և մանր եղջերավոր կենդանիների համարակալման դաշտային աշխատանքների կազմակերպման, դրանց հաշվառման և տվյալների թվայնացման աշխատանքների իրականացում.

5) ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող խոշոր և մանր եղջերավոր կենդանիների համարակալման և էլեկտրոնային տեղեկատվական համակարգում (ԱՆԻ ՊԱՍ) մուտքագրման, հաշվառման և վերլուծության աշխատանքների իրականացում։».

2) որոշման հավելվածի 2-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«II. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

11. Կազմակերպության գործունեության առարկան է՝

1) կայուն անասնահամաճարակային վիճակն ապահովելը, ինչպես նաև մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդություններից բնակչությանը զերծ պահելը.

2) վնասակար օրգանիզմների դեմ պայքարի միջոցառումների նպատակաուղղվածությունը և արդյունավետությունը բարձրացնելը.

3) գյուղատնտեսության ոլորտում իրականացվող մի շարք ծրագրերի մոնիթորինգը, թերակատարումների հայտնաբերումն ու բացառումը։

12. Կազմակերպության նպատակներն են՝

1) մարդկանց և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների բռնկումների կանխումը և կայուն անասնահամաճարակային իրավիճակի ապահովումը.

2) գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում բուսասանիտարական ուսումնասիրության և բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացումը և բուսասանիտարական կայուն վիճակի ապահովումը.

3) հանրապետությունում անասնաբուժասանիտարական պահանջներին համապատասխան բարձրորակ կենդանական ծագման մթերքների ստացման ապահովումը.

4) բուսասանիտարական ուսումնասիրությունների միջոցով հանրապետությունում բույսերի վտանգավոր վնասակար օրգանիզմների հայտնաբերումը, հաշվառումը, տարածման արեալների և տնտեսական վնասակարության շեմերի ճշտումը, տարածման կանխարգելումը, իրազեկման աշխատանքների իրականացումը և պայքարի աշխատանքների իրականացման ընթացքում մասնագիտական աջակցության ցուցաբերումը.

5) փորձարկման սահմանված ոլորտին համապատասխան (հավատարմագրված) ագրոքիմիկատների լաբորատոր հետազոտությունների իրականացումը և որակական ցուցանիշների գնահատումը։».

3) որոշման հավելվածի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«13. Կազմակերպությունը՝

1) Հայաստանի Հանրապետության տարածքում պետական պատվերի ծրագրի շրջանակներում ապահովում է կենդանիների, կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների նկատմամբ կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումների իրականացումը.

2) ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ, օրենքով սահմանված կարգով, կնքում է անասնաբուժական ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրեր՝ անասնահակահամաճարակային միջոցառումների և գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման աշխատանքների իրականացման նպատակով.

3) անասնաբուժական ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր կնքած՝ անասնահակահամաճարակային միջոցառումներ իրականացնող համայնքը (համայնքները) սպասարկող անասնաբույժներն օրենքով սահմանված կարգով տրամադրում են անասնաբուժական ուղեկցող փաստաթղթեր.

4) ապահովում է կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը և վարակիչ օջախների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման աշխատանքները.

5) կազմակերպում է օտարերկրյա պետություններից կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման ենթակա վարակիչ հիվանդությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներթափանցումը կանխարգելող միջոցառումների իրականացման աշխատանքները.

6) իրականացնում է գյուղատնտեսական կենդանիների համարակալման, հաշվառման և անձնագրավորման աշխատանքներ.

7) իրականացնում է բույսերի պաշտպանության միջոցառումների ծրագիր.

8) իրականացնում է գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում, գյուղատնտեսական նշանակության հողատեսքերին հարող անմշակ տարածքներում (անկախ սեփականության ձևից) բուսասանիտարական ուսումնասիրություն՝ բույսերի առավել վտանգավոր վնասակար օրգանիզմների հայտնաբերման, տարածման արեալների ճշտման նպատակով.

9) իրականացնում է բույսերի առավել վտանգավոր վնասակար օրգանիզմների (ընդհանուր ծավալի 70-80 տոկոսը՝ մկնանման կրծողներ և մորեխներ), ինչպես նաև բազմամյա տնկարկների, բանջարաբոստանային և հացահատիկային մշակաբույսերի հիմնական հիվանդությունների և վնասատուների հայտնաբերում, հաշվառում, տարածման արեալների և տնտեսական վնասակարության շեմերի ճշտում, պայքարի ժամկետների մասին իրազեկում, տարածման կանխարգելման աշխատանքներ.

10) իրականացնում է բույսերի պաշտպանության միջոցների տրամադրման աշխատանքներ Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմերին՝ բնակավայրերում պայքարի աշխատանքների կազմակերպման նպատակով.

11) հետազոտում և գնահատում է գյուղատնտեսական նշանակության հողերի ագրոքիմիական վիճակը, անհրաժեշտության դեպքում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին և հողօգտագործողներին իրազեկում հողերում սննդատարրերի քանակի և դրանց պակասի համալրման միջոցառումների մասին.

12) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված՝ իր լաբորատորիայի փորձաքննության տվյալների հիման վրա վերահսկող մարմիններին և գործարարներին տալիս է եզրակացություն՝ ներկրվող և տեղում արտադրվող պարարտանյութերի որակական ցուցանիշների վերաբերյալ.

13) իրականացնում է «Անասնաբուժական ծառայություններ» ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումների մոնիթորինգ՝ թերակատարումների հայտնաբերման կամ բացառման, գրանցամատյանում լրացված տվյալների անհամապատասխանությունների հայտնաբերման կամ բացառման, ծրագրի իրականացմանը խոչընդոտող խնդիրների, ինչպես նաև խոշոր և մանր եղջերավոր կենդանիների նույնականացման տվյալների անհամապատասխանության հայտնաբերման, նույնականացման համարների կրկնման բացառման և իրականացմանը խոչընդոտող խնդիրների բացահայտման ուղղությամբ.

14) իրականացնում է մոնիթորինգ՝ մթերատվության բարձրացման փորձնական ծրագրի շրջանակներում կովերի արհեստական սերմնավորման ծառայությունների պատշաճ մատուցման փաստը պարզելու նպատակով.

15) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ։».

4) որոշման հավելվածի 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«14. Կազմակերպության կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակներն են՝

1) ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող և այլ հողօգտագործողների հողատեսքերի ագրոքիմիական հետազոտությունների իրականացումը և հրահանգների կազմումը.

2) ագրոքիմիկատների քիմիական հետազոտությունների իրականացումը և որակի գնահատումը.

3) իրականացված փորձաքննությունների հիման վրա ագրոքիմիական քարտեզների կազմումը և գիտականորեն հիմնավորված երաշխավորագրերի տրամադրումը համայնքներին.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված իր լաբորատորիայի միջոցով՝ ներկրվող և տեղում արտադրվող ագրոքիմիկատների որակական ցուցանիշների որոշմանն ուղղված փորձաքննության իրականացումը և տվյալների հիման վրա փորձաքննության արձանագրության կազմումն ու տրամադրումը.

5) կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման ենթակա վարակիչ հիվանդությունների նկատմամբ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը, ինչպես նաև խոշոր և մանր եղջերավոր կենդանիների համարակալման դաշտային աշխատանքների կազմակերպման, դրանց հաշվառման և տվյալների թվայնացման աշխատանքների իրականացումը.

6) ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող խոշոր և մանր եղջերավոր կենդանիների համարակալման և էլեկտրոնային տեղեկատվական համակարգում (ԱՆԻ ՊԱՍ) մուտքագրման, հաշվառման և վերլուծության աշխատանքների իրականացումը։».

5) որոշման հավելվածի 29.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

17.09.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 սեպտեմբերի 2026 թվական: