ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԻՐԱՌՎՈՂ ԹԱՐԳՄԱՆՎԱԾ ԵՎ ՓՈԽԱՌՎԱԾ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՀԱՏՈՒԿ ԱՆՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ, ԿԱՆՈՆԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1365-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act
Կարգավիճակ
Գործում է (19.09.2026-till now)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.09.14-2026.09.27 Պաշտոնական հրապարակման օրը 18.09.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.09.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.09.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.09.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 սեպտեմբերի 2026 թվականի N 1365-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԻՐԱՌՎՈՂ ԹԱՐԳՄԱՆՎԱԾ ԵՎ ՓՈԽԱՌՎԱԾ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՀԱՏՈՒԿ ԱՆՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ, ԿԱՆՈՆԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) պետական փաստաթղթաշրջանառության և օրենսդրության մեջ կիրառվող թարգմանված և փոխառված հասկացությունների ու հատուկ անունների կանոնարկման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) կանոնարկման հանձնաժողովի ձևավորման կարգը և աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

17.09.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2026 թվականի

սեպտեմբերի 17-ի N 1365-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՊԵՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԻՐԱՌՎՈՂ ԹԱՐԳՄԱՆՎԱԾ ԵՎ ՓՈԽԱՌՎԱԾ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՀԱՏՈՒԿ ԱՆՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՐԿՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է պետական փաստաթղթաշրջանառության և օրենսդրության մեջ կիրառվող թարգմանված և փոխառված հասկացությունների ու հատուկ անունների զուգաձև կիրառությունների կանոնարկման առաջարկների ներկայացման, քննարկման և հաստատման կարգը (այսուհետ՝ կարգ)։

2. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝

1) կանոնարկում՝ նույն հասկացության կամ հատուկ անվան զուգաձև կիրառություններից մեկի հաստատման գործընթաց.

2) հատուկ անուն՝ պետության, մայրաքաղաքի, աշխարհագրական անվան, միջազգային կազմակերպության և միավորման անվանում.

3) հասկացություն՝ փաստաթղթաշրջանառության և օրենսդրության մեջ կիրառվող որևէ երևույթ, գործընթացը կամ իրողությունը նկարագրող լեզվական միավոր.

4) առաջարկ՝ պետական մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լեզվի կոմիտե ներկայացվող թարգմանված կամ փոխառված հասկացության ու հատուկ անվան կանոնարկման վերաբերյալ փաստաթուղթ.

5) կանոնարկման հանձնաժողով՝ փաստաթղթաշրջանառության և օրենսդրության մեջ կիրառվող թարգմանված և փոխառված հասկացությունների ու հատուկ անունների կանոնարկման նպատակով համապատասխան ոլորտի պետական մարմինների ներկայացուցիչներից և մասնագետներից կազմված մասնագիտական հանձնաժողով:

3. Կարգի նպատակն է պետական փաստաթղթաշրջանառության և օրենսդրության մեջ ապահովել թարգմանված և փոխառված հասկացությունների ու հատուկ անունների միօրինակ կիրառությունը։

 

2. ԿԱՆՈՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՋԱՐԿԻ ԿԱԶՄՈՒՄԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

 

4. Կանոնարկումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լեզվի կոմիտե (այսուհետ՝ Լեզվի կոմիտե) ներկայացված առաջարկի հիման վրա։ Առաջարկը կազմվում է ըստ Ձև 1-ի և ներկայացվում ըստ սույն կարգի։

5. Առաջարկ կարող են ներկայացնել պետական կառավարման համակարգի մարմինները, գիտական կառույցները և պետական այլ հիմնարկներն ու տեղական ինքնակառավարման մարմինները իրենց գործունեության ոլորտը կարգավորող պետական մարմնի միջոցով։

6. Սույն կարգի 5-րդ կետում նշված մարմիններից բացի, այլ մարմիններից ստացված առաջարկությունները ներկայացվում են տվյալ ոլորտը կարգավորող մարմնի միջոցով։

 

3. ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՈՒՄԸ

 

7. Լեզվի կոմիտեն ընդունում է առաջարկը, եթե առաջարկը համապատասխանում է Ձև 1-ին և կարգի պահանջներին։

8. Ձև 1-ին չհամապատասխանող, տեխնիկական թերություններով առաջարկի դեպքում Լեզվի կոմիտեն բացթողումները վերացնելու նպատակով այն վերադարձնում է ներկայացրած մարմնին։ Առաջարկը ներկայացրած մարմինը թերությունները վերացրած տարբերակը Լեզվի կոմիտե է ներկայացնում 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում։

9. Առաջարկը ստանալուց հետո 30 (երեսուն) աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ձևավորվում է կանոնարկման հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով)։

10. Հանձնաժողովը ձևավորվում է ըստ քննարկվող հարցի՝ համապատասխան ոլորտի պետական մարմինների ներկայացուցիչներից և մասնագետներից։ Հանձնաժողովի գործունեությունը դադարեցվում է տվյալ կանոնարկման գործընթացի ավարտով։

11. Հանձնաժողովի ձևավորվելուց հետո 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում առաջարկը տրամադրվում է հանձնաժողովի անդամներին՝ կարծիք տալու նպատակով։

12. Հանձնաժողովի անդամները 15 (տասնհինգ) աշխատանքային օրվա ընթացքում առաջարկի վերաբերյալ գրավոր կարծիք են ներկայացնում հանձնաժողովի քարտուղարին։

13. Կարծիքները ստանալուց հետո 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում նշանակվում է հանձնաժողովի նիստ։

14. Հանձնաժողովն ամփոփիչ նիստում որոշում է կայացնում ներկայացված առաջարկի և հիմնավորումների, ինչպես նաև հանձնաժողովի անդամների կարծիքների հիման վրա։

15. Հանձնաժողովի որոշման հավելվածը ներառում է հասկացությունների և հատուկ անունների կանոնարկված ձևերը և դրանցից յուրաքանչյուրին վերաբերող հիմնավորումը։

16. Կանոնարկման գործընթացն իրականացվում է 3 (երեք) ամսվա ընթացքում, որը չի ներառում բողոքարկման ժամկետները։

17. Բողոքարկման առաջարկ ստանալիս կանոնարկման գործընթացի ժամկետը կասեցվում է։

18. Որոշումն ընդունվում է հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ։

19. Հանձնաժողովի ընդունած որոշումը առաջարկը ներկայացրած մարմնին է ուղարկվում որոշումն ընդունելուց հետո 3-օրյա ժամկետում՝ ծանուցելով բողոքարկման ընթացակարգի մասին։

20. Հանձնաժողովի որոշումներում փոփոխություններ կարող են կատարվել հանձնաժողովի նախագահի կամ անդամների առաջարկությամբ։

 

4. ԿԱՆՈՆԱՐԿՎԱԾ ՁԵՎԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

21. Մինչև կանոնարկված ձևերի որոշումն ուժի մեջ մտնելը որոշման բովանդակությունը կարող է բողոքարկվել Լեզվի կոմիտե` որոշման հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում։

22. Կանոնարկված ձևերի որոշման բողոքարկման առաջարկը ներկայացվում է ըստ Ձև 2-ի։

23. Բողոքարկման առաջարկը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում գումարվում է լրացուցիչ նիստ՝ բողոքարկման առաջարկը քննարկելու և որոշում կայացնելու նպատակով։

 

Ձև 1

 

ԱՌԱՋԱՐԿ

 

ՊԵՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԻՐԱՌՎՈՂ ԹԱՐԳՄԱՆՎԱԾ ԵՎ ՓՈԽԱՌՎԱԾ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՀԱՏՈՒԿ ԱՆՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՐԿՄԱՆ

 

1. ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ

 

Ներկայացնող կառույցի, կազմակերպության, ստորաբաժանման անվանումը

(լրիվ և կրճատ անվանումը)

 

Կազմակերպության գործունեության հասցե՝

Հեռախոսահամար՝

(կոնտակտային անձի)

 

Էլեկտրոնային հասցե՝

(կոնտակտային անձի)

 

Կառույցի ղեկավարի անուն-ազգանուն

———————————————

(ստորագրություն)

 

Ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը

———————————————

 

2. ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

(առաջարկի հակիրճ նկարագրությունը)

 

3. ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 իրավիճակի նկարագրությունը (տեղեկություններ զուգաձև կիրառությունների վերաբերյալ)

 կանոնարկման առաջարկի անհրաժեշտությունը

 կանոնարկվող ձևի հիմնավորումը

 

4. ԿԱՆՈՆԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԹԱՐԳՄԱՆՎԱԾ/ՓՈԽԱՌՎԱԾ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ

 

NN

ը/կ

Հասկացության կամ հատուկ անվան բնօրինակ (օրիգինալ)

տարբերակը

Օտարալեզու այլ տարբերակները

Հայերենում գործածվող տարբերակները

Առաջարկվող ձևը

Լրացուցիչ տեղեկություններ

           
           
           
           

 

____________________

(ստորագրություն)

 

Ձև 2

 

ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԱՌԱՋԱՐԿ

 

ՊԵՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԻՐԱՌՎՈՂ ԹԱՐԳՄԱՆՎԱԾ ԵՎ ՓՈԽԱՌՎԱԾ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՀԱՏՈՒԿ ԱՆՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՐԿՎԱԾ ՁԵՎԵՐԻ

 

1. ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ

 

Բողոքարկման առաջարկը ներկայացնող կառույցի, կազմակերպության, ստորաբաժանման անվանումը

(լրիվ և կրճատ անվանումը)

 

Կազմակերպության գործունեության հասցե՝

Հեռախոսահամար՝

(կոնտակտային անձի)

 

Էլեկտրոնային հասցե՝

(կոնտակտային անձի)

 

Կառույցի ղեկավարի անուն-ազգանուն

———————————————

(ստորագրություն)

 

Ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը

———————————————

 

2. ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

(բողոքարկման առաջարկի հակիրճ նկարագրությունը և հիմնավորումը)

 

_____________________

(ստորագրություն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Լ. Մակունց


17.09.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2026 թվականի

սեպտեմբերի 17-ի N 1365-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Կանոնարկման հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով) իրականացնում է պետական փաստաթղթաշրջանառության և օրենսդրության մեջ թարգմանված և փոխառված հասկացությունների և հատուկ անունների կանոնարկումը:

2. Հանձնաժողովը ղեկավարվում է սույն կարգով:

3. Հանձնաժողովի անդամները գործում են հասարակական հիմունքներով:

4. Հանձնաժողովն անկախ է և գործում է կոլեգիալության սկզբունքի հիման վրա։

 

2. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

 

5. Հանձնաժողովի կազմը ձևավորվում է՝ հաշվի առնելով ներկայացված առաջարկի բովանդակությունը և ոլորտային առանձնահատկությունները՝ համապատասխան ոլորտի պետական մարմինների ներկայացուցիչներից և մասնագետներից։

6. Հանձնաժողովի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով։

7. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպում է Լեզվի կոմիտեն:

 

3. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

8. Լեզվի կոմիտեի նախագահն ի պաշտոնե հանձնաժողովի նախագահն է:

9. Հանձնաժողովի նախագահը`

1) ապահովում է հանձնաժողովի աշխատանքները.

2) վարում է հանձնաժողովի նիստերը.

3) հաստատում է հանձնաժողովի նիստերի օրակարգը.

4) ստորագրում է հանձնաժողովի որոշումները, հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.

5) կատարում է հանձնաժողովի ընթացիկ գործունեության ղեկավարման այլ գործառույթներ։

10. Հանձնաժողովի քարտուղարն ի պաշտոնե Լեզվի կոմիտեի աշխատակիցն է։ Քարտուղարը հանձնաժողովի անդամ չէ և չի մասնակցում որոշումների կայացմանը։

11. Հանձնաժողովի քարտուղարը՝

1) կազմում և նախագահի հետ համաձայնեցնում է նիստերի օրակարգը.

2) հանձնաժողովի անդամներին պաշտոնական էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկացնում է նիստերի ժամանակի, վայրի և օրակարգի մասին.

3) նախապես հավաքագրում, համադրում և ամփոփում է հանձնաժողովի անդամների տրամադրած կարծիքները.

4) ապահովում է հանձնաժողովի փաստաթղթաշրջանառությունը՝ ներառյալ աշխատանքային նյութերի էլեկտրոնային և (անհրաժեշտության դեպքում) թղթային տարբերակով պահպանումը.

5) կազմում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.

6) հանձնաժողովի անդամների պաշտոնական էլեկտրոնային փոստին է ուղարկում ստորագրված որոշումը և արձանագրությունը.

7) կազմակերպում է կանոնարկման գործընթացին վերաբերող ընթացիկ աշխատանքները։

12. Հանձնաժողովի անդամը`

1) մասնակցում է հանձնաժողովի աշխատանքներին.

2) ուսումնասիրում է կանոնարկման առաջարկները և ներկայացնում կարծիք.

3) ստորագրում է հանձնաժողովի որոշումները.

4) ծանոթանում է նիստերի արձանագրություններին և ստորագրում։

 

4. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

13. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, առկա կամ հեռավար ձևաչափով։ Հանձնաժողովի անդամը կարող է մասնակցել նիստին առցանց եղանակով՝ կապի այնպիսի միջոցներով, որոնք ապահովում են նիստին անդամների միաժամանակյա մասնակցությունը։ Հեռավար նիստերի անցկացումը և առանձին անդամների առցանց մասնակցությունն ապահովում է հանձնաժողովի քարտուղարը:

14. Հանձնաժողովի նիստերն անցկացվում են հանձնաժողովի նախագահի հաստատած օրակարգով, որում նշվում են՝

1) հանձնաժողովի նիստի անցկացման վայրը, օրը և ժամը.

2) քննարկման ենթակա հարցերը։

15. Օրակարգին կցվում են ներկայացված առաջարկը (առաջարկները) և հանձնաժողովի անդամների կարծիքները։

16. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան ներկա է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

17. Նիստն իրավազոր չլինելու դեպքում հանձնաժողովի նախագահը սահմանում է նոր նիստի անցկացման օր և ժամ։

18. Յուրաքանչյուր հարցի քննարկման ավարտից հետո հանձնաժողովում անցկացվում է բաց քվեարկություն:

19. Հանձնաժողովի նիստն արձանագրվում է: Նիստի արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի նախագահը և անդամները: Հանձնաժողովի նիստի արձանագրությունը և հանձնաժողովի որոշումը հաշվառվում և էլեկտրոնային եղանակով հատուկ կրիչների վրա պահվում են Լեզվի կոմիտեում 5 տարի ժամկետով։

20. Սույն կարգով նախատեսված փաստաթղթերը կարող են ստորագրվել ինչպես ձեռագիր, այնպես էլ էլեկտրոնային/թվային ստորագրությամբ։

 

5. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

 

21. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ:

22. Առաջարկների վերաբերյալ հանձնաժողովի անդամների կարծիքները ներկայացվում են հանձնաժողովի նիստում՝ այն ներկայացնող հանձնաժողովի անդամի ստորագրությամբ, և կցվում են նիստի արձանագրությանը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Լ. Մակունց

 

17.09.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 սեպտեմբերի 2026 թվական: