ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հոկտեմբերի 1992 թ. N 525
Քաղ. Երևան
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՕՍԻԱՅՈՒՄ ԳԱԶԱՄՈՒՂԻ ՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՌԵԼԻՔԱԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1992 թվականի հոկտեմբերի 20-ին Հյուսիսային Օսիայի տարածքում գազամուղի վթարի հետևանքով կտրուկ նվազել են հանրապետության գազամատակարարման ծավալները, և էներգետիկ համալիրում ստեղծվել է խիստ ծանր վիճակ:
Վառելիքաէներգետիկ ճգնաժամի պայմաններում, մինչև գազամուղի վթարի վերացումը, բնակչության կենսագործունեությունն ապահովելու և ստեղծված արտակարգ իրավիճակում տնտեսության մեջ առաջացած լարվածությունը մեղմելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը`
ա) 1992 թվականի հոկտեմբերի 22-ից դադարեցնել բոլոր տեսակի ձեռնարկությունների ու կազմակերպությունների էլեկտրամատակարարումը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության հետ համաձայնեցված ցանկում ընդգրկվածների (ըստ էլեկտրաէներգիայի սպառման հաստատված սահմանաքանակների).
բ) եռօրյա ժամկետում ավարտել Գյումուշի ՀԷԿ-ի դերիվացիոն ջրանցքի վթարային վերականգնողական աշխատանքները և ապահովել Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադի աշխատանքը` Սևանա լճից օրական բաց թողնելով ոչ ավելի քան 3,9 մլն խոր. մետր ջուր.
գ) 1992 թվականի հոկտեմբերի 22-ից հանրապետություն մուտք գործող բնական գազի ամբողջ ծավալը հատկացնել ջերմային էլեկտրակայաններին, անհրաժեշտության դեպքում ժամանակավորապես դադարեցնելով նաև բնակչության գազամատակարարումը.
դ) նվազագույնի հասցնել ջերմային էլեկտրակայաններում մազութի օգտագործումը և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները ստեղծված պայմաններում հանրապետություն ներմուծվող գազի ծավալներն ավելացնելու համար:
2. Պատգամավորների շրջանային և քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին`
ա) համապատասխան խորհրդի տարածքում ապահովել էլեկտրաէներգիայի սահմանաքանակների խստագույն պահպանումն ըստ սպառիչների խմբերի.
բ) էներգամատակարար կազմակերպությունների հետ համատեղ վերացնել խորհրդի տարածքում գտնվող ձեռնարկությունների, հիմնարկների, կոոպերատիվների, սրճարանների, վաճառասեղանիկների, բնակելի տների և այլ օբյեկտների` տեխնիկական պայմաններով չնախատեսված և ապօրինի սարքավորված երկրորդ սնման գծերը և լարանցումները:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը` վերանայել քաղաքային էլեկտրատրանսպորտի երթուղիները և էլեկտրաէներգիայի ծախսի կրճատման նպատակով համապատասխան փոփոխություններ մտցնել դրանց երթևեկության չվացուցակներում, ապահովելով ուղևորափոխադրումների օպտիմալ ծավալները` այդ մասին տեղեկացնելով բնակչությանը:
4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և ազգային անվտանգության պետական վարչությանը`
ա) ուժեղացնել էներգետիկ օբյեկտների պահպանությունը, շուրջօրյա ռազմականացված հերթապահություն կազմակերպել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության հետ համաձայնեցված տեղերում.
բ) լրացուցիչ միջոցառումներ իրականացնել երեկոյան և գիշերային ժամերին բնակչության անվտանգության և պետական ու անձնական գույքի անվնասության ապահովման ուղղությամբ:
5. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին`
ա) կարգի բերել և գործարկման համար պատրաստ վիճակում պահել իրենց ենթակայության կենսականորեն անհրաժեշտ օբյեկտների պահեստային էլեկտրասնման աղբյուրները (երկրորդ էլեկտրասնման գծերը, դիզելային էլեկտրակայանները, ուժակուտակիչ մարտկոցները և այլն).
բ) բոլոր ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում կազմակերպել շուրջօրյա հերթապահություն էլեկտրամատակարարման դադարեցման պայմաններում հրդեհային անվտանգությունը և նյութական արժեքների պահպանությունն ապահովելու նպատակով:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչությանը` ուժեղացնել հսկողությունը հրդեհապայթյունավտանգ արտադրությունների նկատմամբ, առանձնահատուկ ուշադրություն դարձնել լեռնահանքային, քիմիական, վառելիքաէներգետիկ ձեռնարկությունների անընդմեջ աշխատող տեխնոլոգիական սարքավորումների կանգառի և դրանց հետագա վերագործարկման անվտանգությանը:
7. Հանրապետության ամբողջ տարածքում էներգասպառման ռեժիմների ու սահմանաքանակների պահպանման հսկողությունը և դրա համար ամբողջ պատասխանատվությունը դնել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության էներգապետհսկողության վարչության վրա:
8. Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությանն ու Հայկոոպի վարչությանը` ստեղծված պայմաններում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և ապահովել բնակչությանը նախնական պատվերների կտրոններով բաշխվող պարենային ապրանքների ժամանակին առաքումն առևտրի օբյեկտներ, զանգվածային լրատվության միջոցներով բնակչությանը տեղեկացնելով դրանց անվանացանկի, քանակի և գների մասին:
9. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել պատգամավորների շրջանային և քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեների նախագահների, նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների ղեկավարների վրա և հանձնարարել նրանց` անցկացնել խորհրդակցություններ հանրապետությունում ստեղծված արտակարգ իրավիճակի և դրա հաղթահարմանն ուղղված միջոցառումների իրականացման, պետական և կատարողական կարգապահության բարձրացման վերաբերյալ:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Խ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 11.01.2000, N 4 | --------- |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|