Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 124
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Base act (10.11.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 16.02.2016
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
10.11.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.11.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.11.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

10 նոյեմբերի  2015 թվականի

թիվ 124

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ալկոհոլային շուկայի կարգավորման մասին համաձայնագրի նախագծի մասին» (կցվում է) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կարգադրության նախագծին և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Վ. Խրիստենկո

 

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԽՈՐՀՈՒՐԴ

 

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ալկոհոլային շուկայի կարգավորման մասին» համաձայնագրի նախագծին (կցվում է) և այն ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ` ներպետական ընթացակարգերի անցկացման նպատակով:

2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին` մինչև 2015 թվականի __________ Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել սույն Կարգադրության 1-ին կետում նշված համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին:

3. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`

 

Հայաստանի Հանրապետությունից

Բելառուսի Հանրապետությունից

Ղազախստանի Հանրապետությունից

Ղրղզստանի Հանրապետությունից

Ռուսաստանի Դաշնությունից


Վ. Գաբրիելյան


Վ. Մատյուշևսկի


Բ. Սագինտաև


О. Պանկրատով


Ի. Շուվալով

Նախագիծ

 

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ`

անդամ պետություններ, հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` Միություն) շրջանակներում տնտեսական ինտեգրման խորացման ձգտումները, այդ թվում` ալկոհոլային շուկայում,

ղեկավարվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով (այսուհետ` Պայմանագիր),

հաշվի առնելով միջազգային իրավունքի` համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքներն ու նորմերը,

առաջնորդվելով անդամ պետությունների տնտեսություններն ամրապնդելու և դրանց ներդաշնակ զարգացումն ու մերձեցումն ապահովելու, ինչպես նաև Միության շրջանակներում ալկոհոլային շուկայում գործարար ակտիվության կայուն աճը, հավասարակշռված առևտուրը և բարեխիղճ մրցակցությունը երաշխավորելու ձգտումներով,

հաստատելով ապրանքների, ծառայությունների և ներդրումների տեղաշարժի խոչընդոտները վերացնելու, անդամ պետությունների տարածքներում ալկոհոլային շուկայի մասնակիցների գործունեության կարգավորման ընդհանուր սկզբունքների և ներդաշնակեցված կանոնների վրա հիմնված ալկոհոլային շուկան Միության շրջանակներում գործարկելու համար պատշաճ պայմաններ ստեղծելու ձգտումը,

ձգտելով Միության շրջանակներում ալկոհոլային շուկայի կարգավորման ոլորտում ապահովել անդամ պետությունների լիազորված (իրավասու) մարմինների արդյունավետ համագործակցությունը,

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1

 

Սահմանումները

 

Սույն Համաձայնագրի նպատակներով գործածվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստը`

«ակցիզ»` անուղղակի հարկ, որը գանձվում է Պայմանագրով, անդամ պետությունների օրենսդրությամբ և (կամ) Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերով սահմանված կարգով.

«ալկոհոլային արտադրանք»` սննդամթերք, որը պարունակում է էթիլային սպիրտ և որը, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, դասվել է ալկոհոլային արտադրանքի շարքին, և սննդային հումքից արտադրված էթիլային սպիրտ, այդ թվում` երրորդ երկրների տարածքներում արտադրվածները և որպես Միության ապրանքներ ճանաչվածները.

«Միության շրջանակներում ալկոհոլային շուկա»` ալկոհոլային շուկայի մասնակիցների և (կամ) անդամ պետությունների լիազորված (իրավասու) մարմինների միջև այնպիսի հարաբերությունների ամբողջություն, որոնք կապված են իրենց գործունեության իրականացման հետ.

«ալկոհոլային արտադրանքի շրջանառություն»` Միության շրջանակներում ալկոհոլային արտադրանքի մեծածախ և (կամ) մանրածախ առևտուր (իրացում, ձեռքբերում, գնում, մատակարարում), պահպանում և (կամ) տեղափոխում (փոխադրում).

«ուղեկցող փաստաթղթեր»` փաստաթղթեր, որոնք նախատեսված են յուրաքանչյուր անդամ պետության տարածքում ալկոհոլային արտադրանքի հաշվառման և դրա շրջանառության նկատմամբ հսկողության համար.

«լիազորված (իրավասու) մարմիններ»` անդամ պետությունների պետական իշխանության (կառավարման) կամ վարչատարածքային կազմավորումների մարմիններ, ինչպես նաև կազմակերպություններ, որոնք, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, իրականացնում են ալկոհոլային շուկայի մասնակիցների գործունեության կարգավորման միջոցների ձեռնարկում և (կամ) կիրառում.

«ալկոհոլային շուկայի մասնակիցներ»` անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտներ, որոնք ալկոհոլային արտադրանքի արտադրության և (կամ) շրջանառության ոլորտում իրականացնում են ձեռնարկատիրական գործունեություն: Սույն Համաձայնագրի 2-8-րդ հոդվածներում, 9-րդ հոդվածի 2-րդ ու 4-րդ կետերում և 12-րդ հոդվածում ալկոհոլային շուկայի մասնակիցները հավասարեցվում են անդամ պետությունների այն տնտեսավարող սուբյեկտներին, որոնք Միության շրջանակներում որպես ալկոհոլային շուկայի մասնակիցներ գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ համապատասխան թույլտվությունների (լիցենզիաների) համար դիմողներ են, ինչպես նաև անդամ պետությունների այն անձինք, որոնք Միության շրջանակներում ալկոհոլային շուկայում ներդրումներ են իրականացնում.

«հաշվառման դրոշմանիշներ»` դրոշմանիշներ և նշաններ, որոնք, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, նախատեսված են սպառողական փաթեթվածքում (տարայում) լցված ալկոհոլային արտադրանքի դրոշմավորման համար (օրինակ` ակցիզային, հատուկ, հսկիչ-հաշվառման, դաշնային հատուկ և հսկիչ դրոշմանիշներ, հատուկ նշաններ):

Սույն Համաձայնագրում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են Պայմանագրով և Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերով սահմանված իմաստներով:

 

Հոդված 2

 

Համաձայնագրի գործողության ոլորտը

 

1. Սույն Համաձայնագրով սահմանվում են Միության շրջանակներում ալկոհոլային շուկայի կարգավորման նպատակները, սկզբունքներն ու կանոնները, և այն տարածվում է ալկոհոլային շուկայի մասնակիցների և լիազորված (իրավասու) մարմինների գործունեության հետ կապված իրավահարաբերությունների վրա:

2. Սույն Համաձայնագիրը չի տարածվում անդամ պետությունների կողմից հետևյալի կարգավորման վրա`

ա) երրորդ երկրների տարածքներից անդամ պետությունների տարածքներ ալկոհոլային արտադրանքի ներմուծում.

բ) անդամ պետությունների տարածքներից երրորդ երկրների տարածքներ ալկոհոլային արտադրանքի արտահանում.

գ) մեկ կամ մի քանի անդամ պետությունների տարածքով ալկոհոլային արտադրանքի տարանցում, եթե ալկոհոլային արտադրանքի մեկնման և ժամանման կետերը գտնվում են երրորդ երկրների տարածքներում.

դ) ազգային ավանդույթների ամբողջականության վերականգնման նպատակներով մշակութա-ազգագրական կենտրոններում, ազգային պարկերում ու արգելոցներում ոչ ավանդական տեխնոլոգիաներով ալկոհոլային արտադրանքի արտադրություն և այդ տարածքներում դրա հետագա շրջանառություն.

ե) տեխնիկական կանոնակարգման ոլորտում լիազորված (իրավասու) մարմինների և ալկոհոլային շուկայի մասնակիցների միջև հարաբերություններ.

զ) բժշկական, դեղագործական և անասնաբուժական նպատակներով էթիլային սպիրտի օգտագործման հետ կապված հարաբերություններ։

 

Հոդված 3

 

Կարգավորման նպատակները

 

Ալկոհոլային շուկայի մասնակիցների գործունեության կարգավորումն իրականացվում է լիազորված (իրավասու) մարմինների կողմից` նպատակ ունենալով պաշտպանելու`

անդամ պետությունների տնտեսական շահերը.

անդամ պետությունների բնակչության կյանքը և առողջությունը, հասարակական բարոյականությունը.

ալկոհոլային շուկայի մասնակիցների, սպառողների իրավունքներն ու օրինական շահերը:

 

Հոդված 4

 

Կարգավորման հիմնական սկզբունքները

 

Ալկոհոլային շուկայի մասնակիցների գործունեության կարգավորումն իրականացվում է հետևյալ սկզբունքների պահպանմամբ`

խտրականության անթույլատրելիություն.

մրցակցության սահմանափակման անթույլատրելիություն.

թափանցիկություն և իրավական որոշակիություն:

 

Հոդված 5

 

Խտրականության անթույլատրելիության սկզբունքը

 

1. Անդամ պետությունը ցանկացած այլ անդամ պետության ալկոհոլային արտադրանքի նկատմամբ, 1994 թվականի «Սակագների և առևտրի գլխավոր համաձայնագրի» (ՍԱԳՀ, 1994 թվական) III հոդվածին համապատասխան, կիրառում է ազգային ռեժիմ և առավել բարենպաստության ռեժիմ, ինչպես նաև 1994 թվականի ՍԱԳՀ-ի իմաստով ապահովում է քանակական սահմանափակումներ չկիրառելը:

2. Անդամ պետությունը ցանկացած այլ անդամ պետության ալկոհոլային շուկայի մասնակիցներին հիմնադրման և (կամ) գործունեության մասով տրամադրում է ազգային ռեժիմ և առավել բարենպաստության ռեժիմ, որոնք նախատեսված են «Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրության VI բաժնի 1-ին և 2-րդ ենթաբաժիններով (Պայմանագրի թիվ 16 հավելված):

3. Անդամ պետություններից ոչ մեկը ցանկացած այլ անդամ պետության ալկոհոլային շուկայի մասնակիցների նկատմամբ նրանց հիմնադրման և (կամ) գործունեության իրականացման առնչությամբ չի կիրառում և չի սահմանում սահմանափակումներ և (կամ) լրացուցիչ պահանջներ, որոնք նախատեսված են «Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրության VI բաժնի 3-րդ ենթաբաժնով (Պայմանագրի թիվ 16 հավելված):

4. Ալկոհոլային շուկայի մասնակիցների հիմնադրման և (կամ) գործունեության մասով սահմանափակումները և ազգային ռեժիմից կամ առավել բարենպաստության ռեժիմից բացառումներն ընդգրկված են «Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրության 2-րդ հավելված հանդիսացող` գործունեության բոլոր ոլորտների և տեսակների նկատմամբ անդամ պետությունների կիրառած «հորիզոնական» սահմանափակումների ցանկում (Պայմանագրի թիվ 16 հավելված), ինչպես նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից հաստատվող` սահմանափակումների, բացառումների, լրացուցիչ պահանջների և պայմանների անհատական ազգային ցանկերում։

5. Անդամ պետությունները ձգտում են ալկոհոլային շուկայի մասնակիցների հիմնադրման և (կամ) գործունեության մասով սահմանափակումների և ազգային ռեժիմից կամ առավել բարենպաստության ռեժիմից բացառումների իսպառ վերացման։

 

Հոդված 6

 

Մրցակցության սահմանափակման անթույլատրելիության սկզբունքը

 

Ալկոհոլային շուկայի մասնակիցների գործունեության ոլորտում ալկոհոլային շուկայի մասնակիցների և անդամ պետությունների կողմից մրցակցության սահմանափակում չի թույլատրվում` բացառությամբ Պայմանագրով և Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի:

 

Հոդված 7

 

Թափանցիկության և իրավական որոշակիության սկզբունքները

 

1. Անդամ պետություններն ալկոհոլային շուկայի մասնակիցների գործունեությունը կարգավորելիս ապահովում են իրենց լիազորված (իրավասու) մարմինների կողմից թափանցիկության և իրավական որոշակիության սկզբունքների պահպանումը` հաշվի առնելով Պայմանագրի 69-րդ հոդվածը:

2. Անդամ պետությունները սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածով նախատեսված մեկ կամ մի քանի նպատակի հասնելու համար ձեռնարկում են ալկոհոլային շուկայի մասնակիցների գործունեության կարգավորման միջոցներ (այսուհետ` կարգավորման միջոցներ):

3. Անդամ պետություններն ապահովում են ալկոհոլային շուկայի մասնակիցների գործունեության իրավական կարգավորման կայունությունը և կանխատեսելիությունը:

4. Ալկոհոլային շուկայի մասնակիցների կողմից գործունեություն իրականացնելու պայմանները սահմանող և (կամ) փոփոխող նորմատիվ իրավական ակտերն անդամ պետությունների կողմից ընդունվելիս այդ ակտերն ուժի մեջ մտնելու օրը սահմանվում է` ելնելով այն ժամկետներից, որոնք ալկոհոլային շուկայի մասնակիցներին անհրաժեշտ են` այդ ակտերով սահմանվող դրույթներին համապատասխան գործունեություն իրականացնելուն նախապատրաստվելու համար:

5. Անդամ պետություններն ապահովում են լիազորված (իրավասու) մարմինների մասին տեղեկությունները Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) ներկայացնելը, ինչպես նաև դրանք զանգվածային լրատվության պաշտոնական այն միջոցներում հրապարակելը, որոնցում հրապարակվում են այդ անդամ պետությունների պետական իշխանության մարմինների ակտերը` նշելով այդ մարմինների անվանումները, իրավասությունները, լիազորությունները, ինչպես նաև ալկոհոլային շուկայի մասնակիցների գործունեության կարգավորման ոլորտում գործող նորմատիվ իրավական ակտերի ցանկը: Անդամ պետություններն ապահովում են նշված տեղեկությունների փոփոխման մասին տեղեկատվությունը Հանձնաժողով ներկայացնելը` համապատասխան նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 30 աշխատանքային օրվա ընթացքում:

6. Հանձնաժողովը սույն հոդվածի 5-րդ կետում նշված տեղեկությունն ստանալու օրվանից` 10 աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է դրանց տեղադրումը Ինտերնետ տեղեկատվական-հաղորդակցական ցանցում գտնվող` Միության պաշտոնական կայքում:

 

Հոդված 8

 

Կարգավորման միջոցները

 

1. Անդամ պետությունները «Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրության (Պայմանագրի թիվ 16 հավելված) VI բաժնի 9-րդ ենթաբաժնին համապատասխան, ինչպես նաև ալկոհոլային շուկայի մասնակիցների և նրանց գործունեության մասով սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածով նախատեսված կարգավորման հիմնական սկզբունքների պահպանմամբ ձեռնարկում և կիրառում են սույն Համաձայնագրի նպատակներին հասնելու համար անհրաժեշտ հետևյալ կարգավորման միջոցները`

ալկոհոլային շուկայի մասնակիցների և նրանց գործունեության մասով պարտադիր պահանջների սահմանում` հաշվի առնելով սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածի դրույթները, և այդ պահանջները խախտելու համար պատասխանատվությունը,

ալկոհոլային շուկայի մասնակիցների գործունեության նկատմամբ պետական հսկողության և վերահսկողության իրականացում:

2. Ալկոհոլային շուկայի մասնակիցների և նրանց գործունեության նկատմամբ սույն հոդվածի 1-ին կետում նշված կարգավորման միջոցների կիրառման և սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածում նշված պարտադիր պահանջների իրականացման կարգը սահմանվում է անդամ պետությունների կողմից, եթե սույն Համաձայնագրով այլ բան նախատեսված չէ:

3. Կարգավորման միջոցների կիրառումը չպետք է հանգեցնի անդամ պետությունների տարածքների ծագում ունեցող ալկոհոլային արտադրանքի, ծառայությունների և ներդրումների մասով, ինչպես նաև ալկոհոլային շուկայի մասնակիցների նկատմամբ խտրականության դրսևորման, այդ թվում` ալկոհոլային շուկայի մասնակիցների կողմից ալկոհոլային արտադրանքի առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման հետ կապված քողարկված սահմանափակումների միջոցով:

 

Հոդված 9

 

Ալկոհոլային շուկայի մասնակիցների և նրանց գործունեության մասով պարտադիր և թույլատրական պահանջներն ու թույլատրական ընթացակարգերը

 

1. Անդամ պետությունները ալկոհոլային շուկայի մասնակիցների և (կամ) նրանց կողմից գործունեության իրականացման պայմանների մասով սահմանում են պահանջներ` ներառյալ (բայց չսահմանափակվելով) հետևյալ պարտադիր պահանջները`

ա) գործունեության կամ գործողությունների համապատասխան տեսակի իրականացման համար թույլտվության (լիցենզիայի) առկայություն.

բ) գործունեության համապատասխան տեսակի իրականացման ժամանակ հաշվառման և հաշվետվության վարում.

գ) սահմանված նմուշի հաշվառման դրոշմանիշներով ալկոհոլային արտադրանքի դրոշմավորում.

դ) ալկոհոլային արտադրանքի շրջանառություն իրականացնելիս ուղեկցող փաստաթղթերի առկայություն.

ե) էթիլային սպիրտի մանրածախ առևտրի սահմանափակում։

2. Ալկոհոլային շուկայի մասնակիցների գործունեության նկատմամբ թույլատրական պահանջները և ընթացակարգերը կիրառվում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան` հաշվի առնելով սույն Համաձայնագրի 3-րդ և 4-րդ հոդվածներով նախատեսված նպատակներն ու սկզբունքները։

3. Անդամ պետություններն ալկոհոլային շուկայի մասնակիցների գործունեության մասով թույլատրական պահանջներ սահմանելիս և դրա նկատմամբ թույլատրական ընթացակարգեր կիրառելիս ապահովում են այնպիսի պայմանների պահպանումը, որոնց դեպքում նման թույլատրական պահանջները և ընթացակարգերը սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածով նախատեսված կարգավորման նպատակներին հասնելու համար անհրաժեշտ եղածից ավելի ծանրաբեռնող չեն։

4. Անդամ պետություններն ալկոհոլային շուկայի մասնակիցների գործունեության մասով թույլատրական պահանջներ սահմանելիս և դրա նկատմամբ թույլատրական ընթացակարգեր կիրառելիս ապահովում են «Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրության VI բաժնի 9-րդ ենթաբաժնով նախատեսված դրույթների պահպանումը (Պայմանագրի թիվ 16 հավելված):

5. Անդամ պետությունները ձգտում են թույլատրական պահանջների ներդաշնակեցմանն այնքանով, որքանով դա անհրաժեշտ է Միության շրջանակներում ալկոհոլային շուկայի ձևավորման և գործունեության համար:

 

Հոդված 10

 

Ուղեկցող փաստաթղթերը

 

Ալկոհոլային արտադրանքի` մեկ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք դրա` տրանսպորտային փոխադրման եղանակով տեղափոխման (փոխադրման), անդամ պետությունների կողմից կիրառման ենթակա ուղեկցող փաստաթղթերի ցանկը և ձևերը, ինչպես նաև դրանց լրացման կարգը սահմանվում են Հանձնաժողովի ակտով:

Մեկ անդամ պետության տարածքի սահմաններում ալկոհոլային արտադրանքի տեղափոխման (փոխադրման) համար ուղեկցող փաստաթղթերի ցանկը և ձևերը սահմանվում են այդ անդամ պետության կողմից:

 

Հոդված 11

 

Լիազորված (իրավասու) մարմինները

 

1. Անդամ պետություններն ապահովում են լիազորված (իրավասու) մարմինների փոխգործակցությունը` Պայմանագրի 68-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:

2. Լիազորված (իրավասու) մարմիններն իրենց իրավասության շրջանակներում իրականացնում են կարգավորման միջոցների ձեռնարկում և կիրառում` բացառապես սույն Համաձայնագրի 3-րդ և 4-րդ հոդվածներով նախատեսված կարգավորման նպատակներին և սկզբունքներին համապատասխան:

 

Հոդված 12

 

Պետական հսկողությունը և վերահսկողությունը

 

1. Ալկոհոլային շուկայի մասնակիցների գործունեության նկատմամբ պետական հսկողությունն ու վերահսկողությունն իրականացվում են այն անդամ պետության լիազորված (իրավասու) մարմինների կողմից, որի տարածքում իրականացվում է այդպիսի գործունեություն` այդ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Անդամ պետություններն իրականացնում են ալկոհոլային շուկայի մասնակիցների գործունեության նկատմամբ` ընդհանուր սկզբունքների հիման վրա իրականացվող պետական հսկողության և վերահսկողության կանոնների, ինչպես նաև, սույն Համաձայնագրին համապատասխան, ալկոհոլային շուկայի մասնակիցների և նրանց գործունեության մասով սահմանված պարտադիր պահանջների խախտման համար պատասխանատվության միջոցների ներդաշնակեցում` այնքանով, որքանով դա անհրաժեշտ է Միության շրջանակներում ալկոհոլային շուկայի լիարժեք գործունեությունն ապահովելու համար:

 

Հոդված 13

 

Տեղեկատվական փոխանակումը

 

1. Անդամ պետությունները, իրենց օրենսդրությանը համապատասխան, ապահովում են ազգային տեղեկատվական այն ռեսուրսների ձևավորումը, որոնք լիազորված (իրավասու) մարմիններին թույլ են տալիս Միության շրջանակներում ալկոհոլային շուկայի գործունեության նկատմամբ իրականացնել պետական հսկողություն և վերահսկողություն:

2. Լիազորված (իրավասու) մարմինները վարչական համագործակցության շրջանակներում իրականացնում են տեղեկատվության, այդ թվում` ազգային տեղեկատվական ռեսուրսներում պարունակվող տեղեկատվության փոխանակում:

3. Անդամ պետությունները, հաշվի առնելով Պայմանագրի 23-րդ և 68-րդ հոդվածների դրույթները, ապահովում են լիազորված (իրավասու) մարմինների միջև տեղեկատվության փոխանակման (այդ թվում` էլեկտրոնային եղանակով) իրականացումը, ինչպես նաև այն Հանձնաժողով ներկայացնելը։

4. Սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան փոխանակման ենթակա տեղեկատվության ցանկը, ինչպես նաև այդ տեղեկատվության փոխանակման կարգը սահմանվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի կողմից։

5. Հանձնաժողովն անդամ պետությունների հետ փոխգործակցությամբ, Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով և ժամկետներում ապահովում է ընդհանուր տեղեկատվական ռեսուրսների ստեղծումը, գործունեությունը և զարգացումը այն տեղեկատվության մասով, որը նշված է սույն հոդվածի 3-րդ կետում:

 

Հոդված 14

 

Ակցիզների վճարման և (կամ) հաշվառման դրոշմանիշների օգտագործման հետ կապված պարտավորությունների կատարման ապահովումը

 

1. Անդամ պետությունը, Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերին ու ակտերին համապատասխան, կարող է կիրառել ակցիզների վճարման և (կամ) հաշվառման դրոշմանիշներն ըստ իրենց նշանակության օգտագործելու հետ կապված պարտավորությունների կատարումն ապահովող եղանակներ, ինչպես նաև նման այլ միջոցներ` այլ անդամ պետության տարածքից իր տարածք ներմուծվող ալկոհոլային արտադրանքի նկատմամբ։

Ակցիզների վճարման և (կամ) հաշվառման դրոշմանիշներն ըստ իրենց նշանակության օգտագործելու հետ կապված պարտավորությունների կատարման ապահովումը, ինչպես նաև ալկոհոլային արտադրանքի նկատմամբ սույն կետի առաջին պարբերության մեջ նշված նման այլ միջոցներ կիրառվում են սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածի դրույթների պահպանմամբ։

Անդամ պետությունները նախատեսում են ալկոհոլային շուկայի մասնակիցների կողմից ակցիզների վճարման և (կամ) հաշվառման դրոշմանիշներն ըստ իրենց նշանակության օգտագործելու հետ կապված պարտավորությունների կատարումն ապահովող` անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված եղանակների և նման այլ միջոցների ազատ ընտրության հնարավորություն։

2. Ակցիզների վճարման և (կամ) հաշվառման դրոշմանիշներն ըստ իրենց նշանակության օգտագործելու հետ կապված պարտավորությունների կատարումն ապահովող եղանակները և նման այլ միջոցներ ու դրանց կիրառման կարգը սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ` սույն հոդվածի դրույթները հաշվի առնելով:

 

Հոդված 15

 

Ալկոհոլային արտադրանքի ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցումը

 

Միության շրջանակներում ալկոհոլային շուկայի գործունեության համար պատշաճ պայմանների ստեղծման և ալկոհոլային շուկայի մասնակիցների գործունեության ոլորտում մրցակցային միջավայրի ապահովման նպատակներով անդամ պետությունները ներդաշնակեցնում են (մոտարկում են) ալկոհոլային արտադրանքի ակցիզների դրույքաչափերը` Միության շրջանակներում կնքված առանձին միջազգային պայմանագրին համապատասխան:

 

Հոդված 16

 

Ալկոհոլային արտադրանքի դրոշմավորումը հաշվառման դրոշմանիշներով

 

1. Հաշվառման դրոշմանիշներով դրոշմավորման ենթակա է անդամ պետությունների տարածքներում շրջանառության համար նախատեսված և սպառողական փաթեթվածքի (տարայի) մեջ լցված ալկոհոլային արտադրանքը:

Հաշվառման դրոշմանիշներով դրոշմավորման ենթակա և (կամ) ոչ ենթակա ալկոհոլային արտադրանքի տեսակները, ինչպես նաև այն դեպքերը, երբ ալկոհոլային արտադրանքը ենթակա չէ դրոշմավորման, սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ:

Հաշվառման դրոշմանիշների թողարկման և շրջանառության կարգը սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությամբ, ընդ որում, հաշվառման դրոշմանիշների տրամադրման ժամկետը չպետք է գերազանցի ալկոհոլային շուկայի մասնակցի` համապատասխան հայտը ներկայացնելու օրվանից 30 օրացուցային օրը:

2. Դրոշմավորումը կատարվում է այն անդամ պետության հաշվառման դրոշմանիշներով, որի տարածքում ենթադրվում է իրականացնել ալկոհոլային արտադրանքի առևտուրը: Մեկ անդամ պետության հաշվառման դրոշմանիշներով դրոշմավորված արտադրանքի առևտուրը մյուս անդամ պետության տարածքում չի թույլատրվում:

 

Հոդված 17

 

Անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցումը և միասնականացումը

 

1. Անդամ պետությունները, Պայմանագրի 67-րդ հոդվածով նախատեսված սկզբունքներին համապատասխան, սույն Համաձայնագրի դրույթները հաշվի առնելով, ալկոհոլային շուկայի մասնակիցների գործունեության կարգավորման ոլորտում ապահովում են իրենց օրենսդրության ներդաշնակեցումը կամ միասնականացումն այնքանով, որքանով դա անհրաժեշտ է Միության շրջանակներում ալկոհոլային շուկայի ձևավորման համար:

Անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման կամ միասնականացման մասին առաջարկությունների մշակումն իրականացվում է Հանձնաժողովի կողմից` անդամ պետությունների հետ փոխգործակցությամբ:

2. Ալկոհոլային շուկայի մասնակիցների գործունեության կարգավորման ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցմանը կամ միասնականացմանն ուղղված միջոցների ցանկը և այդ ներդաշնակեցման կամ միասնականացման ժամկետները սահմանվում են Եվրասիական միջկառավարական խորհրդի կողմից:

 

Հոդված 18

 

Համաձայնագրի իրականացումը

 

1. Սույն Համաձայնագրի 7-րդ հոդվածի իրականացման նպատակներով անդամ պետությունները սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 30 աշխատանքային օրվա ընթացքում ապահովում են սույն Համաձայնագրի 7-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը Հանձնաժողով ներկայացնելը։

2. Սույն Համաձայնագրի 10-րդ և 13-րդ հոդվածների իրականացման նպատակներով`

ա) անդամ պետությունները սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 6 ամսվա ընթացքում ապահովում են հետևյալի վերաբերյալ առաջարկները Հանձնաժողով ներկայացնելը `

ալկոհոլային արտադրանքի` մեկ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք տրանսպորտային փոխադրման եղանակով տեղափոխումն (փոխադրումն) իրականացնելիս կիրառվող ուղեկցող փաստաթղթերի ցանկ և ձևեր, ինչպես նաև նշված ձևերի լրացման կարգ.

փոխանակման ենթակա տեղեկատվության, այդ թվում` ազգային տեղեկատվական ռեսուրսներում պարունակվող տեղեկատվության ցանկ և այդ տեղեկատվության փոխանակման կարգ.

բ) Հանձնաժողովը սույն կետի (ա) ենթակետի երկրորդ պարբերության մեջ նշված առաջարկները անդամ պետությունների կողմից ներկայացվելու օրվանից 9 ամսվա ընթացքում հաստատում է մեկ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք ալկոհոլային արտադրանքի տրանսպորտային փոխադրման եղանակով տեղափոխում (փոխադրում) իրականացնելիս կիրառվող ուղեկցող փաստաթղթերի ցանկը և ձևերը, ինչպես նաև նշված ձևերի լրացման կարգը։

3. Սույն Համաձայնագրի 17-րդ հոդվածի իրականացման նպատակներով ներդաշնակեցման կամ միասնականացման վերաբերյալ առաջարկությունների մշակումն իրականացվում է սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 12 ամսվա ընթացքում` այն Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը ներկայացնելու համար:

 

Հոդված 19

 

Անցումային դրույթներ

 

Ալկոհոլային շուկայի մասնակիցները ալկոհոլային արտադրանքի` մեկ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք տրանսպորտային փոխադրման եղանակով տեղափոխումը (փոխադրումը) մինչ Հանձնաժողովի` սույն Համաձայնագրի 10-րդ հոդվածով նախատեսված ակտն ուժի մեջ մտնելն իրականացնելիս կիրառում, իսկ լիազորված (իրավասու) մարմինները ճանաչում են միջազգային պայմանագրերով և անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված ուղեկցող փաստաթղթերը:

 

Հոդված 20

 

Եզրափակիչ դրույթներ

 

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից։

2. Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը լուծվում են Պայմանագրի 112-րդ հոդվածով սահմանված կարգով:

3. Անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ` սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով։

4. Սույն Համաձայնագիրը Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և Միության իրավունքի մաս է կազմում։

Կատարված է _______ քաղաքում, 201___ թվականի _______-ի «____»-ին, մեկ բնօրինակից` ռուսերենով։

Սույն Համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն Համաձայնագրի ավանդապահ, անդամ պետություններից յուրաքանչյուրին կտրամադրի դրա հաստատված պատճենը։

 

Հայաստանի Հանրապետությունից

Բելառուսի Հանրապետությունից

Ղազախստանի Հանրապետությունից

Ղրղզստանի Հանրապետությունից

Ռուսաստանի Դաշնությունից

 

 

Հրապարակվել է կայքում 16 փետրվարի 2016 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան