Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 125
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Base act (10.11.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 16.02.2016
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
10.11.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.11.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.11.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

10 նոյեմբերի  2015 թվականի

թիվ 125

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ ԱԿՑԻԶՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԵԼՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ալկոհոլային արտադրանքի համար ակցիզների բնագավառում հարկային քաղաքականություն վարելու սկզբունքների մասին» համաձայնագրի նախագծին (այսուհետ` Համաձայնագիր) (կցվում է):

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի` Տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ (Նախարար) Տ. Մ. Սուլեյմանովին` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին Համաձայնագրի նախագիծը քննարկելուց հետո այն ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ` ներպետական համաձայնեցում անցկացնելու համար:

3. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին` Համաձայնագրի նախագիծը ներպետական համաձայնեցում անցկացնելու նպատակով ուղարկելու օրվանից սկսած 30 օրացուցային օրվանից ոչ ուշ սույն Կարգադրության 2-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել այդ համաձայնեցման արդյունքների մասին:

4. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրը։

 

Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Վ. Խրիստենկո

 

Նախագիծ

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ ԱԿՑԻԶՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԵԼՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները` ի դեմս իրենց կառավարությունների, այսուհետ` անդամ պետություններ,

ղեկավարվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) XVII բաժնի և «Ապրանքների արտահանման ու ներմուծման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի գանձման կարգի և դրանց վճարման նկատմամբ հսկողության մեխանիզմի մասին» արձանագրության դրույթներով (Պայմանագրի թիվ 18 հավելված),

 Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ալկոհոլային շուկայի գործունեության համար պատշաճ պայմանների ստեղծման և ալկոհոլային արտադրանքի շրջանառության ոլորտում մրցակցային միջավայրի ապահովման նպատակներով,

կիսելով Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսական ինտեգրումը խորացնելու ձգտումը,

ընդունելով անդամ պետությունների տնտեսական շահերի պաշտպանության ապահովման անհրաժեշտությունը,

հաշվի առնելով միջազգային իրավունքի` համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքներն ու նորմերը, ինչպես նաև «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ալկոհոլային շուկայի կարգավորման մասին» 20 թվականի համաձայնագրի դրույթները,

ընդունելով անդամ պետություններից յուրաքանչյուրի` ալկոհոլային արտադրանքի հարկման մակարդակն ինքնուրույն որոշելու և իր տարածքում այդ արտադրանքի նկատմամբ հարկային քաղաքականություն վարելու անկապտելի իրավունքը,

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1

 

Համաձայնագրի առարկան

 

Սույն Համաձայնագիրն ուղղված է անդամ պետությունների տարածքներում իրացվող ալկոհոլային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման (մոտարկման) միջոցով Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ալկոհոլային շուկայի ստեղծման համար պայմանների ապահովմանը և սահմանում է ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման (մոտարկման) հիմնական սկզբունքները, միջոցներն ու կարգը հետևյալ արտադրանքի համար.

էթիլ սպիրտի 9 տոկոսից ավելի (Բելառուսի Հանրապետությունում` 7 տոկոս և ավելի) ծավալային մաս պարունակող ալկոհոլային արտադրանք, որն արտադրվում է էթիլային սպիրտի հավելումով,

էթիլ սպիրտի մինչև 9 տոկոսը ներառյալ (Բելառուսի Հանրապետությունում` 1,2 տոկոսից ավելի և 7 տոկոսից պակաս) ծավալային մաս պարունակող ալկոհոլային արտադրանք, որն արտադրվում է էթիլային սպիրտի հավելումով:

Սույն Համաձայնագիրը չի տարածվում սննդային հումքից ստացված էթիլային սպիրտի, կոնյակի, բրենդիի, լիկյորի, վերմուտի, խնձորի բրենդիի (կալվադոս), մրգային օղու, գինու, փրփրուն գինու, գարեջրի, գարեջրային խմիչքների, սիդրի, տանձի սիդրի (պուարե), մեղրագինու, խաղողահյութի վրա:

 

Հոդված 2

 

Ալկոհոլային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման (մոտարկման) սկզբունքները

 

Ալկոհոլային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցումը (մոտարկումը) իրականացվում է հետևյալ սկզբունքների հիման վրա.

անդամ պետությունների բնակչության մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքի, անդամ պետությունների բնակչության տրամադրության տակ եղած ամենօրյա եկամուտների չափերի տարբերությունները, անդամ պետությունների բնակչության համար ալկոհոլային արտադրանքի մատչելիությունը (այդ թվում` գնային) հաշվի առնելը,

անդամ պետություններում ակցիզների` աճի ավելի ցածր տեմպերով դրույքաչափերի աճի տեմպերի արագացումը և անդամ պետություններում ակցիզների` ավելի բարձր աճի տեմպերով դրույքաչափերի աճի տեմպերի դանդաղեցումը,

անդամ պետությունների (այդ թվում` դրանց շրջանների) սոցիալ-տնտեսական զարգացման պլանները հաշվի առնելը,

ակցիզների կիրառվող դրույքաչափերի տեսակները (ադվալորային, յուրահատուկ, խառը) ինքնուրույն որոշելու` անդամ պետությունների իրավունքի ապահովումը,

ակցիզների դրույքաչափերի սահմանման ոլորտում անդամ պետությունների հարկային քաղաքականության թափանցիկությունն ու կանխատեսելիությունը։

 

Հոդված 3

 

Ալկոհոլային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման (մոտարկման) միջոցների իրագործման մեխանիզմը

 

1. Ալկոհոլային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման (մոտարկման) միջոցների իրագործումն իրականացվում է` սահմանելով.

1) ակցիզների ընդհանուր ինդիկատիվ (կանխատեսվող) դրույքաչափերը (այսուհետ` ինդիկատիվ դրույքաչափեր),

2) ինդիկատիվ դրույքաչափերի մակարդակին հասնելու ժամկետը,

3) ինդիկատիվ դրույքաչափերից շեղման տարեկան տիրույթը։

2. Ալկոհոլային արտադրանքի համար ակցիզների` անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված և ակցիզի մշտական (յուրահատուկ) և (կամ) փոփոխական (ադվալորային) հանրագումարը հանդիսացող փաստացի դրույքաչափերը կարող են շեղվել ինդիկատիվ դրույքաչափերից։

3. Սույն Համաձայնագրի իրագործման նպատակով օգտագործվում է անդամ պետության համապատասխան ազգային արժույթի նկատմամբ եվրոյի այն փոխարժեքը, որը կիրառվում է հերթական բյուջետային ժամանակաշրջանի համար բյուջետային պլանավորման ժամանակ։

4. Սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածով նախատեսված ինդիկատիվ դրույքաչափերի մեծությունների, այդ դրույքաչափերի մակարդակին հասնելու ժամկետների և շեղման տիրույթների փոփոխման հիմնավորված տնտեսական նպատակահարմարության առկայության, ինչպես նաև եվրոյի նկատմամբ անդամ պետությունների ազգային արժույթների փոխարժեքների փոփոխման դեպքում, Եվրասիական միջկառավարական խորհուրդը անդամ պետություններից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ իրավունք ունի որոշում կայացնելու համապատասխան ցուցանիշների փոփոխման մասին։

5. Անդամ պետությունները ոչ ուշ, քան ինդիկատիվ դրույքաչափերի գործողության 5-ամյա ժամանակահատվածի ավարտից 2 տարի առաջ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կոլեգիային առընթեր խորհրդատվական մարմնի շրջանակներում, որի իրավասության մեջ են մտնում հարկային քաղաքականությանն ու վարչարարությանն առնչվող հարցերը, մշակում են հաջորդ 5-ամյա ժամանակահատվածի համար ալկոհոլային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման (մոտարկման) միջոցների վերաբերյալ առաջարկություններ։ Անդամ պետությունների կողմից համաձայնեցված ինդիկատիվ դրույքաչափերի մեծությունները, այդ դրույքաչափերի մակարդակին հասնելու ժամկետները և շեղման տիրույթները հաստատվում են Եվրասիական միջկառավարական խորհրդի կողմից։

6. Սույն Համաձայնագրում ոչինչ չպետք է մեկնաբանվի որպես.

1) պահանջ ցանկացած անդամ պետության նկատմամբ` սահմանելու ալկոհոլային արտադրանքի համար ակցիզների այնպիսի դրույքաչափեր, որոնք այն կարող է դիտարկել որպես իր անվտանգության շահերին հակասող,

2) խոչընդոտ ցանկացած անդամ պետության համար` այնպիսի գործողություններ ձեռնարկելու հարցում, որոնք այն անհրաժեշտ է համարում իր անվտանգության շահերի պաշտպանության համար` ալկոհոլային արտադրանքի համար ակցիզային դրույքաչափեր սահմանելու առնչությամբ նորմատիվ իրավական ակտ ընդունելու միջոցով։

 

Հոդված 4

 

Ինդիկատիվ դրույքաչափերի մեծությունները, այդ դրույքաչափերի մակարդակին հասնելու ժամկետները և շեղման տիրույթները

 

1. Անդամ պետությունները 2016-2020 թվականներին կիրառում են ինդիկատիվ դրույքաչափերի հետևյալ մեծությունները` հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ կետը.

1) պատրաստի արտադրանքի մեջ պարունակվող 1 լիտր անջուր (100 տոկոսանոց) էթիլային սպիրտի համար` էթիլային սպիրտի 9 տոկոսից ավելի (Բելառուսի Հանրապետությունում` 7 տոկոս և ավելի) ծավալային մաս պարունակող ալկոհոլային արտադրանքի նկատմամբ.

2016 թվականին` 6 եվրո,

2017 թվականին` 7 եվրո,

2018 թվականին` 8 եվրո,

2019 թվականին` 9 եվրո,

2020 թվականին` 10 եվրո,

2) պատրաստի արտադրանքի մեջ պարունակվող 1 լիտր անջուր (100 տոկոսանոց) էթիլային սպիրտի համար` էթիլ սպիրտի մինչև 9 տոկոսը ներառյալ (Բելառուսի Հանրապետությունում` 1,2 տոկոսից ավելի և 7 տոկոսից պակաս) ծավալային մաս պարունակող ալկոհոլային արտադրանքի նկատմամբ.

2016 թվականին` 5,5 եվրո,

2017 թվականին` 6 եվրո,

2018 թվականին` 7 եվրո,

2019 թվականին` 8 եվրո,

2020 թվականին` 9 եվրո:

2. Անդամ պետություններում գործող` ալկոհոլային արտադրանքի համար ակցիզների փաստացի դրույքաչափերը կարող են շեղվել սույն հոդվածի 1-ին կետում նշված ինդիկատիվ դրույքաչափերից`

1) Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության համար` հետևյալ սահմաններում.

2016 թվականին` 55 տոկոսից ոչ ավելի` դեպի վար և 10 տոկոսից ոչ ավելի` դեպի վեր,

2017 թվականին` 45 տոկոսից ոչ ավելի` դեպի վար և 10 տոկոսից ոչ ավելի` դեպի վեր,

2018 թվականին` 35 տոկոսից ոչ ավելի` դեպի վար և 10 տոկոսից ոչ ավելի` դեպի վեր,

2019 թվականին` 30 տոկոսից ոչ ավելի` դեպի վար և 10 տոկոսից ոչ ավելի` դեպի վեր,

2020 թվականին` 20 տոկոսից ոչ ավելի` դեպի վար և 10 տոկոսից ոչ ավելի` դեպի վեր,

2) Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար` հետևյալ սահմաններում.

2016 թվականին` 35 տոկոսից ոչ ավելի` դեպի վար և 15 տոկոսից ոչ ավելի` դեպի վեր,

2017 թվականին` 30 տոկոսից ոչ ավելի` դեպի վար և 10 տոկոսից ոչ ավելի` դեպի վեր,

2018 թվականին` 30 տոկոսից ոչ ավելի` դեպի վար և 10 տոկոսից ոչ ավելի` դեպի վեր.

2019 թվականին` 25 տոկոսից ոչ ավելի` դեպի վար և 10 տոկոսից ոչ ավելի` դեպի վեր,

2020 թվականին` 15 տոկոսից ոչ ավելի` դեպի վար և 10 տոկոսից ոչ ավելի` դեպի վեր:

 

Հոդված 5

 

Ալկոհոլային արտադրանքի համար ակցիզների բնագավառում հարկային քաղաքականության հարցերով համագործակցությունը

 

1. Յուրաքանչյուր տարի` մինչև նոյեմբերի 1-ը, անդամ պետությունները Հանձնաժողով են ներկայացնում հերթական օրացուցային տարվա համար (բյուջետային ժամանակահատվածում) ալկոհոլային արտադրանքի համար ակցիզների սահմանված դրույքաչափերի վերաբերյալ ծանուցում։

2. Հանձնաժողովն ընդհանրացնում է սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան ստացված տեղեկությունները և վերջին ծանուցումն ստանալու օրվանից` 10 աշխատանքային օրվա ընթացքում այն ներկայացնում է բոլոր անդամ պետություններին:

3. Այն դեպքում, երբ Հանձնաժողովին և անդամ պետություններին ծանուցելուց հետո անդամ պետություններից որևէ մեկը ենթաակցիզային արտադրանքի ակցիզների դրույքաչափերի փոփոխման վերաբերյալ որոշում է կայացնում, ալկոհոլային արտադրանքի համար ակցիզների նոր դրույքաչափերի վերաբերյալ տեղեկությունները Հանձնաժողովին և անդամ պետություններ ուղարկվում են ոչ ուշ, քան համապատասխան ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 60 օրացուցային օր առաջ։

4. Անդամ պետություններն ապահովում են ալկոհոլային արտադրանքի նկատմամբ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հարկային քաղաքականության հարցերով փոխադարձ խորհրդակցությունների անցկացումը Հանձնաժողովի կոլեգիային առընթեր այն խորհրդատվական մարմնի շրջանակներում, որի իրավասության մեջ են մտնում հարկային քաղաքականության և վարչարարության հարցերը։

 

Հոդված 6

 

Վարչական համագործակցությունը

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում առանց ակցիզների և այլ անուղղակի հարկերի վճարման ալկոհոլային արտադրանքի իրացումը կանխելու նպատակով անդամ պետությունները սահմանում են իրենց լիազորված մարմինների միջև վարչական համագործակցության մեխանիզմները (եղանակները) (այդ թվում` համապատասխան համաձայնագրեր կնքելու միջոցով)։

 

Հոդված 7

 

Այլ միջազգային պայմանագրերի նկատմամբ վերաբերմունքը

 

Սույն Համաձայնագրի դրույթներով չեն շոշափվում անդամ պետությունների` նախկինում կնքված միջազգային այն պայմանագրերից բխող իրավունքներն ու պարտավորությունները, որոնց մասնակիցներն են իրենք։

 

Հոդված 8

 

Եզրափակիչ դրույթներ

 

1. Սույն Համաձայնագրի մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են Պայմանագրի 112-րդ հոդվածով սահմանված կարգով:

2. Անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ` սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով։

3. Սույն Համաձայնագիրը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս է կազմում։

4. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրը, սակայն «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ալկոհոլային շուկայի կարգավորման մասին» 20 թվականի համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ։

Կատարված __________ քաղաքում, 2015 թվականի _________-ի «____»-ին, մեկ բնօրինակից` ռուսերենով։

Սույն Համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն Համաձայնագրի ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետության կուղղի դրա վավերացված պատճենը։

 

Հայաստանի Հանրապետությունից

Բելառուսի Հանրապետությունից

Ղազախստանի Հանրապետությունից

Ղրղզստանի Հանրապետությունից

Ռուսաստանի Դաշնությունից

 

 

Հրապարակվել է կայքում 16 փետրվարի 2016 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան