Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Incorporation (22.01.2001-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2002.06.12/3(3)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
20.09.2000
Ստորագրման ամսաթիվ
20.09.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.01.2001

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության ԵՎ Բելառուսի Հանրապետության վիճակագրության ԵՎ վերլուծության նախարարության միջԵՎ համագործակցության մասին

 

Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը և Բելառուսի Հանրապետության վիճակագրության և վերլուծության նախարարությունը, այսուհետ՝ Կողմեր,

հիմնվելով վիճակագրության բնագավառում համագործակցության զարգացման և երկու պետությունների վիճակագրական մարմինների փոխգործունեության ակտիվացման փոխադարձ շահագրգռվածության վրա,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1

 

Կողմերը կիրականացնեն համագործակցություն հետևյալ հիմնական ուղղություններով.

վիճակագրական ցուցանիշների համակարգերի ստեղծման և գործունեության մեթոդաբանական մշակումների, վիճակագրական դիտարկումների անցկացման, այդ թվում` մարդահամարների, առավել կարևոր ընտրանքային հետազոտությունների և բնակչության հարցումների ծրագրերի և մեթոդների փոխանակում,

վիճակագրական տեղեկության փոխանակում Կողմերի կողմից համաձայնեցված թեմաներով,
վիճակագրական հրատարակությունների և հրապարակումների (տարեգրքերի, ժողովածուների, տեղեկագրերի, պետությունների և առանձին տարածաշրջանների սոցիալ-տնտեսական դրության վերաբերյալ հաղորդագրությունների և ակնարկների) փոխանակում,

ըստ «Անկախ պետությունների համագործակցության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի» չորսանիշ կոդերի` ապրանքների և ծառայությունների արտահանման և ներմուծման վերաբերյալ տեղեկության փոխանակում և տվյալների համադրում հայելային վիճակագրության մեթոդով,

ըստ համապատասխան միջպետական համաձայնագրերում նախատեսված անվանացանկի և ժամկետների՝ ինվեստիցիոն և սպառողական ապրանքների մատակարարման վերաբերյալ տեղեկության հավաքագրման կազմակերպում և փոխանակում,

վիճակագրության բնագավառում համակարգիչների, տեղական ցանցերի և ծրագրային մշակումների օգտագործման փորձի փոխանակում, տվյալների ավտոմատացված բանկերի ստեղծման, նոր տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման գործում փոխադարձ օգնության ցուցաբերում,

ազգային հաշիվների և միջազգային նորմերին համապատասխանող այլ հաշվառման և վիճակագրության համակարգերի ներդրման և կատարելագործման գործում փորձի փոխանակում և փոխադարձ օգնության ցուցաբերում, ինչպես նաև համապատասխան ծրագրերի ու նախագծերի մշակումների ընթացքի և իրականացման վերաբերյալ տեղեկության փոխանակում,

գների վիճակագրության, համապատասխան վիճակագրական ցուցանիշների հաշվարկի մեթոդաբանության բնագավառներում փորձի փոխանակում և փոխադարձ օգնության ցուցաբերում, սպառողական ապրանքների և ծառայությունների գների ու սակագների մակարդակի փոփոխման, բնակչության կենսամակարդակի և սոցիալ-տնտեսական զարգացման այլ ցուցանիշների վերաբերյալ տվյալների փոխանակում,

 սպառողական, ինվեստիցիոն ապրանքների և ծառայությունների գների, ինչպես նաև համախառն ներքին արդյունքի հիմնական բաղադրամասերի միջազգային համադրումների իրականացում կանոնավոր հիմունքներով և տարադրամի գնողունակության համարժեքության որոշում ԱՊՀ երկրների համադրումների ծրագրի շրջանակում,

 բնակչության զբաղվածության և գործազրկության վերաբերյալ տվյալների փոխանակում,

 փորձի փոխանակում արտաբյուջետային ֆինանսավորման ձևավորման հարցերով,

 պայմանագրային հիմունքներով վիճակագրության բնագավառում համատեղ գիտական հետազոտությունների և կիրառական մշակումների, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հիմնախնդիրների այլ միջոցառումների իրականացում:

 Կողմերը, սույն Համաձայնագրին և իրենց ազգային օրենսդրությանը համապատասխան, համագործակցություն կիրականացնեն վիճակագրության և իրենց գործունեության ոլորտներին վերաբերող այլ հարցերով:

 

Հոդված 2

 

 Տեղեկության փոխանակումը սույն Համաձայնագրի շրջանակում կատարվելու է Կողմերի ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 3

 

Վիճակագրական տեղեկության փոխանակումը կիրականացվի Կողմերի ունեցած կապի միջոցներով, պայմանավորված ժամկետներում՝ ըստ համաձայնեցված սխեմաների, ձևերի և ցուցանիշների համակարգերի:

Տեղեկության միջգերատեսչական փոխանակման աշխատանքային լեզուն համարվում է ռուսերենը:

 

Հոդված 4

 

Կողմերը կօժանդակեն իրենց ենթակա կազմակերպությունների, հիմնարկությունների գործունեության ընդհանուր կամ կոնկրետ ոլորտներում ուղղակի պայմանագրերի կնքմանը:

 

Հոդված 5

 

 Կողմերը համատեղ կքննարկեն Համաձայնագրի մեկնաբանման և իրականացման ընթացքում առաջացած հիմնախնդիրները և կձեռնարկեն միջոցներ դրանք լուծելու ուղղությամբ, անհրաժեշտության դեպքում պաշտոնական պատվիրակությունների մակարդակով կքննարկի սույն Համաձայնագրի, կնքված պայմանագրերի իրականացման ընթացքը:

 

Հոդված 6

 

Սույն Համաձայնագիրը կարող է փոփոխվել, լրացվել Կողմերի փոխադարձ համաձայնությամբ: Փոփոխությունները և լրացումները ձևակերպվում են առանձին արձանագրություններով, որոնք հանդիսանում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 7-րդ հոդվածով սահմանված կարգով:

 

Հոդված 7

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին միմյանց իրազեկ դարձնելու պահից:

Սույն Համաձայնագիրը կարող է չեղյալ հայտարարել Կողմերից մեկը, և դրա գործողությունը դադարեցվում է մյուս Կողմից դրա վերաբերյալ հաղորդում ստանալու օրվանից վեց ամիսը լրանալուց հետո:

 

Կատարված է Կիև քաղաքում 2000 թվականի սեպտեմբերի 20-ին, երկու օրինակով, հայերեն, բելառուսերեն և ռուսերեն, ընդ որում երեք լեզուներով տեքստերը հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման տարաձայնությունների դեպքում նախապատվությունը կտրվի ռուսերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի հունվարի 22-ից: