Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Incorporation (25.10.2001-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1990.07.31/14(970)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
26.07.2001
Ստորագրման ամսաթիվ
26.07.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.10.2001

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ, ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ԲՅՈՒՐՈՅԻ ՄԻՋԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ, ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՒՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությունը և Հնդկաստանի Հանրապետության ստանդարտների բյուրոն  (այսուհետ՝ Կողմեր),

առևտրատնտեսական հարաբերություններում տեխնիկական խոչընդոտների վերացման և գիտական ու տեխնիկական զարգացումը խթանելու նպատակով,

հաշվի առնելով ստանդարտացման, սերտիֆիկացման և հավատարմագրման բնագավառներում գործունեության կարևորությունը գիտության, տեխնոլոգիաների և տնտեսության մեջ փոխշահավետ կապերի զարգացման համար` իրենց երկրներում գործող օրենքներին և կանոնադրություններին, ինչպես նաև համագործակցության գործընթացին և քաղաքականությանը համաձայն,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1

 

Կողմերը, ելնելով իրենց փոխադարձ շահերից, պայմանավորվեցին համագործակցել ստանդարտացման, սերտիֆիկացման և հավատարմագրման բնագավառներում` սույն Համաձայնագրին և իրենց օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 2

 

Կողմերը աշխատանքներ կիրականացնեն սերտիֆիկացման ընթացակարգերի (ինչպիսիք են որակի համակարգի սերտիֆիկացումը, արտադրանքի սերտիֆիկացումը և այլն) ներդաշնակեցման, սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման արդյունքների, փորձարկման արձանագրությունների և սերտիֆիկատների փոխադարձ ճանաչման ուղղությամբ:

 

Հոդված 3

 

Կողմերի միջև համագործակցությունը ընդգրկում է տեղեկատվության և փորձի փոխանակում՝ համատեղ աշխատանքների կատարում հետևյալ ուղղություններով՝

- ստանդարտացման աշխատանքների, ընթացակարգերի և ստանդարտների կիրառման կարգի կազմակերպում,

- մասնակցություն միջազգային և տարածաշրջանային ստանդարտացման աշխատանքներին,

- ստանդարտների նախագծերի մշակում և դրանց ընդունում,

- ստանդարտների կիրառում:

 

Հոդված 4

 

Համագործակցությունը Կողմերի միջև կիրականացվի՝

- ստանդարտացման և սերտիֆիկացման հիմնադիր և այլ նորմատիվ փաստաթղթերի փոխանակման միջոցով,

- փորձի  փոխանակման, քննարկումների, ուսուցման և այլնի  համար փորձագետների փոխայցելության միջոցով,

- տարբեր աշխատանքներում համատեղ հետազոտություններին և զարգացմանն ուղղված տեղեկատվության փոխանակման միջոցով,

- Կողմերի կազմակերպած սեմինարների և գիտաժողովների միջոցով,

- սերտիֆիկացման և ուսուցման բնագավառներում երկկողմանի ծառայությունների կազմակերպման համար փոխադարձ հնարավորությունների հետազոտման միջոցով,

- փորձարկման արդյունքների հաշվետվության փոխադարձ ճանաչման նպատակով, հիմնվելով միջազգային չափանիշների վրա, ուսումնասիրել միմյանց կազմակերպչական կառուցվածքը, լաբորատոր փորձարկումների ընթացակարգերը, լաբորատորիաների հավատարմագրման և զարգացման ընթացակարգերը:

 

Հոդված 5

 

Կողմերը համաձայնել են, որ ստացած տեղեկությունները կարող են օգտագործվել առանց որևէ սահմանափակման, եթե մյուս Կողմը չի նշել դրանց գաղտնիության մասին:

Այդ տեղեկությունները երրորդ Կողմին կարող են փոխանցվել միայն մյուս Կողմի համաձայնությամբ:

 

Հոդված 6

 

Կողմերը կհամագործակցեն ստանդարտացման, սերտիֆիկացման և հավատարմագրման զանազան միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում՝ միմյանց աջակցելով միջազգային և տարածաշրջանային այն կազմակերպություններին մասնակցելուն կամ անդամագրվելուն,  որոնց անդամն է Կողմերից մեկը:

 

Հոդված 7

 

Անհրաժեշտության դեպքում սույն Համաձայնագրի դրույթները կկոնկրետացվեն Կողմերի միջև կնքվող լրացուցիչ համաձայնագրով և/կամ արձանագրություններով:

 

Հոդված 8

 

Սույն Համաձայնագրի մեկնաբանման և կիրառման հետ կապված բոլոր  հարցերը կլուծվեն փոխադարձ խորհրդակցությունների, ինչպես նաև տարբեր մակարդակի բանակցությունների միջոցով:

Համաձայնագրի դրույթներից բխող աշխատանքների իրականացման ֆինանսավորումը կիրականացվի փոխադարձ համաձայնությամբ:

 

Հոդված 9

 

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ կմտնի այն օրվանից, երբ Կողմերը կծանուցեն միմյանց դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր իրավական ընթացակարգերի կատարման մասին:

Համաձայնագիրն ուժի մեջ կլինի հինգ տարի և ինքնաբերաբար կերկարաձգվի յուրաքանչյուր հաջորդ հնգամյա ժամկետի համար, եթե Կողմերից որևէ մեկը գրավոր չհայտնի իր ցանկությունը վերջինիս գործողությունը դադարեցնելու մասին ոչ ուշ, քան Համաձայնագրի գործողության ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ:

Յուրաքանչյուր Կողմ կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը մյուս Կողմին գրավոր ծանուցման միջոցով:

Համաձայնագրի գործողությունը դադարում է մյուս Կողմի՝ այդ հայտարարագիրը ստանալուց վեց ամիս հետո:

 

Կատարված է Երևան քաղաքում 2001 թվականի հուլիսի 26-ին՝ երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, հնդկերեն և անգլերեն լեզուներով, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Սույն Համաձայնագրի մեկնաբանման ընթացքում տարաձայնություններ առաջանալու դեպքում  կգերակայի անգլերեն տեքստը:

Կողմերը համաձայնում են օգտագործել անգլերենը որպես աշխատանքային լեզու:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի հոկտեմբերի 25-ից: