Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Incorporation (08.02.2002-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2002.06.12/3(3)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
15.09.2001
Ստորագրման ամսաթիվ
15.09.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.02.2002

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ռուսաստանի Դաշնության կառավարությունը, այսուհետ՝ Կողմեր,

ցանկություն հայտնելով նպաստել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ժողովուրդների միջև բարեկամական կապերի ընդլայնմանը, երկու երկրների կյանքի, պատմության և մշակութային ժառանգության հետ լավագույնս ծանոթացմանը,

հասկանալով, որ զբոսաշրջությունը ժողովուրդների միջև փոխըմբռնման, բարի կամքի դրսևորման և հարաբերությունների ամրապնդման կարևոր միջոց է,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1

 

Կողմերը զբոսաշրջության բնագավառում կամրապնդեն ու կզարգացնեն համագործակցությունը իրավահավասարության, փոխշահավետության հիման վրա և սույն Համաձայնագրի, երկու երկրների ազգային օրենսդրությանը և այն միջազգային պայմանագրերին համապատասխան, որոնց մասնակիցներ են հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը:

 

Հոդված 2

 

Կողմերը կաջակցեն զբոսաշրջության կառավարման պետական մարմիններին՝ հաստատելու կապեր և զարգացնելու համագործակցություն հայկական և ռուսական զբոսաշրջային կազմակերպությունների, այդ թվում՝ զբոսաշրջության ոլորտում կապիտալ ներդրումներ իրականացնող, ինչպես նաև զբոսաշրջիկների սպասարկման նպատակով համատեղ ձեռնարկատիրական գործունեություն կազմակերպող կազմակերպությունների միջև:

 

Հոդված 3

 

Կողմերը կձգտեն մուտքի արտոնագրային, մաքսային և այլ ձևակերպումների պարզեցմանը՝ կապված երկու պետությունների քաղաքացիների զբոսաշրջային ուղևորությունների հետ:

 

Հոդված 4

 

Կողմերը կաջակցեն ինչպես կազմակերպված խմբային, այնպես էլ անհատական զբոսաշրջությանը, այդ թվում՝ սպորտային միջոցառումներին, երաժշտական, թատերական և ժողովրդական փառատոներին, ինչպես նաև զբոսաշրջության հարցերով անցկացվող ցուցահանդեսներին, գիտաժողովներին և կոնգրեսներին մասնակցելու նպատակով:

 

Հոդված 5

 

Կողմերը կխրախուսեն և կաջակցեն զբոսաշրջության կառավարման պետական մարմինների միջև վիճակագրական, տեղեկատու-ինֆորմացիոն, գովազդային և զբոսաշրջության բնագավառում այլ նյութերի փոխանակմանը՝ ներառյալ տեղեկությունը՝

իրենց պետություններում զբոսաշրջային գործունեությունը կարգավորող նորմատիվ ակտերի վերաբերյալ,

զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող բնական և մշակութային ռեսուրսների պաշտպանության և պահպանման հետ կապված ազգային օրենսդրության վերաբերյալ,

հյուրանոցների, ինչպես նաև զբոսաշրջիկներին սպասարկող այլ հիմնարկների կառավարման փորձի վերաբերյալ:

 

Հոդված 6

 

Կողմերը կօժանդակեն զբոսաշրջության կառավարման պետական մարմիններին զբոսաշրջության ոլորտի համար մասնագետ կադրերի պատրաստման, զբոսաշրջության և ճանապարհորդությունների գծով մասնագիտացող գիտական աշխատողների, փորձագետների և լրագրողների փոխանակման հարցում, ինչպես նաև կնպաստեն Հայաստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում զբոսաշրջության բնագավառում հետազոտություններ իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց համատեղ գործունեությանը և շփումներին:

 

Հոդված 7

 

Կողմերը կհամակարգեն զբոսաշրջության կառավարման պետական մարմինների համագործակցությունը Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության և այլ միջազգային զբոսաշրջային կազմակերպությունների շրջանակներում:

 

Հոդված 8

 

Կողմերը կաջակցեն զբոսաշրջության կառավարման պետական մարմիններին՝ Կողմերի պետությունների տարածքներում զբոսաշրջության հարցերով ներկայացուցչությունների բացման գործում:

Այդ ներկայացուցչությունների բացման և գործունեության հետ կապված հարցերը կհամաձայնեցվեն զբոսաշրջության կառավարման պետական մարմինների միջև և կկարգավորվեն գտնվելու վայրի պետության ազգային օրենսդրությամբ:

 

Հոդված 9

 

Սույն Համաձայնագրի կատարումը Կողմերը դնում են զբոսաշրջության կառավարման պետական մարմինների վրա.

Հայաստանի Հանրապետության կողմից՝ ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության,

Ռուսաստանի Դաշնության կողմից՝ ՌԴ տնտեսական զարգացման և առևտրի նախարարության:

 

Հոդված 10

 

Կողմերը միջոցներ կձեռնարկեն մյուս Կողմի պետության տարածք զբոսաշրջային ուղևորության մեկնող իրենց պետությունների քաղաքացիների համար այդ պետության՝ վերջինիս տարածքում օտարերկրյա զբոսաշրջիկների գտնվելու հարցերին վերաբերող ազգային օրենսդրության մասին տեղեկություն ստանալու ուղղությամբ:

 

Հոդված 11

 

Սույն Համաձայնագրի դրույթների կիրառման կամ մեկնաբանման հետ կապված վեճեր առաջանալու դեպքում Կողմերը դրանք կլուծեն խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրությամբ և ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 12-րդ հոդվածով նախատեսված կարգով:

 

Հոդված 12

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարումը հաստատող վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրվանից:

Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հնգամյա ժամանակաշրջանով, եթե Կողմերից ոչ մեկը Համաձայնագրի գործողության ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան վեց ամիս առաջ դիվանագիտական ուղիներով մյուս Կողմին գրավոր չհայտնի Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

 

Կատարված է Երևան քաղաքում 2001 թվականի սեպտեմբերի 15- ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն և ռուսերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ մտել 2002 թվականի փետրվարի 8-ից: