Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Incorporation (19.02.2002-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2002.06.12/3(3)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
16.11.2001
Ստորագրման ամսաթիվ
16.11.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.02.2002

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ, ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ, ԳՐԱՏԱՐԱԾՄԱՆ, ՏՊԱԳԻՐ ԶԼՄ-ՆԵՐԻ ԵՎ ՊՈԼԻԳՐԱՖԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությունը և Ռուսաստանի Դաշնության մամուլի, հեռուստառադիոհեռարձակման և զանգվածային հաղորդակցության միջոցների գործերի նախարարությունը, այսուհետ՝ Կողմեր,

ելնելով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքի ոլորտներում գրահրատարակման, գրատարածման, տպագիր ԶԼՄ-ների և պոլիգրաֆիայի կարևոր նշանակությունից,

ի զարգացումն և ի կատարումն 1999 թվականի հունիսի 4-ին Մինսկում ստորագրված «Պարբերական մամուլի բնագավառում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» Համաձայնագրի դրույթների,

ղեկավարվելով 1997 թվականի օգոստոսի 29-ի «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» Պայմանագրի, 1995 թվականի նոյեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև մշակույթի, գիտության և կրթության բնագավառում համագործակցության մասին» Համաձայնագրի, 2000 թվականի սեպտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև տեղեկատվության բնագավառում համագործակցության մասին» Համաձայնագրի դրույթներով,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1

 

Կողմերը կզարգացնեն փոխշահավետ և իրավահավասար համագործակցություն գրահրատարակման, գրատարածման, տպագիր ԶԼՄ-ների և պոլիգրաֆիայի բնագավառում՝ ի շահ իրենց երկրներում գրքային գործի և պարբերական մամուլի աջակցության:

 

Հոդված 2

 

Կողմերը կխրախուսեն Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հրատարակչությունների, գրավաճառ կազմակերպությունների և պոլիգրաֆիական ձեռնարկությունների միջև անմիջական ստեղծագործական և գործարար կապերի հաստատումը, որոնց կոնկրետ պայմաններն ու ձևերը կսահմանվեն բուն մասնակիցների կողմից, այդ թվում՝ առանձին համաձայնագրերի և պայմանավորվածությունների միջոցով:

 

Հոդված 3

 

Կողմերը իրենց իրավասությունների շրջանակներում կնպաստեն այնպիսի անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկմանը, որոնք նախատեսում են հարկային և մաքսային բարենպաստ պայմանների ստեղծում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության գրահրատարակիչների, գրատարածողների, տպագիր ԶԼՄ-ների հրատարակիչների և տարածողների և պոլիգրաֆիստների համար՝ երկու երկրներում արտադրվող տպագիր արտադրանքի (բացառությամբ գովազդային և էրոտիկ բնույթի հրատարակությունների), թղթի, ստվարաթղթի, տպագրական նյութերի և սարքավորումների ներկրման և արտահանման ժամանակ:

 

Հոդված 4

 

Կողմերը փոխշահավետության սկզբունքի հիման վրա կնպաստեն երկկողմ նախագծերի մշակմանն ու իրականացմանը, ներառյալ՝

- փոխհամաձայնեցված թեմատիկայով համատեղ հրատարակությունները,

- երկու երկրների գեղարվեստական գրականության ստեղծագործությունների, գիտական և այլ հասարակական ու սոցիալական նշանակություն ունեցող հրատարակությունների, համապատասխանաբար, հայերեն և ռուսերեն թարգմանությունները, դրանց լույսընծայումը և տարածումը իրենց պետությունների տարածքում:

Այս նախագծերի իրագործման պայմանները, այդ թվում՝ հեղինակային իրավունքի հարցերի առնչությամբ, կսահմանվեն Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համապատասխան կազմակերպությունների առանձին պայմանագրերով կամ կոնտրակտներով՝ Կողմերի պետությունների ազգային օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 5

 

Կողմերն իրենց իրավասությունների շրջանակներում կաջակցեն երկու երկրների գրահրատարակչական և գրատարածող կազմակերպություններին, տպագիր ԶԼՄ-ների հրատարակիչներին ու տարածողներին՝ Երևանում, Գյումրիում և Վանաձորում «Ռուսական գիրք և պարբերական» և Մոսկվայում «Հայկական գիրք» գրախանութներ բացելու համար:

 

Հոդված 6

 

Կողմերը կաջակցեն երկու երկրներում հրատարակված՝ մյուս Կողմի պետության ժողովուրդների լեզուներով գրքային արտադրանքի, այդ թվում՝ կրթական հաստատությունների համար պայմանագրային հիմունքներով հրատարակված դասագրքերի /ներառյալ դրանց թարգմանությունների/ լույսընծայմանը, մատակարարմանը և տարածմանը իրենց պետություններում:

 

Հոդված 7

 

Կողմերը կաջակցեն փոխգործակցությանը՝ ուղղված սույն Համաձայնագրի առարկային առնչվող գիտատեխնիկական հիմնախնդիրների, պոլիգրաֆիական ձեռնարկությունների զարգացման, դրանց հզորությունների օգտագործման, նյութատեխնիկական ապահովման և սպասարկման խնդիրների լուծմանը, այդ թվում՝ լրացուցիչ պայմանագրային հիմունքներով:

 

Հոդված 8

 

Կողմերն իրենց իրավասությունների շրջանակներում և Կողմերի պետությունների ազգային օրենսդրությանը համապատասխան՝ կաջակցեն Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ճյուղային տնտեսավարող սուբյեկտների կողմից համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը:

 

Հոդված 9

 

Կողմերը կիրականացնեն իրենց երկրներում գրահրատարակման, գրատարածման, տպագիր ԶԼՄ-ների և պոլիգրաֆիայի ոլորտի զարգացմանն առնչվող տեղեկատվության փոխանակում:

 

Հոդված 10

 

Կողմերը փոխադարձ պայմանավորվածությամբ կնպաստեն Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ազգային գրադարաններին իրենց երկրներում հրատարակվող գրքերով և պարբերականներով ապահովելուն:

 

Հոդված 11

 

Կողմերը կզարգացնեն համագործակցությունը Հայաստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում և լույսընծայվող հրատարակությունների մատենագիտական և վիճակագրական հաշվառման բնագավառում և կիրականացնեն համապատասխան տեղեկության փոխանակում: Այդ նպատակով երկու երկրների մատենագիտության պետական կենտրոնները կքննարկեն առանձին համաձայնագիր կնքելու հարցը:

 

Հոդված 12

 

Կողմերը կխրախուսեն գրահրատարակման, գրատարածման, տպագիր ԶԼՄ-ների հրատարակման ու տարածման և պոլիգրաֆիայի բնագավառում աշխատող իրենց երկրների մասնագետների միջև փոխանակումները, այդ թվում՝ համատեղ նախագծերի իրականացման, ճյուղի հիմնախնդիրներին նվիրված գիտաժողովներին, սեմինարներին և սիմպոզիումներին մասնակցելու, ինչպես նաև փոխընդունելի պայմաններով և առանձին պայմանավորվածություններով նման մասնագետների պատրաստման և վերապատրաստման նպատակով:

 

Հոդված 13

 

Կողմերը կիրականացնեն գրքի և մամուլի ցուցահանդեսների փոխանակումներ, կօժանդակեն իրենց երկրների գրահրատարակիչների, գրատարածողների, պարբերական մամուլի հրատարակիչների ու տարածողների և պոլիգրաֆիստների մասնակցությանը իրենց պետությունների տարածքում անցկացվող գրքի և մամուլի միջազգային տոնավաճառներին:

 

Հոդված 14

 

Գրահրատարակչության, գրատարածման, պարբերական մամուլի և պոլիգրաֆիայի բնագավառում կոնկրետ նախագծերի ու ծրագրերի մշակման և իրականացման հետ կապված համագործակցության հարցերով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության իրավաբանական անձանց միջև փոխհաշվարկները կկատարվեն առանձին համաձայնագրերի և պայմանագրերի հիման վրա:

 

Հոդված 15

 

Կողմերը կարծիքներ կփոխանակեն գրահրատարակման, գրատարածման, պարբերական մամուլի և պոլիգրաֆիայի բնագավառում համագործակցության հետագա զարգացման հարցերի շուրջ, այդ թվում՝ փոխադարձ հիմունքներով պատվիրակությունների փոխանակման միջոցով: Ընդ որում, ուղարկող Կողմը վճարում է մեկնելու և հետդարձի ճանապարհածախսը, իսկ ընդունող կողմը վճարում է ուղարկող Կողմի պատվիրակության կեցության հետ կապված ծախսերը (հյուրանոց, սնունդ, փոխադրամիջոցներ)` ընդունող երկրում արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության և սպասարկման ծախսերի գործող նորմերին համապատասխան:

 

Հոդված 16

 

Սույն Համաձայնագիրը կիրառելիս և մեկնաբանելիս ծագող վեճերը Կողմերի միջև կլուծվեն բանակցությունների ճանապարհով: Վիճելի հարցի շուրջ համաձայնության չհասնելու դեպքում այդ հարցը, շահագրգիռ Կողմի դիմումով, լուծվում է Անկախ պետությունների համագործակցության տնտեսական դատարանում:

 

Հոդված 17

 

Սույն Համաձայնագրի դրույթները չեն շոշափում Կողմերի՝ այլ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները, որոնց մասնակից են նրանք:

 

Հոդված 18

 

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին հայկական Կողմի գրավոր ծանուցումը ռուսաստանյան Կողմի ստանալու օրվանից:

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել համապատասխան արձանագրությամբ ձևակերպված փոփոխություններ և լրացումներ: Այդ ուղղումները ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգին համապատասխան:

Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդող հնգամյա ժամանակաշրջանների համար, եթե Կողմերից մեկը հերթական հնգամյա ժամանակաշրջանի ավարտից առնվազն վեց ամիս առաջ մյուս Կողմին գրավոր չծանուցի Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը չի անդրադառնում արդեն սկսված ծրագրերի և նախագծերի, ինչպես նաև դրանց  հիման վրա կնքված պայմանագրերի (կոնտրակտների) իրականացման վրա:

 

Կատարված է Մոսկվա քաղաքում 2001 թվականի նոյեմբերի 16-ին՝ երկու օրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն և ռուսերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2002 թվականի փետրվարի 19-ին: