Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Ռուսաստանի Դաշնության Կառավարությունը, այսուհետ՝ «Պայմանավորվող կողմեր», առաջնորդվելով տրանսպորտի բնագավառում համագործակցության հետագա զարգացման ձգտումով, ցանկանալով դյուրացնել երկու երկրների միջև բեռների և ուղևորների հաղորդակցության իրականացումը, ինչպես նաև իրենց տարածքներով տարանցիկ փոխադրումը երրորդ երկրներ,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Պայմանավորվող կողմերը կզարգացնեն և կխորացնեն համատեղ տնտեսական և գիտատեխնիկական համագործակցությունը տրանսպորտի բոլոր տեսակների բնագավառում:
Հոդված 2
Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը, փոխադարձության սկզբունքով, իր տարածքում կապահովի երկու երկրների միջև և դեպի երրորդ երկրներ ուղևորների և բեռների փոխադրում իրականացնող մյուս Պայմանավորվող կողմի տրանսպորտի բոլոր տեսակների գործունեության բարենպաստ պայմաններ:
Հոդված 3
Սույն Համաձայնագրի հիման վրա Պայմանավորվող կողմերից որևե մեկի փոխադրողների կողմից իրականացվող ուղևորների և բեռների փոխադրումը մյուս Պայմանավորվող կողմի տարածքով, ինչպես նաև այդ փոխադրումները իրականացնող տրանսպորտային միջոցները ազատվում են հարկերից և պետական տուրքերից, որոնք կապված են ճանապարհների և այլ հաղորդակցության ուղիների օգտագործման կամ պահպանման, տրանսպորտային միջոցներ ունենալու կամ օգտագործելու հետ, ինչպես նաև փոխադրումներից ստացվող եկամուտից և շահույթից գանձվող հարկերիցև տուրքերից:
Հոդված 4
1. Պայմանավորվող կողմերը համաձայնել են պահպանել տրանսպորտի աշխատանքը կանոնակարգող առկա կանոնները, դրույթները, հրահանգները, չափանիշները և տեխնիկական պայմանները:
2. Պայմանավորվող մյուս կողմի շահերը շոշափող փոփոխությունը, ինչպես նաև նոր նորմատիվ խաստաթղթերի ընդունումը իրականացվում են Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների համաձայնությամբ:
3. Պայմանավորվող կողմերը կձգտեն ապահովել իրենց տարածքներում գործող տրանսպորտային օրենսդրության նույնացումը:
Հոդված 5
Երկու երկրների միջև երկաթուղային, օդային և ավտոմոբիլային տրանսպորտով բեռների և ուղևորների և իրենց տարածքներով տարանցիկ փոխադրման կարգը կիրականացվի համաձայնագրերի հիման վրա, որոնք կնքվում են Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարության (երկաթուղային փոխադրումների գծով՝ Ռուսաստանի Դաշնության հաղորդակցության ուղիների նախախարարության կողմից) և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցությունների նախարարության (ավտոմոբիլային տրանսպորտի գծով), Հայաստանի Հանրապետության Կառավարությանը կից Հայկական երկաթուղու (երկաթուղային տրանսպորտի գծով), Հայաստանի Հանրապետության Կառավարությանը կից ավիացիայի Գլխավոր վարչության (օդային տրանսպորտի գծով) միջև:
Հոդված 6
1. Պայմանավորվող կողմերը համաձայնել են պահպանել միջազգային փոխադրումների իրականացման ներկայիս կարգը ,որը հաստատվել է նախկինում ԽՍՀՄ և այլ երկրների միջև կնքված միջկառավարական համաձայնագրերով, ինչպես նաև տրանսպորտի բնագավառում այն Կոնվենցիաների և այլ համաձայնագրերի դրույթները, որոնց մասնակիցն էր հանդիսանում ԽՍՀՄ:
2. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը տրանսպորտի բնագավառում երրորդ երկրների հետ այնպիսի համաձայնագրեր կնքելիս, որոնք կփոփոխեն տվյալ հոդվածի 1-ին կետում նշված համաձայնագրերով հաստատված կարգը, կտեղեկացնեն այդ մասին մյուս Պայմանավորվող կողմին:
Հոդված 7
1. Պայմանավորվող կողմերը համաձայնել են նպաստել երկու երկրների տրանսպորտային ձեռնարկությունների և կազմակերպությունների տնտեսական անիջական կապերի զարգացմանը և տրանսպորտի բնագավառում համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը:
2. Պայմանավորվող կողմերը կնպաստեն տրանսպորտային միջոցների վեռանորոգման բնագավառում երկու երկրների ձեռնարկությունների համագործակցությանը:
Հոդված 8
Պայմանավորվող կողմերը համաձայնել են, որ ինժեներների, տեխնիկական մասնագետների և տրանսպորտի զանգվածային մասնագիտությունների մասնագետների պատրաստումը կիրականացվի միևնույն մեթոդով, իսկ ուսումնական հաստատությունը ավարտելու վերաբերյալ տրվող որակավորման փաստաթղթերը իրավաբանական ուժ կունենան երկու երկրներում էլ:
Հոդված 9
Պայմանավորվող երկու կողմերի տրանսպորտային կազմակերպությունների և ձեռնարկությունների միջև հաշվարկները և վճարումները կիրականացվեն Պայմանավորվող կողմերի միջև գործող հաշվարկների և վճարումների վերաբերյալ համաձայնագրերին համապատասխան:
Հոդված 10
Սույն Համաձայնագրով, ինչպես նաև միջազգային համաձայնագրերով, որոնց մասնակից են հանդիսանում Պայմանավորվող երկու կողմերը, չկարգավորվող հարցերը կլուծվեն Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի ներպետական օրենսդրության համաձայն:
Հոդված 11
Սույն Համաձայնագրի իրականացումը ապահովելու նպատակով, ինչպես նաև երկու երկրների միջև փոխադրումներ իրականացնելիս դժվարություններ ծագելու դեպքում, սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածում նշված Պայմանվորվող կողմերի իրավասու տրանսպորտային մարմինները կիրականացնեն անմիջական շփումներ և անհրաժեշտության դեպքում կանցկացնեն երկկողմ խորհրդակցություններ փոխընդունելի լուծումների մշակման համար:
Հոդված 12
Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից և կգործի մինչ այն ժամկետից 90 օր հետո, երբ Պայմանավորվող կողմերից որևէ մեկը գրավոր կտեղեկացնի մյուս Պայմանավորվող կողմին Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Կատարված է Մոսկվա քաղաքում 1992 թվականի սեպտեմբերի 8-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը հայերեն և ռուսերեն, ընդ որում երկու տեքստն էլ հավասարազոր են:
*Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1992 թվականի սեպտեմբերի 8-ից: