Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՆՁԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները (այսուհետ՝ Կողմեր),
վերահաստատելով ցեղասպանություն, մարդկության դեմ հանցագործություններ և պատերազմական հանցագործություններ կատարած անձանց արդարադատությանը հանձնելու կարևորությունը,
հաշվի առնելով, որ Կողմերից յուրաքանչյուրը արտահայտել է իր մտադրությունը՝ գնահատել կամ քննել փաստերի վերաբերյալ առկա տեղեկությունները և, երբ տեղին է, դատական կարգով հետապնդել պատերազմական հանցագործությունները, ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունները, որոնք, ենթադրաբար, կատարվել են իր պաշտոնատար անձանց, աշխատողների, զինվորական անձնակազմի կամ այլ քաղաքացիների կողմից,
նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության միջև համագործակցության վերաբերյալ մարդասիրական և տեխնիկական տնտեսական օգնության վերահսկումը հեշտացնելու համար 1992 թվականի դեկտեմբերի 15-ի Համաձայնագրի 2-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության միջև Զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին 2000 թվականի հուլիսի 24-ի Համաձայնագրի 8-րդ հոդվածը, ինչպես նաև Կողմերի միջև ներկայումս գործող այլ համաձայնագրերը (այսուհետ՝ Համաձայնագրեր), որոնք սահմանում են արտոնություններ, և այս հարցերով կիրառելի միջազգային իրավունքի նորմերը,
նշելով, որ, Համաձայնագրերին համապատասխան, դրանցով նախատեսված անձանց, ներառյալ զինվորական և քաղաքացիական անձնակազմը, շնորհված են, Դիվանագիտական հարաբերությունների 1961 թվականի ապրիլի 18-ի Վիեննայի Կոնվենցիային համապատասխան, վարչական և տեխնիկական անձնակազմի կարգավիճակին հավասար կարգավիճակ, և նրանք օգտվում են Հայաստանի Հանրապետության քրեական իրավազորության նկատմամբ անձեռնմխելիությունից, որի արդյունքում նրանց ցանկացած եղանակով փոխանցումը միջազգային դատարաններ, որոնք հիմնված կամ լիազորված չեն Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի կողմից, պահանջում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հստակ համաձայնությունը,
նշելով, որ, միջազգային իրավունքին համապատասխան, Ամերիկայի Միացյալ Նահանգների այն անձինք, որոնք օգտվում են Հայաստանի Հանրապետության քրեական իրավազորության նկատմամբ անձեռմխելիությունից, ներառյալ ֆունկցիոնալ անձեռմխելիությունից օգտվողները, որոնք այդ անձեռնմխելիության շրջանակներում ենթակա չեն Հայաստանի Հանրապետության քրեական իրավազորությանը, որի արդյունքում նրանց ցանկացած եղանակով փոխանցումը միջազգային դատարաններ, որոնք հիմնված կամ լիազորված չեն Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի կողմից, պահանջում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հստակ համաձայնությունը,
նշելով, որ «Ուղարկող Պետություն» հասկացությունը միջազգային պայմանագրերում, ինչպիսին Հյուպատոսական հարաբերությունների մասին 1963 թվականի Վիեննայի կոնվենցիան է, և միջազգային իրավունքում օգտագործված է վկայակոչվող պետությունները միմյանցից տարբերակելու նպատակով,
այս հարցով գոյություն ունեցող պարտավորությունները վերահաստատելու և նոր ոլորտներում համաձայնությանը հասնելու նպատակով,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Սույն Համաձայնագրի նպատակներից ելնելով՝ «անձինք» նշանակում է՝ մի Կողմի քաղաքացիներ, կառավարության ներկա կամ նախկին պաշտոնատար անձ, աշխատակից (այդ թվում՝ պայմանագրային), Կողմի զինվորական կամ Կողմի ցանկացած անձ, որը միջազգային իրավունքին համապատասխան, օգտվում է քրեական իրավազորության նկատմամբ անձեռնմխելիությունից կամ ամեն դեպքում ենթակա են Ուղարկող Պետության իրավազորությանը (Հայաստանի Հանրապետության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների):
Հոդված 2
Մի Կողմի (Ուղարկող Պետության) անձը, առանց այդ Կողմի հստակ համաձայնության, չպետք է.
ա) հանձնվի կամ ցանկացած եղանակով փոխանցվի ցանկացած նպատակով որևէ միջազգային դատարան, կամ
բ) հանձնվի կամ ցանկացած եղանակով փոխանցվի որևէ այլ մարմնի կամ երրորդ պետության կամ վտարվի երրորդ պետություն՝ որևէ միջազգային դատարան հանձնելու կամ փոխանցելու համար, բացառությամբ, եթե այդ դատարանը հիմնվել կամ լիազորվել է Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի կողմից:
Հոդված 3
Երբ Հայաստանի Հանրապետությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների անձին երրորդ պետության հանձնի, փոխանցի կամ որևէ այլ կերպ փոխանցի, Հայաստանի Հանրապետությունը չի համաձայնի, որ երրորդ պետությունը որևէ միջազգային դատարան հանձնի կամ փոխանցի այդ անձին՝ առանց Ամերիկայի Միացյալ Նահանգների հստակ համաձայնության, եթե այդ դատարանը չի հիմնվել կամ լիազորվել Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի կողմից:
Հոդված 4
Երբ Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետության անձին երրորդ պետության հանձնի, փոխանցի կամ որևէ այլ կերպ փոխանցի, Ամերիկայի Միացյալ Նահանգները չի համաձայնի, որ երրորդ պետությունը որևէ միջազգային դատարան հանձնի կամ փոխանցի այդ անձին՝ առանց Հայաստանի Հանրապետության հստակ համաձայնության, եթե այդ դատարանը չի հիմնվել կամ լիազորվել Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի կողմից:
Հոդված 5
Սույն Համաձայնագիրը ուժի մեջ կմտնի ծանուցումների փոխանակման պահից, որոնք կհաստատեն, որ յուրաքանչյուր Կողմ կատարել է Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ներպետական իրավական պահանջները: Այն ուժի մեջ կմնա մեկ տարի՝ հաշված այն ժամանակից, երբ մի Կողմը կծանուցի մյուս Կողմին Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին: Սույն Համաձայնագրի դրույթները կշարունակեն գործել մինչև Համաձայնագրի գործողության ժամկետի լրանալը կատարված ցանկացած գործողության կամ առաջադրված ցանկացած մեղադրանքի նկատմամբ:
Կատարված է Երևան քաղաքում 2004 թվականի հոկտեմբերի 16-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն և անգլերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 17.03.2005թ.