Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ-ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՏԱՐԻՆ` 2003
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարությունը,
ելնելով Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև առկա բարեկամական հարաբերություններից,
կամենալով ամրապնդել և խորացնել առկա բարեկամական հարաբերությունները գործընկերային ֆինանսական համագործակցության միջոցով,
գիտակցելով, որ այդ հարաբերությունների պահպանումը սույն Համաձայնագրի հիմքն է կազմում,
նպատակ ունենալով նպաստել Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացմանը,
ձգտելով պահպանել Կովկասի էկոլոգիական բազմազանությունը,
վկայակոչելով 2004թ. մայիսի 25-26-ը կայացած միջկառավարական քննարկումները,
համաձայնության եկան ներքոհիշյալի շուրջ.
Հոդված 1
1) Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարությունը Հայաստանի Հանրապետության Կառավարությանը և երկու Կառավարությունների կողմից համատեղ ընտրվող այլ հասցեատերերին հնարավորություն է ընձեռում Մայնի Ֆրանկֆուրտի Վերականգնման վարկերի բանկից ընդունելու 2.200.000 (երկու միլիոն երկու հարյուր հազար) եվրո գումարի չափով ֆինանսական օժանդակություն` «Հարավային Կովկաս - Հայաստան բնապահպանական ծրագրի» (փուլ առաջին) իրականացման նպատակով, եթե ուսումնասիրության արդյունքները հաստատեն սույն ծրագրի իրագործումն օժանդակելու նպատակահարմարությունը:
2) 1-ին պարբերության մեջ ներկայացված ծրագիրը կարող է փոխարինվել մեկ այլ ծրագրով, եթե առկա լինի համաձայնություն Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարությունների միջև: Եթե 1-ին պարբերության մեջ ներկայացված ծրագիրը փոխարինվի մեկ այլ ծրագրով, ընդ որում` տվյալ ծրագիրը, որպես բնապահպանական կամ սոցիալական ենթակառուցվածքներին վերաբերող ծրագիր կամ միջին ձեռնարկություններին հասցեագրված վարկային երաշխավորման հիմնադրամ, որպես հասարակության մեջ կանանց դերի բարձրացմանն ուղղված միջոցառում կամ աղքատության հաղթահարմանն ուղղված ինքնաֆինանսավորվող միջոցառում, բավարարի ֆինանսական հատկացման ճանապարհով ցուցաբերվող աջակցության հատուկ նախապայմանները, ապա կարող է հատկացվել ֆինանսական օժանդակություն, այլ դեպքում` վարկ:
3) Սույն Համաձայնագիրը կշարունակի կիրառվել նաև այն դեպքում, եթե Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարությունը Հայաստանի Հանրապետության Կառավարությանը ավելի ուշ հնարավորություն ընձեռի վարկի կամ ֆինանսական օժանդակության ձևով հատկացումներ ստանալ 1-ին պարբերության մեջ ներկայացված ծրագրի նախապատրաստական քայլերի իրագործման նպատակով կամ` ֆինանսական օժանդակության հետագա հատկացումներ` 1-ին պարբերության մեջ ներկայացված ծրագրի իրականացմանը և ընթացքն ապահովելուն ուղղված անհրաժեշտ օժանդակ միջոցառումների համար:
Հոդված 2
1) 1-ին հոդվածում նշված գումարի օգտագործումը, հատկացման նախապայմանները, ինչպես նաև հանձնարարականների բաժանման կարգը որոշում են Վերականգնման վարկերի բանկի և վարկային ու ֆինանսական օժանդակության հասցեատերերի միջև կնքվելիք պայմանագրերը` հիմնված Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավական նորմերի վրա: 1-ին հոդվածի 1-ին պարբերության մեջ նշված գումարի հատկացումը չի կատարվի, եթե հատկացման տարվան հաջորդող ութ տարիների ընթացքում չկնքվի համապատասխան ֆինանսական պայմանագիր: Այս գումարի ժամկետն ավարտվում է 2012թ. դեկտեմբերի 31-ին:
2) Եթե Հայաստանի Հանրապետության Կառավարությունը ֆինանսական հատկացման ստացողը չէ, ապա Մայնի Ֆրանկֆուրտի Վերականգնման վարկերի բանկին տալիս է երաշխիք, որ կկատարվեն պարտքի վերադարձման այն պահանջները, որոնք կարող են բխել 1-ին պարբերության հիման վրա կնքվելիք պայմանագրից:
Հոդված 3
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը Վերականգնման վարկերի բանկին ազատում է բոլոր տեսակի հարկերից և պետական այլ տուրքերից, որոնք 2-րդ հոդվածում հիշատակված պայմանագրերի կնքման ու իրականացման դեպքում սահմանվում են Հայաստանում:
Հոդված 4
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը վարկի և ֆինանսական օժանդակության օգտագործումից անհրաժեշտաբար բխող` ծովային, ցամաքային և օդային ճանապարհներով անձերի և գույքի տեղափոխման համար ուղևորներին և առաքողներին տալիս է տրանսպորտային ձեռնարկության ազատ ընտրության հնարավորություն, չի ձեռնարկում միջոցներ, որոնք կբացառեն կամ կդժվարացնեն Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գործող տրանսպորտային ձեռնարկությունների իրավահավասար մասնակցությունը, անհրաժեշտության դեպքում տրամադրում է պահանջվող թույլտվությունները տրանսպորտային հիշյալ ձեռնարկությունների մասնակցության համար:
Հոդված 5
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի, երբ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարությանը կծանուցի Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման ավարտի մասին: Հիմք է ընդունվում ծանուցումն ստանալու օրը:
Կատարված է Երևան քաղաքում 2005թ. ապրիլի 7-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և գերմաներեն. ընդ որում` երկու տեքստերն էլ հավասարազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 31.05.2005 թ.