Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը և Էստոնիայի Հանրապետության մշակույթի նախարարությունը (այսուհետ` Կողմեր),
ցանկանալով ամրապնդել և զարգացնել համագործակցությունը արվեստի և մշակույթի բնագավառում,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Կողմերը, սույն Համաձայնագրին և իրենց երկրների ներքին օրենսդրությանը համապատասխան, կիրականացնեն համագործակցություն մշակույթի բնագավառում, կզարգացնեն սույն Համաձայնագրով նախատեսված համագործակցությունը և տեղեկատվության փոխանակումը` մասնավորապես խրախուսելով.
փոխանակումները գրականության, կերպարվեստի և կիրառական արվեստի, երաժշտության, պարի, թատերգության և կինոարվեստի բնագավառներում,
մասնակցությունը մյուս Կողմի կազմակերպած միջազգային փառատոներին:
Հոդված 2
Կողմերը կխրախուսեն ուղղակի համագործակցությունը մշակութային հասարակական կազմակերպությունների, թանգարանների, գրադարանների, արխիվների և այլ մշակութային հաստատությունների միջև:
Հոդված 3
Կողմերը կկազմակերպեն երկկողմ սեմինարներ, սիմպոզիումներ և համաժողովներ, որոնցում կընդգրկվեն մշակութային ժառանգության պահպանման խնդիրներով զբաղվող փորձագետներ, կնպաստեն ժառանգության պահպանության ոլորտում համագործակցության այլ ձևերին (ներառյալ մշակութային ժառանգության առարկաների ապօրինի ներմուծումը և արտահանումը կանխելը)` իրենց երկրներում գործող օրենսդրության համաձայն:
Հոդված 4
Կողմերը կօժանդակեն իրենց ներկայացուցիչների մասնակցությանը մյուս Կողմի կազմակերպած` մշակութային խնդիրներին նվիրված միջազգային համաժողովներին, հանդիպումներին և մրցույթներին:
Հոդված 5
Կողմերը կպաշտպանեն հեղինակային և հարակից իրավունքները մշակույթի և արվեստի բնագավառում` իրենց երկրներում գործող օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 6
Կողմերը սույն Համաձայնագրի գործնական իրականացման հետ կապված խնդիրները կարգավորելու նպատակով կստեղծեն համատեղ հանձնաժողով` բաղկացած իրենց հավասար թվով ներկայացուցիչներից, որի նիստերը՝ ըստ անհրաժեշտության և Կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում, կգումարվեն Երևանում և Տալլինում:
Համատեղ հանձնաժողովը կգործի իր կողմից հաստատված կանոնների համաձայն:
Հոդված 7
Սույն Համաձայնագրի իրականացման նպատակով Կողմերը կարող են մշակել փոխանակման կարճաժամկետ ծրագրեր, որոնք կներառեն կոնկրետ գործողություններ, ինչպես նաև կազմակերպչական և ֆինանսական պայմաններ:
Հոդված 8
Կողմերը համաձայնում են, որ սույն Համաձայնագիրը չի բացառում համագործակցության այլ ձևերի հնարավորությունը, որոնք նշված չեն Համաձայնագրում, բայց համապատասխանում են նրա նպատակներին:
Հոդված 9
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում յուրաքանչյուր Կողմի ազգային օրենսդրությամբ նախատեսված ներքին ընթացակարգերն ավարտելու մասին Կողմերի միմյանց գրավոր ծանուցելու օրվանից:
Սույն Համաձայնագիրը ուժի մեջ կմնա մինչև Կողմերի կողմից գրավոր դադարեցվելը՝ այդպիսի մտադրության մասին ծանուցելուց վեց ամիս հետո:
Կատարված է Երևան քաղաքում 2004 թվականի նոյեմբերի 14-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, էստոներեն և անգլերեն. ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Համաձայնագրի մեկնաբանման ընթացքում որևէ տարաձայնություն առաջանալու դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 10.06.2005թ.