Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետությունը և Հնդկաստանի Հանրապետությունը, որոնք այսուհետ կանվանվեն «Բարձր Պայմանավորվող Կողմեր»,
ելնելով երկու ժողովուրդների բարեկամության և համագործակցության դարավոր ավանդույթներն ամրապնդելու ձգտումից,
հաստատելով իրենց հավատարմությունը Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության նպատակներին ու սկզբունքներին և միջազգային իրավունքի նորմերին,
ձգտելով Ասիայում և ամբողջ աշխարհում խաղաղության և համագործակցության ամրապնդմանը,
պայմանավորվեցին հետևյալի շուրջ.
Հոդված 1
Բարձր Պայմանավորվող Կողմերը հռչակում են երկու երկրների և ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների գերակայությունը:
Բարձր Պայմանավորվող Կողմերից յուրաքանչյուրը կհարգի մյուս Կողմի անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և չի միջամտի նրա ներքին գործերին:
Հոդված 2
Բարձր Պայմանավորվող Կողմերը տարբեր մակարդակներով կանցկացնեն խորհրդակցություններ` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու նպատակով:
Բարձր Պայմանավորվող Կողմերը կձգտեն իրենց դիրքորոշումների առավելագույն հնարավոր մոտեցմանը` համատեղ կամ համաձայնեցված գործողությունների իրականացման նպատակով:
Եթե Բարձր Պայմանավորվող Կողմերից մեկը կհամարի, որ ստեղծվել է խաղաղությունը վտանգող իրադրություն կամ խախտվում է խաղաղությունը, կարող է դիմել մյուս Բարձր Պայմանավորվող Կողմին` կոորդինացնելու իրենց դիրքորոշումները` վտանգը չեզոքացնելու կամ խաղաղությունը վերականգնելու նպատակով:
Հոդված 3
Բարձր Պայմանավորվող Կողմերը իրենց տարաձայնությունները կլուծեն խաղաղ միջոցներով, օգտագործելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ նախատեսված միջոցները:
Եթե Բարձր Պայմանավորվող Կողմերից մեկը ենթարկվի չհրահրված ագրեսիայի, ապա մյուս Բարձր Պայմանավորվող Կողմը ձեռնպահ կմնա ագրեսորին ռազմական կամ ցանկացած այլ տեսակի օգնություն ցուցաբերելուց:
Հոդված 4
Բարձր Պայմանավորվող Կողմերը սերտ համագործակցություն կզարգացնեն ՄԱԿ-ի, միջազգային և տարածաշրջանային այլ կազմակերպությունների շրջանակներում:
Հոդված 5
Բարձր Պայմանավորվող Կողմերը պարտավորվում են զարգացնել համագործակցությունը միջազգային տնտեսական համակարգի շրջանակներում, մասնավորապես, միջազգային տնտեսական այնպիսի կազմակերպություններում, որոնք նրանց անդամակցում են:
Եթե Բարձր Պայմանավորվող Կողմերից մեկը ցանկություն կհայտնի համագործակցություն հաստատել որևէ միջազգային կազմակերպության հետ, որի մասնակիցն ինքը չի հանդիսանում, ապա մյուս Բարձր Պայմանավորվող Կողմը կցուցադրի նրան իր աջակցությունը:
Հոդված 6
Բարձր Պայմանավորվող Կողմերը փոխշահավետ համագործակցություն կզարգացնեն էկոնոմիկայի, արդյունաբերության, գիտության և տեխնիկայի բնագավառներում, երկու երկրների ժողովուրդների կենսամակարդակի բարձրացման, մարդկային և նյութական ռեսուրսների արդյունավետ օգտագործման նպատակով:
Նրանք ձեռնամուխ կլինեն ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը: Ըստ անհրաժեշտության կմշակվեն նոր համաձայնագրեր և ծրագրեր:
Հոդված 7
Բարձր Պայմանավորվող Կողմերը տեղեկատվություն կփոխանակեն իրենց երկրներում իրականացվող տնտեսական բարեփոխումների ընթացքի և ուղղությունների վերաբերյալ և կխթանեն փոխշահավետ տնտեսական և առևտրական համագործակցության զարգացմանը: Իրենց ներքին օրենսդրությանը համապատասխան, նրանք կապահովեն բարենպաստ տնտեսական և ֆինանսական պայմաններ` իրենց տարածքում մյուս Բարձր Պայմանավորվող Կողմի ֆիզիկական և իրավաբանական անձանց ձեռնարկատիրական գործունեության համար, կխթանեն համատեղ ընկերությունների, ձեռնարկությունների և բանկերի ստեղծումը, կպաշտպանեն ֆիրմաների և ձեռնարկությունների փոխադարձ ներդրումները, այդ թվում նաև երրորդ երկրների գործընկերների մասնակցությամբ:
Հոդված 8
Բարձր Պայմանավորվող Կողմերը համագործակցություն կզարգացնեն ֆունդամենտալ և կիրառական հետազոտությունների բնագավառում, այդ թվում` հաշվի առնելով դրանց արդյունքների տնտեսական և արդյունաբերական կիրառման հնարավորությունը:
Հոդված 9
Բարձր Պայմանավորվող Կողմերը կօժանդակեն իրենց տարածքներում գտնվող վերգետնյա ցանկացած տրանսպորտային ցանցերով, օդային, ծովային ու գետային նավահանգիստներով, մայրուղային նավթամուղերով իրականացվող տարանցիկ տրանսպորտային փոխադրումներին:
Կձեռնարկվեն միջոցներ ուղևորների և բեռների փոխադրման մաքսային և սահմանային ձևակերպումը դյուրացնելու և արագացնելու ուղղությամբ:
Տարանցիկ տրանսպորտային փոխադրումների իրականացման պայմաններն ու կարգը Բարձր Պայմանավորվող Կողմերը կորոշեն առանձին համաձայնագրերով:
Հոդված 10
Բարձր Պայմանավորվող Կողմերը համաձայնեցին, որ միջտնտեսական հարաբերությունների, առևտրական փոխանակումների, ամեն տեսակի կապի ու փոխադրումների կոնկրետ մեխանիզմները կկարգավորվեն համապատասխան համաձայնագրերով:
Հոդված 11
Բարձր Պայմանավորվող Կողմերը միակողմանիորեն չեն ձեռնարկի այնպիսի տնտեսական քայլեր, որոնք կարող են ապակայունացնել մյուս Բարձր Պայմանավորվող Կողմի շուկան, ինչպես նաև չեն մասնակցի երրորդ երկրների նման գործողություններին:
Հոդված 12
Բարձր Պայմանավորվող Կողմերը կխթանեն համագործակցության զարգացումը մշակույթի, գիտության, կրթության և զանգվածային լրատվության միջոցների բնագավառներում: Բարձր Պայմանավորվող Կողմերը կշարունակեն ավանդական մշակութային կապերը երկու ժողովուրդների հետ:
Բարձր Պայմանավորվող Կողմերից յուրաքանչյուրը կձգտի ապահովել մյուս Բարձր Պայմանավորվող Կողմի մշակույթի, արվեստի, գրականության ու մամուլի մատչելիությունն իր քաղաքացիների համար և աջակցություն կցուցաբերի դրան ուղղված պետական, հասարակական ու մասնավոր նախաձեռնություններին:
Բարձր Պայմանավորվող Կողմերը կխթանեն երկու երկրների մշակութային ու կրթական հիմնարկությունների շփումները ինչպես պետական, այնպես էլ շրջանային և տեղական մակարդակներով, կնպաստեն արվեստի գործիչների և մշակույթի ու կրթության բնագավառների մասնագետների փոխայցելություններին:
Հոդված 13
Բարձր Պայմանավորվող Կողմերը կխրախուսեն երկու երկրների գիտահետազոտական ինստիտուտների և լաբորատորիաների, գիտաարտադրական միավորումների, գիտնականների ու հետազոտողների միջև անմիջական կապերի զարգացումը, համատեղ գիտաարտադրական կոլեկտիվների ստեղծումը ու դրանց գործունեության ծավալումը և կաջակցեն տարբեր բնագավառներում մասնագետների պատրաստմանը:
Հոդված 14
Բարձր Պայմանավորվող Կողմերը երկկողմ և բազմակողմ համագործակցություն կիրականացնեն շրջակա միջավայրի պահպանության և բարելավման բնագավառում, տրանս-սահմանային աղտոտումների կանխման, մեծ վթարների, այդ թվում նաև միջուկային և տարերային աղետների հետևանքների նվազեցման և վերացման, բնական պաշարների արդյունավետ օգտագործման, էկոլոգիապես մաքուր արտադրությունների ցանցի ընդարձակման, բարձրարդյունավետ բնապահպանական և վերականգնողական միջոցառումների անցկացման գործում:
Հոդված 15
Բարձր Պայմանավորվող Կողմերը կզարգացնեն համագործակցություն սոցիալական ապահովության, առողջապահության, տուրիզմի և սպորտի բնագավառներում:
Հոդված 16
Բարձր Պայմանավորվող Կողմերը կհամագործակցեն հանցագործության, մասնավորապես, ահաբեկչության, թմրանյութերի և զենքի անօրինական շրջանառության, դրամանիշների, պետական և այլ արժեթղթերի կեղծումների, օդային ավազակության և մաքսանենգության, ներառյալ` մշակութային, պատմական և հնագիտական արժեքների անօրինական արտահանման դեմ պայքարի բնագավառում:
Բարձր Պայմանավորվող Կողմերը համաձայնագրեր կկնքեն քաղաքացիական և քրեական գործերի վերաբերյալ փոխադարձ իրավական օգնության մասին:
Հոդված 17
Բարձր Պայմանավորվող Կողմերն անհրաժեշտ պայմաններ կստեղծեն և համապատասխան միջոցներ կձեռնարկեն Բարձր Պայմանավորվող Կողմերից մեկի տարածքում մշտապես բնակվող մյուս Պայմանավորվող Կողմի քաղաքացիների էթնիկական, լեզվական, մշակութային և կրոնական առանձնահատկությունների պահպանման և զարգացման համար, ինչպես նաև կերաշխավորեն նրանց իրավունքները, համաձայն այդ բնագավառում գործող երկկողմ համաձայնագրերի և միջազգային իրավունքների նորմերի:
Բարձր Պայմանավորվող Կողմերը կաջակցեն մյուս Բարձր Պայմանավորվող Կողմի տարածքում ժամանակավորապես գտնվող իրենց քաղաքացիների մարդասիրական և սոցիալական խնդիրների լուծման հարցում:
Հոդված 18
Բարձր Պայմանավորվող Կողմերը պարտավորվում են, փոխադարձության հիմունքներով, անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հյուպատոսական որոշ ծառայությունների կարգի պարզեցման ուղղությամբ:
Հոդված 19
Բարձր Պայմանավորվող Կողմերը, ի կատարումն սույն Պայմանագրից բխող իրենց պարտավորությունների, ըստ անհրաժեշտության, կկնքեն կոնկրետ բնագավառների վերաբերյալ առանձին համաձայնագրեր:
Հոդված 20
Սույն Պայմանագիրն ուղղված չէ երրորդ պետությունների դեմ և չի շոշափում Բարձր Պայմանավորվող Կողմերի իրավունքներն ու պարտականությունները, որոնք բխում են այլ միջազգային պայմանագրերից, որոնց մասնակից են հանդիսանում նրանք:
Հոդված 21
Սույն Պայմանագրերի նորմերի մեկնաբանման և կիրառման վերաբերյալ վեճերը Բարձր Պայմանավորվող Կողմերը կհարթեն բանակցությունների ճանապարհով:
Հոդված 22
Բարձր Պայմանավորվող Կողմերից յուրաքանչյուրն իրեն վերապահում է սույն Պայմանագրի գործողությունը շարունակելու նպատակահարմարության վերաբերյալ բանակցություններ նախաձեռնելու իրավունք: Սույն Պայմանագրի հոդվածները կարող են լրացվել կամ փոփոխվել Բարձր Պայմանավորվող Կողմերի փոխադարձ համաձայնությամբ:
Հոդված 23
Սույն Պայմանագիրը ենթակա է վավերացման և ուժի մեջ կմտնի այն պահից, երբ Բարձր Պայմանավորվող Կողմերը կտեղեկացնեն միմյանց համապատասխան ընթացակարգի ավարտի մասին:
Սույն Պայմանագիրը կնքվում է 10 տարի ժամկետով: Այդ ժամկետը լրանալուց հետո նրա գործողությունն ամեն անգամ ինքնըստինքյան կերկարաձգվի հաջորդ հնգամյա ժամանակաշրջանի համար, եթե Բարձր Պայմանավորվող Կողմերից ոչ մեկը Պայմանագրի գործողության համապատասխան ժամկետը լրանալուց մեկ տարի առաջ գրավոր տեղյակ չի պահի Բարձր Պայմանավորվող Կողմին Պայմանագրի գործողությունը դադարեցնելու իր ցանկության մասին:
Կատարված է Դելի քաղաքում 1995 թվականի դեկտեմբերի 14-ին, երկու օրինակից` յուրաքանչյուրը հայերեն, հնդկերեն և անգլերեն լեզուներով, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:
Հայերեն և հնդկերեն տեքստերի տարընթերցման դեպքում գերակայությունը կտրվի անգլերեն տեքստին:
Պայմանագիրն ուժի մեջ է մտել 07.10.2005 թ.