Գլխավոր տեղեկություն
Տիպ
Արձանագրություն
Ակտի տիպ
Incorporation (01.03.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2006.12.28/8(16)2
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
03.06.2005
Ստորագրման ամսաթիվ
03.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.03.2006

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԱՊՀ մասնակից պետությունների փոխադարձ առԵՎտրում սահմանափակումների փուլային վերացման մասին

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների Կառավարությունները, այսուհետ` Կողմեր,

հաշվի առնելով փոխադարձ ապրանքաշրջանառության ավելացման, կայուն տնտեսական աճի ապահովման և ԱՊՀ մասնակից պետությունների բնակչության բարեկեցության բարձրացման անհրաժեշտությունը,

մեծ նշանակություն տալով 1994 թվականի ապրիլի 15-ի` Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին Համաձայնագրի և 1999 թվականի ապրիլի 2-ի դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Արձանագրության դրույթների անպայման կատարմանը, որոնցով նախատեսված է ԱՊՀ մասնակից պետությունների փոխադարձ առևտրում սակագնային և ոչ սակագնային սահմանափակումների փուլային վերացումը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

1. Հաստատել ԱՊՀ մասնակից պետությունների փոխադարձ առևտրում սահմանափակումների վերացման հետևյալ վերջնական ժամկետները`

1.1. Ազատ առևտրի ռեժիմի սակագնային սահմանափակումների (հանումների) մասով ներմուծման ժամանակ.

1.1.1. 2006թ. հուլիսի 1-ից ոչ ուշ վերացնել երկկողմ արձանագրություններով ամրագրված հանումները օղու (ԱՊՀ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագիր (հետագայում` ԱՊՀ ԱՏ ԱԱ) 2208 60), ծխախոտի և ծխախոտային արտադրանքի (ԱՊՀ ԱՏ ԱԱ 2402 ծածկագիր) համար: Ադրբեջանական Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը կվերացնեն ծխախոտի և ծխախոտային արտադրանքի (ԱՊՀ ԱՏ ԱԱ 2402 ծածկագիր) համար երկկողմ առևտրում կիրառվող հանումները 2012թ. հունվարի 1-ից ոչ ուշ:

1.1.2. 2007թ. հունվարի 1-ից ոչ ուշ վերացնել երկկողմ արձանագրություններով ամրագրված հանումները ածիկային գարեջրի համար (ԱՊՀ ԱՏ ԱԱ 2203 ծածկագիր):

1.1.3. 2007թ. հունվարի 1-ից ոչ ուշ վերացնել երկկողմ արձանագրություններով ամրագրված հանումները սպիտակ շաքարի համար (ԱՊՀ ԱՏ ԱԱ 1701 99Խ100 ծածկագիր): Ռուսաստանի Դաշնությունը և Ուկրաինան կվերացնեն երկկողմ առևտրում կիրառվող նշված հանումը 2009թ. հունվարի 1-ից ոչ ուշ:

1.1.4. 2012թ. հունվարի 1-ից ոչ ուշ վերացնել հանումները էթիլային սպիրտի (ԱՊՀ ԱՏ ԱԱ 2207, 2208 90 910, 2208 90 990 ծածկագրեր), խաղողի գինիների (ԱՊՀ ԱՏ ԱԱ 2204 ծածկագիր), վերմուտների և խաղողի գինիների (ԱՊՀ ԱԱ ԱՏ 2205 ծածկագիր), այլ խմորված ըմպելիքների (ԱՊՀ ԱՏ ԱԱ 2206 ծածկագիր) համար, ինչպես նաև Ղազախստանի Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության կողմից 1997թ. հունիսի 2-ի երկկողմ Արձանագրության համապատասխան փոխադարձ առևտրում կիրառվող հանումների համար:

1.2. Ազատ առևտրի ռեժիմի ոչ սակագնային սահմանափակումների մասով ներմուծման ժամանակ.

1.2.1. 2008թ. հունվարի 1-ից ոչ ուշ վերացնել գարեջրի, լիկյորասպիրտային և ծխախոտային արտադրանքի ներմուծման քվոտավորումը:

2. Սույն Արձանագրությունը ժամանակավորապես կիրառվում է ստորագրման պահից և ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին ավանդապահին երրորդ գրավոր ծանուցագիրն ի պահ հանձնելու օրվանից:

Ներպետական ընթացակարգերն ուշ կատարած Կողմերի համար սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում ավանդապահի կողմից համապատասխան գրավոր ծանուցագրերի ստացման օրվանից:

3. Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Արձանագրությունում կարող են կատարվել առանձին Արձանագրությամբ ձևակերպվող փոփոխություններ և լրացումներ, որն ուժի մեջ կմտնի սույն Արձանագրության 2-րդ կետում նախատեսված կարգով:

4. Սույն Արձանագրությունը բաց է դրա նպատակները և սկզբունքները կիսող այլ պետությունների կողմից միանալու համար` սույն Արձանագրության բոլոր Կողմերի հետ համաձայնեցված պայմաններով: Միացող պետության համար այն ուժի մեջ է մտնում այդպիսի միանալուն համաձայնելու վերաբերյալ Կողմերի համապատասխան ծանուցագիրը ավանդապահի կողմից ստանալու օրվանից 30 օր անց:

5. Սույն Արձանագրության դրույթների մեկնաբանման և (կամ) կիրառման վերաբերյալ վեճերը և տարաձայնությունները լուծվում են Կողմերի միջև խորհրդատվությունների և բանակցությունների անցկացման ճանապարհով:

 

Կատարված է Թբիլիսի քաղաքում 2005 թվականի հունիսի 3-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն լեզվով: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը սույն Արձանագրությունը ստորագրած յուրաքանչյուր պետությանը կուղարկի դրա հաստատված պատճենը:

 

Արձանագրությունը ստորագրել են Ադրբեջանական Հանրապետության, Հայաստանի Հանրապետության, Վրաստանի (վերապահումով), Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության (բացառությամբ 1.1.3. կետի երկրորդ նախադասության), Տաջիկստանի Հանրապետության կառավարությունները:

 

Արձանագրությունը ուժի մեջ է մտել Տաջիկստանի Հանրապետության համար՝ 01.03.2006, Ղրղզստանի Հանրապետության համար՝ 01.03.2006, Հայաստանի Հանրապետության համար՝ 01.03.2006:
 

Վրաստանի վերապահումը

 

ԱՊՀ մասնակից պետությունների փոխադարձ առԵՎտրում սահմանափակումների փուլային վերացման մասին Արձանագրության նախագծի վերաբերյալ

 

Վրաստանի համար Արձանագրությունն ուժի մեջ է մտնում ներպետական ընթացակարգերի ավարտումից հետո: