Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Incorporation (23.06.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԺՏ 1995/8
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
03.05.2005
Ստորագրման ամսաթիվ
03.05.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.06.2006

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ԵՎ Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարության միջԵՎ բժշկագիտության ԵՎ առողջապահության բնագավառում համագործակցության մասին

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը և Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարությունը, այսուհետ՝ Կողմեր,

ելնելով փոխշահավետության և փոխօգնության սկզբունքներից, ցանկանալով աջակցել առողջապահության և բժշկագիտության բնագավառում երկկողմ հարաբերություններին,

համոզված լինելով, որ այդ համագործակցությունը կնպաստի բնակչության առողջության բարելավմանը,

պայմանավորվեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1. Պայմանավորվող կողմերը բժշկագիտության և առողջապահության բնագավառում կզարգացնեն և կիրականացնեն համագործակցությունը Կողմերի պետությունների օրենսդրություններին համապատասխան:

 

Հոդված 2. Կողմերը մտադրված են զարգացնել փոխշահավետ համագործակցությունը հետևյալ ուղղություններով.

բնակչության համար բժշկական օգնության կազմակերպում (բժշկական ծառայությունների շուկայի ստեղծում, առաջնային բժշկասանիտարական և մասնագիտացված օգնության զարգացում, նոր բժշկական տեխնոլոգիաների ներդրում),

առողջապահության ու բժշկագիտության առաջնային և հրատապ խնդիրներին վերաբերող համատեղ ծրագրերի մշակում և իրականացում,

շրջանավարտի, մասնագետի նկատմամբ որակավորման համաձայնեցված պահանջների հիման վրա բժշկական, գիտական, գիտամանկավարժական կադրերի պատրաստում ու որակավորման բարձրացում,

բժշկական նշանակության ապրանքների և բժշկական տեխնիկայի պետական գրանցում և սերտիֆիկացում,

դեղամիջոցների որակի ստուգում և պետական գրանցում,

սննդամթերքի պետական հիգիենիկ կարգավորում և գրանցում,

քաղաքացիների առողջության պահպանման պահանջներին համապատասխան` փորձարարական, կլինիկական և կանխարգելիչ բժշկության բնագավառում հիմնարար ու կիրառական գիտական հետազոտությունների զարգացում,

առողջապահության և բժշկագիտության էկոնոմիկա,

առողջապահության մեջ ավտոմատացված կառավարման համակարգեր, հաշվողական տեխնիկա և համակարգչայնացում,

բնակչության հիգիենիկ-համաճարակային բարօրության ապահովման բնագավառում համակարգում, այդ թվում՝

ա) 1982թ. հոկտեմբերի 21-ի` «Սահմաններում բեռների հսկողության անցկացման պայմանների համաձայնեցման մասին» միջազգային կոնվենցիայի համաձայն` տարածքների սանիտարական պաշտպանություն,

բ) պետական սանիտարահամաճարակային նորմավորում,

գ) իմունականխարգելիչ աշխատանքներ, վարակիչ հիվանդությունների լաբորատոր ախտորոշում,

դ) սոցիալական-հիգիենիկ մոնիտորինգ:

 

Հոդված 3. Կողմերի պետությունների քաղաքացիներին բժշկական օգնություն են ցուցաբերվում 1997 թվականի մարտի 27-ի՝ Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիներին բժշկական օգնություն ցուցաբերելու մասին Համաձայնագրով նախատեսված կարգով:

 

Հոդված 4. Կողմերը նպաստում են բժշկական գիտական կազմակերպությունների և առողջապահական կազմակերպությունների միջև (այսուհետ՝ Համագործակցող կազմակերպություններ) անմիջական կապերի զարգացմանը:

Համագործակցող կազմակերպությունների միջև կապերն իրականացվում են պայմանագրերի հիման վրա, որոնք պետք է համապատասխանեն երկու Կողմերի պետությունների օրենսդրություններին:

 

Հոդված 5. Կողմերը սույն Համաձայնագրի 2-րդ կետն իրականացնում են փոխադարձ խորհրդատվությունների, մասնագետների և բժշկատեխնիկական տեղեկատվության փոխանակման, սիմպոզիումների ու կոնֆերանսների կազմակերպման, մենագրությունների և հոդվածների տպագրման միջոցով, ինչպես նաև այլ ձևերի համագործակցության իրականացմամբ, որոնց վերաբերյալ ձեռք է բերվել պայմանավորվածություն:

 

Հոդված 6. Կողմերը միմյանց կտեղեկացնեն համագումարների, կոնֆերանսների, ցուցահանդեսների և նման այլ միջոցառումների անցկացման պլանների մասին և կաջակցեն գործուղող Կողմի հաշվին այդ միջոցառումներին մասնակցող մասնագետների ընդունելությանը:

 

Հոդված 7. Կողմերը համատեղ աշխատանք կտանեն բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսումնական պլանների ու ծրագրերի բարելավման ուղղությամբ և այդ հաստատությունների միջև կհաստատեն ուղղակի ստեղծագործական կապեր, ինչպես նաև կիրականացնեն մասնագետների, ուսանողների և սովորողների փոխանակումներ:

 

Հոդված 8. Կողմերը համատեղ աշխատանք կտանեն բժշկական, կրթական ու գիտական ոլորտի աշխատողների որակավորման բարձրացման պայմաններ ստեղծելու ուղղությամբ, ինչպես նաև աշխատանքային տեղերում ստաժավորման հնարավորություն՝ պայմանագրային հիմունքով:

 

Հոդված 9. Սույն Համաձայնագրում Կողմերի փոխադարձ համաձայնությամբ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են սույն Համաձայնագրի անբաժանելի մաս հանդիսացող արձանագրություններով:

 

Հոդված 10. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ներպետական ընթացակարգերն ավարտելու մասին Կողմերի կողմից դիվանագիտական ուղիներով միմյանց գրավոր ծանուցելու օրվանից:

Սույն Համաձայնագիրը կնքվում է 2 տարի ժամկետով: Սույն Համաձայնագրի գործողությունը ինքնաբերաբար կերկարաձգվի հետագա երկամյա ժամանակաշրջաններով, մինչև Կողմերից մեկը ժամկետը լրանալուց վեց ամիս առաջ մյուս Կողմին դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցի դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

 

Կատարված է Մինսկ քաղաքում 2005 թվականի մայիսի 3-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն և ռուսերեն. ընդ որում` բոլոր տեքստերն ունեն միանման ուժ:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2006 թվականի հունիսի 23-ից: