Գլխավոր տեղեկություն
Տիպ
Արձանագրություն
Ակտի տիպ
Incorporation (06.10.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԺՏ 1995/8
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
06.10.2005
Ստորագրման ամսաթիվ
06.10.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.10.2006

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ԵՎ Բելառուսի Հանրապետության դատախազության միջԵՎ փոխգործակցությունն ու իրավական համագործակցությունն ամրապնդելու մասին

 

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը և Բելառուսի Հանրապետության դատախազությունը, այսուհետ` Կողմեր,

մեծապես կարևորելով միջազգային համագործակցության զարգացումը,

հաստատելով երկու երկրների դատախազության մարմինների իրավական փոխգործակցության ու իրավական համագործակցության հետագա զարգացման և ամրապնդման ձգտումը,

ելնելով 2002թ. հոկտեմբերի 7-ի` «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» Կոնվենցիայի, ինչպես նաև` հանցավորության դեմ պայքարի, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության ոլորտի միջազգային այլ պայմանագրերի դրույթներից, որոնց մասնակիցներն են Կողմերի պետությունները,

ղեկավարվելով միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներով և նորմերով,

 

համաձայնեցին ներքոհիշյալին.

 

1. Կողմերը, իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում, իրենց պետությունների օրենսդրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան, բազմակողմանիորեն կզարգացնեն և կամրապնդեն երկու երկրների դատախազության մարմինների միջև իրավական համագործակցությունը և փոխգործակցությունը` մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության, հանցավորության դեմ պայքարի ու օրինականության ամրապնդման ոլորտներում,

2. Հանցավորության դեմ պայքարում Կողմերի փոխգործակցությունն իրականացվում է հանցագործությունների կանխման, հայտնաբերման, բացահայտման և քննության հարցերով, և առաջին հերթին`

ա) անձի կյանքի, առողջության, ազատության և արժանապատվության դեմ ուղղված հանցագործությունների,

բ) կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի,

գ) ապօրինի միգրացիայի, մարդկանց առևտրի և երրորդ անձանց կողմից մարմնավաճառության շահագործման,

դ) միջազգային ահաբեկչության,

ե) տնտեսական ոլորտում հանցագործությունների, այդ թվում` կապված հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտների օրինականացման (լվացման) հետ,

զ) ահաբեկչության ֆինանսավորման,

է) զենքի, թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և բաղադրիչների ապօրինի շրջանառության,

ը) բարձր տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների:

3. Սույն Արձանագրության 2-րդ կետի պահանջներն իրականացնելու նպատակով, Կողմերը փոխանակում են հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվություն` նախապատրաստվող կամ կատարված հանցագործությունների ու դրանց առնչվող անձանց մասին, հանցագործությունների քննության մեթոդիկայի և դատախազական հսկողության իրականացման վերաբերյալ:

4. Կողմերը ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները քրեական գործերով միջազգային իրավական օգնություն ցուցաբերելու մասին միմյանց ուղարկվող հարցումները առավել ամբողջական և օպերատիվ կատարելու համար:

5. Կողմերը փոխանակում են տեղեկատվական և վիճակագրական տվյալներ` դատախազական գործունեության հիմնական ուղղությունների, հանցավորության դեմ պայքարի, անձի իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության վերաբերյալ:

Կողմերը միմյանց տեղեկացնում են դատախազության մարմինների լիազորությունների ծավալին, կառուցվածքին և կարգավիճակին վերաբերող օրենսդրության մեջ կատարվող փոփոխությունների մասին:

6. Կողմերը իրականացնում են դատախազական գործունեության փորձի փոխանակում, համագործակցում են Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի շրջանակներում:

7. Կողմերը փոխանակում են տեղեկատվական-վերլուծական, գիտագործնական նյութեր, դրանք դատախազության մարմինների հրատարակություններում հրապարակելու նպատակով:

8. Կողմերը փոխանակում են կադրերի որակավորման բարձրացման վերաբերյալ ուսուցողական ծրագրեր, մեթոդական նյութեր, գիտագործնական և ուսումնական ձեռնարկներ:

9. Սույն Արձանագրության շրջանակներում հարցում կատարող Կողմի ձեռք բերած տեղեկատվությունը և փաստաթղթերը չեն կարող օգտագործվել առանց հարցվող Կողմի նախնական գրավոր համաձայնության, այլ նպատակներով, քան դրանք ներկայացվել են:

10. Սույն Արձանագրությունը կատարելիս, Կողմերը օգտագործում են ռուսերեն լեզուն կամ իրենց պետական լեզուները` կցելով նաև ռուսերեն լեզվով վավերացված թարգմանությունը:

11. Սույն Արձանագրության իրականացման հետ կապված ծախսերը կրում է այն Կողմը, որի տարածքում դրանք ծագել են:

12. Կողմերի փոխադարձ համաձայնությամբ, սույն Արձանագրության մեջ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրությունների տեսքով և հանդիսանում են սույն Արձանագրության բաղկացուցիչ մասը:

Այդ արձանագրություններն ուժի մեջ են մտնում սույն Արձանագրության 14-րդ կետին համապատասխան:

13. Սույն Արձանագրության իրականացման ընթացքում ծագած հարցերը լուծվում են Կողմերի միջև բանակցությունների ճանապարհով, փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի մթնոլորտում:

14. Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ստորագրելու օրվանից և կնքվում է անորոշ ժամկետով:

Յուրաքանչյուր Կողմ կարող է դադարեցնել սույն Արձանագրության գործողությունը, իր մտադրության մասին գրավոր տեղեկացնելով մյուս Կողմին: Նման դեպքում Արձանագրությունը դադարեցնում է իր գործողությունն այդպիսի տեղեկատվություն ստանալու օրվանից վեց ամիսը լրանալուց հետո:

 

Կատարված է Մինսկ քաղաքում, 2005թ. հոկտեմբերի 6-ին, երկու օրինակից, յուրաքանչյուրը հայերեն և ռուսերեն լեզուներով, ընդ որում` բոլոր տեքստերն ունեն հավասար ուժ:

Սույն Արձանագրության դրույթների մեկնաբանման տարաձայնությունների դեպքում Կողմերը կղեկավարվեն ռուսերեն լեզվով կազմած տեքստով:

 

Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2006 թ. հոկտեմբերի 6-ից: