Գլխավոր տեղեկություն
Տիպ
Հուշագիր
Ակտի տիպ
Incorporation (21.04.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2006.12.28/8(16).1
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.12.2005
Ստորագրման ամսաթիվ
07.12.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.04.2006

Հ ՈՒ Շ Ա Գ Ի Ր

Հայաստանի Հանրապետության Կառավարության ԵՎ Բուլղարիայի Հանրապետության Կառավարության միջԵՎ եվրոպական ինտեգրացիայի բնագավառում ԵՎ եվրատլանտյան կառույցներում համագործակցության մասին

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Բուլղարիայի Հանրապետության Կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

ղեկավարվելով 1995թ. ապրիլի 10-ին ստորագրված` «Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև բարեկամական հարաբերությունների և համագործակցության մասին» պայմանագրի ոգով և դրույթներով,

նշելով Միավորված ազգերի կազմակերպությունում, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում, Եվրոպայի խորհրդում և այլ միջազգային կազմակերպություններում և տարածաշրջանային կոնֆերանսներում համագործակցության բարձր մակարդակը և արդյունքները,

նպատակ ունենալով խթանել հարաբերությունների հետագա զարգացումը և ամրապնդել շարունակական համագործակցությունը եվրոպական ինտեգրացիայի և եվրատլանտյան գործընկերության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում,

հաշվի առնելով Բուլղարիայի Հանրապետության կողմից Եվրոպայի միությանը միանալու պայմանագիրը և Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների և նրանց անդամ պետությունների միջև կնքված` գործընկերության և համագործակցության համաձայնագիրը, ինչպես նաև Հայաստանի ընդգրկումը Եվրոպական հարևանության քաղաքականության մեջ,

նշելով Բուլղարիայի Հանրապետության անդամակցությունը Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությանը և Հայաստանի Հանրապետության ձգտումը` խորացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի` ներառյալ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի միջոցով,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1.Կողմերը հաստատում են իրենց պատրաստակամությունը` շարունակել իրենց ակտիվ համագործակցությունը Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության շրջանակներում և ամրապնդել ԵԱՀԿ-ի դերը, որպես հակամարտությունների խաղաղ կարգավորման միջոցի, ԵԱՀԿ տարածաշրջանում (ներառյալ Հարավային Կովկասը):

Կողմերը պարտավորվում են խթանել փոխադարձ համագործակցությունը Եվրոպական ինտեգրացիայի բնագավառում` ուղղված Հայաստանի Հանրապետության և Եվրոպայի միության միջև գործընկերության հաջող զարգացմանը, և աջակցել Հայաստանի Հանրապետության ձգտմանը` զարգացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ:

 

Հոդված 2.Կողմերը կհամագործակցեն Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի Հանրապետության հնարավորությունների լիարժեք օգտագործմանը ուղղված գործողությունները զարգացնելու նպատակով:

 

Հոդված 3. Կողմերը եվրոպական ինտեգրացիայի բնագավառում կհամագործակցեն Եվրոպայի միության շրջանակներում, մասնավորապես.

1. ամրապնդելով ինստիտուցիոնալ համակարգը համապատասխան մեխանիզմ ստեղծելու միջոցով, այսինքն` ապահովելով օրենքի կիրառումը, ինչպես նաև պատրաստելով պետական ծառայողներ և զարգացնելով պետական ծառայողների մասնագիտական ունակությունները Եվրոպական ինտեգրացիայի բնագավառում.

2. տեղեկացնելով հասարակությանը այն գործընթացների մասին, որոնք տեղի են ունենում Եվրոպայի միության և եվրոպական ինտեգրացիայի շրջանակներում.

3. մատչելի դարձնելով երկու Կողմերի ձեռքբերումները եվրոպական ինտեգրացիայի բնագավառում` համատեղ խորհրդակցությունների, համաժողովների, նախաձեռնությունների և այլ միջոցառումների միջոցով.

4. խրախուսելով համագործակցությունը համապատասխան ոչ կառավարական կազմակերպությունների միջև:

 

Հոդված 4. Կողմերը կհամագործակցեն վիզային քաղաքականության, սահմանային հսկողության և միգրացիայի բնագավառներում:

Համագործակցությունը կիրականացվի խորհրդակցությունների, համակարգման, տեխնիկական և վարչական օժանդակության միջոցով` հետևյալի համար.

1. գործող օրենսդրության և պրակտիկայի մասին տեղեկատվության փոխանակում.

2. վիզային քաղաքականության, անձը հաստատող փաստաթղթերի և սահմանային հսկողության բնագավառներում տեղեկատվական համակարգերի ստեղծում.

3. անձը հաստատող փաստաթղթերի ֆիզիկական և տեխնիկական պահպանում.

4. վերոհիշյալ բնագավառներում փորձագետների պատրաստում:

 

Հոդված 5. Կողմերը կաշխատեն համատեղ` նպատակ ունենալով օժանդակել եվրատլանտյան գործընկերությունը ամրապնդելուն, զարգացնել և իրականացնել ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի Հանրապետության Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը: Այդ համագործակցությունը կիրականացվի հետևյալ ուղղություններով.

1. եվրոպական ինտեգրացիայի և եվրատլանտյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը վերաբերող խնդիրների և եվրատլանտյան և տարածաշրջանային անվտանգության բնագավառում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրների շուրջ կանոնավոր համատեղ խորհրդակցություններ.

2. եվրատլանտյան համագործակցության հարցերով ազգային համակարգման համար ինստիտուցիոնալ մեխանիզմների ամրապնդում.

3. վարչական ունակությունների զարգացում և պետական աշխատողների վերապատրաստում եվրատլանտյան համագործակցության նպատակների համար.

4. հասարակության իրազեկում միջազգային անվտանգության և եվրատլանտյան համագործակցության հարցերի վերաբերյալ.

5. վերոհիշյալ բնագավառներում գործող համապատասխան ոչ կառավարական կազմակերպությունների միջև համագործակցության խրախուսում:

 

Հոդված 6. Կողմերը կհամագործակցեն 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ հոդվածներում նշված բնագավառներում` իրականացնելով հետևյալ միջոցները և մեթոդները իրենց հարաբերություններում.

1. եվրոպական ինտեգրացիայի և եվրատլանտյան գործընկերության բնագավառում Կողմերի միջև տեղեկատվության և փորձի փոխանակում և համագործակցության զարգացում.

2. համատեղ միջոցառումների կազմակերպում. խորհրդակցություններ, հանդիպումներ, համաժողովներ, կլոր սեղաններ և այլ միջոցառումներ երկու Կողմերի փորձագետների և պաշտոնատար անձանց մասնակցությամբ.

3. եվրոպական ինտեգրացիայի և եվրատլանտյան գործընկերության հարցերով վերապատրաստում` սեմինարներ, դասընթացներ և երիտասարդ կադրերի համար փորձի գործնական ուսումնասիրում կազմակերպելու միջոցով և յուրաքանչյուր Կողմից փորձագետների մասնակցության խրախուսում մյուս Կողմի կողմից կազմակերպված միջազգային և ազգային սեմինարներին և դասընթացներին.

4. համագործակցության համատեղ նախաձեռնությունների և ծրագրերի մշակում, ինչպես, օրինակ` հնարավոր նմանատիպ մեխանիզմներ, ուսումնական ծրագրեր, ներգրավելով երկու երկրների համապատասխան հաստատությունների պետական ծառայողների.

5. փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փորձագետների փոխանակում:

 

Հոդված 7. Սույն Հուշագրի իրականացման համար Կողմերը կարող են մշակել ամենամյա ծրագրեր:

 

Հոդված 8. Յուրաքանչյուր Կողմ կարող է իրենց փոխադարձ համագործակցության արդյունքները տրամադրել երրորդ կողմի` երկու Կողմերի նախնական փոխադարձ համաձայնության հիման վրա և իրենց գործող ազգային օրենսդրությունների դրույթներին համապատասխան:

 

Հոդված 9. Սույն Հուշագրում ոչինչ չի ազդի այլ` գոյություն ունեցող կամ Կողմերի միջև ապագայում ստորագրվելիք համաձայնագրերի վրա: Սույն Հուշագիրը չի ազդի Կողմերի` որևէ այլ միջազգային համաձայնագրով ստանձնած իրավունքների և պարտավորությունների վրա: Կողմերից յուրաքանչյուրը, իր ազգային իրավական և վարչական դրույթներին համապատասխան և իր հնարավորությունների սահմաններում ու առկա ռեսուրսներին համապատասխան, կիրականացնի սույն Հուշագիրը:

 

Հոդված 10. Սույն Հուշագիրն ուժի մեջ կմտնի Կողմերի ազգային օրենսդրություններով նախատեսված համապատասխան ընթացակարգերի կատարման մասին միմյանց վերջին ծանուցման օրվանից:

 

Հոդված 11. Սույն Հուշագիրն ուժի մեջ կմնա երեք տարի ժամկետով: Հուշագրի գործողության ժամկետը հետագայում կարող է երկարաձգվել Կողմերի գրավոր փոխադարձ համաձայնությամբ:

 

Հոդված 12. Սույն Հուշագրում կարող են փոփոխություններ և լրացումներ կատարվել Կողմերի գրավոր փոխադարձ համաձայնությամբ, որոնք կձևակերպվեն առանձին արձանագրություններով: Այդ արձանագրություններն ուժի մեջ կմտնեն սույն Հուշագրի 10-րդ հոդվածին համապատասխան և կկազմեն սույն Հուշագրի անբաժանելի մասը:

 

Հոդված 13. Ցանկացած տարաձայնություն, որը կարող է առաջանալ Կողմերի միջև սույն Հուշագրի մեկնաբանման կամ իրականացման հետ կապված, կկարգավորվի խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

 

Հոդված 14. Սույն Հուշագրի գործողության ժամկետի ավարտից հետո դրա դրույթները կշարունակեն կիրառվել ընթացիկ ծրագրերի և կոնտրակտների նկատմամբ մինչև նրանց ավարտը, եթե Կողմերի միջև այլ պայմանավորվածություն ձեռք չբերվի:

 

Սույն Հուշագիրը կատարված է Բրյուսելում 2005 թ. դեկտեմբերի 7-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, բուլղարերեն և անգլերեն. բոլոր տեքստերը հավասարազոր են: Մեկնաբանման ընթացքում տարաձայնության դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:

 

Հուշագիրն ուժի մեջ է մտել 2006 թ. ապրիլի 21-ից: