Հ Յ ՈՒ Պ Ա Տ Ո Ս Ա Կ Ա Ն Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա
Հայաստանի Հանրապետության ԵՎ Բուլղարիայի Հանրապետության միջԵՎ
Հայաստանի Հանրապետությունը և Բուլղարիայի Հանրապետությունը, որոնք այսուհետև կանվանվեն Պայմանավորվող կողմեր,
ձգտելով նպաստել բարեկամական հարաբերությունների զարգացմանը և փոխշահավետ համագործակցության խորացմանը,
ղեկավարվելով հյուպատոսական հարաբերությունները կարգավորելու և զարգացնելու ցանկությամբ` իրենց քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքներն ու շահերն ավելի արդյունավետ կերպով պաշտպանելու նպատակով,
ցանկանալով լրացնել և զարգացնել Հյուպատոսական հարաբերությունների մասին 1963թ. ապրիլի 24-ի Վիեննայի կոնվենցիայի դրույթները, որին երկու Պայմանավորվող կողմերը միացել են,
հաստատելով, որ այն հարցերի վերաբերյալ, որոնք հստակորեն նշված չեն սույն Կոնվենցիայում, կկիրառվեն միջազգային սովորութային իրավունքի և այն միջազգային բազմակողմ պայմանագրերի նորմերը, որոնց մասնակիցներ են հանդիսանում երկու Պայմանավորվող կողմերը,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1. | Սահմանումներ |
1. Սույն Կոնվենցիայի նպատակներով`
ա) «հյուպատոսական հիմնարկ» նշանակում է՝ ցանկացած գլխավոր հյուպատոսություն, հյուպատոսություն, փոխհյուպատոսություն կամ հյուպատոսական գործակալություն,
բ) «հյուպատոսական շրջան» նշանակում է՝ այն տարածքը, որը հատկացված է հյուպատոսական հիմնարկին՝ հյուպատոսական գործառույթներ կատարելու համար,
գ) «հյուպատոսական հիմնարկի ղեկավար» նշանակում է՝ անձ, որին հանձնարարված է գործել այդ պաշտոնում,
դ) «հյուպատոսական պաշտոնատար անձ» նշանակում է՝ ցանկացած անձ, ներառյալ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը, որին հանձնարարված է այդ պաշտոնում հյուպատոսական գործառույթների կատարումը,
ե) «հյուպատոսական ծառայող» նշանակում է՝ ցանկացած անձ, որը հյուպատոսական հիմնարկում կատարում է վարչական կամ տեխնիկական պարտականություններ,
զ) «սպասարկող անձնակազմի աշխատակից» նշանակում է՝ ցանկացած անձ, որն իրականացնում է հյուպատոսական հիմնարկի սպասարկման պարտականություններ,
է) «հյուպատոսական հիմնարկի աշխատակիցներ» նշանակում է՝ հյուպատոսական պաշտոնատար անձինք, հյուպատոսական ծառայողներ և սպասարկող անձնակազմի աշխատակիցներ,
ը) «հյուպատոսական անձնակազմի աշխատակիցներ» նշանակում է՝ հյուպատոսական պաշտանատար անձինք (բացառությամբ հյուպատոսական հիմնարկի ղեկավարի), ինչպես նաև հյուպատոսական ծառայողներ և սպասարկող անձնակազմի աշխատակիցներ,
թ) «մասնավոր տնային աշխատող» նշանակում է՝ հյուպատոսական հիմնարկի աշխատակցի մոտ բացառապես մասնավոր ծառայության մեջ գտնվող անձ,
ժ) «ընտանիքի անդամ» նշանակում է՝ հյուպատոսական հիմնարկի աշխատակցի կին (ամուսին), զավակներ ու ծնողներ, որոնք ապրում են նրա հետ համատեղ և նրա խնամքի տակ են,
ժա) «հյուպատոսական շինություններ» նշանակում է՝ բացառապես հյուպատոսական հիմնարկի նպատակների համար օգտագործվող շենքեր կամ շենքերի մասեր, ներառյալ հյուպատոսական հիմնարկի ղեկավարի բնակավայրը և տվյալ շենքը կամ շենքերի մասերը սպասարկող հողատարածքները, անկախ այն բանից, թե ում է պատկանում դրանց սեփականության իրավունքը,
ժբ) «հյուպատոսական արխիվներ»-ն ընդգրկում են՝ հյուպատոսական հիմնարկի բոլոր թղթերը, փաստաթղթերը, նամակագրությունը, գրքերը, կինոժապավենները, տեղեկատվության հավաքման, պահպանման և օգտագործման տեխնիկական միջոցները, հյուպատոսական հիմնարկի ռեեստրները՝ կոդերի և ծածկագրերի, քարտարանների և կահավորանքի ցանկացած այն առարկաների հետ միասին, որոնք նախատեսված են դրանց պահպանության ապահովման համար,
ժգ) «Ներկայացվող պետության նավ» նշանակում է՝ ցանկացած նավ, բացառությամբ ռազմանավերի, որը գրանցված է այդ պետությունում և իրավունք ունի նավարկելու Ներկայացվող պետության դրոշի տակ,
ժդ) «Ներկայացվող պետության օդանավ» նշանակում է՝ ցանկացած թռչող փոխադրամիջոց (բացառությամբ ռազմական թռչող փոխադրամիջոցների), որը գրանցված է Ներկայացվող պետությունում և իրավունք ունի կրելու այդ պետության տարբերակիչ նշանները:
Հոդված 2. | Հյուպատոսական հիմնարկների բացումը |
1. Նստավայր պետության տարածքում հյուպատոսական հիմնարկը կարող է բացվել միայն այդ պետության համաձայնությամբ:
2. Հյուպատոսական հիմնարկի գտնվելու վայրը, դասը, հյուպատոսական շրջանը, ինչպես նաև հյուպատոսական պաշտոնատար անձանց քանակը որոշվում են Ներկայացվող և Նստավայր պետությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ:
3. Ներկայացվող պետության կողմից հյուպատոսական հիմնարկի գտնվելու վայրի, դասի և հյուպատոսական շրջանի կամ հյուպատոսական պաշտոնատար անձանց քանակի հետագա փոփոխությունները կարող են կատարվել միայն Նստավայր պետության համաձայնությամբ:
4. Նստավայր պետության համաձայնությունը նաև պահանջվում է, եթե որևէ գլխավոր հյուպատոսություն կամ հյուպատոսություն ցանկանում է բացել փոխհյուպատոսություն կամ հյուպատոսական գործակալություն ոչ այն բնակավայրում, որտեղ ինքը գտնվում է:
5. Նստավայր պետության՝ որոշակիորեն արտահայտված նախնական համաձայնությունը անհրաժեշտ է նաև գոյություն ունեցող հյուպատոսական հիմնարկի գտնվելու վայրից դուրս նրա մաս կազմող գրասենյակի բացման համար:
Հոդված 3.
Հյուպատոսական հիմնարկի ղեկավարի նշանակումը
1. Նախքան հյուպատոսական հիմնարկի ղեկավարի նշանակումը Ներկայացվող պետությունը դիվանագիտական կամ այլ համապատասխան ուղիներով պետք է ստանա Նստավայր պետության նախնական համաձայնությունը առաջարկվող անձի վերաբերյալ:
Եթե Նստավայր պետությունը համաձայնություն չի տալիս որևէ անձի նշանակմանը՝ որպես հյուպատոսական հիմնարկի ղեկավարի, ապա նա պարտավոր չէ Ներկայացվող պետությանը հաղորդել նման մերժման դրդապատճառների մասին:
2. Նստավայր պետության նախնական համաձայնությունը ստանալուց հետո Ներկայացվող պետությունը դիվանագիտական ուղիներով Նստավայր պետության արտաքին գործերի նախարարին ուղարկում է հյուպատոսական արտոնագիր /պատենտ/ կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարի նշանակման վերաբերյալ նման այլ փաստաթուղթ: Այդ փաստաթղթում պետք է նշվեն հյուպատոսական հիմնարկի ղեկավարի ամբողջական անունն ու ազգանունը, դասը, այն հյուպատոսական շրջանը, որտեղ նա կատարելու է իր գործառույթները, ինչպես նաև հյուպատոսական հիմնարկի գտնվելու վայրը:
3. Արտոնագիրը /պատենտը/ կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարի նշանակման վերաբերյալ նման այլ փաստաթուղթը ստանալուց հետո Նստավայր պետությունը նրան տալիս է թույլտվություն, որը կոչվում է էկզեկվատուրա. ցանկացած ձևով:
Նստավայր պետությունը, որը մերժում է էկզեկվատուրա տալը, պարտավոր չէ Ներկայացվող պետությանը հայտնել նման մերժման դրդապատճառների մասին:
4. Բացառությամբ սույն հոդվածի 5-րդ կետով և 4-րդ հոդվածով նախատեսված դեպքերի՝ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը չի կարող իր գործառույթների կատարմանը ձեռնամուխ լինել մինչև էկզեկվատուրա ստանալը:
5. Նստավայր պետությունը կարող է, մինչև էկզեկվատուրա տրամադրելը, հյուպատոսական հիմնարկի ղեկավարին թույլատրել, որ նա ժամանակավորապես կատարի իր գործառույթները: Այդ դեպքում կիրառվում են սույն Կոնվենցիայի դրույթները:
6. Հենց որ հյուպատոսական հիմնարկի ղեկավարին թույլատրվում է նույնիսկ ժամանակավորապես կատարել իր գործառույթները, Նստավայր պետությունը այդ մասին անհապաղ ծանուցում է հյուպատոսական շրջանի իրավասու մարմիններին: Այդ պետությունը ապահովում է այնպիսի միջոցների իրականացումը, որոնք անհրաժեշտ են, որպեսզի հյուպատոսական հիմնարկի ղեկավարը կարողանա կատարել իր պաշտոնական պարտականությունները և օգտվի սույն Կոնվենցիայից բխող առավելություններից:
Հոդված 4. | Հյուպատոսական հիմնարկի ղեկավարի գործառույթների ժամանակավոր կատարումը |
1. Եթե հյուպատոսական հիմնարկի ղեկավարը չի կարողանում կատարել իր գործառույթները, կամ եթե հյուպատոսական հիմնարկի ղեկավարի պաշտոնը թափուր է, Ներկայացվող պետությունը կարող է հանձնարարել Նստավայր պետությունում իր այս կամ այն հյուպատոսության հյուպատոսական պաշտոնատար անձին կամ իր դիվանագիտական ներկայացուցչության դիվանագիտական անձնակազմի անդամին՝ ժամանակավորապես կատարել հյուպատոսական հիմնարկի ղեկավարի պարտականությունները: Հյուպատոսական հիմնարկի ղեկավարի պարտականությունները ժամանակավոր կատարողի ամբողջական անունը և ազգանունը Ներկայացվող պետության դիվանագիտական ներկայացուցչության կողմից գրավոր հայտնվում են Նստավայր պետության արտաքին գործերի նախարարությանը կամ այդ նախարարության նշած մարմնին: Եթե այդ պետությունը Նստավայր պետությունում այդպիսի ներկայացուցչություն չունի, ապա վերոհիշյալի մասին հայտնում է հյուպատոսական հիմնարկի ղեկավարը, կամ, եթե նա ի վիճակի չէ այդ անելու, Ներկայացվող պետության ցանկացած այլ իրավասու մարմինը: Որպես կանոն՝ այդ ծանուցումն արվում է նախապես:
2. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարի պարտականությունները ժամանակավոր կատարողը օգտվում է սույն Կոնվենցիայով հյուպատոսական հիմնարկի ղեկավարին տրվող առավելություններից, արտոնություններից և անձեռնմխելիությունից:
3. Եթե Ներկայացվող պետությունը Նստավայր պետությունում իր դիվանագիտական ներկայացուցչության դիվանագիտական անձնակազմի անդամին, սույն հոդվածի 1-ին կետի դրույթներին համապատասխան, նշանակում է որպես հյուպատոսական հիմնարկի ղեկավարի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար, ապա վերջինս շարունակում է օգտվել դիվանագիտական արտոնություններից ու անձեռնմխելիությունից, որոնք տրվել են իր դիվանագիտական կարգավիճակին համապատասխան:
Հոդված 5. |
Հյուպատոսական անձնակազմի աշխատակիցների նշանակումը |
1. Ներկայացվող պետությունը կարող է ազատորեն նշանակել հյուպատոսական անձնակազմի աշխատակիցներին՝ բացառությամբ 7-րդ և 8-րդ հոդվածներով նախատեսված դեպքերի:
2. Ներկայացվող պետությունը Նստավայր պետությանը նախապես հայտնում է հյուպատոսական հիմնարկի բոլոր պաշտոնատար անձանց, բացառությամբ հյուպատոսական հիմնարկի ղեկավարի, ամբողջական անունն ու ազգանունը, կարգը և դասը, որպեսզի Նստավայր պետությունը ցանկության դեպքում կարողանա իրականացնել սույն Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված իր իրավունքները:
Հոդված 6. |
Նշանակումներ, ժամանման և մեկնման մասին ծանուցում |
1. Ներկայացվող պետությունը գրավոր ծանուցում է Նստավայր պետության արտաքին գործերի նախարարությանը կամ այդ նախարարության կողմից նշված մարմնին հետևյալի մասին.
ա) հյուպատոսական հիմնարկի աշխատակիցների նշանակման, նշանակումից հետո հյուպատոսական հիմնարկ նրանց ժամանման, վերջնական մեկնման կամ նրանց գործառույթների ավարտի և բոլոր այլ փոփոխությունների մասին, որոնք ազդում են նրանց կարգավիճակի վրա և կարող են տեղի ունենալ հյուպատոսական հիմնարկում նրանց աշխատանքի ժամանակ,
բ) հյուպատոսական հիմնարկի աշխատակցի ընտանիքի անդամ հանդիսացող և մշտապես նրա հետ բնակվող անձի ժամանման կամ վերջնական մեկնման, ինչպես նաև, համապատասխան դեպքերում, այն մասին, որ այս կամ այն անձը դառնում է կամ դադարում է լինել ընտանիքի այդպիսի անդամ,
գ) մասնավոր տնային աշխատողների ժամանման և վերջնական մեկնման մասին և, համապատասխան դեպքերում, այդ կարգավիճակով նրանց ծառայության դադարեցման մասին,
դ) որպես հյուպատոսական հիմնարկի աշխատակիցներ կամ մասնավոր տնային աշխատողներ Նստավայր պետությունում բնակվող անձանց վարձելու և ազատելու մասին, որոնք արտոնությունների և անձեռնմխելիության իրավունք ունեն:
2. Ժամանման կամ վերջնական մեկնման վերաբերյալ ծանուցումը պետք է արվի հնարավորինս շուտ:
Հոդված 7. | Հյուպատոսական պաշտոնատար անձանց քաղաքացիությունը |
1. Հյուպատոսական պաշտոնատար անձինք, որպես կանոն, պետք է լինեն Ներկայացվող պետության քաղաքացիներ:
2. Հյուպատոսական պաշտոնատար անձինք չեն կարող նշանակվել Նստավայր պետության քաղաքացիներից: Դա կարող է արվել Նստավայր պետության՝ որոշակիորոն արտահայտված համաձայնությամբ. ընդ որում, այդ համաձայնությունը կարող է ցանկացած պահի չեղյալ համարվել:
3. Նստավայր պետությունը կարող է իրեն նման իրավունք վերապահել երրորդ պետության քաղաքացիների նկատմամբ, որոնք միաժամանակ չեն հանդիսանում Ներկայացվող պետության քաղաքացիներ:
Հոդված 8. |
PERSONA NON GRATA |
1. Նստավայր պետությունը ցանկացած ժամանակ կարող է Ներկայացվող պետությանը ծանուցել, որ հյուպատոսական հիմնարկի այս կամ այն պաշտոնատար անձը հայտարարված է persona non grata, կամ որ հյուպատոսական անձնակազմի աշխատակիցներից որևէ մեկը անընդունելի է: Նման դեպքում Ներկայացվող պետությունը պետք է խելամիտ ժամկետներում հետ կանչի համապատասխան անձին կամ դադարեցնի նրա գործառույթները հյուպատոսական հիմնարկում:
2. Եթե Ներկայացվող պետությունը հրաժարվի կատարել կամ ընդունելի ժամկետում չկատարի սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված իր պարտականությունները, ապա Նստավայր պետությունը կարող է, համապատասխանաբար, չեղյալ համարել տվյալ անձի էկզեկվատուրան կամ չհամարել նրան հյուպատոսական անձնակազմի աշխատակից:
3. Որպես հյուպատոսական հիմնարկի աշխատակից նշանակված անձը կարող է անընդունելի հայտարարվել նախքան Նստավայր պետության տարածք ժամանելը կամ, եթե նա արդեն գտնվում է այդ պետության տարածքում, նախքան հյուպատոսական հիմնարկում իր պարտականությունների կատարմանն անցնելը: Ներկայացվող պետությունը նման բոլոր դեպքերում չեղյալ է համարում նրա նշանակումը:
4. Սույն հոդվածի 1-ին և 3-րդ կետերում նշված դեպքերում Նստավայր պետությունը պարտավոր չէ Ներկայացվող պետությանը հայտնել իր որոշման դրդապատճառների մասին:
Հոդված 9. | Հյուպատոսական հիմնարկի աշխատակիցների համար հյուպատոսական և բնակելի շինություններ ձեռք բերելը |
1. Ներկայացվող պետությունը իրավունք ունի իր անունից կամ իր կողմից լիազորված ֆիզիկական կամ իրավաբանական անձի միջոցով, Նստավայր պետության օրենսդրությանը համապատասխան և այդ պետության համաձայնությամբ, որպես սեփականություն ձեռք բերել, վարձակալել կամ ցանկացած այլ ձևով տիրապետել`
ա) շենքեր կամ դրանց մասերը՝ նախատեսված հյուպատոսական շինությունների համար, ինչպես նաև բնակելի տարածք՝ ցանկացած հյուպատոսական պաշտոնատար անձի, ցանկացած հյուպատոսական ծառայողի կամ սպասարկող անձնակազմի աշխատակցի համար, որոնք Նստավայր պետության քաղաքացի չեն կամ մշտապես չեն բնակվում այդ պետությունում,
բ) հողատարածք՝ նախատեսված հյուպատոսական և բնակելի շինություններ կառուցելու համար:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված պայմաններին համապատասխան՝ Ներկայացվող պետությունը կարող է նաև բարելավել կամ հարմարեցնել շինությունները, դրանց մասերը կամ հողատարածքները, որոնք նախատեսված են, համապատասխանաբար, հյուպատոսական կամ բնակելի շինությունների կամ դրանց կառուցման համար:
3. Նստավայր պետությունը անհրաժեշտության դեպքում համապատասխան օգնություն և օժանդակություն է ցուցաբերում Ներկայացվող պետությանը սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված իրավունքները իրականացնելու ընթացքում:
4. Սույն հոդվածի ոչ մի դրույթ չի կարող մեկնաբանվել այնպես, թե Ներկայացվող պետությունն ազատվում է Նստավայր պետության՝ շինարարությունը, քաղաքաշինությունը, շրջանայնացումը, հողօգտագործումը և այն բնակավայրում մշակութային հուշարձանների պահպանումը կարգավորող օրենսդրությունը չկատարելու համար պատասխանատվությունից, որտեղ գտնվում են կամ կգտնվեն համապատասխան հողատարածքները, շենքերը կամ այդ շենքերի մասերը:
Հոդված 10. | Պատվավոր հյուպատոսական պաշտոնատար անձինք |
Եթե երկու Պայմանավորվող կողմերը համաձայնեն պատվավոր հյուպատոսական անձի նշանակման վերաբերյալ, նրանք միմյանց հետ կխորհրդակցեն սույն Կոնվենցիայի դրույթների և միջազգային իրավունքի նորմերի հիման վրա համապատասխան պայմանավորվածություններ ձեռք բերելու վերաբերյալ՝ պատվավոր հյուպատոսական պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվելիք ռեժիմը սահմանելու նպատակով:
Հոդված 11. | Աշխատանքի դյուրացումը և հյուպատոսական հիմնարկների ու դրանց աշխատակիցների պաշտպանությունը |
Նստավայր պետությունը ապահովում է բոլոր պայմանները հյուպատոսական հիմնարկի կողմից իր գործառույթների կատարման համար: Նա ապահովում է հյուպատոսական հիմնարկի աշխատակիցների պաշտպանությունը և ձեռնարկում է բոլոր պատշաճ միջոցները, որպեսզի հյուպատոսական հիմնարկի աշխատակիցները կարողանան կատարել իրենց պարտականությունները և օգտվեն սույն Կոնվենցիայի դրույթների հիման վրա իրենց տրամադրված արտոնություններից և անձեռնմխելիությունից:
Հոդված 12. | Պետական դրոշի և զինանշանի օգտագործումը |
1. Ներկայացվող պետությունը իրավունք ունի Նստավայր պետությունում օգտագործել իր պետական դրոշը և զինանշանը՝ սույն հոդվածի դրույթներին համապատասխան:
2. Ներկայացվող պետության պետական դրոշը կարող է կախվել և նրա պետական զինանշանը տեղադրվել հյուպատոսական հիմնարկի զբաղեցրած շենքին, շենքի մուտքին, ինչպես նաև հյուպատոսական հիմնարկի ղեկավարի բնակավայրին, և, երբ դա կապված է ծառայողական պարտականությունների կատարման հետ, նրա փոխադրամիջոցների վրա:
3. Սույն հոդվածում նախատեսված իրավունքները իրականացնելիս Ներկայացվող պետությունը պահպանում է Նստավայր պետության օրենսդրությունը և սովորույթները:
Հոդված 13. | Հյուպատոսական շինությունների և հյուպատոսական պաշտոնատար անձանց բնակարանների անձեռնմխելիությունը |
1. Հյուպատոսական շինությունները անձեռնմխելի են՝ սույն հոդվածի դրույթներին համապատասխան:
2. Նստավայր պետության իրավասու մարմինները կարող են մուտք գործել հյուպատոսական շինությունների այն մասը, որը օգտագործվում է բացառապես հյուպատոսական հիմնարկի աշխատանքի համար՝ միայն Ներկայացվող պետության հյուպատոսական հիմնարկի ղեկավարի, դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի կամ դրանցից մեկի կողմից նշանակված անձի՝ որոշակիորեն արտահայտված համաձայնության դեպքում:
3. Նստավայր պետության վրա հատուկ պարտականություն է դրվում՝ բոլոր պատշաճ միջոցները ձեռնարկել հյուպատոսական շինությունները ամեն տեսակի ներխուժումներից կամ վնաս հասցնելուց պաշտպանելու, ինչպես նաև հյուպատոսական հիմնարկի անդորրի խախտումը կամ նրա արժանապատվության վիրավորումը կանխելու համար:
4. Հյուպատոսական շինությունները, նրանց կահավորանքի առարկաները, հյուպատոսական հիմնարկի գույքը, ինչպես նաև փոխադրամիջոցները օգտվում են պետական պաշտպանության կամ հասարակական կարիքների համար ցանկացած տեսակի բռնագրավման անձեռնմխելիությունից:
5. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի դրույթները կիրառվում են նաև հյուպատոսական պաշտոնատար անձանց բնակարանների նկատմամբ:
Հոդված 14. | Հյուպատոսական արխիվի և փաստաթղթերի անձեռնմխելիությունը |
Հյուպատոսական արխիվը և փաստաթղթերը անձեռնմխելի են ցանկացած ժամանակ և անկախ դրանց գտնվելու վայրից:
Հոդված 15. | Հյուպատոսական շինությունների ազատումը հարկերից և գանձումներից |
1. Հյուպատոսական շինությունները, որոնց սեփականատերը կամ վարձակալը Ներկայացվող պետությունն է կամ նրա անունից գործող ցանկացած անձ, ազատվում են բոլոր պետական, շրջանային կամ տեղական (մունիցիպալ) հարկերից ու գանձումներից, բացի նրանցից, որոնք հանդիսանում են վճար սպասարկման կոնկրետ տեսակների համար:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված հարկերից ազատումը չի տարածվում այն գանձումների և հարկերի վրա, որոնք, Նստավայր պետության օրենսդրության համաձայն, գանձվում են Ներկայացվող պետության կամ նրա անունից գործող անձի հետ պայմանագիր կնքած անձանցից:
Հոդված 16. | Տեղաշարժի ազատությունը |
Նստավայր պետությունը հյուպատոսական հիմնարկի բոլոր աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին ապահովում է իր տարածքում ազատ տեղաշարժի ազատություն, եթե դա չի հակասում այդ պետության օրենսդրությանը այն գոտիների վերաբերյալ, որտեղ մուտքն արգելված է կամ կարգավորվում է պետական անվտանգության նկատառումներով:
Հոդված 17. | Հաղորդակցման ազատություն |
1. Նստավայր պետությունը թույլատրում և պաշտպանում է հյուպատոսական հիմնարկի հաղորդակցման ազատությունը իր գործառույթների կատարման ժամանակ: Ներկայացվող պետության Կառավարության, դիվանագիտական ներկայացուցչությունների և մյուս հյուպատոսական հիմնարկների հետ հաղորդակցվելիս, որտեղ էլ դրանք գտնվեն, հյուպատոսական հիմնարկը կարող է օգտվել հաղորդակցման բոլոր հարմար միջոցներից, ներառյալ դիվանագիտական և հյուպատոսական սուրհանդակները, դիվանագիտական և հյուպատոսական փոստը և գաղտնագրված կամ ծածկագրված ճեպագրերը: Սակայն հյուպատոսական հիմնարկը իրավունք ունի ռադիոհաղորդիչ տեղակայել և դրանից օգտվել միայն Նստավայր պետության համաձայնությամբ:
2. Հյուպատոսական հիմնարկի պաշտոնական գրագրությունը անձեռնմխելի է: Պաշտոնական գրագրություն նշանակում է հյուպատոսական հիմնարկին և նրա գործառույթներին վերաբերող ամբողջ գրագրությունը:
3. Հյուպատոսական փոստը պետք է կրի այն տեսանելի արտաքին նշանները, որոնք բնութագրում են այն և կարող է պարունակել միայն պաշտոնական գրագրություն ու փաստաթղթեր կամ բացառապես պաշտոնական օգտագործման համար նախատեսված առարկաներ:
4. Հյուպատոսական փոստը ենթակա չէ բացման և առգրավման: Սակայն այն դեպքերում, երբ Նստավայր պետության իրավասու մարմինները լուրջ հիմքեր ունեն ենթադրելու, որ փոստը սույն հոդվածի 3-րդ կետում թվարկված գրագրությունից, փաստաթղթերից կամ առարկաներից բացի պարունակում է ինչ-որ այլ բան, նրանք կարող են պահանջել, որ ծանրոցը բացվի իրենց ներկայությամբ՝ Ներկայացվող պետության լիազորված ներկայացուցչի կողմից: Այն դեպքում, երբ Ներկայացվող պետության մարմինները հրաժարվում են կատարել այդ պահանջը, փոստը վերադարձվում է առաքման վայր:
5. Հյուպատոսական սուրհանդակին տրվում է պաշտոնական փաստաթուղթ, որի մեջ նշվում են նրա կարգավիճակը և հյուպատոսական փոստը կազմող փաթեթների քանակը: Բացառությամբ այն դեպքերի, երբ կա Նստավայր պետության համաձայնությունը, նա չի կարող լինել ոչ Նստավայր պետության քաղաքացի, ոչ էլ Նստավայր պետությունում մշտապես բնակվող անձ, եթե նա Ներկայացվող պետության քաղաքացի չէ: Իր գործառույթները կատարելիս հյուպատոսական սուրհանդակը գտնվում է Նստավայր պետության պաշտպանության ներքո: Նա օգտվում է անձնական անձեռնմխելիությունից և ենթակա չէ որևէ ձևով ձերբակալման կամ կալանավորման:
6. Ներկայացվող պետությունը, նրա դիվանագիտական ներկայացուցչությունը և հյուպատոսական հիմնարկները կարող են նշանակել հատուկ հյուպատոսական սուրհանդակներ` ad hoc:
Նման դեպքերում ևս կիրառվում են սույն հոդվածի 5-րդ կետի դրույթները՝ այն բացառությամբ, որ նրանում հիշատակված արտոնությունները դադարում են իրեն վստահված հյուպատոսական փոստը այդպիսի սուրհանդակի կողմից տեղ հասցվելու պահին:
7. Հյուպատոսական փոստը կարող է վստահվել այն օդանավի հրամանատարին կամ նավի հրամանատարին, որը ուղևորվում է այն կետը, որտեղ ժամանելը թույլատրված է: Օդանավի կամ նավի հրամանատարին տրվում է պաշտոնական փաստաթուղթ, որի մեջ նշվում է հյուպատոսական փոստը կազմող տեղերի քանակը, սակայն նա հյուպատոսական սուրհանդակ չի համարվում:
Հյուպատոսական հիմնարկը կարող է իր աշխատակիցներից մեկին ուղարկել օդանավի կամ նավի հրամանատարից հյուպատոսական փոստը անմիջականորեն և անարգել ընդունելու կամ նրան այդ փոստը հանձնելու համար:
Հոդված 18. | Հյուպատոսական պաշտոնատար անձանց անձնական անձեռնմխելիությունը |
1. Հյուպատոսական պաշտոնատար անձինք և նրանց ընտանիքների անդամներն օգտվում են անձնական անձեռնմխելիությունից: Նրանք ենթակա չեն կալանավորման կամ ձերբակալման, ինչպիսի ձև էլ որ դրանք ունենան, բացառությամբ սույն Կոնվենցիայի 32-րդ հոդվածում նշված դեպքերի:
2. Նստավայր պետությունը պարտավոր է հարգալից վերաբերմունք ցուցաբերել հյուպատոսական պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ և անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկել նրանց անձի, ազատության և արժանապատվության դեմ ուղղված որևէ ոտնձգության կանխման համար:
Հոդված 19. | Անձեռնմխելիություն իրավազորությունից |
1. Հյուպատոսական պաշտոնատար անձինք և նրանց ընտանիքների անդամները Նստավայր պետությունում օգտվում են քրեական, քաղաքացիական և վարչական իրավազորության նկատմամբ անձեռնմխելիությունից, բացառությամբ հետևյալ քաղաքացիական հայցերի՝
ա) որոնք բխում են հյուպատոսական պաշտոնատար անձանց կողմից կնքված պայմանագրերից, ըստ որոնց նրանք ուղղակի կամ անուղղակի կերպով պարտավորություններ չեն ստանձնել որպես Ներկայացվող պետության գործակալ,
բ) որոնք վերաբերում են երրորդ կողմին՝ ճանապարհային փոխադրամիջոցի, նավի կամ օդանավի կողմից Նստավայր պետությունում պատճառված վնասին,
գ) գույքային հայցերի, որոնք վերաբերում են Նստավայր պետության տարածքում գտնվող մասնավոր անշարժ գույքին, եթե նա չի տիրապետում այդ գույքին Ներկայացվող պետության անունից,
դ) որոնք վերաբերում են այն ժառանգությանը, որի նկատմամբ հյուպատոսական պաշտոնատար անձը հանդես է գալիս որպես կտակի կատարող, հոգաբարձու, ժառանգ կամ հրիտակառու՝ ոչ թե Ներկայացվող պետության անունից, այլ որպես մասնավոր անձ,
ե) որոնք բխում են ալիմենտային պարտականություններից:
2. Հյուպատոսական ծառայողները, իրենց ծառայողական պարտականությունների շրջանակներում իրականացվող գործունեության հետ կապված, օգտվում են Նստավայր պետության քրեական, քաղաքացիական և վարչական իրավազորության անձեռնմխելիությունից, բացառությամբ սույն հոդվածի 1-ին կետում նշված քաղաքացիական հայցերի:
Հոդված 20. | Ծանուցում ձերբակալման, նախնական կալանքի կամ դատական հետապնդման մասին |
Հյուպատոսական ծառայողի կամ սպասարկող անձնակազմի աշխատակցի, ինչպես նաև Նստավայր պետության քաղաքացի հանդիսացող կամ մշտապես այնտեղ բնակվող հյուպատոսական պաշտոնատար անձի ձերբակալման, նախնական կալանքի կամ քրեական գործ հարուցելու դեպքում Նստավայր պետությունը այդ մասին անհապաղ ծանուցում է հյուպատոսական հիմնարկի ղեկավարին:
Եթե հյուպատոսական հիմնարկի ղեկավարը, որը հանդիսանում է Նստավայր պետության քաղաքացի կամ մշտապես բնակվում է այնտեղ, ենթարկվում է նման միջոցների, ապա Նստավայր պետությունը դիվանագիտական ուղիներով ծանուցում է այդ մասին Ներկայացվող պետությանը:
Հոդված 21. | Վկայի ցուցմունքներ տալու պարտականությունը |
1. Հյուպատոսական հիմնարկի աշխատակիցները դատական կամ վարչական գործերի քննության ժամանակ կարող են կանչվել որպես վկաներ: Հյուպատոսական ծառայողը կամ սպասարկող անձնակազմի աշխատակիցը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետում նշված դեպքերի, չի կարող հրաժարվել վկայի ցուցմունքներ տալուց: Եթե հյուպատոսական պաշտոնատար անձը հրաժարվի տալ վկայի ցուցմունքներ, նրա նկատմամբ չեն կարող կիրառվել հարկադրանքի միջոցներ կամ այլ սանկցիաներ:
2. Այն մարմինը, որին անհրաժեշտ է հյուպատոսական պաշտոնատար անձի՝ որպես վկայի ցուցմունքը, պետք է չխոչընդոտի այդ անձի կողմից իր գործառույթների կատարմանը: Նա կարող է, երբ դա հնարավոր է, այդպիսի ցուցմունքները լսել այդ անձի տանը կամ հյուպատոսական հիմնարկում կամ էլ՝ նրանից ընդունել գրավոր ցուցմունքներ:
3. Հյուպատոսական հիմնարկի աշխատակիցները պարտավոր չեն ցուցմունքներ տալ այն հարցերի վերաբերյալ, որոնք կապված են իրենց կողմից պաշտոնական գործառույթների կատարման հետ, կամ ներկայացնել իրենց գործառույթներին վերաբերող պաշտոնական գրագրություն և փաստաթղթեր: Նրանք պարտավոր չեն տալ Ներկայացվող պետության օրենսդրությունը պարզաբանող ցուցմունքներ:
Հոդված 22. | Հրաժարում արտոնություններից և անձեռնմխելիությունից |
1. Ներկայացվող պետությունը կարող է հրաժարվել հյուպատոսական հիմնարկի աշխատակիցների կամ նրանց ընտանիքների անդամների՝ 18-րդ, 19-րդ և 21-րդ հոդվածներում նախատեսված արտոնություններից և անձեռնմխելիությունից:
2. Բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետում նախատեսված դեպքի՝ այդպիսի հրաժարումը պետք է միշտ լինի որոշակիորեն արտահայտված և այդ մասին Նստավայր պետությանը պետք է հայտնել գրավոր:
3. Հյուպատոսական հիմնարկի աշխատակցի կողմից գործ հարուցվելը այն դեպքում, երբ նա կարող էր օգտվել, սույն Կոնվենցիայի 19-րդ հոդվածի համաձայն, իրավազորության անձեռնմխելիությունից, նրան զրկում է հիմնական հայցի հետ անմիջականորեն կապված որևէ հակընդդեմ հայցի վերաբերյալ իրավազորության անձեռնմխելիությունը վկայակոչելու իրավունքից:
4. Քաղաքացիական կամ վարչական գործի հետ կապված իրավազորության անձեռնմխելիությունից հրաժարվելը չի նշանակում հրաժարվել դատական որոշման կատարման հետ կապված անձեռնմխելիությունից: Դրա համար անհրաժեշտ է առանձին գրավոր հրաժարում:
Հոդված 23. | Օտարերկրացիների ազատումը գրանցումից և բնակության թույլտվություն ստանալուց |
1. Հյուպատոսական պաշտոնատար անձինք, հյուպատոսական ծառայողները և նրանց ընտանիքների անդամները ազատվում են օտարերկրացիների գրանցման վերաբերյալ Նստավայր պետության օրենսդրությամբ նախատեսված բոլոր պարտականություններից և բնակության թույլտվություն ստանալուց:
2. Նստավայր պետությունը հյուպատոսական հիմնարկի բոլոր աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին տալիս է անձի վկայական, որը հաստատում է հյուպատոսական հիմնարկի աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների կարգավիճակը:
3. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները չեն կիրառվում, սակայն, այն հյուպատոսական ծառայողի նկատմամբ, որը չի հանդիսանում Ներկայացվող պետության հաստիքային ծառայող կամ Նստավայր պետությունում եկամուտներ ստանալու նպատակով զբաղվում է մասնավոր գործունեությամբ, ինչպես նաև նման ծառայողի ընտանիքի անդամի նկատմամբ:
Հոդված 24. | Ազատումը աշխատանքի թույլտվություն ստանալուց |
1. Հյուպատոսական հիմնարկի աշխատակիցները, ինչ վերաբերում է Ներկայացվող պետության համար աշխատանք կատարելուն, ազատվում են աշխատանքի թույլտվություն ստանալու հետ կապված ցանկացած պարտականությունից, որը սահմանված է Նստավայր պետության օտարերկրացիներին աշխատանքի վարձելու վերաբերյալ օրենսդրությամբ:
2. Հյուպատոսական պաշտոնատար անձանց և հյուպատոսական ծառայողների մասնավոր տնային աշխատողները, եթե նրանք Նստավայր պետությունում եկամուտ ստանալու նպատակով ոչ մի ուրիշ գործունեությամբ չեն զբաղվում, ազատվում են սույն հոդվածի 1-ին կետում հիշատակված պարտականություններից:
Հոդված 25. | Սոցիալական ապահովությանը վերաբերող բացառությունը |
1. Բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքերի՝ Նստավայր պետությունում գործող սոցիալական ապահովության վերաբերյալ որոշումները չեն տարածվում հյուպատոսական հիմնարկի աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների վրա այն մասով, որը վերաբերում է Ներկայացվող պետության համար նրանց կողմից կատարվող աշխատանքին:
2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված բացառությունը տարածվում է նաև այն մասնավոր տնային աշխատողների վրա, որոնք բացառապես ծառայության մեջ են հյուպատոսական հիմնարկի աշխատակիցների մոտ՝ պայմանով.
ա) որ նրանք Նստավայր պետության քաղաքացիներ չեն և այնտեղ չեն բնակվում մշտապես,
բ) որ նրանց նկատմամբ տարածվում են Ներկայացվող պետությունում կամ երրորդ պետությունում գործող սոցիալական ապահովության դրույթները:
3. Հյուպատոսական հիմնարկի աշխատակիցները այնպիսի անձանց վարձելու դեպքում, որոնց նկատմամբ չեն տարածվում սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված բացառությունները, պետք է կատարեն վարձողների վրա դրվող պարտականությունները՝ համաձայն Նստավայր պետության սոցիալական ապահովության կանոնների:
4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված բացառությունները չեն խոչընդոտում Նստավայր պետությունում սոցիալական ապահովության համակարգին կամավոր մասնակցությանը՝ պայմանով, որ այդպիսի մասնակցությունը թույլատրված լինի այդ պետության կողմից:
Հոդված 26. | Հարկերից ազատում |
1. Հյուպատոսական պաշտոնատար անձինք և հյուպատոսական ծառայողները, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամները ազատվում են բոլոր հարկերից և գանձումներից` անձնական ու գույքային, պետական, շրջանային և տեղական /մունիցիպալ/, բացառությամբ՝
ա) անուղղակի հարկերի, որոնք սովորաբար ներառվում են ապրանքների կամ սպասարկման արժեքի մեջ,
բ) Նստավայր պետության տարածքում գտնվող մասնավոր անշարժ գույքի գանձումներից և հարկերից՝ 15-րդ հոդվածի դրույթներով նախատեսված բացառություններով,
գ) ժառանգական գույքի հարկերի կամ գույքի փոխանցման հետ կապված հարկերի, որոնք Նստավայր պետությունը գանձում է այն բացառություններով, որոնք նախատեսված են 28-րդ հոդվածի «բ» կետի դրույթներով,
դ) մասնավոր եկամուտների հարկերի և գանձումների, այդ թվում՝ կապիտալի տոկոսները, որոնց աղբյուրը գտնվում է Նստավայր պետությունում, և առևտրական ու ֆինանսական ձեռնարկությունների մեջ ներդրվող կապիտալ ներդրումներից ստացվող եկամուտների վրա դրվող հարկերի,
ե) սպասարկման կոնկրետ տեսակների դիմաց գանձվող վճարների,
զ) գրանցման, դատական գանձումների, հիպոթեքային տուրքերի և դրոշմատուրքերի՝ 15-րդ հոդվածի դրույթներով նախատեսված բացառություններով:
2. Սպասարկող անձնակազմի աշխատակիցները ազատվում են իրենց կատարած աշխատանքի դիմաց ստացված աշխատավարձի վրա դրվող հարկերից և գանձումներից:
3. Հյուպատոսական հիմնարկի աշխատակիցները, որոնք վարձում են այնպիսի անձանց, որոնց աշխատավարձը Նստավայր պետությունում ազատված չէ եկամտահարկից, պետք է կատարեն վարձողների վրա այդ պետության օրենսդրությամբ դրվող պարտավորությունները այն մասով, որը վերաբերում է եկամտահարկի գանձմանը:
Հոդված 27. | Մաքսատուրքերից և զննումից ազատում |
1. Նստավայր պետությունը, իր օրենսդրությանը համապատասխան, թույլատրում է ներմուծումը և ազատում է բոլոր մաքսատուրքերից, հարկերից ու դրա հետ կապված գանձումներից, բացառությամբ պահպանման, տեղափոխման և նման ծառայությունների դիմաց գանձվող վճարների.
ա) հյուպատոսական հիմնարկի պաշտոնական օգտագործման համար նախատեսված առարկաները,
բ) հյուպատոսական պաշտոնատար անձի կամ նրա հետ ապրող ընտանիքի անդամների անձնական օգտագործման համար, ներառյալ՝ կահավորման համար նախատեսված առարկաները: Սպառողական ապրանքների քանակը չպետք է գերազանցի համապատասխան անձանց կողմից անմիջական սպառման համար անհրաժեշտ քանակությունը:
2. Հյուպատոսական ծառայողները սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված արտոնություններից և ազատումներից օգտվում են այն առարկաների առնչությամբ, որոնք ներմուծվել են իրենց սկզբնական տեղավորման ժամանակ:
3. Հյուպատոսական պաշտոնատար անձանց և նրանց հետ բնակվող ընտանիքի անդամների անձնական ուղեբեռը, որը վերցված է նրանց հետ, ազատվում է զննումից: Ուղեբեռը կարելի է զննել միայն այն դեպքում, երբ լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ այն պարունակում է առարկաներ, որոնք նախատեսված չեն սույն հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետում, կամ էլ այնպիսի առարկաներ, որոնց ներմուծումն ու արտահանումն արգելված են Նստավայր պետության օրենսդրությամբ, կամ էլ դրանք կարգավորվում են Նստավայր պետության կարանտինային օրենքներով և կանոններով: Նման զննումը պետք է կատարվի համապատասխան հյուպատոսական պաշտոնատար անձի կամ նրա ընտանիքի անդամի ներկայությամբ:
Հոդված 28. | Հյուպատոսական հիմնարկի աշխատակիցների կամ նրանց ընտանիքների անդամների ժառանգական գույքը |
Հյուպատոսական հիմնարկի աշխատակցի կամ նրա ընտանիքի անդամի մահվան դեպքում Նստավայր պետությունը.
ա) թույլատրում է մահացած անձի շարժական գույքի արտահանումը, բացառությամբ այն գույքի, որը ձեռք է բերվել Նստավայր պետությունում, և որի արտահանումը արգելված է եղել նրա մահվան պահին,
բ) չի գանձում ժառանգության վրա դրվող պետական, շրջանային կամ տեղական /մունիցիպալ/ հարկեր կամ շարժական գույքի ժառանգման հետ կապված տուրքեր, որը գտնվում է Նստավայր պետությունում՝ բացառապես մահացած անձի՝ այդ պետությունում որպես հյուպատոսական հիմնարկի աշխատող կամ նրա ընտանիքի անդամ գտնվելու կապակցությամբ:
Հոդված 29. | Անձնական պարտականություններից ազատում |
Նստավայր պետությունը հյուպատոսական հիմնարկի աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին ազատում է ցանկացած անձնական և հասարակական պարտականություններից, անկախ դրանց բնույթից, ինչպես նաև այնպիսի զինվորական պարտականություններից, ինչպիսիք են ռեկվիզիցիան, ռազմատուգանքը և իրենց բնակարաններում զինվորների տեղակայումը:
Հոդված 30. | Հյուպատոսական արտոնությունների և անձեռնմխելիության սկիզբն ու ավարտը |
1. Հյուպատոսական հիմնարկի յուրաքանչյուր աշխատակից օգտվում է սույն Կոնվենցիայով նախատեսված արտոնություններից և անձեռնմխելիությունից Նստավայր պետություն մուտք գործելու պահից, նշանակման վայր ուղևորվելիս կամ, եթե նա արդեն գտնվում է այդ տարածքում, հյուպատոսական հիմնարկում իր պարտականությունները ստանձնելու պահից:
2. Հյուպատոսական հիմնարկի աշխատակցի ընտանիքի անդամները և նրա մասնավոր տնային աշխատողները սույն Կոնվենցիայով նախատեսված արտոնություններից և անձեռնմխելիությունից օգտվում են հյուպատոսական հիմնարկի աշխատակցին արտոնություններ և անձեռնմխելիություն տրամադրելու պահից, սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան կամ Նստավայր պետության տարածք նրանց մուտք գործելու պահից կամ էլ այն պահից, երբ նրանք դարձել են նրա ընտանիքի անդամներ կամ նրա մասնավոր տնային աշխատողներ՝ կախված այն բանից, թե որն է տեղի ունեցել ավելի ուշ:
3. Երբ հյուպատոսական հիմնարկի աշխատակցի գործունեությունը դադարում է, նրա արտոնություններն ու անձեռնմխելիությունը, ինչպես նաև նրա ընտանիքի անդամի կամ նրա մասնավոր տնային աշխատողի արտոնություններն ու անձեռնմխելիությունը սովորաբար դադարում են այն պահին, երբ տվյալ անձը հեռանում է Նստավայր պետությունից, կամ՝ հեռանալու համար ընդունելի ժամկետն անցնելուց հետո՝ կախված այն բանից, թե այդ պահերից որը կլինի ավելի շուտ. սակայն մինչև այդ պահը նրանց արտոնություններն ու անձեռնմխելիությունը շարունակում են պահպանվել նույնիսկ ռազմական հակամարտության դեպքում: Ինչ վերաբերում է սույն հոդվածի 2-րդ կետում հիշատակված անձանց, նրանց արտոնություններն ու անձեռնմխելիությունը դադարում են, երբ նրանք դադարում են լինել հյուպատոսական հիմնարկի աշխատակցի ընտանիքի անդամներ կամ թողնում են նրա մոտ իրենց ծառայությունը, սակայն այն վերապահումով, որ եթե այդպիսի անձինք մտադրվում են Նստավայր պետությունից հեռանալ ընդունելի ժամկետում, ապա նրանց արտոնություններն ու անձեռնմխելիությունը պահպանվում են մինչև նրանց մեկնելու պահը:
4. Սակայն հյուպատոսական պաշտոնատար անձի կամ հյուպատոսական ծառայողի կողմից իրենց պարտականությունների իրականացման ընթացքում կատարվող գործողությունների առնչությամբ իրավազորության նկատմամբ անձեռնմխելիությունը շարունակում է պահպանվել առանց որևէ ժամկետով սահմանափակման:
5. Հյուպատոսական հիմնարկի աշխատակցի մահվան դեպքում նրա ընտանիքի անդամները շարունակում են իրենց շնորհված արտոնություններից և անձեռնմխելիությունից օգտվել մինչև Նստավայր պետությունից իրենց մեկնելու պահը կամ մինչև մեկնելու համար ընդունելի ժամկետի լրանալը՝ կախված այն բանից, թե այդ պահերից որն ավելի շուտ կլինի:
Հոդված 31. | Նստավայր պետության օրենսդրությունը հարգելը |
1. Արտոնություններից և անձեռնմխելիությունից օգտվող բոլոր անձինք պարտավոր են, առանց իրենց արտոնությունները և անձեռնմխելիությունը վնասելու, հարգել Նստավայր պետության օրենսդրությունը: Նրանք պարտավոր են նաև չմիջամտել այդ պետության ներքին գործերին:
2. Հյուպատոսական շինությունները չպետք է օգտագործվեն հյուպատոսական գործառույթների կատարման հետ անհամատեղելի նպատակներով:
3. Սույն հոդվածի 2-րդ կետի դրույթները չեն բացառում գրասենյակների և այլ մարմինների կամ հիմնարկների տեղավորման հնարավորությունը շենքի այն մասում, որտեղ գտնվում են հյուպատոսական գրասենյակները՝ պայմանով, որ այդպիսի հիմնարկներին հատկացված գրասենյակները առանձնացվեն այն գրասենյակներից, որոնցից օգտվում է հյուպատոսական հիմնարկը:
Այդ դեպքում հիշյալ գրասենյակները հյուպատոսական շինությունների մաս չեն հանդիսանում՝ համաձայն սույն Կոնվենցիայի:
4. Հյուպատոսական հիմնարկի աշխատակիցները պետք է կատարեն Նստավայր պետության օրենսդրությամբ նախատեսված ցանկացած պահանջ, որը վերաբերում է ապահովագրմանը այն վնասից, որը կարող է պատճառվել երրորդ անձանց` կապված ճանապարհային փոխադրամիջոցի, օդանավի կամ նավի օգտագործման հետ:
5. Հյուպատոսական պաշտոնատար անձինք Նստավայր պետությունում անձնական եկամուտներ ստանալու նպատակով չպետք է զբաղվեն որևէ մասնագիտական կամ առևտրական գործունեությամբ:
6. Սույն Կոնվենցիայով նախատեսված արտոնությունները և անձեռնմխելիությունը չեն տրամադրվում`
ա) այն հյուպատոսական ծառայողներին կամ սպասարկող անձնակազմի աշխատակիցներին, որոնք Նստավայր պետությունում եկամուտներ ստանալու նպատակով զբաղվում են մասնավոր գործունեությամբ,
բ) սույն կետի «ա» ենթակետում նշվող անձի ընտանիքի անդամներին կամ նրա մասնավոր տնային աշխատողներին,
գ) հյուպատոսական հիմնարկի աշխատակցի ընտանիքի անդամներին, որոնք Նստավայր պետությունում եկամուտներ ստանալու նպատակով զբաղվում են մասնավոր գործունեությամբ:
Հոդված 32. |
Նստավայր պետության քաղաքացիները և այնտեղ մշտապես բնակվող անձինք |
1. Եթե հյուպատոսական պաշտոնատար անձանց, որոնք հանդիսանում են Նստավայր պետության քաղաքացիներ կամ մշտապես բնակվում են այնտեղ, Նստավայր պետությունը չի տրամադրում որևէ լրացուցիչ առավելություն, արտոնություն և անձեռնմխելիություն, նրանք օգտվում են միայն 21-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված արտոնություններից և իրենց գործառույթների իրականացման ժամանակ կատարած պաշտոնական գործողությունների նկատմամբ իրավազորության նկատմամբ անձեռնմխելիությունից և անձնական անձեռնմխելիությունից:
Եթե նման հյուպատոսական պաշտոնատար անձի դեմ քրեական գործ է հարուցվում, դատական քննություն, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ անձը ձերբակալված է կամ կալանված, ապա դրանք պետք է այնպես ընթանան, որ նվազագույն չափով խոչընդոտեն հյուպատոսական գործառույթների կատարմանը:
2. Հյուպատոսական հիմնարկի այլ աշխատակիցները, որոնք հանդիսանում են Նստավայր պետության քաղաքացիներ կամ մշտապես բնակվում են այնտեղ, նրանց ընտանիքների անդամները, ինչպես նաև հյուպատոսական պաշտոնատար անձանց ընտանիքների անդամները, որոնց մասին խոսվում է սույն հոդվածի 1-ին կետում, օգտվում են առավելություններից, արտոնություններից և անձեռնմխելիությունից այն չափով, որքանով դրանք տրամադրված են իրենց Նստավայր պետության կողմից: Հյուպատոսական հիմնարկի աշխատակիցների ընտանիքների անդամները, որոնք հանդիսանում են Նստավայր պետության քաղաքացիներ կամ մշտապես բնակվում են այնտեղ, նույնպես օգտվում են առավելություններից, արտոնություններից և անձեռնմխելիությունից այն չափով, որքանով դրանք տրամադրված են իրենց Նստավայր պետության կողմից:
Նստավայր պետությունը, սակայն, այդ անձանց նկատմամբ իր իրավազորությունը պետք է իրականացնի այնպես, որ հյուպատոսական հիմնարկի գործառույթների կատարման համար չստեղծի խոչընդոտներ:
Հոդված 33. | Հյուպատոսական գործառույթների կատարումը |
Հյուպատոսական գործառույթները կատարվում են հյուպատոսական հիմնարկների կողմից: Նրանք կարող են կատարվել նաև դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից՝ սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան:
Հոդված 34. | Հյուպատոսական գործառույթների կատարումը դիվանագիտական ներկայացուցչության կողմից |
1. Սույն Կոնվենցիայի դրույթները, այն չափով, ինչ չափով դա բխում է համատեքստից, նաև կիրառվում են դիվանագիտական ներկայացուցչության կողմից հյուպատոսական գործառույթների կատարման դեպքերում:
2. Դիվանագիտական ներկայացուցչության այն աշխատակիցների ազգանունները և անունները, որոնց հանձնարարված է հյուպատոսական գործառույթների կատարում, հայտնվում են Նստավայր պետության արտաքին գործերի նախարարությանը կամ այդ նախարարության կողմից նշված մարմնին:
3. Հյուպատոսական գործառույթներ կատարելիս դիվանագիտական ներկայացուցչությունը կարող է Նստավայր պետության ինչպես տեղական, այնպես էլ կենտրոնական իշխանություններին դիմել այն չափով, ինչ չափով դա թույլատրում են Նստավայր պետության օրենսդրությունը և սովորույթները:
4. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցների արտոնությունները և անձեռնմխելիությունը շարունակում են կարգավորվել դիվանագիտական հարաբերություններին վերաբերող միջազգային իրավունքի նորմերով:
Հոդված 35. | Հյուպատոսական գործառույթների կատարումը հյուպատոսական շրջանի սահմաններում և այդ շրջանի սահմաններից դուրս, երրորդ պետությունում կամ երրորդ պետության անունից |
1. Հյուպատոսական պաշտոնատար անձը իրավունք ունի իր հյուպատոսական շրջանի սահմաններում իրականացնել սույն Կոնվենցիայում նշված հյուպատոսական գործառույթները: Հյուպատոսական պաշտոնատար անձը կարող է կատարել և այլ՝ Ներկայացվող պետության կողմից իրեն հանձնարարված գործառույթներ, որոնք չեն հակասում Նստավայր պետության օրենսդրությանը կամ, եթե Նստավայր պետությունը չի առարկում, այնպիսի գործառույթներ, որոնք նախատեսվում են Ներկայացվող և Նստավայր պետությունների միջև գործող միջազգային պայմանագրերով:
2. Նստավայր պետության համաձայնությամբ հյուպատոսական պաշտոնատար անձը կարող է իրականացնել հյուպատոսական գործառույթներ իր հյուպատոսական շրջանի սահմաններից դուրս:
3. Շահագրգիռ պետություններին ծանուցելուց հետո Ներկայացվող պետությունը կարող է հանձնարարել Նստավայր պետությունում բացված հյուպատոսական հիմնարկին՝ իրականացնել հյուպատոսական գործառույթներ երրորդ պետությունում, եթե որոշակիորեն արտահայտված առարկություն չկա Նստավայր պետության կողմից:
4. Նստավայր պետությանը համապատասխան կերպով ծանուցելուց հետո Ներկայացվող պետության հյուպատոսական հիմնարկը կարող է, եթե Նստավայր պետությունը չի առարկում, երրորդ պետության անունից Նստավայր պետությունում իրականացնել հյուպատոսական գործառույթներ:
Հոդված 36. | Ներկայացվող պետության, նրա քաղաքացիների և իրավաբանական անձանց շահերի պաշտպանումը |
Հյուպատոսական պաշտոնատար անձը Նստավայր պետությունում պաշտպանում է Ներկայացվող պետության շահերը, նրա քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքները միջազգային իրավունքով թույլատրվող սահմաններում:
Հոդված 37. | Ներկայացվող և Նստավայր պետությունների միջև համագործակցության զարգացման օժանդակումը |
Հյուպատոսական պաշտոնատար անձը օժանդակում է Ներկայացվող և Նստավայր պետությունների միջև առևտրական, տնտեսական, ֆինանսական, իրավական, զբոսաշրջային, բնապահպանական, գիտատեխնիկական, տեղեկատվական, մշակութային, մարդասիրական, սպորտային և այլ կապերի զարգացմանը, ինչպես նաև այլ ճանապարհներով բարեկամական հարաբերությունների զարգացմանը նրանց միջև:
Հոդված 38. | Գործառույթներ տեղեկատվության բնագավառում |
Հյուպատոսական պաշտոնատար անձը բոլոր օրինական միջոցներով կարող է պարզել Նստավայր պետության առևտրական, տնտեսական, մշակութային և գիտական կյանքի պայմաններն ու զարգացումը և այդ մասին տեղեկացնել Ներկայացվող պետության կառավարությանը և տեղեկություններ տրամադրել շահագրգիռ անձանց:
Հոդված 39. | Արտասահմանյան անձնագրերի և արտոնագրերի վերաբերյալ գործառույթներ |
Հյուպատոսական պաշտոնատար անձը կարող է տրամադրել, չեղյալ համարել, ուղղումներ կատարել, երկարացնել գործողության ժամկետը, առգրավել կամ որոշ ժամանակով պահել Ներկայացվող պետության քաղաքացիների արտասահմանյան անձնագրերը կամ այլ ճամփորդական արտասահմանյան փաստաթղթերը, ինչպես նաև Ներկայացվող պետության տարածք մուտքի արտոնագրեր տրամադրել, երկարացնել դրանց գործողության ժամկետը կամ չեղյալ համարել դրանք, ինչպես նաև անհրաժեշտ փոփոխություններ մտցնել դրանց մեջ՝ Ներկայացվող պետության օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 40. | Ներկայացվող պետության քաղաքացիների հետ կապը և այդ քաղաքացիներին օգնություն և օժանդակություն ցուցաբերելը |
Հյուպատոսական պաշտոնատար անձը կարող է՝
ա) ազատորեն առնչվել Ներկայացվող պետության քաղաքացիների հետ իր հյուպատոսական շրջանի սահմաններում, նրանց խորհուրդներ տալ և ամեն տեսակի օգնություն և աջակցություն ցուցաբերել, այդ թվում նաև՝ իրավական օգնություն ցուցաբերել նրանց կամ միջոցներ ձեռնարկել իրավական օգնություն ցուցաբերելու համար:
Նստավայր պետությունը ոչ մի կերպ չի սահմանափակում Ներկայացվող պետության քաղաքացիների կապերը հյուպատոսական պաշտոնատար անձի հետ, ինչպես նաև նրանց մուտքը հյուպատոսական հիմնարկ.
բ) հաշվի առնելով Նստավայր պետությունում գործող պրակտիկան և կարգը՝ Ներկայացվող պետության քաղաքացիներին ներկայացնել կամ միջոցներ ձեռնարկել նրանց պատշաճ ներկայացուցչությունը ապահովելու համար Նստավայր պետության դատական կամ այլ մարմինների առջև՝ Նստավայր պետության օրենսդրությանը համապատասխան՝ այդ քաղաքացիների իրավունքները և շահերը պաշտպանող նախնական միջոցներ ձեռնարկելու մասին կարգադրություններ ստանալու նպատակով՝ այն դեպքում, երբ բացակայության կամ այլ պատճառով նրանք չեն կարող ժամանակին պաշտպանել իրենց իրավունքներն ու շահերը:
Ներկայացուցչությունը դադարում է այն դեպքում, երբ ներկայացվող անձը նշանակում է իր լիազորված ներկայացուցչին կամ անձամբ ստանձնում է իր իրավունքների և շահերի պաշտպանությունը.
գ) դիմել Նստավայր պետության իրավասու մարմիններին, որպեսզի նրանք աջակցեն Ներկայացվող պետության քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու գործում, երբ խոսքը գնում է նրանց բարեկեցության կամ այլ մարդասիրական նկատառումների մասին, ինչպես նաև Ներկայացվող պետության՝ անհայտ կորած քաղաքացիների հետախուզման մասին:
Հոդված 41. | Ներկայացվող պետության քաղաքացիների ձերբակալման և կալանավորման վերաբերյալ գործառույթներ |
1. Եթե Ներկայացվող պետության որևէ քաղաքացի հյուպատոսական շրջանում ձերբակալվում է, Նստավայր պետության իրավասու մարմինները այդ մասին անհապաղ ծանուցում են Ներկայացվող պետության հյուպատոսական հիմնարկին:
2. Ներկայացվող պետության՝ ձերբակալված քաղաքացու կողմից այդ հյուպատոսական հիմնարկին հասցեագրված ցանկացած հաղորդում Նստավայր պետության իրավասու մարմինների կողմից անհապաղ փոխանցվում է այդ հյուպատոսական հիմնարկին:
3. Հյուպատոսական պաշտոնատար անձը իրավունք ունի այցելելու Ներկայացվող պետության ձերբակալված քաղաքացուն նրա հետ զրուցելու, նրան թղթակցություն և այլ փոստային առաքումներ հանձնելու կամ նրանից ստանալու, ինչպես նաև նրա համար իրավաբանական ներկայացուցչություն ապահովելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար: Նստավայր պետությունը այդ այցելություններից առաջինի համար թույլտվություն տալիս է հնարավորինս կարճ ժամկետում:
Հաջորդ այցելությունների համար թույլտվությունները տրվում են Նստավայր պետության օրենսդրության շրջանակներում:
4. Հյուպատոսական պաշտոնատար անձինք ձեռնպահ են մնում Ներկայացվող պետության ձերբակալված քաղաքացու անունից ցանկացած գործողություն ձեռնարկելուց, եթե տվյալ քաղաքացին հյուպատոսական պաշտոնատար անձի ներկայությամբ ուղղակիորեն առարկում է նման գործողությունների դեմ:
5. Նստավայր պետությունը Ներկայացվող պետության՝ կալանքի տակ գտնվող կամ դատաքննության կամ այլ քննության ենթակա քաղաքացիներին տեղեկացնում է սույն հոդվածի դրույթների մասին:
6. Սույն հոդվածում հղումը ձերբակալված անձին իր մեջ ներառում է հղումը այն անձին, որը գտնվում է կալանքի տակ, ձերբակալված է, կամ նրա ազատությունը սահմանափակված է որևէ այլ ձևով (ներառյալ այն անձը, որը Նստավայր պետության տարածքում պատիժ է կրում ազատազրկման վայրերում):
7. Սույն հոդվածում հիշատակված իրավունքները իրականացվում են Նստավայր պետության օրենսդրության համապատասխան՝ պայմանով, որ այդ օրենսդրությունը հնարավորություն է տալիս ամբողջությամբ հասնել այն նպատակներին, որոնց համար նախատեսված են այդ իրավունքները:
Հոդված 42. | Նոտարի գործառույթների կատարումը |
Հյուպատոսական պաշտոնատար անձը կատարում է նոտարի գործառույթները՝ ղեկավարվելով Ներկայացվող պետության համապատասխան գործող օրենքներով, եթե դա չի հակասում Նստավայր պետության օրենսդրությանը:
Հոդված 43. | Ժառանգությանը վերաբերող գործառույթներ |
1. Նստավայր պետության իրավասու մարմինները հյուպատոսական պաշտոնատար անձին անհապաղ ծանուցում են ժառանգական գույքի առկայության մասին, եթե մահացածը հանդիսանում է Ներկայացվող պետության քաղաքացի, ինչպես նաև ծանուցում են ժառանգական գույքի առկայության մասին, անկախ մահացած անձի քաղաքացիությունից, եթե Ներկայացվող պետության քաղաքացին հանդիսանում է ժառանգ, տրամադրելով ողջ առկա տեղեկատվությունը ժառանգական գույքի, ժառանգների, ինչպես նաև կտակի առկայության մասին:
2. Նստավայր պետության տարածքում ժառանգական գույքի նկատմամբ հյուպատոսական պաշտոնատար անձի գործառույթները կանոնակարգվում են Նստավայր պետության օրենքներով և միջազգային իրավունքի նորմերով:
Հոդված 44. |
Քաղաքացիական կացության հարցերով գործառույթներ |
1. Հյուպատոսական պաշտոնատար անձը իրավունք ունի.
ա) գրանցել Ներկայացվող պետության քաղաքացիների ծննդյան և մահվան փաստերը,
բ) գրանցել ամուսնությունները՝ պայմանով, որ երկու ամուսնացող կողմերն էլ հանդիսանում են Ներկայացվող պետության քաղաքացիներ, և դա չի հակասում այդ պետության օրենսդրությանը,
գ) ստանալ տեղեկություններ և փաստաթղթեր Ներկայացվող պետության քաղաքացիների ծննդյան, մահվան և ամուսնության մասին, այդ թվում և՝ փաստաթղթեր ընտանեկան վիճակի փոփոխման մասին, և գրանցել դրանք:
2. Հյուպատոսական պաշտոնատար անձը տեղեկացնում է Նստավայր պետության իրավասու մարմիններին իր կողմից կատարած գործառույթների մասին, նշված սույն հոդվածի 1-ին կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում, եթե դա պահանջվում է Նստավայր պետության օրենսդրությամբ:
3. Սույն հոդվածի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերի դրույթները շահագրգիռ անձանց չեն ազատում Նստավայր պետության օրենսդրությունը պահպանելու պարտավորությունից:
Հոդված 45. | Խնամակալություն և հոգաբարձություն |
1. Նստավայր պետության իրավասու մարմինները համապատասխան տեղեկություններ ունենալու դեպքում պարտավոր են անհապաղ տեղեկացնել հյուպատոսական պաշտոնատար անձին ցանկացած այն դեպքի մասին, երբ խնամակալ կամ հոգաբարձու նշանակելը համապատասխանում է Ներկայացվող պետության քաղաքացի հանդիսացող անչափահաս անձի կամ սահմանափակ գործունակությամբ այլ անձի շահերին:
2. Հյուպատոսական պաշտոնատար անձը իրավունք ունի Նստավայր պետության իրավասու մարմիններին առաջարկել համապատասխան անձինք՝ որպես խնամակալներ կամ հոգաբարձուներ նշանակելու համար:
Հոդված 46. |
Դատական հանձնարարությունների կատարում, դատական և այլ փաստաթղթերի փոխանցում |
Հյուպատոսական պաշտոնատար անձն իր շրջանի տարածքում գտնվող Ներկայացվող պետության քաղաքացիների նկատմամբ կատարում է դատական հանձնարարություններ` կապված դատական ծանուցագրերը և այլ դատական փաստաթղթերը հանձնելու հետ:
Հանձնարարությունները կատարվում են Նստավայր պետության օրենսդրության և միջազգային իրավունքի նորմերին չհակասող միջոցով:
Հոդված 47. | Ներկայացվող պետության օդանավերին օգնություն ցուցաբերելը |
1. Հյուպատոսական պաշտոնատար անձը իրավունք ունի հյուպատոսական շրջանի սահաններում համապատասխան օգնություն և օժանդակություն ցուցաբերել Ներկայացվող պետության այն օդանավերին, որոնք գտնվում են Նստավայր պետության օդանավակայաններում:
2. Հյուպատոսական պաշտոնատար անձը իրավունք ունի բարձրանալ օդանավ, կապ հաստատել և կապ պահպանել այդ օդանավի հրամանատարի և անձնակազմի անդամների հետ՝ Նստավայր պետության օրենսդրության համապատասխան:
3. Հյուպատոսական պաշտոնատար անձը կարող է դիմել Նստավայր պետության իրավասու մարմիններին և խնդրել նրանց աջակցությունը իր այն գործառույթները իրականացնելիս, որոնք վերաբերում են Ներկայացվող պետության օդանավին, ինչպես նաև հրամանատարին, անձնակազմի անդամներին և ուղևորներին վերաբերող բոլոր հարցերին:
Հոդված 48. |
Հրամանատարին և անձնակազմի անդամներին օգնություն ցուցաբերելը |
1. Այնքանով, որքանով ներքոհիշյալ գործողությունները չեն հակասում Նստավայր պետության օրենսդրությանը, հյուպատոսական պաշտոնատար անձը հյուպատոսական շրջանի սահմաններում իրավունք ունի.
ա) քննել Ներկայացվող պետության օդանավում պատահած ցանկացած միջադեպ, այդ միջադեպի հետ կապված՝ հարցաքննել հրամանատարին և անձնակազմի ցանկացած անդամի, ստուգել թռիչքային փաստաթղթերը, ընդունել դիմումներ, տեղեկություններ ստանալ օդանավի չվերթի և վերջնակետի վերաբերյալ, ինչպես նաև օգնություն ցույց տալ օդանավի թռիչքի, վայրէջքի և կանգառի կազմակերպման կապակցությամբ,
բ) լուծել հրամանատարի և անձնակազմի անդամների միջև վեճեր,
գ) հնարավորության դեպքում ապահովել Ներկայացվող պետության քաղաքացիներ հանդիսացող հրամանատարի, անձնակազմի անդամների կամ ուղևորների բժշկական սպասարկումը և միջոցներ ձեռնարկել Ներկայացվող պետություն նրանց վերադառնալու համար,
դ) Ներկայացվող պետության օրենսդրությամբ նախատեսված ցանկացած դիմում կամ այլ փաստաթուղթ ստանալ, կազմել, հաստատել կամ երկարացնել գործողության ժամկետը Ներկայացվող պետության օդանավի, նրա անձնակազմի, ուղևորների կամ բեռի կապակցությամբ,
ե) ձեռնարկել այլ միջոցներ` օդագնացության առնչությամբ Ներկայացվող պետության օրենսդրությունը պահպանելու համար:
2. Հյուպատոսական պաշտոնատար անձը իրավունք ունի, Նստավայր պետության օրենսդրության համապատասխան, ուղեկցել հրամանատարին կամ անձնակազմի ցանկացած անդամի Նստավայր պետության դատարան կամ այլ իրավասու մարմիններ՝ նրանց անհրաժեշտ օգնություն ցույց տալու համար:
Հոդված 49. | Շահերի պաշտպանումը ներկայացվող պետության օդանավում հարկադրական միջոցների կամ քննության դեպքում |
1. Եթե Նստավայր պետության դատական կամ այլ իրավասու մարմինները մտադիր են հարկադրական միջոցներ ձեռնարկել կամ քննություն անցկացնել Ներկայացվող պետության օդանավում, Նստավայր պետության իրավասու մարմինները պետք է այդ մասին նախապես տեղեկացնեն հյուպատոսական պաշտոնատար անձին, որպեսզի նա հնարավորություն ունենա ներկա լինելու այդպիսի միջոցների իրականացման ընթացքում:
Եթե հյուպատոսական պաշտոնատար անձը ներկա չէ այդպիսի միջոցների իրականացմանը, Նստավայր պետության իրավասու մարմինները, այդ անձի խնդրանքով, գրավոր ծանուցում են նրան դրա մասին: Եթե ձեռնարկվելիք միջոցառումների շտապ բնույթը թույլ չի տալիս վաղօրոք ծանուցում ուղարկել հյուպատոսական պաշտոնատար անձին, ապա Նստավայր պետության իրավասու մարմինները սեղմ ժամկետներում ամբողջական գրավոր տեղեկատվություն են տրամադրում հյուպատոսական պաշտոնատար անձին այդ փաստի և ձեռնարկված միջոցների մասին նույնիսկ հյուպատոսական պաշտոնատար անձի համապատասխան խնդրանքի բացակայության դեպքում:
2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները կիրառվում են նաև այն դեպքում, երբ Նստավայր պետության իրավասու մարմինները Ներկայացվող պետության օդանավի հրամանատարին կամ անձնակազմի որևէ անդամին կանչում են՝ Նստավայր պետության տարածքում օդանավին վերաբերող հարցերով ցուցմունքներ տալու համար:
3. Բացառությամբ այն դեպքերի, երբ դա կատարվում է հյուպատոսական պաշտոնատար անձի կամ օդանավի հրամանատարի խնդրանքով կամ թույլտվությամբ, Նստավայր պետության դատական կամ այլ իրավասու մարմինները Ներկայացվող պետության օդանավում չեն միջամտում այդ օդանավի ներքին գործերին այն հարցերում, որոնք վերաբերում են անձնակազմի անդամների միջև փոխհարաբերություններին, աշխատանքային հարաբերություններին, օդանավում տիրող կարգապահությանը և այլ ներքին բնույթի կանոններին՝ պայմանով, որ այդ դեպքում չի խախտվում Նստավայր պետության խաղաղության և անվտանգության ապահովմանը վերաբերող օրենսդրությունը:
4. Սույն հոդվածի դրույթները, սակայն, չեն կիրառվում մաքսային, սահմանային կամ սանիտարական վերահսկողության հետ կապված՝ սովորաբար կիրառվող միջոցների նկատմամբ կամ այլ միջոցների նկատմամբ, որոնք ձեռնարկվում են Նստավայր պետության իրավասու մարմինների կողմից՝ օդանավի հրամանատարի խնդրանքով կամ նրա համաձայնությամբ:
Սույն հոդվածը չի վերաբերում Պայմանավորվող կողմերի այն իրավունքներին և պարտականություններին, որոնք բխում են նրանց միջև գործող բազմակողմ և երկկողմ պայմանագրերից:
Հոդված 50.
Օգնությունը ներկայացվող պետության օդանավերի վնասվելու դեպքում
1. Եթե Ներկայացվող պետության օդանավը վթարի կամ այլ աղետի է ենթարկվել Նստավայր պետության տարածքում, կամ եթե երրորդ պետության վթարի ենթարկված օդանավի բեռի բաղկացուցիչ մաս կազմող, Ներկայացվող պետության քաղաքացու սեփականություն հանդիսացող ցանկացած առարկա գտնվել է Նստավայր պետության տարածքում կամ փոխանցվել է Նստավայր պետության իշխանություններին, ապա Նստավայր պետության իրավասու մարմինները սեղմ ժամկետներում այդ մասին տեղեկացնում են հյուպատոսական պաշտոնատար անձին և նրան հայտնում են օդանավի ուղևորների, անձնակազմի և նրա բեռի փրկության համար ձեռնարկված միջոցառումների մասին:
2. Հյուպատոսական պաշտոնատար անձը կարող է Ներկայացվող պետության աղետի ենթարկված օդանավին, նրա անձնակազմի անդամներին և այն ուղևորներին, որոնք Ներկայացվող պետության քաղաքացիներ են, ցույց տալ ամեն տեսակի օգնություն: Այդ նպատակով նա կարող է աջակցության համար դիմել Նստավայր պետության իրավասու մարմիններին:
3. Եթե վթարի ենթարկված օդանավը կամ նրան պատկանող ցանկացած այլ առարկա գտնվել է Նստավայր պետության տարածքում, և ոչ օդանավի հրամանատարը, ոչ դրա սեփականատերը կամ նրա գործակալը ի վիճակի չեն տվյալ գույքի պահպանությունը ապահովելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել կամ կարգադրություններ անել, Ներկայացվող պետության հյուպատոսական պաշտոնատար անձը լիազորված է համարվում սեփականատիրոջ անունից ձեռնարկելու այնպիսի միջոցներ, ինչպիսիք այդ նպատակով կարող էր ձեռնարկել ինքը՝ սեփականատերը:
Հոդված 51. | Ներկայացվող պետության նավերի նկատմամբ իրականացվող գործառույթներ |
Սույն Կոնվենցիայի 47-50-րդ հոդվածների դրույթները կիրառվում են նաև Ներկայացվող պետության նավերի նկատմամբ՝ այն չափով, որքանով դրանք չեն հակասում Պայմանավորվող կողմերի միջև գործող առևտրային նավագնացության վերաբերյալ ցանկացած միջազգային համաձայնագրի:
Հոդված 52. | Նստավայր պետության մարմինների հետ հարաբերությունները |
Իրենց գործառույթները կատարելիս հյուպատոսական պաշտոնատար անձինք կարող են դիմել՝
ա) իրենց հյուպատոսական շրջանի իրավասու տեղական մարմիններին,
բ) Նստավայր պետության իրավասու կենտրոնական մարմիններին՝ այն չափով, որքանով այդ թույլ են տալիս Նստավայր պետության օրենսդրությունը և սովորույթները կամ համապատասխան միջազգային պայմանագրերը:
Հոդված 53. | Հյուպատոսական գանձումներ |
1. Հյուպատոսական հիմնարկը իրավունք ունի Նստավայր պետության տարածքում կատարել հյուպատոսական գանձումներ, որոնք նախատեսված են Ներկայացվող պետության օրենսդրությամբ:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված գանձված գումարները և նման գումարների ստացման անդորրագրերը Նստավայր պետությունում ազատվում են բոլոր հարկերից և վճարներից:
3. Նստավայր պետությունը հյուպատոսական հիմնարկին թույլ է տալիս նման ձևով հավաքած գումարները փոխանցել նրա պաշտոնական բանկային հաշվի վրա:
Հոդված 54. | Հյուպատոսական հիմնարկի աշխատակիցների գործառույթների դադարումը |
Հյուպատոսական հիմնարկի աշխատակցի գործառույթները դադարում են մասնավորապես՝
ա) Ներկայացվող պետության կողմից Նստավայր պետությանը նրա գործառույթները դադարեցվելու մասին ծանուցելուց հետո,
բ) էկզեկվատուրան չեղյալ համարելու դեպքում, որը տրվել է Նստավայր պետության կողմից՝ սույն Կոնվենցիայի 3-րդ հոդվածին համաձայն,
գ) Նստավայր պետության կողմից Ներկայացվող պետությանը ծանուցելուց հետո այն մասին, որ Նստավայր պետությունը դադարել է նրան հյուպատոսական անձնակազմի անդամ համարել:
Հոդված 55. | Նստավայր պետությունից մեկնելը |
Նստավայր պետությունը նույնիսկ զինված հակամարտության դեպքում պարտավոր է հյուպատոսական հիմնարկի աշխատակիցներին և մասնավոր տնային աշխատողներին, որոնք Նստավայր պետության քաղաքացիներ չեն, ինչպես նաև նրանց հետ բնակվող իրենց ընտանիքների անդամներին, անկախ նրանց քաղաքացիությունից, տրամադրել ժամանակ և առավել բարենպաստ պայմաններ, որոնք անհրաժեշտ են, որպեսզի նրանք կարողանան պատրաստվել մեկնելու և մեկնեն համապատասխան աշխատակիցների գործառույթների դադարումից հետո հնարավորինս կարճ ժամկետում: Մասնավորապես, նա պետք է անհրաժեշտության դեպքում նրանց տրամադրի փոխադրամիջոցներ՝ ի տնօրինություն, որոնք պահանջվում են նրանց կամ նրանց գույքի համար, բացառությամբ Նստավայր պետությունում ձեռք բերված գույքի, որի արտահանումը մեկնելու ժամանակ արգելված է:
Հոդված 56. | Հյուպատոսական շինությունների և արխիվի, ինչպես նաև ներկայացվող պետության շահերի պաշտպանությունը բացառիկ հանգամանքներում |
1. Պայմանավորվող կողմերի միջև հյուպատոսական հարաբերությունների խզման դեպքում՝
ա) Նստավայր պետությունը անգամ զինված հակամարտության դեպքում պարտավոր է հարգել և պահպանել հյուպատոսական շինությունները, պահպանել հյուպատոսական հիմնարկի գույքն ու հյուպատոսական արխիվը,
բ) Ներկայացվող պետությունը կարող է հյուպատոսական շինությունների, նրանցում գտնվող գույքի և հյուպատոսական արխիվի պահպանությունը վստահել երրորդ պետության, որն ընդունելի է Նստավայր պետության համար,
գ) Ներկայացվող պետությունը կարող է իր և իր քաղաքացիների շահերի պաշտպանությունը վստահել երրորդ պետության, որն ընդունելի է Նստավայր պետության համար:
2. Հյուպատոսական հիմնարկը ժամանակավորապես կամ վերջնականապես փակելու դեպքում կիրառվում են սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի դրույթները: Բացի դրանից՝
ա) եթե Ներկայացվող պետությունը Նստավայր պետությունում չունի դիվանագիտական ներկայացուցչություն, բայց այդ պետության տարածքում ունի այլ հյուպատոսական հիմնարկ, այդ հյուպատոսական հիմնարկին կարող է վստահվել փակված հյուպատոսական հիմնարկի շինությունների պահպանությունը՝ նրանցում գտնվող գույքի և հյուպատոսական արխիվի հետ միասին, և, Նստավայր պետության համաձայնությամբ, հյուպատոսական գործառույթների կատարումը այդ հյուպատոսական հիմնարկի շրջանում,
բ) եթե Ներկայացվող պետությունը Նստավայր պետությունում չունի դիվանագիտական ներկայացուցչություն կամ այլ հյուպատոսական հիմնարկ, կիրառվում են սույն հոդվածի 1-ին կետի «բ» և «գ» ենթակետերի դրույթները:
Հոդված 57. | Ուժի մեջ մտնելը և գործողության ժամկետը |
1. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի ներքին օրենսդրությանը համապատասխան և ուժի մեջ է մտնում վավերագրերի փոխանակումից հետո երեսուներորդ օրը:
2. Սույն Կոնվենցիան ստորագրվում է անորոշ ժամկետով և դադարեցնում է իր գործողությունը վեց ամիս անց այն օրվանից, երբ Պայմանավորվող կողմերից մեկը մյուս Պայմանավորվող կողմին դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցում է սույն Կոնվենցիայի գործողությունը դադարեցնելու իր որոշման մասին:
Կատարված է Սոֆիա քաղաքում, 2003թ. սեպտեմբերի 8-ին, երկու բնօրինակով, որոնցից յուրաքանչյուրը՝ բուլղարերեն, հայերեն և ռուսերեն, ընդ որում, բոլոր երեք տեքստերը հավասարազոր են:
Հայերեն և բուլղարերեն տեքստերի մեկնաբանության ժամանակ տարաձայնության դեպքում որպես հիմք կընդունվի ռուսերեն տեքստը:
Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2006 թ. ապրիլի 21-ից: