Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Incorporation (19.05.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԺՏ 1995/8
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
06.06.2005
Ստորագրման ամսաթիվ
06.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.05.2006

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության եվ Լատվիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջեվ պաշտպանության բնագավառում համագործակցության մասին

 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը և Լատվիայի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, այսուհետև՝ Կողմեր,

ճանաչելով 1995թ. հունիսի 19-ին Բրյուսելում ստորագրված «Հյուսիսատլանտյան պայմանագրի մասնակից պետությունների և «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին մասնակցող այլ պետությունների միջև իրենց զինված ուժերի կարգավիճակի մասին» համաձայնագրի (ՆԱՏՕ/ԳՀԽ ԶՈՒԿՀ) և դրան կից 1995թ. հունիսի 19-ի Լրացուցիչ արձանագրության դրույթները, 

ցանկություն ունենալով ամրապնդել պաշտպանության նախարարությունների միջև փոխհարաբերությունները ՄԱԿ-ի Կանոնադրության ոգուն համապատասխան,

մտադիր լինելով երկու երկրների պաշտպանության նախարարությունների և զինված ուժերի միջև համագործակցության միջոցով զարգացնել փոխվստահության մթնոլորտը,

ցանկանալով ստեղծել երկկողմ համագործակցության շրջանակներում նախատեսված միջոցառումների կարգավորման իրավական հիմք,

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1

 

Նպատակը

 

Սույն Համաձայնագրի նպատակն է Կողմերի միջև պաշտպանության ոլորտում համագործակցության իրականացման համար ստեղծել ընդհանուր և գործնական շրջանակ, ներառյալ Կողմերի կողմից մշակված ռազմական համագործակցության ծրագրերը:

 

Հոդված 2

 

Համագործակցության ոլորտները

 

2.1. Կողմերի միջև համագործակցությունը ներառում է  հետևյալ ոլորտները.

- ՆԱՏՕ-ի և ԳՀԽ ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումներին մասնակցության վերաբերյալ փորձի փոխանակում,

- բազմազգ զինվորական ստորաբաժանումների կազմավորման և գործունեության խնդիրների վերաբերյալ փորձի փոխանակում,

- զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողություն,

- զինված ուժերի համար օրենսդրական դաշտի ձևավորում,

- պաշտպանական քաղաքականություն և ռազմավարություն,

- պաշտպանական պլանավորում և բյուջետավորում,

- զինված ուժերի ղեկավարում, վերահսկում և հաղորդակցություն,

- միջազգային խաղաղապահ և մարդասիրական գործողություններ,

- շրջակա միջավայրի պահպանության խնդիրներ և աղտոտման վերահսկում,

- քաղաքացիական արտակարգ իրավիճակների պլանավորում,

- թիկունքային ապահովում,

- փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներ:

2.2 Սույն հոդվածի 2.1 կետում նշված համագործակցությանն առնչվող կոնկրետ խնդիրները կարող են կարգավորվել սույն Համաձայնագրի շրջանակներում Կողմերի միջև կնքվող առանձին համաձայնագրերով:

 

Հոդված 3

 

Համագործակցության ձևերը

 

Պաշտպանական հարցերին առնչվող համագործակցությունը կիրականացվի հետևյալ միջոցառումների միջոցով.

ա) Համագործակցություն պաշտպանության նախարարությունների միջև.

- պաշտպանության նախարարների փոխադարձ այցեր,

- նախարարությունների պաշտոնատար անձանց փոխադարձ այցեր և խորհրդակցություններ,

- երկկողմ քննարկումներ և խորհրդակցություններ աշխատակազմերի միջև:

բ) Համագործակցություն գլխավոր շտաբների միջև.

- շտաբների պետերի փոխադարձ այցեր,

- երկկողմ քննարկումներ և խորհրդակցություններ աշխատակազմերի միջև:

գ) Համագործակցություն այլ ռազմական հաստատությունների և ստորաբաժանումների միջև.

- մասնակցություն ուսումնական և կրթական ծրագրերին,

- ռազմակրթական հաստատությունների միջև համագործակցության հաստատում, ներառյալ ուսանողների և դասավանդողների փոխանակում,

- համատեղ գործունեության համապատասխան ոլորտներում փոխադարձ այցելություններ, խորհրդակցություններ և փորձի փոխանակում:

 

Հոդված 4

 

Պլանավորում և իրականացում

 

4.1. Սույն Համաձայնագրի հիման վրա մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 1-ը պետք է մշակվի հաջորդ տարվա համագործակցության ամենամյա պլանը:

4.2. Համագործակցության ամենամյա պլանը պետք է մշակվի Կողմերի նախապես ներկայացված առաջարկների հիման վրա:

4.3. Համագործակցության ամենամյա պլանում նախատեսված յուրաքանչյուր միջոցառման համար յուրաքանչյուր Կողմ կնշանակի շփման կետ:

 

Հոդված 5

 

Ֆինանսական կարգավորումներ

 

5.1. Այցելող Կողմը հոգում է դեպի հյուրընկալող Կողմի պետության տարածքը և հետադարձ ուղղությամբ ճանապարհածախսը, ինչպես նաև գործուղման և ապահովագրական ծախսերը:

5.2. Հյուրընկալող Կողմը հոգում է իր պետության տարածքում տրանսպորտային, կեցության և սննդի ծախսերը:

5.3. Հյուրընկալող Կողմը հոգում է անհետաձգելի բժշկական և ատամնաբուժական օգնության ու սպասարկման ծախսերը: Այլ բժշկական և ատամնաբուժական օգնության ու սպասարկման ծախսերը հոգում է Այցելող Կողմը:

 

Փոխադարձության այս հիմնական սկզբունքը չի կարող կիրառվել օժանդակ անձնակազմով (վարորդներ, թարգմանիչներ և այլն) հանդերձ, ավելի քան 10 հոգուց բաղկացած խմբերի նկատմամբ: Այս խմբերի նկատմամբ կիրառելի ֆինանսավորման ընթացակարգերը կկարգավորվեն Կողմերի միջև փոխադարձ գրավոր համաձայնությամբ՝ դեպքից դեպք սկզբունքով:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Իրավազորություն և հայցապահանջներ

 

6.1. Կողմերի քրեական և կարգապահական իրավազորությունն իրենց անձնակազմերի նկատմամբ կկարգավորվի ՆԱՏՕ/ԳՀԽ ԶՈՒԿՀ-ի դրույթների համաձայն:

6.2. Հայցապահանջները կբավարարվեն ՆԱՏՕ/ԳՀԽ ԶՈՒԿՀ-ի դրույթների համաձայն:

6.3. Հայցապահանջները և սույն հոդվածով նախատեսվող այլ տեղեկատվության փոխանակումը կիրականացվի 4-րդ հոդվածում նշված Կողմերի շփման կետերի միջոցով:

 

Հոդված 7

 

Տեղեկատվության փոխանակում

 

7.1. Սույն Համաձայնագրի իրականացման հետ կապված տեղեկատվության փոխանակումը կիրականացվի դիվանագիտական ուղիներով կամ Կողմերի միջև անմիջական շփումների միջոցով:

7.2. Կողմերը կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը սույն Համաձայնագրի համաձայն իրականացված համագործակցության շրջանակներում ստացված գաղտնի տեղեկատվությունը չլիազորված բացահայտումից պաշտպանելու համար: Նման տեղեկատվության բացահայտումը հնարավոր կլինի միայն տեղեկատվությունը տրամադրող Կողմի թույլտվությամբ:

 

Հոդված 8

 

Աշխատանքային լեզուն

 

Սույն Համաձայնագրի շրջանակներում անցկացվող  միջոցառումների և իրականացվող նախագծերի աշխատանքային լեզուն անգլերենն է:

 

Հոդված 9

 

Փոփոխություններ և վեճեր

 

9.1. Կողմերից յուրաքանչյուրի խնդրանքով՝ Կողմերը պետք է անցկացնեն խորհրդակցություններ և, անհրաժեշտության դեպքում, վերանայեն Համաձայնագիրը:

9.2. Սույն Համաձայնագրի մեջ կարող են փոփոխություններ և լրացումներ կատարվել Կողմերի փոխադարձ համաձայնությամբ, որոնք ձևակերպվում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը համարվող գրավոր արձանագրություններով և ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 10-րդ հոդվածով նախատեսված կարգով:

9.3. Սույն Համաձայնագիրը չպետք է հակասի Կողմերի ազգային օրենսդրությանը կամ միջազգային իրավունքի նորմերին: Հակասության դեպքում միջազգային իրավունքի նորմերն ու ազգային օրենսդրությունը կգերակայեն: Հակասությունների առաջացման դեպքում Կողմերը կտեղեկացնեն միմյանց:

9.4. Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ կատարման հետ կապված տարաձայնությունները Կողմերը կլուծեն միմյանց միջև խորհրդատվությունների ու բանակցությունների միջոցով և չեն դիմի որևէ ազգային կամ միջազգային ատյանի կամ երրորդ կողմի:

 

Հոդված 10

 

Ուժի մեջ մտնելը և դադարեցումը

 

10.1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար Կողմերի ազգային օրենսդրությամբ պահանջվող ընթացակարգերն ավարտելու մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից և գործում է անորոշ ժամկետով:

10.2. Յուրաքանչյուր Կողմ կարող է դադարեցնել սույն Համաձայնագիրը կամ դուրս գալ դրանից` այդ մասին մյուս Կողմին 90 օր առաջ գրավոր ծանուցելու միջոցով:

10.3. Եթե Համաձայնագրի գործողությունը դադարեցվել է կամ Կողմերից որևէ մեկը դուրս է եկել Համաձայնագրից, Կողմերը, անհրաժեշտության դեպքում, պետք է սույն Համաձայնագրից բխող երկկողմ ֆինանսական պարտավորությունները, հայցապահանջները, վեճերը և անվտանգության խնդիրները կարգավորելու նպատակով բանակցություններ վարեն:

Կատարված է Ռիգա քաղաքում, 2005թ. հունիսի 6-ին, երկու բնօրինակից, յուրաքանչյուրը՝ հայերեն, լատիշերեն և անգլերեն, ընդ որում, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Համաձայնագրի մեկնաբանման ընթացքում տարաձայնություններ առաջանալու դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2006թ. մայիսի 19-ից: