Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետության մշակույթի եվ երիտասարդության հարցերի նախարարության եվ Լատվիայի Հանրապետության մշակույթի նախարարության միջեվ մշակույթի բնագավառում համագործակցության մասին
Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը և Լատվիայի Հանրապետության մշակույթի նախարարությունը (այսուհետ` Կողմեր),
բարեկամական հարաբերությունները և մշակույթի բնագավառում հետագա փոխհամագործակցությունը ամրապնդելու և զարգացնելու նպատակով,
համոզված լինելով, որ մշակույթի բնագավառում համագործակցությունը կոչված է նպաստելու ժողովուրդների միջև բարեկամության և փոխըմբռնման զարգացմանը,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
Կողմերը, սույն Համաձայնագրին համապատասխան և իրենց երկրների ազգային օրենսդրության համաձայն, պայմանավորվում են իրականացնել համագործակցություն մշակույթի բնագավառում:
Սույն Համաձայնագրով նախատեսված համագործակցությունը կներառի մշակույթի բնագավառում, մասնավորապես երաժշտության, թատրոնի, կինեմատոգրաֆիայի, կերպարվեստի, գրադարանային և թանգարանային գործի, պատմամշակութային ժառանգության օբյեկտների պահպանության, ստեղծագործական ինքնագործունեության, ժողովրդական արհեստագործության, կրկեսային արվեստի բնագավառներում տեղեկատվության փոխանակումը, ինչպես նաև այս բնագավառների ներկայացուցիչների մասնակցությունը երկու երկրների տարածքներում կազմակերպվող միջազգային փառատոներին:
Հոդված 2
Կողմերը երկկողմ նախագծերի հիման վրա նաև կօժանդակեն թատերական խմբերի, երաժիշտ-կատարողների հյուրախաղերի և ելույթների կազմակերպմանը, գեղարվեստական ցուցահանդեսների և թանգարանային նմուշների փոխանակմանը, պրոֆեսիոնալ արվեստի ու ժողովրդական ստեղծագործության ոլորտում փառատոների, մրցույթների, գիտաժողովների, սեմինարների և այլ միջոցառումների անցկացմանը:
Հոդված 3
Կողմերը կնպաստեն ուղղակի համագործակցության զարգացմանը թատրոնների, համերգային կազմակերպությունների, պատմամշակութային ժառանգության օբյեկտների պահպանությամբ զբաղվող հաստատությունների, գրադարանների և ուսումնական ու մշակութային այլ հաստատությունների միջև:
Հոդված 4
Կողմերը կօժանդակեն ստեղծագործական միությունների, ինչպես նաև մշակույթի գործիչների միջև փոխադարձ կապերի զարգացմանը:
Հոդված 5
Կողմերը կհամագործակցեն գեղարվեստական կրթության, մշակույթի և արվեստի ոլորտի աշխատողների և մասնագետների որակավորման բարձրացման, գիտամեթոդական տեղեկատվության փոխանակման, դասախոսների և ուսանողների վերապատրաստման բնագավառում:
Կողմերը կհրավիրեն մյուս Կողմի մշակույթի գործիչների, գիտնականների և մասնագետների` մասնակցելու երկու երկրների տարածքներում կազմակերպվող միջազգային բնույթի համագումարների, գիտաժողովների, փառատոների և այլ միջոցառումների:
Հոդված 6
Կողմերը կերաշխավորեն իրենց տնօրինության տակ գտնվող թանգարանային և գրադարանային ֆոնդերը կազմող մշակութային արժեքների հավաքածուների մատչելիությունը:
Հոդված 7
Կողմերը կհամագործակցեն երկու երկրներից ապօրինաբար արտահանված արվեստի առարկաները և հնաոճ իրերը վերադարձնելու բնագավառում:
Հոդված 8
Կողմերը կաջակցեն երկու երկրների կինեմատոգրաֆիական կազմակերպությունների և կինոգործիչների համագործակցությանը, ներառյալ` ֆիլմերի և տեսաարտադրանքի փոխանակմանը, մասնակցությանը փառատոներին, գովազդային նյութերի, ամսագրերի և տվյալ ոլորտում այլ հրապարակումների փոխանակմանը:
Հոդված 9
Կողմերը տեղեկատվություն կփոխանակեն մշակույթի բնագավառում գիտական հետազոտությունների վերաբերյալ, ակտիվորեն կկիրառեն գիտական փոխանակումների և համագործակցության տարաբնույթ ձևեր:
Հոդված 10
Կողմերը կհամագործակցեն միմյանց, ինչպես նաև մտավոր սեփականության պաշտպանության և հատկապես հեղինակային իրավունքի պաշտպանության հարցերով զբաղվող միջազգային համապատասխան կազմակերպությունների հետ:
Հոդված 11
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից ազգային օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի կատարման մասին դիվանագիտական ուղիներով փոխադարձաբար ծանուցման օրվանից և գործում է անորոշ ժամկետով:
Սույն Համաձայնագրի գործողությունը կարող է դադարեցվել Կողմերից մեկի` մյուս Կողմին նման մտադրության մասին դիվանագիտական ուղիներով ծանուցելուց վեց ամիս հետո:
Կատարված է Երևան քաղաքում, 2005 թվականի հոկտեմբերի 7-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, լատիշերեն և ռուսերեն, ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման հարցում տարաձայնության դեպքում գերակայություն ունի ռուսերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2006թ. հունիսի 26-ից: