Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետության Կառավարության եվ Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջեվ երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության ընթացքում օգտագործվող եվ ստացվող` մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ իրավունքների փոխադարձ պաշտպանության մասին
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Ռուսաստանի Դաշնության Կառավարությունը, այսուհետ` Կողմեր,
ղեկավարվելով 2003 թ. հունվարի 17-ի` Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրով,
գիտակցելով երկու պետությունների միջև երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության ընթացքում մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ իրավունքների պաշտպանության կարևորությունը,
նկատի ունենալով երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության ընթացքում մտավոր գործունեության արդյունքներն օգտագործելիս իրավախախտումների կանխման ուղղությամբ Կողմերի ջանքերի համակարգման և արդյունավետ միջոցների ձեռնարկման անհրաժեշտությունը,
հիմնվելով հավասարության և փոխշահավետության սկզբունքների վրա,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
Սույն Համաձայնագրի նպատակների համար կիրառվում են հետևյալ հասկացությունները.
«ռազմատեխնիկական համագործակցություն» - գործունեություն միջազգային հարաբերությունների ոլորտում` կապված ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման, այդ թվում` մատակարարման կամ գնման, ինչպես նաև դրա մշակման, արտադրության և արդիականացման հետ,
«մտավոր սեփականություն» - հասկացվում է 1967 թ. հուլիսի 14-ին Ստոկհոլմում ստորագրված` Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության հիմնադրման կոնվենցիայի (1979 թ. հոկտեմբերի 2-ի փոփոխություններով) 2-րդ հոդվածում նշված իմաստով,
«տեղեկատվություն» - տեղեկություններ երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության ընթացքում կնքված պայմանագրերի (կոնտրակտների) առարկային առնչվող առարկաների, փաստերի, իրադարձությունների, երևույթների և գործընթացների մասին և այդ պայմանագրերի կատարման և (կամ) ձեռք բերված արդյունքների մասին` անկախ դրանց ներկայացման ձևից,
«կոնֆիդենցիալ տեղեկատվություն» - երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության ընթացքում կնքված պայմանագրերի (կոնտրակտների) առարկային առնչվող տեղեկատվություն, ներառյալ «նոու-հաու»-ն, այդ թվում` այնպիսի տեղեկատվությունը, որն ունի իրական կամ հնարավոր առևտրային արժեք երրորդ անձանց հայտնի չլինելու պատճառով, որի նկատմամբ չկա օրինական հիմքով ազատ մուտք, և որին տիրապետողը միջոցներ է ձեռնարկում դրա կոնֆիդենցիալության ապահովման ուղղությամբ,
«ռազմական նշանակության արտադրանք» - սպառազինություն, ռազմական տեխնիկա, աշխատանքներ, ծառայություններ, մտավոր գործունեության արդյունքներ, այդ թվում` դրանց նկատմամբ բացառիկ իրավունքներ (մտավոր սեփականություն), ինչպես նաև երկկողմ ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող տեղեկատվություն,
«մտավոր գործունեության արդյունքներ» - գիտական, նախագծային, տեխնիկական և տեխնոլոգիական լուծումներ, որոնք պարունակվում են տեխնիկական և գիտատեխնիկական փաստաթղթերում, ամրագրված են նյութական կրիչների վրա, ինչպես նաև պարունակվում են երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության ընթացքում գիտահետազոտական, փորձարարակոնստրուկտորական և տեխնոլոգիական աշխատանքների արդյունքում ստացված փորձարարական նմուշներում, արտադրանքի մանրակերտերում (մակետներում),
«մտավոր գործունեության օգտագործվող արդյունքներ» - մտավոր գործունեության արդյունքներ, որոնց նկատմամբ իրավունքները պատկանում են Կողմերից մեկի պետությանը և (կամ) պայմանագրերի (կոնտրակտների) մասնակիցներին, և որոնք անհրաժեշտ են երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության ընթացքում կնքված պայմանագրերի (կոնտրակտների) կատարման համար,
«մտավոր գործունեության ստացված արդյունքներ» - երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության ընթացքում ստեղծված` մտավոր գործունեության արդյունքներ,
«պայմանագրերի (կոնտրակտների) մասնակիցներ» - Կողմերի պետությունների ձեռնարկություններ, միավորումներ և կազմակերպություններ, որոնք, Կողմերի պետությունների օրենսդրությանը համապատասխան, ստացել են ռազմական նշանակության արտադրանքի նկատմամբ արտաքին առևտրային գործունեություն իրականացնելու և նշված գործունեությանը վերաբերող պայմանագրերի (կոնտրակտների) կնքման իրավունք:
Հոդված 2
Կողմերն ապահովում են երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության ընթացքում օգտագործվող և ձեռք բերվող` մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ իրավունքների պաշտպանությունը` Կողմերի պետությունների օրենսդրություններին, ինչպես նաև այն միջազգային պայմանագրերին համապատասխան, որոնց մասնակից են Կողմերի պետությունները:
Հոդված 3
Սույն Համաձայնագրի իրականացման համար Կողմերի լիազորված մարմիններն են.
հայկական կողմից` Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը,
ռուսական կողմից` Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունը:
Սույն Համաձայնագրի իրականացման լիազորությունները այլ լիազորված մարմնի փոխանցելու կամ լիազորված մարմնի անվանափոխության դեպքում համապատասխան Կողմը այդ մասին տեղեկացնում է մյուս Կողմին դիվանագիտական ուղիներով:
Կողմերը և Կողմերի լիազորված մարմինները հսկողություն են իրականացնում պայմանագրերի (կոնտրակտների) մասնակիցների գործունեության նկատմամբ սույն Համաձայնագրի դրույթների կատարման առումով` Կողմերի պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 4
Երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության ընթացքում մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ իրավունքների պաշտպանությունն իրականացվում է.
օգտագործվող և ձեռք բերված մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերի համաձայնեցմամբ,
մտավոր գործունեության արդյունքների օգտագործման բնագավառում իրավախախտումների կանխման ուղղությամբ միջոցառումների իրականացմամբ,
Կողմերից մեկի կամ պայմանագրի (կոնտրակտի) մասնակցի կողմից մյուս Կողմի կամ պայմանագրի (կոնտրակտի) մասնակցի հարցմամբ
մտավոր գործունեության արդյունքների օգտագործման կարգը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտերի տրամադրման միջոցով,
մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ իրավունքների պաշտպանության հարցերով փորձի փոխանակմամբ,
միջազգային համագործակցության փորձի, ինչպես նաև Կողմերից յուրաքանչյուրի պետության` մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության հարցերի մասին այլ միջազգային պայմանագրերին մասնակցության վերաբերյալ տեղեկատվության փոխանակման միջոցով, եթե դա չի հակասում այլ պետությունների նկատմամբ Կողմերի պետությունների ստանձնած պարտավորություններին,
Կողմերի կողմից համաձայնեցված համագործակցության այլ ձևերով:
Հոդված 5
Մտավոր գործունեության ստացված արդյունքների նկատմամբ իրավունքները բաշխվում են երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության ընթացքում կնքվող պայմանագրերով (կոնտրակտներով) սահմանված պայմաններով` հաշվի առնելով համապատասխան պայմանագրի (կոնտրակտի) յուրաքանչյուր մասնակցի ավանդը:
Հոդված 6
Երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության ընթացքում պայմանագիր (կոնտրակտ) կնքելիս պայմանագրի (կոնտրակտի) մասնակիցները սահմանում են.
մտավոր գործունեության արդյունքները, որոնք ենթադրվում է, որ կստեղծվեն կամ կօգտագործվեն պայմանագրի (կոնտրակտի) կատարման ժամանակ, և մտավոր գործունեության ստացված արդյունքների նկատմամբ իրավունքների բաշխումը,
պայմանագրի (կոնտրակտի) յուրաքանչյուր մասնակցի ավանդը դրա իրականացման գործում, ներառյալ մտավոր գործունեության օգտագործվող արդյունքները,
պայմանագրի (կոնտրակտի) մասնակիցների պարտավորությունները մտավոր գործունեության` օգտագործվող և ստացված արդյունքների իրավական պաշտպանության ապահովման ուղղությամբ,
Կողմերի պետությունների տարածքներում, ինչպես նաև երրորդ պետությունների տարածքներում մտավոր գործունեության` օգտագործվող և ստացված արդյունքների կիրառման տեսակները և ծավալները,
պայմանագրի (կոնտրակտի) մասնակիցներից յուրաքանչյուրի իրավունքները մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ իրավունքների պաշտպանության ուղղությամբ` մյուս մասնակցի կողմից իր պարտավորությունների խախտման դեպքում,
պայմանագրի (կոնտրակտի) յուրաքանչյուր մասնակցի` կոնֆիդենցիալ տեղեկատվություն օգտագործելու իրավունքները և դրա պահպանության ապահովման ուղղությամբ փոխադարձ պարտավորությունները,
մտավոր գործունեության ստացված արդյունքների վերաբերյալ տեղեկությունների փոխանցման, փոխանակման և (կամ) հրապարակման կարգն ու պայմանները,
պայմանագրի (կոնտրակտի) մասնակիցներից մեկին այդ մասնակցին պատկանող մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ իրավունքների ոչ օրինաչափ օգտագործման արդյունքում հասցված վնասի փոխհատուցման կարգը:
Հոդված 7
Այն դեպքում, եթե Կողմերից և (կամ) պայմանագրի (կոնտրակտի) մասնակիցներից մեկը համարում է, որ երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության ընթացքում պայմանագրի (կոնտրակտի) կատարման ժամանակ ստացվել են այնպիսի մտավոր գործունեության արդյունքներ, որոնց նկատմամբ իրավունքները չեն պաշտպանվում Կողմերի պետությունների օրենսդրություններով, Կողմերը և (կամ) պայմանագրի (կոնտրակտի) մասնակիցներն անհապաղ անցկացնում են խորհրդակցություններ դրանց պաշտպանության հարցերով:
Հոդված 8
Կողմերը և (կամ) պայմանագրերի (կոնտրակտների) մասնակիցները միմյանց տեղեկացնում են մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ իրավունքների պաշտպանության հարցերով երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության այլ մասնակիցների հետ կնքվող պայմանագրերի (կոնտրակտների) նախագծերի մասին, ինչպես նաև երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության ընթացքում ստացված տեղեկատվության օգտագործման պայմանների մասին:
Հոդված 9
Մտավոր գործունեության` օգտագործվող և ստացված արդյունքների նկատմամբ իրավունքների փոխանցումն իրականացվում է Կողմերի պետությունների օրենսդրությանը և նրանց միջազգային պարտավորություններին համապատասխան:
Կողմերից և (կամ) պայմանագրի (կոնտրակտի) մասնակիցներից մեկի կողմից մտավոր գործունեության ստացված արդյունքների նկատմամբ իրավունքների փոխանցումը երրորդ կողմին իրականացվում է միայն մյուս Կողմի պետության գրավոր համաձայնությամբ:
Հոդված 10
Կողմը և (կամ) պայմանագրի (կոնտրակտի) մասնակիցը, իր պետության օրենսդրությանը համապատասխան, անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում իր պետության տարածքում մյուս Կողմի պետությանը կամ պայմանագրերի (կոնտրակտների) մասնակիցներին պատկանող` մտավոր գործունեության արդյունքների օգտագործմամբ (առանց այդ մյուս Կողմի պետության գրավոր համաձայնության) պատրաստված ռազմական նշանակության արտադրանքի արտադրությունը, ինչպես նաև այն իր պետության տարածքից երրորդ պետությունների տարածք տարածելը կանխելու համար:
Հոդված 11
Կողմերը և (կամ) պայմանագրերի (կոնտրակտների) մասնակիցները որոշում են երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության արդյունքում ստացված` մտավոր գործունեության արդյունքների արտոնագրման կամ դրանց` որպես կոնֆիդենցիալ տեղեկատվություն պահպանելու նպատակահարմարությունը:
Պահպանող փաստաթղթերի տրամադրման համար Կողմերի և (կամ) պայմանագրերի (կոնտրակտների) մասնակիցների կողմից հայտագրերի ներկայացումը կատարվում է հետևյալ կարգով.
Հայաստանի Հանրապետությունում ստեղծված` մտավոր գործունեության արդյունքների վերաբերյալ պահպանող փաստաթղթերի տրամադրման հայտագրերը տրվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան` նման հայտագրերը քննարկելու լիազորություն ունեցող գործադիր իշխանության մարմնին:
Ռուսաստանի Դաշնությունում ստեղծված` մտավոր գործունեության արդյունքների վերաբերյալ պահպանող փաստաթղթերի տրամադրման հայտագրերը տրվում են Ռուսաստանի Դաշնության օրենսդրության համապատասխան` նման հայտագրերը քննարկելու լիազորություն ունեցող գործադիր իշխանության դաշնային մարմիններին:
Հոդված 12
Երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության ընթացքում օգտագործվող և (կամ) ստացված` մտավոր գործունեության արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը, որը Կողմերից և (կամ) պայմանագրի (կոնտրակտի) մասնակիցներից մեկի կողմից ճանաչվել է կոնֆիդենցիալ, որպես այդպիսին կճանաչվի նաև մյուս Կողմի և (կամ) պայմանագրի (կոնտրակտի) մասնակցի կողմից:
Այդպիսի տեղեկատվությունը հատուկ կնշվի պայմանագրում (կոնտրակտում). ընդ որում` պայմանագրում (կոնտրակտում) կսահմանվեն դրա մասնակիցների` կոնֆիդենցիալության ռեժիմի ապահովման փոխադարձ պարտավորությունները և գործնական միջոցները: Այդպիսի տեղեկատվության կրիչների վրա դրվում է «կոնֆիդենցիալ» նշումը: Կողմերը և (կամ) պայմանագրի (կոնտրակտի) մասնակիցները սահմանափակում են կոնֆիդենցիալ տեղեկատվությանը հասանելիության իրավունք ունեցող անձանց քանակը:
Սույն Համաձայնագրի շրջանակներում փոխանցվող ցանկացած տեղեկատվություն օգտագործվում է բացառապես սույն Համաձայնագրի նպատակներով:
Կողմերի և (կամ) պայմանագրի (կոնտրակտի) մասնակիցների միջև կոնֆիդենցիալ տեղեկատվության փոխանցման փաստերը արձանագրվում են փաստաթղթերով:
Հայաստանի Հանրապետությունում պետական և ծառայողական գաղտնիք կազմող կամ Ռուսաստանի Դաշնությունում պետական գաղտնիք կազմող տեղեկությունների փոխադարձ փոխանցման և պահպանման կարգը սահմանվում է 2002 թ. նոյեմբերի 5-ի` Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև Գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրով:
Հոդված 13
Սույն Համաձայնագրում Կողմերի համաձայնությամբ կարող են կատարվել առանձին արձանագրություններով ձևակերպվող փոփոխություններ, որոնք հանդիսանում են Համաձայնագրի անբաժանելի մասը:
Հոդված 14
Սույն Համաձայնագրի կիրառման կամ մեկնաբանման հետ կապված վեճեր ծագելու դեպքում Կողմերի լիազորված մարմինները կանցկացնեն խորհրդակցություններ կամ բանակցություններ:
Հոդված 15
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Կողմերի կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրվանից:
Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի յուրաքանչյուր հաջորդ տարվա համար, եթե Կողմերից որևէ մեկը սույն Համաձայնագրի գործողության հերթական ժամանակահատվածը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ մյուս Կողմին չծանուցի դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը չի ազդի սույն Համաձայնագրով նախատեսված` չավարտված պարտավորությունների կատարման ընթացքի վրա, եթե Կողմերն այլ բան չպայմանավորվեն:
Կատարված է 2005 թվականի դեկտեմբերի 2-ին, Երևան քաղաքում, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն. ընդ որում` երկու տեքստերն էլ հավասարազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2006 թ. օգոստոսի 31-ից: