Գլխավոր տեղեկություն
Տիպ
Վճիռ
Ակտի տիպ
Base act (29.04.2003-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
29.04.2003
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.04.2003

Ներմուծեք նկարագրությունը_15382

ՊՈԼՏՈՐԱՑԿԻՆ ԸՆԴԴԵՄ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԳՈՐԾԸ

 

CASE OF POLTORATSKIY v. UKRAINE

 

Դատարանի 2003թ. ապրիլի 29-ի վճիռը

 

Ստրասբուրգ

 

ՓԱՍՏԵՐ

 

I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

 

A. Իրադարձությունների համառոտ նկարագրությունը

 

9. 1995թ. դեկտեմբերի 12-ին Իվանո-Ֆրանկովսկի մարզային դատարանը դիմողին մեղավոր է ճանաչել չորս անձանց սպանության մեջ և նրան դատապարտել մահապատժի` անձնական գույքի բռնագրավմամբ:

10. 1996թ. փետրվարի 22-ին Գերագույն դատարանը մարզային դատարանի վճիռը թողել է անփոփոխ: Դիմողը Ներքին գործերի Իվանո-Ֆրանկովսկի մարզային վարչության` մեկուսարանների համար պատասխանատու ստորաբաժանման կողմից փոխադրվել է մահապատժի իրականացմանը սպասող անձանց պահելու համար նախատեսված բանտախցերից մեկը:

11. 1997թ. մարտի 11-ից գործել է մահապատժի կիրառման վերաբերյալ Ուկրաինայի Նախագահի հայտարարած դադարեցումը: 1999թ. դեկտեմբերի 29-ի թիվ 11Րտ/99 որոշմամբ Ուկրաինայի սահմանադրական դատարանը սահմանել է, որ մահապատժի վերաբերյալ Քրեական օրենսգրքի դրույթները հակասում են Ուկրաինայի Սահմանադրությանը: Արդյունքում, մահապատիժը 2000թ. փետրվարի 22-ի թիվ 1483-III օրենքով փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ:

12. 2000թ. հունիսի 2-ին Իվանո-Ֆրանկովսկի մարզային դատարանը դիմողի նկատմամբ նշանակված մահապատիժը փոխարինել է ցմահ ազատազրկմամբ:

 

B. Փաստերը

 

13. Դիմողին Իվանո-Ֆրանկովսկի բանտում պահելու պայմաններին և այնտեղ նրա անցկացրած ժամանակահատվածում տեղի ունեցած դեպքերին վերաբերող փաստերը վիճահարույց էին:

14. Փաստերի շարադրանքն ըստ դիմողի վարկածի` ներկայացված է ստորև` 17-23-րդ կետերում: Փաստերի շարադրանքն ըստ Կառավարության վարկածի` ներկայացված է ստորև` 24-30-րդ կետերում:

15. Հանձնաժողովին և Դատարանին ներկայացված փաստերի նկարագրությունը ներկայացված է ստորև` 31-58-րդ կետերում:

16. Դիմողի ազատազրկման պայմանների և Իվանո-Ֆրանկովսկի բանտում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ վեճի լույսի ներքո փաստերի իսկությունն ստուգելու նպատակով Կոնվենցիայի նախկին 28-րդ հոդվածի 1 (a) կետին համապատասխան Հանձնաժողովն իրականացրել է սեփական հետաքննություն: Այդ կապակցությամբ Հանձնաժողովը քննության է առել դիմողի և Կառավարության կողմից իրենց համապատասխան հայտարարություններին կից ներկայացված մի շարք փաստաթղթեր և երեք անձի կազմով պատվիրակություն գործուղել` 1998թ. նոյեմբերի 23-ին և 26-ին Կիևում` Արդարադատության նախարարությունում և 1998թ. նոյեմբերի 24-ին և 25-ին` Իվանո-Ֆրանկովսկում կազմակերպված լսումների ընթացքում վկաներից ցուցմունք վերցնելու համար: Ցուցմունքների գնահատանքը և դրանց վերաբերյալ Հանձնաժողովի եզրակացությունը ներկայացված են ստորև` 59-75-րդ կետերում:

 

1. Փաստերի շարադրանքն ըստ դիմողի վարկածի

 

17. 1995թ. դեկտեմբերի 12-ին Իվանո-Ֆրանկովսկի մարզային դատարանը դիմողին մեղավոր է ճանաչել չորս անձանց սպանության մեջ և նրան դատապարտել մահապատժի` անձնական գույքի բռնագրավմամբ: Առաջին ատյանի դատարանի դատավճռից հետո նա փոխադրվել է առանձին բանտախուց: Նրան արգելված էր նամակագրություն վարել ընտանիքի հետ և տեսակցել իր փաստաբանին: Նա բազմիցս թույլտվություն է խնդրել հանդիպելու իր փաստաբանին:

18. 1996թ. փետրվարի 22-ին Գերագույն դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի դատավճիռը: Ներքին գործերի մեկուսարանների համար պատասխանատու ստորաբաժանման որոշմամբ դիմողը փոխադրվել է մահապատժի իրականացմանն սպասող դատապարտյալների համար նախատեսված բանտախուց: 1996թ. մարտի 30-ին դիմողի փաստաբանը թույլտվություն է խնդրել տեսակցելու դիմողին` վերջինիս գործով Գերագույն դատարանի որոշումը նրան հանձնելու նպատակով: Բանտի տնօրենը մերժել է նրա խնդրանքը:

19. Մահապատժի դատապարտված անձանց պահելու պայմանները կարգավորվում էին 1993թ. Նախնական կալանքի վերաբերյալ օրենքով (այսուհետ` Օրենք) և 1998թ. ապրիլի 20-ի հրահանգով (այսուհետ` Հրահանգ), որոնց բովանդակությունը հույժ գաղտնի էր: Հրահանգի դրույթների համաձայն` բացօթյա զբոսանքը, հեռուստացույց դիտելը, լրագրեր գնելը և ազգականներից հանձնուք ստանալն արգելվում էր: Այդպիսով, Հրահանգը դիմողին թույլ չէր տալիս օգտվել Օրենքով երաշխավորված իր իրավունքներից:

20. Բանտային պայմանների վերաբերյալ դիմողի հոր ներկայացրած բողոքին տրված պատասխանում Իվանո-Ֆրանկովսկի Ներքին գործերի վարչության պետի տեղակալը հղում է կատարել Հրահանգին: Ավելին, ըստ բանտի փոխտնօրենից ստացած տեղեկությունների` Օրենքի գործողությունը նրա որդու վրա չէր տարածվում: Եթե Օրենքի գործողությունը նրա վրա տարածվեր, ապա նա դրա 9(1) և 13-րդ բաժինների հիման վրա իրավունք կունենար դուրս բերվել բացօթյա զբոսանքի, ամսական երկու անգամ հանձնուք ստանալ և հեռուստացույց դիտել: Այդուամենայնիվ, այդ իրավունքները խստիվ արգելված էին 1995-1998թթ. ժամանակահատվածում: Մինչև 1997թ. սեպտեմբերը դիմողը զրկված էր նաև նամակներ ուղարկելու և ստանալու իրավունքից: Միայն դրանից հետո էր բանտի փոխտնօրենը դիմողի մորը բանավոր հայտնել, որ իրենց որդին կարող է նամակներ ուղարկել և ստանալ: Բացի դրանից, առանց որևէ պարզաբանման` 1995թ. մայիսի 29-ին և 1996թ. հունիսի 10-ին և հուլիսի 31-ին մերժվել էին որդուն այցելելու վերաբերյալ դիմողի հոր դիմումները: 1996թ. հուլիսից սկսած դիմողի հորն ամենամսյա` երկու ժամ տևողությամբ, տեսակցությունների փոխարեն թույլ էին տալիս տեսակցել միայն երեք ամիսը մեկ անգամ` ոչ ավելի, քան մեկ ժամ տևողությամբ:

21. Ինչ վերաբերում է հոգևորականի այցելություններին, դիմողի հայրը և հոգևորականության ներկայացուցիչները պարբերաբար, սակայն անօգուտ դիմել էին բանտի վարչակազմին և Ներքին գործերի Իվանո-Ֆրանկովսկի մարզային վարչության` մեկուսարանների համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավարությանը` դիմողին հոգևորականի հետ տեսակցելու իրավունք տալու խնդրանքով:

22. Եվ, վերջապես, դիմողը հայտարարել է, որ բազմիցս բողոք է ներկայացրել բանտային պայմանների վերաբերյալ: Նա նաև դիմել է բանտի վարչակազմին` Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու թույլտվություն ստանալու խնդրանքով, սակայն` անօգուտ:

23. 1998թ. մարտի 6-ին Հանձնաժողովին հղած նամակում դիմողի հայրը տեղեկացրել է, որ 1998թ. մարտի 4-ին տեսել է իր որդուն և նրանից իմացել, որ 1998թ. փետրվարի կեսերին Ներքին գործերի նախարարության հանձնաժողովն ստուգումներ է անցկացրել բանտում: Հանձնաժողովի գնալուց հետո բանտարկյալը փոխադրվել է ավելի վատ կահավորված և կեղտոտ բանտախուց: Խցի պատուհանն ամբողջությամբ ծածկված է եղել շերտավարագույրով: Զուգարանակոնքը լվանալու հարմարանքի բացակայության պատճառով այն հնարավոր չէր մաքրել, ինչի պատճառով անտանելի գարշահոտություն էր տարածվում: Ավելին, դիմողին օրական 250 միլիլիտր տաք ջուր էին տրամադրում թեյ և կաթ պատրաստելու համար: Նրա մոտ եղած ողջ սնունդն առգրավվել էր, Աստվածաշունչը` ևս: Նրան արգելվել էր պարբերական մամուլ ընթերցել, իսկ նոթատետրն ու օրացույցը նույնպես առգրավվել էին:

 

2. Փաստերի շարադրանքն ըստ Կառավարության վարկածի

 

24. Կառավարությունը նշել է, որ մահապատժի դատապարտված անձանց պահելու պայմանները կանոնակարգվում են Օրենքով և Քրեական դատավարության օրենսգրքով: Օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` մահապատժի դատապարտված անձը պահվում է այլ բանտարկյալներից անջատ: Բանտախուցը, որտեղ դիմողը փոխադրվել էր դատավճիռն ուժի մեջ մտնելուց հետո, համապատասխանում է Օրենքի 11-րդ բաժնով սահմանված սանիտարական և հիգիենիկ պայմաններին. բանտախցի մակերեսը 9 քառակուսի մետր էր` մահճակալով, սեղանով, ռադիոընդունիչով, բավարար բնական և էլեկտրական լուսավորությամբ, ջեռուցմամբ, հոսող ջրով և արտաքնոցով:

25. Դիմողն օրական երեք անգամ ապահովվել է սննդով, սահմանված ձևի հագուստով և կոշիկով, ինչպես նաև ամենօրյա օգտագործման այլ պարագաներով: Ապահովվել են նաև բժշկական օգնությունը, բուժումը, կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները, որոնք իրականացվում էին առողջապահության վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան:

26. Օրենքի 12-րդ բաժնի համաձայն` մինչև դատավճիռն ի կատար ածելը մահապատժի դատապարտված բանտարկյալներին, որպես կանոն, ամսական ոչ ավելի, քան մեկ անգամ թույլատրվում էր տեսակցություն ունենալ ազգականների և այլ անձանց հետ` դատավճիռը կայացրած դատարանի գրավոր թույլտվությամբ: Տեսակցության առավելագույն տևողությունը երկու ժամ էր: Գործը վերաքննիչ դատարանի կողմից քննվելուց հետո փաստաբանների և այլ իրավախորհրդատուների հետ տեսակցությունները կարող էին թույլատրվել Ներքին գործերի նախարարության գլխավոր վարչության պետի, Ներքին գործերի մարզային վարչության պետի կամ մեկուսարանների գծով նրա տեղակալի կողմից: Օրենքի 12-րդ բաժնի համաձայն` պաշտպանի հետ տեսակցությունները թույլատրվում էին առանց դրանց թվի և տևողության սահմանափակման:

27.1995թ. դեկտեմբերի 13-ին, առաջին ատյանի դատարանի դատավճռի կայացումից հետո, դիմողի ծնողները և փաստաբանը նրան այցելելու թույլտվություն են ստացել: Ծնողները դիմողին այցելել են 1995թ. դեկտեմբերի 15-ին և 1996թ. հունվարին: Փաստաբանը դիմողին այցելել է 1995թ. դեկտեմբերի 21-ին և 1996թ. հունվարի 7-ին: 1996թ. փետրվարի 22-ից 1997թ. դեկտեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում դիմողի ծնողները վերջինիս տեսակցելու թույլտվություն ստանալու համար Իվանո-Ֆրանկովսկի Ներքին գործերի մարզային վարչություն դիմել են 1996թ. փետրվարի 24-ին, մարտի 4-ին, ապրիլի 5-ին, մայիսի 4-ին, հուլիսի 2-ին, հոկտեմբերի 1-ին, նոյեմբերի 18-ին և դեկտեմբերի 25-ին, ինչպես նաև 1997թ. հունիսի 3-ին ու 20-ին և սեպտեմբերի 19-ին: Նրանց տեսակցություն թույլատրվել էր 1996թ. փետրվարի 24-ին, մարտի 5-ին, ապրիլի 5-ին, մայիսի 4-ին, հուլիսի 2-ին, հոկտեմբերի 4-ին և դեկտեմբերի 4-ին, ինչպես նաև 1997թ. մարտի 4-ին, հունիսի 4-ին, սեպտեմբերի 4-ին և դեկտեմբերի 4-ին:

28. Դիմողի փաստաբանը տեսակցության իրավունք ստանալու համար դիմել է 1996թ. ապրիլի 25-ին, նոյեմբերի 11-ին, դեկտեմբերի 18-ին և 19-ին: Տեսակցության առաջին թույլտվությունը տրամադրվել է 1996թ. մայիսի 7-ին, մնացած դիմումները ևս համապատասխանաբար բավարարվել էին:

29. Մահապատժի դատապարտված անձանց թույլատրվում էր ուղարկել անսահմանափակ թվով նամակներ: 1995-98թթ. ժամանակահատվածում դիմողն ուղարկել է երեսունմեկ նամակ` քսանչորս նամակ իր քրեական գործի վերաբերյալ և յոթ նամակ` իր ազգականներին: Ազգականներին նամակներ ուղարկելու թույլտվության համար դիմողը Ներքին գործերի մարզային վարչություն առաջին անգամ դիմել է 1997թ. դեկտեմբերի 17-ին: Այնուհետև նա իր ծնողներին նամակներ է ուղարկել 1997թ. նոյեմբերի 19-ին և 26-ին և դեկտեմբերի 31-ին, ինչպես նաև 1998թ. հունվարի 5-ին, 16-ին, 20-ին և 30-ին, փետրվարի 3-ին, մարտի 11-ին, ապրիլի 6-ին, մայիսի 15-ին, հունիսի 17-ին, հուլիսի 6-ին, օգոստոսի 10-ին, սեպտեմբերի 15-ին, հոկտեմբերի 22-ին, նոյեմբերի 13-ին և դեկտեմբերի 11-ին: Նա իր ծնողներից նամակներ է ստացել 1997թ. սեպտեմբերի 18-ին և 29-ին, հոկտեմբերի 19-ին, նոյեմբերի 20-ին և դեկտեմբերի 24-ին, ինչպես նաև 1998թ. հունվարի 16-ին և 26-ին, փետրվարի 6-ին, 10-ին և 23-ին, մարտի 14-ին և 16-ին, ապրիլի 17-ին, մայիսի 14-ին, հունիսի 1-ին և 8-ին, հուլիսի 1-ին և 30-ին, օգոստոսի 20-ին, սեպտեմբերի 29-ին, հոկտեմբերի 10-ին, 22-ին և 27-ին, նոյեմբերի 4-ին, 20-ին, 26-ին և 30-ին, դեկտեմբերի 4-ին, 17-ին և 21-ին:

30. Կառավարությունն այնուհետև նշել է, որ Գլխավոր դատախազը հիմնավոր քննություն է իրականացրել դիմողի գործով քննության ապօրինի մեթոդներ, մասնավորապես, խոշտանգումներ, դաժան և անմարդկային վերաբերմունք կիրառելու մասին դիմողի և նրա ծնողների կողմից ներկայացված բողոքների առնչությամբ: Նշված խախտումների փաստերը չեն հաստատվել, և բողոքն անհիմն է համարել: Դիմողի, նրա ծնողների, ներկայացուցչի և պաշտպանի բողոքները փաստացի ստացվել են 1996թ. մարտի 11-ին, ապրիլի 8-ին, մայիսի 13-ին, 14-ին և 29-ին, հուլիսի 24-ին, սեպտեմբերի 11-ին և հոկտեմբերի 25-ին, ինչպես նաև 1997թ. մարտի 5-ին և 17-ին, մայիսի 19-ին և հուլիսի 25-ին, իսկ դրանց պատասխանվել է 1996թ. մարտի 20-ին և 23-ին, ապրիլի 23-ին և 24-ին, մայիսի 23-ին, հունիսի 27-ին, օգոստոսի 1-ին, սեպտեմբերի 30-ին և նոյեմբերի 14-ին, ինչպես նաև 1997թ. մարտի 28-ին ու 31-ին և մայիսի 20-ին: 1997թ. հուլիսի 31-ին նամակագրությունը և դիմողի ու նրա ծնողների ներկայացրած բողոքների հետ կապված ընթացակարգերը դադարեցվել են համաձայն Օրենքի 12-րդ բաժնի:

 

C. Փաստաթղթային ապացույցներ

 

31. 1998թ. մայիսի 26-ին բանտի տնօրենը դիմողի հոր` 1998թ. մայիսի 10-ի բողոքին ի պատասխան հղած նամակով տեղեկացրել է, որ մահապատժի դատապարտված անձանց տարեկան թույլատրվում է ստանալ տասներկու նամակ: Նա տեղեկացրել է նաև, որ դիմողը տեղեկացվել է իր իրավունքների ու պարտականությունների մասին:

32. Իվանո-Ֆրանկովսկի մարզային դատախազն իր 1998թ. օգոստոսի 10-ի նամակով դիմողի հորը հայտնել է, որ մահապատժի դատապարտված անձանց տեսակցությունների և նամակագրության հարցերը կարգավորվում են Հրահանգով, այլ ոչ թե Օրենքով, ինչին իր բողոքում հղում էր կատարել դիմողի հայրը:

33. 1998թ. սեպտեմբերի 4-ին մարզային դատախազին հասցեագրած գրավոր բողոքում դիմողի հայրը, inter alia նշել է, որ իրենք իրենց որդուն երեք ամիս չեն տեսել, որ 1998թ. հուլիսի 5-ից ի վեր նրանից որևէ նամակ չեն ստացել, որ 1998թ. սեպտեմբերի 2-ին տեղեկացել են, որ իրենց որդին ենթարկվել է ծեծի ու ստորացումների, որ բանտի փոխտնօրեն պարոն Իվաշկոն միջամտել է 1998թ. սեպտեմբերի 2-ին կայանալիք իրենց տեսակցությանը, երբ իրենց որդին սկսել է խոսել բանտային պայմանների մասին, և որ մեկ տարի և վեց ամիս շարունակ վերջինս զրկված է եղել հոգևորականի հետ տեսակցելու իրավունքից` չնայած իր խնդրանքներին:

34. 1998թ. սեպտեմբերի 10-ի իր նամակում մարզային դատախազը դիմողի հորը տեղեկացրել է, որ դիմողի տեսակցությունների և նամակագրության հարցերը կարգավորվում են ներպետական օրենսդրությամբ, և որ բանտի վարչակազմը գործել է այդ օրենսդրության շրջանակներում:

35. 1998թ. սեպտեմբերի 10-ին Իվանո-Ֆրանկովսկի մարզային դատախազի տեղակալը Գլխավոր դատախազին ներկայացրել է զեկուցագիր` բանտի վարչակազմի կողմից դիմողի տեսակցությունների և նամակագրության իրավունքի խախտումների առնչությամբ դիմողի հոր բողոքի հիման վրա իրականացված քննության արդյունքների վերաբերյալ: Զեկուցագրում նշվել է, որ քննությամբ բանտի վարչակազմի կողմից դիմողի իրավունքների խախտում չի հայտնաբերվել:

36. 1998թ. սեպտեմբերի 11-ին դիմողի հայրը բողոք է հղել Պատիժների իրականացման պետական վարչության պետ պարոն Շտանկոյին, որին վերջինս պատասխանել է 1998թ. հոկտեմբերի 12-ին: Բողոքի առարկան նույնն էր, ինչ 1998թ. սեպտեմբերի 4-ին մարզային դատախազին հղած բողոքում: Պարոն Շտանկոն պատասխանել է, որ դիմողը մենախուց փոխադրվել է կանոնները խախտելու պատճառով: Բացի դրանից, քննությամբ չի պարզվել, որ դիմողի նկատմամբ ֆիզիկական ուժ է գործադրվել, և որ բանտի վարչակազմը ծեծել կամ ստորացրել, կամ սահմանափակել է նրա իրավունքները, ինչպես պնդել է նաև դիմողը: Դիմողի հայրը տեղեկացվել էր նաև, որ տեսակցությունները, ներառյալ հոգևորականի այցելությունները, կարող են թույլատրվել Ներքին գործերի Իվանո-Ֆրանկովսկի մարզային վարչության կողմից:

37. 1998թ. հոկտեմբերի 23-ին դիմողի ծնողները դիմում են ներկայացրել մարզային դատախազին, Ներքին գործերի մարզային վարչությանը և բանտի տնօրենին` խնդրելով կազմել անկախ բժշկական հանձնաժողով` դիմողի առողջական վիճակը պարզելու նպատակով: Նրանք նշել են, որ բանտում պահվող անձինք ենթարկվել են խոշտանգումների, ինչի արդյունքում նրանցից մեկն ինքնասպանության փորձ էր կատարել: 1998թ. նոյեմբերի 3-ին բանտի տնօրենը դիմողի ծնողներին տեղեկացրել էր, որ իրենց դիմումը մերժվել է իրենց որդու նկատմամբ խոշտանգումների կամ ֆիզիկական այլ բռնություն կիրառելու հետքերի բացակայության հիմքով, և որ նրա առողջական վիճակը բավարար է:

38. 1998թ. հոկտեմբերի 23-ին և 24-ին դիմողի ծնողները նամակ են հղել տիկին Լենի Ֆիշերին` տվյալ ժամանակ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահին: Նրանք բողոքել են, որ դիմողի և նրա բանտակից ընկերներից մեկի` պարոն Կուզնեցովի նկատմամբ խոշտանգում է կիրառվել, ինչի արդյունքում վերջինս ինքնասպանության փորձ է կատարել, և նրանք փոխադրվել են հիվանդանոց, իսկ պարոն Կուզնեցովը հաշմանդամ է դարձել: Ծնողները բողոքել են նաև, որ իրենց արգելվել է այցելել դիմողին:

39. 1998թ. հոկտեմբերի 26-ին դիմողի ծնողները Հանձնաժողովին տեղեկացրել են, որ «Իվանո-Ֆրանկովսկի թիվ BI 304/199 հաստատությունում տեղի է ունեցել անարդարացիորեն դատապարտված Մ. Կուզնեցովին և Բ. Պոլտորացկուն ապօրինաբար մահապատժի ենթարկելու փորձ, և որ Կառավարությունը փորձել է քողարկել այդ փաստը»:

40. Դիմողը ստորագրել էր 1998թ. հոկտեմբերի 28-ին ձեռագիր կազմված բժշկական արձանագրությունը: Արձանագրությունում նշվել էր, որ դիմողը ցույց չի տվել ծեծի ենթարկված լինելու որևէ հետք, և որ նրա առողջական վիճակը բավարար է:

41. 1998թ. հոկտեմբերի 28-ի իր գրավոր ցուցմունքում դիմողը նշել էր, որ բանտի վարչակազմն իր նկատմամբ պատշաճ վերաբերմունք է ցուցաբերել, որ ֆիզիկական բռնություն չի գործադրվել, որ իր նկատմամբ կիրառված բոլոր կարգապահական միջոցներն արդարացի են եղել, և որ իր ծնողների բողոքներն անհիմն են եղել:

42. Դիմողի նկատմամբ կիրառված խոշտանգումների և նրա առողջական վիճակն ստուգելու համար անկախ բժշկական հանձնաժողով ձևավորելու վերաբերյալ դիմողի հոր դիմումի կապակցությամբ Ներքին գործերի նախարարության պատիժների իրականացման մարզային վարչությունը 1998թ. հոկտեմբերի 29-ին զեկուցագիր է ներկայացրել: Դրանում նշվել է, որ 1998թ. հոկտեմբերի 28-ին բժիշկները զննել են դիմողին, և որ ֆիզիկական վնասվածքներ չեն հայտնաբերվել: Նշվել է նաև, որ դիմողը հերքել է իրեն խոշտանգումների ենթարկելու փաստը:

43. Ներքին գործերի մարզային վարչության պետը 1998թ. հոկտեմբերի 30-ի իր նամակում դիմողի մորը տեղեկացրել է, որ ենթադրյալ խոշտանգումների վերաբերյալ իր բողոքը քննության է առնվել և համարվել անհիմն: Դիմողի բժշկական քննությամբ խոշտանգումների որևէ հետք չի հայտնաբերվել: Հետևաբար, ենթադրությունների հաստատման համար հանձնաժողով կազմելը համարվել է ոչ նպատակահարմար:

44. Մարզային դատախազի տեղակալը` Գլխավոր դատախազին ուղղված 1998թ. նոյեմբերի 2-ի զեկուցագրում հայտնել է դիմողի տեսակցությունների և նամակագրության իրավունքի սահմանափակումների վերաբերյալ դիմողի հոր բողոքի կապակցությամբ կատարված քննության արդյունքների, դիմողի ծնողների 1998թ. սեպտեմբերի 2-ի այցելությանը բանտի վարչակազմի միջամտության և դիմողի նկատմամբ գործադրված խոշտանգումների մասին: Վերջինս նշել է, որ նամակագրության և տեսակցությունների առնչությամբ իր հայրը սխալմամբ հիմնվել է Օրենքի վրա, որի գործողությունը չի տարածվում իր կարգի բանտարկյալների վրա, որ բանտի պաշտոնյայի միջամտությունն օրինաչափ է եղել, և որ 1998թ. սեպտեմբերի 25-ին ինքը ենթարկվել է համակողմանի բժշկական հետազոտության, որի արդյունքում ֆիզիկական վնասվածք չի հայտնաբերվել: Եվ, վերջապես, զեկուցագրում նշվել է, որ դիմողը 1998թ. սեպտեմբերի 26-ին մենախուց է փոխադրվել այն պատճառով, որ խախտել է բանտային կանոնները` հսկիչին թույլ չտալով ամենօրյա բացօթյա զբոսանքից վերադառնալուց հետո զննել իրեն:

45. 1998թ. նոյեմբերի 20-ին մարզային դատախազի տեղակալը նամակով պատասխանել է դիմողի նկատմամբ ենթադրաբար գործադրված ֆիզիկական խոշտանգման և նրան բժշկական քննության ենթարկելու խնդրանքի վերաբերյալ դիմողի մոր բողոքին: Նա հայտնել է, որ 1998թ. հոկտեմբերի 28-ին դիմողը ենթարկվել է բժշկական քննության, որով հաստատվել է, որ ենթադրություններն անհիմն են: Բժշկական եզրակացությունը դիմողի կողմից հավաստվել և ստորագրվել է:

46. 1998թ. նոյեմբերի 23-ին մարզային դատախազը դիմողի հորը տեղեկացրել է, որ բանտի վարչակազմի ապօրինի գործողությունների վերաբերյալ ենթադրություններն անհիմն են համարվել:

47. 1998թ. նոյեմբերի 30-ին Ներքին գործերի մարզային վարչության պետի տեղակալը դիմողի ներկայացուցիչ պարոն Վոսկոբոյնիկովին տեղեկացրել է, որ իրեն չի կարող թույլատրվել տեսակցել դիմողի հետ, քանի որ վերջինիս այդ ամիս արդեն այցելել են ծնողները:

48. 1998թ. դեկտեմբերի 8-ին դիմողի հայրը Պատիժների իրականացման պետական վարչությունից տեղեկացել է, որ հիմնավոր քննության արդյունքում իր որդուն մահապատժի ենթարկելու վերաբերյալ նրա ենթադրություններն անհիմն են համարվել, և որ իր որդու առողջական վիճակը բավարար է:

49. 1998թ. դեկտեմբերի 22-ին դիմողը Ներքին գործերի մարզային վարչության պետին խնդրել է հոգևորականի հետ տեսակցելու թույլտվություն: Խնդրանքը բավարարվել է և նա 1998թ. դեկտեմբերի 26-ին տեսակցել է հոգևորականի հետ:

50. 1999թ. փետրվարի 15-ի նամակով բանտի տնօրենը դիմողի հորը տեղեկացրել է, որ 1999թ. հունվարի 22-ի բողոքը քննության է առնվել: Նա նշել է, որ մահապատժի դատապարտված անձանց թույլատրվում է տարեկան ստանալ երկու ծանրոց, բայց ոչ սննդի:

51. 1999թ. մարտի 5-ին Ավագ դատախազը որոշում է կայացրել մարզային դատախազի տեղակալի դեմ քրեական գործ հարուցելու վերաբերյալ դիմողի ծնողների դիմումը մերժելու մասին: Մերժումը հիմնավորվել է դատախազի տեղակալի կողմից հանցանք կատարելու վերաբերյալ ապացույցների բացակայությամբ: Նա, inter alia, նշել է, որ Օրենքի գործողությունը չի տարածվում մահապատժի դատապարտված անձանց պահելու պայմանների վրա: Այդ հարցերը կարգավորվում են Հրահանգով, որի վրա տարածվում են պետական գաղտնիքի կանոնները:

52. Բանտի արձանագրությունների համաձայն` դիմողի ծնողները տեսակցության թույլտվություն ստանալու համար դիմել են 1997թ. սեպտեմբերի 19-ին և 1998թ. մարտի 4-ին, ապրիլի 8-ին, հունիսի 19-ին, հուլիսի 22-ին, նոյեմբերի 2-ին և դեկտեմբերի 1-ին: Տեսակցությունների թույլտվությունը տրամադրվել է 1997թ. հոկտեմբերի 7-ին, ինչպես նաև 1998թ. մարտի 4-ին, ապրիլի 22-ին, օգոստոսի 20-ին, նոյեմբերի 17-ին և դեկտեմբերի 11-ին, որոնք համապատասխանաբար տեղի են ունեցել 1997թ. դեկտեմբերի 4-ին և 1998թ. մարտի 4-ին, հունիսի 12-ին, սեպտեմբերի 2-ին և նոյեմբերի 26-ին և 1999թ. հունվարի 4-ին: 1998թ. հունիսի 19-ի դիմումը մերժվել է:

53. Ըստ բանտային արձանագրությունների` դիմողն իր ծնողներին նամակներ է ուղարկել 1997թ. սեպտեմբերի 17-ին, նոյեմբերի 19-ին ու 26-ին և դեկտեմբերի 31-ին, ինչպես նաև 1998թ. հունվարի 5-ին, 16-ին, 20-ին ու 30-ին, փետրվարի 3-ին, մարտի 11-ին, ապրիլի 6-ին, մայիսի 15-ին, հունիսի 17-ին, հուլիսի 6-ին, օգոստոսի 10-ին, սեպտեմբերի 15-ին, հոկտեմբերի 22-ին, նոյեմբերի 13-ին և դեկտեմբերի 11-ին: Նա իր ծնողների և այլ անձանցից նամակներ է ստացել 1997թ. սեպտեմբերի 18-ին և 29-ին, հոկտեմբերի 19-ին, նոյեմբերի 20-ին և դեկտեմբերի 24-ին, ինչպես նաև 1998թ. հունվարի 16-ին և 26-ին (երկու նամակ), փետրվարի 6-ին, 10-ին, 17-ին ու 23-ին, մարտի 6-ին, 14-ին ու 16-ին, ապրիլի 6-ին, 17-ին, 20-ին, 27-ին ու 29-ին, մայիսի 14-ին, հունիսի 1-ին, 8-ին ու 30-ին, հուլիսի 1-ին, 20-ին ու 30-ին, օգոստոսի 20-ին (երկու նամակ), սեպտեմբերի 29-ին, հոկտեմբերի 10-ին, 22-ին (երկու նամակ) ու 27-ին, նոյեմբերի 4-ին, 13-ին, 20-ին, 26-ին ու 30-ին, դեկտեմբերի 4-ին, 17-ին ու 21-ին:

54. Մեկուսարանների համար պատասխանատու ստորաբաժանման պետի տեղակալ պարոն Յ. Մ. Պավլյուկը չթվագրված մի փաստաթղթում հայտարարել է, որ 1997թ. սեպտեմբերի 11-ից 1998թ. դեկտեմբերի 18-ն ընկած ժամանակահատվածում ոչ դիմողը և ոչ էլ նրա ծնողները չեն դիմել հոգևորականի հետ տեսակցելու հարցով: Այնուհետ նա հայտարարել է, որ նշված ժամանակահատվածում հոգևորականության որևէ ներկայացուցիչ չի դիմել նման տեսակցության թույլտվություն ստանալու համար: Նա ստորագրել է հայտարարությունը:

55. Համաձայն դիմողի բժշկական քարտի` դիմողը 1998թ. ապրիլի 23-ին ենթարկվել է ռենտգեն հետազոտության և արյան անալիզի: 1998թ. սեպտեմբերի 25-ին, նոյեմբերի 1-ին, 28-ին, 9-ին, 19-ին ու 27-ին և դեկտեմբերի 3-ին, 10-ին, 17-ին ու 24-ին դիմողին այցելել է բանտի հոգեբույժը:

56. Ներքին գործերի նախարարության պատիժների իրականացման մարզային վարչության պետ պարոն Բոյկոյին 2000թ. մայիսի 2-ին հղած գրավոր դիմումով դիմողի հայրը, դիմողի ներկայացուցչի իր լիազորությունների շրջանակներում, խնդրել է թույլատրել մեկուսի հանդիպել դիմողին` վերջինիս գործը Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացնելու հարցը քննարկելու նպատակով: 2000թ. մայիսի 23-ին, 2000թ. մայիսի 15-ին լրացուցիչ դիմում ներկայացնելուց հետո նա ստացել է 2000թ. հունիսի 5-ին սովորական այցելություն կատարելու թույլտվություն:

57. 2000թ. մայիսի 16-ին դիմողի հայրը բողոքել է Ներքին գործերի նախարարին, որ մեկուսի տեսակցության թույլտվություն ստանալու մասին իր` 2000թ. մայիսի 2-ի դիմումը մնացել է անպատասխան:

58. 2000թ. հուլիսի 14-ին Պատիժների իրականացման պետական վարչության պետի տեղակալ պարոն Վ. Ա. Լյովոչկինը նամակով պատասխանել է, որ պարոն Բոյկոն դիմողի հորից թույլտվություն է ստացել 2000թ. հունիսի 5-ին տեսակցելու համար, և որ այդ տեսակցությունը նախատեսվածի պես տեղի է ունեցել: Նա հավելել է, որ Ուղղիչ աշխատանքային օրենսգրքի 40-րդ հոդվածի համաձայն փաստաբանն իր պաշտպանյալի հետ մեկուսի տեսակցության թույլտվություն կարող է ստանալ իր արտոնագիրը և անձը հաստատող փաստաթուղթը ներկայացնելու դեպքում:

 

D. Հանձնաժողովի կողմից ապացույցների գնահատումը և եզրակացությունը փաստի վերաբերյալ

 

59. Քանի որ գործի հանգամանքները վիճարկվում էին, զուգընթաց Հանձնաժողովը, կողմերի օժանդակությամբ, հետաքննություն է իրականացրել և ցուցմունք վերցրել հետևյալ վկաներից. դիմողը, դիմողի ծնողները, Արդարադատության փոխնախարար պարոն Բրոնիսլավ Ս. Ստիչինսկին, Գլխավոր դատախազի տեղակալ պարոն Դրիշչենկոն, Ներքին գործերի փոխնախարար պարոն Իվան Վ. Շտանկոն, Իվանո-Ֆրանկովսկի բանտի տնօրեն պարոն Պետրո Ա. Յարեմկիվը, բանտի բժիշկ պարոն Բոգդան Վ. Կաչուրը, բուժակ Ստանիսլավ Վ. Պրոխնիցկին, բանտի տնօրենի օգնական պարոն Յուրի Մ. Պինդուսը (որը 1998թ. սեպտեմբերի 3-ին հերթապահ էր նշանակված), բանտի տնօրենի օգնական պարոն Ֆեդիր Օ. Սավչուկը (որը 1998թ. սեպտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը հերթապահ էր նշանակված), բանտի փոխտնօրեն պարոն Իգոր Պ. Իվաշկոն, Մեկուսարանների համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի տեղակալ պարոն Յարոսլավ Մ. Պավլյուկը, Պատիժների իրականացման վարչության մեկուսարանների և բանտերի նկատմամբ վերահսկողության բաժնի պետ պարոն Վալենտին Մ. Նաբիուլինը, Ներքին գործերի Իվանո-Ֆրանկովսկի մարզային վարչության պետի տեղակալ պարոն Օլեքսանդ Վ. Կմիտան և Ներքին գործերի նախարարության պատիժների իրականացման Իվանո-Ֆրանկովսկի մարզային վարչության պետ պարոն Անատոլի Օ. Բոյկոն:

Հանձնաժողովի եզրակացությունները կարելի է ամփոփել հետևյալ կերպ:

 

1. Դիմողի նկատմամբ բանտի աշխատողների կողմից ենթադրյալ վատ վերաբերմունքի վերաբերյալ

 

60. Դիմողը պատվիրակներին ցուցմունք է տվել այն մասին, որ ինքը ծեծի է ենթարկվել 1998թ. սեպտեմբերի 6-ին` նույն օրն իր ծնողների հետ տեսակցությունից հետո: Այդ այցելության ընթացքում նա իր ծնողներին ասել է, որ իրեն ծեծի են ենթարկել ու վիրավորել «անասուն» բառով: Դիմողի ծնողները պատվիրակներին հայտնել են, որ իրենց որդին 1998թ. սեպտեմբերի 2-ին ասել է, որ իրեն ծեծել ու նվաստացրել են: Հանձնաժողովը, այդուհանդերձ, նկատել է, որ դիմողը պատվիրակների ներկայությամբ հերքել է դա` ասելով, որ իրեն ծեծել են մինչև 1998թ. սեպտեմբերի 2-ը: Հետևաբար, Հանձնաժողովը համարել է, որ մինչև 1998թ. սեպտեմբերի 2-ը դիմողին ծեծելու փաստն ապացուցված չէ:

61. Ինչ վերաբերում է 1998թ. սեպտեմբերի 2-ի իրադարձություններին, դիմողը պատվիրակների ներկայությամբ հայտնել է, որ այդ օրն իր ծնողների այցելությունից հետո իրեն տարել են «կինոդիտման սենյակ», որտեղ չորս հոգի, ներառյալ` Մեկուսարանների համար պատասխանատու ստորաբաժանման պետի տեղակալ, հերթապահ պարոն Պավլյուկը, մահակները ձեռքներին իրեն էին սպասում: Նրանից երեք անգամ պահանջել էին պատմել այն ամենը, ինչ ինքը մերժել էր, և նրանք սկսել են հարվածել դիմողի ոտքերին, գոտկատեղին, մեջքին ու կրծքին: Նրան վերադարձրել էին խուց, և մինչև առավոտ նա գրել էր չորս թերթի վրա, ինչը ներառված էր գործում:

62. Այնուհետև դիմողը նշել է, որ իրեն ծեծել են 1998թ. սեպտեմբերի 10-ին, 14-ին ու 22-ին: Մի օր, խցի տեխնիկական զննության ժամանակ, նրան տարել էին դուրս և կարգադրել հանվել` հագուստի զննություն իրականացնելու նպատակով: Մերկանալուց հետո նրան ծեծել էին: Նրան կարգադրել էին բերանքսիվայր և ձեռքերը ծոծրակին պառկել գետնին: Նա պատվիրակների ներկայությամբ նշել էր Կ. Յ. Հրևնինի անունը:

63. Հանձնաժողովի կարծիքով, դիմողի հայտարարությունները պարունակում են մի շարք մանրամասներ ու տարրեր, որոնք հիմք էին տալիս հավատալու, որ նրա պատմածները հորինված չեն: Այդուհանդերձ, Հանձնաժողովը նկատել է, որ դիմողի կողմից հիշատակված վատ վերաբերմունքի դեպքերի մասին վկայող որևէ գրառում առկա չէ: Հանձնաժողովն ընդունել է, որ գուցեև դիմողը, ինչպես ինքն էր ասել, վախեցել էր բողոքել կամ գրել որևէ մեկին: Այդքանով հանդերձ Հանձնաժողովը դժվարությամբ է ընդունել այդ փաստարկը` նկատի ունենալով այն փաստը, որ նա իրեն ծեծելու մասին իր ծնողներին 1998թ. սեպտեմբերի 2-ին պատմելիս` ահաբեկված տեսք չի ունեցել: Ավելին, 1998թ. սեպտեմբերի 25-ին հոգեբույժը զննել էր նրան և նրա առողջական վիճակի կամ որևէ մարմնական վնասվածքի առկայության մասին գրառում չէր կատարել: Հանձնաժողովն ավելացրել է, որ դիմողի կողմից ստորագրված` 1998թ. հոկտեմբերի 28-ի բժշկական եզրակացության մեջ ծեծի մասին վկայող որևէ փաստ չկա, և որ դիմողի առողջական վիճակը բավարար է:

64. Այնուհետև Հանձնաժողովը նկատել է, որ դիմողը 1998թ. հոկտեմբերի 28-ին գրավոր տեղեկացրել էր, որ բանտի վարչակազմն իր հանդեպ պատշաճ վերաբերմունք է դրսևորել, որ իր նկատմամբ ֆիզիկական ուժ չի գործադրվել, որ իր նկատմամբ կիրառված կարգապահական միջոցները տեղին են, և որ իր ծնողների բողոքներն անհիմն են: Հանձնաժողովը հաշվի է առել այն փաստը, որ դիմողը պատվիրակների ներկայությամբ հերքել էր իր ցուցմունքի բովանդակությունը և նշել, որ բանտի վարչակազմի` բանտարկյալից բանտի վարչակազմի պատշաճ վարքագծի վերաբերյալ գրավոր հավաստիացում վերցնելու ընդունված կարգը կասկածի տեղիք է տալիս:

65. Ինչ վերաբերում է դիմողի ծնողների կողմից պատվիրակներին հայտնած այն տեղեկությանը, որ 1998թ. սեպտեմբերի 2-ի ենթադրյալ ծեծից ու խոշտանգումներից հետո դիմողը 1998թ. սեպտեմբերի 3-ի վաղ առավոտյան փոխադրվել է Չուկոպովսկիի հոգենյարդաբանական հիվանդանոց և տեղավորվել ինտենսիվ խնամքի բաժանմունքում, որտեղ նրան արյան փոխներարկում են կատարել, Հանձնաժողովը նկատել է, որ դիմողը, պնդելով, որ իրեն ծեծել են իր ծնողների 1998թ. սեպտեմբերի 2-ի այցելությունից հետո, հերքել է, որ իրեն փոխադրել են հիվանդանոց: Դա համապատասխանում էր բանտի բժշկի, բժշկի օգնականի, այդ ժամանակ բանտի տնօրենի հերթապահ-օգնականի և փոխտնօրենի ցուցմունքներին. թվարկված անձինք ցուցմունք էին տվել պատվիրակներին: Բացի դրանից, չկար որևէ փաստաթուղթ, որը կապացուցեր, որ դիմողը վերը հիշատակված օրը փոխադրվել է հիվանդանոց: Հանձնաժողովն այս առնչությամբ ծնողների ցուցմունքները համոզիչ կամ արժանահավատ չի համարել:

66. Հանձնաժողովը եզրակացրել է, որ Իվանո-Ֆրանկովսկի բանտում վարչակազմի վատ վերաբերմունքի հետևանքով դիմողին, իր իսկ խոսքերով, պատճառված վնասվածքների մասին վկայող որևէ բժշկական կամ այլ ապացույց գոյություն չունի: Հանձնաժողովը հաշվի է առել այն փաստը, որ դիմողը հերքել է, որ մինչև 1998թ. սեպտեմբերի 2-ն իրեն ծեծի են ենթարկել, և դրանից հետո փոխադրել հիվանդանոց, ինչպես նաև այն, որ պատվիրակների հարցաքննած վկաները ցուցմունք էին տվել բանտի աշխատողների կողմից 1998թ. սեպտեմբերի 2-ին, 10-ին, 14-ին ու 22-ին դիմողի նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրելու դեպքերի բացակայության մասին: Հետևաբար, Հանձնաժողովը գտել է, որ անհնարին է հաստատված համարել, ողջամիտ կասկածից վեր, որ դիմողը, իր խոսքերով, բանտում ենթարկվել է վատ վերաբերմունքի:

 

2. Դիմողի և նրա ծնողների պնդումների քննությունը

 

67. Դիմողի ծնողները 1998թ. սեպտեմբերի 4-ին բողոք էին հղել մարզային դատախազին` inter alia հայտնելով, որ տեղեկացել են, որ իրենց որդին բանտի աշխատողների կողմից ենթարկվում է ծեծի ու նվաստացումների: Նման բողոքներ նրանք 1998թ. սեպտեմբերի 11-ին հղել էին Պատիժների իրականացման պետական վարչությանը: 1998թ. հոկտեմբերի 12-ին վերոհիշյալ վարչությունը դիմողի հորը տեղեկացրել է, որ քննությամբ դիմողի նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրելու, բանտի վարչակազմի կողմից նրան նվաստացնելու կամ նրա իրավունքները սահմանափակելու դեպքեր չեն հայտնաբերվել: Նշվել է նաև, որ այդ եզրակացությունը գրավոր հավաստված է անձամբ դիմողի կողմից:

68. 1998թ. հոկտեմբերի 23-ին դիմողի ծնողները մարզային դատախազին, Ներքին գործերի մարզային վարչությանը և բանտի տնօրենին խնդրել էին անկախ բժշկական հանձնաժողով ձևավորել դիմողի առողջական վիճակը քննելու նպատակով: Նրանք պնդել էին, որ բանտարկյալները ենթարկվել են խոշտանգումների, ինչի արդյունքում նրանցից մեկը` պարոն Կուզնեցովը, ինքնասպանության փորձ է կատարել` փորձելով վերջ տալ իր կյանքին: 1998թ. հոկտեմբերի 30-ի իր նամակում Ներքին գործերի մարզային վարչության պետը դիմողի մորը տեղեկացրել էր, որ ենթադրյալ խոշտանգումների վերաբերյալ իր բողոքը քննության է առնվել և համարվել անհիմն: Դիմողի բժշկական քննությամբ խոշտանգումների որևէ հետք չի հայտնաբերվել: Հետևաբար, ենթադրությունները հաստատելու համար հանձնաժողով ձևավորելը համարվել է ոչ նպատակահարմար: 1998թ. նոյեմբերի 3-ին բանտի տնօրենը դիմողի ծնողներին տեղեկացրել է, որ իրենց դիմումը մերժվել է իրենց որդու նկատմամբ խոշտանգումների կամ ֆիզիկական այլ բռնություն կիրառելու հետքերի բացակայության հիմքով, և որ նրա առողջական վիճակը բավարար է: 1998թ. նոյեմբերի 20-ին մարզային դատախազի տեղակալը, դիմողի ծնողների նամակին ի պատասխան հավաստել է, որ 1998թ. հոկտեմբերի 28-ին դիմողը ենթարկվել է բժշկական քննության, որով հաստատվել է, որ ենթադրություններն անհիմն են: Բժշկական եզրակացությունը հավաստվել և ստորագրվել էր դիմողի կողմից: Ավելին, 1998թ. նոյեմբերի 2-ին մարզային դատախազի տեղակալը Գլխավոր դատախազին հղած նամակով զեկուցել էր, որ անցկացվել է քննություն` դիմողի նկատմամբ գործադրված ֆիզիկական բռնության և այլ հարցերի առնչությամբ: Նամակով հայտնվել է, որ 1998թ. սեպտեմբերի 25-ին դիմողը ենթարկվել է համակողմանի բժշկական հետազոտության, որի արդյունքում ֆիզիկական վնասվածքի որևէ հետք չի հայտնաբերվել:

69. Հանձնաժողովը նշել է, որ 1998թ. դեկտեմբերի 8-ին դիմողի հայրը նամակ է ստացել Պատիժների իրականացման պետական վարչությունից, որում նշվել է, որ քննությամբ պարզվել է, որ իր որդուն մահապատժի ենթարկելու վերաբերյալ բողոքն անհիմն է, և որ վերջինիս առողջական վիճակը բավարար է: Տեղական մակարդակով իրականացված հետաքննությունն ավարտվել է 1999թ. մարտի 5-ին` մարզային դատախազի դեմ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ դիմողի ծնողների ներկայացրած բողոքի կապակցությամբ Ավագ դատախազի կայացրած որոշմամբ: Ավագ դատախազը քրեական գործի հարուցումը մերժել է` քրեական հանցանքի հատկանիշների բացակայության հիմքով:

70. Հանձնաժողովը եզրակացրել է, որ չկան ժամանակագրական գրառումներ, որոնք մանրամասներ պարունակեն 1998թ. սեպտեմբերյան դեպքերի կապակցությամբ դիմողի ծնողների ներկայացրած բողոքի առնչությամբ տեղական իշխանությունների կողմից իրականացրած որևէ քննության մասին: Չկար մի փաստաթուղթ, որը կվկայեր տեղական իշխանության այս կամ այն մարմնի կողմից իրականացված քննության մասին, բացառությամբ այն փաստաթղթերի, որոնք ներառված էին այն փաստերի մեջ, որոնց առնչությամբ դիմողի ծնողները բողոքել էին: Ավելին, 1998թ. հոկտեմբերի 28-ի բժշկական եզրակացությունը կազմվել էր վատ վերաբերմունքի մասին դիմումատուի պնդումներից երկու ամիս անց, իսկ բանտի հոգեբույժը 1998թ. ապրիլի 23-ից սեպտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում չէր զննել նրան:

 

3. Մահվան դատապարտվածների գոտում դիմողի ազատազրկման պայմանները

 

71. Հանձնաժողովը պարզել է, որ մահապատժի դատապարտված ութ բանտարկյալները, ներառյալ` դիմողը, պահվում էին մենախցերում` առանց այլ բանտարկյալների հետ շփվելու հնարավորության: Դիմողի խցի չափերն էին 2 x 5 x 3: Խցում կար բաց արտաքնոց, լվացարան` սառը ջրի ծորակով, երկու մահճակալ, սեղան և նստարան` երկուսն էլ գետնին գամված, կենտրոնացված ջեռուցում և ճաղապատ պատուհան: Դիմողն ուներ մի քանի գիրք, լրագրեր, շախմատ, օճառ, զուգարանի թուղթ, փոքր քանակությամբ միրգ և այլ սննդամթերք: 1998թ. նոյեմբերի 24-ին և 25-ին պատվիրակների այցելության ընթացքում խուցը գերտաքացված էր բանտի այլ խցերի համեմատությամբ: Լույսն օրական քսանչորս ժամ միացված էր, իսկ կենտրոնական ռադիոընդունիչը գիշերվա ընթացքում անջատվում էր: Բանտի տեսուչները դռան դիտանցքից հաճախակի ստուգում էին բանտարկյալներին` վերջիններիս զրկելով մեկուսանալու հնարավորությունից: Խուցը թարմ ներկված էր, ինչի պատճառով տպավորություն էր ստեղծվում, որ նախքան պատվիրակների այցը խցի պայմաններն առավել վատթար են եղել: Հանձնաժողովն ընդունել է դիմողի ցուցմունքն առ այն, որ 1998թ. փետրվարի 24-ից մարտի 24-ն ընկած ժամանակահատվածում իր խցում ջրի ծորակ կամ լվացարան չի եղել, փոխարենն արտաքնոցի պատի մոտ կար ջրի փոքր խողովակ, իսկ ջուրը կարող էր միացվել միայն միջանցքից, արտաքնոցի պատերին կային արտաթորանքի հետքեր և զուգարանակոնքը լվանալու հարմարանքը բացակայում էր: Հանձնաժողովը համոզիչ է համարել դիմողի ցուցմունքը, որի վերաբերյալ Կառավարությունն առարկություններ չէր ներկայացրել:

72. Հանձնաժողովն ընդունել է նաև դիմողի ցուցմունքն այն մասին, որ մինչև 1998թ. մայիսն իր խցի պատուհանը պատված է եղել շերտավարագույրով, և որ նրան թույլ չի տրվել բացօթյա զբոսանքի դուրս գալ:

73. Դիմողին տեսակցելու մասին վերջինիս ծնողների խնդրանքների առնչությամբ Հանձնաժողովը պարզել է, որ 1998թ. հունիսի 19-ի խնդրանքից բացի, մնացած բոլոր խնդրանքները բավարարվել են: Ծնողները տեսակցության թույլտվություն ստանալու համար դիմել են 1997թ. սեպտեմբերի 19-ին և 1998թ. մարտի 4-ին, ապրիլի 8-ին, հունիսի 19-ին, հուլիսի 22-ին, նոյեմբերի 2-ին և դեկտեմբերի 1-ին: Տեսակցությունների թույլտվությունը տրամադրվել էր 1997թ. հոկտեմբերի 7-ին, ինչպես նաև 1998թ. մարտի 4-ին, ապրիլի 22-ին, օգոստոսի 20-ին, նոյեմբերի 17-ին և դեկտեմբերի 11-ին, որոնք համապատասխանաբար տեղի են ունեցել 1997թ. դեկտեմբերի 4-ին և 1998թ. մարտի 4-ին, հունիսի 12-ին, սեպտեմբերի 2-ին և նոյեմբերի 26-ին և 1999թ. հունվարի 4-ին: Հանձնաժողովը նկատել է, որ դիմողին այցելելու թույլտվությունը նրա ծնողներին հիմնականում տրամադրվել էր դիմելուց երկու-երեք ամիս անց: Բացի դրանից, տեսակցություններին ներկա էր գտնվել երկու տեսուչ, ովքեր ունեին միջամտելու իրավունք, եթե համարեին, որ դիմողը կամ նրա ծնողներն ինչ-որ «սխալ» բան են ասում:

74. Ինչ վերաբերում է դիմողի նամակագրությանը, Հանձնաժողովը նշել է, որ թույլտվության համար դիմողը Ներքին գործերի մարզային վարչություն առաջին անգամ դիմել էր 1997թ. դեկտեմբերի 17-ին: Այնուհետ նա իր ծնողներին նամակներ էր ուղարկել 1997թ. նոյեմբերի 19-ին ու 26-ին և դեկտեմբերի 31-ին, ինչպես նաև 1998թ. հունվարի 5-ին, 16-ին, 20-ին և 30-ին, փետրվարի 3-ին, մարտի 11-ին, ապրիլի 6-ին, մայիսի 15-ին, հունիսի 17-ին, հուլիսի 6-ին, օգոստոսի 10-ին, սեպտեմբերի 15-ին, հոկտեմբերի 22-ին, նոյեմբերի 13-ին և դեկտեմբերի 11-ին: Նա իր ծնողներից նամակներ էր ստացել 1997թ. սեպտեմբերի 18-ին և 29-ին, հոկտեմբերի 19-ին, նոյեմբերի 20-ին և դեկտեմբերի 24-ին, ինչպես նաև 1998թ. հունվարի 16-ին և 26-ին, փետրվարի 6-ին, 10-ին և 23-ին, մարտի 14-ին և 16-ին, ապրիլի 17-ին, մայիսի 14-ին, հունիսի 1-ին և 8-ին, հուլիսի 1-ին և 30-ին, օգոստոսի 20-ին, սեպտեմբերի 29-ին, հոկտեմբերի 10-ին, 22-ին և հոկտեմբերի 27-ին, նոյեմբերի 4-ին, 20-ին, 26-ին և 30-ին, դեկտեմբերի 4-ին, 17-ին և 21-ին:

75. Հանձնաժողովին չէր հաջողվել հստակ ճշտել` դիմողը կամ նրա ծնողները դիմե՞լ են, արդյոք, հոգևորականի հետ տեսակցելու իրավունք ստանալու համար: Հանձնաժողովը եզրակացրել է, որ չնայած հոգևորականը դիմողի 1998թ. դեկտեմբերի 22-ի խնդրանքով 1998թ. դեկտեմբերի 26-ին այցելել էր նրան, բանտարկյալները, այդուհանդերձ, պարբերաբար տեսակցություններ չէին ունեցել որևէ քահանայի հետ:

 

II. ԳՈՐԾԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

A. Ուկրաինայի Սահմանադրություն

 

76. Ըստ 8-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի` Սահմանադրության նորմերը կիրառվում են անմիջականորեն: Մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների պաշտպանության համար անմիջականորեն Սահմանադրության հիման վրա դատարան դիմելու հնարավորությունը երաշխավորվում է:

77. 9-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ ուժի մեջ մտած միջազգային պայմանագրերը, որոնք վավերացվել են Ուկրաինայի Գերագույն ռադայի (Խորհրդարանի) կողմից, համարվում են Ուկրաինայի ազգային օրենսդրության մաս:

78. 15-րդ հոդվածի 3-րդ մասով գրաքննությունն արգելվում է:

79. 19-րդ հոդվածի համաձայն` Ուկրաինայի իրավակարգը հիմնվում է այն սկզբունքների վրա, համաձայն որոնց ոչ ոքի չի կարելի ստիպել կատարելու այնպիսի գործողություններ, որոնք նախատեսված չեն օրենսդրությամբ: Պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմիններն ու դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են գործել միայն այդ սկզբունքից ելնելով և իրենց լիազորությունների շրջանակներում` Ուկրաինայի Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված հիմքերով ու կարգով:

80. 22-րդ հոդվածը սահմանում է, որ Սահմանադրությամբ ամրագրված մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները երաշխավորվում են և չեն կարող սահմանափակվել նոր օրենքներ ընդունելու կամ գործող օրենքներում փոփոխություններ կատարելու միջոցով:

81. 29-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի համաձայն` ոչ ոք չի կարող ձերբակալվել կամ կալանավորվել այլ կերպ, քան դատարանի պատճառաբանված որոշմամբ` միայն օրենքով սահմանված հիմքերով ու կարգով: Յուրաքանչյուր ձերբակալված կամ կալանավորված անձ պետք է անհապաղ տեղեկացվի ձերբակալման կամ կալանավորման պատճառների մասին, ծանոթանա իր իրավունքներին և ձերբակալման պահից ունենա անձամբ կամ պաշտպանի իրավաբանական օգնությունից օգտվելու միջոցով պաշտպանվելու հնարավորություն:

82. 55-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի համաձայն` յուրաքանչյուրի համար երաշխավորվում է պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների ու դատարանների և դրանց պաշտոնատար անձանց որոշումները, գործողությունները կամ անգործությունը բողոքարկելու իրավունք: Իրավական պաշտպանության ներպետական բոլոր միջոցներն սպառելուց հետո, յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր իրավունքների և ազատությունների պաշտպանության համար դիմելու համապատասխան միջազգային դատական հաստատություններին կամ այն միջազգային կազմակերպությունների համապատասխան մարմիններին, որոնց մասնակից կամ անդամ է Ուկրաինան:

83. 59-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնության իրավունք: Օրենքով նախատեսված դեպքերում այդ օգնությունը տրամադրվում է անվճար: Յուրաքանչյուր ոք ազատ է իր իրավունքների պաշտպանին ընտրելու հարցում: Դատարաններում և այլ պետական մարմիններում գործեր քննելիս` մեղադրանքից պաշտպանվելու իրավունքն իրացնելու համար Ուկրաինայում գործում է փաստաբանական ծառայություն (адвокатура):

84. 63-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ դատապարտյալն օգտվում է մարդու և քաղաքացու բոլոր իրավունքներից, բացառությամբ օրենքով նախատեսված և դատարանի կողմից որոշված սահմանափակումների:

85. Ըստ 64-րդ հոդվածի` մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքներն ու ազատությունները չեն կարող սահմանափակվել, բացառությամբ Ուկրաինայի Սահմանադրությամբ նախատեսված դեպքերի:

 

B. Մահապատժի դատապարտված անձանց պահելու պայմանները կարգավորող օրենսդրական ակտեր

 

86. Ուկրաինայի բանտային համակարգում մահապատժի դատապարտված անձանց պահելու պայմանները հաջողությամբ կարգավորվել են Պատժի առավելագույն չափի դատապարտված անձանց պահելու պայմանների մասին 1998թ. ապրիլի 20-ի հրահանգով (այսուհետ` Հրահանգ) և Պատժի առավելագույն չափի դատապարտված անձանց մեկուսարաններում պահելու պայմանների մասին 1999թ. հունիսի 25-ի ժամանակավոր դրույթներով (այսուհետ` Ժամանակավոր դրույթներ):

87. Հրահանգը սահմանում էր, որ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, մահապատժի դատապարտված անձինք պահվում են այլ դատապարտյալներից անջատ` հատուկ այդ նպատակով առանձնացված խցերում: Բացի բացառիկ դեպքերից, մեկ խցում կարող էր պահվել մահապատժի դատապարտված երկու անձ: Մեկ դատապարտյալին մեկ տեղանոց խցում հասանելիք տարածքը չէր կարող պակաս լինել 4 քառակուսի մետրից, իսկ երկտեղանոց խցում` 3 քառակուսի մետրից: Բանտարկյալներին տրամադրվում է անհատական քնելու տեղ և անկողնային պարագաներ: Նրանք պարտավոր էին կրել առանձնապես վտանգավոր կրկնահանցագործների համար նախատեսված համազգեստ: Անդրադարձ էր կատարված նաև բանտարկյալների իրավունքներին ու պարտականություններին: Հրահանգը սահմանում էր ազգականների կողմից կատարվող տեսակցությունների և ուղարկվող և ստացվող նամակագրության թիվը` ամսական մեկ տեսակցություն և մեկ ուղարկվող նամակ: Ստացվող նամակագրության թիվն անսահմանափակ էր: Տարեկան թույլատրվում էր ստանալ երկու փոքր հանձնուք: Բացօթյա զբոսանքը տրամադրվում էր օրական մեկ ժամ տևողությամբ: Խցերից դուրս բանտարկյալները կրում էին ձեռնաշղթաներ: Աշխատելն արգելվում էր:

88. Բանտարկյալներին թույլատրվում էր նաև գրքեր, ամսագրեր ու լրագրեր ընթերցել, որոնք ձեռք էին բերվում բանտի գրադարանից և/կամ գնվում բանտի բաշխիչ ցանցերի միջոցով, կարող էին ստանալ դրամական փոխանցումներ, խցերում կարող էին պահել անձնական առարկաներ ու մթերք, ամսական երկու անգամ սնունդ և կենցաղային իրեր գնել բանտի կրպակից (մինչև սահմանված նվազագույն աշխատավարձի չափով), խաղալ սեղանի խաղեր: Նրանք կարող էին օրենսդրությամբ սահմանված կարգով տեսակցել փաստաբաններին: Բժշկական սպասարկումը ևս տրամադրվում էր օրենսդրությամբ սահմանված կարգով:

89. Բանտարկյալները կարող էին բողոքներ հղել պետական իշխանության մարմիններին: Նման բողոքները երեք օրվա ընթացքում ենթակա էին առաքման:

90. Ժամանակավոր դրույթները Հրահանգի համեմատ ընդլայնում էին բանտարկյալների իրավունքների շրջանակը: Մասնավորապես, բանտարկյալներն ունեին ութժամյա գիշերային քնի իրավունք, տարեկան կարող էին ստանալ վեց ծանրոց և երեք հանձնուք, բանտի կրպակից գնել սնունդ և կենցաղային իրեր (սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 70%-ի չափով), աղոթել, ընթերցել հոգևոր գրականություն և տեսակցել հոգևորականներին, պետական իշխանության մարմիններին հղել գրավոր բողոքներ: Նրանց թույլատրվում էր առանց սահմանափակման ստանալ և ուղարկել նամակներ և ամսական մեկ անգամ մինչև երկու ժամ տևողությամբ տեսակցել ազգականներին: Բանտի աշխատողը պարտավոր էր ներկա գտնվել տեսակցություններին: Իրավաբանական օգնություն տրամադրելու նպատակով փաստաբանների հետ տեսակցությունները կազմակերպվում էին ուղղիչ աշխատանքային օրենսդրությանը համապատասխան:

 

C. 1993թ. նախնական կալանքի մասին օրենք (այսուհետ` Օրենք)

 

91. Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն` կալանավորումը խափանման միջոց է, որը կիրառվում է մեղադրյալի, ամբաստանյալի, ազատազրկմամբ պատժելի հանցանք կատարելու մեջ կասկածվող անձի, ինչպես նաև ազատազրկման դատապարտված այն անձի նկատմամբ, ում պատիժը դեռ ի կատար չի ածվել:

92. Օրենքի 8 (4) բաժնի համաձայն` այն անձինք, ովքեր դատապարտվել են մահապատժի, սակայն նրանց դատավճիռը դեռևս ուժի մեջ չի մտել, պահվում են այլ դատապարտյալներից անջատ:

93. Օրենքի 9 (1) բաժինը, inter alia, սահմանում է, որ կալանավորվածներն իրավունք ունեն (a) քրեական օրենքով սահմանված կանոններին համապատասխան օգտվելու պաշտպանությունից, (b) ծանոթանալու կալանավորման կանոններին, (c) օգտվելու ամենօրյա մեկժամյա զբոսանքից, (d) ամսվա ընթացքում երկու անգամ ստանալ մինչև 8կգ կշռող ծանրոց և ստանալ անսահմանափակ թվով դրամական փոխանցումներ և կանխիկ գումար` թե՜ առձեռն, թե՜ փոխանցման կարգով, (e) մեկ ամսվա նվազագույն աշխատավարձի չափով բանտի կրպակից գնելու սնունդ և կենցաղային իրեր, ինչպես նաև անսահմանափակ քանակությամբ գրենական պիտույք, լրագրեր ու գրականություն, (f) գործածելու սեփական հագուստն ու կոշիկը և իրենց մոտ ունենալու իրենց քրեական գործին առնչվող փաստաթղթեր և նշումներ, (g) օգտվելու ազգականների կամ այլ անձանց կողմից բերված հեռուստացույցից և սեղանի խաղերից, նախկին կալանավորման վայրից ձեռք բերված կամ կրպակից գնված լրագրերից ու գրականությունից, (h) անձամբ կատարելու կրոնական ծեսեր և օգտվելու կրոնական գրականությունից և իրենց դավանանքին առնչվող, կիսաթանկարժեք նյութերից պատրաստված առարկաներից, պայմանով, որ խոչընդոտներ չստեղծվեն կալանավորման վայրի կանոնների կատարման համար և չխախտվեն այլոց իրավունքները, (i) օգտվելու ութժամյա գիշերային քնից, որոնց ընթացքում նրանցից չի կարող պահանջվել մասնակցել որևէ գործընթացի կամ կատարել որևէ այլ գործողություն, բացառությամբ ծայրահեղ անհրաժեշտության դեպքերի, (j) պետական իշխանության մարմիններին ու պաշտոնատար անձանց հղելու բողոքներ ու գանգատներ` Օրենքի 13-րդ բաժնով սահմանված կարգով:

94. 11-րդ բաժնով սահմանված է, որ կալանավորված անձինք պետք է ապահովվեն սանիտարական և հիգիենիկ պահանջներին համապատասխանող ամենօրյա պայմաններով: Մեկ անձին տրամադրվող տարածքը չի կարող պակաս լինել 2.5 քառակուսի մետրից: Կալանավորված անձինք պետք է անվճար ապահովվեն սննդով, անհատական քնելու տեղով, անկողնային պարագաներով և այլ իրերով` կառավարության կողմից սահմանված չափաբաժիններով: Անհրաժեշտության դեպքում նրանք պետք է ապահովվեն պատշաճ որակի հագուստով և կոշիկով:

95. 12 (1) բաժնի համաձայն` ազգականներին կամ այլ անձանց կալանավորվածին տեսակցելու համար թույլտվություն (գործնականում ամսվա ընթացքում մեկ անգամ` մեկից երկու ժամով) կարող է տրամադրել կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը, սակայն քննիչի, նախաքննության մարմնի կամ դատարանի գրավոր թույլտվությամբ: (4) ենթաբաժնի համաձայն` կալանավորվածներն իրավունք ունեն մեկուսի պայմաններում և առանց թվի ու տևողության սահմանափակման տեսակցելու պաշտպանին` վերջինիս կողմից կալանավորվածի անունից հանդես գալու թույլտվությունը ստանալու պահից. այդ թույլտվությունը պետք է հավաստված լինի գործի վարույթն իրականացնող մարմնի կողմից:

96. 13 (1) բաժնի համաձայն` կալանավորված անձինք կարող են նամակագրություն վարել իրենց ազգականների և այլ անձանց, ընկերությունների, հաստատությունների և կազմակերպությունների հետ` գործի վարույթն իրականացնող մարմնի գրավոր թույլտվությամբ: Դատավճռի ի կատար ածումն սկսելուն պես նամակագրությունը որևէ սահմանափակման ենթակա չէ:

 

D. Ուղղիչ աշխատանքային օրենսգիրք (այսուհետ` Օրենսգիրք)

 

97. Օրենսգրքի 28-րդ հոդվածի համաձայն (Ռեժիմի հիմնական առանձնահատկություններն ուղղիչ հաստատություններում)` ուղղիչ հաստատություններում սահմանված ռեժիմի հիմնական բնութագրիչներն են` դատապարտյալների պարտադիր մեկուսացումը և նրանց նկատմամբ մշտական հսկողությունը` նրանց կողմից հանրության դեմ այլ հանցանք կամ գործողություններ կատարելու հնարավորությունը բացառելու նպատակով, այդ անձանց կողմից իրենց պարտականությունների կատարման նկատմամբ խիստ և հետևողական հսկողությունը և ազատազրկման այլ պայմաններ` կախված կատարված հանցանքի ծանրությունից և դատապարտյալի անձի բնութագրից և վարքագծից:

Դատապարտյալները պետք է համազգեստ կրեն: Նրանք ենթարկվում են խուզարկության: Մարմնի խուզարկությունը կատարվում է դատապարտյալի հետ միևնույն սեռին պատկանող անձի կողմից: Նամակագրությունը ենթակա է գրաքննության, ծանրոցներն ու հանձնուքները բացվում և զննվում են: Ուղղիչ աշխատանքային հաստատություններում սահմանվում են վարքագծի ներքին խիստ կանոններ:

Դատապարտյալներին ուղղիչ աշխատանքային հաստատություններում արգելվում է իրենց մոտ պահել դրամ և արժեքավոր այլ իրեր կամ որոշակի այլ առարկաներ: Հայտնաբերված դրամը և արժեքավոր իրերն առգրավվում են և, որպես կանոն, փոխանցվում պետությանը` տվյալ հաստատության ղեկավարի` դատախազի կողմից հավանության արժանացած պատճառաբանված որոշմամբ:

Դատապարտյալներին արգելված առարկաների ցանկը սահմանվում է այդ հաստատության ներքին կանոնակարգով: Այն պետք է ներառի յուրաքանչյուր առարկայի թույլատրելի քանակը և ուղղիչ աշխատանքային հաստատություններում արգելված առարկաներն առգրավելու կարգը:

Օրենսգրքի դրույթների համաձայն` դատապարտյալներին թույլատրվում է գնել սնունդ և կենցաղային իրեր (վճարումը կատարվում է անկանխիկ), ունենալ տեսակցություններ, ստանալ ծանրոցներ ու հանձնուքներ, փոստային առաքումներ և դրամ (փոխանցումով), ազգականների հետ վարել նամակագրություն և վերջիններիս փոխանցել դրամական միջոցներ:

98. 37-րդ հոդվածի 1-ին մասը (Դատապարտյալների կողմից սնունդ և կենցաղային իրեր ձեռք բերելը) սահմանում է, որ սնունդ և կենցաղային իրեր գնել դատապարտյալներին թույլատրվում է փոխանցումով ստացված գումարների հաշվին` անկանխիկ վճարման ձևով:

99. 40-րդ հոդվածը, inter alia, սահմանում է, որ փաստաբանին կարող է թույլատրվել տեսակցել իր պաշտպանյալին` արտոնագիրը կամ անձը հաստատող փաստաթուղթը ներկայացնելու դեպքում: Այդ տեսակցությունների թիվն ու տևողությունն անսահմանափակ է և փաստաբանի խնդրանքով կարող է անցկացվել բանտային հսկիչի բացակայության պայմաններում:

100. 41-րդ հոդվածի համաձայն (Ազատազրկման դատապարտված անձանց կողմից ծանրոցներ և հանձնուքներ ստանալը)` ուղղիչ աշխատանքային գաղութներում (Виправно-трудова колониа) պահվող դատապարտյալներին թույլատրվում է տարեկան ստանալ ընդհանուր ռեժիմի գաղութներում (колониа загального режиму)` յոթ ծանրոց, խիստ ռեժիմի գաղութներում (колониа посиленого режиму) վեց ծանրոց և հատուկ ռեժիմի գաղութներում (колониа суворого режиму)` հինգ ծանրոց: Կրթական ուղղիչ գաղութներում (колониа виховна-трудова) պահվող դատապարտյալներին թույլատրվում է տարեկան ստանալ` ընդհանուր ռեժիմի գաղութներում տասը ծանրոց և խիստ ռեժիմի գաղութներում` ինը ծանրոց:

Բանտում պատիժ կրող դատապարտյալներին ծանրոցներ ստանալ չի թույլատրվում:

Անկախ պատիժը կրելու վայրի ռեժիմից, դատապարտյալներին թույլատրվում է տարեկան ստանալ ոչ ավելի, քան երկու հանձնուք, և առևտրային ցանցի միջոցով առանց սահմանափակման գնել գրականություն:

Ուղղիչ աշխատանքային գաղութ-բնակավայրերում (виправно-трудова колониа поселения) պահվող անձանց ծանրոցների և հանձնուքների թիվն անսահմանափակ է:

Այն սննդամթերքի և կենցաղային իրերի ցանկը, որոնք դատապարտյալներին թույլատրվում է ստանալ ծանրոցներով ու հանձնուքներով, ինչպես նաև այդ ծանրոցներն ուղարկելու և ստանալու ընթացակարգը սահմանվում են ուղղիչ աշխատանքային հաստատության ներքին կանոնակարգով:

101. 42-րդ հոդվածի համաձայն (Դատապարտյալների կողմից դրամական փոխանցումներ ստանալը և ուղարկելը)` դատապարտյալներին թույլատրվում է առանց սահմանափակման ստանալ դրամական փոխանցումներ, դրամական փոխանցումներ ուղարկել իրենց ազգականներին և, ուղղիչ աշխատանքային հաստատության վարչակազմի թույլտվությամբ` այլ անձանց: Ստացված դրամական փոխանցումները պահվում են դատապարտյալի անձնական հաշվում:

102. 43-րդ հոդվածի 2-րդ մասով (Ազատազրկման դատապարտված անձանց նամակագրությունը) սահմանված է, որ բանտերում պահվող դատապարտյալներն իրավունք ունեն առանց սահմանափակման ուղարկել և հետևյալ քանակությամբ ստանալ նամակներ. ընդհանուր ռեժիմով պահվող անձինք` ամսական մեկ նամակ և ուժեղացված ռեժիմով պահվող անձանց համար` երկու ամսվա ընթացքում մեկ նամակ:

 

E. Դատախազության մասին օրենք

 

103. Դատախազության մասին օրենքի 12 (1) բաժնի համաձայն` դատախազը քննության է առնում քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների խախտման վերաբերյալ բողոքներն ու գանգատները, բացառությամբ դատարանների քննությանը ենթակա բողոքների ու գանգատների: (4) ենթաբաժինը սահմանում է, որ դատախազի որոշման դեմ բողոքը ներկայացվում է վերադաս դատախազին, իսկ որոշ դեպքերում` դատարան: (5) ենթաբաժինը սահմանում է, որ Գլխավոր դատախազի որոշումը վերջնական է:

104. 38-րդ բաժնի համաձայն` դատախազը կամ նրա տեղակալը դատարանից գործին առնչվող նյութեր պահանջելու իրավունք ունեն այն դեպքում, երբ դատավճիռը կամ որոշումն ուժի մեջ է մտել: Վարույթը վերսկսելու հիմքերի առկայության դեպքում դատախազը կարող է բողոքարկել դատարանի դատավճիռը կամ որոշումը:

105. 44 (1) բաժնի համաձայն դատախազական հսկողության ենթակա են. կալանավորվածներին պահելու վայրերի, ուղղիչ և պատիժների և դատարանի կողմից նշանակված հարկադրանքի այլ միջոցների իրականացման համար նախատեսված այլ հաստատությունների վերաբերյալ իրավական ակտերի դեմ բողոքները, նման հաստատություններում անձանց պահելու և պատժելու ընթացակարգերի ու պայմանների դեմ ուղղված բողոքները, այդ անձանց իրավունքների, համապատասխան մարմինների կողմից քրեական օրենսդրությամբ սահմանված իրենց պարտականությունների կատարման վերաբերյալ բողոքները և պատիժների իրականացման վերաբերյալ օրենսդրությունը: Դատախազը կարող է ցանկացած ժամանակ այցելել կալանավորվածներին պահելու, ազատազրկման դատապարտված անձանց պատիժը կրելու վայրեր կամ հարկադիր բուժման ու վերականգնման համար նախատեսված հաստատություններ` զրույցներ վարելու, կալանավորման, ձերբակալման, ազատազրկման կամ հարկադրանքի այլ միջոցների ենթարկելու համար հիմք հանդիսացած փաստաթղթերն ուսումնասիրելու նպատակով: Դատախազը կարող է նաև քննության առնել այդ հաստատությունների վարչակազմի արձակած հրամանների, կարգադրությունների ու որոշումների օրինականությունը, դադարեցնել դրանց գործողությունը, օրենքին չհամապատասխանելու դեպքում բողոքարկել կամ վերացնել դրանք, պաշտոնատար անձանցից բացատրություններ պահանջել տեղ գտած խախտումների վերաբերյալ:

 

III. ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ` ԳՈՐԾԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

A. Եվրոպայում մահապատժի վերացման վերաբերյալ Խորհրդարանական վեհաժողովի թիվ Res 1097 (1996) բանաձևը

 

106. Իր բանաձևում Վեհաժողովը դատապարտել էր մահապատիժները, որոնք զեկույցների համաձայն վերջերս իրականացվել էին Լատվիայում, Լիտվայում և Ուկրաինայում: Մասնավորապես, Վեհաժողովը դատապարտել էր Ուկրաինային այն կապակցությամբ, որ վերջինս բացահայտորեն խախտել էր Եվրոպայի խորհրդին անդամակցելուն պես մահապատժի իրականացման նկատմամբ մորատորիում կիրառելու պահանջը: Երկրին կոչ էր արվել կատարելու մահապատժի իրականացման նկատմամբ մորատորիում կիրառելու և մահապատիժն անհապաղ վերացնելու վերաբերյալ ստանձնած պարտավորությունները` զգուշացնելով, որ պարտավորությունների հետագա խախտումները, հատկապես մահապատիժների իրականացումը, կհանգեցնեն թիվ 508 (1995) հանձնարարականով նախատեսված հետևանքների:

 

B. Եվրոպայի խորհրդին անդամակցելու կապակցությամբ Ուկրաինայի կողմից մահապատժի իրականացման նկատմամբ մորատորիում կիրառելու վերաբերյալ ստանձնած պարտավորությունը հարգելու մասին թիվ Res 1112 (1997) բանաձևը

 

107. Վեհաժողովն իր այս բանաձևով հավաստել էր, որ ըստ ստացված պաշտոնական տեղեկությունների` 1996 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Ուկրաինայում իրականացվել է ութսունինը մահապատիժ, և ափսոսանք էր հայտնել, որ Ուկրաինայի իշխանությունները Վեհաժողովին չեն տեղեկացրել նույն տարվա երկրորդ կիսամյակում իրականացված մահապատիժների թվի մասին: Վեհաժողովը, մասնավորապես, ցնցվել էր` իմանալով, որ մահապատժի իրականացման դեպքերն Ուկրաինայում գաղտնի են պահվում` առանց բանտարկյալների ընտանիքներին անգամ տեղեկացնելու, և որ մահապատժի ենթարկված բանտարկյալները, ըստ զեկույցների, հուղարկավորվել են անանուն գերեզմաններում: Վեհաժողովն Ուկրաինային մեղադրել էր մահապատժի նկատմամբ մորատորիում կիրառելու իր պարտավորությունը չկատարելու համար, դատապարտել ի կատար ածված մահապատիժների համար, և պահանջել անհապաղ կատարել իր պարտավորությունը և բոլոր դեպքերում դադարեցնել մահապատժի իրականացումը:

 

C. Ստանձնած պարտավորություններն Ուկրաինայի կողմից հարգելու վերաբերյալ թիվ 1179 (1999) բանաձևը և թիվ 1395 (1999) հանձնարարականը

 

108. Այս փաստաթղթերում Վեհաժողովը նշել էր, որ Ուկրաինան բացարձակապես չի կատարել իր պարտավորությունները (պաշտոնական աղբյուրների տեղեկություններով 1995թ. նոյեմբերի 9-ից մինչեւ 1997թ. մարտի 11-ն ընկած ժամանակահատվածում 212 մարդ ենթարկվել էր մահապատժի): Միևնույն ժամանակ Վեհաժողովը նշել էր, որ 1997թ. մարտի 11-ից ի վեր Ուկրաինայում de facto մորատորիում էր հայտարարվել մահապատժի կիրառման վերաբերյալ: Վեհաժողովը պնդել էր, որ անհրաժեշտ է de jure ևս ամրագրել մորատորիումը, և որ Վերխովնա ռադան պետք է վավերացնի Կոնվենցիայի 6-րդ արձանագրությունը: Ընդգծվել էր մահապատժի իրականացման դեմ de facto մորատորիումի կարևորությունը և վճռականորեն հայտարարվել, որ հետագայում ևս մահապատիժ ի կատար ածելու դեպքում Վեհաժողովի հաջորդ նիստի ժամանակ Ուկրաինայի խորհրդարանական պատվիրակության լիազորագրերն անվավեր կճանաչվեն` Կանոնակարգի 6-րդ կանոնին համապատասխան:

 

IV. ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՄ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱՍՏԱՑՆՈՂ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ԵՎ ՊԱՏԺԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ (CPT)

 

109. CPT պատվիրակներն Ուկրաինայի ազատազրկման վայրեր այցելել են 1998, 1999 և 2000 թվականներին: Յուրաքանչյուր այցի վերաբերյալ զեկույցները հրապարակվել են 2002թ. հոկտեմբերի 9-ին` Ուկրաինայի կառավարության մեկնաբանություններով հանդերձ:

 

A. 1998թ. զեկույցը

 

110. Պատվիրակության այցը, որը տեղի էր ունեցել 1998թ. փետրվարի 8-24-ը, CPT առաջին պարբերական այցն էր Ուկրաինա: Այցի ընթացքում պատվիրակությունը տեսչական ստուգում էր կատարել, inter alia, Խարկովում գտնվող կալանավորվածներին պահելու թիվ 313/203 հաստատությունում (ՍԻԶՈ - քննչական մեկուսարան): Թիվ 2 շինության առաջին հարկում այցի պահին գտնվել էր մահապատժի դատապարտված տասնհինգ բանտարկյալ, չնայած որ զեկույցի ծանոթագրություններից մեկում նշվել էր, որ պատվիրակությանը հավաստիացրել են, թե 1997թ. մարտի 11-ից ի վեր մահապատժի նկատմամբ de facto մորատորիում է կիրառվում:

111. Իր զեկույցում (131-րդ պարբերություն) CPT-ն ի սկզբանե անհանգստություն էր հայտնել այդ բանտարկյալներին պահելու պայմանների և նրանց հանդեպ կիրառվող ռեժիմի առնչությամբ: Նշվել էր, որ յուրաքանչյուր խցում սովորաբար պահվում էր մահապատժի դատապարտված երկու անձ, իսկ խցի մակերեսը 6.5-ից 7 քառակուսի մետր էր: Խցերում բացակայում էր բնական լուսավորությունը, պատուհանները ծածկված էին մետաղյա թերթերով: Մշտապես միացված արհեստական լուսավորությունը միշտ չէր, որ բավարար էր, որովհետև որոշ խցեր կիսախավար էին: Խցերն օդափոխելու համար բանտարկյալները կարող էին քաշել լուսամուտի եզրը բացող ճոպանը: Չնայած դրան, խցերը շատ խոնավ ու բավականին ցուրտ էին (132-րդ պարբերություն):

Խցերի կահավորանքը զեկույցում բնութագրվել էր որպես տարրական: Դրանք բաղկացած են եղել մետաղյա մահճակալից և/կամ քնադարակներից (բարակ ներքնակով, կասկածելի մաքրության սավաններով և վերմակով, որն ակնհայտորեն բավարար չէր ցրտից պաշտպանելու համար), դարակից և երկու աթոռակից: Բանտարկյալները պետք է կարողանային պատի մեջ կառուցված բարձրախոսի միջոցով ռադիոհաղորդումներ ունկնդրել, սակայն պատվիրակությունը տեղեկացել էր, որ ռադիոն աշխատում է դեպքից դեպք (ibid.):

Բոլոր խցերում եղել են դեպի սենյակ նայող մուտքով չառանձնացված արտաքնոցներ, ինչի արդյունքում արտաքնոցից օգտվող բանտարկյալը ստիպված էր դրանից օգտվել իր հետ միևնույն խցում գտնվողի աչքի առջև: Ինչ վերաբերում է հիգիենիկ պարագաներին, մահապատժի դատապարտված անձինք գտնվում էին նույնքան վատթար վիճակում, որքան այլ բանտարկյալները. օճառը և ատամի մածուկը հազվագյուտ երևույթ էին (ibid.):

Այնուհետև նշվել էր, որ մահապատժի դատապարտված բանտարկյալները խցից դուրս որևէ գործունեության ներգրավված չէին, նրանք զրկված էին անգամ մեկ ժամ տևողությամբ բացօթյա զբոսանքի հնարավորությունից: Լավագույն դեպքում նրանք շաբաթը մեկ անգամ դուրս էին բերվում խցերից` խցային տիպի շինությունում ցնցուղ ընդունելու համար, և ևս մեկ ժամով, եթե նրանց թույլատրվում էր տեսակցել իրենց ընտանիքների անդամների հետ: Խցում զբաղմունքը ընթերցանությունն էր ու ռադիո ունկնդրելը, եթե այն աշխատում էր: Որոշ բանտարկյալների, թույլատրված տեսակցություններից զատ, մարդկային շփումները սահմանափակվում էին ուղղափառ հոգևորականի կամ առողջապահական հաստատությունների անձնակազմի պատահական այցելություններով, որոնք բանտարկյալների հետ զրուցում էին խցի դռան վրա եղած դիտանցքի միջով (133-րդ պարբերություն):

112. CPT-ն իր դիտողություններն ամփոփել էր հետևյալ կերպ (134-րդ պարբերություն).

 

«Հակիրճ` մահապատժի դատապարտված բանտարկյալներն օրվա ընթացքում 24 ժամ փակված էին իրենց խցերում, որի բնակելի տարածությունը խիստ սահմանափակ էր, բնական լուսավորությունը բացակայում էր, իսկ արհեստական լուսավորությունը խիստ աղոտ էր, առանց ազատ ժամանակը որևէ գործունեությամբ անցկացնելու հնարավորության և մարդկանց հետ շփվելու խղճուկ հնարավորությամբ: Նրանցից շատերն այդպիսի վնասակար պայմաններում պահվում էին բավականին երկար ժամանակ (տասն ամսից մինչև երկու տարի): Այդ իրադրությունը գուցեև համապատասխանում էր մահապատժի դատապարտված անձանց վերաբերյալ Ուկրաինայում գործող իրավական նորմերին: Սակայն դա չի փոխում CPT-ի կարծիքն այն մասին, որ այն հանգեցնում է անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի:»:

 

Այնուհետև նշվել էր, որ պատվիրակությունը մահապատժի դատապարտված բանտարկյալներից բազմաթիվ բողոքներ է ստացել այն առնչությամբ, որ իրենց իրավական կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվությունն անբավարար է (իրենց գործերով վարույթի, բողոքարկման վերաբերյալ դիմումների, ներկայացված գանգատների քննության ընթացքը և այլն) (132-րդ պարբերություն):

113. Ի պատասխան 1998թ. զեկույցի, Ուկրաինայի կառավարությունն արձանագրել էր, որ մի շարք կազմակերպական և գործնական քայլեր են ձեռնարկվել CPT-ի կողմից առաջ քաշված խնդիրների լուծման ուղղությամբ: Մասնավորապես, ընդունվել են Ժամանակավոր դրույթներ` մահապատժի դատապարտված անձանց ազգականների հետ ամսական մեկ անգամ տեսակցելու, փաստաբանի հետ տեսակցելու և իրավաբանական օգնություն ստանալու, հոգևորականի հետ հանդիպելու և առանց սահմանափակման նամակագրություն վարելու հնարավորություն ընձեռելու նպատակով: Նշված էր նաև, որ.

(i) մահապատժի դատապարտված բանտարկյալները հնարավորություն են ունենալու ամեն օր դուրս բերվելու բացօթյա զբոսանքի, և որ կալանավորվածներին պահելու վայրերի տարածքից 196 յարդ վերակառուցվել և վերակահավորվել է,

(ii) խցերի բնական լուսավորությունը բարելավելու նպատակով խցերի պատուհանների շերտավարագույրներն ու մետաղյա թերթերը հանվել են,

(iii) մահապատժի դատապարտված անձանց իրենց իրավունքներին և իրավական կարգավիճակին ծանոթացնելու նպատակով բոլոր խցերի պատերին փակցվել են քաղվածքներ Ժամանակավոր դրույթներից:

 

B. 1999թ. զեկույցը

 

114. CPT պատվիրակությունն Ուկրաինա էր այցելել 1999թ. հուլիսի 15-23-ը, որի ընթացքում պատվիրակությունը կրկին տեսչական ստուգում էր կատարել Խարկովում գտնվող կալանավորվածներին պահելու թիվ 313/203 ՍԻԶՈ-ում, որտեղ այցի պահին պահվում էր մահապատժի դատապարտված քսաներեք բանտարկյալ: Զեկույցում նշվել էր, որ առաջին այցից ի վեր զգալի փոփոխություններ կատարվել են: Մասնավորապես, խցերն ապահովվել էին բնական լուսավորությամբ և ավելի լավ էին կահավորված, բանտարկյալներն ամեն օր դուրս էին բերվում բացօթյա զբոսանքի, նկատելով, սակայն, որ դրա համար հատկացված տարածքներն անբավարար էին իսկական ֆիզիկական վարժանքի համար (34-35-րդ պարբերություններ): Զեկույցում նշվել էր նաև, որ էական առաջընթաց է տեղի ունեցել ազգականների հետ տեսակցությունների և նամակագրության առումով (36-րդ պարբերություն): CPT-ն, այդուհանդերձ, նշել էր, որ բանտային մի շարք պայմաններ, ներառյալ այն, որ բանտարկյալներն օրվա քսաներեք ժամն անց են կացնում խցերում, իսկ մարդկային շփումների հնարավորությունները շարունակում են սահմանափակ մնալ (37-րդ պարբերություն):

 

C. 2000թ. զեկույցը

 

115. Ուկրաինա երրորդ այցելությունը տեղի էր ունեցել 2000թ. սեպտեմբերի 10-21-ը, որի ընթացքում պատվիրակությունը, inter alia, տեսչական ստուգում էր իրականացրել Սիմֆերոպոլում գտնվող թիվ 15 կալանավայրում (ՍԻԶՈ): CPT-ն ողջունել էր մահապատժի վերացման մասին Ուկրաինայի իշխանությունների որոշումը և նշել, որ մոտավորապես 500 բանտարկյալի նկատմամբ նշանակված մահապատիժը կփոխարինվի ցմահ ազատազրկմամբ:

116. Չնայած այդ ողջունելի զարգացումներին, CPT-ն հայտարարել էր, որ բանտարկյալների այդ խմբի նկատմամբ վերաբերմունքն զգալի անհանգստության տեղիք է տալիս (67-րդ կետ): Նշվել էր նաև, որ 2000թ. հուլիսին ժամանակավոր հրահանգն ընդունելուց և ցմահ ազատազրկման դատապարտված անձանց համար նախատեսված` երկու ուժեղացված անվտանգության բաժանմունքների ստեղծումից հետո էլ այդ բանտարկյալների նկատմամբ կիրառվում էր խիստ սահմանափակող ռեժիմ (68-րդ կետ): Չնայած խցերի բնակելի տարածությունն ընդհանուր առմամբ բավարար էր, և չնայած, որ այցելած բոլոր հաստատություններում ընթանում էին խցերի վերակահավորման աշխատանքներ, էական թերություններ կային բավարար բնական և արհեստական լուսավորության և օդափոխության առումով (69-րդ կետ): Բացի դրանից, ցմահ ազատազրկման դատապարտված անձինք օրական քսաներեքուկես ժամ փակված էին իրենց խցերում և խցից դուրս որևէ ժամանց կազմակերպված չէր. թույլատրվում էր ընդամենը կեսժամյա բացօթյա զբոսանք, այն էլ` անընդունելի պայմաններում: Ըստ էության, մարդկանց հետ շփումներ չկային. 2000թ. հուլիսին հրահանգի ուժի մեջ մտնելուց հետո ազգականների հետ տեսակցություններն արգելվել էին և բանտարկյալներին թույլատրվում էր միայն երկու ամսվա ընթացքում ուղարկել մեկ նամակ, իսկ ստացվող նամակագրության սահմանափակում նախատեսված չէր (70-րդ պարբերություն):

117. Զեկույցին ի պատասխան Ուկրաինայի կառավարությունը նշել էր նաև, որ կատարվել են նաև իրավական այլ փոփոխություններ, որոնք ցմահ ազատազրկման դատապարտված անձանց թույլ էին տալիս դուրս գալ օրական մեկ ժամ տևողությամբ բացօթյա զբոսանքի, ամսվա ընթացքում ունենալ երկու անգամ մինչև չորս ժամ տևողությամբ տեսակցություն ընտանիքի անդամների հետ: Բացի դրանից, լուսավորություն ապահովելու նպատակով խցերի պատուհաններից հանվել են մետաղյա թերթերը:

 

ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՐՑԵՐ

 

I. ՓԱՍՏԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄՆ ԸՍՏ ԴԱՏԱՐԱՆԻ

 

118. Դատարանը կրկին հղում է կատարել իր նախադեպային իրավունքին` առ այն, որ մինչև 1998թ. նոյեմբերի 1-ը կոնվենցիոն համակարգի համաձայն` փաստերի հաստատումն ու ստուգումը Հանձնաժողովի առաջնային խնդիրն էր (Կոնվենցիայի 28-րդ հոդվածի 1-ին մաս և 31-րդ հոդված): Չնայած որ փաստերի վերաբերյալ Հանձնաժողովի եզրակացությունը Դատարանի համար պարտադիր չէ, և Դատարանն ազատ է կատարելու իր սեփական գնահատումը` իր տրամադրության տակ առկա նյութերի հիման վրա, Դատարանը, այդուհանդերձ, միայն բացառիկ հանգամանքների դեպքում է կիրառում իր այդ լիազորությունը (տես` ի թիվս այլ գործերի, Ակվիդարը և այլոք ընդդեմ Թուրքիայի, 1996թ. սեպտեմբերի 16-ի վճիռը, Զեկույցներ վճիռների ու որոշումների վերաբերյալ 1996-IV, էջ 1214, կետ 78):

119. Նկատի ունենալով գործի փաստացի հանգամանքների ամբողջությունը, ներգրավելով բազմաթիվ վկաների և հավաքելով բազմաթիվ փաստացի ապացույցներ, Դատարանը եզրակացրել է, որ ապացույցները գնահատելու իր խնդրի հանդեպ Հանձնաժողովը ցուցաբերել է անհրաժեշտ շրջահայացություն` մանրամասն քննության առնելով դիմողի բողոքների օգտին և դրանց վերաբերյալ կասկածներ հարուցող բոլոր տարրերը: Ուստի Դատարանը փաստերն ընդունել է այնպես, ինչպես հաստատել է Հանձնաժողովը:

 

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՎԻՃԱՐԿՎՈՂ ԽԱԽՏՈՒՄ

 

120. Կոնվենցիայի 3-րդ հոդվածը սահմանում է հետևյալը.

 

«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:»:

 

A. Բանտում դիմողի հանդեպ վատ վերաբերմունքի վիճարկումը

 

121. Հանձնաժողովի պատվիրակներին դիմողը հայտնել էր, որ իրեն ծեծել են 1998թ. սեպտեմբերի 2-ին` իր ծնողների այցելությունից հետո, այնուհետև 1998թ. սեպտեմբերի 10-ին, 14-ին ու 22-ին: Նրա ծնողները հայտնել էին, որ 1998թ. սեպտեմբերի 2-ի այցելության ժամանակ իրենց որդին հայտնել էր, որ իրեն ծեծել և նվաստացրել են: Հետո նրանք 1998թ. սեպտեմբերի 3-ին հայտնել էին, որ բանտում տեղի ունեցած ծեծի ու խոշտանգումների արդյունքում դիմողին փոխադրել էին հիվանդանոց:

122. Կոնվենցիայի 3-րդ հոդվածի մեկնաբանությունների նկատմամբ կիրառվող խիստ չափանիշներին համապատասխան քննության առնելով գանգատը, Հանձնաժողովը «ողջամիտ կասկածից վեր» հաստատված չի համարել, որ եղել է դաժանության նվազագույն աստիճանին համարժեք վատ վերաբերմունք:

123. Ինչպես և Հանձնաժողովը, Դատարանը ևս գտել է, որ բանավոր ու գրավոր ապացույցների հիման վրա պատշաճ հավաստիությամբ չի հաստատվում այն փաստը, որ դիմողն Իվանո-Ֆրանկովսկի բանտում ենթարկվել է վատ վերաբերմունքի` ի խախտումն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի:

124. Ուստի Դատարանը եզրակացրել է, որ այդ մասով Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել:

 

B. Իրականացված քննության պատշաճությունը

 

125. Դատարանը կրկնում է, որ այն դեպքերում, երբ անձը վիճահարույց բողոք է ներկայացնում այն մասին, որ Պետության ներկայացուցիչների կողմից ապօրինաբար և ի խախտումն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ենթարկվել է վատ վերաբերմունքի, այդ դրույթը, մեկնաբանելով 1-ին հոդվածով սահմանված ընդհանուր պարտականության հետ համակցված` «իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովվում են այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են... Կոնվենցիայով», ենթադրում է, որ պետք է իրականացվի արդյունավետ պաշտոնական քննություն: Այդպիսի քննության արդյունքում, ինչպես, օրինակ, 2-րդ հոդվածի առնչությամբ, պետք է հնարավոր լինի հայտնաբերել և պատասխանատվության ենթարկել մեղավորներին (Կոնվենցիայի 2-րդ հոդվածի առնչությամբ տես ՄըքՔեննը և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության, 1995թ. սեպտեմբերի 27-ի վճիռ, շարքեր A թիվ 324, էջ 49, կետ 161, Ղայան ընդդեմ Թուրքիայի, 1998թ. փետրվարի 19-ի վճիռ, 1998-I Զեկույցներ, էջ 324, կետ 86, ինչպես նաև` Յաշան ընդդեմ Թուրքիայի, 1998թ. սեպտեմբերի 2-ի վճիռ, 2998-VI Զեկույցներ, էջ 2438, կետ 98):

126. Իր զեկույցում Հանձնաժողովը եզրակացրել է, որ դիմողի ծնողների բողոքները կասկածի տեղիք էին տալիս իրենց որդու նկատմամբ բանտում դրսևորված վատ վերաբերմունքի առումով, և որ բողոքներից բխում էր, որ պետական իշխանությունները որոշակի քննություն իրականացրել էին դիմողի ծնողների բողոքի առնչությամբ: Այդուհանդերձ, Հանձնաժողովը չի համարել, թե իրականացված քննությունն ամբողջական և բավականաչափ արդյունավետ է եղել Կոնվենցիայի 3-րդ հոդվածին համապատասխանելու համար: Մասնավորապես, անբավարար էր համարվել այն, որ բանտի բժշկի կողմից դիմողի բժշկական քննություն չէր իրականացվել մինչև 1998թ. հոկտեմբերի 28-ը (ի տարբերություն բանտի հոգեբույժի), 1998թ. սեպտեմբերի 4-ին դիմողի ծնողների կողմից մարզային դատախազին հղած նամակից գրեթե երկու ամիս անց, երբ ենթադրյալ վատ վերաբերմունքի հետքերը, հավանաբար, չքացել էին: Հանձնաժողովը նաև նշել է, որ այդ կապակցությամբ ներքին վարչակազմի կայացրած որոշումները մանրակրկիտ հիմնավորում չեն պարունակում դիմողի ծնողների բողոքը մերժելու մասին: Նշվել է նաև, որ բացակայել են ժամանակագրական գրառումները, որոնց միջոցով հնարավոր կլիներ քայլ առ քայլ ի ցույց դնել ենթադրությունների կապակցությամբ իրականացված քննության բնույթը, և որ վարչակազմի որևէ արտաքին մարմին այդպիսի որևէ քննության չի ներգրավվել: Նման հանգամանքներում Հանձնաժողովը եզրակացրել է, որ իրականացված քննությունն անփույթ և մակերեսային է եղել, և լուրջ ջանք չի գործադրվել պարզելու, թե 1998թ. սեպտեմբերին իրականում ինչ է տեղի ունեցել բանտում:

127. Իր տրամադրության տակ եղած նյութերի քննության լույսի ներքո Դատարանը համաձայնել է Հանձնաժողովի եզրակացությանն ու հիմնավորմանը և եզրահանգել, որ բանտում իր հանդեպ վատ վերաբերմունքի մասին դիմողի վիճարկվող բողոքը ներքին վարչակազմի կողմից Կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանված արդյունավետ քննության չի ենթարկվել:

128. Հետևաբար, այս մասով տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:

 

C. Մահվան դատապարտվածների գոտում դիմողի ազատազրկման պայմանները

 

129. Իր նախնական դիմումում դիմողը հայտնել է, որ ընտանիքի հետ տեսակցելու իր իրավունքը սահմանափակվել է, որ իրեն չի թույլատրվել նամակներ ստանալ և ուղարկել, հեռուստացույց դիտել կամ որևէ կապ պահպանել արտաքին աշխարհի հետ: Նրան անգամ թույլ չէր տրվել տեսակցել հոգևորականի հետ:

130. Ինչպես Դատարանը բազմիցս նշել է, Կոնվենցիայի 3-րդ հոդվածը պահպանում է ժողովրդավարական հասարակության ամենահիմնարար արժեքներից մեկը: Դրանով ընդհանրապես արգելվում է խոշտանգումները կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը` անկախ հանգամանքներից և տուժողի վարքագծից (տես Լաբիթան ընդդեմ Իտալիայի (GC), թիվ 26772/95, կետ 119, ՄԻԵԿ 2000-IV):

131. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն վատ վերաբերմունքը պետք է համապատասխանի դաժանության նվազագույն մակարդակի` Կոնվենցիայի 3-րդ հոդվածի շրջանակում ընդգրկվելու համար: Նշված նվազագույն մակարդակի գնահատումը հարաբերական է, այն կախված է գործի բոլոր հանգամանքներից, ինչպես, ասենք, վատ վերաբերմունքի տևողությունը, դրա ֆիզիկական ու հոգեկան հետևանքները և, որոշ դեպքերում` տուժողի սեռը, տարիքը և առողջական վիճակը (տես` ի թիվս այլ գործերի, 1978թ. հունվարի 18-ի Իռլանդիան ընդդեմ Միացյալ Թագավորության, շարքեր A թիվ 25, էջ 65, կետ 162): Բացի դրանից, վերաբերմունքի «նվաստացնող» լինելու հարցը Կոնվենցիայի 3-րդ հոդվածի լույսի ներքո քննելիս` Դատարանը պետք է նկատի առնի այն, թե արդյո՞ք այդ վերաբերմունքի նպատակն անձին նվաստացնելն ու ստորացնելն է, և եթե խոսքը վերաբերում է հետևանքներին, արդյո՞ք այդ վերաբերմունքը Կոնվենցիայի 3-րդ հոդվածին անհարիր բացասական ազդեցություն է ունեցել անձի վրա: Այդպիսի նպատակի բացակայությունը բացառում է խախտման փաստի արձանագրումը (տես Փիըրսն ընդդեմ Հունաստանի, թիվ 28524/95, 67-68-րդ և 74-րդ կետեր, ՄԻԵԿ 2001-III, ինչպես նաև Վալասինասն ընդդեմ Լիտվայի, թիվ 44558/98, կետ 101, ՄԻԵԿ 2001-VIII):

132. Դատարանը հետևողականորեն ընդգծել է, որ տառապանքը և նվաստացումը բոլոր դեպքերում պետք է գերազանցի օրինաչափ վերաբերմունքի կամ պատժի տվյալ ձևին բնորոշ տառապանքի կամ նվաստացման անխուսափելի տարրը: Անձին ազատությունից զրկող միջոցները հաճախ կարող են նման տարրեր ներառել: Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն Պետությունը պետք է երաշխավորի, որպեսզի ազատությունից զրկված անձին պահելու պայմանները համապատասխանեն մարդկային արժանապատվությունը հարգելու սկզբունքներին, որ տվյալ միջոցի իրականացման ձևն ու մեթոդը չի պատճառում նրան այն աստիճան տառապանք ու զրկանք, որը գերազանցում է ազատությունից զրկելուն բնորոշ անխուսափելի տառապանքի աստիճանը, և որ ազատազրկման պայմանների ու ազատազրկվածի առողջության վերաբերյալ պահանջները ևս երաշխավորվեն (տես Կուդլան ընդդեմ Լեհաստանի (GC), թիվ 30210/96, 92-94 կետեր, ՄԻԵԿ 2000-XI):

133. Բացի դրանից, Դատարանն ինչպես արդեն ընդգծել էր Սոերինգի գործով` մասնակից պետություններում մահապատժի հանդեպ ձևավորված վերաբերմունքը բավարար է գնահատելու համար` տառապանքի և նվաստացումների սահմանագիծը գերազանցվե՞լ է, թե` ոչ (տես Սոերինգն ընդդեմ Միացյալ Թագավորության, 1989թ. հուլիսի 7-ի վճիռ, շարքեր A, թիվ 161, էջ 41, կետ 104): Այն վայրերում, որտեղ մահապատիժը կիրառվում է, դատապարտված անձին բնութագրող հանգամանքները, ազատազրկման պայմանները, նախքան մահապատժի իրականացումը կրած ազատազրկման տևողությունը կարող են ծառայել որպես այն գործոնների օրինակներ, որոնց արդյունքում դատապարտյալի հանդեպ դրսևորված վերաբերմունքը կարող է համարվել Կոնվենցիայի 3-րդ հոդվածով արգելված գործողություն (ibid.): Ազատազրկման պայմանները գնահատելիս հարկ է հաշվի առնել այդ պայմանների ամբողջական ազդեցությունը, ինչպես նաև դիմողի հայտարարությունները (տես Դուգոզն ընդդեմ Հունաստանի, թիվ 40907/98, կետ 46, ՄԻԵԿ 2001-II, ինչպես նաև` Կալաշնիկովն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 47095/99, կետ 95, ՄԻԵԿ 2002-VI):

134. Դատարանը նշել է, որ դիմողը բողոքարկել էր ազատազրկման որոշ պայմաններ, որոնք կրել է Իվանո-Ֆրանկովսկի բանտում` 1995թ. դեկտեմբերի 12-ին Իվանո-Ֆրանկովսկի մարզային դատարանի կողմից նշանակված և 1996թ. փետրվարի 22-ին Գերագույն դատարանի կողմից անփոփոխ թողնված մահապատժի իրականացմանն սպասելիս: Այդ առնչությամբ Դատարանը կրկնել էր, որ Կոնվենցիան յուրաքանչյուր մասնակից պետության համար տարածվում է տվյալ կողմի համար դրա ուժի մեջ մտնելուց հետո արձանագրված փաստերի վրա: Հետևաբար, Դատարանն իրավասու է քննել դիմողի բողոքները, քանի որ դրանք առնչվում են 1997թ. սեպտեմբերի 11-ից հետո ընկած ժամանակահատվածին, երբ Կոնվենցիան ուժի մեջ էր մտել Ուկրաինայի համար: Ինչևէ, դիմողի վրա ազատազրկման պայմանների ազդեցությունը գնահատելիս` Դատարանը կարող էր հաշվի առնել նրա բանտարկության ամբողջ, ներառյալ` 1997թ. սեպտեմբերի 11-ին նախորդող ժամանակահատվածը, ինչպես նաև բանտարկյալի ազատազրկման պայմաններն այդ ժամանակահատվածում (տես Կալաշնիկովի վերոհիշյալ գործը, կետ 96):

135. Դատարանն այնուհետև հայտարարել է, որ դիմողը` որպես մահապատժի դատապարտված, պահվել է այնքան ժամանակ, քանի դեռ նրա պատիժը 2000թ. հունիսի չէր փոխարինվել ցմահ ազատազրկմամբ: Ինչպես նշվեց վերը (տես 106-108-րդ կետեր), Ուկրաինայում մահապատժի կիրառումը բազմիցս խիստ քննադատության է ենթարկվել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի բանաձևերում, որոնցում նշվել է, որ 1995թ. նոյեմբերի 9-ից մինչև 1997թ. մարտի 11-ն այդ պետությունում իրականացվել է 212 մահապատիժ: Վերջին նշված օրն Ուկրաինայի Նախագահի կողմից մահապատժի իրականացման նկատմամբ de facto մորատորիում էր հայտարարվել: 1999թ. դեկտեմբերի 29-ին Սահմանադրական դատարանը եզրակացրել էր, որ Քրեական օրենսգրքի` մահապատժի վերաբերյալ դրույթները հակասահմանադրական են, իսկ 2000թ. փետրվարի 22-ին մահապատիժը վերացվել է և փոխարինվել ցմահ ազատազրկմամբ (տես վերը` կետ 11): Դիմողը մահապատժի էր դատապարտվել 1995թ. սեպտեմբերին` մորատորիումն ուժի մեջ մտնելուց մոտ տասնհինգ ամիս առաջ: Դատարանն ընդունել է, որ մինչև մահապատիժը պաշտոնապես արգելելը և պատժի տեսակը փոխելը դիմողը, ամենայն հավանականությամբ, իր ապագայի առումով անորոշ վիճակի մեջ է եղել` վախով ու տառապանքով լի: Այդուհանդերձ, Դատարանը համարել է, որ մահապատժի իրականացման հավանականությունը և մահապատժի դատապարտվածին ուղեկցող վախի զգացողությունն ու տառապանքը փոխհատուցվել են de facto մորատորիումն ուժի մեջ մտնելու պահին:

136. Ինչ վերաբերում է մահապատժի իրականացմանն սպասելու ընթացքում կրած ազատազրկման պայմաններին, Դատարանը հղում է կատարել Հանձնաժողովի պատվիրակների եզրակացություններին, հատկապես նրանց, որոնք վերաբերում էին դիմողի խցի չափերին, լուսավորությանն ու ջեռուցմանը, ինչպես նաև` ամենօրյա բացօթյա զբոսանքների, նամակագրության և ազգականների հետ տեսակցության վերաբերյալ բանտում ձևավորված պրակտիկային: Դատարանը հաշվի է առել այն փաստը, որ պատվիրակները դիմողի բողոքները քննել էին ամենայն խորությամբ` տեսչական ստուգման ժամանակ առանձնակի ուշադրություն դարձնելով դիմողին պահելու պայմանների վրա: Նման հանգամանքներում Դատարանը գտել է, որ Հանձնաժողովի եզրակացությունները կարելի է արժանահավատ համարել:

137. Դատարանն անդրադարձել է նաև 1999թ. հոկտեմբերի 26-ից (երբ Հանձնաժողովը հաստատել էր իր հաշվետվությունը) մինչև 2000թ. հունիսի 2-ը (երբ դիմողի մահապատիժը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ) ընկած ժամանակահատվածի վերաբերյալ կողմերի ներկայացրած փաստաթղթերին, ինչպես նաև տվյալ ժամանակահատվածի վերաբերյալ CPT զեկույցների որոշ հատվածների:

138. Սպանությունները տեղի ունենալու ժամանակ, որոնց համար դիմողը դատապարտվել էր մահապատժի, նա 19 տարեկան էր: Նա Իվանո-Ֆրանկովսկի բանտի մահապարտների բաժանմունք էր փոխադրվել 1996թ. փետրվարի 22-ին, երբ Գերագույն դատարանը մահապատժի դատավճիռը թողել էր անփոփոխ (տես վերը` կետ 10):

139. Դատարանը հիշատակել է Հանձնաժողովի եզրակացություններն առ այն, որ Իվանո-Ֆրանկովսկի բանտ պատվիրակության այցելության օրը մահապատժի դատապարտված ութ բանտարկյալներ պահվում էին մենախցերում` առանց այլ բանտարկյալների հետ շփվելու հնարավորության: Բանտի տեսուչները դռան դիտանցքից հաճախակի ստուգում էին բանտարկյալներին: Լույսն օրական քսանչորս ժամ միացված էր, իսկ կենտրոնական ռադիոընդունիչն անջատվում էր միայն գիշերը:

140. Դատարանն այնուհետ նշել էր Հանձնաժողովի եզրակացությունն այն մասին, որ մինչև 1998թ. մայիս բանտարկյալներին ամեն օր բացօթյա զբոսանք չի թույլատրվել, և որ նրանց խցերի պատուհանները, ընդհուպ մինչև պատվիրակության այցը, ամբողջությամբ ծածկված են եղել վանդակաճաղերով: Պատվիրակության տեսչական ստուգման ժամանակ պատերը թարմ ներկված են եղել, խցում եղել է արտաքնոց` առանց ծածկի, սառը ջրով լվացարան, երկու մահճակալ, սեղան և փոքր նստարան` երկուսն էլ գամված գետնին, կենտրոնացված ջեռուցում և վանդակապատ պատուհան: Դիմողն ուներ մի քանի գիրք, լրագրեր, շախմատ, օճառ, զուգարանի թուղթ, փոքր քանակությամբ միրգ և այլ սննդամթերք: 1998թ. նոյեմբերին պատվիրակների այցելության ընթացքում խուցը գերտաքացած էր բանտի այլ խցերի համեմատությամբ: Դատարանն ընդունել է Հանձնաժողովի եզրակացությունն այն մասին, որ 1998թ. նոյեմբերի դրությամբ պայմաններն անմխիթար են եղել:

141. Ինչ վերաբերում է դիմողի ազգականների հետ տեսակցություններին, Դատարանը հավաստի է համարել Հանձնաժողովի եզրակացությունն առ այն, որ տեսակցություններին ներկա էին գտնվել երկու տեսուչ, որոնք ունեին միջամտելու իրավունք, եթե համարեին, որ դիմողը կամ նրա ծնողներն ինչ-որ «սխալ» բան են ասում: Բացառությամբ 1998թ. հունիսի 19-ի նրանց խնդրանքի, տեսակցության մնացած բոլոր խնդրանքները բավարարվել էին: Սակայն տեսակցությունները տեղի էին ունեցել դիմումը ներկայացնելուց երկու-երեք ամիս անց միայն, իսկ դրանց թիվը սահմանափակված է եղել տարվա ընթացքում տասներկու տեսակցությամբ:

142. Դատարանը նշել է, որ Հանձնաժողովին չէր հաջողվել հստակեցնել` դիմողը կամ նրա ծնողները դիմե՞լ են, արդյոք, հոգևորականի հետ տեսակցելու իրավունք ստանալու համար: Կարելի էր, սակայն, ասել, որ չնայած հոգևորականը դիմողի 1998թ. դեկտեմբերի 22-ի խնդրանքով 1998թ. դեկտեմբերի 26-ին այցելել էր նրան, բանտարկյալները, այդուհանդերձ, պարբերաբար չէին տեսակցել որևէ քահանայի:

143. Ինչ վերաբերում է դիմողի նամակագրությանը, Դատարանը նկատել է, որ չնայած դիմողին թույլատրվել է Հրահանգին համապատասխան տարեկան տասներկու նամակից ավելի ուղարկել, մինչև 1997 թվականի սեպտեմբեր այդ հնարավորությունը նա չի ունեցել:

144. Կողմերի ներկայացրած բազմաթիվ ապացույցների, ինչպես նաև դիմողի նկատմամբ նշանակված մահապատիժն ուժի մեջ մտնելուց կարճ ժամանակ անց և Կոնվենցիան Ուկրաինայի համար ուժի մեջ մտնելուց հետո Իվանո-Ֆրանկովսկի բանտ Հանձնաժողովի կողմից կատարված փաստահավաք այցելության ընթացքում ձեռք բերված փաստերի հիման վրա Դատարանը կարող է մանրամասն նկարագրել այն պայմանները, որոնցում դիմողը պահվել է 1996 թվականից ի վեր, մասնավորապես` 1997թ. սեպտեմբերի 11-ից, երբ Կոնվենցիան ուժի մեջ մտավ Ուկրաինայի համար, մինչև 1998թ. մայիս, երբ Հրահանգն սկսեց կիրառվել Իվանո-Ֆրանկովսկի բանտում:

145. Դատարանն առանձնակի անհանգստություն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ դիմողը, առնվազն մինչև 1998թ. մայիս, մահապատժի դատապարտված այլ բանտարկյալների հետ օրական քսանչորս ժամ փակված է եղել մի խցում, որտեղ բնակելի տարածությունը սահմանափակ էր, պատուհանը` վանդակաճաղերով և, հետևաբար, առանց բնական լուսավորության, առանց բացօթյա զբոսանքի հնարավորությունների և ժամանցի ու մարդկային շփումների փոքր հնարավորություններով կամ դրանց բացակայությամբ: Ուկրաինայում մահապատժի դատապարտված բանտարկյալներին նման պայմաններում պահելու վերաբերյալ CPT-ի զեկույցին համահունչ Դատարանը համարում է, որ դիմողին այդաստիճան անընդունելի պայմաններում պահելը հանգեցրել է նվաստացնող վերաբերմունքի` առաջացնելով Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում: Դիմողի պարագայում իրավիճակը ծանրանում էր նրանով, որ 1998թ. փետրվարի 24-ից մարտի 24-ը դիմողը պահվել էր մի խցում, որտեղ ջրի ծորակ կամ լվացարան չի եղել. փոխարենն արտաքնոցի պատի մոտ եղել է ջրի փոքր խողովակ, իսկ ջուրը կարող էր միացվել միայն միջանցքից, արտաքնոցի պատերին եղել են արտաթորանքի հետքեր, իսկ զուգարանակոնքը լվանալու հարմարանքը բացակայում էր: Դիմողի վիճակը ծանրացել էր նաև նրանով, որ այդ ամբողջ ընթացքում նա պահվել էր որպես մահապատժի ենթակա անձ, չնայած, ինչպես նշվեց վերը` 11-րդ և 135-րդ կետերում, 1997թ. մարտի 11-ից սկսած գործում էր մորատորիում:

146. Դատարանը համարել է, որ տվյալ գործով չի ապացուցվում, որ դիմողին ստորացնելը կամ նվաստացնելը կատարվել է դրական մտադրություններից ելնելով: Եվ, այնուամենայնիվ, չնայած որ պետք է քննարկվի այն հարցը, թե վատ վերաբերմունքի նպատակն արդյո՞ք եղել է դիմողին նվաստացնելը կամ ստորացնելը, այդպիսի նպատակի բացակայությունը չի կարող ինքնին բացառել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտումը (տես Վ-ն. ընդդեմ Միացյալ Թագավորության, (GC), թիվ 24888/94, կետ 71, ՄԻԵԿ 1999-IX, ինչպես նաև վերը հիշատակված Կալաշնիկովի գործը, կետ 101): Դատարանը եզրակացրել է, որ բանտային պայմանները, որոնք դիմողն ստիպված է եղել հանդուրժել մասնավորապես մինչև 1998թ. մայիս, ամենայն հավանականությամբ, նրան պատճառել են մարդկային արժանապատվությունը նվաստացնող էական հոգեկան տառապանք:

147. Դատարանը տեղեկացվել է, որ 1998թ. մայիսից հետո էական առաջադիմական զարգացումներ են տեղի ունեցել թե՜ դիմողի բանտային ընդհանուր պայմանների, թե՜ կիրառվող ներբանտային ռեժիմի առումով: Մասնավորապես, պատուհանների մետաղյա թերթերը հանվել էին, թույլատրվել էին ամենօրյա բացօթյա զբոսանքներ, և ընդլայնվել էին բանտարկյալների` տեսակցությունների և նամակագրություն վարելու իրավունքները: Այնուամենայնիվ, Դատարանը գտել էր, որ մինչև այդ դրական փոփոխություններն իրականացնելը դիմողն արդեն մոտ երեսուն ամիս պահվել է այն անտանելի պայմաններում, որից ութ ամիսը` Ուկրաինայի համար Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո:

148. Բանտում դիմողի նյութական պայմանները և վերջինիս առաջարկվող գործունեության տեսակները քննության առնելիս` Դատարանը նկատի է առել նաև այն, որ տևական անցումային փուլի ընթացքում Ուկրաինան բախվել էր լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրների, և որ մինչև 1998թ. ամառը բանտային իշխանությունները միաժամանակ պայքարում էին ընդդեմ ծանր տնտեսական պայմանների և ի կենսագործումն նոր օրենսդրության: Այդուհանդերձ, Դատարանը նկատել է, որ միջոցների սղությունն սկզբունքորեն չի կարող արդարացնել բանտային պայմանները, որոնք այ նաստիճան վատթար են, որ անցնում են Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված սահմանագիծը: Ավելին, Ուկրաինայի առջև ծառացած դժվարություններն ամեն դեպքում չեն կարող պարզաբանում կամ արդարացում հանդիսանալ այն պայմանների համար, որոնք 145-րդ կետի համաձայն անընդունելի են համարվել սույն գործի առնչությամբ:

149. Հետևաբար, այս մասով տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:

 

III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՎԻՃԱՐԿՎՈՂ ԽԱԽՏՈՒՄ

 

150. Իր նախնական գանգատում դիմողը հայտնել էր, որ ընտանիքի հետ տեսակցելու իր իրավունքը սահմանափակվել է, որ իրեն չի թույլատրվել նամակներ ստանալ և ուղարկել, հեռուստացույց դիտել կամ որևէ կապ պահպանել արտաքին աշխարհի հետ:

151. Դատարանը գտել է, որ այս բողոքները ենթակա են քննության Կոնվենցիայի 8-րդ հոդվածի լույսի ներքո, որը սահմանում է.

 

«1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական և ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք:

 

2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»:

 

152. Հանձնաժողովն ապացուցված էր համարել այն, որ դիմողի` իր ազգականների, ինչպես նաև իր ներկայացուցչի` պարոն Վոսկոբոյնիկովի հետ տեսակցելու իրավունքը սահմանափակվել է ամսական մինչև մեկ տեսակցությամբ, և որ տեսակցությունների ընթացքն ունկնդրել է երկու տեսուչ, որոնք միջամտելու իրավունք ունեին, եթե համարեին, որ դիմողը կամ նրա ծնողներն ինչ-որ «սխալ» բան են ասում: Հանձնաժողովը նաև գտել էր, որ տեսակցությունը չի կարող դադարեցվել դիմողի նկատմամբ բանտային կանոնները խախտելու համար կիրառվող կարգապահական տույժի կարգով: Ինչ վերաբերում էր նամակագրությանը, Հանձնաժողովը նշել էր, որ չնայած Հրահանգով դիմողին իրավունք էր վերապահված ամսական մեկ նամակ ուղարկել իր ազգականներին և անսահմանափակ թվով նամակներ ստանալ, այդ նամակագրությունը ենթարկվել էր գրաքննության:

153. Դատարանը, համաձայնելով Հանձնաժողովի հետ, համարել է, որ վերոհիշյալ սահմանափակումները ոչ այլ ինչ են, քան հանրային իշխանության մարմնի կողմից միջամտություն դիմողի անձնական և ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունքի իրականացմանը, որը նախատեսված է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 1-ին մասով:

154. Այդ միջամտությունը կարող է արդարացվել միայն այն դեպքում, եթե պահպանվել են նույն հոդվածի երկրորդ մասի պահանջները: Մասնավորապես, 8-րդ հոդվածին չհակասելու համար միջամտությունը պետք է լինի «օրենքով նախատեսված», հետապնդի օրինաչափ նպատակ և «անհրաժեշտ լինի ժողովրդավարական հասարակությունում»` այդ նպատակին հասնելու համար (տես Սիլվերը և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության, 1983թ. մարտի 25-ի վճիռ, շարքեր A թիվ 61, էջ 32, կետ 84, ինչպես նաև` Պետրան ընդդեմ Ռումինիայի, 1998թ. սեպտեմբերի 23-ի վճիռ, Զեկույցներ 1998-VII, էջ 2853, կետ 36):

155. Դատարանը նախ պետք է որոշի` միջամտությունը եղե՞լ է «օրենքով նախատեսված»: Այս արտահայտությունն ամենից առաջ պահանջում է, որ վիճարկելի գործողությունը որոշակի հիմք ունենա տեղական օրենսդրությունում. այն վերաբերում է նաև խնդրո առարկա օրենքի որակին` պահանջելով, որ այն պետք է հասանելի լինի շահագրգիռ անձին (որը պետք է ի վիճակի լինի պատկերացնել դրա հետևանքներն իր համար) և համապատասխանի իրավունքի գերակայությանը (տես Կրուսլինն ընդդեմ Ֆրանսիայի, 1990թ. ապրիլի 24-ի վճիռ, շարքեր A, թիվ 176-A և B, համապատասխանաբար` կետեր 20, 27, 52 և 26):

156. Այդ պահանջների պահպանման վերաբերյալ նկատառումները ներկայացնելիս` Կառավարությունն իր գրավոր առարկություններում հղում էր կատարել Նախնական կալանքի վերաբերյալ ակտին (այսուհետ` Օրենք) և Ուղղիչ աշխատանքային օրենսգրքին (այսուհետ` Օրենսգիրք): Հետագա մեկնաբանություններում նա հավելել էր նաև Ժամանակավոր դրույթները: Դիմողը հայտնել էր, որ միայն հատուկ ներքին կանոններով են կարգավորվում մահապատժի իրականացմանն սպասող բանտարկյալներին պահելու պայմանները:

157. Դատարանը նկատել է, որ Օրենքը կարգավորում է կալանքի հարցերը` մինչև դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը: Այնուհետև Դատարանը նշել է, որ չնայած Օրենսգիրքն ընդհանուր իրավական հիմք է սահմանում ազատազրկման պայմանների համար, իրավասու տեղական իշխանությունները տվյալ գործով դիմողին և նրա ծնողներին մահապատժի դատապարտված անձանց բանտարկության պայմաններին ծանոթացնելիս Օրենսգիրքը չէին հիշատակել:

158. Կողմերի տրամադրած փաստաթղթերից և Հանձնաժողովի եզրակացություններից պարզվել էր, որ դատավճիռն ուժի մեջ մտնելուց հետո մահապատժի դատապարտված անձանց պահելու պայմանները կարգավորվում են Արդարադատության նախարարության, Գլխավոր դատախազի և Գերագույն դատարանի կողմից սահմանվող Հրահանգով: Դատարանը նշել է, որ Հրահանգը ներքին չհրապարակված փաստաթուղթ է, որը հասանելի չէ հանրությանը:

159. Դատարանը նշել էր, որ Հրահանգը փոխարինվել է Ժամանակավոր դրույթներով, որը հաստատվել էր 1999թ. հունիսի 25-ին` Պատիժների իրականացման պետական վարչության թիվ 72 հրամանով, 1999թ. հուլիսի 1-ին Արդարադատության նախարարության կողմից գրանցվել 426/3719 համարի ներքո, ուժի մեջ մտել 1999թ. հուլիսի 11-ին և մատչելի էր հանրությանը: Ժամանակավոր դրույթներն ընդլայնում էին մահապատժի դատապարտված անձանց իրավունքները: Մասնավորապես, բանտարկյալները տարեկան կարող էին ստանալ վեց ծանրոց և երեք հանձնուք, առանց սահմանափակման ստանալ և ուղարկել նամակներ և ամսական մեկ անգամ` մինչև երկու ժամ տևողությամբ, տեսակցել ազգականներին: Այդուհանդերձ, ինչպես Հանձնաժողովն էր նշել, Ժամանակավոր դրույթները չէին տարածվում դիմողի կողմից վիճարկվող փաստերի վրա, քանի որ դրանք տեղի էին ունեցել մինչև 1999թ. հուլիսի 11-ը:

160. Դատարանը եզրակացրել է, որ նման հանգամանքներում չի կարելի պնդել, որ դիմողի անձնական և ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության իրավունքի իրականացմանը տեղի ունեցած միջամտությունը «նախատեսված է եղել օրենքով», ինչպես պահանջում է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ մասը:

161. Վերը նշված եզրակացությունից ելնելով` Դատարանը, ինչպես և Հանձնաժողովը, անհրաժեշտ չի համարել քննության առնել այն հարցը, թե սույն գործով միջամտությունն «անհրաժե՞շտ է եղել ժողովրդավարական հասրակությունում»` Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված օրինաչափ նպատակներից որևէ մեկին հասնելու համար, թե` ոչ:

162. Ուստի, այս մասով տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում:

 

IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՎԻՃԱՐԿՎՈՂ ԽԱԽՏՈՒՄ

 

163. Իր նախնական դիմումում դիմողը հայտնել էր, որ իրեն չի թույլատրվել տեսակցել հոգևորականի հետ:

151. Դատարանը գտել է, որ այս գանգատները ենթակա են քննության Կոնվենցիայի 9-րդ հոդվածի լույսի ներքո, որը սահմանում է.

«1. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք. այս իրավունքը ներառում է իր կրոնը կամ համոզմունքը փոխելու և դրանք ինչպես միանձնյա, այնպես էլ այլոց հետ համատեղ և հրապարակավ կամ մասնավոր կարգով, քարոզչության, արարողությունների, պաշտամունքի և ծեսերի միջոցով արտահայտելու ազատություն:

 

2. Սեփական կրոնը կամ համոզմունքները դավանելու ազատությունը ենթակա է միայն այնպիսի սահմանափակումների, որոնք սահմանված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի պաշտպանություն հասարակական անվտանգության, հասարակական կարգի, առողջության կամ բարոյականության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների»:

 

165. Կառավարությունը հայտարարել է, որ ոչ դիմողը, և ոչ նրա ծնողները չեն դիմել հոգևորականի տեսակցելու հարցով: Սա վիճարկվել էր Հանձնաժողովի եզրակացությունների հիման վրա և դիմողի ծնողների կողմից, սակայն այդ փաստը հաստատվել էր Հանձնաժողովին ցուցմունք տված վկաների կողմից և Մեկուսարանների համար պատասխանատու ստորաբաժանման պետի տեղակալ պարոն Յ. Մ. Պավլյուկի կողմից ստորագրված անթվակիր մի փաստաթղթով: 1998թ. սեպտեմբերի 12-ին, ի պատասխան դիմողի ծնողների 1997թ. դեկտեմբերի 11-ի բողոքի, Պատիժների իրականացման պետական վարչությունը նշել էր, որ հոգևորականի տեսակցելու թույլտվությունը կարող է տրամադրվել Ներքին գործերի Իվանո-Ֆրանկովսկի մարզային վարչության կողմից:

166. Հանձնաժողովին չէր հաջողվել հստակ ճշտել` դիմողը կամ նրա ծնողները մինչև 1998թ. դեկտեմբերի 22-ը դիմե՞լ են, արդյոք, հոգևորականի տեսակցելու իրավունք ստանալու համար: Սակայն Հանձնաժողովը, բանավոր ցուցմունքների և իր տրամադրության տակ եղած փաստաթղթերի հիման վրա ապացուցված էր համարել, որ դիմողը չի կարողացել մասնակցել յուրաքանչյուր շաբաթ տեղի ունեցող պատարագին, ինչը թույլատրվում էր այլ բանտարկյալներին, ինչպես նաև այն, որ որևէ հոգևորական մինչև 1998թ. դեկտեմբերի 26-ը չէր այցելել դիմողին:

167. Դատարանն ընդունել է Հանձնաժողովի եզրակացությունները և, ինչպես և Հանձնաժողովը, համարել որ այդ հանգամանքները հանգեցրել են միջամտության դիմողի «սեփական կրոնը կամ համոզմունքները դավանելու ազատության» իրականացմանը: Նման միջամտությունը համարվում է Կոնվենցիայի 9-րդ հոդվածին հակասող, եթե այն «սահմանված չէ օրենքով», չի ծառայում նույն հոդվածի 2-րդ մասում թվարկված նպատակներից մեկին կամ մի քանիսին և «անհրաժեշտ չէ ժողովրդավարական հասարակությունում»` այդ նպատակներին հասնելու համար:

168. Կոնվենցիայի 8-րդ հոդվածի վերաբերյալ դիմողի բողոքը քննելիս` Դատարանն արդեն իսկ նկատել էր, որ մահապատժի դատապարտված անձանց պահելու պայմանները կարգավորվում են Հրահանգով, որը, համաձայն Կառավարության կատարած մեջբերման, մահապատժի դատապարտված անձանց հոգևորականի հետ տեսակցելու իրավունք չի վերապահում: Ավելին, Դատարանը նաև եզրակացրել է, որ Հրահանգը Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով չի բավարարում «օրենքին» ներկայացվող պահանջները:

169. Այն, որ Հրահանգը փոխարինվել է 1999թ. հուլիսի 11-ին ուժի մեջ մտած Ժամանակավոր դրույթներով` ճշմարիտ է: Այդուհանդերձ, չնայած այդ դրույթները մահապատժի դատապարտված անձանց թույլ էին տալիս աղոթել, ընթերցել հոգևոր գրականություն և տեսակցել հոգևորականներին, Ժամանակավոր դրույթները չէին տարածվում դիմողի կողմից վիճարկվող փաստերի վրա, քանի որ դրանք տեղի էին ունեցել մինչև 1999թ. հուլիսի 11-ը:

170. Այս հանգամանքներում Դատարանը եզրակացրել է, որ միջամտությունը դիմողի սեփական կրոնը կամ համոզմունքները դավանելու ազատությանը, «սահմանված չէ օրենքով», ինչպես պահանջում է Կոնվենցիայի 9-րդ հոդվածի 2-րդ մասը: Դատարանն անհրաժեշտ չէր համարել քննության առնել այն հարցը, թե սույն գործով միջամտությունն «անհրաժե՞շտ է եղել ժողովրդավարական հասարակությունում»` Կոնվենցիայի 9-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված օրինաչափ նպատակներից որևէ մեկին հասնելու համար, թե` ոչ:

171. Հետևաբար, այս մասով տեղի է ունեցել Կոնվենցիայի 9-րդ հոդվածի խախտում:

 

V. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

172. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը սահմանում է հետևյալը.

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:

 

A. Պատճառված վնասը

 

173. Դիմողը պահանջել էր 2.580.000 ուկրաինական հրիվնա (այսուհետ` UAH)` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:

174. Կառավարությունը հայտարարել է, որ մահապատժի դատապարտված անձանց բանտարկության պայմանների և վատ վերաբերմունքի առնչությամբ արդյունավետ քննություն չիրականացնելու արդյունքում Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման կապակցությամբ կրած ոչ նյութական վնասների փոխհատուցման առումով դիմողի պահանջներն ուռճացված են: Կառավարությունը Դատարանին խնդրել է արդարացի փոխհատուցումը սահմանել անկողմնակալորեն` հաշվի առնելով նմանատիպ գործերով առկա նախադեպային իրավունքը և Ուկրաինայի տնտեսական դրությունը: Բացի դրանից, Կառավարությունը վատ վերաբերմունքի վերաբերյալ դիմողի պահանջներն անհիմն է համարել:

Կառավարությունն այնուհետ նշել է, որ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտման արդյունքում կրած ոչ նյութական վնասների փոխհատուցման առումով դիմողի պահանջները մասամբ անհիմն են: Եվ, վերջապես, Կառավարությունը նկատել է, որ 8-րդ և 9-րդ հոդվածների խախտումների հայտնաբերումը կհանգեցնի կրած ոչ նյութական վնասների համարժեք փոխհատուցման:

175. Դատարանը, նկատի ունենալով դիմողի պահանջների վերաբերյալ իր վերոհիշյալ նկատառումները, գտել է, որ դիմողին որոշակի ոչ նյութական վնաս պատճառվել է մահապատժի իրականացմանն սպասելիս կրած բանտարկության ընթացքում, ինչը չէր կարելի փոխհատուցել միայն խախտումը հայտնաբերելու արդյունքում: Կատարելով անկողմնակալ գնահատում, Դատարանը վճռել է Կառավարությանը պարտավորեցնել դիմողին վճարել 2000 եվրո (EUR):

 

B. Ծախսեր և ծախքեր

 

176. Դիմողն ընդհանուր առմամբ պահանջել էր 53.300 UAH` որպես տեղական և Կոնվենցիոն մակարդակներով իրականացված դատավարությունների կապակցությամբ կատարված ծախսերի փոխհատուցում:

177. Կառավարությունը վիճարկել է պահանջը: Վեճի առարկան այն էր, որ դիմողն իր պահանջին չէր կցել կատարված ծախսերի մասին վկայող ստացականներն ու հաշիվները, ինչպես նաև այն, որ ներկայացված ծախսերն ու ծախքերն ուռճացված ու չարդարացված էին:

178. Դատարանը պնդել էր, որ կատարված ծախսերն ու ծախքերը 41-րդ հոդվածի համաձայն փոխհատուցման գումարի մեջ ընդգրկելու համար հարկ է հաստատել, որ դրանք կատարվել են անհրաժեշտաբար` Կոնվենցիայի խախտում համարված հանգամանքը կանխելու կամ այդ խախտումը վերացնելու նպատակով: Ծախսերի չափը պետք է նաեւ լինի ողջամիտ (տես Նիլսենն ու Յոնսենն ընդդեմ Նորվեգիայի (GC), թիվ 23118/93, կետ 62, ՄԻԵԿ 1999-VIII): Դատարանը գտել է, որ ընդհանուր առմամբ 53.000 UAH կազմող ծախսերն ու ծախքերն անհրաժեշտ չեն եղել գանգատները Ստրասբուրգում գտնվող հաստատություններին ներկայացնելու համար: Դատարանը նկատել է, որ կատարված ծախսերի վերաբերյալ դիմողի պահանջը ներառում է նաև տեղական դատարաններում իր շահերը պաշտպանելու կապակցությամբ իր փաստաբանների կատարած աշխատանքի հետ կապված ծախսերը: Ուստի այդ ծախսերը չեն առնչվում Կոնվենցիայի 3-րդ, 8-րդ և 9-րդ հոդվածների խախտումներին:

179. Նկատի ունենալով նաև այն, որ դիմողը հաջողության է հասել Կոնվենցիայի խախտումների վերաբերյալ իր գանգատի որոշ մասով, առաջնորդվելով անկողմնակալությամբ, Դատարանը վճռեց Կառավարությանը պարտավորեցնել դիմողին վճարել 1000 եվրո (EUR):

 

C. Փոխհատուցումը չվճարելու արդյունքում գոյացող տոկոսները

 

180. Դատարանը նպատակահարմար է գտել հիմք ընդունել Եվրոպայի կենտրոնական բանկի կողմից տրամադրվող փոխատվությունների առավելագույն տոկոսադրույքը, որին պետք է հավելվի երեք տոկոս:

 

ԱՅՍ ՀԻՄՔԵՐՈՎ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ

 

1. Վճռում է, որ Իվանո-Ֆրանիվսկի բանտում դիմողի հանդեպ վատ վերաբերմունքի արդյունքում Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել,

 

2. Վճռում է, որ Իվանո-Ֆրանիվսկի բանտում դիմողի հանդեպ վատ վերաբերմունքի կապակցությամբ արդյունավետ քննություն չիրականացնելու արդյունքում տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում,

 

3. Վճռում է, որ Իվանո-Ֆրանիվսկի բանտում մահապատժի դատապարտված անձանց պահելու պայմանների արդյունքում տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում,

 

4. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում,

 

5. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 9-րդ հոդվածի խախտում,

 

6. Վճռում է.

(a) որ պատասխանող պետությունը պարտավոր է երեք ամսվա ընթացքում դիմողին վճարել հետևյալ գումարները.

(i) 2000 (երկու հազար) եվրոյին համարժեք Ուկրաինական հրիվնա` վճարման օրը սահմանված փոխարժեքով` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում,

(ii) 1000 (հազար) եվրոյին համարժեք Ուկրաինական հրիվնա` վճարման օրը սահմանված փոխարժեքով` որպես կատարված ծախսերի ու ծախքերի փոխհատուցում,

(iii) վերոհիշյալ գումարներին առնչվող հարկերը,

(b) որ վերոհիշյալ եռամսյա ժամկետը լրանալուց հետո մինչև լիարժեք վճարումը սովորական տոկոս վճարվում է Եվրոպայի կենտրոնական բանկի կողմից տրամադրվող փոխատվությունների առավելագույն տոկոսադրույքի չափով:

 

7. Մերժում է արդարացի փոխհատուցման վերաբերյալ դիմողի հայցի մնացած մասը:

 

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցված է 2003թ. ապրիլի 29-ին` Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան:

 

Մայքլ Օ՜ԲՈՅԼ
Քարտուղար

Նիկոլաս ԲՐԱՏՑԱ
Նախագահ

 

Դատարանի կանոնակարգի 45-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերին և 74-րդ կանոնի 2-րդ կետին համապատասխան սույն վճռին կցվում է սըր Նիկոլաս Բրատցայի հատուկ կարծիքը:

 

N.B.

M.OԲB

      

Սըր Նիկոլաս ԲՐԱՏՑԱՅԻ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔԸ

 

Ես լիովին համակարծիք եմ Դատարանի մեծամասնության եզրակացությանն ու հիմնավորումներին բոլոր առումներով, սակայն կնախընտրեի, որ դիմողի հանդեպ Իվանո-Ֆրանկովսկի բանտում դրսևորված վատ վերաբերմունքի կապակցությամբ բանտի վարչակազմի կողմից արդյունավետ պաշտոնական քննություն չանցկացնելու հանգամանքը դիտարկվեր ոչ թե 3-րդ հոդվածի «դատավարական տեսակետներից» ելնելով, այլ Կոնվենցիայի 13-րդ հոդվածի լույսի ներքո:

3-րդ հոդվածում «դատավարական տեսակետների» առկայությունը հավաստելիս` Դատարանը, ինչպես և Հանձնաժողովը, ելնում է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի վերաբերյալ առկա ձևավորված նախադեպային իրավունքից, որը պահանջում է, որ կյանքի իրավունքի ապօրինի սահմանափակման ցանկացած դեպքում պետք է իրականացվի արդյունավետ պաշտոնական քննություն, որի արդյունքում հնարավոր կլինի հայտնաբերել և պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Այս տեսակետն իր հաստատումն է գտել Ասենովն ու այլոք ընդդեմ Բուլղարիայի Դատարանի վճռում (1998թ. հոկտեմբերի 28-ի վճիռ, Վճիռների և որոշումների վերաբերյալ զեկույց 1998-VIII, էջ 3290, 102-03-րդ կետեր), որում Դատարանը սահմանել էր, որ այդ գործով դիմողի նկատմամբ ոստիկանության դրսևորած դաժան վերաբերմունքի կապակցությամբ տեղական իշխանությունների կողմից պատշաճ քննություն չիրականացվելու արդյունքում տեղի է ունեցել 3-րդ հոդվածի դատավարական խախտում: Այդ գործով Դատարանը նշել էր, որ եթե 3-րդ հոդվածը չմարմնավորեր նման դատավարական տեսակետ, ապա խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի համընդհանուր իրավական արգելումը, չնայած դրա հիմնարար կարևորությանը, գործնականում անարդյունավետ կլիներ և պետության ներկայացուցիչներին հնարավորություն կընձեռեր ոտնահարել իրենց հսկողության ներքո գտնվողների իրավունքները և մնալ անպատիժ:

Այնուամենայնիվ, Ասենովը և այլոք գործին լուծում տրվել էր Մեծ պալատի` Իլհանն ընդդեմ Թուրքիայի ((GC), թիվ 22277/93, ՄԻԵԿ 2000-VII) գործով կայացված վճռի հիման վրա, որով Դատարանը (արձագանքելով Հանձնաժողովի անդամ պարոն Պելոնպաայի մասամբ չհամընկնող կարծիքին) որոշակի կասկածներ էր հայտնել 2-րդ և 3-րդ հոդվածների դրույթների միջև անալոգիայի կապակցությամբ: Դատարանը նշել էր, որ, inter alia, մինչև անվտանգության ուժերի կողմից պատճառված մահվան դեպքերի առնչությամբ արդյունավետ քննություն ապահովելու պարտավորությունը, 2-րդ հոդվածի շրջանակներում է` ապահովել, որպեսզի այդ հոդվածով երաշխավորված իրավունքները լինեն ոչ թե տեսական կամ վերացական, այլ գործնական ու արդյունավետ, 2-րդ հոդվածի դրույթները պարունակում են պահանջ, որ կյանքի իրավունքը պետք է «պաշտպանվի օրենքովե: Բացի դրանից, Դատարանը նշել էր, որ 2-րդ հոդվածը կարող է առնչվել այնպիսի իրավիճակների, երբ այդպիսի քննության նախաձեռնությունը թողնված լինի պետությանը` այն պարզ պատճառով, որ տուժողը մահացած է, և նրա մահվան հանգամանքները կարող են հայտնի լինել պետական պաշտոնյաներին (91-րդ կետ): Դատարանը շարունակել էր.

 

«3-րդ հոդվածը, այդուհանդերձ, հիմնավոր շարադրանք ունի: Ավելին, չնայած որ այդ դրույթի ենթադրյալ խախտումից տուժած անձը կարող է լինել խոցելի իրավիճակում, այդ իրադրության իրական արդյունքները, որպես կանոն, կտարբերվեն կասկածելի մահվան հանգեցրած մահացու ուժի գործադրման դեպքերից: Դատարանը նկատի էր ունեցել, որ Կոնվենցիայի 13-րդ հոդվածի պահանջն այն մասին, որ 3-րդ հոդվածի խախտման վերաբերյալ բողոք ունեցող անձին պետք է տրամադրվեն պաշտպանության արդյունավետ միջոցներ, դիմողին ապահովում է փոխհատուցմամբ և պետական պաշտոնյաների չարաշահումներից անհրաժեշտ դատավարական երաշխիքներով: Դատարանի նախադեպային իրավունքը սահմանում է, որ արդյունավետ պաշտպանության միջոցի հասկացությունն այս համատեքստում ներառում է համակողմանի և արդյունավետ քննություն (որով հնարավոր կլինի հայտնաբերել և պատասխանատվության ենթարկել դրսևորված վատ վերաբերմունքի համար մեղավորներին) անցկացնելու և դիմողին քննության ընթացքի մատչելիություն ապահովելու պարտականությունը (տես Ակսոյն ընդդեմ Թուրքիայի գործով վճիռը (1996թ. դեկտեմբերի 18, Զեկույցներ, 1996-III), էջ 2287, կետ 98): 3-րդ հոդվածի դատավարական խախտում հայտնաբերելու անհրաժեշտության հարցն այդ դեպքում կախված կլինի տվյալ գործի հանգամանքներից»:

 

Իլհանի գործով Դատարանը գտել էր, որ դիմողն անվտանգության ուժերի կողմից ենթարկվել է խոշտանգումների, և որ իրեն պատճառված մարմնական վնասվածքների վերաբերյալ իշխանությունների կողմից որևէ արդյունավետ քննության բացակայության առնչությամբ նրա գանգատները ենթակա են քննության Կոնվենցիայի ոչ թե 3-րդ, այլ 13-րդ հոդվածով: Այս առումով սույն գործը տարբերվում է Իլհանի գործից, քանի որ Դատարանը 3-րդ հոդվածի էական խախտման որևէ դեպք հաստատված չի համարել: Սակայն ես կարծում եմ, որ ինչպես և այդ գործում, դիմողի նկատմամբ վատ վերաբերմունքի կապակցությամբ իշխանությունների կողմից որևէ արդյունավետ քննության առնչությամբ նրա գանգատները ենթակա են քննության Կոնվենցիայի ոչ թե 3-րդ, այլ 13-րդ հոդվածով:

Բայց, քանի որ ես կիսում եմ մեծամասնության կարծիքը ոչ միայն այն առումով, որ դիմողի նկատմամբ կիրառված վատ վերաբերմունքի վերաբերյալ դիմողի ծնողների ներկայացրած բողոքները բարձրացրել են վատ վերաբերմունքի վերաբերյալ վիճելի գանգատ, որը քննության իրականացում է պահանջում, այլ նաև այն առումով, որ իշխանությունների կողմից փաստացի իրականացված քննությունն արդյունավետ չի եղել` ըստ Դատարանի կողմից իր վճռում նշված չափանիշների, ուստի այդ առնչությամբ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտումն ապացուցված համարելուն ես դեմ չեմ քվեարկում:

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան