Գլխավոր տեղեկություն
Տիպ
Վճիռ
Ակտի տիպ
Base act (19.07.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
19.07.2007
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.07.2007

Ներմուծեք նկարագրությունը_15382

ԿՐԱՍՆՈՎԸ ԵՎ ՍԿՈՒՐԱՏՈՎՆ ԸՆԴԴԵՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՎ

 

2007թ. հուլիսի 19-ի վճիռը

 

CASE OF KRASNOV AND SKURATOV v.RUSSIA

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

 ՓԱՍՏԵՐ 

 

 I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

 

 7. Առաջին դիմողը ծնվել է 1956թ., երկրորդը` 1952թ.: Նրանք երկուսն էլ ապրում են Մոսկվայում:

 

A.   Ընդհանուր տեղեկություններ

 

 8. 2003թ. դեկտեմբերի 7-ին տեղի են ունեցել Ռուսաստանի երկպալատ օրենսդիր մարմնի ստորին պալատի` Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ընդհանուր ընտրություններ` հինգ տարի ժամկետով 450 անդամի ընտրության համար: Վերջիններիս կեսը, այն է` 225 անձ, ընտրվել է միամանդատ ընտրատարածքներից` ձայների մեծամասնությամբ: Մնացած 225 տեղը բաշխվել է համամասնական ընտրակարգի շրջանակներում` մեկ դաշնային ընտրատարածքում վավեր ձայների 5 տոկոսից ավելի ձայն ստացած քաղաքական կուսակցությունների կամ ընտրական դաշինքների կողմից ներկայացված թեկնածուների միջև:

 

B.   Առաջին դիմողը` պրն Կրասնովը

 

1. Պրն Կրասնովի աշխատանքային կենսագրությունը

 

 9. 2001թ. օգոստոսի 28-ին պրն Կրասնովն ընտրվել է Մոսկվայի Պրեսնենսկի շրջանի շրջանային խորհրդի նախագահի պաշտոնում:

 10. 2002թ. նոյեմբերի 6-ին Մոսկվայի Քաղաքային դուման ընդունել է օրենք (թիվ 56)` «Մոսկվա քաղաքում տեղական ինքնակառավարման կազմակերպման մասին»: Այդ օրենքի 10-րդ բաժինը սահմանում էր, որ Մոսկվայի տեղական ինքնակառավարման մարմինները ներառում են մունիցիպալ ժողովը` որպես ներկայացուցչական մարմին, և մունիցիպալիտետը` որպես գործադիր մարմին: Համաձայն օրենքի անցումային դրույթների (43-րդ բաժնի 2-րդ կետ)` շրջանային խորհուրդների նախագահները, որոնք նշանակվել կամ ընտրվել են մինչև այդ օրենքի ընդունումը, շարունակում են պաշտոնավարել մինչև օրենքի համաձայն համապատասխան մարմնի ձևավորումը, դրա պաշտոնյաների նշանակումը կամ ընտրությունը:

 11. 2003թ. մայիսի 29-ին Պրեսնենսկի շրջանի մունիցիպալ ժողովն ընդունել է որոշում, որով Պրեսնենսկի շրջանի շրջանային խորհուրդը վերանվանվել է մունիցիպալ հիմնարկ` մունիցիպալիտետ «Պրեսնենսկի»: Նույն օրը ժողովն ընդունել է «Պրեսնենսկի» մունիցիպալիտետի կանոնադրությունը և պրն Կլուբկովին նշանակել տնօրեն:

 12. 2003թ. հունիսի 16-ին «Պրեսնենսկի» մունիցիպալիտետի տնօրենն առաջին դիմողին ազատել է աշխատանքից` այն հիմքով, որ նա չի վերընտրվել իր պաշտոնում:

 

 2. Պրն Կրասնովի առաջադրումն ընտրություններում

 

 13. Առաջին դիմողը 2003թ. սեպտեմբերի 24-ին Պետական դումայի ընտրություններում իր ինքնաառաջադրման դիմումը ներկայացրել է թիվ 202 կենտրոնական միամանդատ ընտրատարածքի Շրջանային ընտրական հանձնաժողովին: Նա նշել է, որ աշխատում է որպես «Մոսկվայի Պրեսնենսկի շրջանի շրջանային խորհրդի նախագահ»:

 14. 2003թ. հոկտեմբերի 9-ին Շրջանային ընտրական հանձնաժողովն առաջին դիմողին գրանցել է որպես պատգամավորության թեկնածու:

 15. 2003թ. հոկտեմբերի 31-ին Շրջանային ընտրական հանձնաժողովն ուսումնասիրել է առաջին դիմողի ներկայացրած տեղեկատվության ստուգման վերաբերյալ նյութերը և որոշել է դիմել Մոսկվայի քաղաքային դատարան` իր իսկ` 2003թ. հոկտեմբերի 9-ի որոշումը նոր բացահայտված հանգամանքների հիմքով անվավեր ճանաչելու հայցով:

 16. 2003թ.նոյեմբերի 6-ին Մոսկվայի քաղաքային դատարանը բավարարել է Հանձնաժողովի հայցը և անվավեր է ճանաչել առաջին դիմողի գրանցումը` որպես Պետական դումայի ընտրությունների համար առաջադրված թեկնածուի: Դատարանը հաստատված է համարել, որ առաջին դիմողը Հանձնաժողով է ներկայացրել իր զբաղմունքի վերաբերյալ ոչ ճիշտ տեղեկատվություն` իրեն ներկայացնելով որպես Մոսկվայի Պրեսնենսկի շրջանի շրջանային խորհրդի նախագահ:

 17. 2003թ. նոյեմբերի 21-ին Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանը մերժել է առաջին դիմողի բողոքն ընդդեմ 2003թ. նոյեմբերի 6-ի վճռի` գտնելով.

 «Առաջին ատյանի դատարանը ճիշտ է կիրառել նյութական իրավունքըԸստ այդ դատարանի` եթե թեկնածուի գրանցումից հետո հայտնի է դառնում, որ տվյալ անձը որպես թեկնածու գրանցվելիս ներկայացրել է սխալ տեղեկություններ, այդ թվում` նաև իր զբաղվածության մասին, ապա դատարանը կարող է անվավեր ճանաչել նման գրանցումը:

 Հետազոտելով պրն Կրասնովի գրանցումից հետո Շրջանային ընտրական հանձնաժողովի կողմից ձեռք բերված ապացույցը` դատարանը հաստատված է համարել, որ 2001թ. օգոստոսի 28-ին պրն Կրասնովն ընտրվել է որպես Պրեսնենսկի շրջանի շրջանային խորհրդի նախագահ, և որ 2003թ. մայիսի 29-ի որոշման հիման վրա շրջանային խորհուրդը վերանվանվել է որպես «Պրեսնենսկի» մունիցիպալիտետ, որի տնօրեն է ընտրվել պրն Կլուբկովը, ինչի արդյունքում պրն Կրասնովն ազատվել է աշխատանքից, քանի որ նա չի վերընտրվելՍրանից հետևում է, որ ինքնաառաջադրման պահին պրն Կրասնովը չէր հանդիսանում Մոսկվայի Պրեսնենսկի շրջանի շրջանային խորհրդի նախագահ:

 Բողոքի այն փաստարկները, որ շրջանային խորհրդի վերակազմավորումը տեղի է ունեցել օրենքի կոպիտ խախտմամբ, և պրն Կրասնովն աշխատանքից ազատվել է ապօրինի կերպով, չեն կարող հիմք հանդիսանալ վճռի բեկանման և պրն Կրասնովի գրանցումը վավեր ճանաչելու համար, քանզի այս հարցերի քննությունը դուրս է սույն վարույթի շրջանակներից: Ոչ շրջանային խորհրդի վերակազմավորումը, ո՜չ պրն Կրասնովին աշխատանքից ազատելը չեն բողոքարկվել և անվավեր ճանաչվել:

 Պրն Կրասնովի այն փաստարկը, որ շրջանային խորհրդի նախագահի պաշտոնում նրա շարունակվող պաշտոնավարության փաստը հաստատված է իր աշխատանքային գրքույկում, հետազոտվել է և մերժվել դատարանի կողմից: Գործի նյութերից հետևում է, որ 2003թ. հունիսի 23-ին պրն Կրասնովին ուղարկվել է նամակ, որով նա հրավիրվել է ծանոթանալու իր ազատման հրամանին: Հայցվորը չի օգտագործել իր դատավարական իրավունքը` ապացուցելու այն հանգամանքները, որոնց վրա հիմնվում է իր պահանջըՆա չի ներկայացրել մարդկային ռեսուրսների բաժնից տեղեկանք` ինքնաառաջադրման պահին իր զբաղեցրած պաշտոնի վերաբերյալ կամ որևէ հրաման, որն ինքը` որպես շրջանային խորհրդի նախագահ, ընդունած լիներ 2003թ. հունիսից հետո, կամ այդ ժամանակահատվածում իր զբաղվածության վերաբերյալ որևէ ապացույց»:

 

 B. Երկրորդ դիմողը` պրն Սկուրատովը

 

 1. Ընտրությունը միամանդատ ընտրատարածքում

 

 18. 2003թ. հոկտեմբերի 20-ին երկրորդ դիմողը Բուրյատսկի միամանդատ թիվ 9 ընտրատարածքի Շրջանային ընտրական հանձնաժողովին է ներկայացրել իր փաստաթղթերը` Պետական դումայի ընտրություններում Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցության կողմից որպես պատգամավորության թեկնածու առաջադրվելու վերաբերյալ: Հանձնաժողովի քարտուղարի կողմից ստորագրված ստացականի համաձայն` դիմողը կից ներկայացրել է դիմումաձևը, անձնագրի պատճեններ, դիպլոմներ և աշխատանքային գրքույկ (տե՜ս ստորև` կետ 33), հարկային և սեփականության հայտարարագրեր, կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի նախագահի կողմից ստորագրված և Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հասցեագրված տեղեկանքի պատճենն առ այն, որ կոմունիստական կուսակցության` Պետական դումայի ընտրություններում առաջադրված պատգամավորության թեկնածուներից է (տե՜ս ստորև` կետ 34):

 19. 2003թ. հոկտեմբերի 27-ին Շրջանային ընտրական հանձնաժողովը մերժել է երկրորդ դիմողի գրանցումը` հետևյալ երեք հիմքերով.

 «Պրն Սկուրատովի կողմից ներկայացված գրավոր դիմումում նրա պաշտոնը ներկայացված է որպես «Մոսկվայի պետական սոցիալական համալսարանի սահմանադրական, վարչական և միջազգային իրավունքի ամբիոնի ղեկավարի պաշտոնակատար»: Այնուամենայնիվ, նրա աշխատանքային գրքույկը վկայում է, որ ամբիոնի ղեկավարի պաշտոնում նրա նշանակումը տեղի է ունեցել միևնույն ամբիոնում պրոֆեսորի պաշտոնին անցնելու հետ միաժամանակՓաստորեն, պրն Սկուրատովը միաժամանակ կատարել է ամբիոնի ղեկավարի պաշտոնակատարի և ամբիոնի պրոֆեսորի պարտականություններ, ինչը չի համապատասխանում նրա կողմից իր զբաղմունքի վերաբերյալ ներկայացված տեղեկատվությանը:

 Նշելով Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցությանն իր անդամակցության մասին` թեկնածունՇրջանային ընտրական հանձնաժողովին չի ներկայացրել փաստաթուղթ, որը կվկայեր կուսակցությանն իր անդամակցության մասին և կվերաբերեր այդ կուսակցությունում նրա ունեցած կարգավիճակին: Դրա փոխարեն նա Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացրել է տեղեկանք` Պետական դումայի ընտրություններում թեկնածուներին անդամակցելու և նրանց կարգավիճակի վերաբերյալ»։

 

 20. Երկրորդ դիմողի թեկնածության գրանցումը մերժելու երրորդ հիմքն այն էր, որ նրա դիպլոմների պատճենները հաստատված էին ոչ թե իրավասու մարմնի, այլ ոչ կառավարական կազմակերպության կողմից:

 21. 2003թ. հոկտեմբերի 29-ին երկրորդ դիմողը մերժումը բողոքարկել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

 22. 2003թ. նոյեմբերի 4-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտել է, որ Շրջանային ընտրական հանձնաժողովը լուրջ հիմքեր չի ունեցել եզրահանգելու, որ նրա ներկայացրած տեղեկությունները ճիշտ չեն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Շրջանային ընտրական հանձնաժողովին կարգադրել է անմիջապես կրկին քննության առնել երկրորդ դիմողի գրանցման հարցը:

 23. 2003թ. նոյեմբերի 11-ին Շրջանային ընտրական հանձնաժողովն ընդունել է նոր որոշում` մերժելով երկրորդ դիմողի գրանցումը: Այն փոփոխել է գրանցումը մերժելու առաջին երկու հիմքերը և հավելել մեկ նոր հիմք: Երկրորդ դիմողի զբաղմունքի առնչությամբ հանձնաժողովը նշել է, որ Մոսկվայի պետական սոցիալական համալսարանի փոխռեկտորի կողմից 2003թ. հոկտեմբերի 29-ին ստորագրված և Կենտրոնական ընտրական հանձնաժողովին` կից ներկայացված տեղեկանքի համաձայն պրն Սկուրատովն ամբիոնի պրոֆեսոր էր: Քանի որ այդ տեղեկանքի պատճենը չի ներկայացվել Շրջանային ընտրական հանձնաժողովին, վերջինս գտել է, որ երկրորդ դիմողը խախտել է ընտրական օրենքը` չտեղեկացնելով իր աշխատանքի փոփոխության մասին: Կոմունիստական կուսակցությանը երկրորդ դիմողի անդամակցության առնչությամբ Հանձնաժողովը նշել է, որ նա ունեցել է համապատասխան փաստաթուղթ և այն իր բողոքին կից ներկայացրել է ԿԸՀ, սակայն նա այդ արել է 2003թ. հոկտեմբերի 23-ին, այն է` գրանցման ժամկետի ավարտից հետո` 2003թ. հոկտեմբերի 22-ին: Որպես մերժման նոր հիմք Հանձնաժողովը նշել է այն փաստը, որ դիմողը տպագրել է նախընտրական քարոզչական որոշ նյութեր, որոնց համար վճարումը չէր կատարվել նրա նախընտրական հիմնադրամից:

 24. Երկրորդ դիմողը կրկին դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով: 2003թ. նոյեմբերի 20-ին նրա բողոքը մերժվել է: Հանձնաժողովը գտել է, որ նա չի նշել, որ հանդիսանում է նաև համալսարանի պրոֆեսոր, ինչպես նաև կոմունիստական կուսակցությանը նրա անդամակցության վերաբերյալ փաստաթուղթը չի ներկայացվել ճիշտ հասցեատիրոջը:

 25. Երկրորդ դիմողն այս որոշումները բողոքարկել է դատական կարգով: 2003թ. նոյեմբերի 25-ին Բուրիաթիայի Հանրապետության գերագույն դատարանը մերժել է երկրորդ դիմողի բողոքը` պաշտպանելով գրանցումը մերժելու առաջին երկու հիմքերը, որոնց վրա հիմնվել էր Շրջանային ընտրական հանձնաժողովը: Դատարանը գտել է, որ նա Հանձնաժողովին չի տեղեկացրել, որ հանդիսանում է նաև համալսարանի պրոֆեսոր, ինչպես նաև չի ներկայացրել կոմունիստական կուսակցությանն իր անդամակցության վերաբերյալ փաստաթուղթ:

 26. 2003թ. նոյեմբերի 29-ին Ռուսաստանի Դաշնության գերագույն դատարանն ուժի մեջ է թողել 2003թ. նոյեմբերի 25-ի վճիռը: Այդ դատարանը գտել է.

«Հաստատված է, որ 2003թ. հոկտեմբերի 2-ի դիմումաձևում թեկնածու Սկուրատովն իրեն ներկայացրել է որպես ամբիոնի ղեկավարի պաշտոնակատարԱյնուամենայնիվ, Սկուրատովի աշխատանքային գրքույկից հետևում է, որ նա այդ պաշտոնում նշանակվել է 2003թ. մայիսի 30-ի հրամանով: Համաձայն 2001թ. մայիսի 28-ի հրամանի` Սկուրատովը երեք տարի ժամկետով ընտրվել է սահմանադրական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր…, և 2003թ. մայիսի 30-ին փոխադրվել է սահմանադրական, վարչական և միջազգային իրավունքի ամբիոն` պրոֆեսորի պաշտոնում: Այս փոխադրման մասին Սկուրատովը տեղեկություն չի ներկայացրել:

 Դատարանը համաձայն չէ այն փաստարկին, որ նա չի ունեցել հանձնաժողովին ապակողմնորոշելու մտադրությունքանի որ նա չի տեսել որևէ էական տարբերություն ներկայացված տեղեկությունների միջև: Առաջին ատյանի դատարանն իրավամբ նշել է, որ նա որպես իր ներկայիս պաշտոն չի նշել պրոֆեսորի պաշտոնըՔանի որ, աշխատանքային իրավունքի ոգուն համապատասխան, այդ պաշտոնն էր որոշում թե՜ Սկուրատովի և կրթական հաստատության միջև աշխատանքային պայմանագրի առարկան և թե՜ այն էր համապատասխանում կազմակերպության կանոնադրությանը և սահմանում նրա մասնագիտական պարտականությունների բնույթըՄիաժամանակ, այլ պաշտոնում նրա պաշտոնավարությունն ուներ ժամանակավոր բնույթ, այն է` մինչ այն պահը, երբ հաստատվում է այդ պաշտոնում կամ վերանշանակվում նախկին պաշտոնում

 Գերագույն դատարանը նաև գտնում է, որ թեկնածուի` դիմումաձևում իր կուսակցական պատկանելությունը և կարգավիճակը նշելու իրավունքին համապատասխանում է այդ տեղեկությունը հաստատող` քաղաքական կուսակցության մշտական կառավարման մարմնի կողմից պաշտոնապես հաստատված փաստաթուղթ ներկայացնելու պարտականություննման փաստաթուղթը չի կարող փոխարինվել կուսակցության` միամանդատ ընտրատարածքներում թեկնածուների ցուցակով` ստորագրված և կնքված կուսակցության Կենտրոնական կոմիտեի նախագահի կողմից և ուղղված Կենտրոնական ընտրական հանձնաժողովին

Ընտրական օրենքի 47 հոդվածի 8(3) կետի համաձայն թեկնածուի գրանցման համար օրենքով պահանջվող փաստաթղթեր չներկայացնելը հիմք է տվյալ թեկնածուի գրանցումը մերժելու համար»։

 

2. Կուսակցության դաշնային ցուցակից հանելը

 

 27. 2003թ. սեպտեմբերի 6-ին Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցությունը ներկայացրել է Պետական դումայի ընտրություններում իր թեկնածուների դաշնային ցուցակը: 2003թ. հոկտեմբերի 13-ին ցուցակը գրանցվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից: Երկրորդ դիմողը թիվ 5 թեկնածուն էր Ուրալի շրջանային խմբում:

 28. 2003թ.նոյեմբերի 25-ին «Ռուսաստանյան թոշակառուների կուսակցության և Սոցիալական արդարության կուսակցության» ընտրական դաշինքի ընդհանուր խորհրդի նախագահ պրն Կ.-ն դիմել է Ռուսաստանի Դաշնության գերագույն դատարան` երկրորդ դիմողին կոմունիստական կուսակցության ընտրական ցուցակից հանելու հայցով: Վկայակոչելով Բուրյատսկի Շրջանային ընտրական հանձնաժողովի որոշումները, որ երկրորդ դիմողի կողմից սխալ տեղեկություններ ներկայացնելը խախտել է ընտրություններին մասնակցող այլ կուսակցությունների և ընտրական դաշինքների, ներառյալ իր դաշինքի, իրավունքները:

 29. Իր` 2003թ. նոյեմբերի 28-ի բացատրություններում Կենտրոնական ընտրական հանձնաժողովն առարկել է բողոքի դեմ: Ըստ Հանձնաժողովի` հայցվորները չեն հիմնավորել, թե ինչպես է երկրորդ դիմողի գրանցումը խախտել իրենց իրավունքները: Հանձնաժողովը նշել է, որ դաշնային ցուցակը գրանցելու ժամանակ ԿԸՀ-ն որևէ կասկած չի ունեցել կոմունիստական կուսակցության կողմից իր թեկնածուների վերաբերյալ ներկայացված տեղեկությունների ճշմարտացիության և նույնականության վերաբերյալ, և որ հայցվորների կողմից մատնանշված հանգամանքները չեն կարող հիմք հանդիսանալ ընտրություններին մասնակցելու` դիմողի իրավունքին խոչընդոտելու համար:

 30. 2003թ. նոյեմբերի 28-ին Ռուսաստանի Դաշնության գերագույն դատարանը բավարարել է պրն Կ.-ի պահանջը` գտնելով, որ երկրորդ դիմողի ներկայացրած անձնական տեղեկությունները սխալ են, քանզի «ամբիոնի ղեկավարի պաշտոնակատար» պաշտոնը նախատեսված չէ Ռուսաստանի աշխատանքային օրենսգրքում և Մասնագիտական և հետմասնագիտական կրթության մասին օրենքում: Ե՜վ երկրորդ դիմողը, և՜ կոմունիստական կուսակցությունը բողոքարկել են այս վճիռը:

 31. 2003թ. դեկտեմբերի 4-ին գերագույն դատարանի վերաքննիչ պալատն ուժի մեջ է թողել 2003թ. նոյեմբերի 28-ի վճիռը` հետևյալ պատճառաբանությամբ.

 «Իր դիմումաձևում նշելով, որ ինքը հանդիսանում է ամբիոնի ղեկավարի պաշտոնակատար` այն պայմաններում, երբ մշտապես զբաղեցնում էր ամբիոնի պրոֆեսորի պաշտոնը, պրն Սկուրատովը դրանով իսկ ներկայացրել է ոչ ճիշտ անձնական տեղեկություն, ինչն էլ հիմք է հանդիսացել գրանցումը մերժելու համարԱռաջին ատյանի դատարանը նաև իրավամբ նշել է, որ ո՜չ Ռուսաստանի աշխատանքային օրենսգիրքը, ո՜չ Մասնագիտական և հետմասնագիտական կրթության մասին օրենքը չեն նախատեսում ամբիոնի ղեկավարի պաշտոնակատարի մշտական պաշտոն

 Ինչպես իրավամբ նշել է Գերագույն դատարանն իր վճռում` թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով դատարան դիմելու իրավունքը վերապահված է քաղաքական կուսակցություններին և ընտրական դաշինքներին (Ընտրական օրենքի 95-րդ հոդվածի 6-րդ կետ, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 260 հոդվածի 1-ին կետ): Ինչ վերաբերում է հայցվորի կոնկրետ ընտրական իրավունքներին և շահերին (որը ևս ներկայացրել և գրանցել է Պետական դումայի ընտրություններում դաշնային ընտրական ցուցակ)` տվյալ դեպքում դրանց վրա որոշակի ազդեցություն է ունեցել Սկուրատովի ներառումը կոմունիստական կուսակցության թեկնածուների դաշնային ընտրական ցուցակում, քանի որ թեկնածուն չի բավարարել օրենքով սահմանված պահանջները, որոնք հավասարապես կիրառելի են բոլոր թեկնածուների, քաղաքական կուսակցությունների և ընտրական դաշինքների առնչությամբ և հնարավոր են դարձնում մասնակցությունն ընտրություններին: Հայցվորի նման շահերն ամրագրված են Ընտրական օրենքի 1-ին և 3-րդ հոդվածներում, որոնց համաձայն` Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավորներն ընտրվում են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կողմից` ընդհանուր, հավասար և ուղղակի ընտրություններում, քաղաքական կուսակցությունները մասնակցում են Պետական դումայի ընտրություններին` գործող դաշնային օրենքով սահմանված ընթացակարգին համապատասխան»։

 

 3. Երկրորդ դիմողի ներկայացրած փաստաթղթերը

 

 32. Երկրորդ դիմողը ներկայացրել է իր աշխատանքային գրքույկը և կոմունիստական կուսակցության տեղեկանքի պատճենը:

 33. Աշխատանքային գրքույկում համապատասխան գրառումները հետևյալն են.

 «28.24/10/1995. Ստանձնել է Ռուսաստանի Դաշնության Գլխավոր դատախազի պարտականությունները

29. 20/04/2000. Հեռացել է դատախազական մարմիններից իր նախաձեռնությամբ

34. 31/12/2002. Նշանակվել է որպես սահմանադրական և վարչական իրավունքի ամբիոնի վարիչի պաշտոնակատար. 2002թ. դեկտեմբերի 31-ի թիվ 3832-1 հրաման.

35. 01/01/2003. Փոխադրվել է սահմանադրական և վարչական իրավունքի ամբիոնի պրոֆեսորի պաշտոնի. 2003թ.ապրիլի 17-ի թիվ 856-1 հրաման.

36.30/05/2003. Փոխադրվել է սահմանադրական, վարչական և միջազգային իրավունքի ամբիոնի պրոֆեսորի պաշտոնին. 2003թ. մայիսի 30-ի թիվ 1171a-1 հրաման.

37. 30/05/2003. Ազատվել է սահմանադրական և վարչական իրավունքի ամբիոնի պրոֆեսորի պաշտոնից. 2003թ. մայիսի 30-ի թիվ 1190a-1 հրաման.

38. 01/06/2003. Նշանակվել է սահմանադրական, վարչական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչի պաշտոնակատարի պաշտոնում. 2003թ. մայիսի 30-ի թիվ 1169a-1 հրաման»։

 

 34. Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցության ձևաթերթում զետեղված տեղեկանքի համապատասխան հատվածում նշված էր.

 «Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովին.

Տեղեկանք` Պետական դումայի` միամանդատ ընտրատարածքների ընտրություններում Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցության առաջադրված թեկնածուների` կուսակցությանը անդամակցության և կուսակցությունում նրանց կարգավիճակի վերաբերյալ:

9. Բուրիաթիայի Հանրապետություն, թիվ 9 ընտրատարածք - Յուրի Իլյիչ Սկուրատով - ՌԴԿԿ անդամ:

ՌԴԿԿ կենտրոնական կոմիտեի նախագահ {ստորագրություն, կնիք} Գ.Զյուգանով»

 

II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ

 

 35. Ընտրական օրենքը («Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի անդամների ընտրության մասին օրենք», թիվ 175 -FZ, 2002թ. դեկտեմբերի 20, փոփոխված` 2003թ.հունիսի 23-ին) նախատեսում է.

«47-րդ հոդվածի 8(6) կետի համաձայն թեկնածուն կարող է չգրանցվել, եթե իր դիմումաձևում ներկայացրել է ոչ ճիշտ անձնական տեղեկություն: Համաձայն 38-րդ հոդվածի 7(1) կետի` ինքնաառաջադրվող թեկնածուի դիմումաձևում, մասնավորապես, պետք է նշվի «նրա կրթության, աշխատանքի կամ ծառայության հիմնական վայրի և պաշտոնի մասին (եթե չկա այդպիսին, ապա` մասնագիտության մասին)»: Նույն տեղեկությունը պահանջվում է քաղաքական կուսակցությունների կողմից դաշնային ցուցակներով առաջադրվող թեկնածուներից (41-րդ հոդվածի 4 (1) կետ), որը կարող է ի լրումն, բայց ոչ պարտադիր, մատնանշել քաղաքական կուսակցությանն իր անդամակցությունը և իր կարգավիճակը կուսակցությունում. այս դեպքում պետք է ներկայացվի նաև նման տեղեկությունը հավաստվող` տվյալ կուսակցության մշտական ղեկավար մարմնի կողմից պաշտոնապես հավաստող փաստաթուղթ: Նույն պահանջը ներկայացվում է նաև Պետական Դումայի միամանդատ ընտրատարածքներում ընտրություններում քաղաքական կուսակցությունների կողմից առաջադրված պատգամավորության թեկնածուներին (41 հոդվածի 12-րդ կետ):

 

 III. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ԵԱՀԿ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԶԵԿՈՒՅՑ

 

 36. 2004թ. հունվարի 27-ին ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը հրապարակել է 2003թ. դեկտեմբերի 7-ի Պետական դումայի ընտրությունների վերաբերյալ Ընտրությունների դիտորդական առաքելության վերջնական զեկույցը: Համապատասխան հատվածներում նշված է.

 «Կուսակցությունների և թեկնածուների գրանցման կապակցությամբ եղել են համեմատաբար քիչ բողոքներ, և ԿԸՀ-ն դրանցից շատերին լուծում է տվել արդարացի և թափանցիկ ձևով: Այնուամենայնիվ, որոշ դեպքերում, դատարանները և ցածր աստիճանի ընտրական հանձնաժողովները թեկնածուներին որակազրկել են ընտրանքային ձևով` աննշան խախտումների համար

Որոշումը, որը հանգեցնում է այն մտքին, թե գրանցման կանոնները կիրառվել են անհամապատասխան և ընտրանքային ձևով, նախկին դատախազ Սկուրատովի գրանցումը մերժել է այն հիմքով, որ նա իր առաջադրման փաստաթղթերում չի նշել, որ ունի նաև երկրորդ` պրոֆեսորի աշխատանք Մոսկվայի պետական սոցիալական համալսարանում և նաև ժամանակին չի ներկայացրել կոմունիստական կուսակցությանն իր անդամակցության մասին հավաստում: ՇԸՀ-ի որոշումն սկզբնապես փոփոխվել է ԿԸՀ-ի կողմից: Այնուամենայնիվ, երբ հարցը կրկին փոխանցվել է ՇԸՀ-ի քննությանը, վերջինս հրաժարվել է գրանցել պրն Սկուրատովին միևնույն հիմքերով: ԿԸՀ-ին ուղղված երկրորդ դիմումով պրն Սկուրատովի պահանջը մերժվել է այն հիմքով, որ ՇԸՀ-ն հստակ պատճառաբանել է իր որոշումը: Պրն Սկուրատովի բողոքը` ուղղված Գերագույն դատարանին, ևս մերժվել է»։

 

 ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՐՑԵՐ

 

I. 1-ԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ

 

 37. Դիմողները պնդել են, որ խոչընդոտելով Պետական դումայի ընտրություններին իրենց մասնակցությանը` ներպետական իշխանությունները խախտել են 1-ին արձանագրության 3-րդ հոդվածը, որը նախատեսում է.

 «Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են անցկացնել ազատ ընտրություններ` ողջամիտ պարբերականությամբ, գաղտնի քվեարկությամբ, այնպիuի պայմաններում, որոնք կապահովեն ժողովրդի կամքի ազատ արտահայտումն oրենuդիր իշխանություն ընտրելիu»։

 

 38. Կառավարությունը նշել է, որ Ռուսաստանի օրենսդրությունը բոլոր թեկնածուներից պահանջում է ժամանակին ներկայացնել իրենց վերաբերյալ ճշմարիտ տեղեկություն: Այն սկզբունքը, որի համաձայն բոլոր թեկնածուներին տրամադրվում է հավասար ժամանակ փաստաթղթեր ներկայացնելու համար, ապահովում է հավասարությունը թեկնածուների միջև: Ավելին, թեկնածուների վերաբերյալ տեղեկության ճշմարտացիության պահանջն ընտրողներին հնարավորություն է տալիս կատարել տեղեկացված ընտրություն` ընտրագովազդում հրատարակված լիարժեք և ճշմարիտ տեղեկության հիման վրա: Այս պահանջներն իրենցից ներկայացնում են ընտրվելու իրավունքի համամասն սահմանափակումներ և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում ընտրողների ազատ արտահայտվելու համար: Ընտրության օրինականությունն ապահովվում է ընտրական իրավունքի խախտման համար պատժամիջոցներով, ինչպիսին է, օրինակ, թեկնածուի գրանցման մերժումը կամ անվավեր ճանաչումը: Երկու դիմումների դեպքում էլ նրանց որակազրկումը չի խախտել նրանց ընտրվելու իրավունքը, քանզի դա եղել է նրանց կողմից ընտրական իրավունքի խախտման հետևանք:

 

 A. Ընդհանուր սկզբունքներ ընտրվելու իրավունքի վերաբերյալ

 

 39. 1-ին արձանագրության 3-րդ հոդվածն ամրագրում է քաղաքական ժողովրդավարության հիմնարար մի արդյունավետ սկզբունք, որը կարևոր նշանակություն ունի կոնվենցիոն համակարգի համար (Մեթյու-Մոհինը և Քլերֆայթն ընդդեմ Բելգիայի, 1987թ. մարտի 2-ի վճիռ, Շարքեր A, թիվ 113, էջ 22, կետ 47):

 40. Դատարանը կրկնում է, որ 1-ին արձանագրության 3-րդ հոդվածից բխում են ընտրելու և ընտրվելու նյութական իրավունքները: Չնայած այդ իրավունքների կարևորությանը, դրանք բացարձակ չեն: Իրենց ներպետական իրավական համակարգերում Պայմանավորվող պետություններն ընտրելու և ընտրվելու իրավունքը ենթարկում են որոշակի սահմանափակումների, ինչը չի արգելվում 3-րդ հոդվածով: Այս ոլորտում պետություններն ունեն գնահատման լայն հայեցողություն, սակայն Դատարանն է վերջին հաշվով գնահատում, թե արդյոք պահպանվել են 1-ին արձանագրության պահանջները: Դատարանը պետք է համոզվի, որ սահմանափակման պայմանները խնդրո առարկա իրավունքները չեն խախտում այն աստիճան, որ խաթարեն դրանց էությունը և զրկեն դրանք արդյունավետությունից, և որ կիրառվող միջոցներն անհամաչափ չեն (տե՜ս Սադակը և այլոք ընդդեմ Թուրքիայի, թիվ 25144/94, կետ 31, ECHR 2002-IV):

 41. Ավելի կոնկրետ, պետություններն օգտվում են զգալի ազատությունից` իրենց սահմանադրական կարգում պառլամենտականների կարգավիճակը կանոնակարգող, ներառյալ` որակազրկման չափանիշներ սահմանող նորմեր նախատեսելու հարցում: Չնայած պառլամենտականների անկախությունը, ինչպես նաև ընտրազանգվածի` ընտրության ազատությունն ապահովելու ընդհանուր նպատակին, այդ չափանիշը տարբերվում է ըստ յուրաքանչյուր պետությանը հատուկ պատմական և քաղաքական գործոնների: Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների սահմանադրություններով և ընտրական օրենսդրությամբ նախատեսված իրավիճակների թիվը վկայում է խնդրո առարկայի վերաբերյալ հնարավոր ընտրությունների բազմազանության մասին: Հնարավոր չէ նախապատվություն տալ այդ տարբերակներից որևէ մեկին. խնդիրն այն է, որ կիրառվող չափանիշը պետք է ապահովի ժողովրդի կամքի արտահայտումը` ազատ, արդար և պարբերաբար անցկացվող ընտրությունների միջոցով (տե՜ս Պոդկոլզինան ընդդեմ Լատվիայի, թիվ 46726/99, կետ 33, ECHR 2002-II, Ջիտոնասը և այլոք ընդդեմ Հունաստանի, 1997թ. հուլիսի 1-ի վճիռ, Զեկույցներ 1997-IV, էջեր 1233-34, կետ 39):

 42. Դատարանը կրկնում է նաև, որ մարդու իրավունքների պաշտպանության փաստաթուղթ հանդիսացող Կոնվենցիայի խնդիրն ու նպատակը պահանջում են, որ դրա դրույթները մեկնաբանվեն և կիրառվեն այնպես, որ լինեն գործնական և արդյունավետ, և ոչ թե տեսական կամ երևութական (Թուրքիայի միասնական կոմունիստական կուսակցությունը և այլոք ընդդեմ Թուրքիայի, էջեր 18-19, կետ 33): 1-ին արձանագրության 3-րդ հոդվածով երաշխավորված և ճշմարիտ ժողովրդավարական վարչակարգին ներհատուկ` ընտրվելու իրավունքը կլինի երևութական, եթե անձը դրանից կամայականորեն զրկվի ցանկացած պահի:

Չնայած պետություններն ընտրվելու պայմանները սահմանելիս ունեն գնահատման լայն հայեցողություն, սակայն իրավունքների արդյունավետության սկզբունքը պահանջում է որոշել, որ այս կամ այն թեկնածուն չի բավարարել այդ պայմանները: (Ձեռնարկատերերի ռուսական պահպանողական կուսակցությունը և այլոք ընդդեմ Ռուսաստանի, թիվ 55066/00 և 55638/00, կետ 50, 2007թ. հունվարի 11, վերոհիշյալ Պոդկոլզինայի գործը, կետ 35 և Մելնիչենկոն ընդդեմ Ուկրաինայի, թիվ 17707/02, կետ 59, ECHR 2004-X):

 

 B. Վերոհիշյալ սկզբունքների կիրառումը սույն գործի առնչությամբ

 

 43. Անդրադառնալով սույն գործին` Դատարանը նշում է, որ երկու դիմողներն էլ դիմել են ստորին պալատի` համընդհանուր ընտրություններում իրենց պատգամավորության թեկնածուներ գրանցելու խնդրանքով: Պրն Կրասնովը դիմել է Մոսկվայում, իսկ պրն Սկուրատովը` Բուրիաթական Հանրապետությունում: Ներպետական վարույթների արդյունքում գրանցման վերաբերյալ նրանց դիմումները մերժվել են այն հիմքով, որ իրենց զբաղմունքի վերաբերյալ ներկայացրել են ոչ ճիշտ տեղեկություններ, իսկ պրն Սկուրատովը, ի լրումն, չի հաստատել կուսակցությանն իր անդամակցությունը: Դիմողներից ոչ մեկն ընտրություններին որպես պատգամավորության թեկնածու չի մասնակցել: Հետևաբար, Դատարանը պետք է քննության առնի, թե արդյոք դիմողներին որպես պատգամավորության թեկնածու ընտրություններին մասնակցելու հնարավորությունից զրկելը հետապնդել է իրավաչափ նպատակ, և արդյոք այն համաչափ է այդ իրավաչափ նպատակին` հաշվի առնելով պետության հայեցողության շրջանակը:

 44. Ինչ վերաբերում է իրավաչափ նպատակին, Դատարանը կրկնում է, որ յուրաքանչյուր պետություն ունի իրավաչափ շահ իր ինստիտուցիոնալ համակարգի բնականոն գործառնությունն ապահովելու հարցում: Դա առավելապես կիրառվում է ազգային պառլամենտի առնչությամբ, որն ունի օրենսդիր իշխանություն և հիմնարար դեր է կատարում ժողովրդավարական պետությունում (տե՜ս վերոհիշյալ Պոդկոլզինայի գործը, կետ 33): Դատարանը գտնում է, որ թեկնածուի զբաղմունքի և կուսակցության անդամակցության վերաբերյալ տեղեկություն ներկայացնելու պահանջը նպատակ ունի ընտրողներին հնարավորություն տալ կատարելու ընտրություն` տեղեկացված լինելով թեկնածուների մասնագիտական և քաղաքական կենսագրության մասին: Նման պահանջի ներկայացումը չի թվում կամայական կամ ոչ ողջամիտ: Իրավաչափ է նաև այն պահանջը, որ այդ տեղեկությունը պետք է լինի ճշմարիտ, որպեսզի ընտրողները չապակողմնորոշվեն։ Ուստի Դատարանը գտնում է, որ ազգային պառլամենտի ընտրություններում թեկնածուին իր զբաղմունքի և կուսակցական պատկանելության վերաբերյալ ճշմարիտ տեղեկություն ներկայացնելու պահանջ ներկայացնելը հանդիսանում է իրավաչափ նպատակ` 1-ին արձանագրության 3-րդ հոդվածի նպատակների համար:

 45. Դատարանն այժմ պետք է անդրադառնա դիմողներից յուրաքանչյուրի որակազրկման և դրանով հետապնդվող իրավաչափ նպատակի միջև համաչափության անհատական վերլուծությանը:

 

 1. Առաջին դիմողի` պրն Կրասնովի որակազրկման համաչափությունը

 

(a)  Կողմերի փաստարկները

 

 46. Առաջին դիմողը պնդել է, որ իր որակազրկումը չի ունեցել համապատասխան հիմքեր, և, ամեն դեպքում, անհամաչափ է: Նա չի ներկայացրել որևէ տեղեկություն, որը կարող էր ապակողմնորոշել ընտրողներին: Ինքը գործել է բարեխղճորեն` մատնանշելով իր նախկին պաշտոնը, որն զբաղեցրել է հետագայում վերակազմավորված մարմնում: Իր մանդատի ժամկետը դեռ չի լրացել, և ինքը դեռ պատշաճորեն չի ծանուցվել իր ազատման մասին: Թեկնածուների վերջնական ընտրությունը պետք է թողնված լիներ ոչ թե հանձնաժողովներին, այլ ընտրողներին, որոնք թեկնածուների վերաբերյալ տեղեկությունների լիարժեք մատչելիության շնորհիվ պատշաճորեն պաշտպանված կլինեին անհամապատասխան ազդեցությունից:

 47. Կառավարությունը նշել է, որ պրն Կրասնովը նշելով, որ հանդիսանում է Պրեսնենսկի շրջանային խորհրդի նախագահ, իր զբաղմունքի հարցում ապակողմնորոշել է ընտրական հանձնաժողովին, քանզի նա ազատվել էր այդ պաշտոնից 2003թ. հունիսի 26-ին: Այս հանգամանքներում, նրա գրանցումը անվավեր ճանաչելու վերաբերյալ ընտրական հանձնաժողովների որոշումներն օրինական են և հիմնավոր:

 

(b)  Դատարանի գնահատականը

 

 48. Դատարանը նկատում է, որ 2003թ. սեպտեմբերին առաջադրվելիս պրն Կրասնովը նշել է, որ հանդիսանում է շրջանային խորհրդի նախագահ: Այնուամենայնիվ, մինչ այդ ժամանակը շրջանային խորհուրդը մունիցիպալիտետի վերակազմավորվելու արդյունքում իրավաբանորեն դադարել էր գոյություն ունենալ և ուներ նոր տնօրեն: Դա նշանակում է, որ առաջին դիմողի ինքնաառաջադրման պահին նրա կողմից մատնանշած պաշտոնն այլևս գոյություն չուներ:

 49. Դատարանը համաձայն չէ առաջին դիմողի այն պնդմանը, որ իր զբաղմունքի հարցում ինքը գործել է բարեխղճորեն: Համոզիչ չէ նաև այն, որ նա անտեղյակ է եղել նախկինում իր ղեկավարած մարմնի վերակազմավորմանը և այլ անձի որպես տնօրեն նշանակմանը: Նույնիսկ ընդունելով, որ նա պատշաճորեն չի ծանուցվել 2003թ. հունիսի 16-ին աշխատանքից ազատված լինելու մասին, չկա որևէ ապացույց առ այն (ինչպես նշել է Գերագույն դատարանը (տես վերը` կետ 17)), որ նա շարունակել է իր գործունեությունն այդ ամսաթվից հետո: Էական է նաև այն, որ աշխատանքից ազատելու որոշումը չի վիճարկվել որևէ դատական վարույթում, ինչը կարող էր նրան աշխատանքի վերականգնման հարցում հույս ներշնչել: Դատարանը գտնում է, որ նա գիտակցաբար ներկայացրել է ոչ ճիշտ տեղեկություն իր զբաղմունքի մասին:

 50. Առաջին դիմողն ինքնաառաջադրվել է Մոսկվայի Պրեսնենսկի շրջանում գտնվող միամանդատ ընտրատարածքում: Դատարանը գտնում է, որ Պրեսնենսկի շրջանային խորհրդի նախագահի պաշտոնում առաջին դիմողի պաշտոնավարությունը շարունակելու կամ չշարունակելու վերաբերյալ տեղեկությունը չէր կարող նշանակություն չունենալ ընտրողների համար, որոնք բոլորը տեղացի ռեզիդենտներ էին: Աշխատանքից ազատվելու վերաբերյալ տեղեկությունը թաքցնելով` պրն Կրասնովը փորձել է ընտրողների շրջանում պահպանել այն պաշտոնով պայմանավորված հեղինակությունը, որն ինքն այլևս չէր զբաղեցնում: Դատարանն ընդունում է, որ առաջին դիմողի զբաղմունքի վերաբերյալ ոչ ճիշտ տեղեկություն ներկայացնելը կարող էր բացասական ազդեցություն ունենալ տեղեկացված ընտրության հնարավորության վրա:

 51. Քանի որ պրն Կրասնովը միտումնավոր ներկայացրել էր ոչ ճիշտ տեղեկություն, որը կարող էր ապակողմնորոշել ընտրողներին, Դատարանը գտնում է, որ նրա գրանցումն անվավեր ճանաչելու որոշումը համաչափ է հետապնդվող իրավաչափ նպատակին:

 

 2. Երկրորդ դիմողի` պրն Սկուրատովի որակազրկման համաչափությունը

 

(a) Կողմերի փաստարկները

 

 52. Երկրորդ դիմողը պնդել է, որ ինքն օրենքով սահմանված ժամկետում ներկայացրել է բոլոր պահանջվող փաստաթղթերը, ներառյալ` իր զբաղմունքի և կոմունիստական կուսակցությանն անդամակցության վերաբերյալ փաստաթղթերը, ինչը հավաստվում է 2003թ. հոկտեմբերի 20-ի ստացականով: Այդ օրվանից սկսած ընտրական մարմիններն իրենց տրամադրության տակ ունեցել են բոլոր պահանջվող փաստաթղթերը: 2003թ. հոկտեմբերի 27-ի իր բողոքին Մոսկվայի պետական սոցիալական համալսարանից զբաղմունքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկանք կցելով` ինքը միայն նպատակ է ունեցել ցույց տալու, որ համապատասխան ժամանակահատվածում իր աշխատանքի առումով փոփոխություն չի եղել: Օրենքը պահանջում է նշել աշխատանքի կամ ծառայության մշտական հիմնական վայրը, ինչը նա արել է` նշելով, որ հանդիսանում է սահմանադրական իրավունքի ամբիոնի ղեկավարի պաշտոնակատարը: Ըստ աշխատանքային գրքույկի` դա նրա աշխատանքի հիմնական վայրն էր: Օրենքը չի պահանջում նշել տվյալ ժամանակահատվածում զբաղեցրած բոլոր պաշտոնները: Բացի դրանից, շատ տարածված է և պարզ յուրաքանչյուրի համար, որ համալսարանի ամբիոնի ղեկավարը նաև տվյալ ամբիոնում դասավանդում է որպես պրոֆեսոր:

 53. Այնուհետև երկրորդ դիմողը պնդել է, որ ներպետական իշխանությունների կողմից ընտրված միջոցը համաչափ չէ հետապնդվող նպատակին, ինչպիսին էլ այն լինի: Կառավարությունը չի բացատրել, թե ինչու իր աշխատանքի հիմնական վայրի մատնանշումը կարող էր ընտրողներին ապակողմնորոշել այն աստիճան, որ պետք է կիրառվեր իր որակազրկումը, ինչը առավել խիստ ընտրական պատժամիջոց է: Ըստ նրա` կիրառված միջոցն ուներ քաղաքական դրդապատճառներ և պայմանավորված էր նրանով, որ Գլխավոր դատախազի պաշտոնում նա փորձել է հետաքննել Նախագահ Ելցինի և նրա թիմի գործողությունները:

 54. Կառավարությունը նշել է, որ պրն միամանդատ ընտրատարածքում Սկուրատովի գրանցումը մերժվել է այն հիմքով, որ պահանջվող փաստաթղթերը նա չի ներկայացրել ժամանակին: Եթե նրա` ուշացումով ներկայացված փաստաթղթերն ընդունվեին, ապա կխախտվեր հավասարությունը թեկնածուների միջև: Ինչ վերաբերում է կոմունիստական կուսակցության դաշնային ցուցակից նրան հանելուն, ապա Գերագույն դատարանը գնահատել է իրեն ներկայացված ապացույցը և որոշել, որ նա իր վերաբերյալ ներկայացրել է ոչ ճիշտ տեղեկություն: Պրն Սկուրատովը չի նշել, որ, ի լրումն սահմանադրական իրավունքի ամբիոնի ղեկավարի պաշտոնի, նա նաև ամբիոնի դասախոս է:

 

(b) Դատարանի գնահատականը

 

 55. Դատարանը նկատում է, որ պրն Սկուրատովի թեկնածությունը չգրանցելու` ներպետական իշխանությունների կողմից մատնանշվող հիմքերը չեն գործել ողջ վարույթի ընթացքում: Այսպես, նույն փաստաթղթերի երկրորդ վերանայումից հետո Շրջանային ընտրական հանձնաժողովը չի կիրառել նրա որակազրկման համար սկզբնապես կիրառված հիմքերից մեկը (դիպլոմների ոչ ճիշտ վավերացում, տե՜ս վերը` կետ 20) և այն փոխարինել է նոր հիմքով, այն է` որ նախընտրական քարոզարշավի որոշ նյութերի տպագրման համար վճարումը չի կատարվել թեկնածուի նախընտրական հիմնադրամից (տե՜ս վերը` կետ 23): Այդ հիմքը հետագայում չի պաշտպանվել դատարանի կողմից (տե՜ս վերը` կետ 25):

 56. Այնքանով, որքանով Կառավարությունը պնդել է, որ երկրորդ դիմողի որակազրկումը կարող էր բացատրվել փաստաթղթերն ուշացումով ներկայացնելու փաստով, Դատարանը նկատում է, որ այդ հիմքը երբևէ չի մատնանշվել ներպետական դատական վարույթներում: Ավելին, Կառավարության պնդումները հերքվում են փաստաթղթային ապացույցով, այն է` 2003թ. հոկտեմբերի 20-ին երկրորդ դիմողին տրված ստացականով (փաստաթղթերը ներկայացնելու վերջին օրը 2003թ. հոկտեմբերի 23-ն էր), որում, ի թիվս այլոց, նշված էին աշխատանքային գրքույկը և կոմունիստական կուսակցությանն անդամակցության վերաբերյալ տեղեկանքը (տե՜ս վերը` կետ 18):

 57. Նման հանգամանքներում, Դատարանն իր վերլուծությունը պետք է սահմանափակի այն հիմքերի շրջանակներում, որոնք, վերջին հաշվով, կիրառվել են երկրորդ դիմողի որակազրկմանը հանգեցրած դատական որոշումներում (տես վերը` կետեր 25 և 26), այն է` ենթադրաբար ոչ ճիշտ տեղեկությունն իր զբաղմունքի և կուսակցական պատկանելության վերաբերյալ:

 58. Դատարանը նկատում է, որ երկրորդ դիմողը Շրջանային ընտրական հանձնաժողովին ներկայացրել է տեղեկություն առ այն, որ աշխատում է որպես սահմանադրական իրավունքի ամբիոնի ղեկավարի պաշտոնակատար: Ամենավերջին գրառումն իր աշխատանքային գրքույկում (թիվ 38), որի պատճենը նա նաև ներկայացրել է ընտրական հանձնաժողովին, հաստատում է, որ նա այդ պաշտոնում նշանակվել է 2003թ. հունիսի 1-ին: Նախորդ գրառմամբ (թիվ 36) արձանագրվում էր նրա փոխադրումը նույն ամբիոնում պրոֆեսորի պաշտոնին (տե՜ս վերը` կետ 33):

 59. Չնայած նրան, որ երբևէ չի վիճարկվել, որ երկրորդ դիմողն իրոք եղել է սահմանադրական իրավունքի ամբիոնի ղեկավար, ներպետական իշխանություններն արել են հակասական պատճառաբանություններ առ այն, թե ինչու են հաստատված համարել, որ նրա զբաղմունքի վերաբերյալ տեղեկությունը ոչ ճշմարիտ է: Շրջանային ընտրական հանձնաժողովի առաջին որոշմամբ հիմք է ընդունվել այն, որ պրն Սկուրատովը չի նշել, որ միաժամանակ կատարում է պրոֆեսորի պարտականություններ: Նույն հանձնաժողովի երկրորդ որոշմամբ հիմք է ընդունվել այն, որ նա չի տեղեկացրել իր աշխատանքի փոփոխության մասին: Առաջին ատյանի դատարանը գտել է, որ պրն Սկուրատովը պետք է նշած լիներ պրոֆեսորի պաշտոնին փոխադրվելու մասին: Վերջապես, վերաքննիչ դատարանն առաջ է քաշել նոր բացատրություն. նրա կարծիքով ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնն ունի ժամանակավոր բնույթ, այնինչ երկրորդ դիմողը պետք է նշեր մշտական բնույթ ունեցող պաշտոնը, այն է` պրոֆեսորի պաշտոնը:

 60. Դատարանը մտահոգված նշում է, որ ներպետական մարմինների եզրահանգումները ոչ միայն հակասական են, այլև հիմքում չունեն որևէ իրավական դրույթ կամ Ընտրական օրենքի` աշխատանքի վայրը նշելու պահանջի մեկնաբանման նախադեպ: Ո՜չ Շրջանային ընտրական հանձնաժողովը, ո՜չ առաջին ատյանի դատարանը չեն նշել որևէ իրավական հիմք` ի պաշտպանություն նշված պահանջի մեկնաբանման. միայն Գերագույն դատարանն է անորոշ կերպով վկայակոչել «աշխատանքային իրավունքի ոգին»: Այս կապակցությամբ Դատարանը նշում է, որ ո՜չ աշխատանքի առումով բոլոր փոխադրումներն ու փոփոխությունները նշելու պարտավորությունը, ո՜չ մշտական և ժամանակավոր պաշտոնների միջև տարբերակում կատարելու պարտականությունը չեն բխում Ընտրական օրենքից, որը միայն պահանջում է նշել «աշխատանքի հիմնական վայրը» (տե՜ս վերը` կետ 35): Ներպետական մարմինների որոշումների հստակ իրավական հիմքի բացակայությունը Դատարանին թույլ է տալիս եզրահանգել, որ չի պահպանվել կիրառված միջոցի «օրինականության» և «կանխատեսելիության» կոնվենցիոն չափորոշիչը. վերջինս պահանջում է, որ օրենքը պետք է լինի բավարար չափով հստակ, որպեսզի հնարավորություն տա անձին, անհրաժեշտության դեպքում` համապատասխան խորհրդատվությամբ, կանխատեսել տվյալ վարքագծի հետևանքները (տե՜ս, ի թիվս այլոց, Ռեկվենն ընդդեմ Հունգարիայի գործը, թիվ 25390/94, կետ 34, ECHR 1999-III):

 61. Այս համատեքստում, կարևոր է, որ, ի տարբերություն առաջին դիմողի գործում առկա իրավիճակի, չկա որևէ ապացույց առ այն, որ պրն Սկուրատովը գործել է ոչ բարեխղճորեն: Նրա կողմից մատնանշված աշխատանքի վայրի վերաբերյալ գրառումն աշխատանքային գրքույկում ամենավերջինն է (թիվ 38), և նա ողջամտորեն կարող էր կարծել, որ ինքը պարտավոր է նշել ամենավերջին և ամենաբարձր պաշտոնը: Նման հանգամանքներում, ներպետական մարմինների խնդիրն էր լուսաբանել կիրառելի իրավական պահանջները և երկրորդ դիմողին հստակորեն ծանուցել, թե ինչպես պետք է պատրաստել փաստաթղթերը (տե՜ս, mutatis mutandis, Փրկարար բանակի Մոսկվայի մասնաճյուղն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 72881/01, կետ 90, ECHR 2006-…, Թսոնևն ընդդեմ Բուլղարիայի, թիվ 45963/99, կետ 55, 2006թ. ապրիլի 13): Ինչը, սակայն, չի արվել: Ընդհակառակն, ընտրությունների անկախ դիտորդների կարծիքով` պրն Սկուրատովի դիմումի կապակցությամբ որոշումը վկայում է «գրանցման կանոնների անհամապատասխան և ընտրանքային կիրառման» մասին (տե՜ս վերը` կետ 36):

 62. Վերջապես, երկրորդ դիմողի աշխատանքի կապակցությամբ Դատարանը գտնում է, որ չկան լուրջ հիմքեր կարծելու, որ ամբիոնի ղեկավարի և պրոֆեսորի պաշտոնների միջև տարբերությունը կարող է ապակողմնորոշել ընտրողներին: Ամեն դեպքում, երկրորդ դիմողը հանրահայտ գործիչ է` նախկինում Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի պաշտոնում աշխատած լինելու ուժով (տե՜ս վերը` կետ 33), և նրա ներկայիս ակադեմիական պաշտոնն այնքան էլ էական չէ:

 63. Ինչ վերաբերում է երկրորդ դիմողի կողմից իր կուսակցական պատկանելության վերաբերյալ ենթադրյալ ոչ ճիշտ տեղեկություն ներկայացնելուն, Դատարանը նշում է, որ նրա անդամակցությունը կոմունիստական կուսակցությանը երբևէ չի վիճարկվել և կասկածի ենթարկվել: Ներպետական մարմինների որոշումները պարզապես հիմնվել են անդամակցության վերաբերյալ տեղեկանքի ձևի վրա և հատկապես այն հանգամանքի վրա, որ այն ներկայացվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և ոչ թե Շրջանային ընտրական հանձնաժողովին (տե՜ս վերը` կետեր 19, 26, 34):

 64. Դատարանը նկատում է, որ Ընտրական օրենքը բառացիորեն չի պահանջում կուսակցական պատկանելությունը հավաստելու որևէ կոնկրետ ձև, և որ ընտրական հանձնաժողովները և դատարանները հղում չեն կատարել որևէ իրավական նորմի, որը կպահանջեր այդ հավաստման ներկայացումը Շրջանային ընտրական հանձնաժողովին: Դատարանին ներկայացված բացատրություններում Կառավարությունը ևս որևէ նման իրավական նորմ չի մատնանշել: Դատարանը գտնում է, որ ներպետական մարմինների կողմից ընդունված մեկնաբանությունը չի բավարարում «օրինականության» և «կանխատեսելիության» կոնվենցիոն չափորոշիչը, քանզի չի եղել որևէ հստակ իրավական ուղեցույց, որը երկրորդ դիմողին հնարավորություն կտար կանխատեսել, որ անդամակցության վերաբերյալ տեղեկանքը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացնելը կարող էր հանգեցնել իր գրանցման մերժմանը:

 65. Ամեն դեպքում, Դատարանը կրկնում է, որ իր գնահատականի համար կարևոր է ներպետական իշխանությունների կողմից կիրառված միջոցի և հետապնդվող իրավաչափ նպատակի միջև ողջամիտ հարաբերակցության առկայությունը (Լեյլա Սահինն ընդդեմ Թուրքիայի, թիվ 44774/98, կետ 117, ECHR 2005-…): Ինչպես Դատարանը գտել է վերը, իրավաչափ նպատակն է կանխել կեղծ տեղեկատվության միջոցով ընտրողների ապակողմնորոշումը: Այնուամենայնիվ, երբևէ չի վիճարկվել, որ երկրորդ դիմողը եղել է կոմունիստական կուսակցության անդամ: Նման հանգամանքներում, Դատարանը չի կարող ընդունել, որ պրն Սկուրատովին չգրանցելը` այնքանով, որքանով այն հիմնվել է լոկ անդամակցության տեղեկանքի սխալ ձևի վրա, նպատակ է ունեցել կանխելու ընտրողների ապակողմնորոշումը երկրորդ դիմողի քաղաքական հակվածության առնչությամբ: Սրանից հետևում է, որ բացակայել է ողջամիտ հարաբերակցությունը միջոցի և իրավաչափ նպատակի միջև:

 66. Ելնելով վերոհիշյալից` Դատարանը գտնում է, որ երկրորդ դիմողի գրանցումը մերժելու վերաբերյալ ներպետական մարմինների որոշումը, որը հիմնվել է նրա կողմից իր զբաղմունքի և կուսակցական պատկանելության վերաբերյալ ենթադրաբար ոչ ճշմարիտ տեղեկություն տրամադրելու փաստի վրա, բավարար չափով պատճառաբանված չէ և չի համապատասխանում անվիճելի փաստերին: Ուստիև անհամաչափ է հետապնդվող իրավաչափ նպատակին: Դատարանի եզրահանգումը կիրառելի է և՜ միամանդատ ընտրատարածքում պրն Սկուրատովի որակազրկման, և՜ նրան կուսակցության թեկնածուների ցուցակից հանելու առնչությամբ, քանզի վերջինիս կապակցությամբ ընթացած վարույթը ևս հիմնվել է նույն հիմքերի վրա:

 67. Ուստի երկրորդ դիմողի` պրն Սկուրատովի առնչությամբ տեղի է ունեցել 1-ին արձանագրության 3-րդ հոդվածի խախտում:

 

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 14-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ

 

 68. Երկրորդ դիմողը Կոնվենցիայի 14-րդ հոդվածի հիման վրա պնդել է նաև, որ ինքը կոմունիստական կուսակցության կողմից առաջադրված 163 թեկնածուներից միայն մեկն էր, ում գրանցումը մերժվել էր կուսակցությանն իր անդամակցությունը չհաստատելու պատճառաբանությամբ, չնայած նրան, որ բոլոր թեկնածուները ներկայացրել էին կուսակցության նախագահի կողմից ստորագրված և Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացված նույնանման տեղեկանք: 14-րդ հոդվածը նախատեսում է.

 «Uույն Կոնվենցիայում շարադրված իրավունքներից և ազատություններից oգտվելը ապահովվում է առանց խտրականության, այն է` անկախ uեռից, ռաuայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ uոցիալական ծագումից, ազգային փոքրամաuնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից կամ այլ դրությունից»։

 

 69. Դատարանը կրկնում է, որ 14-րդ հոդվածն ինքնուրույն գոյություն չունի, բայց կարևոր դեր է կատարում` լրացնելով Կոնվենցիայի և արձանագրությունների մյուս հոդվածները, քանզի այն պաշտպանում է միևնույն իրավիճակում գտնվող անձանց այլ դրույթներում ամրագրված իրավունքների իրականացման հարցում դրսևորվող ցանկացած խտրականությունից: Այն դեպքում, երբ վկայակոչվում է Կոնվենցիայի կամ դրա արձանագրությունների նյութական հոդվածը` առանձին կամ 14-րդ հոդվածի հետ համակցված, և արձանագրվում է նյութական հոդվածի խախտում, ընդհանուր առմամբ Դատարանն անհրաժեշտ չի համարում 14-րդ հոդվածի հետ կապված հարցն առանձին քննության առարկա դարձնել. մոտեցումն այլ է, սակայն, երբ գործի առանցքային խնդիրը խնդրո առարկա իրավունքի իրականացման կապակցությամբ հստակ անհավասար վերաբերմունքն է (տե՜ս Չասագնոուն և այլոք ընդդեմ Ֆրանսիայի, թիվ 25088/94, 28331/95 և 28443/95, կետ 89, ECHR 1999-III, և Դուդգեոնն ընդդեմ Միացյալ Թագավորության, 1981թ. հոկտեմբերի 22-ի վճիռ, Շարքեր A, թիվ 45, կետ 67):

 70. Սույն գործի հանգամանքներում, Դատարանը գտնում է, որ անհավասար վերաբերմունքը, որի զոհ է երկրորդ դիմողը` ըստ իր պնդման, բավարար չափով հաշվի է առնվել այն գնահատականում, որը հանգեցրել է 1-ին արձանագրության 3-րդ հոդվածի խախտման փաստի ճանաչմանը: Սրանից հետևում է, որ որևէ առիթ չկա նույն փաստերը քննության առնելու Կոնվենցիայի 14-րդ հոդվածի տեսանկյունից:

 

 III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄ

 

71. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը նախատեսում է.

 «Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իuկ համապատաuխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մաuնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։

 

A.   Վնասը

 

 72. Պրն Սկուրատովը պահանջել է 42,033 եվրո` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում: Նա նշել է, որ ներպետական մարմինների անօրինական որոշումները մեծապես ազդել են իր քաղաքական և մասնագիտական հեղինակության վրա, և ինքը պատրաստվում է Դատարանի վճիռը երեք ազգային լեզուներով հրատարակել երեք շրջանային օրաթերթերում:

 73. Ըստ Կառավարության` Դատարանը պետք է մերժի նման պահանջը, քանի որ պրն Սկուրատովի իրավունքները չեն խախտվել:

 74. Դատարանն ընդունում է, որ պրն Սկուրատովին պետք է որ անհանգստություն և շփոթ պատճառած լինեին ընտրություններին իր մասնակցությունը կանխող` ներպետական մարմինների որոշումները: Պրն Սկուրատովի կողմից պահանջվող գումարը, սակայն, չափազանցված է` անկախ այն ծախսելու մտադրությունից: Անաչառորեն գնահատելով` Դատարանը պրն Սկուրատովին տրամադրում է 8000 եվրո` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, դրան գումարած այն հարկերը, որոնք կարող են գանձվել այդ գումարից:

 

 Ծախսեր և ծախքեր

 

 75. Պրն Սկուրատովը պահանջել է 7000 եվրո` կապված ներպետական վարույթներում իրավաբանական օգնության հետ, և հետևյալը` կապված Դատարանում վարույթի կապակցությամբ կրած ծախսերի հետ.

- 40,233 շվեյցարական ֆրանկ` իր ներկայացուցիչ պրոֆ© Էքստեյնի 134-ժամյա աշխատանքի դիմաց. յուրաքանչյուր ժամի համար 300 ֆրանկ,

- 1,196.30 շվեյցարական ֆրանկ` իրավաբանի օգնականի 17-ժամյա աշխատանքի դիմաց,

- 2,024.50 շվեյցարական ֆրանկ` թարգմանական ծախսերի համար և

- 331.30 շվեյցարական ֆրանկ` փոստային ծախսերի համար:

 

 76. Կառավարությունը նշել է, որ ծախսերի և ծախքերի պահանջը չի ուղեկցվել «ֆինանսական փաստաթղթերով», և ծախսերը չեն կատարվել անհրաժեշտաբար և ողջամտորեն, քանի որ դրանք գերազանցել են Ռուսաստանում ներկայացուցչության և կենսամակարդակի միջին արժեքը:

 77. Դատարանը նկատում է, որ պրն Սկուրատովը ներպետական վարույթներում կրած ծախսերի կապակցությամբ չի ներկայացրել որևէ հիմնավորող փաստաթուղթ և, հետևաբար, այս մասով պահանջը ենթակա է մերժման: Ինչ վերաբերում է Ստրասբուրգում վարույթի կապակցությամբ ծախսերին, ապա պրն Սկուրատովը ներկայացրել է պրոֆ. Էքստեյնի ստացականը` ուղեկցված մանրամասն ժամանակացույցով, որը, մասնավորապես, ցույց է տալիս, որ պրոֆ. Էքստեյնը պատրաստել է սկզբնական գանգատը և գործում առկա երկու հուշագրերը և իրականացրել է հաղորդակցություն Դատարանի հետ: Չնայած պրոֆ. Էքստեյնի ժամավճարը շվեյցարական իրավաբանի համար ընդունելի չափ է, այնուամենայնիվ, Դատարանը գտնում է, որ ժամերի քանակը չափազանցված է: Հաշվի առնելով իր տրամադրության տակ գտնվող նյութերը` Դատարանը պրն Սկուրատովին տրամադրում է 12,000 եվրո` կապված ծախսերի և ծախքերի հետ, դրան գումարած այն հարկերը, որոնք կարող են գանձվել այդ գումարից, և մերժում է պահանջի մնացած մասը:

 

 C. Տոկոսներ չվճարելու համար

 

 78. Դատարանը գտնում է, որ չվճարելու դեպքում պետք է վճարվեն տոկոսներ` հիմնված Եվրոպական կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի վրա, որը պետք է ավելացվի երեք տոկոսանոց կետով:

 

 ԱՅՍ ՀԻՄՔԵՐՈՎ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ

 

1. Վճռում է, որ առաջին դիմող պրն Կրասնովի առնչությամբ 1-ին արձանագրության 3-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել,

2. Վճռում է, որ երկրորդ դիմող պրն Սկուրատովի առնչությամբ տեղի է ունեցել 1-ին արձանագրության 3-րդ հոդվածի խախտում,

3. Վճռում է, որ Կոնվենցիայի 14-րդ հոդվածի հիման վրա երկրորդ դիմողի գանգատի առնչությամբ առանձին քննություն չի պահանջվում,

4. Վճռում է.

(a) որ Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան սույն վճռի ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում պատասխանող պետությունը պետք է վճարի հետևյալ գումարները` վճարման պահին գործող ռուսական ռուբլու` եվրոյի նկատմամբ հաշվարկային փոխարժեքով©

(i) 8000 եվրո` կապված ոչ նյութական վնասի հետ,

(ii) 12,000 եվրո` կապված ծախսերի և ծախքերի հետ,

(iii) ցանկացած հարկ, որը կարող է գանձվել,

(b) որ վերոհիշյալ եռամսյա ժամկետի ավարտից հետո մինչև վճարումը վերոհիշյալ գումարներին պետք է հավելվի սովորական տոկոս` Եվրոպական կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքով, որը պետք է ավելացվի երեք տոկոսանոց կետով:

5. Մերժում է երկրորդ դիմողի` արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը:

 

Կատարված է անգլերենով և ծանուցված է 2007թ. հուլիսի 19-ին` Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն: