ԲՐԵԱԲԻՆՆ ԸՆԴԴԵՄ ՄՈԼԴՈՎԱՅԻ ԳՈՐԾՈՎ
2009թ. ապրիլի 7-ի վճիռը
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
ՓԱՍՏԵՐ
I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
5. Դիմողը ծնվել է 1959թ. և ապրել Քիշնևում: Նա վարորդ էր, սակայն տեղի ունեցած դեպքերի ընթացքում գործազուրկ էր:
6. Նա կասկածվել է Քիշնևում բնակարանի վաճառքին վերաբերող փաստաթղթերը կեղծելու մեջ և 2004թ. դեկտեմբերի 21-ին հրավիրվել էր Ներքին գործերի նախարարություն` հարցաքննության:
7. Նա ստացել է ծանուցագիր և ներկայացել Ն. Թ.-ի և Ս. Դ.-ի ոստիկանության աշխատակիցներին` Ներքին գործերի նախարարության շենքում նրանց գրասենյակ: Նախարարության շենք նրա ժամանելու ճշգրիտ ժամը բողոքարկվել է կողմերի միջև: Ըստ դիմողի` նա ժամանել է մոտավորապես ժամը 9-ին, մինչդեռ Կառավարությունը պնդել է, որ նա ժամանել է ժամը 1-ին: Ըստ դիմողի` երկու ոստիկան փորձել են ստիպողաբար իրենից խոստովանություն կորզել, և երբ նա հրաժարվել է` ծեծել են նրան ռետինե մահակներով և բռունցքներով հարվածել նրա գլխին: Նրա աջ ականջին հարված հասցնելուց հետո նա մի քանի րոպեով կորցրել է գիտակցությունը: Ծեծի վերաբերյալ պնդումները վիճարկվել են Կառավարության կողմից: Սակայն կասկածից դուրս է, որ տեղի է ունեցել հարցաքննություն: Հարցաքննության տևողությունը վիճարկվել է նաև կողմերի միջև` ըստ դիմողի` այն տևել է ութ ժամ, իսկ Կառավարությունը պնդել է, որ հարցաքննությունը տևել է ընդամենը մեկ ժամ: Միևնույն ժամանակ, անվիճելի է այն, որ ոստիկանության աշխատակիցները հարցաքննության օրը չեն կազմել որևէ արձանագրություն:
8. Դիմողի ազատ արձակման ժամանակը նույնպես վիճարկվել է կողմերի միջև: Կառավարությունը պնդել է, որ նա ազատ էր արձակվել ժամը 2-ին, մինչդեռ դիմողը պնդել է, որ ինքն ազատ է արձակվել մոտավորապես ժամը 5-ին: Այնուամենայնիվ, անվիճելի է, որ նա նստել է տաքսի Ներքին գործերի նախարարության շենքի մոտ և անմիջապես գնացել իր ընկերոջ` Վ.Պ.-ի մոտ, ում հետ նա ծրագրել էր այցելել Գերմանիա հաջորդ առավոտյան, տեղեկացնելու համար նրան, որ ինքը չի կարող մեկնել: Թե տաքսու վարորդը և թե նրա ընկերը նշել էին նրա դեմքի վրա առկա կապտուկների մասին, և դիմողը պատմել է, որ իրեն ծեծել են ոստիկանության աշխատակիցները Ներքին գործերի նախարարության շենքում: Դիմողը վերցրել էր տաքսու վարորդի քարտը:
9. Դիմողն իրեն վատ է զգացել գիշերվա ընթացքում և հաջորդ առավոտ` 2004թ. դեկտեմբերի 22-ին, գնացել է շտապօգնության հիվանդանոց (Spitatlul de Urgenţă): Հիվանդանոցի գրանցամատյանում արձանագրվել է հետևյալ տեղեկությունը:
«Հիվանդը ծեծի է ենթարկվել` մի քանի րոպեով կորցնելով գիտակցությունը, ոստիկանության աշխատակիցների կողմից` Ներքին գործերի նախարարության շենքում 2004թ. դեկտեմբերի 21-ին, ժամը 11:50-ի սահմաններում: Նա գանգատվել է գլխացավից, սրտխառնոցից, փսխումից և գլխապտույտից: Ախտորոշում` ուղեղի ցնցում, դեմքի, վերին շրթի, գլխի և մարմնի վրա կապտուկներ....: Դիմողը հրաժարվել է պառկել հիվանդանոցում: Տեղեկատվությունը փոխանցվել է Ոստիկանության ընդհանուր բաժին և քննության հանձնվել Դ.-ին` 6196 համարի ներքո, ժամը 8:35-ին»:
10. Ըստ երևույթին որևէ գործողություն չի հաջորդել շտապօգնության հիվանդանոցում դիմողի` ոստիկանների կողմից վատ վերաբերմունքի ենթարկվելու վերաբերյալ պնդումներին:
11. Նույն օրը` 2004թ. դեկտեմբերի 22-ին, ժամը 4.45-ին դիմողը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Ըստ դիմողի` նա նախընտրել էր այդ հիվանդանոցը շտապօգնության հիվանդանոցից, քանի որ այն ավելի էժան ծառայություններ էր մատուցում: Հիվանդանոցի գրանցամատյանից պարզ է դառնում, որ երկու ոստիկանների կողմից Ներքին գործերի նախարարության շենքում 2004թ. դեկտեմբերի 21-ին հասցված` դիմողի կապտուկների վերաբերյալ տրվել է նույն եզրակացությունը, ինչ շտապօգնության հիվանդանոցի կողմից: Նրա մոտ ախտորոշվել են գլխի վնասվածք, բազմաթիվ կապտուկներ մարմնի և գլխի վրա և ականջի հետվնասվածքային տրավմատիկ խլություն: Դիմողը դուրս է գրվել հիվանդանոցից 2004թ. դեկտեմբերի 31-ին:
12. 2005թ. դեկտեմբերի 5-ին դիմողն ստացել է իր վնասվածքների վերաբերյալ դատաբժշկական եզրակացություն, որում հաստատվել է նախորդ ախտորոշումը և նշվել, որ վնասվածքները հասցվել են բութ առարկաներով, և որ բժշկական զննության արդյունքները համապատասխանում են դիմողի` 2004թ. դեկտեմբերի 21-ին վնասվածքներ ստանալու վերաբերյալ պնդումներին: Վնասվածքները որակվել են որպես թեթև վնասվածքներ, որոնք պահանջում են բժշկական օգնություն` առնվազն քսանմեկ օր:
13. 2005թ. սեպտեմբերի 3-ին դիմողի դեմ քրեական գործի դատավարության ընթացքում նա հայտնել է քննիչին, որ 2004թ. դեկտեմբերի 21-ին ենթարկվել է վատ վերաբերմունքի: Պարզվել է, որ որևէ գործողություն չի հետևել դիմողի բողոքի մասով:
14. 2005թ. դեկտեմբերի 15-ին դիմողը դիմել է դատախազություն և բողոքել, որ ուսումնասիրելով 2005թ. դեկտեմբերի 14-ի քրեական գործը` տեսել, որ այն չի պարունակում որևէ տեղեկություն` իր 2004թ. դեկտեմբերի 21-ի հարցաքննության վերաբերյալ, և որ որևէ գործողություն չի իրականացվել իր նկատմամբ վատ վերաբերմունքի կապակցությամբ, չնայած ներկայացված երկու բողոքներին` մեկը` 2004թ. դեկտեմբերի 22-ին հիվանդանոցի կողմից ներկայացված բողոքը, և 2005թ. սեպտեմբերի 3-ի իր բողոքը: Նա խնդրել է, որ քրեական գործ հարուցվի ոստիկանության երկու աշխատակիցների դեմ, ովքեր վատ վերաբերմունք են ցուցաբերել իր նկատմամբ:
15. 2006թ. հունվարի 15-ին դատախազությունը որոշել է որևէ գործողություն չձեռնարկել վատ վերաբերմունքի վերաբերյալ դիմողի բողոքների կապակցությամբ` դրանք անհիմն որակելուց հետո: Նույն օրվա որոշման մեջ հայտարարվել է, որ ոստիկանության աշխատակիցները խոստովանել են, որ դիմողին հարցաքննելու ընթացքում կասկածել են նրան, սակայն նրանք հերքել են նրա նկատմամբ վատ վերաբերմունքի վերաբերյալ պնդումները, և քանի որ դիմողը բողոքել է ենթադրյալ վատ վերաբերմունքի կապակցությամբ միայն մեկ տարի անց` ակնհայտ է, որ նա մտադիր էր երկարաձգել և խոչընդոտել իր դեմ հարուցված քրեական գործը: Պարզվել է, որ դիմողը չի հարցաքննվել և որևէ նշում չի եղել նրա նախորդ բողոքների կամ դատաբժշկական եզրակացությունների վերաբերյալ: Դիմողը բողոքարկել է այդ որոշումը: Նա նաև պնդել է, որ կա վկա, ով կարող է հաստատել իր նկատմամբ վատ վերաբերմունքի փաստը:
16. 2006թ. մարտի 24-ին Կենտրոն շրջանի դատարանը բավարարել է դիմողի բողոքը և կարճել դատախազի որոշումը: Այն գտել է, inter alia, որ դատախազությունը բավարար չափով չի ուսումնասիրել դիմողի կողմից ներկայացված բժշկական ապացույցները:
17. 2006թ. մայիսի 11-ին դիմողը հարցաքննվել է այն դատախազի կողմից: Նա վերահաստատել է իր բողոքում ավելի վաղ ներկայացրած փաստերը և տեղեկացրել դատախազին տաքսու վարորդի մասին, ով կարող է վկայություն տալ 2004թ. դեկտեմբերի 21-ի երեկոյան նրա վիճակի մասին:
18. Անհայտ ամսաթվին դատախազը հարցաքննել է տաքսու վարորդին, ով վերցրել էր դիմողին Ներքին գործերի նախարարության շենքի մոտակայքից (տե՛ս վերը` կետ 8): Տաքսու վարորդը հայտարարել է, որ նա վերցրել է դիմողին 2004թ. դեկտեմբերի 21-ի երեկոյան` այն փողոցի անկյունից, որտեղ գտնվում էր Ներքին գործերի նախարարությունը: Դիմողի հագուստը կեղտոտ ու փոշոտ էր, և սկզբում նա մտածել է, որ դիմողը սթափ չէ: Սակայն ավելի ուշ դիմողը նրան պատմել է, որ իրեն ծեծել են երկու ոստիկաններ Ներքին գործերի նախարարության շենքում: Դիմողը նրան ցույց է տվել իր դեմքի վրա ծեծի նշանները, այն է` ականջի այտուցը և դրա շուրջ կապտուկները: Նախքան մեքենայից իջնելը դիմողը խնդրել է իր քարտը, և նա այն տվել է նրան:
19. Անհայտ ամսաթվին դատախազը հարցաքննել է դիմողի ընկերոջը, որին վերջինս այցելել էր 2004թ. դեկտեմբերի 21-ի երեկոյան (տե՛ս վերը` կետ 8): Դիմողի ընկերը հաստատել է, որ 2004թ. դեկտեմբերի 21-ի երեկոյան ժամը 8-10-ն ընկած ժամանակահատվածում դիմողը եկել էր իր տուն իրեն տեղեկացնելու համար, որ նա հաջորդ օրը չի կարող մեկնել Գերմանիա: Դիմողի դեմքին կային կապտուկներ, և նա հայտնել էր, որ իրեն ծեծել են ոստիկանության աշխատակիցները նույն օրը` Ներքին գործերի նախարարության շենքում:
20. 2006թ. հուլիսի 7-ին Կենտրոնական դատախազությունը կրկին մերժել է դիմողի նկատմամբ դրսևորված վատ վերաբերմունքի մասին բողոքը: Չտալով որևէ գնահատական բժշկական զեկույցներին, տաքսու վարորդի և դիմողի ընկերոջ վկայություններին` դիմողի բողոքը այն համարել է անհիմն, քանի որ առկա էին բավարար փաստեր` ապացուցելու նրա մեղավորությունը հանցագործություն կատարելու մեջ և, հետևաբար, վատ վերաբերմունքի վերաբերյալ նրա բողոքն ընդամենը փորձ էր խոչընդոտել և երկարաձգել իր դեմ քրեական հետապնդումը: Վերոհիշյալը հաստատվել է այն փաստով, որ դիմողը բողոքը ներկայացրել է ենթադրյալ իրադարձություններից միայն մեկ տարի անց: Դիմողը բողոքարկել է այդ որոշումը դատախազի վերադասին:
21. 2007թ. հունվարի 29-ին դիմողի բողոքը մերժվել է վերադաս դատախազի կողմից միևնույն հիմքով` որպես անհիմն: Դիմողը բողոքարկել է այդ որոշումը դատարանում:
22. 2007թ. ապրիլի 24-ին Կենտրոն շրջանի դատարանը բավարարել է դիմողի բողոքը: Այն, inter alia, գտել է, որ դատախազների որոշումները զուրկ են ողջամտությունից դատողությունից:
23. 2007թ. հունիսի 29-ին Կենտրոնի դատախազության դատախազը կրկին մերժել է դիմողի բողոքը: Նա հայտարարել է, inter alia, որ ոստիկանության մեղադրվող աշխատակիցները խոստովանել են, որ հարցաքննել են դիմողին 2004թ. դեկտեմբերի 21-ին` ընդամենը մեկ ժամ տևողությամբ, սակայն նրանք հերքել են նրա նկատմամբ ուժ կիրառելու վարկածը: Տաքսու վարորդի և դիմողի ընկերոջ վկայությունները չեն կարող ընդունվել, քանի որ նրանք չեն եղել ծեծի ականատես, այլ իմացել են ոստիկանների կողմից դիմողի նկատմամբ ենթադրյալ վատ վերաբերմունքի մասին դիմողից: Ոստիկանության աշխատակիցները պնդել են, որ անհնար է, որ իրենք վատ վերաբերմունք դրսևորեին դիմողի նկատմամբ, քանի որ իրենց Նախարարի գրասենյակը գտնվում էր մեկ հարկ վեր, և եթե լինեին գոռոցներ, ապա Նախարարը կամ նախարարության օղակների բարձրաստիճան այլ անձինք կլսեին այդ: Ավելին, նրանք չունեին ռետինե մահակներ իրենց գրասենյակում, և հանցագործությունը, որում մեղադրվում էր դիմողը, այնքան ծանր չէր, որ արդարացներ նրա նկատմամբ վատ վերաբերմունքը: Ոստիկանության աշխատակիցների գործընկերները նույնպես հայտարարել են, որ դիմողի նկատմամբ չի դրսևորվել վատ վերաբերմունք, և որ հարցաքննության ընթացքում սենյակի դուռը բաց է եղել: Դիմողը բողոքարկել է այդ որոշումը և պնդել, որ դա անօրինական է, քանի որ դատախազը գործի բոլոր հանգամանքները չի քննել օբյեկտիվորեն և ամբողջությամբ: Դիմողը պնդել է, որ դատախազը չի նկատել, որ ոստիկանության աշխատակիցները չեն ներկայացրել 2004թ. դեկտեմբերի 21-ի իր կալանքի և հարցաքննության արձանագրությունը:
24. 2007թ. օգոստոսի 15-ին նրա բողոքը մերժվել է Կենտրոն շրջանի դատարանի կողմից: Դատարանը գտել է, որ 2005թ. հունվարի 5-ի դատաբժշկական եզրակացությունը չի ապացուցում դիմողի նկատմամբ վատ վերաբերմունքը, քանի որ ենթադրյալ վատ վերաբերմունքի օրվանից անցել էր տասներկու օր:
25. Դիմողի աջ ականջի վնասվածքն այնքան լուրջ էր, որ այն այդպես էլ չէր վերականգնվել: Դիմողը ներկայացրել է 2007թ. բժշկական եզրակացությունը, որում նշված էր, որ նրա աջ ականջի լսողության կորուստն անբուժելի է և մշտական:
26. Անհայտ ամսաթվին դիմողն Առողջապահության նախարարության դատաբժշկական կենտրոնին խնդրել է իրեն տրամադրել բժշկական հաշվետվություն, ինչն արվել էր 2008թ. նոյեմբերի 11-ին, որում նշվել էր, որ 2004թ. դեկտեմբերի 21-ին ստացած գլխի վնասվածքի հետևանքով դիմողն ամբողջովին կորցրել է աջ ականջի լսողությունը: Մոլդովայի օրենսդրության համաձայն վնասվածքը, որը դիմողին պատճառել է աշխատունակության կորուստ, կազմում է քսանհինգ տոկոս: Դիմողի վնասվածքը Քրեական օրենսգրքի հիմքով վերաորակվել է որպես միջին ծանրության վնաս, որն առաջացրել է երկարաժամկետ առողջական խնդիրներ, որոնց բուժման համար պահանջվել է ավելի քան քսանմեկօրյա բժշկական խնամք:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱ
A. Ներպետական օրենսդրություն
27. Քրեական օրենսգրքի համապատասխան դրույթները շարադրված են հետևյալ կերպ.
Հոդված 309. Խոստովանության կորզում
(1) Որևէ անձի քրեական հանցագործություն կատարելու վերաբերյալ խոստովանություն կորզելը կամ քրեական հետախուզություն կատարող անձի կողմից սպառնալիքի և այլ անօրինական միջոցներով հարցաքննության ընթացքում վկայություն տալուն հարկադրելը... պատժվում է մինչև երեք տարի ազատազրկմամբ...
(2) Նույն արարքը զուգորդված`
ա) բռնությամբ,
բ) դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքով, ...
Պատժվում է երեքից ութ տարի ազատազրկմամբ ...
Հոդված 309. կետ 1. Խոշտանգում
(1) Միտումնավոր կերպով ֆիզիկական կամ հոգեկան խիստ ցավ կամ տառապանք պատճառելը, հատկապես տեղեկատվություն կամ վկայություն ստանալու նպատակով..... պատժվում է երկուսից հինգ տարի ազատազրկմամբ ....
(3) 1-ին կետով նախատեսված գործողությունները, որոնք իրականացվում են`
գ) երկու կամ ավելի անձանց կողմից,
.......
ե) խոշտանգումների համար հատուկ գործիքների կամ այդ նպատակով հարմարեցված այլ առարկաների օգտագործմամբ,
զ) պաշտոնատար անձի կողմից,
պատժվում է հինգից տասը տարի ժամկետով ազատազրկմամբ...
28. Վարչական իրավախախտումների օրենսգրքի համապատասխան դրույթը նախատեսում է հետևյալը.
Հոդված 471. Վնաս պատճառելը
Կանխամտածված կերպով թեթև վնասվածքներ պատճառելը, վատ վերաբերմունքը, հարվածներ հասցնելը կամ այլ բռնի գործողությունները, որոնք առաջացրել են ֆիզիկական ցավ պատժվում են տուգանքով մոլդովական 200-300 լեյի չափով (MDL) կամ մինչև տասնհինգ օր ազատազրկմամբ...
B. Կառավարության կողմից առաջ քաշված ներպետական միջոցներ
29. Ցիորափն ընդդեմ Ներքին գործերի և Ֆինանսների նախարարությունների գործով (Գերագույն դատարանի 2007թ. դեկտեմբերի 19-ի վերջնական վճիռ) կալանքի տակ պահվող անձը ենթարկվել է վատ վերաբերմունքի ոստիկանության աշխատակիցների կողմից` այնպես, որ նա ստացել է գանգի կոտրվածք և հետվիրահատական վերքի ճեղքվածք: Չնայած ակնհայտ ապացույցների առկայությանը, որոնք ապացուցում էին նրա` վատ վերաբերմունքի վերաբերյալ պնդումները, նրա բողոքները մերժվել են դատախազության կողմից և էին նկատմամբ վատ վերաբերմունք պարունակող տեսահոլովակն անհայտացել էր գործի նյութերից: Դիմողը պետության դեմ բողոք է ներկայացրել` պնդելով, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածով երաշխավորված իր իրավունքների խախտում և պահանջել է 300.000 MDL չափով (մոտավորապես 18,000 եվրո) փոխհատուցում: Իր վերջնական վճռով Իրավունքի գերագույն դատարանը գտել է, որ առկա են բավարար ապացույցներ, որոնք հաստատում են դիմողի պնդումները խոշտանգումների վերաբերյալ, նաև` որ Դատախազության կողմից կատարված քննությունն անարդյունավետ էր, և որ, հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածով երաշխավորված դիմողի իրավունքների խախտում: Դիմողին սկզբում տրվել է 30,000 MDL, սակայն այդ գումարը պակասեցվել է Գերագույն դատարանի կողմից մինչև 3000 MDL (մոտավորապես 180 EUR):
ՕՐԵՆՔ
30. Դիմողը Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո բողոքել է, որ 2004թ. դեկտեմբերի 21-ին ենթարկվել է վատ վերաբերմունքի ոստիկանության աշխատակիցների կողմից: Նա նաև դժգոհել է, որ ներպետական իշխանությունները պատշաճ կերպով չեն հետաքննել իր` վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոքները: Կոնվենցիայի 3-րդ հոդվածն ամրագրում է հետևյալը.
«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:
31. Դիմողը պնդել է, որ չի ունեցել արդյունավետ միջոցներ պահանջելու փոխհատուցում վատ վերաբերմունքի համար, որին նա ենթարկվել է, և պնդել է, որ տեղի է ունեցել 13-րդ հոդվածի խախտում, համաձայն որի`
«Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի ներպետական իշխանությունների կողմից ...»:
I. ԳՈՐԾԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ
32. Կառավարությունը պնդել է, որ դիմումն անընդունելի է ներպետական միջոցները չսպառելու հիմքերով: Մասնավորապես, այն պնդել է, որ դիմողը պետք է քաղաքացիական վարույթ սկսեր և փոխհատուցում պահանջեր ենթադրյալ վատ վերաբերմունքի կապակցությամբ: Այն հղում է կատարել ներպետական դատարանների նախադեպային իրավունքին, մասնավորապես` Ցիորափի գործին (տես վերը` կետ 29): Այլապես, դիմողը կարող էր բողոք ներկայացնել Վարչական իրավախախտումների օրենսգրքի 471-րդ հոդվածի ներքո: Դիմողը չի համաձայնել Կառավարության պնդմանը:
33. Ինչ վերաբերում է Կառավարության այն պնդմանը, որ դիմողը պետք է բողոք ներկայացներ Վարչական իրավախախտումների օրենսգրքի դրույթների ներքո, ապա Դատարանը կրկնում է, որ անձը չպետք է օգտագործի մեկից ավելի իրավական պաշտպանության միջոց, երբ առկա են դրանցից մի քանիսը (տես օրինակ` Էյրին ընդդեմ Իռլանդիայի, 1979թ. հոկտեմբերի 9, կետ 23, Series A, թիվ 32): Փաստերից հստակորեն երևում է, որ դիմողը ոստիկանության աշխատակիցների դեմ բողոք է ներկայացրել Քրեական օրենսգրքի դրույթների համաձայն (տես վերը` կետեր 13 և 14): Կառավարությունը չի պնդել, որ նման գործընթացն անարդյունավետ է 3-րդ հոդվածով երաշխավորված դիմողի իրավունքի ենթադրյալ խախտման առումով: Ըստ այդմ, իր առարկությունն առ այն, որ նա պետք է նաև բողոք ներկայացներ Վարչական իրավախախտումների օրենսգրքի դրույթների համաձայն, պետք է մերժվի:
34. Ինչ վերաբերում է Կառավարության կողմից հիշատակված քաղաքացիական միջոցներին` Դատարանը կրկնում է, երբ առկա են հավաստի պնդումներ առ այն, որ տուժողը ենթարկվել է 3-րդ հոդվածի խախտումների ոստիկանության կամ պետական այլ գործակալների կողմից, ապա այդ դրույթն ընթերցվում է Կոնվենցիայի 1-ին հոդվածի ներքո Պետության ընդհանուր պարտավորության հետ համատեղ` «Իր իրավասության շրջանակներում պաշտպանել Կոնվենցիայում սահմանված` յուրաքանչյուր անձի իրավունքներն ու ազատությունները ...», և պահանջում է, որպեսզի կատարվի արդյունավետ պաշտոնական քննություն: Այնպես, ինչպես 2-րդ հոդվածի ներքո քննության շրջանակներում, քննության ընթացքում պետք է հայտնաբերվեն և պատժվեն պատասխանատու անձինք: Հակառակ դեպքում, խոշտանգումների և անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և պատժի ընդհանուր իրավական արգելքը, անկախ իր հիմնարար նշանակությունից, կարող է անարդյունավետ լինել գործնականում, և որոշ դեպքերում պետության գործակալները կկարողանան չարաշահել իրենց վերահսկողության ներքո գտնվող անձանց նկատմամբ (տես այլ աղբյուրներից` Լաբիտան ընդդեմ Իտալիայի [GC], թիվ 26772/95, կետ 131, ՄԻԵԴ 2000-IV):
35. Ուսումնասիրելով Ցիորափի գործով ներպետական դատարանների վճիռները` Դատարանը նշում է, բացի նրանից, որ այնպիսի խախտումների համար, ինչպիսին խոշտանգումն է, պրն Ցիորափին նշանակված ոչ նյութական վնասի փոխհատուցման գումարի չափն ակնհայտորեն անբավարար է, նաև քաղաքացիական դատավարությունը չի հանգեցրել ոստիկանության աշխատակիցների հայտնաբերմանը և պատժին: Դատարանը հիշեցնում է 3-րդ հոդվածի խախտումների զոհերին փոխհատուցման տրամադրման վերաբերյալ ներպետական դատարանների այլ վճիռներ, ինչպիսիք են 2004թ. Դրուգալևն ընդդեմ Ներքին գործերի և Ֆինանսների նախարարությունների գործով վճիռը (տես Հոլոմիովն ընդդեմ Մոլդովայի, թիվ 30649/05, կետեր 88, 106 և 107, 2006թ. նոյեմբերի 7): Այնուամենայնիվ կարող է թվալ, որ նման որոշումները չեն հանդիսանում Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտումների դեմ առաջարկվող իրական միջոցների ներպետական դատարանների հետևողական քաղաքականության մի մասը: Այդ պատճառով Դատարանը գտնում է, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո գանգատը չի կարող հայտարարվել անընդունելի ներպետական միջոցները չսպառելու պատճառով, և, համապատասխանաբար, Կառավարության առարկությունը պետք է մերժվի:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
A. Կողմերի փաստարկները
1. Ենթադրյալ վատ վերաբերմունքի վերաբերյալ
36. Դիմողը պնդել է, որ 2004թ. դեկտեմբերի 21-ին ժամը 9-ի և 5-ի միջև ընկած ժամանակահատվածում ինքը եղել է ոստիկանության հսկողության ներքո, և որ մինչ այդ եղել է կատարյալ առողջ: Իրեն ազատ արձակելուց հետո իր մարմնի վրա եղել են մարմնական վնասվածքներ, ինչը հաստատվել է 2004թ. դեկտեմբերի 22-ի բժշկական եզրակացությամբ, և ինչը չի վիճարկվել Կառավարության կողմից: Բժշկական ապացույցները, որ հիմնավորված էին երկու վկաների (տաքսու վարորդի և դիմողի ընկերոջ)հայտարարությունների հիման վրա, ցանկացած ողջամիտ կասկածից վեր ապացուցել են, որ դիմողին վնասվածքները հասցվել են Ներքին գործերի նախարարության շենքում իր կալանքի ընթացքում: Դատախազության իրավասու մարմինների կողմից դիմողի բողոքի մերժման եզրակացությունները հիմնված էին բացառապես վատ վերաբերմունքի մեջ մեղադրվող ոստիկանների հայտարարությունների վրա: Դիմողը նաև պնդել է, որ իր կողմից մեղադրվող ոստիկանության աշխատակիցներից մեկն անուղղակիորեն խոստովանել է, որ առկա էր վատ վերաբերմունքի պրակտիկա կասկածյալների նկատմամբ, ասելով, որ նրա դեմ մեղադրանքները այնքան լուրջ չէին, որպեսզի վատ վերաբերմունք կիրառելու անհրաժեշտություն լիներ:
37. Կառավարությունը վիճարկել է դիմողի պնդումները և պնդել, որ նա չի ենթարկվել վատ վերաբերմունքի 2004թ. դեկտեմբերի 21-ին: Իրեն պաշտպանելու նպատակով Կառավարությունը վերահաստատել է դատախազության կողմից դիմողի բողոքը մերժելու որոշման եզրակացությունները:
2. Քննության ենթադրյալ անհամապատասխանության վերաբերյալ
38. Դիմողը պնդել է, որ միայն անձանց նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ տուժողի բողոքն անհրաժեշտ է ոստիկանության աշխատակիցների քննություն անցկացնելու համար: Քրեական դատավարության օրենսգրքի 276 և 298-րդ հոդվածների համաձայն ոստիկանության աշխատակիցների կողմից վատ վերաբերմունքի կապակցությամբ պնդումների վերաբերյալ քննության կատարումը պայմանավորված չէ ենթադրյալ վատ վերաբերմունքի զոհի նախնական բողոքի առկայությամբ: Հօգուտ իր պնդումների` դիմողը ուղարկել է Գլխավոր դատախազի` իր ենթականերին հասցեագրված հրամանի պատճենը, ըստ որի` դատախազները պարտավոր են քննել, ex officio, ոստիկանության կողմից խոշտանգումների կամ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ ցանկացած գործ:
39. 2004թ. դեկտեմբերի 22-ին դիմողին հիվանդանոցից հայտնել են, որ ոստիկանությունը կտեղեկացվի վատ վերաբերմունքի վերաբերյալ իր պնդումների մասին: Հետևաբար, նա չէր ներկայացրել որևէ բողոք և սպասում էր ոստիկանության կողմից բերման ենթարկվելուն և հարցաքննվելուն:
40. 2005թ. սեպտեմբերի 3-ին իր դեմ քրեական վարույթի կապակցությամբ դատախազի կողմից հարցաքննության ընթացքում դիմողը բողոքել էր 2004թ. դեկտեմբերի 21-ի վատ վերաբերմունքի վերաբերյալ: Չնայած այս հանգամանքին, և չնայած Քրեական դատավարության օրենսգրքի դրույթներին` որևէ գործողություն չէր ձեռնարկվել:
41. 2005թ. դեկտեմբերի 14-ին իր քրեական գործի քննության ընթացքում դիմողը նշել է, որ գործում առկա չէ որևէ տեղեկություն հիվանդանոցի` 2004թ. դեկտեմբերի 22-ին տրված եզրակացության կամ 2005թ. սեպտեմբերի 3-ին և 2005թ. դեկտեմբերի 15-ին ներկայացված իր բողոքների վերաբերյալ:
42. Նույնիսկ 2005թ. դեկտեմբերի 15-ից հետո դատախազությունը չի ձեռնարկել որևէ քննչական գործողություն, և 2006թ. հունվարի 15-ին բողոքը մերժվել է բացառապես մեղադրվող ոստիկանների հայտարարությունների հիման վրա: Դատախազը եզրակացրել է, որ դիմողը վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոք է ներկայացրել իր նկատմամբ հարուցված քրեական գործին խոչընդոտելու նպատակով, այնուամենայնիվ, դիմողը չի կատարել որևէ խոստովանություն 2004թ. դեկտեմբերի 21-ի հարցաքննության ընթացքում, և, հետևաբար, որևէ կեղծ բողոք չէր օգնել նրան քրեական պատասխանատվության ենթարկվելուց: Ավելին, 2004թ. դեկտեմբերի 21-ից հետո նրան վատ վերաբերմունքի ենթարկած ոստիկանության աշխատակիցները չեն ներգրավվել քննության մեջ:
43. Վատ վերաբերմունքի վերաբերյալ իր պնդումների քննության ընթացքում դատախազները հարցաքննել են միայն երկու վկաների և վատ վերաբերմունքի մեջ մեղադրվող երկու ոստիկանների: Նրանք չեն հարցաքննել այն բժիշկներին, ովքեր զննել էին դիմողին: Ավելին, վատ վերաբերմունքի վերաբերյալ նրա բողոքների քննության նյութերում առկա չէ որևէ ապացույց առ այն, որ դատախազները նշել են բժիշկների եզրակացությունն այն մասին, որ դիմողի մարմնի վնասվածքները համապատասխանում են նկարագրված իրադարձություններին: Դատախազները նաև չեն տվել որևէ այլընտրանքային բացատրություն դիմողի վնասվածքների առաջացման վերաբերյալ:
44. Կառավարությունը պնդել է, որ դիմողի նկատմամբ կիրառված վատ վերաբերմունքի վերաբերյալ 2004թ. դեկտեմբերի 22-ին հիվանդանոցից տեղեկություն ստանալու պահին հանցագործությունն իրավախախտումների այն կատեգորիայի շրջանակներում է եղել (թեթև վնասվածք պատճառելը), որի հետևանքով քրեական հետաքննություն կարող է սկսվել միայն տուժողի կողմից բողոք ներկայացվելու դեպքում: Հետևաբար, եթե նույնիսկ ոստիկանությունը տեղյակ լիներ դիմողի վնասվածքների մասին, այն չէր կարող սկսել գործի քննությունը մինչև դիմողի կողմից բողոք ստանալը:
45. Մանրակրկիտ քննությունից հետո, հետաքննող մարմինները հանգել են այն եզրակացությանը, որ դիմողի բողոքը մեկ տարի հետո` ուներ միայն իր դեմ քրեական մեղադրանքների ընթացքը խոչընդոտելու նպատակ: Ավելին, այն փաստը, որ դիմողն իր բողոքը ներկայացրել է միայն մեկ տարի անց` իրավասու մարմինները չէին կարող պատշաճորեն հետաքննել տեղի ունեցած իրադարձությունները: Եթե դիմողն անմիջապես տեղեկացներ իրավասու մարմիններին, նրանք կարող էին արձանագրել դիմողի հագուստի վրա ոստիկանության աշխատակիցների արյան հետքեր կամ այլ ապացույցներ: Այնուամենայնիվ, դա հնարավոր չէր դիմողի վերջին բողոքի ընթացքում:
46. Դիմողի կողմից հրավիրված վկաներն ականատեսներ չէին վատ վերաբերմունքը հաստատելու համար, այլ այդ մասին լսել էին դիմողից:
B. Դատարանի գնահատականը
1. Ենթադրյալ վատ վերաբերմունքի վերաբերյալ
47. Ինչպես Դատարանը բազմիցս հայտարարել է` 3-րդ հոդվածը ամրապնդում է ժողովրդավարական հասարակության առավել հիմնարար արժեքներից մեկը: Նույնիսկ ամենադժվարին պայմաններում, ինչպիսիք են ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարը, Կոնվենցիան բացարձակապես արգելում է խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դրսևորումները: Ի տարբերություն Կոնվենցիայի հիմնական դրույթների մեծ մասի և Թիվ 1 և Թիվ 4 արձանագրությունների, 3-րդ հոդվածը չի նախատեսում բացառություններ և շեղումներ, որոնք թույլատրելի չեն 15-րդ հոդվածի 2-րդ կետի ներքո, նույնիսկ բնակչության կյանքին սպառնացող արտակարգ իրավիճակի դեպքում (տե՛ս Սելմունին ընդդեմ Ֆրանսիայի [GC], թիվ 25803/94, կետ 95, ՄԻԵԴ 1999թ. V, և Ասենովը և այլոք ընդդեմ Բուլղարիայի, 1998թ. հոկտեմբերի 28, կետ 93, Վճիռների և որոշումների զեկույցներ 1998թ. -VIII):
48. Եթե անձն ստացել է վնասվածքներ կալանքի կամ ոստիկանության վերահսկողության ներքո գտնվելու ընթացում, ապա նմանատիպ ցանկացած վնասվածք առաջացնում է այն կանխավարկածը, որ տվյալ անձը ենթարկվել է վատ վերաբերմունքի (տե՛ս Բերշակն ընդդեմ Ռումինիայի, թիվ 42066/98, կետ 80, 2004թ. հոկտեմբերի 12): Պետության պարտավորությունն է առավել ճշմարտացի բացատրություն տրամադրելը, թե ինչպես են պատճառվել վնասվածքները (վերը նշված Սելմունին, կետ 87):
49. Ապացույցները գնահատելիս Դատարանը, ընդհանուր առմամբ, կիրառում է «ողջամիտ կասկածից դուրս» ապացուցման չափորոշիչը (տես` Իռլանդիան ընդդեմ Միացյալ Թագավորության, 1978թ. հունվարի 18, կետ 161, Series A թիվ 25): Այնուամենայնիվ, նմանատիպ ապացույցը կարող է հետևել բավականաչափ ծանրակշիռ, պարզ և համահունչ եզրակացությունների կամ նմանատիպ և անհերքելի փաստերի գոյությունից: Եթե իրադարձություններն ամբողջությամբ կամ մեծամասամբ գտնվում են իրավասու մարմինների իրազեկման ներքո, ինչպես նաև այն անձանց նկատմամբ, ովքեր գտնվում են իրենց վերահսկողության ներքո, առկա է լուրջ կանխավարկած, որ վնասվածքներն առաջացել են կալանքի տակ գտնվելու ընթացքում: Անշուշտ, ապացուցման բեռը կարելի է դիտել որպես պետության պարտավորություն` բավարար ու համոզիչ բացատրություն ապահովելու համար (տե՛ս Սալմանն ընդդեմ Թուրքիայի [GC], թիվ 21986/93, կետ 100, ՄԻԵԴ 2000թ.-VII):
50. Անվիճելի է, որ 2004թ. դեկտեմբերի 21-ին դիմողը Ներքին գործերի նախարարության շենքում էր` ոստիկանության աշխատակիցների վերահսկողության ներքո: Դատարանը մտահոգությամբ նշել է, որ չի արձանագրվել նրա հարցաքննությունն սկսելու և այն ավարտելու ժամանակահատվածը: 2004թ. դեկտեմբերի 22-ի առավոտյան տրված բժշկական եզրակացությունը հաստատել է, որ դիմողն ուներ վնասվածքներ նրա և մարմնի վրա: Ճիշտ է այն, որ Ներքին գործերի նախարարությունից դուրս գալուց հետո դիմողը չի գնացել անմիջապես հիվանդանոց, սակայն նա կարողացել է երկու վկաներ մատնանշել, որոնք հաստատել են, որ 2004թ. դեկտեմբերի 21-ի երեկոյան Ներքին գործերի նախարարության շենքից դուրս գալուց հետո իր դեմքին եղել են վնասվածքներ: Վկաներից մեկը տաքսու վարորդն էր, ով վերցրել է նրան Ներքին գործերի նախարարության շենքի դիմացից: Գլխավոր դատախազությունը մերժել է տաքսու վարորդի վկայությունն այն հիմքով, որ դրանք եղել են այլ անձի խոսքերի, մասնավորապես, դիմողը ասել էր նրան, որ նա ծեծի է ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից: Սակայն տաքսու վարորդի վկայությունից հստակ է դառնում, որ նա անձամբ տեսել էր դիմողի դեմքի վնասվածքները և նրա կեղտոտ հագուստը: Ավելին, կողմերի միջև անվիճելի է այն, որ դիմողն հանդիպել էր տաքսու վարորդին անմիջապես Ներքին գործերի նախարարության շենքի մոտ:
51. Հաշվի առնելով վերը նշված եզրակացությունները, և քանի որ հաստատված չէ, որ դիմողի վնասվածքները հասցվել են Ներքին գործերի նախարարության շենք մտնելուց առաջ, Դատարանը եզրակացնում է, որ դիմողի վնասվածքները պատճառվել են 2004թ. դեկտեմբերի 21-ին` Ներքին գործերի նախարարության շենքում նրա գտնվելու ընթացքում:
52. Քանի որ Կառավարությունը չէր տրամադրել որևէ բացատրություն վերը նշված վնասվածքների առաջացման վերաբերյալ, և հաշվի առնելով այն վարկածը, որն առաջանում է նման հարցերով (տես վերը` կետ 48), Դատարանը եզրակացնում է, որ Կառավարությունը չի ապացուցել այն, որ դիմողի վնասվածքները հետևանք են այլ բանի, քան կալանքի տակ գտնվելու ընթացքում վատ վերաբերմունքի ենթարկվելու: Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում, քանի որ նա ենթարկվել է վատ վերաբերմունքի:
2. Քննության ենթադրյալ անհամապատասխանության վերաբերյալ
53. Բացի 34-րդ կետում նշված ընդհանուր սկզբունքից, Դատարանը կրկնում է, որ վատ վերաբերմունքի վերաբերյալ լուրջ պնդումների քննությունը պետք է լինի հիմնավոր: Դա նշանակում է, որ իշխանությունները պետք է միշտ փորձեն պարզել, թե ինչ է տեղի ունեցել, և չպետք է հիմնվեն շտապ կամ անհիմն եզրակացությունների վրա (տես վերը նշված` Ասենովը և այլոք գործի վճիռը, կետ 103 et seq.): Նրանք պետք է ձեռնարկեն բոլոր հնարավոր քայլերն ապահովելու համար միջադեպի հետ կապված ապացույցները, ներառյալ, inter alia, ականատեսի վկայությունը և դատաբժշկական ապացույցները (տես` Թանրիքուլուն ընդդեմ Թուրքիայի [GC], թիվ 23763/94, կետ 104, ՄԻԵԴ 1999-IV , et seq. և Գյուլն ընդդեմ Թուրքիայի, թիվ 22676/93, կետ 89, 2000թ. դեկտեմբերի 14): Քննության ցանկացած բացթողում, որը վտանգում է վնասվածքների պատճառների կամ պատասխանատու անձանց ինքնության հաստատումը, կարող է խախտել այդ չափորոշիչը:
54. Դատարանը նշում է մի շարք լուրջ թերություններ` թույլ տրված ազգային իշխանությունների կողմից քննություն կատարելիս: Կառավարության կողմից փաստարկի մեջբերման կապակցությամբ, որ դիմողը գրեթե մեկ տարի սպասել է մինչև վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոք ներկայացնելը, Դատարանը նշում է, որ դիմողը բժշկական հետազոտման է ենթարկվել կալանքից ազատ արձակվելուն պես: Նրան քննող բժիշկը տեղեկացրել է ոստիկանությանը, որ ըստ նրա պնդումների` դիմողին վնասվածքները պատճառվել են ոստիկանների կողմից վատ վերաբերմունքի արդյունքում: Նման հանգամանքներում իշխանությունները պարտավոր էին հետևել հիվանդանոցի եզրակացության հանգամանքներին: Այնուամենայնիվ որևէ պատասխան չէր տրվել հիվանդանոցի նամակին: Դատախազությունը նույնպես չէր արձագանքել 2005թ. սեպտեմբերի 3-ին դիմողի կողմից ներկայացված բողոքին: 2005թ. դեկտեմբերի 15-ից հետո, քննությունը վերջապես սկսելուց հետո դատախազությունը չի պարզել, թե ինչու մեղադրվող` ոստիկանության երկու աշխատակիցները գրանցամատյանում չեն կատարել դիմողի 2004թ. դեկտեմբերի 21-ի հարցաքննության վերաբերյալ որևէ գրառում: 2006թ. հունվարի 15-ին դատախազությունը մերժել է դիմողի բողոքը` առանց նրան հարցաքննելու: Եզրակացությունն այն էր, որ նրա նպատակն էր խոչընդոտել իր դեմ ընթացող քրեական վարույթը. սույն եզրակացությունը գերակշռել է մինչև քննության ավարտը: Ուշագրավ է այն, որ չնայած նման եզրակացությանը` դատախազությունը չի կատարել որևէ վերլուծություն առ այն, թե արդյոք դիմողն ուներ որևէ նպատակ երկու ոստիկանների դեմ կեղծ մեղադրանքներ ներկայացնելու համար, կամ թե արդյոք դիմողն ուներ որևէ շահ նման մեղադրանք ներկայացնելուց` այն հանգամանքներում, երբ 2004թ. դեկտեմբերի 21-ին որևէ խոստովանություն չէր արվել և այդ օրվանից ոստիկանության մեղադրվող երկու աշխատակիցներն առնչություն չեն ունեցել նրա գործի հետ:
55. Իրոք դիմողի բողոքի վերաբերյալ դատախազության 2006թ. հունվարի 15-ի որոշման վերացումից հետո վկաները հարցաքննվել են: Այնուամենայնիվ, դատախազությունը մերժել է վկաների ցուցմունքներն այն հիմքով, որ դրանք եղել են ոչ դեպքի ականատեսների վկայություններ, մասնավորապես, թե տաքսու վարորդի, թե դիմողի ընկերոջ` վատ վերաբերմունքի վերաբերյալ տեղեկացվածությունը հիմնված էին դիմողի կողմից իրադարձությունների ներկայացման վրա: Սակայն ուսումնասիրելով այդ վկաների հայտարարությունները` Դատարանը նշել է, որ նրանք հայտարարել են, որ տեսել են ծեծի նշաններ նրա դեմքի վրա: Նման չափազանց կարևոր հայտարարություններն անտեսվել են դատախազների կողմից և դիտել որպես անհիմն տեղեկատվություն:
56. Հաշվի առնելով վերը նշված լուրջ թերությունները` Դատարանը գտնում է, որ ներպետական իշխանությունները չեն կատարել դիմողի նկատմամբ վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոքները քննելու լուրջ փորձ: Հետևաբար, այս առումով նույնպես տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:
III. Կոնվենցիայի 13-րդ հոդվածի ենթադրյալ խախտում
57. Դիմողը հայտնել է, որ վատ վերաբերմունքի վերաբերյալ իր պնդումների ոչ արդյունավետ քրեական հետաքննության արդյունքում նա չի ունեցել վատ վերաբերմունքի ենթարկվելու համար փոխհատուցում պահանջելու արդյունավետ միջոցի հնարավորություն:
58. Կառավարությունը չի համաձայնել այդ փաստարկին և օրինակ է բերել Ցիորափի գործը որպես հասանելի ներպետական միջոցների օրինակ:
59. Դատարանը նշում է, որ Կառավարությունը չի ներկայացրել արդյունավետ ներպետական միջոցների առկայության ապացույցներ (տես վերը` կետեր 32-35): Ամեն դեպքում, հաշվի առնելով իրեն վատ վերաբերմունքի ենթարկած ոստիկանության աշխատակիցների դեմ դիմողի բողոքի քննության անհամաչափությունը, քաղաքացիական հայցը` հիմնված նույն փաստերի և պնդումների վրա, չէր կարող որևէ հեռանկար կամ հաջողություն ունենա: Ըստ այդմ, Դատարանը գտնում է, որ չի ցույց տրվել, որ դիմողն ունեցել է ոստիկանության աշխատակիցների կողմից վատ վերաբերմունքի ենթարկվելու համար փոխհատուցում պահանջելու արդյունավետ միջոցների հնարավորություն: Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի և 3-րդ հոդվածի խախտում:
IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄ
60. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը սահմանում է`
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, և եթե Բարձր պայմանավորվող կողմի համապատասխան ներքին օրենսդրությունը ընձեռում է միայն մասնակի փոխհատուցման հնարավորություն, ապա Դատարանը, անհրաժեշտության դեպքում, որոշում է արդարացի փոխհատուցում տրամադրել տուժող կողմին»:
A. Նյութական վնաս
61. Դիմողը պահանջել է 200 եվրո (EUR)` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, որի չափը պայմանավորված է 2004թ. դեկտեմբերի 21-ին ստացած վնասվածքների բուժման ծախսերով:
62. Կառավարությունը պնդել է, որ դիմողը չի կարող փոխհատուցում պահանջել, քանի որ նա չէր ենթարկվել վատ վերաբերմունքի:
63. Դատարանը գտել է, որ խախտման և ենթադրյալ նյութական վնասի միջև առկա է պատճառահետևանքային կապ, հետևաբար, այն տրամադրել է պահանջված նյութական վնասի փոխհատման ողջ գումարը:
B. Ոչ նյութական վնասի փոխհատուցում
64. Դիմողը պահանջել է 150.000 եվրո` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում պնդելով, որ նա կրել է լուրջ ֆիզիկական ցավ իր նկատմամբ կիրառված վատ վերաբերմունքի արդյունքում, որը պահանջել է ավելի քան քսանմեկօրյա բուժում: Նա նաև կրել է ծանր հոգեկան և զգացական տառապանքներ վատ վերաբերմունքի հետևանքով, ինչի արդյունքում նա զրկվել է իր աջ ականջի լսողությունից: Համաձայն Մոլդովայի օրենսդրության` նման հաշմանդամությունը հանգեցնում է աշխատունակության հնարավորությունների 25% կորստի: Դիմողի հաշմանդամությունը լուրջ խոչընդոտ էր նրա մասնագիտական պրակտիկայի համար և այն բավականին բարդացրել էր մշտական աշխատանք գտնելը: Դիմողը և նրա ընտանիքի մյուս երեք անդամները, ովքեր նրա խնամքի տակ էին, հետևաբար, հայտնվել էին ծանր տնտեսական վիճակում: Նա ստիպված էր ընդունել ժամանակավոր աշխատանքի առաջարկությունները` իր ընտանիքի կարիքները հոգալու համար:
65. Կառավարությունը չի համաձայնել և պնդել է` որ քանի որ ներպետական իշխանությունները չեն գտնում, որ դիմողը ենթարկվել է վատ վերաբերմունքի ոստիկանության աշխատակիցների կողմից, նա իրավունք չունի որևէ փոխհատուցում պահանջել: Որպես այլընտրանք` այն պնդել է, որ պահանջված գումարը չափազանցված է` հաշվի առնելով նմանատիպ դեպքերի վերաբերյալ դատարանի նախադեպային իրավունքը:
66. Հաշվի առնելով հայտնաբերված` վերոշարադրյալ շարադրված խախտումները և դրանց ծանրությունը` Դատարանը գտել է, որ ոչ նյութական վնասի փոխհատուցման չափը արդարացված է սույն գործով: Արդարացիության սկզբունքով գնահատելով և հաշվի առնելով վատ վերաբերմունքի հետևանքով դիմողին պատճառված մշտական հաշմանդամությունը` Դատարանը նրան տրամադրել է 25,000 եվրո (EUR):
C. Ծախսեր և ծախքեր
67. Դիմողը նաև պահանջել է 5.287 եվրո Դատարանում կրած ծախսերի և ծախքերի համար:
68. Կառավարությունը վիճարկել է այդ գումարի չափը և պնդել, որ դա չափազանց է և անհիմն:
69. Դատարանը տրամադրել է 3.500 եվրո` ծախսերի և ծախքերի համար:
D. Տուգանային տոկոսներ
70. Դատարանը նպատակահարմար է գտել, որպեսզի տուգանային տոկոսը գանձվի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության սահմանային տոկոսադրույքի հիման վրա` հավելած երեք տոկոս:
ՎԵՐՈԳՐՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
1. Վճռում է, որ դիմումն ընդունելի է:
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում 2004թ. դեկտեմբերի 21-ին ոստիկանության աշխատակիցների կողմից դիմողին վատ վերաբերմունքի ենթարկելու կապակցությամբ:
3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում կալանքի տակ գտնվելու ընթացքում վատ վերաբերմունքի ենթարկվելու վերաբերյալ դիմողի բողոքների ոչ արդյունավետ քննություն կատարելու կապակցությամբ:
4. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոքի արդյունավետ միջոցների բացակայության կապակցությամբ:
5. Վճռում է,
(a) որ Պատասխանող պետությունը պետք է Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վճիռն ուժի մեջ մտնելու օրվանից երեք ամսվա ընթացքում դիմողին վճարի ներքոնշյալ գումարները, որոնք պետք է հաշվարկվեն վճարման օրվա դրությամբ սահմանված փոխարժեքով:
(I) 200 (երկու հարյուր) եվրո (EUR) որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում,
(Ii) 25,000 (քսանհինգ հազար) եվրո որպես նյութական վնասի փոխհատուցում,
(Iii) 3,500 (երեք հազար հինգ հարյուր) եվրո որպես ծախսերի և ծախքերի փոխհատուցում,
(Iv) գանձվելիք բոլոր հարկերը հարկման ենթակա են,
(b) որ վճարումը վերոհիշյալ եռամսյա ժամկետի ավարտից հետո կատարելու դեպքում չվճարված գումարի մասով պետք է հաշվարկվի տուգանային տոկոս, որը հավասար է չկատարված պարտավորության ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության սահմանային տոկոսադրույքին` հավելած երեք տոկոս:
6. Մերժում է դիմողի`արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը:
Կատարված է անգլերենով, գրավոր հրապարակված է 2009թ. ապրիլի 7-ին` Դատարանի կանոնների 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն:
Լորենս Էրլի |
Նիկոլաս Բրացա |
|
|