Գլխավոր տեղեկություն
Տիպ
Վճիռ
Ակտի տիպ
Base act (12.05.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
12.05.2010
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.05.2010

Ներմուծեք նկարագրությունը_15382

ԽՈՋԱԵՎՆ ԸՆԴԴԵՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՎ

  

2010թ. մայիսի 12-ի վճիռը

  

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

ՓԱՍՏԵՐ

 

A. Դիմողի ներկայացրած փաստերը

   

1. Գործի դատավարական նախապատմությունը

6. Դիմողը Իսլամ է դավանում: Նա նշել է, որ ինքը որևէ քաղաքական կազմակերպության, այդ թվում` Ռուսաստանում, Գերմանիայում և Կենտրոնական Ասիայի որոշ պետություններում արգելված Հիզբ ուտ-Թահրիր («ՀԹ») կոչվող քաղաքական կազմակերպության անդամ չի եղել, բայց, այնուամենայնիվ, Տաջիկստանի իշխանությունները վերջինիս հետապնդել են որպես այս կազմակերպության ենթադրյալ անդամի:

7. Տաջիկստանի անվտանգության նախարարության 2000թ. հունիսի 22-ի որոշմամբ դիմողը քրեական պատասխանատվության է ենթարկվել «ապօրինի ծայրահեղական-կրոնական Հիզբ ուտ-Թահրիր» կազմակերպությանն անդամակցելու համար: Համաձայն այդ որոշման` դիմողը մի քանի ծանր և առանձնապես ծանր հանցանքներ է կատարել, որոնք մասնավորապես ուղղված են եղել Տաջիկստանի քաղաքական ռեժիմի դեմ և նպատակ են ունեցել կրոնական թշնամանք հրահրող նյութեր տարածել: Նույն օրը Տաջիկստանի անվտանգության նախարարությունը դիմողին ներառել է հետախուզվող անձանց ցուցակում և կազմել ձերբակալման մասին որոշում, սակայն վարույթը կասեցվել է, քանի որ վերջինիս գտնվելու վայրը հայտնի չի եղել:

8. 2001 թվականին դիմողը փախել է Մոսկվա:

9. 2001թ. հոկտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում, հանձնման իրականացման նպատակով, դիմողը Ռուսաստանում ձերբակալվել է: Սակայն նա շուտով ազատ է արձակվել, քանի որ նրա հանձնման համար պաշտոնական պահանջ չէր ներկայացել:

10. Իրավասու մարմնի միջոցով դիմողը բնակություն է հաստատել Ռուսաստանում:

      

2. Հանձնման դատավարական ընթացակարգը

11. 2007թ. նոյեմբերի 28-ին Օդինցովոյի շրջանի Դաշնային անվտանգության ծառայության և ոստիկանության Մոսկվայի բաժնի աշխատակիցը դիմողին ձերբակալել է:

12. 2007թ. նոյեմբերի 30-ի առավոտյան դիմողը հարցաքննվել է առանց պաշտպանի: Հարցաքննությունն անցկացնող ոստիկանն սպառնացել է բռնություն կիրառել դիմողի և վերջինիս ընտանիքի նկատմամբ, եթե նա ինքնակամ չլքի Ռուսաստանը և չմեկնի Տաջիկստան: Դիմողը նշել է, որ հարցաքննության ընթացքում իրեն չեն ներկայացրել ձերբակալելու հիմքերը: Իր ձերբակալման երկու շաբաթվա ընթացքում նա նույնիսկ պաշտպան ունենալու հնարավորություն չի ունեցել:

 13. 2007թ. նոյեմբերի 30-ին Մոսկովյան շրջանի Օդինցովոյի քաղաքային դատարանը («Քաղաքային դատարան») որոշում է կայացրել դիմողին կալանքի տակ պահել` մինչև վերջինիս հանձնման հետ կապված դատավարության ավարտը: Կալանքի տակ պահելու ժամկետը նշված չի եղել:

14. 2007թ. նոյեմբերի 30-ից մինչև 2008թ. հունվարի 30-ը դիմողը կալանքի տակ է պահվել Օդինցովոյի ներքին գործերի շրջանային վարչության նախնական կալանավորման վայրում: Այդ ընթացքում նրա կինն արտաքսվել է Տաջիկստան:

15. 2007թ. դեկտեմբերի 21-ին Տաջիկստանի գլխավոր դատախազը դիմում է ներկայացրել Ռուսաստանի գլխավոր դատախազին դիմողի` հանձնելու համար, ինչպես նաև ուղարկել է դիմողի՝ արգելված կազմակերպությանն անդամակցելու համար 2000թ. հունիսի 22-ին կայացված ձերբակալման մասին որոշման պատճենը, ինչպես նաև հետախուզման և ձերբակալման մասին որոշումների պատճենները:

16. 2008թ. հունիսի 4-ին Տաջիկստանի գլխավոր դատախազի տեղակալը դիմողին Տաջիկստան հանձնելու մասին պահանջ է ներկայացրել` վերջինիս քրեական պատասխանատվության ենթարկելու համար: Պահանջի մեջ նշված է եղել, որ դիմողը մեղադրվում էր ծայրահեղական կրոնական կազմակերպությանն անդամակցելու, ինչպես նաև կրոնական թշնամանք հրահրող նյութեր տարածելու համար:

17. 2008թ. հունիսի 4-ին դիմողը դատարանում վիճարկել է հանձնման մասին պահանջը:

18. 2008թ. օգոստոսի 22-ին Մոսկվայի քաղաքային դատարանը հաստատել է 2008թ. հունիսի 4-ի պահանջը: Դատարանն ընդգծել է, որ դիմողին Տաջիկստան հանձնելու մասին պահանջի մերժման ոչ մի օրինական հիմք չկա, քանի որ, նախ ` դիմողը Տաջիկստանի քաղաքացի է, իսկ վերջինիս կողմից ներկայացված` քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքը մերժվել է: Դիմողի փաստարկներն այն մասին, որ նա անպարտ է իրեն մեղսագրվող արարքներում, դատարանն ստուգել է և մերժել «այն հիմնավորմամբ, որ Տաջիկստանի իրավապահ մարմինների կողմից իրեն ոչ արդարացի մեղադրանք առաջադրելը դատական լսումների ժամանակ քննարկման առարկա չի հանդիսանում»: Այնուհետև, դատարանը նշել է, որ նրա նկատմամբ կրոնական հետապնդումները հաստատված չեն եղել հիմնավոր ապացույցներով, և մեջբերել է հետևյալը`

  

«Պրն Խոջաևը Ռուսաստանի Դաշնությունում չի ունեցել փախստականի կարգավիճակ, չի հետապնդվել ու չի հետապնդվում ռասայական, կրոնական, քաղաքական, ազգային կամ որոշակի խմբի պատկանելու պատճառով (և) Ռուսաստանի քաղաքացիություն կամ քաղաքական ապաստան ստանալու համար դիմում չի ներկայացրել»:

   

19. 2008թ. հոկտեմբերի 28-ին Ռուսաստանի Գերագույն դատարանը քննարկել է 2008թ. օգոստոսի 22-ի որոշման դեմ դիմողի ներկայացրած բողոքը և մերժել` բառացի վերաշարադրելով Մոսկվայի քաղաքային դատարանի կայացրած որոշումը:

  

3. Ապաստան տրամադրելու դատավարությունը

20. 2008թ. հունվարի 11-ին դիմողը քաղաքական ապաստան ստանալու համար դիմում է ներկայացրել Դաշնային միգրացիայի ծառայության մոսկովյան բաժին («Մոսկվայի ԴՄԾ»):

21. 2008թ. հունվարի 11-ին դիմողն իր պաշտպանությունն ապահովելու նպատակով խնդրագիր է ներկայացրել Ռուսաստանում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակի` Փախստականների գործերով Գլխավոր հանձնակատարին (the UNHCR Office): Պարզվել է, որ UNHCR Office-ի անձնակազմին թույլ չեն տվել այցելել դիմողին:

22. 2008թ. մայիսի 16-ին Մոսկվայի ԴՄԾ-ն հրաժարվել է դիմողին քաղաքական ապաստան տրամադրել: Կայացրած որոշման մասին դիմողին ծանուցելու օրվա մասին ոչ մի տեղ հստակ նշում չկա:

23. Դիմողը դատարանում վիճարկել է ԴՄԾ-ի 2008թ. մայիսի 16-ի որոշումը: Գործով չբացահայտված մի օր Մոսկվայի Զամոսկվորեցկի շրջանային դատարանը դատական ծախսերը չվճարելու պատճառով հրաժարվել է ընդունել դիմողի ներկայացրած բողոքը: Դիմողը վերաքննիչ բողոք է ներկայացրել:

24. 2008թ. նոյեմբերի 18-ին Մոսկվայի քաղաքային դատարանը բեկանել է Զամոսկվորեցկի շրջանային դատարանի որոշումը և կարգադրել ընդունել դիմողի բողոքը` առանց դատական ծախսերի համար գանձումները կատարելու: Պարզվել է, որ Զամոսկվորեցկի շրջանային դատարանում Մոսկվայի ԴՄԾ-ի որոշումն անվավեր ճանաչելու վերաբերյալ իրականացվող դատավարությունը չի ավարտվել:

25. 2008թ. նոյեմբերի 26-ին UNHCR Office-ի աշխատակազմը դիմողին հարցման է ենթարկել:

  

B. Իշխանության ներկայացրած փաստերը

  

1. Գործի դատավարական նախապատմությունը

   

26. 2000թ. հունիսի 22-ին Տաջիկստանի անվտանգության նախարարության քննիչը, ստանալով դատախազի համաձայնությունը, դիմողին ձերբակալելու մասին որոշում է կայացրել:

27. 2001թ. հուլիսին դիմողը, լավ վարձատրվող աշխատանք փնտրելու նպատակով, ապօրինի մուտք է գործել Ռուսաստանի Դաշնության տարածք: Հետագա վեց տարիների ընթացքում դիմողը ժամանակավոր կացություն ստանալու համար Ռուսաստանի միգրացիոն ծառայություն ոչ մի դիմում չի ներկայացրել: Բացի դրանից, դիմողն ապաստան ստանալու վերաբերյալ դիմում ևս չի ներկայացրել: Դիմողը միգրացիոն քարտ չի ունեցել:

28. 2001թ. հոկտեմբերի 27-ին, Մինսկի կոնվենցիայի 61-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, դիմողը Մոսկվայում կալանավորվել է` որպես միջազգային հետախուզման մեջ գտնվող անձ:

29. 2001թ. դեկտեմբերի 7-ին դիմողը կալանքից ազատ է արձակվել, քանի որ նրա հանձնման վերաբերյալ պահանջ չի ներկայացվել:

30. 2002թ. փետրվարի 19-ին Տաջիկստանի Գլխավոր դատախազը Ռուսաստանի գլխավոր դատախազին դիմողի հանձնման մասին պահանջ է ներկայացրել:

31. 2002թ. փետրվարի 27-ին դիմողի հետախուզման մասին ոստիկանությանը կարգադրություն է ներկայացվել:

   

2. Հանձնման դատավարական ընթացակարգը

   

32. 2007թ. նոյեմբերի 28-ին դիմողը կալանավորվել է Դաշնային անվտանգության ծառայության և ոստիկանության աշխատակիցների կողմից:

33. Նույն օրը դիմողը հարցաքննվել է Օդինցովոյի դատախազության իրավասու մարմնի կողմից: Դիմողի կողմից ստորագրված գրավոր դիմումում նշված էր, որ վերջինս սահուն խոսում է ռուսերեն և թարգմանչի կարիք չունի: Դիմումում նշված էր հետևյալը`

   

«… ես տեղյակ եմ, որ իմ անունը ներառված է Տաջիկստանում հետախուզման մեջ գտնվող անձանց ցուցակում: Սակայն ես տեղյակ չեմ ինձ մեղսագրվող հանցագործությունների մանրամասներին: Տաջիկստանից ինձ տրամադրված քննչական փաստաթղթերը պարունակում են իմ անձնական տվյալները, սակայն այդ փաստաթղթերում նկարագրված հանցագործությունները ես չեմ կատարել: Իմ դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ, ըստ էության, ես այլ տեղեկություններ չունեմ:

   

…Տաջիկստանում իմ քաղաքական հայացքների համար ես հետապնդման չեմ ենթարկվել: Ես Տաջիկստանի քաղաքացի եմ և որևէ գործակալություն, հյուպատոսություն, դեսպանատուն կամ ներկայացուցչություն դիմում չեմ ներկայացրել ինձ քաղաքական ապաստան տրամադրելու կամ փախստականի կարգավիճակ տալու համար»:

  

34. 2007թ. նոյեմբերի 30-ին Քաղաքային դատարանը քննել է Օդինցովոյի դատախազության` մինչև դիմողի հանձնման հետ կապված դատավարության ավարտը վերջինիս կալանքի տակ պահելու վերաբերյալ որոշումը: Այս որոշման մեջ նշված էր, որ դիմողը կասկածվում է Տաջիկստանում ծանր և առանձնապես ծանր հանցանքների կատարման մեջ և այն, որ այս որոշումը ընթերցվել է դատարանի դահլիճում: «Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշում» կոչվող փաստաթղթում Քաղաքային դատարանը նշել է, որ դիմողը կասկածվում է ռասայական և կրոնական թշնամանք հրահրելու և Տաջիկստանի սահմանադրական կարգը տապալելու համար հանցավոր կազմակերպություն ստեղծելու մեջ և, հիմք ընդունելով Մինսկի կոնվենցիայի և քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածի պահանջները, որոշել է դիմողին կալանավորել: Քաղաքային դատարանն իր որոշումը պատճառաբանել է նրանով, որ դիմողն օտարերկրյա քաղաքացի է, չունի մշտական աշխատանք կամ մշտական բնակության վայր, և եթե նա կալանքի տակ չգտնվի, ապա կարող է թաքնվել իրավապահ մարմիններից, շարունակել զբաղվել ապօրինի գործունեությամբ կամ խոչընդոտել քրեական դատավարության ընթացքին: Դիմողը տեղեկացված էր կայացված որոշումը Մոսկվայի շրջանային դատարան երեք օրվա ընթացքում բողոքարկելու իր իրավունքի մասին:

35. 2007թ. դեկտեմբերի 24-ին Տաջիկստանի Գլխավոր դատախազությունը Ռուսաստանի Գլխավոր դատախազությանը դիմում է ներկայացրել դիմողին, որպես ահաբեկչական գործողությունների կատարման համար մեղադրվող անձի հանձնման մասին:

36. 2007թ. դեկտեմբերի 28-ին Քաղաքային դատարանը, հիմք ընդունելով քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ և 166-րդ հոդվածները, որոշում է կայացրել մինչև հանձնման հետ կապված դատավարության ավարտը դիմողին կալանքի տակ պահելու մասին: Փաստաթուղթը վերնագրված էր «Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշում»: Դիմողը տեղեկացված էր կայացված որոշումը Մոսկվայի շրջանային դատարան երեք օրվա ընթացքում բողոքարկելու իր իրավունքի մասին:

37. Դիմողը չի բողոքարկել Քաղաքային դատարանի 2007թ. նոյեմբերի 20-ի և դեկտեմբերի 28-ի որոշումները:

38. 2008թ. հունվարի 11-ին դիմողն առաջին անգամ UNHCR Office-ին և Մոսկվայի ԴՄԾ-ին ուղղված նամակներում հայտարարել է, որ նա Տաջիկստանում ենթարկվել է քաղաքական հետապնդման:

39. 2008թ. հունիսի 4-ին Ռուսաստանի Գլխավոր դատախազի տեղակալը բավարարել է դիմողի հանձնման մասին Տաջիկստանի Գլխավոր դատախազության պահանջը: Դիմողը տեղեկացված էր նշված որոշումը տասնօրյա ժամկետում բողոքարկելու իր իրավունքի մասին:

40. 2008թ. հուլիսի 28-ին իր հանձնման մասին որոշման վերաբերյալ դիմողը վերաքննիչ բողոք է ներկայացրել:

41. 2008թ. օգոստոսի 5-ին Մոսկվայի ԴՄԾ-ն դիմողից ժամանակավոր ապաստան տրամադրելու մասին դիմում է ստացել:

42. 2008թ. օգոստոսի 22-ին Մոսկվայի քաղաքային դատարանը մերժել է դիմողի` իր հանձնման մասին որոշման դեմ բերված բողոքը:

43. 2008թ. օգոստոսի 27-ին դիմողը վերաքննիչ բողոք է ներկայացրել 2008թ. օգոստոսի 22-ի որոշման դեմ:

44. 2008թ. հոկտեմբերի 28-ին Գերագույն Դատարանը մերժել է դիմողի վերաքննիչ բողոքը և ուժի մեջ է թողել 2008թ. օգոստոսի 22-ին դատարանի կայացրած որոշումը: 2008թ. նոյեմբերի 13-ին դիմողը ծանուցվել է վերաքննիչ դատարանի որոշման մասին:

    

Ապաստան տրամադրելու դատավարությունը

   

45. 2008թ. հունվարի 24-ին Ռուսաստանի Գլխավոր դատախազությունը դիմողի պաշտպանից հարցում է ստացել, որով պաշտպանը խնդրում էր թույլատրել UNHCR Office -ի աշխատակիցներին այցելել իր պաշտպանյալին: THE UNHCR Office արված հարցման պատասխանը Ռուսաստանի Գլխավոր դատախազությունը ստացել է միայն 2008թ. հուլիսի 23-ին: Հարցման մեջ նշված չեն եղել վերը նշված աշխատակազմի անձնական տվյալները: Այն բանից հետո, երբ արդեն այդ տվյալները ներկայացվել են, Ռուսաստանի Գլխավոր դատախազությունը թույլ է տվել նրանց այցելել դիմողին:

46. Գործով չբացահայտված մի օր UNHCR Office-ը Մոսկվայի շրջանի դատախազությանը հայտնել է, որ դիմողը միջազգային պաշտպանության իրավունք ունի:

47. 2008թ. փետրվարի 26-ին դիմողը փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմում է ներկայացրել Մոսկվայի ԴՄԾ:

48. 2008թ. մարտի 20-ին Մոսկվայի ԴՄԾ-ի իրավասու մարմինները այցելել են քննչական մեկուսարան և հարցաքննել դիմողին:

49. Դիմողը հնարավորություն է ունեցել Տաջիկստանում հետապնդման ենթարկելու իր կասկածները հիմնավորելու համար: Աշխատակիցները մի քանի անգամ նրան հարցաքննել են:

50. 2008թ. մայիսի 16-ին Մոսկվայի ԴՄԾ-ն, մանրամասն ուսումնասիրելով դիմողի կողմից ներկայացված դիմումը, մերժել է այն և հրաժարվել դիմողին փախստականի կարգավիճակ տալ: Դիմողը վերաքննիչ բողոք է ներկայացրել այդ որոշման դեմ:

51. 2008թ. հուլիսի 3-ին Մոսկվայի Զամոսկվորեցկի շրջանային դատարանը չի բավարարել Մոսկվայի ԴՄԾ-ի 2008թ. մայիսի 16-ի որոշման դեմ դիմողի ներկայացրած վերաքննիչ բողոքը և դիմողին վերադարձրել է 2008թ. հուլիսի 28-ին բերված բողոքը` մինչև 2008թ. հուլիսի 18-ը որոշման թերությունները վերացնելու համար:

52. 2008թ. օգոստոսի 25-ին Մոսկվայի Զամոսկվորեցկի շրջանային դատարանը որոշել է քննության չառնել Մոսկվայի ԴՄԾ-ի որոշման դեմ դիմողի ներկայացրած վերաքննիչ բողոքը, քանի որ վերջինս չէր վերացրել 2008թ. հուլիսի 3-ի որոշման մեջ նշված թերությունները:

53. 2008թ. նոյեմբերի 26-ին ժամանակավոր կացարան տրամադրելու մասին դիմողի խնդրանքը մերժվել է:

54. 2008թ. նոյեմբերի 18-ին Մոսկվայի քաղաքային դատարանը բեկանել է 2008թ. օգոստոսի 25-ի որոշումը և գործն ուղարկել է առաջին ատյան` լրացուցիչ քննության:

55. 2009թ. մարտի 12-ին Մոսկվայի Զամոսկվորեցկի շրջանային դատարանը մերժել է 2008թ. մայիսի 16-ի` Մոսկվայի ԴՄԾ-ի որոշման դեմ դիմողի բերած բողոքը:

      

II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱ

   

A. Քրեական դատավարության օրենսգիրք (քր.դատ.օր.)

56. Խափանման միջոցները կարգավորվում են քր.դատ.օր.-ի 13-րդ գլխում: Դատարանի որոշմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառվում է մեղադրյալի կամ կասկածյալի նկատմամբ միայն այն հանցագործությունների համար, որոնց համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը երկու տարուց ավելի է և այլ, ավելի մեղմ խափանման միջոց հնարավոր չէ կիրառել (108-րդ հոդվածի 1-ին կետ): Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության դեպքում քննիչը` քննչական մարմնի ղեկավարի, ինչպես նաև վարույթն իրականացնող մարմինը` դատախազի համաձայնության դեպքում, դատարանին համապատասխան միջնորդություն են ներկայացնում (108-րդ հոդվածի 3-րդ կետ): Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը ենթակա է միանձնյա կարգով քննության շրջանային կամ զինվորական դատարանի համապատասխան ատյանի դատարանի կողմից (109-րդ հոդվածի 4-րդ կետ): Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ միջնորդությունը մերժելու վերաբերյալ դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերադաս ատյան` այդ մասին որոշումը կայացնելուց հետո` 3 օրվա ընթացքում (108-րդ հոդվածի 11-րդ կետ): Քննարկվող հանցագործության դեպքում կալանքի տակ պահելու ժամկետը չի կարող երկու ամսից ավելի լինել (109-րդ հոդվածի 1-ին կետ), սակայն համապատասխան ատյանի շրջանային կամ զինվորական դատարանի կողմից այդ ժամկետը կարող է երկարացվել մինչև վեց ամիս (109-րդ հոդվածի 2-րդ կետ): Ռուսաստանի Դաշնության դատախազի հետ համաձայնեցման դեպքում քննիչի միջնորդության առկայության պարագայում կալանքի տակ պահելու ժամկետի հետագա երկարաձգումը կարող է իրականացվել, երբ անձը մեղադրվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու մեջ` մինչև 12 ամիս ( 109-րդ հոդվածի 3-րդ մաս):

57. Քր.դատ.օր.-ի 16-րդ գլուխը սահմանում է դատարանի և քրեական դատավարություն իրականացնող անձանց գործողությունների և կայացրած որոշումների բողոքարկման կարգը: Հետաքննության մարմնի, հետաքննիչի, հետաքննության բաժնի պետի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, դատախազի և դատարանի գործողությունները (անգործությունը) և որոշումները նշված օրենսգրքով նախատեսված կարգով կարող են բողոքարկվել քրեական դատավարության մասնակիցների կողմից, ինչպես նաև այլ անձանց կողմից՝ այն մասով, որով իրականացվող դատավարական գործողությունները և կայացվող դատավարական որոշումները շոշափում են իրենց շահերը (123-րդ հոդված): Այդ գործողությունները և անգործությունները կարող են բողոքարկվել դատախազին (124-րդ հոդված): Հետաքննության մարմնի, քննիչի, քննչական բաժնի պետի կողմից քրեական գործի հարուցումը մերժելու, կարճելու, ինչպես նաև հետաքննիչի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի և դատախազի կողմից կայացված այլ որոշումները կամ գործողությունները (անգործությունը), որոնցով խախտվում են քրեական դատավարության մասնակիցների սահմանադրական իրավունքները և ազատությունները կամ խոչընդոտում արդարադատության իրականացմանը, ենթակա են դատական կարգով բողոքարկման (125-րդ հոդված):

58. Օտարերկրյա պետությունից անձին հանձնելու մասին պահանջը ստանալիս, եթե այդ անձի նկատմամբ առկա չէ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատական մարմնի համապատասխան որոշում, Գլխավոր դատախազը կամ նրա տեղակալն անձի հանձնումն իրականացնելու նպատակով իրավասու են սույն օրենքով սահմանված կարգով վերջինիս նկատմամբ խափանման միջոց ընտրել ( 466-րդ հոդվածի 1-ին մաս):

  

B. Սահմանադրական դատարանի որոշումները

   

1.Սահմանադրական դատարանի 2006թ. ապրիլի 4-ի թիվ 101- O որոշումը

59. Սահմանադրական դատարանը քննարկել է քր.դատ.օր.-ի 466-րդ հոդվածի 1-ին մասի և Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության կիրառելիության հարցը և նույնությամբ կրկնել նախկինում կայացրած որոշումն այն մասին, որ սահմանված նորմերը գերազանցող, անժամկետ և առանց բողոքարկման հնարավորության անձին ինքնակամ կալանքի տակ վերցնել չի համապատասխանում Սահմանադրության 22-րդ հոդվածի ու Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին, և հանդիպում է բոլոր գործերում, այդ թվում հանձնման հետ կապված դատավարություններում:

60. Սահմանադրական դատարանի տեսակետի համաձայն` Սահմանադրության 22-րդ հոդվածում և 2-րդ գլխում, ինչպես նաև քր.դատ.օր.-ի 13-րդ գլխում ամրագրված՝ անձի անձեռնմխելիության և իրավունքների ու ազատությունների երաշխիքներն ամբողջությամբ պահպանվել են հանձնման նպատակով կալանավորելիս: Քր.դատ.օր.-ի 466-րդ հոդվածն արգելում է իշխանության մարմիններին անձին կալանավորել` խախտելով քր.դատ.օր.-ի պահանջները կամ սահմանված ժամկետները:

   

2. Գլխավոր դատախազի` մեկնաբանություն ստանալու խնդրանքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի 2006թ. հուլիսի 11-ի թիվ 158-O որոշումը

61. Գլխավոր դատախազը դիմել է Սահմանադրական դատարան 2006թ. ապրիլի 4-ի թիվ 101-O որոշման, մասնավորապես անձին հանձնման նպատակով կալանքի տակ պահելու ժամկետի երկարացման վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն ստանալու համար:

62. Սահմանադրական դատարանը մերժել է դիմումն այն պատճառաբանությամբ, որ հանձնման նպատակով անձին կալանքի տակ պահելու ժամկետները և կարգը սահմանող քրեական իրավունքին վերաբերող կոնկրետ դրույթների մասին իրավասու չէ մեկնաբանություններ կատարել: Այդ հարցի վերաբերյալ մեկնաբանություն կատարելն ընդհանուր իրավասության դատարանների իրավազորությունն է:

  

3. Սահմանադրական դատարանի 2007թ. մարտի 1-ի թիվ 333-O-P որոշումը

63. Սահմանադրական դատարանը նորից ընդգծել է, որ քր.դատ.օր.-ի 466-րդ հոդվածով սահմանված չէ, որ անձին հանձնելու նպատակով նրան կալանքի տակ պահելու դեպքում չեն գործում քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված պայմանները և ժամկետները:

   

 C. Գերագույն դատարանի որոշումը

  

64. Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանը 2003թ. փետրվարի 14-ի որոշմամբ (решение) բավարարել է Գլխավոր դատախազի դիմումը, միջազգային և կրոնական մի շարք կազմակերպություններ որակել է որպես ահաբեկչական, որոնց թվում էր նաև HT-ն (որը հայտնի է որպես Իսլամի ազատագրության կուսակցություն) և արգելել Ռուսաստանի տարածքում դրանց գործունեությունը: HT-ի վերաբերյալ սահմանել է, որ այն ստեղծված է եղել Իսլամական բնակչություն ունեցող ԱՊՀ երկրներում, այդ թվում` Ռուսաստանի Դաշնությունում, ոչ-Իսլամական կառավարությունը տապալելու և «համաշխարհային Իսլամական խալիֆաթի վերածննդի միջոցով» Իսլամական կառավարություն հաստատելու նպատակով:

  

III. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ ԵՎ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

  

A. Եվրոպայի խորհուրդ

  

65. Ապաստան փնտրող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտումներից իրավական պաշտպանության միջոցներ տրամադրելու վերաբերյալ Անդամ պետություններին ուղղված Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի թիվ R(98)13 հանձնարարականի համաձայն`

     

«Ապաստան փնտրող և ապաստան տրամադրելու մերժում ստացած անձը, առանց որևէ իրավունքի խախտման, իրավասու է բողոքարկելու իր դիմումի համաձայն ապաստան տրամադրելու բացասական որոշումը` Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի թիվ R(98)13 և այլ հանձնարարականներով սահմանված կարգով…, որի համաձայն`

1. Յուրաքանչյուր ոք, ով ապաստան է փնտրում և փախստականի կարգավիճակ տրամադրելու մերժում է ստացել ու ենթակա է հանձնման, սակայն ոչ անհիմն կասկածներ ունի, որ ինքը խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կենթարկվի, պետք է այդ անձին իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ տրամադրել` իշխանության մարմիններից պաշտպանվելու համար:

2. Սույն հանձնարարականի 1-ին մասի կիրառման դեպքում` իշխանության մարմիններից պաշտպանվելու իրավական միջոցները կարելի է արդյունավետ համարել, եթե`…

    

a. այս մարմինն իրավասու է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի պահանջների պահպանման նկատառումներով որոշում ընդունել, ինչպես նաև համապատասխան դատական պաշտպանության միջոցներ ապահովել…

b. անձին հանձնելու պահանջը կասեցվել է` մինչև 2.2-րդ կետով սահմանված որոշում կայացնելը:

   

66. Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը հրապարակել է Եվրոպայի խորհրդի անդամ երկրների տարածք մուտք գործելու ցանկություն հայտնած օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև հանձնման մասին 2001թ. սեպտեմբերի 19-ի հանձնարարականը (CommDH(2001)19), որը վերաբերում է հանձնման պահանջին: Այս հանձնարարականը սահմանում է, որ`

«11. Անհրաժեշտ է, որպեսզի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածով նախատեսված իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը ոչ միայն նախատեսված լինեն օրենքով, այլ նաև իրականացվի պրակտիկայում, հատկապես, երբ անձն իրավասու մարմիններին բողոք է ներկայացնում Եվրոպական կոնվենցիայով նախատեսված իր իրավունքների խախտման վերաբերյալ: Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը պետք է տրամադրվի ցանկացած անձի, ով վիճարկում է իր հարկադիր վերադարձը կամ հանձնումը: Հանձնման մասին որոշումը ենթակա է կասեցման, եթե նվազագույնը Եվրոպական կոնվենցիայի 2-րդ կամ 3-րդ հոդվածի խախտման վերաբերյալ դիմում է ներկայացված»:

67. Սույն գործով մի շարք այլ փաստաթղթեր Դատարանի կողմից ներկայացված են Գեբրեմեդխին ընդդեմ Ֆրանսիայի թիվ 25389/05, ECHR 2007 վճռի 36-38-րդ կետերում:

    

B. Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին ԱՊՀ կոնվենցիա (Մինսկի կոնվենցիա)

68. Իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ հանձնարարություն կատարելիս Մինսկի կոնվենցիայի կողմ հանդիսացող Ռուսաստանը և Տաջիկստանը հարցում ստանալիս կիրառում են իրենց երկրների օրենսդրությունը (8-րդ հոդվածի 1-ին մաս):

69. Պահանջն ստանալուն պես` հարցվող Պայմանավորվող կողմն անհապաղ միջոցներ է ձեռնարկում այն անձին կալանավորելու ուղղությամբ, որի հանձնումը պահանջվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնումը չի կարող կատարվել (60-րդ հոդված)։

70. Անձը, որի հանձնումը պահանջվում է, միջնորդությամբ կարող է կալանավորվել նաև նախքան հանձնելու մասին պահանջն ստանալը։ Միջնորդությունը պետք է բովանդակի հղում կալանավորելու մասին որոշմանը կամ օրինական ուժի մեջ մտած դատավճռին և նշում այն մասին, որ հանձնելու մասին պահանջը կներկայացվի լրացուցիչ (հոդված 60, մաս 1): Նախքան հանձնելու մասին պահանջն ստանալը կալանավորելու կամ ձերբակալելու մասին անհրաժեշտ է անհապաղ ծանուցել մյուս Պայմանավորվող կողմին (հոդված 61, մաս 3):

71. Մինսկի կոնվենցիայի 61-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` կալանավորված անձը պետք է ազատվի, եթե նրա հանձնման մասին պահանջը` համապատասխան բոլոր փաստաթղթերով հանդերձ, չստացվի կալանավորելու օրվանից քառասնօրյա ժամկետում (հոդված 61, մաս 1):

     

C. Տաջիկստանի վերաբերյալ Զեկույցը

72. Տաջիկստան, խոշտանգումների վերաբերյալ ՄԱԿ-ի Կոմիտեի 2006թ. դեկտեմբերի 7-ի եզրակացություններ և հանձնարարականներ (CAT/C/TJK/CO/1), որոնք վերաբերում են երկրում մարդու իրավունքների ոլորտին վերաբերող իրավիճակին:

«Ներպետական օրենսդրությունում խոշտանգումների հասկացությունն …ամբողջությամբ չի արտահայտում Կոնվենցիայի 1-ին հոդվածի պահանջները, հատկապես խոշտանգումների կիրառման նպատակի և պետության պաշտոնատար անձանց և ի պաշտոնե գործող այլ անձանց վրա դրանց հետևանքների տարածման վերաբերյալ դրույթները:

Իրավակիրառ և քննչական մարմինների կողմից խոշտանգումների և վատ վերաբերմունքի կիրառման բազմաթիվ դեպքեր են տարածված, հատկապես քննվող քրեական գործի շրջանակներում ապացույցների կորզման նպատակով: Բացի դրանից, կանխարգելիչ միջոցառումներ չեն կիրառվում հասարակության բոլոր անդամներին խոշտանգումներից և դաժան վերաբերմունքից պաշտպանելու համար:

  

Կոմիտեն նաև իր մտահոգությունն է արտահայտում հետևյալ հարցերի շուրջ`

    

a) ձերբակալված անձանց անմիջապես գրանցելու պարտականության վերաբերյալ օրենքի պահանջի բացը, ինչպես նաև անձին փաստացի ձերբակալելիս և մեղադրանք առաջադրելիս ձերբակալման և ձերբակալված անձի վերաբերյալ արձանագրությունների ու անկախ և անկողմնակալ բժշկական զննության բացակայությունը,

b) գործով պաշտպան ունենալու, անկողմնակալ բժշկական փորձաքննության իրականացման, անմիջապես ձերբակալումից հետո հարազատների հետ հաղորդակցվելու իրավունքին խոչընդոտելու վերաբերյալ բազմաթիվ և մշտապես ստացվող հաղորդումները, ինչը պայմանավորված է գործող օրենսդրությամբ և պրակտիկայով, մինչև ձերբակալման փաստի վերաբերյալ արձանագրություն կազմելը թույլ են տալիս նշված իրավունքների վերաբերյալ խախտումներ, իսկ նշված իրավունքների իրացումը հնարավոր է դառնում իրավասու մարմինների թույլտվության/նրանց խնդրանք ներկայացնելու պայմաններում,

c) պաշտպանի, բժիշկների և ընտանիքի անդամների հետ հաղորդակցվելու անօրինական սահմանափակումների վերաբերյալ բազմաթիվ հայտարարությունները, որոնք, սակայն, չեն քննվում և չեն պատժվում,

d) ձերբակալվածների նկատմամբ դատական վերահսկողության համապատասխան երաշխիքի բացակայությունը, քանի որ դատախազությունն արդեն նման հսկողություն իրականացրել է,

e) մինչև դատաքննությունն անձին կալանքի տակ պահելու պրակտիկայի լայն կիրառումը, որը կարող է հասնել մինչև 15 ամսի,

f) կալանավորված անձանց մահացության մեծ թիվը:

Կոնվենցիայով արգելված մեթոդներով իրավակիրառ և քննչական մարմինների կողմից հարցաքննության անցկացման վերաբերյալ բազմաթիվ հավաստի տեղեկությունները:

...

Կալանավայրերի նկատմամբ ներպետական և միջազգային մարմինների կողմից պարբերաբար իրականացվող հսկողության բացակայության և այդ վայրեր առանց ծանուցման և պարբերաբար այցելությունների արգելքի վերաբերյալ հավաստի տեղեկությունները»:

73. «Միջազգային համաներում» կազմակերպության «Կենտրոնական Ասիա, 2007թ. մարտից մինչև 2008թ. մարտն ընկած ժամանակահատվածում տարածաշրջանում առավել մտահոգություններ առաջացնող կարճ հարցեր» փաստաթղթում Տաջիկստանում դավանանքի ազատության վերաբերյալ իրադրությունները նկարագրվում են հետևյալ կերպ.

«Կրոնական փոքրամասնությունները և իրավապաշտպանները մտահոգություն են արտահայտել այն մասին, որ իշխանության մարմինների կողմից ընդունված որոշումները սահմանափակում են կրոնի և դավանանքի ազատությունը: 2007թ. երկրորդ կեսին մայրաքաղաքում` Դուշանբեում, փակվել և ոչնչացվել են չգրանցված մզկիթները… Կրոնի մասին նոր օրենքը ենթադրում էր, որ չգրանցված բոլոր կրոնական կազմակերպությունները ենթակա են փակման: Օրենքի նախագիծն առաջարկում էր գրանցման խիստ պահանջներ, ինչը կխոչընդոտեր կրոնական փոքրամասնություններին իրենց կարգավիճակի առաջնային և կրկնակի գրանցումն իրականացնելիս: Նախագծում նույնիսկ առաջարկվում էր կրճատել երկրում գործող մզկիթների քանակը և արգելել առաքելական (միսիոներական) գործունեությունը: Մինչ նոր օրենքի ընդունումը` Կառավարությունը կրոնական խմբերից իրենց իրավական կարգավիճակի գրանցման նոր դիմումները չէր ընդունում:

Նոյեմբերին [2007թ.] կրոնի և դավանանքի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը` Ասմա Ջահանգիրը, տարվա սկզբին Տաջիկստան իր այցելության վերաբերյալ զեկույց է ներկայացրել: Զեկուցագրի դատողություններում ընդգծվում է «կրթական քաղաքականության մշակման անհրաժեշտությունը, որն ուղղված կլինի անձի իրավունքների պաշտպանությանը և կայուն փոփոխությանը, ինչպես նաև կարծրատիպերի վերացմանը, որոնք անհամատեղելի են կրոնի և դավանանքի ազատության հետ: Դատողություններում նաև նշվում է, որ կրոնական խմբերի գրանցումը պետք է պարզ և մատչելի լինի և չպետք է դավանանքի անբաժան պայման հանդիսանա»: Հատուկ զեկուցողը Տաջիկստանի իշխանության մարմիններին առաջարկել է «միջազգային իրավունքին, փախստականների մասին օրենքի և մարդասիրական իրավունքի նորմերի պահանջներին համապատասխան ահաբեկչական գործողությունների դեմ հակազդելու միջոցներ ձեռնարկել»: Նա նաև նշել է, որ «անկախ, անկողմնակալ և անաչառ դատական իշխանությունը կամ պաշտպանների ծառայության անհապաղ տրամադրումը երաշխիք են անձանց և կրոնական կազմակերպությունների կրոնի և դավանանքի ազատության համար»:

74. Տաջիկստանում մարդու իրավունքների պաշտպանի 2009թ. հունվարյան համաշխարհային զեկույց, որը մարդու իրավունքների վերաբերյալ երկրում առկա իրադրությունը նկարագրում է հետևյալ կերպ.

«Կրոնի ազատություն

Այդ դիտարկման իրականացման ժամանակ կառավարությունը դեռ խորհրդարան չէր ներկայացրել 2007 թվականին խիստ քննադատությունների արժանացած խղճի վերաբերյալ նոր օրենքի նախագիծը: Նոր օրենքի պահանջներին համապատասխան` բոլոր կրոնական կազմակերպությունները ենթակա են վերագրանցման` վերջին տասը տարիների ընթացքում այդ կազմակերպությունների անդամ հանդիսացող անձանց հասցեների տրամադրման պայմանով: Ենթադրվում էր նաև, որ օտարերկրացիներին արգելվելու էր կրոնական կազմակերպություններ ստեղծել:

Ծայրահեղականության և ահաբեկչության դեմ պայքարի միջոցները

Գլխավոր դատախազի միջնորդությամբ Տաջիկստանի Գերագույն դատարանը խաղաղ ճանապարհով խալիֆաթի վերականգնումը քարոզող «Հիզբուտ-Թահրիր» կազմակերպությունը ճանաչեց որպես ծայրահեղական: Իշխանությունները շարունակում էին ձերբակալել այդ կազմակերպության անդամներին և նրանց մեղադրանք առաջադրում քաղաքական ռեժիմի խաթարման կամ ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հրահրելու կամ թեկուզ տպագիր նյութեր պահելու համար:

...

Կալանավայրերում մահվան և խոշտանգման դեպքեր

Տաջիկստանում խոշտանգման հասկացությունն ամբողջությամբ չի համապատասխանում խոշտանգման դեմ 2006թ. դեկտեմբերի ՄԱԿ-ի Կոմիտեի հանձնարարականին: Դրական քայլ կարելի է համարել 2008թ. մարտին քրեական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք վերաբերում են խոշտանգմամբ ձեռք բերված ապացույցների անթույլատրելիությանը:

Փորձագետները սահմանում են, որ դեպքերի մեծամասնությամբ խոշտանգման փաստերն անպատժելի են մնում: Որպես բացառություն կարելի է օրինակ բերել այն դեպքը, երբ Հաթլոնյան շրջանի ոստիկանության երկու աշխատակիցներ անչափահասների նկատմամբ անթույլատրելի վարքագիծ են դրսևորել և դատապարտվել ազատազրկման. համապատասխանաբար մեկը դատապարտվել է չորս տարի ազատազրկման, իսկ մյուսի նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել:

Ոչ քաղաքական կազմակերպությունները և ԶԼՄ-ները 2008 թվականին կալանավայրերում մահվան առնվազն երեք դեպք են մատնացույց անում, որոնց թվում է նաև քաղցկեղից մահացած` Տաջիկստանում գործող «Իսլամի վերածնունդ» կուսակցության ղեկավար Շամսիդդին Շամսիդդինովի մահվան դեպքը: Կուսակցությունը փաստում է, որ 2003 թվականին վերջինիս կալանքի տակ պահելը քաղաքական նկատառումներով էր պայմանավորված, սակայն ժամանակին կատարված վիրահատությունը կփրկեր նրան: Ռահմանովը և այլոք ընդդեմ Տաջիկստանի 2008թ. ապրիլի 1-ի որոշմամբ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով կոմիտեն Կառավարությանը մեղավոր է ճանաչել դիմողներից հինգի նկատմամբ խոշտանգում կիրառելու համար, ընդ որում, որոնցից երկուսն անչափահաս են եղել: Բողոքների քննության ժամանակ Կառավարությունը կոմիտեի հետ չի համագործակցել: 2008թ. հոկտեմբերի 30-ի` Հուսեյնովը և Բուտաևն ընդդեմ Տաջիկստանի որոշմամբ Կոմիտեն նման խախտումներ ևս արձանագրել է»:

75. 2009թ. փետրվարի 25-ին հրապարակված` 2008թ. մարդու իրավունքների վերաբերյալ ԱՄՆ պետական դեպարտամենտի զեկույցը Տաջիկստանի մասին հետևյալ տեղեկությունն է պարունակում.

 «Տաջիկստանը … ինքնավար պետություն է, որի քաղաքական կյանքը ղեկավարվում է Նախագահ Էմոմալի Ռահմոնի և նրա կողմնակիցների կողմից… »:

   

Մարդու իրավունքների ոլորտում կառավարական ձեռքբերումները դեռ ցածր են: Կոռուպցիան շարունակում է խոչընդոտել ժողովրդավարական և սոցիալական բարեփոխումների իրականացմանը: Մարդու իրավունքների ոլորտում առկա են հետևյալ խնդիրները`… անվտանգության և այլ մարմինների կողմից կալանավորված անձանց նկատմամբ խոշտանգումների և վատ վերաբերմունքի կիրառումը, անվտանգության մարմինների անպատժելիությունը, մինչև դատաքննությունն անձին երկարատև կալանքի տակ պահելը, արդարացի դատաքննության իրավունքների ոտնահարումը, ազատազրկման վայրերում դաժան և կյանքի համար վտանգ ներկայացնող պայմանների առկայությունը, միջազգային դիտորդների` դատապարտված անձանց մոտ մուտք գործելու արգելքը,… դավանանքի, այդ թվում աստծուն ծառայելու ազատության սահմանափակումը,…

Օրենքն արգելում է … [խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի] պրակտիկան, սակայն անվտանգության աշխատակիցները, այնուամենայնիվ, դիմում են նման գործողությունների: Իրավասու մարմինները մարդու իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպություններին չեն տրամադրում համապատասխան տեղեկություններ այդ խոշտանգումների վերաբերյալ դիմումներին արձագանքելու համար:

 Անվտանգության մարմինների աշխատակիցները, հատկապես ներքին գործերի աշխատակիցները, հարցաքննության ժամանակ ապացույց ստանալու համար շարունակում են կիրառել ծեծը և բռնության այլ տեսակները: Ծեծը և բռնության այլ տեսակները հաճախ նաև կիրառվում են կալանավայրերում: Իրավունքի նորմերի և մարդու իրավունքների տեղական ոչ կառավարական բյուրոյի 2008թ. հետազոտություններում իրավամբ նշվում է, որ քրեական արդարադատության իրականացման մարմինները ոչ օբյեկտիվ վերաբերմունք են դրսևորում կալանավորված անձի ցուցմունքների նկատմամբ: Քրեական դատարավարության օրենսգրքում խոշտանգման վերաբերյալ հստակ սահմանումներ չկան, իսկ իրավապահ մարմիններն իրականացված խախտումները բացահայտելու ուղղությամբ մեթոդներ չեն մշակել:

 …

Արդարադատության նախարարությունը շարունակում է մերժել վատ վերաբերմունքի կամ պայմանների առկայության դեպքում ներկայացված բողոքների վերաբերյալ քննություն իրականացնելու համար միջազգային մարմինների և քաղաքացիական կազմակերպությունների միջնորդությունները: Որոշ ոչ կառավարական կազմակերպությունների և արտերկրների դիվանագիտական մարմինների օգնության և հյուպատոսական ծրագրերի իրականացման նպատակով այդ վայրեր այցելելու թույլտվություն է տրամադրվել, սակայն վերջիններս կարող էին այցելել միայն որոշակի սահմանված վայրեր և այն էլ` արդարադատության նախարարության աշխատակիցների ուղեկցությամբ միայն: Կառավարությունը կալանավայրերի և քրեակատարողական հիմնարկների տարածքներ անարգել մուտք գործելու իրավունք սահմանող պայմանագիր չի ստորագրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հետ, որից հետո միջազգային մոնիտորինգ իրականացնող ԿԽՄԿ-ի անձնակազմը 2007 թվականին հեռացել է երկրից և չի վերադարձել:

Տարվա ընթացքում ձերբակալված և կալանավորված անձինք դաժան և կյանքի համար վտանգավոր պայմանների, ինչպես նաև սանիտարական վիճակի վերաբերյալ բողոք են ներկայացրել: Սովն ու հիվանդություններն իրենց բնույթով լուրջ խնդիրներ են, սակայն արտաքին հետազոտությունները չեն կարող հիմք հանդիսանալ դրանց լրջության աստիճանը որոշելու համար: Բանտերի հարցերով զբաղվող կազմակերպությունները հայտնել են, որ առկա է մեծ թվող թոքախտի և ՄԻԱՎ-ի տարածվածություն և բժշկական ցածրորակ սպասարկում:

Կառավարությունը Խորհրդային Միության ժամանակներից քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ չի մտցրել և, որպես հետևանք, քրեական արդարադատությունն ի զորու չէ պաշտպանել անձանց կամայական ձերբակալումներից և կալանավորումներից:

Ոստիկանության աշխատակիցների կողմից բռնության զոհ դարձած անձինք կարող են փաստացի գրավոր բողոք ներկայացնել այդ մարմնի վերադասին: Սակայն տուժողների մեծ մասը գերադասում է լռել, քան ոստիկանության աշխատակիցների վրեժխնդրության սուբյեկտ դառնալ:

Դատախազներն իրավասու են ձերբակալման մասին որոշում կայացնել, իսկ մինչև դատական քննությունն անձին ձերբակալելիս դատարանի որոշում չի պահանջվում: Օրենքը թույլ է տալիս ոստիկանին անձին ձերբակալել առանց այդ մասին որոշման կայացման, սակայն պարտավորեցնում է 24 ժամվա ընթացքում այդ մասին դատախազին տեղյակ պահել: Մինչև դատական քննությունը, բացառիկ հանգամանքների առկայության դեպքում, անձը կարող է կալանքի տակ գտնվել մինչև 15 ամիս: Տեղի դատախազներն իրավասու են մինչև դատական քննությունն անձին մինչև երկու ամիս ժամկետով կալանավորելու մասին կարգադրություն տալ, իսկ կալանքի տակ պահելու վերաբերյալ այլ որոշումները պետք է առավել բարձր ատյանի դատախազի կողմից կայացվեն: Մեղադրյալը կարող է դատարանում վիճարկել իր կալանավորման օրինականության հարցը: Սակայն դեպքերի մեծամասնությամբ դատարանների մոտ կալանավորման օրինականության վերաբերյալ կասկած չի առաջանում, և նման վերանայումը ձևական բնույթ է կրում:

Կալանավորված անձը պաշտպանի իրավունք ունի: Կառավարությունը պարտավոր է իր միջոցներով ապահովել անձի այդ իրավունքը, եթե վերջինս համապատասխան նյութական միջոցներ չունի: Պրակտիկայում, սակայն, միշտ չէ, որ Կառավարությունն անվճարունակ անձանց պաշտպան է տրամադրում. պաշտպանյալի շահն ստորադասվում է Կառավարության շահին: Բացակայում է նաև անձին գրավի դիմաց ազատ արձակելու ինստիտուտը, սակայն հանցագործության կատարման մեջ մեղադրվող և կալանավորված անձինք մինչև դատաքննությունը բնակության վայրը չլքելու պայմանով կարող են պայմանականորեն ազատ արձակվել: Օրենքի պահանջների համապատասխան` արդեն իսկ մեղադրանք առաջադրված և կալանավորված անձի ընտանիքի անդամները և պաշտպանը կարող են այցելել վերջինիս: Պաշտոնատար անձինք, սակայն, երբեմն մերժում են այդպիսի այցելության միջնորդություն ներկայացրած անձանց: Առանց անձին փաստացի մեղադրանք առաջադրելու` իշխանության ներկայացուցիչները շատ դեպքերում խոչընդոտում են կալանավորված անձին հաղորդակցվել իր հարազատների և պաշտպանի հետ:

Թեև օրենքը սահմանում է, որ դատական իշխանությունն անկախ մարմին է, պրակտիկայում գործադիր իշխանությունը և հանցավոր կառույցները ճնշում են գործադրում դատավորների և դատախազների նկատմամբ: Կոռուպցիան և այս ոլորտում անարդյունավետությունն էական խնդիրներ են առաջացնում:

Քրեական դատավարության օրենսգիրքը դատախազին անսահմանափակ իշխանություն է տալիս դատավորների և պաշտպանների նկատմամբ: Այդ իշխանությունը դրսևորվում է բոլոր գործերով քննության և հսկողության իրականացմամբ: Օրենքով սահմանված «հսկողական լիազորությունները» թույլ են տալիս դատախազին վիճարկել դատարանի որոշումները նաև դատական քննության շրջանակներից դուրս: Դատախազները կարող են փաստացի փոխել դատարանի կայացրած որոշումը և անհիմն բողոքարկել վերադաս ատյաններ: Նման իրավասությունները խոչընդոտում են դատական իշխանության անկախությունը:

Նախագահը, խորհրդարանի հետ խորհրդակցելով, իրավասու է նշանակել և պաշտոնանկ անել դատավորներին և դատախազներին: Ստորին ատյանի դատարանների դատավորները շատ դեպքերում ավելի թույլ մասնագիտական ունակություններ և սահմանափակ հնարավորություն ունեն ծանոթանալու իրավական տեղեկատվական նյութերին: Դատավորների և դատախազների ցածր աշխատավարձը նրանց դրդում է կաշառք վերցնելուն: Դատավորները քաղաքականապես խոցելի են:

Դատական քննությունը բոլոր դատարաններում դռնբաց է, բացառությամբ պետական գաղտնիքի առնչվող հանցագործությունների գործերով դատական քննության: Կազմակերպություններն առանց հիմքերի չեն կարող մոնիտորինգ իրականացնել: Նախագահող դատավորի կողմից ընտրված ատենակալները և երկու «ժողատենակալները» որոշում են անձի մեղավորության կամ անմեղության հարցը: Նիստին մասնակցող դատավորների ընտրության հարցը միանշանակ չէ, սակայն վերջիններս այդքան մեծ դեր չեն կատարում դատական քննության ընթացքում, իսկ ամբողջ դատավարությունն իրականացնում է նախագահող դատավորը:

Օրենքի համաձայն գործը ենթակա է քննության 258 օրվա ընթացքում, սակայն պրակտիկայում այդ ժամկետը երկարաձգվում է: Օրենքով սահմանված կարգով դատարանն անձանց հանրային պաշտպաններ է տրամադրում, եթե վերջիններս անվճարունակ են, սակայն պրակտիկայում կալանավորված անձանց այդ իրավունքը ոտնահարվում է:

Մեղադրանք առաջադրած անձինք միշտ իրենց մեղավոր են ճանաչում: Դատավորներն ավելի հաճախ հավաստի են համարում իրավապահ մարմինների, հատկապես անվտանգության նախարարության աշխատակիցների կողմից տրված ցուցմունքները և հաճախ նույնիսկ անտեսում են իրեղեն ապացույցները:

Օրենքի համաձայն` պատասխանողը և պաշտպանն իրավասու են ծանոթանալու գործով ձեռք բերված ապացույցներին, առերեսում իրականացնել և վկաներ հարցաքննել: Ցանկացած անձ կարող է ցուցմունք տալ և, ըստ էության, բոլոր ցուցմունքները ենթակա են քննության: Օրենքը նախատեսում է նաև բողոքարկման իրավունքը: Որպես պատասխանող կարող է հանդես գալ ցանկացած անձ:

Թեև Սահմանադրությունը նախատեսում է դավանանքի ազատություն, սակայն պրակտիկայում այդ իրավունքը սահմանափակվում է և ցանկացած կրոն դավանելու իրավունքի հանդեպ հարգանքն սկսում է աստիճանաբար անհետանալ:

Ուլամոյի Խորհուրդը` մուսուլմանական հոգևորականության կոմիտեն, մշակում է կրոնական պրակտիկային վերաբերող մեկնաբանություններ, որոնց աշխարհի բոլոր իմամները պետք է հետևեն: Թեև այս կոմիտեն համարվում է անկախ կազմակերպություն, այն ենթարկվում է կառավարական ազդեցությանը: Մշակույթի նախարարության կրոնի հարցերով զբաղվող մարմինը պատասխանատու է գործող բոլոր կրոնական կազմակերպությունների համար: Այդ մարմինը Կառավարության հետ խորհրդակցելուց հետո գրանցում և հաստատում է գործող կրոնական կազմակերպությունների սրբավայրերը: Ինչ վերաբերում է մուսուլմաններին, ապա կրոնի հարցերով զբաղվող մարմինը հսկողություն է իրականացնում հաջի, ինչպես նաև դրա մասնակից անձանց նկատմամբ: Կրոնական քաղաքականության ղեկավարման համար նախագահ Ռահմոնը տարվա ընթացքում ստեղծել է մուսուլմանական ուսմունքի կենտրոն:

Կառավարությունը շարունակում է սահմանափակել այն կրոնական կազմակերպությունների գործունեությունը, որոնք կարող են «վտանգել ազգային անվտանգությունը»…

Կառավարության աշխատակիցները մշտապես հսկողություն իրականացնելու համար այցելում են մզկիթներ, ստուգում տեսանյութերը և ձայնագրառումները` հակակառավարական և ծայրահեղական գործողությունների վերաբերյալ ապացույց ձեռք բերելու համար: Կրոնի հարցերով զբաղվող մարմինը շարունակում է ստուգել իմամների կրոնական գիտելիքները` կրոնական հարցերի շուրջ իրենց տեսակետներին տեղեկանալու համար:

Օտարերկրյա ազդեցությունից պաշտպանելուն ուղղված միջոցառումները հանգեցրել են երկրում կրոնական փոքրամասնությունների իրավունքների սահմանափակմանը: Կառավարությունը չեղյալ չհամարեց ՀԹ-ի (Հիզբուտ-Թահրիր) գործունեության նկատմամբ ընդունված արգելքը: Ավելին, Կառավարությունը Սալաֆիս կոչվող ևս մի Իսլամական քաղաքական կազմակերպության գործունեության նկատմամբ սահմանափակումներ է մտցրել:

   

ՕՐԵՆՔ

    

I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ

   

76. Դիմողը փաստել է, որ Տաջիկստան հանձնելու դեպքում ինքը կենթարկվի վատ վերաբերմունքի և իր նկատմամբ կխախտվի Կոնվենցիայի 3-րդ հոդվածի պահանջը: Նա նաև նշել է, Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հաշվի չի առել հանձնման դիմում ներկայացրած պետությունում խոշտանգման զոհ դառնալու վտանգը: Կոնվենցիայի 3-րդ հոդվածը սահմանում է`

«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:

    

A. Կողմերի ներկայացրած բացատրությունները

  

1. Կառավարությունը

77. Կառավարությունը վիճարկել է դիմողի փաստերը:

78. Իր փաստարկներում Տաջիկստանի կառավարությունը հավաստել է, որ 1998 թվականից մինչև 2000 թվականը դիմողը սահմանադրական կարգը տապալելու նպատակով հանցավոր խմբակցության է անդամակցել և հանդիսացել է Հիզբուտ-Թահրիր քաղաքական կազմակերպության անդամ, ռասայական և կրոնական թշնամանք հրահրող տեղեկություններ է տարածել և անօրինական խմբավորման համար նոր անդամներ է հավաքագրել:

79. 2003թ. փետրվարի 14-ին Գերագույն դատարանը Հիզբուտ-Թահրիրը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն և արգելել է դրա գործունեությունը Ռուսաստանի Դաշնության տարածքում:

80. Օդինցովոյի դատախազությունում իրականացված առաջին հարցաքննության ընթացքում տրված այն հարցին, թե դիմողն արդյոք քաղաքական հետապնդումների ենթարկվե՞լ է, թե` ոչ, վերջինս բացասական պատասխան է տվել` ավելացնելով, որ Ռուսաստանի Դաշնության տարածք է եկել աշխատանք փնտրելու նպատակով:

81. 2008թ. մարտի 20-ին դիմողը փաստել է, որ Տաջիկստանից փախուստի է դիմել անվտանգության նախարարության հետապնդումների պատճառով, սակայն իր այդ հայտարարության վերաբերյալ ոչ մի ապացույց չի ներկայացրել: Դրա փոխարեն դիմողը նշել է, որ իր եղբայրը դատապարտվել է ինը տարի ազատազրկման, քանի որ անդամակցել է Հիզբուտ-Թահրիր կազմակերպությանը: Կառավարության տեսակետի համաձայն` դիմողը տեղեկացված է եղել վերոնշյալ կազմակերպության գործունեության մասին:

82. Դիմողը չէր կարող կրոնական արարողությունների կատարման համար հետապնդման ենթարկվել, քանի որ Իսլամը համարվում է Տաջիկստանի պետական կրոնը: Բացի դրանից, Կառավարությունը նշել է, որ Տաջիկստանում ոչ մի կրոնական կազմակերպություն հետապնդման չի ենթարկվել:

83. Հաջորդ վեց տարիների ընթացքում դիմողը Ռուսաստանում փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմում չի ներկայացրել: Մոսկվայի ԴՄԾ-ն, մանրամասն ուսումնասիրություն կատարելուց հետո, հանգել է այն եզրակացությանը, որ դիմողը չի համապատասխանում փախստականի կարգավիճակին: Այս մարմնի աշխատակիցներն ուսումնասիրել են Տաջիկստանում առկա քաղաքական և սոցիալական վիճակը, հատկապես մանրամասն ուսումնասիրել են դատական և ուղղիչ հիմնարկների աշխատանքը, ինչպես նաև Տաջիկստանի իշխանությունների վերաբերմունքը մուսուլմանների նկատմամբ:

84. Տաջիկստանի Գլխավոր դատախազությունը դիվանագիտական երաշխիքներ է ներկայացրել այն մասին, որ դիմողը ենթարկվելու է քրեական պատասխանատվության այն արարքների համար, որոնցում մեղավոր է ճանաչվել, իսկ դատարանի առջև պատասխան տալու և քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելուց հետո կարող է լքել Տաջիկստանը և, բացի դրանից, դիմողը չի վտարվի կամ չի հանձնվի երրորդ Պետության` առանց Ռուսաստանի իշխանության մարմինների համաձայնության: Քրեական օրենսգրքի պահանջներին համապատասխան` Տաջիկստանը պարտավոր է պաշտպանել անձանց իրավունքները, իսկ հանցանքի կատարման համար նշանակված պատիժը չի կարող անձին ֆիզիկական կամ հոգեկան տառապանքներ պատճառելու կամ արժանապատվությունը նվաստացնելու նպատակ հետապնդել:

85. Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է Ռուսաստանի Գլխավոր դատախազին, որ հանձնման մասին միջնորդությունը մերժելու հիմքերը բացակայում են, քանի որ Տաջիկստանը, որպես ՄԱԿ-ի անդամ, պարտավորվել է իրականացնել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով նախատեսված դրույթները և ապահովել պետական մարմինների կողմից իրականացված գործառույթները բողոքարկելու` անձանց իրավունքը: Տաջիկստանը վավերացրել է 1966թ. Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը, 1989թ. Փախստականների մասին կոնվենցիան, Խոշտանգումների դեմ 1984թ. կոնվենցիան և այլ միջազգային փաստաթղթեր: Ռուսաստանի Դաշնությունը պաշտոնապես ճանաչել է Տաջիկստանը որպես սոցիալական, ժողովրդավարական պետություն:

86. Վատ վերաբերմունքի զոհ դառնալու` դիմողի ներկայացրած փաստարկներն անհիմն են: Հետևաբար, նրա հանձնումը Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված իրավունքի խախտում չէր առաջացնի:

 

2. Դիմողը

87. Դիմողը հայտնել է Ռուսաստանի իշխանության մարմիններին, որ ինքը հետապնդվում է Հիզբուտ-Թահրիր կազմակերպությանն անդամակցելու համար: Մասնավորապես, 2008թ. օգոստոսի 22-ին նա հայտնել է Մոսկվայի քաղաքային դատարանին, որ 2001 թվականին ինքը տեղեկացել է, որ Տաջիկստան վերադառնալուն պես իրեն կալանավորելու են: Դիմողը 2001 թվականից ներառված է եղել հետախուզման մեջ գտնվող անձանց ցուցակում, ինչը հաստատվում է նաև այն հանգամանքով, որ վերջինս 2001թ. հոկտեմբերի 27-ին կալանավորվել է որպես Տաջիկստանում հետախուզվող անձ: 2008թ. օգոստոսի 22-ին Մոսկվայի քաղաքային դատարանում հարցաքննվելիս դիմողը պաշտպան չի ունեցել և, հետևաբար, չի գիտակցել իր կողմից արված արտահայտության իրավական հետևանքների մասին: Դիմողը նշել էր, որ Ռուսաստանի Դաշնություն է եկել աշխատանք փնտրելու նպատակով: Դիմողը նաև նշել է, որ փախստականի կարգավիճակ ստանալու համար իրավասու էր դիմելու համապատասխան մարմիններին ցանկացած ժամանակ, այլ ոչ թե Ռուսաստան ժամանելուց անմիջապես հետո: Դիմողը նաև կասկածի տակ է առնել գործում դիվանագիտական երաշխիքների առկայությունը: Այսպիսով, ընդհանուր առմամբ դիմողը հայտնել է, որ Տաջիկստան հանձնելու դեպքում իր նկատմամբ կխախտվեն Կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանված իրավունքները:

 

B. Դատարանի գնահատականը

     

1. Ընդունելիություն

88. Դատարանը նշում է, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման վերաբերյալ պահանջը` Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթներին համապատասխան չի կարելի անընդունելի համարել: Դատարանը նաև գտնում, որ այլ հիմքեր չկան այն անընդունելի համարելու համար: Այսպիսով, Դատարանը հայտնում է, որ խախտման վերաբերյալ պահանջն ընդունելի է:

  

2. Հիմքեր

  

a) Ընդհանուր սկզբունքներ

   

89. Դատարանը նաև կրկնում է, որ վատ վերաբերմունքը պետք է հասնի թեկուզ նվազագույն մակարդակի, որպեսզի համարվի Կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով խախտում: Այդ նվազագույն մակարդակի գնահատականը, բնականաբար, համեմատական հասկացություն է: Այն կախված է գործի այնպիսի հանգամանքներից, ինչպիսիք են վերաբերմունքի կամ պատժի բնույթն ու բովանդակությունը, դրա արտահայտման ձևերն ու մեթոդները, տևողությունը, ֆիզիկական կամ հոգեբանական ազդեցությունը, իսկ որոշ դեպքերում` նաև սեռը, տարիքը կամ տուժողի առողջական վիճակը (տե՛ս Տ.-ն ընդդեմ Մեծ Բրիտանիայի [GC] թիվ 24724/94, կետ 68, 1999թ. դեկտեմբերի 16): Վատ վերաբերմունքը պետք է հաստատվի գոյություն ունեցող ապացույցներով: Գնահատականի համար Դատարանն ապացույցների նկատմամբ կիրառում է «հիմնավոր կասկածների բացակայությունը», սակայն ավելացնում, որ ապացույցները պետք է կազմված լինեն հստակ, պարզ և փոխհամաձայնեցված կամ այլ անհերքելի դատողություններից (տե՛ս Ջալլոհն ընդդեմ Գերմանիայի [GC] թիվ 54810/00, կետ 67, ECHR 2006-IX):

90. Այնուհետև Դատարանը հիշեցնում է, որ Պայմանավորվող պետությունների կողմից հանձնման իրականացումը կարող է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում առաջացնել և, Կոնվենցիայի դրույթներին համապատասխան, պետությունը կարող է պատասխանատվության ենթարկվել այն բանի համար, որ հանձնման ենթակա անձը կարող է Կոնվենցիայի 3-րդ հոդվածով արգելված վատ վերաբերմունքի զոհ դառնալ: Պետությանը նման պատասխանատվության ենթարկելը նաև ենթադրում է այդտեղ առկա իրավիճակի պարզաբանում, մասնավորապես Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված երաշխիքների առկայության պարզաբանում: Ամեն դեպքում, միջազգային իրավունքի կամ Կոնվենցիայի նորմերից ելնելով` ընդունող պետությանը չի կարելի պատասխանատվության ենթարկել (տե՛ս Սորինգն ընդդեմ Մեծ Բրիտանիայի, Սերիա A թիվ 161, կետ 91, 1989թ. հուլիսի 7):

91. Եթե ապացուցվի, որ անձի հանձնման դեպքում վերջինս կենթարկվի Կոնվենցիայի 3-րդ հոդվածով արգելված ֆիզիկական վատ վերաբերմունքի, ապա Դատարանը պարտավոր է հիմք ընդունել գործով առկա ապացույցները կամ սեփական նախաձեռնությամբ ապացույցներ ձեռք բերել (տե՛ս Հ.Լ.Ռ.-ն ընդդեմ Ֆրանսիայի, Դատական վճիռների և որոշումների մասին զեկույց 1997-III, կետ 37, 1997թ. ապրիլի 29): Պայմանավորվող պետություններին Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտմամբ պատասխանատվության ենթարկելիս պետք է հաշվի առնվի հանձնման դեպքում անձին նման վատ վերաբերմունքի ենթարկելու վտանգի մասին Պայմանավորվող պետությանը հայտնի լինելու փաստերի տեսանկյունից (տե՛ս Կրուզ Վարասը և այլոք ընդդեմ Շվեդիայի, Սերիա A թիվ 201, 1991թ. մարտի կետեր 20, 75-76 և Վիլվարաջահը և այլոք ընդդեմ Մեծ Բրիտանիայի, Սերիա A թիվ 215, 1991թ. հոկտեմբերի 30, կետ 107): Սակայն, եթե դիմողը չի վտարվել կամ հանձնվել Դատարանում գործի քննության ժամանակ, համապատասխան ժամանակը կհանդիսանա Դատարանում իրականացված դատաքննության ժամանակը (տե՛ս Չահալն ընդդեմ Մեծ Բրիտանիայի, 1996թ. նոյեմբերի 15, կետեր 85-86, 1996-V Զեկույցներ):

92. Վատ վերաբերմունքի վտանգի առկայությունը պարզելու համար Դատարանը, հաշվի առնելով պետությունում առկա իրավիճակը և հանգամանքները, պետք է ուսումնասիրի հանձնման կանխատեսելի հետևանքները (տե՛ս վերը նշած Վիլվարաջահը և այլոք, 108-րդ կետի վերջին մասը): Դիմողի համար սկզբունքային է այնպիսի ապացույցներ ներկայացնել, որոնք կհաստատեն, որ իր նկատմամբ կիրառված միջոցները հնարավոր է հանգեցնեն Կոնվենցիայի 3-րդ հոդվածով արգելված վերաբերմունքին (տե՛ս Ն.-ն ընդդեմ Ֆինլանդիայի թիվ 38885/02 որոշում, կետ 167, 2005թ. հուլիսի 26): Եթե նման ապացույցներ կան, Կառավարությունն իրավունք ունի փարատելու դրանց վերաբերյալ առկա կասկածները (տե՛ս Ռյաբիկինն ընդդեմ Ռուսաստանի թիվ 8320/04, կետ 112, 2008թ. հունիսի 19):

93. Ինչ վերաբերում է քննարկվող պետությունում առկա ընդհանուր վիճակին, Դատարանը նշում է, որ առանձնակի կարևորություն է տալիս մարդու իրավունքների հարցերով զբաղվող «Միջազգային համաներում» կոչվող միջազգային կազմակերպության կամ որպես պետական աղբյուր հանդիսացող ԱՄՆ պետական դեպարտամենտի ներկայացրած զեկույցներում առկա տեղեկություններին (տե՛ս, օրինակ, վերը նշված Չահալը, կետեր 99-100, Մուսլիմն ընդդեմ Թուրքիայի, թիվ 53566/99 որոշում, կետ 67, 2005թ. ապրիլի 26, Սաիդն ընդդեմ Նիդեռլանդների, թիվ 2345/02, կետ 54, 2005թ. հուլիսի 5 և Այ-Մոաջադն ընդդեմ Գերմանիայի (որոշումը) թիվ 35865/03, 2007թ. փետրվարի 20, կետեր 65-66): Միաժամանակ, Դատարանը նշում է, որ երկրում անկայուն վիճակի հետևանքով վատ վերաբերմունքի հավանականությունն ինքնին չի կարելի Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում համարել (տե՛ս վերը նշված Վիլվարաջահը և այլոք, կետ 111 և Ֆատգան և այլոք ընդդեմ Գերմանիայի (որոշումը) թիվ 67679/01, 2001 մայիսի 31): Եթե Դատարանի կողմից ուսումնասիրվող տեղեկություններն ունեն ընդհանուր բնույթ, ապա դիմողը պետք է ավելի կոնկրետացնող, լրացուցիչ ապացույցներ ներկայացնի (տե՛ս Մամատկուլովը և Ասքարովն ընդդեմ Թուրքիայի [GC] թիվ 46827/99 և 46951/99 որոշումները, կետ 73, ECHR 2005-I):

  

(b) Տվյալ գործով կիրառելի հիմնական սկզբունքներ

  

94. Վերը նշված նախադեպային իրավունքի համաձայն` պետք է ստուգել, թե արդյոք դիմողին Տաջիկստան հանձնելով խախտվու՞մ են Կոնվենցիայի 3-րդ հոդվածի պահանջները: Քանի որ դիմողը դեռ չի հանձնվել, իսկ Դատական կանոնակարգի 39-րդ Կանոնի համաձայն` նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու մասին որոշում է կայացվել, վատ վերաբերմունքի վտանգի ֆիզիկական հաշվարկի ժամկետ պետք է համարել Դատարանում գործի քննության ժամկետը:

95. Դիմողի փաստարկների համաձայն` Տաջիկստանում խոշտանգման ենթարկվելու վտանգը պայմանավորված է երկու հանգամանքով: Առաջին` հիմք ընդունելով մի շարք միջազգային կազմակերպությունների զեկույցները` դիմողը փաստում է, որ մարդու իրավունքների ոլորտում երկրում տիրող իրավիճակը, մեղմ ասած, ողբալի է: Երկրորդ` նա հայտնում է, որ Տաջիկստանում կալանավորվելուց հետո իր հանդեպ վատ վերաբերմունքի վտանգի առկայությունն ավելի մեծ է, քանի որ նա հետապնդվում է որպես Հիզբուտ-Թահրիր կազմակերպության անդամ:

96. Հետևաբար, Դատարանն առաջին հերթին քննարկում է այն հարցը, թե արդյոք երկրում տիրող քաղաքական իրավիճակը կարո՞ղ է ենթադրել, որ դիմողը վատ վերաբերմունքի զոհ կդառնա: Այս հարցի կապակցությամբ Դատարանն ընդգծում է Կառավարության կողմից ներկայացված այն փաստարկը, որ Տաջիկստանը հարգում է մարդու հիմնարար իրավունքները: Սակայն Դատարանը գտնում է, որ անձանց վտարման կամ հանձնման գործերով ինքն իրավասու է իշխանության կողմից ներկայացված փաստարկները համեմատել վստահելի և օբյեկտիվ աղբյուրներից ստացված փաստերի հետ (տե՛ս Սալահ Շեյխն ընդդեմ Նիդեռլանդների թիվ 1948/04, կետ 136, ECHR 2007-... և Սաադին ընդդեմ Իտալիայի [GC], թիվ 37201/06, կետ 131, 2008թ. փետրվարի 28):

97. Այս հարցի կապակցությամբ Դատարանը, հիմք ընդունելով օբյեկտիվ աղբյուրներից ստացված տեղեկությունները, փաստում է, որ Տաջիկստանում մարդու հիմնարար իրավունքների վերաբերյալ առկա իրավիճակը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: Օրինակ` Խոշտանգումների դեմ կոմիտեն նշում է, որ Տաջիկստանի օրենսդրությունն ամբողջությամբ չի համապատասխանում Խոշտանգման դեմ կոնվենցիայի տեքստին և բովանդակությանը, ինչն ինքնին վատ վերաբերմունքից անձանց պաշտպանության մակարդակի վերաբերյալ կասկածների տեղիք է տալիս: Կոմիտեն նաև նշել է, որ հաճախ անձին կալանավորելու փաստը ոչ մի տեղ չի գրանցվում, կալանավորված անձանց իրավաբանական և համապատասխան բժշկական օգնություն չի տրամադրվում և նրանց հարցաքննում են Խոշտանգման դեմ կոնվենցիայի դրույթներով արգելված մեթոդներով (տե՛ս վերը` կետ 72): «Միջազգային համաներումը» հայտնել է, որ Տաջիկստանում դավանանքի ազատությունն ապօրինաբար սահմանափակվում է պետական մարմինների կողմից (տե՛ս վերը` կետ 73): «Մարդու իրավունքների պաշտպան» կազմակերպությունը նշում է, որ վատ վերաբերմունք կիրառած պետական մարմինների անպատժելիությունը տարածված բնույթ է կրում (տե՛ս վերը` կետ 74): ԱՄՆ պետական դեպարտամենտը նույնպես նշել է, որ անվտանգության աշխատակիցները հաճախ վատ վերաբերմունք են դրսևորում անձանց նկատմամբ և խոչընդոտում անկախ միջազգային մարմինների, այդ թվում` Կարմիր խաչի աշխատակիցներին այցելելու կալանավայրեր (տե՛ս վերը` կետ 75):

98. Կառավարության կողմից բերված փաստարկները Դատարանին համոզիչ չթվացին այն պատճառով, որ մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ փաստաթղթերի վավերացումն ինքնին չի կարող վատ վերաբերմունքից անձանց պաշտպանության երաշխիք հանդիսանալ: Հիմնարար իրավունքները հարգելու երաշխիքներ նախատեսող ներպետական օրենսդրության առկայությունը կամ միջազգային պայմանագրերին անդամակցելն ինքնին վատ վերաբերմունքից պաշտպանության երաշխիք չեն կարող հանդիսանալ այն դեպքում, երբ իրականում հավաստի աղբյուրները փաստում են, որ իշխանության որոշ մարմիններ գործում են Կոնվենցիայով սահմանված սկզբունքներին հակառակ (տե՛ս վերը նշված Սաադին, կետ 147): Քանի որ Կառավարությանը չի հաջողվել ապացուցել, որ մարդու իրավունքների ոլորտում Տաջիկստանում առկա վիճակը բարելավվել է` ներկայացված զեկույցներում առկա իրավիճակի համեմատ, Դատարանը պատրաստ է փաստել, որ կալանավորված անձանց նկատմամբ վատ վերաբերմունքը շարունակում է Տաջիկստանում արդիական խնդիր համարվել:

99. Այնուամենայնիվ, Դատարանը նշում է, որ վերոգրյալ փաստարկները վկայում են երկրում առկա ընդհանուր վիճակի մասին, սակայն պետք է հաստատվեն կոնկրետ բողոքներով և պահանջում են նաև այլ ապացույցներ (տե՛ս վերը նշված Մամատկուլովը և Ասքարովը` կետ 73): Նույն ենթատեքստում Դատարանը պետք է ստուգի` արդյոք իշխանության մարմինները, մինչև հանձնման մասին որոշում կայացնելը, գնահատել են վատ վերաբերմունքի ենթարկվելու վտանգի առկայությունը (տե՛ս վերը նշված Ռյաբիկինը, կետ 117):

100. Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման վերաբերյալ դիմողի հիմնական փաստարկը հանդիսանում է այն, որ Տաջիկստանում վատ վերաբերմունքի զոհ դառնալու վտանգը կապվում է իրեն մեղսագրվող արարքների ծանրության հետ: Այս կապակցությամբ Դատարանը նշում է, որ դիմողը մեղադրվում է միջազգային Իսլամական կազմակերպությանը` Հիզբուտ-Թահրիրին անդամակցելու համար: Դատարանը հիշեցնում է, որ քննվող գործի այն մասում, որտեղ դիմողը նշում է, որ խմբի անդամ հանդիսացող անձինք պարբերաբար ենթարկվում են վատ վերաբերմունքի, պետք է գործեն Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված պաշտպանության միջոցները, այն դեպքում, երբ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անկախ միջազգային կազմակերպության և պետական մարմնի կողմից ներկայացված զեկույցներով, իր կողմից բերված փաստարկներով դիմողը կապացուցի, որ լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ վատ վերաբերմունքը տարածված է նշյալ կազմակերպության անդամների նկատմամբ (տե՛ս վերը նշված Սաադին, կետ 132): Նշված հանգամանքներից ելնելով` Դատարանը չի պնդում, որպեսզի դիմողն այլ լրացուցիչ ապացույցներ ներկայացնի, քանի որ դրանով իսկ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված պաշտպանության միջոցները պատրանքային բնույթ կկրեն (տե՛ս Մումինովն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 42502/06 որոշում, 2008թ. դեկտեմբերի 11, կետ 95 և Հ.Ա.-ն ընդդեմ Մեծ Բրիտանիայի թիվ 25904/07, 2008թ. հուլիսի 17, կետ 116):

101. Տաջիկստանում դիմողին մեղադրում են Հիզբուտ-Թահրիր կազմակերպությանն անդամակցելու մեջ, ինչը դիմողն ամեն անգամ հերքում է: Հաշվի առնելով հեղինակավոր կազմակերպությունների զեկույցները (տե՛ս, մասնավորապես, կետեր 73 և 75), Դատարանը նշում է, որ լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ քաղաքական կամ կրոնական կազմակերպության անդամներն իշխանությունների կողմից ենթարկվում են հետապնդման: Անդրադառնալով Իշխանությունների կողմից ներկայացված այն փաստին, որ դիմողը Ռուսաստանի Դաշնություն ժամանելուն պես փախստականի կարգավիճակ ստանալու միջնորդություն չի ներկայացրել, ինքնին վատ վերաբերմունքի ենթարկվելու վտանգի ժխտման փաստ չի կարելի համարել, քանի որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված պաշտպանության երաշխիքներն ավելի լայն են, քան Միավորված ազգերի կազմակերպության 1951 թվականի` Փախստականների մասին կոնվենցիայի 32-րդ և 33-րդ հոդվածներով նախատեսված միջոցները (տե՛ս վերը նշված Սաադին, փոփոխություններով, կետ 138):

102. Հիմք ընդունելով վերոգրյալը` Դատարանը գտնում է, որ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ դիմողին Տաջիկստան հանձնելու դեպքում վերջինս Կոնվենցիայի 3-րդ հոդվածով արգելված վերաբերմունքի զոհ կդառնա:

103. Դատարանը նշում է, որ իշխանությունները հիմք են ընդունել Տաջիկստանի Գլխավոր դատախազի հայտնած այն երաշխիքը, որ դիմողը վատ վերաբերմունքի զոհ չի դառնա (տե՛ս վերը` կետ 84): Այս կապակցությամբ Դատարանն ընդգծում է, որ իր իրավասության մեջ է մտնում ստուգել, թե արդյոք դիվանագիտական երաշխիքներն իրենց կիրառական բնույթով կարո՞ղ են վատ վերաբերմունքից պաշտպանվելու երաշխիք հանդիսանալ: Դատարանը նշում է, որ գործում ներկայացված երաշխիքներն անորոշ են և չկոնկրետացված և, հետևաբար, Դատարանը կասկածի տակ է առնում դրանց արժեքավորության հարցը: Դատարանը մեկ անգամ ևս ընդգծում է, որ դիվանագիտական երաշխիքներն ինքնին բավարար չեն վատ վերաբերմունքից պաշտպանվելու համար այն դեպքում, երբ հավաստի աղբյուրները տեղեկացնում են, որ իշխանության մարմինները Կոնվենցիայի դրույթներին հակասող գործողություններ են կատարում (տե՛ս վերը նշված Սաադին, կետեր 147-148):

104. Վերջում Դատարանը քննության է առնում դիմողի փաստարկն այն մասին, որ ռուսական իշխանության մարմինները լուրջ քննություն չեն իրականացրել վատ վերաբերմունքի ենթարկվելու վտանգը բացահայտելու համար: Իշխանությունները հավաստել են, որ դիմողը 2008թ. հունվարի 11-ին` մոտավորապես հանձնման մասին միջնորդությունն ստանալուց հինգ ամիս առաջ, Ռուսաստանի միգրացիայի ծառայություն հայտարարություն է ներկայացրել այն մասին, որ ինքը Տաջիկստանում քաղաքական հետապնդման է ենթարկվել (տե՛ս վերը` կետ 38): Սակայն դիմողի հանձնման վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննության ժամանակ Ռուսաստանի Գերագույն դատարանն ուղղակի հայտնել է, որ ապաստան տրամադրելու վերաբերյալ դիմողի խնդրանքը մերժվել է, իսկ Տաջիկստանում կրոնական հետապնդման ենթարկվելու հավաստումներն անհիմն են ճանաչվել (տե՛ս վերը` կետեր 18 և 19): Այդ պատճառով Դատարանը չի կարող հանգել այն եզրակացությանը, որ Ռուսաստանի իշխանության մարմինները քննության են առել Կոնվենցիայի 3-րդ հոդվածով արգելված վատ վերաբերմունքի վտանգի առկայությունը դիմողին Տաջիկստան հանձնելու դեպքում:

105. Այսպիսով, Դատարանը հանգում է այն եզրակացությանը, որ դիմողին Տաջիկստան հանձնելը կհանգեցներ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման:

   

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ

  

106. Դիմողը նշել է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին (f) կետի պահանջների համաձայն` մինչ հանձնումն իրեն անժամկետ կալանքի տակ պահելը «անօրինական» է եղել հետևյալ պատճառաբանություններով: Առաջին` 2007թ. դեկտեմբերի 21-ին նրան կալանավորել են` առանց հանձնման մասին պաշտոնական պահանջի առկայության: Երկրորդ` նրան կալանքի տակ պահելու ժամկետը դատարանի կողմից չի երկարացվել: Բացի դրանից, նա նաև մեջբերել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 2-րդ կետը` նշելով, որ իրեն անհապաղ չեն տեղեկացրել ձերբակալման հիմքերի մասին: Եվ վերջապես, դիմողը նշել է նաև Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետը` ընդգծելով, որ նախ` իր կալանավորման նկատմամբ դատական հսկողություն չի իրականացվել, իսկ, բացի դրանից, ինքը հնարավորություն չի ունեցել բողոքարկելու իր կալանավորումը, քանի որ երկու շաբաթ կալանքի տակ լինելով` զրկված է եղել պաշտպան ունենալու իրավունքից:

107. Կոնվենցիայի 5-րդ հոդվածը` այնքանով, որքանով վերաբերելի է սույն գործին, սահմանում է`

      

«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով՝

...

անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը՝ նրա անօրինական մուտքը երկիր կանխելու նպատակով, կամ այն անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը, որի դեմ միջոցներ են ձեռնարկվում` նրան արտաքսելու կամ հանձնելու նպատակով:

2. Յուրաքանչյուր ձերբակալված իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է իր ձերբակալման պատճառների և ներկայացվող ցանկացած մեղադրանքի մասին:

...

4. Յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը, որի կապակցությամբ դատարանն անհապաղ որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե կալանավորումն անօրինական է»:

      

A. Կողմերի ներկայացրած բացատրությունները

 

1. Կառավարությունը

108. Կառավարությունը փաստել է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի մասով դիմողը չի սպառել ներպետական պաշտպանության միջոցները, ինչպես նաև դատարան կամ դատախազություն բողոք չի ներկայացրել մինչև դատավարության ավարտն իր կալանքի անօրինականության կամ անհիմն երկարատև լինելու վերաբերյալ: Կառավարությունը նաև հավաստիացրել է, որ 2007թ. դեկտեմբերի 28-ի և 30-ի որոշումների դեմ վերաքննիչ բողոք չի ներկայացվել:

109. Այնուհետև Կառավարությունը փաստել է, որ դիմողի կալանավորումն անհրաժեշտ էր նրա հանձնումն իրականացնելու համար և բխել է Ռուսաստանի օրենսդրության իրավական դրույթներից և միջազգային իրավական չափանիշներից: Դիմողի հանձնման հետ կապված գործողություններն իրականացվել են առանց անհարկի ձգձգումների` օրենքով սահմանված կարգով:

110. 2007թ. նոյեմբերի 28-ին Օդինցովոյի դատախազությունը դիմողին ներկայացրել է ձերբակալման հիմքերը: Հարցաքննության ժամանակ դիմողը գրավոր շարադրել է, որ ինքը քաղաքական հետապնդման չի ենթարկվել և փախստական չէ: Հաջորդ երկու շաբաթների ընթացքում դիմողը պաշտպան ունենալու միջնորդություն չի ներկայացրել:

111. Դիմողին մինչև դատավարության ավարտը կալանքի տակ պահելն իրականացվել է քր.դատ.օր.-ի պահանջներին համապատասխան, որոնք, Սահմանադրական դատարանի 2006թ. ապրիլի 4-ի որոշմամբ սույն գործով կիրառելի են ճանաչվել: Մինչև հանձնման վերաբերյալ դատավարության ավարտը ծանր հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձանց մինչդատական կալանքի ժամկետը չի կարող գերազանցել տասներկու ամիսը: Դիմողին մինչև դատավարությունը կալանքի տակ պահելու ժամկետը տևել է տասներկու ամիս: Կալանքի տակ պահելու ժամկետը, թեև Քաղաքային դատարանի 2007թ. դեկտեմբերի 28-ի որոշման մեջ չի ամրագրվել, իրականացվել է 109-րդ հոդվածի և Մինսկի կոնվենցիայի 62-րդ հոդվածի պահանջներին համապատասխան: Հետևաբար, Կառավարության պնդմամբ` դիմողը կարող էր մինչև իր հանձնման մասին պահանջի ներկայացումը քառասուն օր գտնվել կալանքի տակ, այնուհետև ևս տասներկու ամիս` մինչև հանձնման վերաբերյալ դատաքննության ավարտը: Դիմողն իրավունք ուներ վիճարկելու իր կալանավորման օրինականությունը:

  

2. Դիմողը

112. Դիմողը հավաստիացրել է, որ իր կալանքն անօրինական է եղել, քանի որ կալանքի ժամկետը ներպետական դատարանների կողմից չի երկարացվել: Վերջինս նաև բողոք է ներկայացրել 5-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ կետերի խախտման վերաբերյալ:

  

B. Դատարանի գնահատականը

     

1. Տվյալ գործով կիրառելի հիմնական սկզբունքներ

     

(a) Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 2-րդ կետ

    

113. Դատարանն ուշադրություն է հրավիրում Կառավարության այն փաստարկի վրա, որ դիմողը Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 2-րդ կետի առումով չի սպառել ներպետական պաշտպանության միջոցները: Սակայն Դատարանն անհրաժեշտ չի համարում այս հարցը քննարկել հետևյալ պատճառաբանությամբ:

114. Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 2-րդ կետը նախատեսում է այն տարրական պաշտպանության միջոցները, այդ թվում` նաև այն, որ ձերբակալված անձը պետք է տեղեկացվի իր ձերբակալման հիմքերի մասին: Այս դրույթը համարվում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածով նախատեսված պաշտպանության միջոցի անբաժան մասը. Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջից բխում է, որ ցանկացած ձերբակալված անձ պարզ, մատչելի, ոչ մասնագիտական, վերջինիս համար հասկանալի լեզվով պետք է տեղեկացվի, որ իր ձերբակալման օրինականությունը կարող է դատական կարգով վիճարկվել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջներին համապատասխան: Եթե այս տեղեկությունը պետք է ձերբակալված անձին անմիջապես հայտնել, ապա նույնը չի կարելի ասել ձերբակալում իրականացնող անձի կողմից տրամադրվող ցանկացած տեղեկության մասին: Դրա տրամադրման բովանդակությունը և օպերատիվությունը պետք է գնահատվի յուրաքանչյուր գործով առանձին` հաշվի առնելով դրա առանձնահատկությունները (տե՛ս Ֆոքսը, Քեմփբելը, Հարթլին և այլոք ընդդեմ Մեծ Բրիտանիայի, Սերիա A թիվ 182, 1990թ. օգոստոսի 30, կետ 40):

115. Այնուհետև Դատարանը հիշեցնում է, որ հանցանքի կատարման մեջ մեղադրվող անձին ձերբակալելիս Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 2-րդ կետը չի պահանջում, որպեսզի ձերբակալված անձին սահմանված որոշակի ձևով, ներառյալ նաև ամբողջական մեղադրանքի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրվի (տե՛ս Բորդովսկին ընդդեմ Ռուսաստանի, թիվ 49491/99, 2005թ. փետրվարի 8, կետ 56): Այն դեպքում, երբ մեղադրանքի վերաբերյալ տրամադրվող ոչ բավարար տեղեկությունները կարող են Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին (c) կետի պահանջներին համապատասխան ձերբակալված անձի` Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության իրավունքի խախտմանը հանգեցնել, հանձնման նպատակով ձերբակալված անձի վրա այդ սկզբունքը չի տարածվում, քանի որ դատական քննությունը կապված է հանցագործության սահմանման հետ (տե՛ս Կ.-ն ընդդեմ Բելգիայի, գանգատ թիվ 10819/84, 1984թ. հուլիսի 5, Կոմիտեի Որոշումներ, Զեկույցներ և որոշումներ (DR) 38, էջ 230):

116. Այս կապակցությամբ Դատարանը նշել է, որ դիմողի գրավոր դիմումից պարզ է դառնում, որ նրան ուղարկվել են Տաջիկստանում նրա նկատմամբ հարուցված քրեական գործով մի շարք քննչական փաստաթղթեր, որոնց կապակցությամբ էլ վերջինս հայտնել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում մեղսագրվող արարքներում (տե՛ս վերը` կետ 33): Հիմք ընդունելով այս փաստերը` Դատարանը գտնում է, որ Ռուսաստանի իշխանության մարմինների կողմից նման փաստաթղթեր տրամադրելը պետք է համարել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պարտականության պատշաճ կատարում (տե՛ս Էմինբեյլին ընդդեմ Ռուսաստանի թիվ 42443/02 որոշում, 2009 փետրվարի 26, կետ 57 և վերը նշված Բորդովսկին, կետ 57):

117. Այսպիսով, գանգատի այս մասը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն համարվում է ոչ բավարար հիմնավորված և նույն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված հիմքով ենթակա է մերժման:

  

(b) Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ կետեր

     

118. Ինչ վերաբերում է Կառավարության այն փաստարկին, որ դիմողը չի սպառել ներպետական օրենսդրությամբ սահմանված իրավական պաշտպանության միջոցները, ապա պետք է նշել, որ այն անխզելիորեն կապված է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի հետ և անհրաժեշտ է Կառավարության հակափաստարկները քննության առնել ներկայացված գանգատի հանգամանքների հետ մեկտեղ:

119. Այնուհետև, Դատարանը նշում է, որ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման հիմքով ներկայացված գանգատը չի կարելի ոչ պատշաճ ապացուցված համարել: Դատարանը նշում է, որ այն անընդունելի համարելու հիմքեր չկան: Այսպիսով, Դատարանը ներկայացված գանգատն ընդունելի է համարում:

 

3. Հանգամանքներ

 

a) Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետեր

 

120. Առաջին հերթին Դատարանը քննության է առել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի վերաբերյալ ներկայացված գանգատը:

121. Դատարանը հիշեցնում է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի նպատակը ձերբակալված կամ կալանավորված անձանց նկատմամբ կիրառված խափանման միջոցների օրինականության նկատմամբ դատական հսկողության ապահովումն է (տե՛ս Դե Վիլդեն, Օմսը և Վերսիպն ընդդեմ Գերմանիայի, փոփոխություններով, Սերիա A, թիվ 12, 1971թ. հուլիսի 18): Իրավական պաշտպանության միջոցները պետք է անձին տրամադրվեն ձերբակալելուն պես, որպեսզի վերջինս անմիջապես հնարավորություն ունենա վիճարկելու իր ձերբակալման օրինականությունը: Նման վերանայումը, համապատասխան հիմքերի առկայության դեպքում, կարող է հանգեցնել անձին կալանքից ազատելուն: Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված իրավական պաշտպանության միջոցների առկայությունն անվիճելի է: Դրա բացակայությունը հանգեցնում է արդարադատության մատչելիության և հասանելիության նվազեցման, ինչը խոչընդոտում է սույն հոդվածի նպատակների իրականացմանը (տե՛ս Թալատ Թեպեն ընդդեմ Թուրքիայի, թիվ 31247/96, 2004թ. դեկտեմբերի 21, կետ 72):

122. Նախ` Դատարանը նշում է, որ վերը քննարկված իրավական պաշտպանության երաշխիքները մինչև հանձնման դատավարության իրականացումը դիմողին չեն տրամադրվել, այլ միայն նշվել է, որ նա կարող է բողոք ներկայացնել դատախազություն կամ դատարան: Կառավարությունը նաև հավաստել է, որ դիմողը 2007թ. նոյեմբերի 30-ի և դեկտեմբերի 28-ի որոշումների դեմ կարող էր վերաքննիչ բողոք ներկայացնել:

123. Դատարանը նշում է, որ 2007թ. նոյեմբերի 30-ի և դեկտեմբերի 28-ի երկու որոշումներն էլ կոչվում են «խափանման միջոցի ընտրության վերաբերյալ որոշումներ», և որոնցում հղում էր կատարված քր.դատ.օր.-ի 108-րդ հոդվածին: Նաև նշված էր, որ այդ որոշումներն անձը կարող է բողոքարկել Մոսկվայի շրջանային դատարան` կայացման օրվանից եռօրյա ժամկետում (տե՛ս վերը` կետեր 34 և 36):

124. Դատարանը միանշանակ համաձայն է, որ քր.դատ.օր.-ի 108-րդ հոդվածի 11-րդ կետը սահմանում է, որ դիմողն իրավասու էր բողոքարկելու կալանավորման մասին 2007թ. նոյեմբերի 30-ին կայացված առաջին որոշումը: Սակայն Կառավարությունը չի մեկնաբանել այն փաստը, որ 2007թ. դեկտեմբերի 28-ի կալանքի մասին որոշման ժամկետը չի երկարաձգվել, սակայն ընտրված խափանման միջոցը նորից կիրառվել է` հաշվի չառնելով այն փաստը, որ 2007թ. նոյեմբերի 30-ի որոշումը չէր վերացվել, իսկ դիմողի նկատմամբ ընտրված խափանման միջոցը շարունակել է գործել և չի փոխվել: Դատարանը նշում է, որ ներպետական իրավունքը շարունակում է լռել կալանքի մասին կայացված երկրորդ որոշման բողոքարկման հնարավորության մասին և գտնում է, որ այս պայմաններում դիմողը 2007թ. դեկտեմբերի 28-ի որոշումը չէր կարող բողոքարկել:

125. Եթե նույնիսկ ենթադրենք, որ դիմողը 2007թ. դեկտեմբերի 28-ի և նոյեմբերի 30-ի որոշումները բողոքարկելու մասով չի սպառել ներպետական պաշտպանության միջոցները, ապա Դատարանը նշում է, որ կողմերի միջև տարակարծություններ չեն առաջանում այն հարցի շուրջ, որ դիմողը, մինչև հանձնման վերաբերյալ դատավարության ավարտն ավելի քան տասը ամիս շարունակել է մնալ կալանքի տակ: Դատարանը գտնում է, որ այդ ժամանակահատվածի ընթացքում կարող էին բացահայտվել նաև խափանման միջոցի ընտրության վերաբերյալ նոր հանգամանքներ, և, համաձայն Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի, դիմողը հնարավորություն կունենար դիմել իրավասու «դատարան» իր անազատության «անօրինականությունը» նոր հանգամանքների լույսի ներքո քննության առնելու համար, որոնք ի հայտ են եկել իրեն առաջին անգամ կալանավորելուց հետո (տե՛ս Իսմայլովը և այլոք ընդդեմ Ռուսաստանի, թիվ 2947/06, կետ 146, 2008թ. ապրիլի 24):

126. Կառավարությունը միայն փաստել է, որ դիմողն իրավասու էր դիմելու դատարան կամ դատախազություն կալանավորման մասին որոշման օրինականությունը քննության առնելու համար, սակայն ներպետական օրենսդրության կոնկրետ դրույթ չի հիշատակել: Այս կապակցությամբ Դատարանը հիշեցնում է, որ ներպետական իրավական պաշտպանության միջոցների սպառված չլինելու վերաբերյալ հայտարարություն ներկայացրած իշխանությունները պարտավոր են ապահովել իրավական պաշտպանության մատչելիությունն ինչպես օրենսդրությամբ, այնպես էլ իրավակիրառ պրակտիկայում: Այլ կերպ ասած, այն պետք է մատչելի լինի և դիմողի հաղթանակի բանական հնարավորություն նախատեսի (տե՛ս Սելմոունին ընդդեմ Ֆրանսիայի [GC] թիվ 25808/94, կետ 76, ECHR 1999-V և Միֆսուդն ընդդեմ Ֆրանսիայի (որոշում) թիվ 57220/00, կետ 15, ECHR 2002-VIII): Այնուհետև Դատարանը հիշեցնում է, որ ներպետական իրավական պաշտպանության միջոցների «արդյունավետությունը» վերաբերում է հայտնաբերված խախտման վերացմանը կամ կայացված որոշմամբ պատճառված վնասների հատուցմանը (տե՛ս Կուդլան ընդդեմ Լեհաստանի [GC], թիվ 30210/96, կետ 158, ECHR-XI):

127. Ամեն դեպքում, չի քննարկվում այն հարցը, թե արդյոք Կառավարությունը սահմանե՞լ է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի ենթադրյալ խախտման վերաբերյալ դիմումի առկայության դեպքում դատարանի կամ դատախազի կողմից փոխհատուցման կամ կանխարգելիչ հատուցման ձև: Դատարանն ընդգծում է, որ հանգել է այն եզրակացությանը, որ քր.դատ.օր.-ի 108-րդ և 109-րդ հոդվածները հանձնման նպատակով կալանավորված անձանց թույլ չեն տալիս բողոքարկել իրենց կալանավորման օրինականության հարցը, եթե դատախազը կալանքի երկարացման համար պահանջ չի ներկայացրել (տե՛ս Նասրուլլոևն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 656/06, կետ 88, 2007թ. հոկտեմբերի 11, վերը նշված Իսմայովը և այլոք, կետ 151 և վերը նշված Մումինովը, կետ 114): Ավելին, Դատարանը կասկածի տակ է առնում, որ «քրեական դատավարության կողմերը» քր.դատ.օր.-ի 16-րդ գլխով նախատեսված կարգով կարող են նախնական քննության փուլում կայացված որոշումները դատախազին (հոդված 124-րդ) կամ դատարան (հոդված 125) բողոքարկել և նշում է, որ դիմողը կարող էր նաև գանգատ ներկայացնել այս հարցի վերաբերյալ, քանի որ գործից չի երևում, որ Ռուսաստանի դատարանների կողմից ընկալվող իմաստով քրեական դատավարության կողմ է հանդիսանում (տե՛ս վերը նշված Մումինովը, կետ 115):

128. Դատարանը, այսպիսով բավարար չի գնահատում այն հանգամանքը, որ ներպետական օրենսդրությունը սահմանափակում էր դիմողի` կալանավորման օրինականության վերաբերյալ դատարան դիմելու իրավունքը:

129. Համապատասխանաբար, Դատարանը հանգում է այն եզրակացությանը, որ Կառավարությունը չի կարողացել ապացուցել, որ իրավական պաշտպանության միջոցները թե՛ օրենսդրության մեջ, և թե՛ իրավակիրառ պրակտիկայում հասանելի են, և, հետևաբար, Դատարանը գտնում է, որ իրավական պաշտպանության միջոցներն արդյունավետ և մատչելի չեն (տե՛ս Ա.-ն և Ե.-ն ընդդեմ Նորվեգիայի, թիվ 9042/04, կետ 41. 2007թ. մայիսի 31 և Վերնիլլոն ընդդեմ Ֆրանսիայի, Սերիա A թիվ 198, 1991թ. փետրվարի 20): Հետևաբար, ներպետական պաշտպանության միջոցների սպառված չլինելու վերաբերյալ Կառավարության փաստարկները ենթական են մերժման:

130. Սրանից բխում է, որ մինչև հանձնման վերաբերյալ դատավարության իրականացման ավարտը կալանքի տակ գտնվելով` դիմողը հնարավորություն չի ունեցել բողոքարկելու իր կալանքի օրինականության հարցը: Այս հանգամանքների լույսի ներքո, Դատարանը անհրաժեշտ չի համարում առանձին քննության առնել դիմողի այն գանգատը, որ երկու շաբաթ կալանքի տակ գտնվելով` պաշտպանի ծառայություններից չի կարողացել օգտվել:

131. Այսպիսով, տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի խախտում:

  

(b) Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետ

  

132. 5-րդ հոդվածը վերաբերում է մարդու հիմնարար իրավունքներին, հատկապես Պետության անհարկի միջամտություններից անձի պաշտպանության իրավունքին (տե՛ս Աքսոյն ընդդեմ Թուրքիայի, 1996թ. դեկտեմբերի 18, կետ 76, 1996-VI Զեկույցներ): 5-րդ հոդվածի շարադրանքից երևում է, որ դրանում նշված երաշխիքները վերաբերում են «յուրաքանչյուրին» (տե՛ս Ա.Ի.-ն ընդդեմ Մեծ Բրիտանիայի [GC] թիվ 3455/05, կետ 162, ECHR 2009-…): Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի (a) - (f) ենթակետերն ազատության սահմանափակման սպառիչ թվարկում են տալիս, և դրանցից դուրս ազատազրկման ցանկացած սահմանափակում համարվում է անօրինական (տե՛ս վերը նշված Ա.-ն և այլոք, կետ 163):

133. Կողմերը համակարծիք են, որ նախ դիմողը կալանավորվել է որպես անձ, «ում վերաբերյալ քրեական գործ է հարուցվել … հանձնման նպատակով», և որ նրան կալանավորելը կարգավորվում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի (f) ենթակետով: Սակայն կողմերը վիճարկել են, թե արդյոք դիմողի կալանավորումը Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով «օրինական» է եղել, թե` ոչ:

134. Անհրաժեշտ է քննարկել այն հարցը, թե դիմողի կալանավորման «օրինականությունը» կարելի է համարել վեճի առարկա, թե` ոչ, ինչպես նաև այն, թե կալանքն իրականացնելիս պահպանվե՞լ են, արդյոք, ներպետական օրենսդրությամբ սահմանված նյութաիրավական և դատավարական նորմերը: Միայն ներպետական օրենսդրությամբ սահմանված նորմերի պահպանումը բավարար չէ. Կոնվենցիայի 5-րդ հոդվածը սահմանում է, որ ցանկացած ազատության սահմանափակման նպատակն անձին ինքնիրավչությունից պաշտպանելն է (տե՛ս Էրկալոն ընդդեմ Նիդեռլանդների, 1998թ. սեպտեմբերի 2, կետ 52, 1998-VI Զեկույցներ, և Սթիլը և այլոք ընդդեմ Մեծ Բրիտանիայի, 1998թ. սեպտեմբերի 23, կետ 54, 1998-VI Զեկույցներ):

135. Թեև ներպետական իշխանության մարմինները, հատկապես դատարանները, առաջին հերթին պետք է կիրառեն և մեկնաբանեն ներպետական օրենսդրության նորմերը, սակայն այդ պահանջը կարող է հանգեցնել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտման, և Դատարանը կարող է և իրավասու է քննարկել այդ խախտումները (տե՛ս Բենհամն ընդդեմ Մեծ Բրիտանիայի, 1996թ. հուլիսի 10, կետ 41, 1996-III Զեկույցներ, Ջեկիուսն ընդդեմ Լիտվայի, թիվ 34578/97, կետ 68, ECHR 2000-IX և Լադենտը ընդդեմ Լեհաստանի թիվ 11036/03, կետ 47, ECHR 2008-...(քաղվածք)):

136. Հիմք ընդունելով քննվող գործի հանգամանքները` Դատարանը նշում է, որ դիմողի հանձնումն ուղեկցվել է վերջինիս կալանավորմամբ, որն իրականացվել է Տաջիկստանի քննիչների, այլ ոչ թե դատարանի որոշման հիման վրա: 2007թ. նոյեմբերի 30-ին Ռուսաստանի Դաշնության դատարանը, կիրառելով քր.դատ.օր.-ի 108-րդ հոդվածի և Մինսկի կոնվենցիայի պահանջները, որոշում է ընդունել վերջինիս նկատմամբ կալանքը կիրառել որպես հիմնական խափանման միջոց:

137. Դատարանն ուշադրություն է հրավիրում Կառավարության այն փաստարկի վրա, որ դիմողին կալանավորելը կարգավորվում է Մինսկի կոնվենցիայի 1-ին կետով և նշում է, որ մինչև հանձնման վերաբերյալ պաշտոնական պահանջ ստանալն իշխանություններն իրավասու են քառասնօրյա ժամկետով անձին կալանքի տակ պահել (տե՛ս վերը` կետ 71): Կալանավորելուց մինչև հանձնման մասին պահանջն ստանալը տևել է քսանչորս օր: Այս հանգամանքների լույսի ներքո, Դատարանը չի գտնում, որ դիմողին կալանքի տակ պահելը մինչև հանձնման մասին պաշտոնական պահանջն ստանալը, այն է` մինչև 2007թ. նոյեմբերի 27-ը, պետք է «անօրինական» համարել միայն հանձնման մասին պաշտոնական պահանջի բացակայության պատճառով:

138. Սակայն վիճահարույց է այն հարցը, թե արդյոք 2007թ. նոյեմբերի 30-ին Քաղաքային դատարանի կողմից ընդունված` դիմողին կալանավորելու մասին որոշումը բավարար էր մինչև հանձնման մասին որոշում կայացնելը վերջինիս անազատության մեջ պահելու համար, կամ այդ որոշումը ենթակա էր, արդյոք, պարբերաբար վերանայման (տե՛ս Նասրուլլոևն ընդդեմ Ռուսաստանի թիվ 656/06, կետ 73, 2007թ. հոկտեմբերի 11):

139. Կառավարության պնդմամբ` կալանքի տակ պահելու ժամկետը կարգավորվում է քր.դատ.օր.-ի 109-րդ հոդվածով, որի համաձայն` ծանր հանցագործությունների դեպքում կալանքը կարող է տևել մինչև քառասուն օր: Միևնույն ժամանակ, Դատարանը նշում է, որ քր.դատ.օր.-ի 109-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին համապատասխան` երկամսյա ժամկետը գերազանցող կալանքի դեպքում դատարանի որոշման առկայության պարագայում այն կարելի է «օրինական» համարել (տե՛ս վերը` կետ 56):

140. Կառավարությունը նշել է, որ համապատասխանաբար` 2007թ. նոյեմբերի 30-ին և 2007թ. դեկտեմբերի 28-ին կալանավորման երկու որոշումները կայացրել է Քաղաքային դատարանը` կիրառելով քր.դատ.օր.-ի 108-րդ հոդվածի պահանջները (տե՛ս վերը` կետեր 34 և 36): Դատարանին հասկանալի չէ այն փաստը, որ միևնույն դատարանը դիմողի նկատմամբ քսանութ օրվա ընթացքում երկու անգամ ընտրել է նույն խափանման միջոցը, և դիմողն այդ ժամանակահատվածում ազատ չի արձակվել: Այնուամենայնիվ, նույնիսկ ենթադրելով, որ Քաղաքային դատարանը 2007թ. դեկտեմբերի 28-ին որոշում կայացնելիս սխալմամբ է կիրառել առաջնային կալանավորումը կարգավորող քր.դատ.օր.-ի 108-րդ հոդվածը, սակայն նույն որոշմամբ դատարանը չի երկարացրել կալանավորման ժամկետը, ինչը հանգեցրել է քր.դատ.օր.-ի 109-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված երկամսյա ժամկետի խախտման, իսկ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին որոշում առհասարակ չի կայացվել:

141. Ներպետական ցանկացած դատարանի` կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին որոշման բացակայության պայմաններում, Դատարանը պետք է եզրահանգի, որ 2008թ. մայիսի 29-ից հետո, մասնավորապես, կալանքի տակ պահելու վեցամսյա ժամկետի լրանալուց հետո` դիմողը գտնվել է կալանքի տակ քր.դատ.օր.-ի 109-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջների խախտմամբ: Այսպիսով, Դատարանը հանգում է այն եզրակացությանը, որ դիմողին մինչև հանձնման դատավարության ավարտը կալանքի տակ պահելն իրականացվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտմամբ, ուստի այդ պատճառով այն չի կարելի «օրինական» համարել:

142. Այսպիսով, առկա է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:

  

III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ

    

143. Դիմողը պնդել է, որ Տաջիկստանում իր դեմ հարուցված քրեական հետապնդումն անհիմն է, իսկ հանձնման դեպքում վտանգվում է իր նկատմամբ իրականացվող արդարադատությունը: Նա մատնանշել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածը, որը սահմանում է`

«1. Յուրաքանչյուր ոք … ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի …անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք...»:

144. Կառավարությունը մերժել է այս փաստարկները:

145. Դիմողի գանգատը թողնվել է ուժի մեջ:

   

A. Ընդունելիություն

   

146. Դատարանը նշում է, որ սույն գանգատը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին համապատասխան պատշաճ հիմնավորված է: Դատարանը գտնում է, որ այլ հիմքեր չկան գանգատն անհիմն համարելու համար, և հետևաբար վերջինս պետք է կիրառելի համարել:

  

B. Հիմքեր

  

147. Դատարանն ընդգծում է, որ դիմողին Տաջիկստան հանձնելը կհանգեցներ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման (տե՛ս վերը` կետ 105): Հիմք չկա կասկածելու, որ Պատասխանող պետությունը կատարել է դատարանի որոշումը, և Դատարանը հարկ չի համարում անդրադառնալ հետևյալ վարկածային հարցին` արդյոք կխախտվե՞ր Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը դիմողին Տաջիկստան հանձնելու դեպքում (տե՛ս վերը նշված Սաադին, կետ 160):

  

IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ

  

148. Դիմողը պնդել է, որ Կոնվենցիայի 3-րդ և 5-րդ հոդվածների խախտման արդյունքում նրան իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ չի տրամադրվել, ինչը հանգեցրել է Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտման: Նշված հոդվածը սահմանում է`

 

«Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե նման խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»:

 

149. Իշխանությունները վիճարկել են դիմողի հայտարարությունները և նշել, որ վերջինս իր բողոքի վերաբերյալ արդյունավետ իրավական պաշտպանության միջոցներ ուներ:

150. Դիմողի գանգատը թողնվել է ուժի մեջ:

151. Ինչ վերաբերում է խոշտանգումից պաշտպանվելու համար իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների բացակայության վերաբերյալ ներկայացված գանգատին, ինչպես նաև այն փաստին, որ հնարավոր է դիմողի փախուստը դեպի Տաջիկստան, Դատարանը նշում է, որ այս հոդվածի վերաբերյալ դիմողի գանգատը քննության է առնվել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համատեքստում: Հիմք ընդունելով վերոգրյալը (տե՛ս վերը` կետ 104), Դատարանը նշում է, որ եթե 13-րդ հոդվածի խախտման վերաբերյալ գանգատը քննության է առնվել 3-րդ հոդվածի համատեքստում, պետք է ընդունելի համարվի և ըստ էության առանձին քննության չառնվի (տե՛ս, փոփոխություններով` Շայպովան և այլոք ընդդեմ Ռուսաստանի, 2008թ. նոյեմբերի 6, թիվ 10796/04, կետ 124 և Մակարացիզն ընդդեմ Հունաստանի [GC] թիվ 50385/99, կետեր 84-86, ECHR 2004-XI ):

152. Ինչ վերաբերում է 5-րդ հոդվածի համատեքստում քննության առնված 13-րդ հոդվածի խախտման վերաբերյալ գանգատին, Դատարանը հիշեցնում է, որ նախադեպային իրավունքին համապատասխան` 5-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված առավել հստակ սահմանված երաշխիքները, որոնք 13-րդ հոդվածի նկատմամբ համարվում են հատուկ օրենքներ, ներառում են այդ հոդվածի պահանջները: Հիմք ընդունելով 5-րդ հոդվածի 4-րդ կետի վերաբերյալ վերոգրյալ եզրահանգումները` Դատարանը գտնում է, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համատեքստում 13-րդ հոդվածի վերաբերյալ առանձին հարց չի ծագում:

  

V. ԱՅԼ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ

  

153. Հիմք ընդունելով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետը` դիմողը փաստել է, որ Ռուսաստանի Գլխավոր դատախազի տեղակալը 2008թ. հունիսի 4-ի որոշումն ընդունել է ի հավաստումն այն բանի, որ դիմողը կատարել է իրեն մեղսագրվող հանցագործությունները, որոնց համար ցանկացած դատարան կարող էր նրան մեղավոր ճանաչել:

154. Հիմք ընդունելով գործում առկա փաստերը և գործելով իր իրավասության սահմաններում` Դատարանը գտնում է, որ դիմողի նշված փաստերում առկա չեն Կոնվենցիայում և Արձանագրություններում նշված իրավունքների և ազատությունների խախտումներ: Այստեղից հետևում է, որ գանգատը` նշված մասով ենթակա է մերժման, քանի որ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ հոդվածների պահանջներին համապատասխան պատշաճ հիմնավորված չի կարելի համարել:

    

VI. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄ

    

 155. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի կիրառում

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:

  

A. Վնասը

   

156. Դիմողը պահանջել է 15.000 եվրո` որպես իրեն պատճառված բարոյական վնասի հատուցում

157. Կառավարությունը նշել է, որ պահանջված գումարը չափից ավելի է:

158. Դատարանը նշում է, որ սույն գործով մի շարք խախտումներ են արձանագրվել և փաստել է, որ դիմողին բարոյական վնաս է պատճառվել, որը չի կարող հատուցվել միայն սույն գործով կատարված խախտումները հաստատելով: Այսպիսով, Դատարանը գտնում է, որ արդարացված է դիմողին որպես բարոյական վնասի հատուցում տրամադրել 15.000 եվրո:

   

B. Տուգանային տոկոսներ

   

159. Դատարանը նպատակահարմար է գտնում, որպեսզի տուգանային տոկոսը գանձվի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության միջին տոկոսադրույքի հիման վրա` հավելած երեք տոկոս:

    

ՎԵՐՈԳՐՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ

     

1. Որոշում է` Կոնվենցիայի 5-րդ հոդվածի խախտման հիմքով դիմողի ներկայացրած գանգատի վերաբերյալ ներպետական իրավական պաշտպանության միջոցներն սպառված չլինելու մասին Կառավարության առարկությունները գործին վերաբերող չհամարել և մերժել այն,

2. Հայտարարում է` Կոնվենցիայի 3-րդ և 5-րդ հոդվածների 1-ին և 4-րդ, 6-րդ հոդվածի 1-ին և 13-րդ կետերով ներկայացված գանգատը ճանաչել ընդունելի, իսկ դիմումի մնացած մասը` անընդունելի,

3. Վճռում է, ըստ դիմողին Տաջիկստան հանձնելու վերաբերյալ պահանջի բավարարումը կհանգեցնի Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման,

4. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի խախտում,

5. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում,

6. Վճռում է, որ անհրաժեշտ չէ քննարկել այն հարցը, որ դիմողին Տաջիկստան հանձնման դեպքում կառաջանա նաև Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում,

 7. Վճռում է, որ Կոնվենցիայի 3-րդ և 5-րդ հոդվածների խախտման հետ մեկտեղ Կոնվենցիայի 13-րդ հոդվածի առանձին քննարկման խնդիր առկա չէ:

8. Վճռում է,

    

(a) որ վճիռը վերջնական դառնալուց հետո երեք ամսվա ընթացքում պատասխանող պետությունը, Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան, պետք է դիմողին վճարի հետևյալ գումարը` 15.000 եվրո (տասնհինգ հազար եվրո) որպես բարոյական վնասի հատուցում, որը պետք է տրամադրվի ռուսական ռուբլով` վճարման օրը գործող փոխարժեքով,

(b) որ վճարումը վերոհիշյալ եռամսյակի ժամկետը լրանալուց հետո կատարելու դեպքում այդ ժամանակահատվածի համար պետք է վճարվի տուգանային տոկոս, որը հավասար է չկատարված պարտականության ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության միջին տոկոսադրույքին` հավելած երեք տոկոս:

   

Կատարվել է անգլերենով և Դատարանի կանոնների 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն գրավոր հրապարակվել 2010թ. մայիսի 12-ին: