ՊԱԴՈՒՐԵՏՆ ԸՆԴԴԵՄ ՄՈԼԴՈՎԱՅԻ ԳՈՐԾՈՎ
2010թ. հունվարի 5-ի վճիռը
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
ՓԱՍՏԵՐ
I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
1. Դիմողը ծնվել է 1979թ. և ապրում է Բոզիենիում:
2. Գործի հանգամանքները, ինչպես ներկայացրել են կողմերը, կարող են ներկայացվել հետևյալ կերպ.
3. Դեպքի ժամանակ դիմողը եղել է Քիշնևում գտնվող Տիրասպոլի պետական համալսարանում ուսանող:
1. Դիմողի ձերբակալումը և նրա նկատմամբ ենթադրյալ վատ վերաբերմունքը
4. 2000թ. փետրվարի 3-ին Պ.-ն հաղորդում է ներկայացրել Ցենտրու ոստիկանության բաժանմունք այն մասին, որ 1999թ.-ի դեկտեմբերի 27-ին երեք անհայտ անձինք իրեն կողոպտել են: Նա կասկածել է, որ նրանցից մեկը դիմողն էր:
5. Քրեական հետապնդում է սկսվել: 2000թ. մարտի 31-ին, ժամը 7.30-ի սահմաններում ոստիկանական ակադեմիայի ուսանող Ա.Պ.-ն թակում է դիմողի դուռը: Դուռը բացելուն պես` դիմողին ստիպում են հետևել Ա.Պ.-ին` դեպի փողոց, որտեղ նրան հարկադրում են նստել ավտոմեքենա, որը պատկանում էր Պ.-ին` ոստիկանության ակադեմիա այլ ուսանողի, իսկ Ա.Ռ.-ն սպասում էր մեքենայի մեջ:
6. Ըստ դիմողի` նրան հարվածել են Ա.Պ.-ն ու Ա.Ռ.-ն` Ցենտրու ոստիկանության բաժանմունք գնալու ճանապարհին: Ժամանելով կայարան` դիմողին անմիջապես տեղափոխել են թիվ 508 գրասենյակ: Դիմողը պնդել է, որ այդ գրասենյակում իր նկատմամբ վատ վերաբերմունք է ցուցաբերվել Ա.Պ.-ի և Ա.Ռ.-ի ու քաղաքացիական համազգեստով այլ անձի կողմից, ում ինքնությունն այն ժամանակ նրան հայտնի չէր: Նա ներկայացրել է այս գանգատը դատախազությանը:
7. Դիմողին առաջարկել են խոստովանել, թե իբր ինքն է կողոպտել Պ.-ին: Երբ նա հրաժարվել է, Ա.Պ.-ն և Ա.Ռ.-ն նրա ձեռքերն ու ոտքերը կապել են մեջքին և կախել հարակից մետաղյա երկու սեղանների վրա տեղադրված ձողից (դիրք, որ կոչվում է «ծիծեռնակ» և հավասարազոր է «պաղեստինյան կախաղանին»): Հետո դագանակով հարվածել են նրա ոտնաթաթերին և բռունցքներով` մարմնի տարբեր մասերին: Գազի դիմակ են դրել նրա դեմքին և օդի մուտքի խողովակի մեջ սիգարետի ծուխ փչել` պատճառելով նրան խեղդվելու զգացողություն: Այդ խողովակը հետագայում ամրացրել են նրա առնանդամին: Նրան կալանավորողները նաև երեք անգամ ապակյա շիշ են մտցրել նրա հետանցքը: Մեկ անգամ նա կորցրել է գիտակցությունը:
8. Այդ օրն ավելի ուշ դիմողը տեղափոխվել է դատախազություն: Հաշվի առնելով դիմողի մարմնի վրա նկատվող վատ վերաբերմունքի հստակ նշանները` դատախազը հանձնարարել է բժշկական հետազոտություն` պարզելու համար արդյոք նա ենթարկվել է վատ վերաբերմունքի, թե` ոչ:
9. Ըստ դիմողի` Պ.-ի գանգատի հիման վրա անցկացվող քննության համար պատասխանատու քննիչը Օ.-ն էր: Վարույթին ներգրավված աշխատակցի, այդ թվում` ոստիկաններ Ս.-ի, Ա.Պ.-ի և Ա.Ռ.-ի ձերբակալման որևէ լիազորություն այս ծառայողը երբեք չի ունեցել:
10. 2000թ. ապրիլի 3-ին դիմողը զննվել է մի խումբ դատական բժիշկների կողմից, որոնք պարզել են, որ նա վնասվել էր: Մասնավորապես, նրա աչքը կապտել էր և կրծքավանդակին առկա էր 10 x 7 սմ չափսի կապտուկ, ինչպես նաև ստացել էր գլխի ցնցում ու հետանցքի վնասվածք: Բժիշկները բացառել են այն հնարավորությունը, որ վնասվածքները կարող էին առաջացած լինել ընկնելու հետևանքով: Այդ օրն ավելի ուշ նա ընդունվել էր հիվանդանոց ուղեղի ցնցում ախտորոշմամբ:
11. Նույն օրը դիմողի դեմ քրեական հետապնդումը դադարեցվել է, բայց նա հավանաբար այդ մասին չի տեղեկացվել, սակայն տեղեկացվել է շատ ավելի ուշ` չնշված ամսաթվի:
12. 2000թ. ապրիլի 12-ին արված իր հայտարարությունում Ա.Պ.-ն նշել է, inter alia, որ դիմողին հարցաքննելու ժամանակ ներկա է եղել նաև մի մարդ` Ռ.Բ.-ն, ով չի եղել ոստիկանական ծառայող: Ոչ մի բռնություն չի կիրառվել դիմողի դեմ, ով ձերբակալվել էր քննիչ Գ.-ի հրամանով:
2. Դիմողի նկատմամբ վատ վերաբերմունքի առնչությամբ քննությունը և Ա.Պ.-ի ու Ա.Ռ.-ի դատավարությունը
13. 2000թ. հունիսի 15-ին Ա.Պ.-ի և Ա.Ռ.-ի դեմ քրեական հետապնդում է սկսվել:
14. Դիմողը ենթարկվել է ևս երկու բժշկական հետազոտության` 2000թ. հունիսի 28-ին և հուլիսի 24-ին, որոնցով հաստատվել են նրան պատճառված մարմնական վնասվածքները: Վերջին քննության արդյունքում արվել է այն եզրակացությունը, որ չի կարող բացառվել, որ դիմողը կարող էր ինքն իրեն պատճառել այդ վնասվածքները:
15. 2000թ. սեպտեմբերի 21-ին քննիչը որոշել է կարճել Ա.Պ.-ի և Ա.Ռ.-ի դեմ հարուցված քրեական գործի վարույթը ապացույցների բացակայության հիմքով: 2000թ. նոյեմբերի 29-ին դիմողը բողոք է ներկայացրել դատախազին` գործի վարույթի կարճման դեմ` նշելով, որ ինքը չի տեղեկացվել այդ մասին մինչև այն ժամանակ, երբ 2000թ. նոյեմբերի 21-ին պահանջել է իրեն թարմ տեղեկություններ հաղորդել գործի ընթացքի մասին: 2000թ. դեկտեմբերի 1-ին դատախազը բեկանել է քննիչի որոշումը:
16. Համաձայն 1999թ. օգոստոսի 26-ին ներքին գործերի նախարարի կողմից արձակված հրամանի` Ոստիկանության ակադեմիայի ուսանողներ Ա.Պ.-ն և Ա.Ռ.-ն ժամանակավորապես լիազորվել էին մինչև 2000թ. մարտի 1-ը գործելու որպես ոստիկանության տեսուչներ: 2000թ. դեկտեմբերի 25-ին տեսուչը Ս.-ն նկատողություն էր ստացել 2000թ. մարտի 31-ին դիմողին ձերբակալելու մասին Ա.Պ.-ին և Ա.Ռ.-ին հրաման տալու համար` չնայած այն հանգամանքին, որ նա տեղյակ է եղել, որ նրանք այլևս իրավասու չէին հանդես գալու որպես ոստիկանության տեսուչներ. նրանց գործողությունները հանգեցրել են դիմողին մարմնական վնասվածքներ պատճառելուն:
21. 2000թ. դեկտեմբերի 30-ին դատախազը որոշել է կարճել Ա.Պ.-ի և Ա.Ռ.-ի դեմ հարուցված քրեական գործի վարույթը` համաձայն Քրեական օրենսգրքի հոդված 185(2)-ի (պաշտոնեական դիրքի չարաշահում, տես ստորև`կետ 41-րդ) ապացույցների բացակայության հիմքով, և սկսել է քննություն քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի (2)-րդ մասով` ապօրինաբար դիմողին ազատությունից զրկելու առնչությամբ (տե'ս ստորև կետ 41-րդ):
22. 2001թ. փետրվարի 20-ին դատախազը որոշում է կայացրել Ա.Պ.-ի և Ա.Ռ.-ի դեմ Քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով կիրառվող հետապնդումը դադարեցնելու մասին և նախաձեռնել է վարչական վարույթ նրանց դեմ` դիմողին թեթև մարմնական վնասվածքներ հասցնելու առնչությամբ: 2001թ. մարտի 23-ին Ցենտրու շրջանային դատարանը չեղյալ է համարել այդ որոշումը և գործի նյութերն ուղարկել է դատախազություն` վերաորակելու Ա.Պ.-ի և Ա.Ռ.-ի կողմից կատարված գործողությունները` Քրեական օրենսգրքի դրույթների համաձայն:
23. 2001թ. ապրիլի 11-ին դատախազը 2000թ. դեկտեմբերի 30-ի իր որոշումը անվավեր է ճանաչել և գործի նյութերն ուղարկել քննիչին` հետագա քննության համար:
24. 2001թ. ապրիլի 28-ին դատախազությունը որոշել է, որ Ա.Պ.-ի և Ա.Ռ.-ի գործողությունները եղել են Քրեական օրենսգրքի 101-րդ և 207-րդ հոդվածների շրջանակներում (համապատասխանաբար` լիազորությունների ուզուրպացում/յուրացում տես ստորև կետ 41-րդ): 2001թ. մայիսի 8-ին դիմողը դիմել է Գլխավոր դատախազություն` խնդրելով, որ վերաորակեն գործողությունները` ծեծի փոխարեն նշվի խոշտանգում, ինչպես սահմանվում է Քրեական օրենսգրքի հոդված 101/1-ում (տես ստորև` կետ 41-րդ): Դիմողը շեշտել է, որ նրան խոշտանգել էին` իրենից խոստովանություն կորզելու նպատակով, որ կատարել է հանցագործություն, որն իրականում ինքը չէր կատարել: Այն կարող է միայն բնութագրվել որպես խոշտանգում: 2001թ. մայիսի 14-ին նա նման գանգատ է ներկայացրել գործի պատասխանատու դատախազին:
25. Ա.Պ.-ն, Ա.Ռ.-ն և նրանց փաստաբանները չեն ներկայացել 2001թ. մայիսի 28-ի դատական նիստին: Կայացած հաջորդ նիստի ժամանակ` 2001թ հունիսի 4-ին, Դիմողի փաստաբանը խնդրել է դատարանին Ա.Պ.-ի և Ա.Ռ.-ի գործողությունները վերաորակել ծեծից` խոշտանգման: Այս խնդրանքը մերժվել է, քանի որ դատախազությունն էր պատասխանատու նման վերաորակման համար:
26. Հետագա դատական լսումներն անցկացվել են 2001թ. հունիսի 13-ին և 20-ին, հուլիսի 9-ին, 17-ին և 20-ին և սեպտեմբերի 17-ին, 26-ին: 2001թ. սեպտեմբերի 26-ի նիստից հետո դիմողը ձերբակալվել է ոստիկանության կողմից` Ադաջիի հրամանով, ով Ա.Պ.-ի և Ա.Ռ.-ի դեմ գործում հանդիսանում էր որպես վկա` ի պաշտպանություն նրանց: Դիմողն առանձին գանգատ է ներկայացրել դատարան` այս ձերբակալման առնչությամբ: Դիմողը նաև պնդել է, որ Ա.Պ.-ն և Ա.Ռ.-ն, ովքեր հաճախ դատարանի նիստերին ներկայանում էին զինված, ինչպես նաև այլ ոստիկաններ իրեն բացեիբաց վիրավորել և ահաբեկել են դատարանում:
27. 2001թ. հոկտեմբերի 8-ին դիմողը քրեական դատավարության շրջանակներում քաղաքացիական հայց է ներկայացրել Ա.Պ.-ի և Ա .Ռ.-ի դեմ:
28. 2001թ. նոյեմբերի 27-ին Ռ.Բ.-ին կանչել են դատարան որպես պաշտպանության կողմի վկա: Դիմողը ճանաչել է Ռ.Բ.-ին` որպես քաղաքացիական հագուստով այն անձին, ով վատ վերաբերմունք էր ցուցաբերել իր նկատմամբ թիվ 508 գրասենյակում` Ա.Պ.-ի և Ա.Ռ.-ի հետ մեկտեղ: Նա խնդրել է դատախազությանը և դատարանին Ռ.Բ.-ին մեղավոր ճանաչել խոշտանգումների մեջ, ինչպես Ա.Պ.-ին և Ա.Ռ.-ին: 2001թ. նոյեմբերի 29-ին դիմողի փաստաբանը հանդես է եկել նման պահանջով: Փաստաբանը բողոք է ներկայացրել առ այն, որ քննիչները բավարար ջանքեր չէին գործադրել ստուգելու երրորդ անձի ներգրավվածությունը դիմողի նկատմամբ վատ վերաբերմունքի գործում` մեջբերելով առաջին գանգատից սկսած դիմողի անդադար պնդումներն այն մասին, որ այդ դեպքերին մասնակից եղել էր երրորդ անձ: Նրանք ոչ մի պատասխան չէին ստացել, և Ռ.Բ.-ի նկատմամբ ոչ մի հետապնդում չէր սկսվել:
29. 2002թ. ապրիլի 22-ին Ցենտրու շրջանային դատարանն Ա.Պ.-ին և Ա.Ռ.-ին մեղավոր է ճանաչել և դատապարտել նրանց երկու տարի ազատազրկման` պատժի կրումը հետաձգելով մեկ տարի ժամկետով: Ա.Պ.-ն և Ա.Ռ.-ն դիմողին պետք է վճարեին 1.235 մոլդովական լեի (MDL, համարժեք 102 եվրոյին):
30. Ի պատասխան Մոլդովայում Մարդու իրավունքների հելսինկյան կոմիտեի դիմումի` 2002թ. մայիսի 14-ին Ներքին գործերի նախարարությունը հաստատել է, որ Ա.Պ.-ն և Ա.Ռ.-ն քննության ընթացքում չեն հեռացվել իրենց պաշտոններից` ելնելով անմեղության կանխավարկածի սկզբունքից:
31. Դիմողը և մեղադրյալը բողոքարկել են: 2002թ. հոկտեմբերի 29-ին Քիշնևի տարածքային դատարանն ընդունել է դիմողի բողոքը և նրան տրամադրել 11.058 մոլդովական լեի (826 եվրո) որպես փոխհատուցում նրա կրած նյութական և ոչ նյութական վնասների համար: Դիմողը և մեղադրյալը բողոքարկել են:
32. 2002թ. դեկտեմբերի 26-ին, ինչպես նաև 2003թ. հունվարի 16-ին և 30-ին մեղադրյալի փաստաբանը չի ներկայացել դատարան: Ամեն անգամ դատական նիստերը հետաձգվել են:
33. 2003թ. փետրվարի 6-ին Վերաքննիչ դատարանը չեղյալ է համարել ստորին ատյանների դատարանների վճիռները, և գործի նյութերն ուղարկել է առաջին ատյանի դատարան` կրկնակի քննության` գտնելով, որ մեղադրյալը չէր կարող փորձել ուզուրպացնել/յուրացնել լիազորությունները:
34. Հետագա լսումները նախատեսվել են 2003թ. մարտի 20-ին, ապրիլի 14-ին և 29-ին, մայիսի 13-ին, հունիսի 1-ին և 23-ին, հուլիսի 5-ին, 20-ին և 27-ին և օգոստոսի 2-ին: Այս դատական նիստերից բոլորը, բացառությամբ մեկի, հետաձգվել են դատախազի կամ մեղադրյալի փաստաբանի բացակայության պատճառով:
35. 2003թ. մարտի 26-ին Ցենտրու շրջանային դատարանը գործի նյութերն ուղարկել է դատախազություն մեղադրյալի կողմից կատարված գործողությունները վերաորակելու համար: Ըստ դիմողի` այդ օրվանից հետո իրեն չեն տեղեկացրել դատավարության ընթացքի մասին:
36. 2003թ. ապրիլի 7-ին դիմողի փաստաբանը խնդրել է դատախազությանը մեղադրյալի գործողությունները վերաորակել որպես խոշտանգում: Չստանալով պատասխան` նա կրկնել է պահանջը 2003թ. օգոստոսի 25-ին և հետագայում բողոքարկել է Ցենտրու շրջանային դատարանին առ այն, որ ոչ մի պատասխան չի ստացել դատախազությունից: 2003թ. սեպտեմբերի 18-ին նմանատիպ բողոք է ներկայացնում նույն դատարան: 2003թ. հոկտեմբերի 8-ին Ցենտրու շրջանային դատարանը հայտնել է, որ դատախազը չի արձագանքել դիմողի դիմումատուի փաստաբանի բողոքներին առանց որևէ պատճառի: Այն հանձնարարել է դատախազությանը պատասխանել:
37. 2004թ. օգոստոսին Ա.Ռ.-ն մահացել է: Դիմողը բազմաթիվ անհաջող փորձեր է կատարել քրեական գործի նյութերին ծանոթանալու համար: Նրան չեն տեղեկացրել դատավարության ընթացքի մասին:
38. 2005թ. հունիսի 10-ին Ցենտրու շրջանային դատարանն արդարացրել է Ա.Պ.-ին, ով մեղադրվում էր ոստիկանության լիազորությունները յուրացնելու մեջ: Նրան սահմանվել է վարչական կարգով պատիժ և տուգանք 1000 մոլդովական լեի (65 եվրո): Դիմողին տրվել է 2,263 մոլդովական լեի (147 եվրո)` վնասների դիմաց:
39. 2005թ. դեկտեմբերի 8-ին Քիշնևի Վերաքննիչ դատարանը մասնակիորեն բեկանել է այդ վճիռը: Դատարանը Ա.Պ.-ին մեղավոր է ճանաչել քրեական օրենսգրքի 101-րդ հոդվածով (տե'ս ստորև` կետ 41-րդ), սակայն նրան ազատել է քրեական պատասխանատվությունից`իր գործով կիրառելի վաղեմության ժամկետի կիրառման հետևանքով, որը հինգ տարի է: Դատարանը դիմողին տրամադրել է 15.000 մոլդովական լեի (997 եվրո):
40. Գերագույն դատարանի կողմից 2006թ. մայիսի 30-ին այդ վճիռն անփոփոխ է թողնվել: Այդ վճիռը վերջնական էր:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՔ ԵՎ ԱՅԼ ՆՅՈՒԹԵՐ
1. Ներպետական օրենքի համապատասխան դրույթները
41. Քրեական օրենսգրքի համապատասխան դրույթները, որ կիրառելի էին այդ ժամանակ, սահմանում էին հետևյալը.
«Հոդված 46. Քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները
Անձը չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել, եթե հանցագործության կատարման օրվանից հետո լրացել են վաղեմության հետևյալ ժամկետները`
(3) հանցագործության կատարման օրվանից հինգ տարի անց` այն հանցագործությունների դեպքում, որոնք, ըստ սույն օրենսգրքի` պատժվում են մինչև հինգ տարի ժամկետով ազատազրկմամբ,
(4) հանցագործության կատարման օրվանից տասը տարի անց` այն հանցագործությունների դեպքում, որոնք, ըստ սույն օրենսգրքի պատժվում են ավելի քան հինգ տարի ժամկետով ազատազրկմամբ»:
Հոդված 101. Ծեծի ենթարկելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը
«Ֆիզիկական կամ հոգեկան և հուզական տառապանքներ պատճառելը` ծեծի և այլ բռնի գործողությունների միջոցով, եթե դրանք չեն հանգեցնում վնասների, որոնք նշված են սույն օրենսգրքի 95-րդ և 96-րդ հոդվածներում, պատժվում է մինչև երեք տարի ժամկետով ազատազրկմամբ... »:
Հոդված 101/1. Խոշտանգում
«Դիտավորյալ գործողությունները, որոնք ցավ կամ ծանր ֆիզիկական կամ բարոյական տառապանք են պատճառում մարդուն, հատկապես նպատակ ունենալով այդ անձից կամ որևէ երրորդ անձից տեղեկատվություն կամ խոստովանություն կորզել, պատժել գործողությունը, որն այդ անձը կամ երրորդ կողմը կատարել է կամ կասկածվում է, որ կատարել է, կամ նպատակ ունենալով սպառնալ կամ ճնշում գործադրել այդպիսի անձի կամ որևէ երրորդ կողմի վրա որևէ այլ պատճառով`հիմնված խտրականության վրա` անկախ հանգամանքներից, երբ նման ցավ կամ տառապանք պատճառվում է պետական մարմնի աշխատակցի կամ որևէ այլ անձի կողմից, ով հանդես է գալիս որպես պաշտոնատար անձ կամ ուղղակիորեն կամ անուղղակիորեն հրահրվել է նման աշխատակցի կողմից, բացառությամբ ցավի կամ տառապանքի, որոնք բացառապես օրինական պատժամիջոցների արդյունք են և բնորոշ են նման պատժամիջոցներին կամ պայմանավորված է դրանով, պատժվում են ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով»:
Հոդված 116. Անօրինական կերպով ազատությունից զրկելը
«Անօրինական կերպով ազատությունից զրկելը պատժվում է մինչև երկու տարի ազատազրկման:
Նույն գործողությունը, եթե այն վտանգել է տուժողի կյանքը կամ առողջությունը կամ պատճառել է ֆիզիկական տառապանք, պատժվում է մինչև հինգ տարի ժամկետով ազատազրկմամբ»:
Հոդված 185. Պաշտոնեական դիրքի չարաշահում կամ ultra vires գործողություններ
«Պաշտոնեական դիրքի չարաշահումը կամ ultra vires գործողությունները պետական պաշտոնյայի կողմից կատարված գործողություններն են, որոնք ակնհայտորեն գերազանցում են օրենքով սահմանված իրավունքներն ու լիազորությունները, եթե դրանք կարող են էական վնաս հասցնել պետական շահերին կամ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց իրավունքներին և օրինական շահերին, պատժվում են ազատազրկմամբ` մինչև երեք տարի ժամկետով կամ տուգանվում են սահմանված նվազագույն աշխատավարձի երեսունից մինչև հարյուրապատիկի չափով կամ պաշտոնանկությամբ. բոլոր դեպքերում էլ պատիժն ուղեկցվում է զբաղեցրած տվյալ պաշտոնում աշխատելու կամ տվյալ գործունեությամբ զբաղվելու իրավունքից մինչև հինգ տարի ժամկետով զրկելով:
Պաշտոնեական դիրքի չարաշահումը կամ ultra vires գործողությունները, որ ուղեկցվում են բռնությամբ կամ զենքի կամ տանջող գործողությունների կիրառմամբ, և որոնք նվաստացնում են տուժողի արժանապատվությունը, պատժվում են երեքից տասը տարի ժամկետով ազատազրկմամբ և տվյալ պաշտոնից կամ իրականացվող գործունեությամբ զբաղվելու իրավունքից մինչև հինգ տարի ժամկետով զրկելով»:
Հոդված 207. Լիազորությունների կամ պետական պաշտոնի կամ դիրքի յուրացումը
Լիազորությունների կամ պետական պաշտոնի կամ դիրքի յուրացումը և դրա հիման վրա հանրության համար վտանգավոր գործողությունների իրականացումը պատժվում է մինչև երկու տարի ժամկետով ազատազրկմամբ կամ տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեսունապատիկի չափով:
42. Ոստիկանության էթիկայի և Դեօնտոլոգիայի օրենսգրքերն ընդունվել են 2006թ. մայիսի 10-ին (թիվ 481 օրենք, ուժի մեջ է 2006թ. մայիսի 18-ից): Ըստ այդ օրենսգրքերի` արգելվում է վատ վերաբերմունքը և հանդուրժել կամ խրախուսել վատ վերաբերմունքը և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժ անկախ հանգամանքներից:
2. Այլ համապատասխան նյութեր
43. Երեսուներորդ նստաշրջանում (2003թ. մայիսի 8-9)` նվիրված Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի Մասնակից պետությունների կողմից ներկայացվող հաշվետվությունների քննարկմանը, Խոշտանգումների դեմ Միացյալ ազգերի կոմիտեն քննության է առնում Մոլդովայի Հանրապետության կողմից ներկայացված նախնական հաշվետվությունը (Փաստաթուղթը CAT/C/32/Add.4, 30 օգոստոսի 2002թ.):
44. 2001թ. հունիսի 10-22-ը Մոլդովա կատարած այցի վերաբերյալ CPT-ի ներկայացրած զեկույցի 72-րդ պարագրաֆում նշվում է հետևյալը.
«25. Ինչպես նշված է վերոհիշյալ 13-րդ կետում, ի պատասխան իրավիճակի վատթարացմանը` պատվիրակությունը վկայակոչում է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 5-րդ մասը` Մոլդովայի իշխանություններից պահանջելով իրականացնել, առանց հետագա ուշացման, մանրակրկիտ և անկախ հետազոտություն` պարզելու երկրով մեկ տարածված ոստիկանության ստորաբաժանումներում կալանավորված անձանց հարցաքննության ընթացքում կիրառվող մեթոդները: 2001թ. նոյեմբերի 5-ի իրենց նամակում Մոլդովայի իշխանությունները պարզապես ցույց են տալիս, որ Ներքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ տեղյակ չէ կոնկրետ դեպքերի, երբ ազատազրկվածներն անմարդկային մեթոդներով հարցաքննության են ենթարկվել ոստիկանության կողմից, և հիշեցնում է ուժի մեջ գտնվող ընթացակարգերը` վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոքների առկայության դեպքում: Նման դիրքորոշումը, Հանձնաժողովի կարծիքով, անտրամաբանական է` հաշվի առնելով 2001 թվականից հավաքված բոլոր տեղեկությունները:
Անդրադառնալով Կոնվենցիայի 3-րդ հոդվածին` CPT կոչ է անում Մոլդովական իշխանություններին անհապաղ իրականացնել վերոհիշյալ քննությունը և տեղեկացնել Հանձնաժողովին դրանց արդյունքների մասին 2001թ. այցի վերաբերյալ զեկույցի փոխանցումից հետո երեք ամսվա ընթացքում»:
45. 2002թ. հունիսի 26-ին CPT-ի 2001թ.-ի զեկույցին ուղղված Մոլդովայի Կառավարության պատասխանի համապատասխան հատվածները սահմանում են հետևյալը.
28. CPT-ն ցանկանում էր մեկնաբանություններ ստանալ Մոլդովիայի իշխանություններից` հետաքննություն անցկացնելու ժամանակակից մեթոդների վերաբերյալ: Այս կապակցությամբ, ցավոք, ոչ մի առաջխաղացում չի գրանցվել: 29. CPT-ն կցանկանար տեղեկություն ձեռք բերել ոստիկանության համար Դեօնտոլոգիայի օրենսգիրք կազմելու գործի ընթացքի վերաբերյալ: Ցավոք, այս կապակցությամբ ոչ մի առաջխաղացում չի գրանցվել»:
ՕՐԵՆՔ
46. Դիմողը գանգատ է ներկայացրել կալանքի տակ գտնվելու ընթացքում իր հանդեպ ցուցաբերված վատ վերաբերմունքի վերաբերյալ` Կոնվենցիայի 3-րդ Հոդվածի համաձայն, և իրավասու մարմինների կողմից արդյունավետ քննության իրականացումը ձախողելու և իր հանդեպ ցուցաբերած վատ վերաբերմունքի համար պատասխանատուներին պատժելու վերաբերյալ:
3-րդ հոդվածը սահմանում է. «Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:
47. Դիմողը նաև գանգատ է ներկայացրել 2000 թվականի մարտի 31-ին իրեն անօրինական կարգով ձերբակալելու և կալանավորելու վերաբերյալ` Կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն:
Հոդված 5-ի համապատասխան մասը սահմանում է «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.
… (գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումն իրավախախտում կատարած լինելու կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար»:
48. Այնուհետև նա բողոք է ներկայացրել, որ Ա.Պ.-ի և Ա.Ռ.-ի դեմ քրեական վարույթի տևողությունը գերազանցել է ողջամիտ ժամկետը, ինչը հակասում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածին: Հոդված 6-ի համապատասխան մասը սահմանում է, որ «… Յուրաքանչյուր ոք … ունի … ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»:
49. Դիմողը վերջապես գանգատ է ներկայացրել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտման վերաբերյալ, քանի որ նրան հատկացվել էր միայն փոխհատուցման չնչին մասը, քանզի իրավասու մարմինները չէին ապահովել անհապաղ քննություն և պատիժ Ա.Պ.-ի և Ա.Ռ.-ի նկատմամբ, քանի որ օրենքի գործողությունը, որը սահմանում էր պատիժ խոշտանգման համար, դադարեցվել էր 2003 թվականի հունիսին: Հոդված 13-ը սահմանում է, որ.
«Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»:
I. ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ
50. Դատարանը նշում է, որ իր նախնական դիմումում մեջ դիմողը գանգատը ներկայացրել է Կոնվենցիայի 5-րդ, 6-րդ և 13-րդ հոդվածների հիման վրա իր իրավունքների խախտման վերաբերյալ: Այնուամենայնիվ, իր հետագա դիտարկումներում չի անդրադարձել այդ գանգատներին: Այսպիսի դեպքերում Դատարանը համարում է, որ անհրաժեշտ չէ ուսումնասիրել այդ գանգատները:
51. Կառավարությունը հայտարարել է, որ դիմողը չարաշահել է իր անհատական հանրագրի իրավունքը` չտեղեկացնելով Դատարանին 2005 թվականի դեկտեմբերի 8-ի վճռի մասին, ըստ որի` նրան որպես փոխհատուցում նշանակվել էր 15,000 ՄԴԼ: Ամեն դեպքում, նա այլևս չէր կարող հայտարարել, որ Կոնվենցիայով սահմանված իր իրավունքների խախտման զոհ է, քանի որ նրան փոխհատուցում էր նշանակվել, և իրավախախտները մեղադրվել ու դատապարտվել էին:
52. Դիմողն առարկել է` նշելով, որ նա դեռ չի ստացել նշանակված ամբողջ գումարը, քանի որ դատական կատարածուն թույլ էր տվել Ա.Պ.-ին այն վճարել մաս առ մաս` փոխանցելով դիմողին ամսական աշխատավարձի 25 տոկոսը` մինչև ամբողջական վճարն ստանալը: 2007 թվականի ապրիլի 26-ին դատական կատարածուն Ա.Պ.-ի գործատուին` Ներքին գործերի նախարարությանը, խնդրել է որոշում կայացնել ու կատար ածել Ա.Պ.-ի դեմ կայացված դատավճիռը: Որոշման մեջ գոյություն չունի որևէ նշում Ա.Պ.-ին պատկանող սեփականությունը բռնագրավելու վերաբերյալ: 2007 թվականի հունիսի 25-ին այդ որոշումն ուղարկվել է Նախարարություն: Դիմողն առաջին վճարումն ստացել է 2007 թվականի հոկտեմբերին` մեկ և կես տարի անց փոխհատուցման վերաբերյալ դատարանի վերջնական որոշումից հետո: Ավելին, Ա.Պ.-ի դեմ իրականացվող քննության և վարույթի ձգձգման պատճառով իրավասու մարմինները թույլատրել են նրան խուսափել պատասխանատվությունից: Վերջապես, դիմողը ներկայացրել է, որ ինքը 2005 թվականի դեկտեմբերի 8-ի դատավճռի վերաբերյալ ճիշտ ժամանակին իրազեկել էր Դատարանին: Սա նաև պարզ էր դատական գործի փաստերից, քանի որ նշված դատավճռում և Արդարադատության գերագույն դատարանի դատավճռում, որն էլ հաջորդաբար անփոփոխ էր թողել (տես` կետեր 39 և 40):
53. Դատարանը նշում է, որ դիմողը տեղեկացրել է համապատասխան զարգացումների մասին, որոնք զետեղվել էին գործի հանգամանքների շարադրանքում, որն էլ հաղորդվել է պատասխանող Կառավարությանը: Հանրագրի իրավունքի ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ առարկությունը, հետևաբար, պետք է մերժվի:
54. Ինչ վերաբերում է տուժողի կարգավիճակի կորստին վերաբերող առարկությանը, Դատարանը համարում է, որ այն ի հայտ է բերում հարցեր, որոնք սերտորեն կապված են Կոնվենցիայի հոդված 3-ում ներառված բողոքարկման հարցի էության հետ: Այն, ուստի, կհետազոտի այս նախնական բացառությունը գործի հանգամանքների հետ մեկտեղ:
55. Դատարանը համարում է, որ դիմողի գանգատը բողոքարկումը Կոնվենցիայի հոդված 3-ի համաձայն` բարձրացնում է օրենքի հարցեր, որոնք բավականաչափ լուրջ են, և որ դրանց սահմանումը պետք է կախված լինի մանրամասների ուսումնասիրությունից: Այն անընդունելի հայտարարելու որևէ հիմք չկա: Ուստի Դատարանը հայտարարում է այդ գանգատն ընդունելի: Համաձայն սույն որոշման` կիրառելու Կոնվենցիայի 29-րդ հոդվածի 3-րդ մասը (տես` կետ 4), Դատարանն անմիջապես հաշվի կառնի սույն գանգատների հանգամանքները:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՀՈԴՎԱԾ 3-Ի ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
Ա. Կողմերի հայտարարությունները
56. Դիմողը հայտարարել է, որ ինքն ստորացվել է ոստիկաններ Ա.Ռ.-ի և Ա.Պ.-ի կողմից, ինչպես նաև երրորդ ոստիկանի կողմից, որի անունը չի հայտարարվել: Որպես երկար քննության և դատական ընթացակարգերի արդյունք և ոչ ճշտորեն կիրառված կարճաժամկետ սահմանափակում, քան ընդունված է օրենքով, իրավասու մարմինները թույլատրել են Ա.Պ.-ին խուսափել քրեական պատասխանատվությունից: Դիմողն այսպիսով չի ստացել անհրաժեշտ հատուցում և կարող է շարունակել բողոքել այն մասին, որ նա եղել է Կոնվենցիայի հոդված 3-ի խախտման զոհ: Ավելին, քրեական և դատական հետապնդում իրականացնող մարմինները կատարել են հնարավոր բոլոր քայլերը երկարաձգելու գործընթացները և խուսափել են ոստիկանության ծառայողներին պատասխանատվության ենթարկվելուց: Դիմողն իբրև թե անանուն մարդկանցից ստացել է իր գանգատը հետ վերցնելու սպառնալիքներ: 2001 թվականի սեպտեմբերի 26-ին նա ձերբակալվել էր Ադաջիի անունով մի սպայի հրամանով, որն էլ իր հերթին հանդես էր եկել որպես պաշտպանության վկա Ա.Ռ.-ի և Ա.Պ.-ի կողմից:
57. Իրավախախտներից ոչ մեկը չէր հեռացվել իր պաշտոնից վարույթի ժամանակ, և Ա.Պ.-ն շարունակել է աշխատել որպես ոստիկանության սպա: Մեղադրանքի կանխարգելիչ միջոց գոյություն չի ունեցել, քանի որ այն նույնիսկ չէր կանխել Ա.Պ.-ի` ոստիկանությունում իր գործունեությունը շարունակելը, և իրականում ոստիկանության կողմից ստորացման ենթարկելը մնացել էր որպես անպատժելիության վառ օրինակ: Դիմողի օգտին կատարված փոխհատուցումը ոչ միայն չնչին էր նրա իրավունքների խախտման լրջության համեմատ, այլ նաև այնքան քիչ էր, որ չէր բավականացրել նույնիսկ բժշկական ծախսերը և իր փաստաբանին վճարելու համար:
58. Կառավարությունն ընդունել է, որ դիմողի նկատմամբ վատ վերաբերմունքը եղել է հանգամանալից ուսումնասիրության առարկա, որի արդյունքում պարզվել էր իրավախախտների անունները, և նրանք պատժվել էին: Ոստիկանության սպաների պատիժն անհամաչափ էր այն հանցանքի լրջության համեմատ, որոնք գործել էին նրանք: Ավելին, մոլդովական օրենքը տարբերում է ոչ մեծ ծանրության հանցանքները, միջին ծանրության հանցանքները, ինչպես նաև ծանր, առանձնապես ծանր և բացառիկ ծանր հանցանքները: Քանի որ ոստիկանության ծառայողների կողմից կատարված հանցանքը համարվել էր միջին ծանրության, 2002 թվականի ապրիլի 22-ին սահմանված երկու տարվա բանտարկությունը համապատասխան պատիժ էր: Այդ վճռի չեղյալ համարելը տեղական դատարանների ցանկության արդյունք էր` վերանայելու մեղադրյալի իրավունքները Կոնվենցիայի հոդված 6-ի համաձայն`այդպիսով ունենալով լիովին հիմնավորված որոշում:
59. Քրեական պատասխանատվության համար վաղեմության ժամկետի ավարտը միակ պատճառն էր Ա.Պ.-ի դեմ գործընթացը դադարեցնելու համար: Ավելին, նա դեռ պարտավորված էր որպես փոխհատուցում դիմողին վճարել 15,000 ՄԴԼ: Դատարանի կողմից ընդունված վճիռը հասել էր իր կանխարգելիչ նպատակին` այդպիսով հասկացնելով Ա.Պ.-ին, որ չպետք է նորից գործել նմանատիպ հանցանք, և հանրությանը ցույց տալով, որ հանցանքները չեն հանդուրժվում:
Ա. Դատարանի գնահատականը
60. Ինչպես շատ դեպքերում նշել է Դատարանը, հոդված 3-ն ամրագրում է ժողովրդավարական հասարակությունների ամենահիմնական արժեքներից մեկը: Նույնիսկ ամենադժվար հանգամանքներում, ինչպես, օրինակ, ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարում, Կոնվենցիան բացարձակապես արգելում է տանջանքի և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կիրառումը: Ի տարբերություն Կոնվենցիայի` էական կետերի և 1-ին ու 4-րդ Արձանագրությունների կետերի մեծ մասի, հոդված 3-ը չի սահմանում բացառության որևէ դրույթ, և իրավունքի սահմանափակումն անթույլատրելի է 15-րդ հոդվածի 2-րդ մասով նույնիսկ բնակչության կյանքին սպառնացող որևէ հանրային վտանգի դեպքում (տես` Սելմունին ընդդեմ Ֆրանսիայի [GC], թիվ 25803/94, կետ 95, ՄԻԵԴ 1999 V, և Ասսենովն ու այլոք ընդդեմ Բուլղարիայի, 28 հոկտեմբերի, 1998թ., կետ 93, Վճիռների և Որոշումների զեկույցներ 1998-VIII):
1. Դիմողի նկատմամբ նվաստացնող վերաբերմունքն ու իրավասու մարմինների պոզիտիվ պարտականությունները Կոնվենցիայի 3-րդ հոդվածի հիման վրա
61. Դատարանը համարում է, որ կողմերը չեն վիճարկել այն, որ դիմողն ստորացվել է սպաներ Ա.Ռ.-ի և Ա.Պ.-ի կողմից 2000 թվականի մարտի 31-ին: Քրեական գործ է հարուցվել Ա.Ռ.-ի և Ա.Պ.-ի դեմ, որն ընդհատվել էր Ա.Ռ.-ի մահվան և Ա.Պ.-ին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրանալու պատճառով: Հաշվի առնելով դիմողի դեմ իրականացված գործողությունների բնույթն ու նրա տանջանքները (տես` կետեր 11 և 14), նրա հանդեպ նվաստացնող վերաբերմունքը կարող է միայն համարվել խոշտանգում Կոնվենցիայի հոդված 3-ի համաձայն: Այդ դրույթի խախտումը կճանաչվի այնքան ժամանակ, մինչև որ լիազոր մարմիններն ամբողջությամբ չփոխհատուցեն դիմողին պատճառված վնասն ու չիրականացնեն իրենց պոզիտիվ պարտավորությունները 3-րդ հոդվածի ներքո` վատ վերաբերմունքի համար պատասխանատու անձանց նկատմամբ քննության և պատժի մասով:
(ա) Դիմողի նկատմամբ ցուցաբերված նվաստացնող վերաբերմունքի քննությունը
62. Դատարանը նշում է, որ Բաթին և այլոք ընդդեմ Թուրքիայի գործով (թիվ 33097/96 և 57834/00, ՄԻԵԴ 2004 IV (քաղվածքներ)), այն գտել է, որ. «133. …Եթե ֆիզիկական անձն ունի վիճելի պնդում այն մասին, որ պետական գործակալների ձեռքերում եղած ժամանակ նրան խոշտանգել են, ապա «դատական պաշտպանության արդյունավետ միջոցի» հասկացությունը ենթադրում է մանրակրկիտ և արդյունավետ հետաքննություն, իսկ անհրաժեշտության դեպքում, նաև փոխհատուցման վճարում` առանց վնասելու գործող ներպետական օրենքում առկա որևէ այլ միջոցի: Քննությունները, որոնք կհասնեն այդ նպատակին, կարող են տարբեր լինել` ըստ հանգամանքների: Սակայն, անկախ քննության մեթոդից, իրավասու մարմինները պետք է գործեն անմիջապես, երբ պաշտոնական բողոք է ներկայացվում: Նույնիսկ այն ժամանակ, երբ որևէ բողոք ուղղակիորեն չի ներկայացվել, քննությունը, միևնույն է, պետք է սկսել, եթե առկա են բավարար հստակ ապացույցներ այն մասին, որ խոշտանգում կամ դաժան վերաբերմունք է կիրառվել (տես, ի թիվս այլ գործերի, Ուզբեյն ընդդեմ Թուրքիայի (դեկտեմբեր), թիվ 31883 / 96, 8 մարտի 2001թ., [...]): Իրավասու մարմինները պետք է հաշվի առնեն խոշտանգումների հետևանքով առաջացած տուժողների առանձնակի խոցելի վիճակը և այն, որ մարդիկ, ովքեր ենթարկվել են բավական վատ վերաբերմունքի, հաճախ ավելի պակաս պատրաստակամություն կամ ցանկություն ունեն գանգատ ներկայացնելու (տես` Ակսոյն ընդդեմ Թուրքիայի, 18 դեկտեմբերի 1996թ. վճիռը, 1996թ. Վճիռների և Որոշումների հաշվետվությունը VI,] էջ 2286-87, կետեր 97-98):
136. Կասկածից վեր է, որ այս համատեքստում ենթադրվում է արագ և խելամիտ հանձնառություն ստանձնելու պահանջը: Վատ վերաբերմունքի վերաբերյալ պնդումների քննության առնչությամբ իրավասու մարմինների կողմից արագ արձագանքը, ընդհանուր առմամբ, կարելի է համարել կարևոր իրենց հավատարմությունն օրենքի նկատմամբ ցուցաբերելու գործում հանրության վստահությունը պահպանելու համար և կանխելու ցանկացած տիպի խախտում կամ հանդուրժողականություն անօրինական գործողությունների նկատմամբ (տես, ի թիվս այլ գործերի, Իդելիկատոն ընդդեմ Իտալիայի, թիվ 31143/96, կետ 37, 18 հոկտեմբերի 2001թ. և Օզգուր Կիլիչն ընդդեմ Թուրքիայի, թիվ 42591/98, 24 սեպտեմբերի 2002թ.): Թեև կարող են առաջանալ խոչընդոտներ կամ դժվարություններ, որոնք տվյալ իրավիճակում կխանգարեն քննության առաջընթացը, այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ կարևոր է, որ իրավասու մարմիններն անհապաղ քննություն սկսեն` իրենց հավատարմությունը օրենքի նկատմամբ ցուցաբերելու առումով հանրության վստահությունը պահպանելու համար և կանխելու ցանկացած տիպի խախտում կամ հանդուրժողականություն անօրինական գործողությունների նկատմամբ (տես, mutatis muntandis, Փոլ և Օդրի Էդվարդսներն ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 46477/99, կետ 72, ՄԻԵԴ 2002 II)»:
63. Վերադառնալով սույն գործի փաստերին` Դատարանը նշում է, որ հայցվորը պահանջել է դատական բժիշկ դիմողին նրա նկատմամբ վատ վերաբերմունք ցուցաբերելու օրը` 2000 թվականի մարտի 31-ին զննելու համար (տես` կետ 12): Չնայած նրա պահանջին, դիմողին տարել են բժշկի մոտ միայն 2000թ. ապրիլի 3-ին (տես կետ 14): Տեղական մարմիններն ու Կառավարությունը չեն տվել որևէ բացատրություն այդ ուշացման վերաբերյալ: Սա հակասում է այն պարտավորությանը, որ անհրաժեշտ է իրականացնել անհապաղ քննություն, քանի որ վտանգ կա, որ վատ վերաբերմունքի ապացույցը ժամանակի ընթացքում կանհետանա և վերքերը կբուժվեն:
64. Ավելին, 2000թ. ապրիլի 3-ին դատական բժշկի կողմից դիմողի նկատմամբ ցուցաբերված վատ վերաբերմունքի հաստատումից հետո` քրեական գործ չի հարուցվել Ա.Ռ.-ի և Ա.Պ-ի դեմ մինչև 2000 թվականի հունիսի 15-ը (տես` կետ 17): Կրկին անգամ որևէ բացատրություն չի տրվել ավելի քան երկու ամսվա ուշացման համար:
65. Համաձայն դիմողի ևս մեկ անձ, որի ինքնությունը սկզբում անհայտ էր, մասնակցել է իր հանդեպ ցուցաբերված վատ վերաբերմունքի գործողություններին 2000թ. մարտի 31-ին: Ա.Պ.-ն անձամբ հաստատել է քննության ընթացքում, որ ևս մեկ անձ ներկա էր դիմողի «հարցաքննությանը» (տես` կետ 16): Հետևաբար, դիմողը ճանաչել է Ռ.Բ.-ին որպես երրորդ անձ, ով դաժանորեն է վերաբերվել իր հետ 2000թ. մարտի 31-ին, և պահանջել է առաջադրել մեղադրանք այդ անձի դեմ: Այնուամենայնիվ, դիմողը որևէ պատասխան չէր ստացել այդ պահանջի վերաբերյալ և որևէ քննություն չէր իրականացվել (տես` կետ 28):
66. Ի հավելումն, դիմողը չէր տեղեկացվել Ա.Ռ.-ի և Ա.Պ.-ի դեմ իրականացվող քննության ընթացքի մասին: Օրինակ` նրան անմիջապես չէին տեղեկացրել 2000թ. սեպտեմբերի 21-ին այդ գործընթացների ընդհատման վերաբերյալ, և այդ մասին նա իմացել էր միայն գործի վերաբերյալ թարմ տեղեկություններ ստանալու պահանջից հետո` 2000թ. նոյեմբերի 21-ին (տես` կետ 19):
67. Դատարանը վերջապես նշում է, որ իրավախախտների դեմ քննությունն ու վարույթը տևել է գրեթե վեց տարի` 2000թ. հունիսի 15-ից մինչև 2006թ. մարտի 26-ը:
68. Հաջորդաբար քննությունը սույն գործում սկսվել է անբացատրելի ուշացմամբ և քրեական վարույթի հետ մեկտեղ բավականին երկար է տևել. դիմողը չէր տեղեկացվել դրա ընթացքի վերաբերյալ և չէր իրականացվել քննություն այն մեղադրանքի համար, որ ևս մեկ անձ` Ռ.Բ.-ն, նույնպես վատ վերաբերմունք էր ցուցաբերել դիմողի նկատմամբ: Դատարանը գտնում է, որ վերոնշյալ թերություններից և ոչ մեկը համատեղելի չէ Կոնվենցիայի հոդված 3-ի ներքո անդամ պետությունների կողմից ստանձնած ընթացակարգային պարտավորությունների հետ:
69. Վերոնշյալ շարադրանքից հետևում է, որ դիմողը կարող է շարունակել պահանջ ներկայացնել որպես իր իրավունքների խախտման զոհ և Կառավարության նախնական առարկությունը պետք է, հետևաբար, մերժվի:
(ա) Վատ վերաբերմունքի կանխման օրենսդրության կանխարգելիչ ազդեցությունը
70. Դատարանը նշում է, որ Օկկալին ընդդեմ Թուրքիայի գործով (թիվ 52067/99, կետ 65, ՄԻԵԴ 2006 XII (քաղվածքներ)) այն վճռել է`
«3-րդ հոդվածի ընթացակարգային պահանջները անցնում են նախաքննական փուլը, երբ ... հետաքննությունը տանում է դեպի իրավական գործողությունների ձեռնարկմանը ազգային դատարաններում. դատավարությունը, որպես ամբողջություն, ներառյալ դատական քննության փուլը, պետք է համապատասխանի 3-րդ հոդվածում ամրագրված արգելքների պահանջներին: Սա նշանակում է, որ ներպետական դատական մարմինները չպետք է ոչ մի դեպքում թույլ տան, որ ֆիզիկական կամ հոգեբանական խոշտանգումներ պատճառելու դեպքերն անպատիժ մնան: Սա կարևոր է իրենց հավատարմությունը օրենքի նկատմամբ ցուցաբերելու գործում հասարակության վստահությունը պահպանելու համար և կանխելու ցանկացած տիպի խախտում կամ հանդուրժողականության դրսևորում անօրինական գործողությունների նկատմամբ (տես, mutatis muntandis, Ուներյիլդիզն ընդդեմ Թուրքիայի [GC], թիվ 48939/99, կետ 96, ՄԻԵԴ 2004 XII):
71. Սույն գործով դիմողը հայտարարել է, որ իրավասու մարմինները ձեռնամուխ են եղել իրավախախտներին պատասխանատվության ենթարկումից ազատելուն և քիչ բան են արել փոխհատուցելու նրան իր նկատմամբ կիրառված խոշտանգումների դիմաց:
72. Դատարանը նշում է, որ դիմողի հանդեպ վատ վերաբերմունք ցուցաբերած երեք անձանցից և ոչ մեկը չի դատապարտվել այդ հանցանքի համար: Մինչդեռ նրանցից մեկը մահացել էր և չէր դատապարտվել, Ռ.Բ.-ի դեմ մեղադրանքը երբևէ չէր քննվել քննիչների կամ դատարանների կողմից, և Ա.Պ.-ն ազատվել էր քրեական պատասխանատվությունից իր գործով կիրառելի վաղեմության ժամկետի կիրառման պատճառով:
73. Այս վերջինի վերաբերյալ Դատարանը կրկնում է իր նախադեպային իրավունքը (տես` Աբդուլսամետ Յամանը ընդդեմ Թուրքիայի, թիվ 32446/96, կետ 55, նոյեմբերի 2, 2004թ.), որի համաձայն` «եթե պետական ծառայողը ներգրավված է եղել խոշտանգում կամ վատ վերաբերմունք պարունակող հանցանքի մեջ, չափազանց կարևոր է «արդյունավետ իրավական պաշտպանության միջոցի» համար, որ քրեական վարույթն ու դատավճիռը ժամանակի առումով սահմանափակում չունենան և որ համաներման կամ ներման շնորհումը թույլատրելի չլինի: Դատարանը նաև նշում է հետաքննության կամ դատաքննության մեջ գտնվող ծառայողին պարտականություններից ազատելու կարևորությունը, ինչպես նաև նրա աշխատանքից հեռացումը, եթե նա դատապարտված է (տես Միավորված Ազգերի հանձնաժողովի եզրակացություններն ու առաջարկությունները խոշտանգումների դեմ. Թուրքիա, մայիսի 27, 2003թ., CAT/C/CR/30/5)»:
74. Սույն գործով տեղական դատարանները գտել են, որ դիմողը ենթարկվել է վատ վերաբերմունքի, և Կառավարությունը դիմողի նկատմամբ վատ վերաբերմունքը համարել է որպես խոշտանգում իր զեկույցում` ուղղված Խոշտանգման դեմ Միավորված ազգերի կոմիտեին (տես` կետ 43): Բժշկական զեկույցներով հաստատվել է, որ նրան հասցվել են գլխի և հետանցքի վնասվածքներ, իր հայտարարությանը համապատասխան ենթարկվել է ծեծի և բռնաբարվել ապակե շշով: Բոլոր այս գործողություններն իրականացվել են խոստովանություն կորզելու նպատակով: Դատարանի համար այս գործողությունները կարող են համարվել միայն խոշտանգում` Կոնվենցիայի հոդված 3-ի համաձայն: Նման հանգամանքներում Քրեական օրենսգրքի հոդված 101/1-ի (խոշտանգում) ներքո քրեական գործ հարուցելու ձախողումը` առանց որևէ բացատրություն տալու նվազ լրջության իրավախախտման վերաբերյալ (հոդված 101-մարմնական վնասվածք հասցնելը), բավարար չէ ապահովելու օրենսդրության կանխարգելիչ ազդեցությունը վատ վերաբերմունքի կանխման համար: Դատարանը հավատում է, որ օրենսդրության կանխարգելիչ ազդեցությունը մասնավորապես հասցեագրվում է խոշտանգման հասկացությանը, որը կարող է միայն հավաստի լինել, եթե այդ օրենսդրությունը կիրառվում է այն դեպքում, երբ հանգամանքներն են պահանջում` տվյալ գործում:
75. Ավելին, Ա.Պ.-ն ընդհանրապես չհեռացվեց իր պաշտոնից: Հետաքննությունն ու դատական վարույթը տևել են երկար ժամանակ, ինչն էլ հանդիսացել էր միակ պատճառը վաղեմության ժամկետի կիրառման համար: Բացի դրանից, Քրեական օրենսգրքի հոդված 46-ը (տես` կետ 41), հոդվածներ 101-ը և 101/1-ը սահմանում են հինգ և տասը տարվա վաղեմության ժամկետներ` համապատասխանաբար: Այսպիսով, սույն գործով մերժելով կիրառել Քրեական օրենսգրքի հոդված 101/1-ը (տես` հաջորդ կետը), տեղական իրավասու մարմինները կիրառեցին ավելի կարճ (հնգամյա) վաղեմության ժամկետ և հնարավորություն ընձեռեցին Ա.Պ.-ին խուսափել քրեական պատասխանատվությունից: Ոչ մի դեպքում չպետք է կիրառվի վաղեմության ժամկետ պետական ծառայողի կողմից իրականացված վատ վերաբերմունքի վարույթի ժամանակ (տես` կետ 73):
76. Դատարանը նաև նշում է Ներքին գործերի նախարարության կողմից հաստատված դիրքորոշումը, որը նույնիսկ CPT-ի պարզաբանումներին իրազեկվելուց հետո, նշել է, որ «տեղյակ չէր ոստիկանության կողմից կալանավորված անձանց հարցաքննության ժամանակ անմարդկային մեթոդների կիրառման կոնկրետ դեպքերի» (տես` կետ 44): Այն այնուհետև նկատում է ջանքերի բացարձակ բացակայություն հետաքննության ժամանակակից մեթոդներ մշակելու հարցում (տես` կետ 45) և զգալի ուշացում Ոստիկանության էթիկայի օրենսգիրք ընդունելու հարցում (որն ընդունվեց CPT-ի պահանջից գրեթե 4 տարի անց, տես` կետ 45):
77. Դատարանը մեծ անհանգստությամբ նշում է Կառավարության հայտարարությունը, որ Մոլդովայում խոշտանգումը համարվում է «միջին մակարդակի հանցանք», այսպիսով տարբերվելով առանձնապես ծանր հանցանքի տեսակներից և արդարացնելով մեղմացված դատավճիռները (տես` կետ 58): Այսպիսի դիրքորոշումը բացարձակապես անհամատեղելի է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի պարտավորությունների հետ` հաշվի առնելով խոշտանգման հանցանքի չափազանց լուրջ լինելը: Վերը շարադրված 72-76-րդ կետերում նշված այլ թերությունների հետ մեկտեղ սա հաստատում է մոլդովական իրավասու մարմինների ձախողումն առ այն, որ իրավապահ մարմինների կողմից ցուցաբերվող վատ վերաբերմունքի կիրառումն ամբողջությամբ դատապարտելի է, և տպավորություն է ստեղծում, որ վատ վերաբերմունքի գործողությունների կանխման և պատժման համար ընդունված օրենսդրությունն ամբողջությամբ չի ապահովում կանխարգելիչ ազդեցությունը: Այս եզրակացությունն ամրապնդվում է այն փաստով, որ Ա.Պ.-ն շարունակում է աշխատել ոստիկանությունում` հասցված վնասի համար շատ չնչին գումար փոխհատուցելով, որը նա պետք է վճարի մաս առ մաս` առանց որևէ ապացույցի, որ դատական կատարածուն փորձել է գտնել Ա.Պ.-ին պատկանող որևէ սեփականություն: Այսպիսով, այս գործը տպավորություն է ստեղծում, որ հետագայում նմանատիպ բռնությունները չեն կանխարգելվի, այլ պարզապես իրավապահ մարմինների կողմից ցուցաբերված վատ վերաբերմունքի իրական անպատժելիության վառ օրինակ կմնա:
(ա) Եզրակացություն
78. Դատարանը գտնում է, որ դիմողը ոչ միայն ենթարկվել է խոշտանգման ոստիկանության բաժանմունքում գտնվելու ժամանակ, այլ նաև իրավասու մարմինները ձախողել են հայցը բավարարել համապատասխան ժամկետի ընթացքում` չհետաքննելով նրա հանդեպ ցուցաբերած վատ վերաբերմունքի գործը, ինչպես նաև ապահովելով օրենքի կանխարգելիչ ազդեցությունը: Ուստի Կառավարության նախնական առարկությունը դիմողի զոհի կարգավիճակի ենթադրյալ կորստի վերաբերյալ, պետք է մերժվի:
79. Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
80. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը սահմանում է.
«Եթե դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
(Ա) Ոչ նյութական վնաս
81. Դիմողը պահանջել է 25.000 եվրո` ի հատուցումն իր կրած ոչ նյութական վնասի: Նա պնդել է, որ տառապել է իր նկատմամբ ցուցաբերված վատ վերաբերմունքի պատճառով և շարունակում էր ունենալ առողջական խնդիրներ` չնայած իր երիտասարդ տարիքին, և որ արդյունավետ հետաքննություն չի իրականացվել, ինչպես նաև այն, որ իրեն սպառնացել են և խոչընդոտել իրավախախտների դեմ քրեական դատավարության ժամանակ: Տեղում նշանակված գումարը (15,000 ՄԴԼ այդ ժամանակ 997 եվրոյին համարժեք), ընդհանրապես չէր համապատասխանում կրած այն տառապանքներին և ուշացմանը, և փոքր հավելավճարները, որ նա ստանում է, միայն ավելացրեցին իր նվաստացման աստիճանը:
82. Կառավարությունը հայտարարել է, որ Կոնվենցիայի որևէ հոդվածի խախտման բացակայության դեպքում դիմողը չի կարող պահանջել փոխհատուցում: Ամեն դեպքում, պահանջվող գումարը չափազանցված է և թյուրիմացության մեջ գցող: Ի տարբերություն դիմողի կողմից նշված այլ դեպքերի, սույն գործում ներպետական դատարանները գտել են նրա իրավունքների խախտում և նշանակել են նրան փոխհատուցում:
83. Դատարանը կրկնում է, որ այն գտել է ոչ միայն ոստիկանության ծառայողների կողմից դիմողի հանդեպ վատ վերաբերմունք` գրանցելով Պետության պարտավորության խախտում Կոնվենցիայի հոդված 3-ի հիմքով, որը պետք է կանխարգելի նմանատիպ վերաբերմունքը, այլ նաև դիմողի նկատմամբ ցուցաբերված վատ վերաբերմունքի հետաքննության որակի և տեղական իրավասու մարմինների կողմից վատ վերաբերմունքի արգելման օրենքի կանխարգելիչ ազդեցությունն ապահովելու ձախողում: Այն գտնում է, որ իրավասու մարմինների կողմից ցուցաբերված վերաբերմունքը դիմողի նկատմամբ իրավախախտներից երկուսի դեմ ընթացող քրեական դատավարության ժամանակ և դրանից հետո, և երրորդ ոստիկանի ենթադրյալ մասնակցության հետաքննության բացակայությունը միայն ավելացրել են դիմողի տառապանքները: Վերը շարադրվածի համաձայն Դատարանն ամբողջապես ընդունում է նրա գանգատը:
(Բ) Ծախսեր և ծախքեր
84. Դիմողը պահանջել է 3,150 եվրո` իրավաբանական ծախսերի համար: Նա նշել է այն ժամերի քանակը, որոնց ընթացքում իր երեք փաստաբաններն աշխատել են այս գործի համար, որը կազմում է 35 ժամ` յուրաքանչյուր ժամ աշխատանքի համար 90 եվրո վարձավճարով: Նա նաև ներառել է երաշխավորագրի պատճենը, որը կազմվել էր Մոլդովական իրավաբանների միության կողմից 2005թ. դեկտեմբերի 29-ին, ըստ որի` իրավաբանների աշխատանքը գնահատվել է 40-150 եվրո` մեկ ժամի համար, կամ 1.000-15.000 եվրո` մեկ գործի համար, երբ նրանք հանդես են գալիս միջազգային դատարաններում:
85. Կառավարությունը հայտարարել է, որ դիմողին չի հատկացվի ծախսերի ոչ մի փոխհատուցում, քանի որ նա չէր ներկայացրել իրավաբանների հետ իր պայմանագրի պատճենը: Այն հաշվել էր այս գործի համար անհրաժեշտ ժամերի քանակը և գտել, որ ժամավճարը չափազանցված է:
86. Սույն գործում դիմողի կողմից ներկայացված հաշվարկների և գործի բարդության համաձայն` Դատարանը նշանակում է 2.500 եվրո` ծախսերի համար, հանած 850 եվրո` Եվրոպայի խորհրդի կողմից իրավական օգնության ձևով ստացված հնարավոր ավելացված արժեքի հարկի գանձման հետ մեկտեղ:
(Ա) Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը
87. Դատարանը նպատակահարմար է գտնում, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված տոկոսադրույքի հիման վրա` հավելած երեքհարյուրերորդական տոկոս:
ՎԵՐՈԳՐՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
1. Միանում է ըստ էության Կառավարության նախնական առարկությանը` դիմողի զոհի կարգավիճակի վերաբերյալ:
2. Ընդունելի է ճանաչում Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո գանգատը և մերժում է Կառավարության նախնական առարկությունը:
3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:
4. Վճռում է, որ
(ա) Պատասխանող պետությունը համաձայն Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ մասի` դատավճիռը կայացնելուց հետո երեք ամսվա ընթացքում հաշվարկված վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով, պետք է դիմողին վճարի 20.000 եվրո (քսան հազար եվրո)` որպես ոչ նյութական վնասի հատուցում, և 1.650 եվրո (հազար վեց հարյուր հիսուն եվրո)` ի հատուցումն նրա կրած ծախսերի, որոնք պետք է փոխհատուցվեն պատասխանող Պետության համարժեք ազգային արժույթով, գումարած ցանկացած այլ հարկ, որ կարող է գանձվել,
(բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո մինչև վճարման օրը պետք է վճարվի նշված գումարի պարզ տոկոս` Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխառության տրամադրման առավելագույն տոկոսադրույքի չափով, պարտավորությունների չկատարման ժամանակահատվածի համար` գումարած երեքհարյուրերորդական տոկոս:
5. Մերժում է դիմողի արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը:
Կատարված է անգլերեն, ծանուցված է գրավոր 2010թ հունվարի 5-ին` Դատարանի կանոնների 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն:
Ֆաթոս Արացի Քարտուղարի տեղակալ |
Նիկոլաս Բրատցա
Նախագահ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|