ՎԱԼԵՐԻՈՒ ԵՎ ՆԻԿՈԼԱՅ ՌՈՇԱՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՄՈԼԴՈՎԱՅԻ ԳՈՐԾՈՎ
2009թ. հոկտեմբերի 20-ի վճիռը
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
ՓԱՍՏԵՐ
I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
1. Դիմողները` պրն Վալերիու Ռոշան` Վ.Ռ.-ն և պրն Նիկոլայ Ռոշան` Ն.Ռ.-ն Մոլդովայի քաղաքացիներ են, ովքեր համապատասխանաբար ծնվել են 1960թ.-ին և 1978թ.-ին, և ապրում են Կոտիժենի-Մարիում:
2. Գործի հանգամանքները, ինչպես ներկայացրել են կողմերը, կարող են ներկայացվել հետևյալ կերպ.
Ա. Դիմողների ձերբակալումը և նրանց նկատմամբ ցուցաբերված ենթադրյալ վատ վերաբերմունքը
3. 2000թ. օգոստոսի 1-ին Ի.Ս.-ն հաղորդում էր ներկայացրել Իալովենի ոստիկանություն, որ իրեն առևանգել ու կողոպտել էին անհայտ հարձակվողներ:
1. 2001թ. մայիսի 11-ին Դիմողների նկատմամբ ցուցաբերված ենթադրյալ վատ վերաբերմունքը
4. 2001թ մայիսի 11-ին երկու դիմողներն էլ ձերբակալվել են Քիշնևի Ցենտրու շրջանային ոստիկանության աշխատակիցների կողմից: Ըստ դիմողների, նրանց ձերբակալության ոչ մի հիմնավորում չի ներկայացվել, և դրա ընթացքում նրանք ծեծի են ենթարկվել ձերբակալող աշխատակիցների կողմից:
5. Դիմողները պնդել են, որ ոստիկանությունում նույնպես մի քանի ժամ շարունակ նրանց հարվածել են ձեռքերով և ոտքերով: Հետո նրանց տարել են Քիշնևի Գլխավոր ոստիկանության վարչություն, որտեղ նրանց ստիպել են խոստովանել, որ հանցանք են գործել, որն իրենք իրականում չէին գործել: Մերժելուց հետո` նրանց երկուսին էլ ծեծել են, ձեռնաշղթաներ են ամրացրել գետնին ընկած վիճակում, որտեղ նաև նրանց ոտնաթաթերին հարվածել են դագանակով և կիրառել էլեկտրաշոկ:
6. Վատ վերաբերմունքի արդյունքում` Ն.Ռ.-ն ինքնախոստովանական հայտարարություն է գրել, բայց չի ստորագրել այն` ի նշան բողոքի: Այնուհետև դիմողներին տարել են Ցենտրու շրջանային ոստիկանություն, որտեղ քննիչներն ստիպել են նրանց ստորագրել փաստաթղթեր` հետագա վատ վերաբերմունքի սպառնալիքի ներքո:
2. 2001թ. հունիսի 13-ին Դիմողների նկատմամբ ցուցաբերված ենթադրյալ վատ վերաբերմունքը
7. 2001թ. հունիսի 13-ին դիմողներին տարել են Իալովենի ոստիկանության բաժանմունք: Ինչպես հետագայում բացատրել են Իալովենի ոստիկանության աշխատակիցները` դա անհրաժեշտ է եղել` պարզելու համար դիմողների հնարավոր ներգրավվածությունը Ի.Ս.-ի դեմ կատարված վերոհիշյալ հանցագործությանը: Նույն օրը CPT պատվիրակությունն այցելել է ոստիկանության բաժանմունք: Ն.Ռ.-ն CPT-ի պատվիրակությանը տեղեկացրել է Ցենտրու շրջանային ոստիկանության բաժանմունքում և Գլխավոր ոստիկանության վարչությունում վատ վերաբերմունքի մասին:
8. Դիմողները պնդել են, որ CPT պատվիրակության հեռանալուց հետո նրանց տարել են մի գրասենյակ և այնտեղ բռնության ենթարկել մի քանի ժամ շարունակ` վերջում դագանակով հարվածելով ոտնաթաթերին և գլխին, որպեսզի նրանք խոստովանեն, որ կատարել են հանցագործություն, որն իրականում չէին կատարել:
9. 2001թ. հունիս 14-ին CPT պատվիրակությունը վերադարձել էր Իալովենի ոստիկանության բաժանմունք և հանդիպել Ն.Ռ.-ին, ով գանգատվել էր վատ վերաբերմունքից մեկ օր առաջ:
10. 2001թ. հունիսի 15-ին Ներքին գործերի նախարարությունից երեք ծառայողներ այցելել են Ն.Ռ.-ին, ով կրկնել է իր գանգատները` Ցենտրու շրջանային ոստիկանությունում և Գլխավոր ոստիկանության վարչությունում և Իալովենի ոստիկանությունում իրենց նկատմամբ ցուցաբերված վատ վերաբերմունքի մասին: Երկու դիմողներին էլ տարել են Ցենտրու շրջանային ոստիկանություն և հետո Գլխավոր ոստիկանության վարչություն:
11. Դիմողները պնդել են, որ նշված վատ վերաբերմունքի պատճառով իրենք կիսով չափ կորցրել են իրենց լսողությունը և հաճախակի են ունենում գլխացավեր ու այլ ցավեր:
12. Դիմողները գանգատվել են բոլոր երեք հաստատություններում, որտեղ նրանք պահվել էին, իրենց նկատմամբ կիրառված վատ վերաբերմունքից, սակայն դատախազությունը հրաժարվել է բոլոր գործերով սկսել քրեական հետապնդում, բացառությամբ միայն մեկի` Իալովենի ոստիկանությունում վատ վերաբերմունքի առնչությամբ: Ոստիկանության աշխատակիցներից ոչ մեկը չի հեռացվել աշխատանքից, և նրանցից ոմանք, ենթադրաբար, ճնշում են գործադրել դիմողների և նրանց ընտանիքների նկատմամբ, որպեսզի նրանք հետ վերցնեն գանգատը:
13. 2001թ. հունիսի 15-ին ոստիկանության տեսուչ, գնդապետ Պ.Դ.-ն Ներքին գործերի նախարարին ներկայացրել է զեկույց` Իալովենի ոստիկանության բաժանմունք 2001թ. հունիսի 14-ին CPT-ի պատվիրակության այցի վերաբերյալ և եզրակացություն առ այն, որ կալանքի պայմաններն ու բժշկական օգնությունը եղել են անբավարար, և պարզվել է, որ ձերբակալվածը` պրն Ռոշա անունով, ստացել էր լուրջ մարմնական վնասվածք: Պ.Դ.-ն առաջարկել է, որ, որպես հրատապ դեպք, տվյալ անձը տեղափոխվի անվտանգ վայր և ստանա փաստաբանի ծառայությունից օգտվելու հնարավորություն, և առաջարկությունների վերաբերյալ արձանագրություն կազմվի:
14. 2001թ. հունիսի 18-ին իրենց փաստաբանների բացակայությամբ դիմողներին տարել են բժշկի` որոշելու նրանց առողջությանը պատճառված վնասի աստիճանը: Բժիշկը հայտնաբերել է վնասվածքներ նրանց մարմինների տարբեր մասերում, այդ թվում `արյունազեղ ուռուցք (հեմատոմա)` սկսած 6սմ x 2սմ-ից մինչև 12սմ x 3սմ, որոնք բժշկի կողմից բնորոշվել են որպես «թեթև վնասվածքներ»:
15. Նաև 2001թ. հունիս 18-ին Պ.Դ.-ն Իալովենի ոստիկանության բաժանմունքում կալանավորների խոշտանգումների մասին զեկուցում է Ներքին գործերի նախարարին: Զեկույցում նշվել է, որ դիմողները գանգատվել են CPT-ի պատվիրակությանն Իոլավենի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցների կողմից ցուցաբերված վատ վերաբերմունքի առնչությամբ: Քննությամբ հաստատվել է այն երեք ոստիկանների անունները, ովքեր զբաղվել էին դիմողների գործով, և այն վեց աշխատակիցներինը, ովքեր մասնակից էին եղել Քիշնևի Ցենտրու շրջանային ոստիկանությունում ցուցաբերված վատ վերաբերմունքին: Հարցաքննության արդյունքում` բոլոր ոստիկանները հերքել են դիմողների նկատմամբ վատ վերաբերմունքի կիրառումը: Քանի որ բժշկական քննությամբ երկու դիմողների մոտ հայտնաբերվել էին թեթև վնասվածքներ, և քանի որ ապացույցների տարբեր մասերի միջև եղած անհամապատասխանությունը կարելի էր պարզաբանվել միայն ամբողջական քննության արդյունքում, Պ.Դ.-ն առաջարկում է սկսել քրեական վարույթ բոլոր ինը ոստիկանների և ներգրավված բոլոր քննիչների դեմ:
16. 2001թ. հունիսի 20-ին Ներքին գործերի նախարարի տեղակալը խնդրել է գլխավոր դատախազությանը հարուցել քրեական հետապնդում սույն գործի կապակցությամբ:
17. Ներքին գործերի նախարարին ուղղված անհայտ ամսաթվով զեկույցում Իալովենի ոստիկանության հրամանատար սպան ժխտել է, որ դիմողների նկատմամբ որևէ վատ վերաբերմունք է կիրառվել: Նա նշել է, որ նրանք փաստաբան ունենալու ոչ մի պահանջ չէին ներկայացրել:
3. 2001թ. հունիսի 13-ի ենթադրյալ վատ վերաբերմունքի քննությունը և քրեական վարույթը
18. 2001թ. հուլիսի 20-ին Գլխավոր դատախազությունը քրեական հետապնդում է սկսել դիմողի նկատմամբ ենթադրյալ վատ վերաբերմունքի կապակցությամբ: Նույն օրն սկսվել է նաև մեկ այլ քննություն Իալովենի ոստիկանության բաժանմունքի հրամանատար սպայի ենթադրյալ անփույթ վերաբերմունքի առնչությամբ: Այս գործերը հետագայում միացվել են: 2001թ. հոկտեմբերի 23-ին դիմողների նկատմամբ 2001թ. մայիսի 11-ին Ցենտրու շրջանային ոստիկանության բաժանմունքում վատ վերաբերմունքի առնչությամբ քննությունը կարճվել է` ապացույցների բացակայության պատճառով: Ի պատասխան դիմողների գանգատի` 2002թ. մարտի 24-ին Գլխավոր դատախազությունը վերահաստատել է 2001թ. հոկտեմբերի 23-ի որոշումը: Պարզվել է, որ դիմողները դատական կարգով չէին վիճարկել ոչ մի որոշում:
19. 2001թ. օգոստոսի 20-ին մեկ այլ բժշկական զեկույց է ներկայացվել Ն.Ռ.-ի նոր բժշկական քննությունից հետո: Փորձագետին հարց է առաջադրվել, թե արդյոք Ն.Ռ.-ի ստացած վնասվածքները կարող էին պատճառված լինել ընկնելուց կամ բանտախցում առարկաներին հարվածելուց: Ըստ Զեկույցի` դա չէր բացառվում` որպես վնասվածքների առաջացման այլընտրանքային բացատրություն:
20. 2001թ. նոյեմբերի 2-ին մեղադրող կողմը Իալովենի ոստիկանությունում տեղի ունեցածի հետ կապված ոստիկանության աշխատակիցների դեմ հարուցված գործը ներկայացրել է դատարան` դատական քննության:
21. 2002թ. դեկտեմբերի 3-ին Քիշնևի թիվ 13 բանտի պետի կողմից, որտեղ Վ.Ռ.-ն ձերբակալված է եղել, վկայական է տրվել` հաստատելով, որ Վ.Ռ.-ն բուժվել էր ուղեղի վնասվածքների հետևանքներից և ասթենիկ-դեպրեսիվ ախտորոշումով` 1999թ. Նրա գլխին ենթադրյալ պատճառված վնասվածքի մասին:
22. 2003թ. հունիսի 23-ին Ցենտրու շրջանային դատարանն արդարացրել է երեք ոստիկաններին, ովքեր մեղադրվում էին ուժի չարաշահման և ապօրինաբար դիմողներին ծեծի ենթարկելու մեջ: Դատարանը նշել է CPT-ի կողմից ներկայացված զեկույցը, որում հայտարարվում էր, որ պատվիրակության անդամները զննել էին դիմողներին և «հայտնաբերել էին որոշակի մարմնական վնասվածքներ»: Այնուամենայնիվ, Դատարանը գտնում է, որ չի կարող հիմնվել CPT-ի զեկույցին, քանի որ ընթացակարգային կանոնների համաձայն միայն բժիշկ-մասնագետների կողմից կատարված զննության արդյունքը կարող է հիմք ծառայել քրեական պատասխանատվության ենթարկելու համար: Քանի որ CPT-ի զեկույցը չէր կազմվել քրեական գործի քննության ընթացքում, այլ կցվել էր տուժած կողմի ներկայացրած փաստաթղթերին, ապա դա չի կարելի հիմք ընդունել: Նույնը կարելի է ասել Պ.Դ.-ի կողմից ներկայացված հայտարարությունների մասին (տես վերը` կետ 19): Դատարանը չի մեկնաբանել 2001թ. հունիսի 18-ի բժշկական հաշվետվությունները:
23. Ոստիկանության աշխատակիցներից երկուսը մեղավոր են ճանաչվել անփութության մեջ` 2000թ. Ի.Ս.-ի գանգատը համապատասխան կերպով գրանցել չկարողանալու և փորձելով ենթադրյալ հանցագործության խնդիրը համապատասխան քրեական քննության սահմաններից դուրս լուծելու համար: Դիմողների` վատ վերաբերմունքի հետևանքով պատճառված նյութական և ոչ նյութական վնասների համար փոխհատուցման մասին պահանջները մերժվել են որպես անհիմն:
24. 2003թ. հուլիսի 18-ին Ն.Ռ.-ն բողոքել է, inter alia, որ դատարանը ոստիկաններին մեղավոր չի ճանաչել: Նա նաև նշել է, որ և՛ ինքը, և՛ Վ.Ռ.-ն ճանաչման ներկայացնելու ժամանակ ճանաչել էին այդ ոստիկաններին` որպես այն անձանց, ովքեր խոշտանգել էին իրենց, և որ ոստիկաններից ոչ մեկը չէր կարողացել բացատրել կալանքի տակ եղած ժամանակ իրենց ստացված վնասվածքների առաջացման պատճառը: Նա մեջբերում է կատարել Իալովենի ոստիկանության բաժանմունքի մի քանի համակալանավորների հայտարարություններից այն մասին, որ Ռ.Վ.-ն լավ առողջական վիճակում է եղել խցից դուրս գալուց, սակայն, հետո, երբ նա վերադարձել է այնտեղ, նրա վրա եղել են վատ վերաբերմունքի մասին վկայող ակնհայտ նշաններ: Այս վկաները բացառել են, որ բանտախցում ինչ-որ մեկն ինքն իրեն վնասել է: Ն.Ռ.-ն վկայակոչել է այն փաստը, որ իրենք` երկու դիմողները, չեն մասնակցել Իալովենի ոստիկանության բաժանմունքում իրենց նկատմամբ քրեական գործերի հարուցման գործընթացին: Դա, նրա կարծիքով, հաստատում է, որ նրանց բաժանմունք չէին տարել օրինական նպատակներով: Նա, վերջապես, անդրադարձել է իր և Ռ.Վ.-ի կողմից ձեռնարկված քաղաքացիական բողոքի ակցիային վարույթի ընթացքում: Նա կասկածի տակ է դրել մեղադրվող այն անձանց նկատմամբ համաներման օրենքի կիրառումը` որպես օրենքին հակասող իրավահարաբերություն, ովքեր չէին փոխհատուցել իրենց հանցագործություններից տուժած անձանց: Վ.Ռ.-ն ներկայացրել է նմանատիպ գանգատ: Դատախազի բողոքարկման մեջ նշվել էր, որ յուրաքանչյուր դիմողի տրամադրվել էին Իալովենի ոստիկանության բաժանմունքի ողջ անձնակազմի նկարները, որոնցից նրանք երկուսն էլ ճանաչել էին այն ոստիկաններին, ովքեր իրենց վատ վերաբերմունքի էին ենթարկել:
25. 2004թ. հունվարի 15-ին Քիշնևի Վերաքննիչ դատարանը մասնակի վերացրել է առաջին ատյանի դատարանի կողմից կայացված վճիռը: Այն արդարացնում էր առաջին ատյանի դատարանի կողմից անփութության մեջ մեղադրված երկու ոստիկաններին` գտնելով, որ Ի.Ս.-ի գանգատի գրանցումը նրանց պարտականությունը չէր: Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի որոշման մնացած մասը`գտնելով, որ մասնավորապես ճիշտ է եղել վատ վերաբերմունքի վերաբերյալ դիմողի բողոքը մերժելը: Այն գտել է, որ դիմողների կողմից արված հայտարարությունները ճիշտ չեն եղել, քանի որ վնասվածքներ ստանալու պայմանների վերաբերյալ նրանց նկարագրությունները չեն համընկել բժշկական զննության արդյունքում ներկայացված տվյալների հետ, և «քանի որ նրանք կարող էին օգտագործած լինել իրենց հայտարարությունները որպես պաշտպանական միջոց քրեական դատավարությունում, որտեղ նրանք մեղադրվում էին լուրջ հանցագործություններ կատարելու մեջ»: Ընդ որում, CPT զեկույցը և այլ հարակից փաստաթղթերը չէին ապացուցում, որ դիմողները ենթարկվել էին վատ վերաբերմունքի, մասնավորապես սույն գործում մեղադրվող ոստիկանների կողմից, ուստի դրանք չեն կարող հիմք հանդիսանալ նրանց դատապարտելու համար:
26. Դիմողի փաստաբանը բողոքարկել է օրենքի կետերը` մեջբերելով գործում առկա մի շարք փաստաթղթեր և պահանջելով, որ մեղադրյալները դատապարտվեն վատ վերաբերմունք ցուցաբերելու և իրենց լիազորությունները գերազանցելու համար:
27. 2004թ. հունիսի 29-ին Արդարադատության գերագույն դատարանը մերժել է դիմողների բողոքներն օրենքի կետերի վերաբերյալ, սակայն ընդունել է դատախազի կողմից ներկայացված բողոքը, որում վերջինս պահանջել էր երկու մեղադրյալներին մեղավոր ճանաչել: Այն կարգադրել է գործի վերլսում Քիշնևի Վերաքննիչ դատարանում:
28. 2005թ. հունվարի 26-ին Քիշնևի Վերաքննիչ դատարանը վերացրել է շրջանային դատարանի վճիռն այն առումով, որ այն արդարացրել էր վատ վերաբերմունքի մեջ մեղադրվող երեք ոստիկաններին: Այն ընդունել է մի նոր մեղադրական վճիռ` բոլոր երեք ոստիկաններին լիազորությունների ակնհայտ չարաշահման մեջ մեղավոր ճանաչելու մասին (Քրեական օրենսգրքի 185(2) հոդված,-տես` «համապատասխան ներպետական օրենսդրությունը»` ստորև): Ոստիկաններից յուրաքանչյուրը դատապարտվել է երեք տարի ժամկետով ազատազրկման և երկու տարի ժամկետով զրկելով իրավապահ մարմիններում աշխատելու իրավունքից: Դատարանը նաև որոշել է մեկ տարի ժամկետով, որպես փորձաշրջան, երկարաձգել այդ վճռի ուժի մեջ մտնելը` գտնելով, որ ոստիկանները բավականին երիտասարդ էին, ունեին ընտանիք, նախկինում չէին դատապարտվել և հասարակության մեջ դրական կերպարներ էին հանդիսանում:
29. 2005թ. ապրիլի 27-ին Արդարադատության գերագույն դատարանը բավարարել է այդ վճիռը: Այն գտել է, որ գործի փաստաթղթերում առկա նյութերը, այդ թվում` CPT զեկույցը, վկաների հայտարարությունները և բժշկական զննության արդյունքում ներկայացված զեկույցները, անկասկած, ապացուցում են, որ երեք ոստիկանները վատ վերաբերմունք էին ցուցաբերել դիմողների նկատմամբ:
30. Դիումատուները ներկայացրել էին Միջազգային համաներման մոլդովական մասնաճյուղի անդամների, ինչպես նաև մոլդովական իրավաբանների ընկերակցության նախագահի հետ անցկացված լրագրողական հարցազրույցների պատճենները, որոնք հաստատում էին, որ վատ վերաբերմունք է սովորաբար կիրառվում որոշ իրավապահ մարմինների, մասնավորապես` ոստիկանության աշխատակիցների և քննիչների կողմից` անմեղ անձանցից ինքնախոստովանական հայտարարություններ և մեղավորության ճանաչում կորզելու համար:
Բ. Կալանքի պայմանները
31. 2003թ. սեպտեմբերի 15-ին դատարան ուղարկած նամակում դիմողները պնդել են, որ անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող պայմաններում իրենց կալանքի տակ էին պահել և՛ Տիղինայի թիվ 6 փողոցում գտնվող Գլխավոր ոստիկանության վարչությունում և՛, սկսած 2001թ. հունիսի 28-ից, Քիշնևի թիվ 3 բանտում (այն նաև հայտնի է որպես թիվ 13 բանտ): Ինչ վերաբերում է այս նշված վերջին կալանավայրին` նրանք անդրադարձել են, մասնավորապես, դրա խիստ գերբնակեցմանը (քսան բանտարկյալներ 25քմ բանտախցում և մինչև տասը բանտարկյալներ պահած դատարանի` 1-2քմ. Տարածքով խցերում) մինչ նրանք սպասել են դատարանում իրենց լսումներին` առանց սննդի, ջրի կամ զուգարանից օգտվելու հնարավորության. խիտ ծխախոտի թանձր ծուխ և ուժեղ հոտ բաց զուգարանից` զուգորդված օդափոխության բացակայությամբ, օրվա մեծ մասը` թարմ ջրի պակասով, պատուհանների վրա առաջացած հաստ սարդոստայնների պատճառով օրվա բնական լույսի խիստ սահմանափակ ներթափանցմամբ. խոնավություն, ուտելու համար ոչ պիտանի սնունդ և անհամապատասխան բժշկական օգնություն:
32. Դիմողները նաև պնդել են, որ իրենց նամակագրությունները ստուգվել են, և որ իրենց շփումն արտաքին աշխարհի հետ խիստ սահմանափակված էր, երբ իրենք Քիշնևի Տիղինայի թիվ 6 փողոցում գտնվող կալանավայրում էին:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆՅՈՒԹԵՐ
Ա. Համապատասխան ներպետական օրենք և պրակտիկա
33. Քրեական օրենսգրքի` այդ ժամանակ կիրառելի համապատասխան դրույթները սահմանում էին հետևյալը.
Հոդված 36 - Պատժի նշանակման ընդհանուր սկզբունքները «Դատարանը պետք է պատիժը նշանակի սույն օրենսգրքի Ընդհանուր մասում սահմանված դրույթներին խիստ համապատասխան և սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում, որում նշված է հանցագործության պատժաչափը: Պատժաչափը որոշելիս դատարանը պարտավոր է հիմնվել հանցավորի անձը բնութագրող տվյալների վրա և պետք է հաշվի առնի հանցագործության բնույթը, հանրության համար առաջացած վտանգավորության աստիճանը, ինչպես նաև` պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքները»:
Հոդված 37.-Մեղմացնող հանգամանքները «Դատավճիռ կայացնելիս պետք է հաշվի առնել հետևյալ մեղմացնող հանգամանքները.
1. այն փաստը, որ հանցագործը կանխել է հանցագործության վտանգավոր հետևանքները` կամավոր կերպով փոխհատուցելով վնասները կամ վերականգնելով պատճառված վնասը.
2. հանցանքը կատարվել է անձնական կամ ընտանեկան ծանր հանգամանքների զուգորդման հետևանքով.
3. հանցանքը կատարվել է սպառնալիքի կամ հարկադրանքի կամ տնտեսական կամ ծառայողական կամ այլ կախվածության հետևանքով:
4. հանցանքը կատարվել է հոգեկան խիստ հուզմունքի ազդեցության ներքո, որն առաջացել է տուժողի կողմից կատարված ապօրինի գործողության պատճառով.
5. հանցանքը կատարվել է` պաշտպանելու համար սոցիալապես վտանգավոր գրոհից, եթե նույնիսկ օրինական պաշտպանությունը սահմանազանցվել է.
6. հանցանքը կատարվել է անչափահասի կողմից.
7. հանցանքը կատարվել է հղի կնոջ կողմից.
8. անկեղծ զղջալը կամ մեղայականով ներկայանալը.
9. հանցագործության բացահայտմանն ակտիվորեն աջակցելը:
Պատիժ նշանակելիս դատարանը կարող է հաշվի առնել այլ մեղմացնող հանգամանքներ նույնպես»:
Հոդված 38.- Ծանրացնող հանգամանքները «Դատավճիռ կայացնելիս ծանրացնող հանգամանքներ պետք է համարվեն հետևյալները.
1. հանցագործը նախկինում եղել է դատապարտված: Կախված նախկին հանցագործության բնույթից` դատարանը պետք է իրավասություն ունենա այն չհամարելու որպես ծանրացնող հանգամանք.
2. հանցագործությունը կատարվել է կազմակերպված խմբի կողմից.
3. հանցանքը կատարվել է ֆինանսական կամ այլ նյութական շարժառիթներով.
3/1. հանցանքը կատարվել է տուժողի ազգային պատկանելիության կամ ռասայական ատելության կամ արհամարհանքի պատճառով.
4. հանցանքն ունեցել է լուրջ հետևանքներ.
5. հանցանքը կատարվել է անչափահասի, տարեց կամ խոցելի անձի նկատմամբ.
6. հանցանքը կատարվել է հասարակական կարգի պաշտպանության համար պատասխանատու անձի կողմից.
7. անչափահասներին հանցագործություն կատարելուն հրահրելու կամ անչափահասների ներգրավումը հանցագործությունների կատարման մեջ.
8. հանցագործություն, որը ներառում է առանձնակի դաժանություն կամ տուժողի նվաստացում.
9. հանցանք, որը կատարվել է բնական աղետի ժամանակ.
10. հանցագործություն, որը պատճառ է հանդիսացել համընդհանուր վտանգի.
11. հանցագործություն, որը կատարվել է մեկ այլ անձի ֆինանսական, ծառայողական կամ այլ կախվածության չարաշահումների միջոցով.
12. հանցանքը կատարվել է ալկոհոլի ազդեցության տակ: Դատարանը պետք է ունենա իրավասություն սա ծանրացուցիչ հանգամանք չհամարելու` կախված հանցանքի բնույթից.
13. հանցանքը կատարվել է անձի կողմից, ով ազատ է արձակվել ընթացքի մեջ գտնվող դատավարությունից` անձնական երաշխավորությամբ. երաշխավորության ընթացքում կամ դրա լրանալուց հետո` մեկ տարվա ընթացքում»:
Հոդված 43. - Պատիժը պայմանականորեն չկիրառելը
Եթե դատարանը, հաշվի առնելով գործի հանգամանքները և դատապարտյալի անձը, հանգում է հետևության, որ նրա ուղղվելը հնարավոր է առանց ազատազրկման ձևով պատիժը կրելու, ապա այն կարող է որոշում ընդունել պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին, որի դեպքում այն պետք է դատավճռի մեջ ցույց տա իր այդ որոշման պատճառները: Նման դեպքերում դատարանը պետք է կարգադրի, որ մեղադրյալը պատիժը չպետք է կրի, եթե դատարանի կողմից սահմանված փորձաշրջանի ընթացքում չի կատարում նոր հանցանք և փորձաշրջանի ընթացքում կատարում է դատարանի կողմից սահմանված պարտականությունները: Փորձաշրջանը սահմանվում է մեկից հինգ տարի ժամկետով»:
Հոդված 101/1. - Խոշտանգումը «Դիտավորյալ գործողություններ, որի միջոցով անձին ուժեղ ցավ կամ մարմնական կամ հոգեկան տառապանք է պատճառվում, հատկապես նպատակ ունենալով այդ անձից կամ որևէ երրորդ կողմից տեղեկատվություն կամ խոստովանություն կորզելու, պատժելու հանցանքի համար, որն այդ անձը կամ երրորդ կողմը կատարել է, կամ կասկածվում է, որ կատարել է կամ նպատակ ունենալով սպառնալ կամ ճնշում գործադրել այդպիսի անձի կամ որևէ երրորդ կողմի վրա որևէ այլ պատճառով`հիմնված խտրականության վրա` անկախ հանգամանքներից, երբ նման ցավ կամ տառապանք պատճառվում է պետական մարմնի աշխատակցի կամ որևէ այլ անձի կողմից, ով հանդես է գալիս որպես պաշտոնատար անձ կամ ուղղակիորեն կամ անուղղակիորեն հրահրվել է նման աշխատակցի կողմից, բացառությամբ ցավի կամ տառապանքի, որոնք բացառապես օրինական պատժամիջոցների արդյունք է և բնորոշ է նման պատժամիջոցներին կամ պայմանավորված է դրանով, պետք է պատժվեն ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով»:
Հոդված 185. - Պաշտոնեական դիրքի չարաշահում կամ ultra vires գործողություններ
«Պաշտոնեական դիրքի չարաշահումը կամ ultra vires գործողությունները պաշտոնատար անձի կողմից կատարված այնպիսի գործողություններն են, որոնք ակնհայտորեն գերազանցել են նրա` օրենքով սահմանված իրավունքներն ու լիազորությունները, եթե դրանք էական վնաս են պատճառել պետության օրինական շահերին կամ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց իրավունքներին և օրինական շահերին, պատժվում են ազատազրկմամբ` մինչև երեք տարի ժամկետով կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսունից մինչև հարյուրապատիկի չափով, կամ պաշտոնեական են արվում` տվյալ զբաղեցրած պաշտոնում աշխատելու կամ տվյալ գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով մինչև հինգ տարի ժամկետով:
Պաշտոնեական դիրքի չարաշահումը կամ ultra vires գործողությունները, որոնք զուգորդվել են բռնությամբ կամ զենքի կամ տանջանք պատճառող գործողությունների կիրառմամբ, և որոնք նվաստացրել են տուժողի արժանապատվությունը` պատժվում են երեքից տասը տարի ժամկետով ազատազրկմամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մինչև հինգ տարի ժամկետով»:
34. Ոստիկանության համար էթիկայի և Դեօնտոլոգիայի կանոնագիրքն ընդունվել է 2006թ. մայիսի 10-ին (օրենք թիվ 481, ուժի մեջ է մտել 2006թ. մայիսի 8-ից): Ըստ այդ օրենսգրքի` արգելվում է վատ վերաբերվել, հանդուրժել կամ խրախուսել վատ վերաբերմունքը և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը «անկախ հանգամանքներից»:
35. 1545 օրենքի (1998թ.) համապատասխան դրույթները, որ վերաբերում են քրեական հետապնդման մարմինների, դատախազության և դատարանների անօրինական գործողություններով պատճառված վնասի հատուցմանը, վկայակոչվել են Սարբան ընդդեմ Մոլդովայի գործում (թիվ 3456/05, կետ 54, 4 հոկտեմբերի 2005թ.):
36. Բելիցեվեցեն ընդդեմ Ֆինանսների նախարարության գործում (թիվ 2ra-1171/07, 4 հուլիսի 2007թ.) Գերագույն դատարանը գտել է, որ մարդը կարող է վնասների փոխհատուցում պահանջել 1545(1998) օրենքի հիման վրա միայն այն դեպքում, եթե նա արդարացվել է իր դեմ բերած բոլոր մեղադրանքներով: Պրն Բելիցեվեցեն մեղավոր էր ճանաչվել իր նկատմամբ առաջադրված մեղադրանքներից մեկով, այդպիսով նա չէր կարող վնասների փոխհատուցում պահանջել:
Բ. Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման վերաբերյալ Եվրոպական միության զեկույցները
37. 2001թ. հունիսի 10-ից 22-ը Մոլդովա կատարած այցելության վերաբերյալ CPT-ի զեկույցի համապատասխան մասերը սահմանում էին հետևյալը.
«24.Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձվի Իալովենի ոստիկանության բաժանմունքում կալանավորված անձի գործին: Առաջին հարցազրույցի ժամանակ այս անձի վրա չկար որևէ վերք կամ վատ վերաբերմունքի նշան: Երբ նրան տեսանք հաջորդ օրվա հերթական հարցազրույցի ժամանակ, պատվիրակներից մեկի բժշկի կողմից կատարված զննության արդյունքում նրա ձախ քունքի շրջանում բացահայտվեց մեկ սմ երկարությամբ վերք` պատված չորացած շերտով, և ձախ երիկամի շրջանում` 8 x 3 սմ չափի կապտավուն արյունազեղ ուռուցք` հեմատոմա: Երկու ոտնաթաթերն էլ շատ էին ցավում քայլելիս և քարացած էին` հատկապես կրնկի հատվածում: Այս վերքերը և նշանները համապատասխանում են նրա այն հայտարարություններին, որ նախորդ օրը` երեկոյան, պատվիրակության մեկնումից հետո EDP գրասենյակում ոստիկանության աշխատակիցները մի կտոր ծանր կաուչուկե գործիքով նրա գլխին մի քանի անգամ հարվածել էին, իսկ հետո ստիպել էին ծնկի իջնել` ձեռքերն առջևի մասում պահած վիճակում ձեռնաշղթայել նրան: Հարցաքննության ժամանակ նրան ծեծել էին` ոտնաթաթերին և ձախ երիկամի շրջանում հարվածներ հասցնելով: Քանի որ այդ անձը մտահոգություն էր հայտնել, որ իրեն վատ վերաբերմունքի կենթարկեն պատվիրակության մեկնումից հետո, վերջինս խնդրել է Ներքին գործերի նախարարության իրավասու աշխատակցին անհապաղ քայլեր ձեռնարկել ապահովելու նրա պաշտպանությունը և հարցում կատարել այս կալանքի տակ գտնվող այս անձանց EDP-ում բուժման վերաբերյալ: Մտահոգված անհատին տեղափոխել են մայրաքաղաքի EDP, և նա ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության իր փաստաբանի ներկայությամբ: Ներքին գործերի նախարարության այցի ընթացքում իրականացված ներքին քննությունը նաև ցույց է տվել, որ մեկ այլ անձ, ով պահվում էր նույն EDP-ում, ֆիզիկական վատ վերաբերմունքի վերաբերյալ մեղադրանքներ էր ներկայացրել հետաքննությամբ զբաղվող անձանց նկատմամբ: Այս անձը նույնպես ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության: Ըստ 2001թ. նոյեմբերի 5-ի նամակի` Մոլդովայի իշխանությունները նշել էին, որ վարույթը նախաձեռնել էր դատախազությունը` ըստ Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 5-րդ կետի (պաշտոնեական դիրքի/իշխանության չարաշահում): Քննությունն սկսվել է, և այդ գործը շուտով կփոխանցվի դատարան: CPT-ն նշել է այս տեղեկությունը մեծ հետաքրքրությամբ և կցանկանար տեղեկանալ դատարանի վերջնական որոշման մասին:
25. Ինչպես նշվել է վերոհիշյալ 13-րդ պարբերությունում, ի պատասխան իրավիճակի վատթարացմանը` պատվիրակությունը վկայակոչել է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 5-րդ մասը` Մոլդովայի իշխանություններից պահանջելով անհապաղ իրականացնել մանրակրկիտ և անկախ հետազոտություն` պարզելու երկրով մեկ տարածված ոստիկանության ստորաբաժանումներում կալանավորված անձանց հարցաքննության ընթացքում կիրառվող մեթոդները: 2001թ. նոյեմբերի 5-ի իրենց նամակում Մոլդովայի իշխանությունները պարզապես նշել են, որ Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ տեղյակ չէ կոնկրետ դեպքերի, երբ ազատազրկվածներն անմարդկային մեթոդներով հարցաքննության են ենթարկվել ոստիկանության կողմից, և հիշեցրել է ուժի մեջ գտնվող ընթացակարգերը` վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոքների առկայության դեպքում: Նման դիրքորոշումը, Հանձնաժողովի կարծիքով, անտրամաբանական է` հաշվի առնելով 2001թ. հավաքված բոլոր տեղեկությունները: Անդրադառնալով Կոնվենցիայի 3-րդ հոդվածին` CPT-ն կոչ է անում Մոլդովական իշխանություններին անհապաղ իրականացնել վերոհիշյալ քննությունը և տեղեկացնել Հանձնաժողովին դրանց արդյունքների մասին 2001թ. այցի վերաբերյալ զեկույցն ստանալուց հետո` երեք ամսվա ընթացքում»:
38. CPT-ի 2001թ. զեկույցին 2002թ. հունիսի 26-ին Մոլդովայի կառավարության ներկայացրած պատասխանի համապատասխան մասերը սահմանում էին, որ. «24. CPT-ն ցանկանում է տեղեկացված լինել դատարանի որոշման մասին` ըստ դատախազի պահանջի, կապված համապատասխան պարբերությունում նշված գործի հետ: Տեղեկացնում ենք Ձեզ, որ քրեական գործը (նշված 2001թ. զեկույցի 24-րդ պարբերությունում)` հիմնված 185-րդ հոդվածի 2-րդ մասի վրա` «Իշխանության չարաշահում կամ Ultra vires գործողություններ», դեռևս գտնվում է քննության փուլում:
28. CPT-ն մեկնաբանություններ էր պահանջել Մոլդովիայի իշխանություններից` կապված քննության անցկացման ժամանակակից մեթոդների հետ: Այս կապակցությամբ, ցավոք, ոչ մի առաջխաղացում չի գրանցվել:
29. CPT-ն կցանկանար տեղեկություն ձեռք բերել Ոստիկանության համար Դեօնտոլոգիայի կանոնագիրք կազմելու գործի ընթացքի վերաբերյալ: Ցավոք, այս կապակցությամբ ոչ մի առաջընթաց չի գրանցվել»:
Գ. Միացյալ ազգերի Ստամբուլի արձանագրությունը
39. Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արդյունավետ քննության մասին ձեռնարկը (Ստամբուլի արձանագրություն) ներկայացվել է ՄԱԿ-ի` Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին 1999թ. օգոստոսի 9-ին: «Ստամբուլյան սկզբունքները» այնուհետև աջակցություն էին ստանում Միավորված ազգերի կազմակերպությունից` Մարդու իրավունքների հանձնաժողովի և Գլխավոր ասամբլեայի միջոցով: Այն ուղեցույցների առաջին փաթեթն է` ստեղծված խոշտանգումների վերաբերյալ քննության համար: Արձանագրությունը պարունակում է ամբողջական գործնական ցուցումներ` գնահատելու համար անձանց հայտարարությունները, ովքեր պնդում են, որ տուժել են խոշտանգումներից կամ վատ վերաբերմունքից, քննելու խոշտանգումների կասկածելի դեպքերն ու քննության արդյունքները համապատասխան իրավասու մարմիններին զեկուցելու համար: Սկզբունքները, որ կիրառելի են արդյունավետ քննության և խոշտանգումների ու այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի վավերագրման մեջ, կարելի է գտնել Ձեռնարկի 1-ին հավելվածում, որի համաձայն` «Արդյունավետ քննության և խոշտանգումների ու այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի վավերագրման նպատակները (այսուհետ` խոշտանգումները կամ այլ վատ վերաբերմունքը), ներառում են հետևյալը` փաստական հանգամանքների պարզաբանում, տուժողների և նրանց ընտանիքների համար անհատական ու պետական պատասխանատվության հաստատում ու ճանաչում, անհրաժեշտ միջոցառումների բացահայտում` կանխելու համար հետապնդման կրկնությունն ու հեշտացումը, կամ համապատասխան դեպքերում, կարգապահական պատժամիջոցների կիրառումը նրանց հանդեպ, ովքեր քննությամբ ճանաչվել են որպես պատասխանատու, և պետությունից լիարժեք վերականգնման ու փոխհատուցման անհրաժեշտության ցուցադրումը, այդ թվում` արդար և համապատասխան ֆինանսական փոխհատուցման, բժշկական օգնության միջոցների տրամադրում և վերականգնողական ծառայություն: Պետությունները պետք է ապահովեն, որ խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի վերաբերյալ գանգատները և հայտարարությունները արագ ու արդյունավետ կերպով քննվեն: Նույնիսկ ուղղակի բողոքի բացակայության դեպքում քննությունը պետք է ձեռնարկվի, եթե կան այլ ցուցմունքներ, այն մասին, որ խոշտանգումներ կամ վատ վերաբերմունք կարող են տեղի ունեցած լինել: Քննիչները, որոնք պետք է լինեն անկախ կասկածելի հանցագործներից և այն գործակալություններից, որոնց համար նրանք ծառայում են, պետք է լինեն իրազեկ և անկողմնակալ: Նրանց պետք է մատչելի լինեն կամ նրանք պետք է լիազորված լինեն օգտվելու Հանձնաժողովի աշխատանքներից և անկողմնակալ բժշկական կամ այլ փորձագետի հետաքննություններից: Քննչական մարմինը պետք է ունենա իրավասություն և պարտավոր է ձեռք բերել բոլոր անհրաժեշտ տեղեկատվությունը, որ անհրաժեշտ է իր ուսումնասիրության համար: Նրանք, ովքեր ինչ-որ չափով ներգրավված են եղել խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի գործում, զրկվում են վերահսկողություն կամ իշխանություն իրականացնող որևէ պաշտոնից, որն ուղղակի կամ անուղղակի կերպով առնչվում է գանգատվողների, վկաների և նրանց ընտանիքների, ինչպես նաև քննություն անցկացնող անձանց: Խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի ենթադրյալ տուժողները և նրանց օրինական ներկայացուցիչները պետք է տեղեկացվեն և մասնակցեն դրանց ցանկացած լսումների, ինչպես նաև ստանան ուսումնասիրությանն առնչվող ցանկացած տեղեկատվություն և պետք է ունենան այլ ապացույցներ ներկայացնելու իրավասություն: Գրավոր զեկույցը` կազմված ողջամիտ ժամկետում, պետք է ներառի այն ուսումնասիրության, ընթացակարգերի և մեթոդների շրջանակը, որոնք օգտագործվում են ապացույցների գնահատման համար, ինչպես նաև եզրակացությունները և առաջարկությունները, որոնք հիմնված են փաստերից և գործող օրենքից բխող եզրահանգումների վրա: Ավարտելուն պես այդ զեկույցը պետք է հրապարակվի: Դրանցում պետք է նաև մանրամասն նկարագրվեն որոշակի իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել, և ապացույցները, որոնց վրա հիմնված են այդ արդյունքները, և վկաների անունները, ովքեր վկայություն են տվել, բացառությամբ նրանց, ում ինքնությունը պետք է պահվի իրենց իսկ անվտանգության շահերից ելնելով: Պետությունը, ողջամիտ ժամկետում, պետք է պատասխանի քննության վերաբերյալ զեկույցին և համապատասխանաբար ցույց տա այն քայլերը, որ պետք է ձեռնարկվեն ի պատասխան: Խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի քննության գործում ներգրավված բժիշկ-մասնագետները բոլոր դեպքերում պետք է գործեն էթիկայի բարձրագույն չափանիշներին համապատասխան և, մասնավորապես, պետք է ձեռք բերեն տեղեկացված համաձայնություն նախքան որևէ փորձաքննություն իրականացնելը: Քննությունը պետք է հետևի բժշկական պրակտիկայում սահմանված չափանիշներին: Մասնավորապես, քննությունները պետք է անցկացվեն գաղտնի` բժիշկ-փորձագետի հսկողության ներքո և առանց անվտանգության գործակալների կամ պետական այլ պաշտոնյաների ներկայության: Բժիշկ- մասնագետը պետք է անմիջապես պատրաստի ճշգրտորեն կազմված զեկույց: Այս զեկույցը պետք է նվազագույնը ներառի հետևյալը.
ա. քննվողի անունը և քննությանը ներկա գտնվողների անունները և ազգային պատկանելությունը, ճշգրիտ ժամը և ամսաթիվը, վայրը, բնույթը և հաստատության հասցեն (ներառյալ անհրաժեշտ դեպքում` սենյակը), որտեղ քննությունն իրականացվել է (օրինակ` կալանավայր, կլինիկա, տուն) և քննության ժամանակ քննվողի հետ կապված որոշ հանգամանքներ (օրինակ` որևէ խափանման միջոցի բնույթը ժամանելիս կամ փորձաքննության ընթացքում, անվտանգության ուժերի ներկայությունը փորձաքննության ընթացքում, բանտարկյալներին ուղեկցողների վարքագիծը, քննությունն անցկացնողի հասցեին հնչեցված սպառնալիքներ) և այլ համապատասխան գործոններ,
բ. քննվողի պատմության մանրամասն արձանագրությունը` ինչպես ներկայացվել է հարցազրույցի ընթացքում, այդ թվում` խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի ենթադրյալ մեթոդները, ժամանակը, երբ ենթադրվում է, որ խոշտանգումները կամ վատ վերաբերմունքը տեղի են ունեցել, և բոլոր հոգեկան ու ֆիզիկական տառապանքների վերաբերյալ գանգատները:
գ. կլինիկական փորձաքննության արդյունքում կազմված բոլոր ֆիզիկական և հոգեկան վնասվածքների վերաբերյալ եզրակացությունների արձանագրությունը, այդ թվում համապատասխան ախտորոշիչ թեստերը և հնարավորության դեպքում, բոլոր վնասվածքների գունավոր լուսապատկերները,
դ. մեկնաբանություն, որ կպարզաբանի ֆիզիկական և հոգեբանական եզրակացությունների հնարավոր առնչությունը հնարավոր խոշտանգումներին կամ վատ վերաբերմունքին: Պետք է տրվի անհրաժեշտ խորհրդատվություն բժշկական և հոգեբանական բուժման վերաբերյալ, ինչպես նաև պետք է կատարվի հետագա քննություն,
ե. զեկույցում պետք է հստակորեն նշված լինի քննությունն անցկացնողների ինքնությունը, և այն պետք է ստորագրվի>
Իրավունք
40. Դիմողները բողոքել են Կոնվենցիայի 3-րդ հոդվածի հիմքով 2001թ. մայիսի 11-ին Ցենտրու շրջանային ոստիկանության բաժանմունքում ոստիկանների և քննիչների կողմից իրենց նկատմամբ կիրառված վատ վերաբերմունքի կապակցությամբ, որ քննիչը մերժել էր քրեական հետապնդում սկսել իրենց նկատմամբ այդ օրը ցուցաբերված ենթադրյալ վատ վերաբերմունքի առնչությամբ: Նրանք նաև նույն հոդվածի հիմքով բողոքել են Իալովենի ոստիկանության բաժանմունքում 2001թ. հունիսի 13-ին իրենց նկատմամբ ցուցաբերված վատ վերաբերմունքի, ինչպես նաև այդ օրը նրանց նկատմամբ կիրառված վատ վերաբերմունքի հետ կապված վարույթ սկսելը մերժելու կապակցությամբ: Կոնվենցիայի 3-րդ հոդվածը սահմանում է, որ` «Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:
41. Դիմողներն այնուհետև բողոքել են Կոնվենցիայի 3-րդ և 8-րդ հոդվածների հիմքով` կալանավայրում պահելու անմարդկային պայմանների, ինչպես նաև իրենց նամակագրություններն ստուգելու առնչությամբ: Կոնվենցիայի 8-րդ հոդվածի համապատասխան մասը սահմանում է, որ` «Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք»:
42. Դիմողները նաև բողոքել են, որ վարույթի նախնական փուլում նրանց փաստաբաններ չէին տրամադրել և որ եթե զրկված են եղել փաստաբան ունենալու հնարավորությունից իրենց կալանքի առաջին մի քանի օրերի ընթացքում, ինչը հակասում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածին: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համապատասխան մասը սահմանում է, որ` «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի ... ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք…»:
43. Դիմողներն այնուհետև բողոքել են Կոնվենցիայի 13-րդ հոդվածի հիմքով վատ վերաբերմունքի մասին իրենց գանգատների վերաբերյալ պակաս արդյունավետ միջոցներից և դրանց քննության ձախողումից: Կոնվենցիայի 13-րդ հոդվածը սահմանում է, որ` «Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»:
44. Դիմողներն ի վերջո բողոքել են Կոնվենցիայի 17-րդ հոդվածի հիմքով: 17-րդ հոդվածը սահմանում է, որ`
«Սույն Կոնվենցիայի ոչ մի դրույթ չի կարող մեկնաբանվել այն իմաստով, թե որևէ պետություն, անձանց խումբ կամ որևէ անձ իրավունք ունեն զբաղվելու այնպիսի գործունեությամբ կամ կատարելու այնպիսի գործողություն, որն ուղղված է սույն Կոնվենցիայում շարադրված ցանկացած իրավունքի և ազատության վերացմանը կամ դրանց սահմանափակմանը ավելի մեծ չափով, քան նախատեսված է Կոնվենցիայով»:
I. ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ
45. Կառավարությունը պնդել էր, որ դիմողների նկատմամբ վատ վերաբերմունք ցուցաբերելու մեջ մեղադրվող երեք ոստիկաններին մեղավոր ճանաչելուց հետո դիմողներն այլևս չէին կարող համարվել Կոնվենցիայի 3-րդ հոդվածում ամրագրված իրավունքների խախտման զոհեր: Դիմողներն առարկել են` վկայակոչելով պատիժների մեղմ լինելը:
46. Դատարանը գտնում է, որ այս հարցը սերտորեն կապված է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո գանգատարկվող նյութի էության հետ: Դատարանը, հետևաբար, այս առարկությունը կքննի 3-րդ հոդվածի ներքո բերված գանգատի փաստարկների հետ մեկտեղ:
47. Կառավարությունը նաև պնդել է, որ դիմողները չէին սպառել առկա ներպետական միջոցները, քանի որ նրանք չէին կատարել դատական գործողություններն այն վնասների համար, որոնք վերաբերում են իրավապահ մարմինների ապօրինի գործողություններին` 1545(1998) օրենքին համապատասխան:
48. Դիմողները պնդել են` քանի որ իրենք չէին արդարացվել այն հանցագործությունների համար, որոնցում մեղադրվում էին, նաև այդ օրենքը չէր վերաբերում նրանց իրավիճակին, ինչպես վկայում է Բելիցեվեցինի գործը (տես վերը` կետ 40):
49. Դատարանը նշում է, որ այն արդեն մերժել է նման մեկ առարկություն` բարձրացված Կառավարության կողմից Սարբանում (վկայակոչված վերը` կետ 59), գտնելով, որ միայն արդարացումն է թույլ տալիս անձին պահանջել վնասների փոխհատուցում այդ օրենքով: Բելիցվեցինի գործը (տես վերը` կետ 40-րդ) ամրապնդում է այդ եզրակացությունը: Սույն գործով դիմողները պնդել են, որ իրենք չեն արդարացվել, իսկ Կառավարությունը չի առարկում դա: Ամեն դեպքում, Դատարանը կրկնում է, որ դիմողներից չի պահանջվում օգտագործել մեկից ավելի մատչելի պաշտպանության միջոց, և չի կարող վիճարկվել այն, որ նրանք որպես տուժող կողմեր պահանջում են, որ իրենց կրած վնասների համար քրեական պատասխանատվության ենթարկվեն ոստիկանության աշխատակիցները, ում պահանջները մերժվել էին դատարանների կողմից (տես վերը` կետ 27): Դրանից հետևում է, որ այս առարկությունը ենթակա է մերժման:
50. Դատարանը նաև նշում է, որ դիմողներն գանգատվել են 2001թ. մայիսի 11-ին Ցենտրու ոստիկանության բաժանմունքում և Քիշնևի գլխավոր ոստիկանությունում վատ վերաբերմունքից: Սակայն դիմողների ներկայացրած նյութերը չեն պարունակում որևէ ապացույց մինչև 2001թ.-ի հունիսի 13-ը կատարված վատ վերաբերմունքի վերաբերյալ: Ընդ որում, CPT-ն իր զեկույցում նշել է, որ 2001թ. հունիսի 13-ին Իալովենի ոստիկանություն կատարած իր այցի ժամանակ չէր գտել բռնության որևէ հետք այն անձի վրա, ում նա հաջորդ օրը կրկին այցելել էր (տես վերը` կետ 41): Հաշվի առնելով գնդապետ Պ.Դ.-ի զեկույցը (տես վերը` կետ 17), Կառավարության պատասխանը CPT զեկույցին (տես վերը` կետ 42), և այդ զեկույցին հղումը ներկայացված դատարանների վճիռներում, որոնք մեղավոր էին ճանաչել երեք ոստիկաններին (տես վերը` կետեր 26, 29 և 33), Դատարանը եզրակացնում է, որ 2001թ. CPT զեկույցի 24-25-րդ պարբերությունները վերաբերում են դիմողներին: Հետևաբար, Դատարանը եզրակացնում է, որ 2001թ. հունիսի 13-ի վատ վերաբերմունքի վերաբերյալ գանգատն ակնհայտորեն անհիմն է և, հետևաբար, անընդունելի Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3 -րդ և 4-րդ մասերի իմաստով:
51. Դիմողները բողոքել են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի ներքո` այն մասին, որ իրենց չէին թույլատրել փաստաբան ունենալ Քիշնևի և Իալովենի ոստիկանություններում իրենց կալանքի սկզբնական շրջանում, և որ դա խանգարել էր նրանց, որպեսզի դատավարությունից առաջ իրենց կալանքի հրամանը բացարկեին: Այնուամենայնիվ, Դատարանը նշում է, որ դիմողները չեն ցույց տվել, որ իրենց գործը տուժել է վերոնշյալ ենթադրյալ խախտումների հետևանքով: Համապատասխանաբար, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն բերված գանգատն ակնհայտորեն անհիմն է և, հետևաբար` անընդունելի Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի իմաստով:
52. Դատարանը նշում է, որ, այնուամենայնիվ, դիմողները բողոքել են, որ իրենք ի վիճակի չեն եղել վիճարկելու իրենց կալանքի հրամանը փաստաբանի խորհրդատվության բացակայության պատճառով: Ուստի գտնում է, որ այս գանգատը պետք է քննության առնվի Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով: Չնայած դիմողները չէին նշել, թե որն են նրանք համարում իրենց նախնական կալանքը, նրանք սույն գանգատի կապակցությամբ անդրադարձել էին 2001թ. հունիսի իրադարձություններին: Դատարանը նշում է, որ սույն գործով դիմումը ներկայացվել էր 2002թ. նոյեմբերի 6-ին և 28-ին` 2001թ. հունիսի դեպքերից ավելի քան վեց ամիս անց: Դրանից հետևում է, որ դիմողների ամբողջական գանգատն ըստ 5-րդ հոդվածի 4-րդ մասի` ներկայացվել է Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետից դուրս և ենթակա է մերժման որպես անընդունելի` համաձայն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 4-րդ մասի:
53. Դատարանը նաև նշում է, որ ի սկզբանե Դիմողները բողոքել էին Կոնվենցիայի 8-րդ, 13-րդ և 17-րդ հոդվածների հիման վրա` անդրադառնալով հիմնականում այն նույն խնդիրներին, որոնք բարձրացվել էին Կոնվենցիայի 3-րդ հոդվածի հիման վրա: Իրենց հետագա դիտարկումներում նրանք չէին պնդել այդ գանգատները: Դատարանը, հետևաբար, քննության չի առնի դրանք:
54. Դատարանը գտնում է, որ դիմողների բողոքները Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո (բացառությամբ 2001թ. հունիսի 13-ից առաջ տեղի ունեցած վատ վերաբերմունքի)` բարձրացնում են օրենքի հարցեր, որոնք բավականաչափ լուրջ են, և նրանց վճռականությունը պետք է կախված լինի ըստ էության քննությունից և ոչ այլ հիմքերից` այն անընդունելի ճանաչելու համար: Դատարանը, հետևաբար, այդ գանգատները հայտարարում է ընդունելի: Համաձայն իր որոշման` համատեղ քննելու ընդունելիության և ըստ էության հարցերը (Կոնվենցիայի 29-րդ հոդվածի 3-րդ մաս, տես վերը` կետ 4) Դատարանն անմիջապես կքննի այդ գանգատների էությունը:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
Ա. Կողմերի դիրքորոշումները
1. Դիմողների հանդեպ ցուցաբերված ենթադրյալ վատ վերաբերմունքը և իրավասու մարմինների պոզիտիվ պարտավորությունները Կոնվենցիայի 3-րդ հոդվածի հիման վրա
55. Դիմողները պնդել են, որ իրենք դեռևս կարող են համարվել վատ վերաբերմունքի զոհեր` չնայած այն հանգամանքին, որ երեք ոստիկանները մեղավոր էին ճանաչվել: Հաշվի առնելով նրանց նկատմամբ կիրառված վատ վերաբերմունքի ուժգնությունը և նպատակը (հատկապես` դրա մասին ուղղակի տեղեկությունը), այն պետք է ճանաչվի որպես խոշտանգում` ըստ 3-րդ հոդվածի: Նրանք պնդել են, որ իրենց հանդեպ կիրառված վատ վերաբերմունքի վերաբերյալ քննությունը կատարվել է խիստ դանդաղ (տևելով գրեթե չորս տարի)` հակառակ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ընթացա-կար-գային պահանջներին: Նրանք նաև պնդել են, որ իրավասու մարմինները չեն կատարել իրենց պոզիտիվ պարտավորությունները Կոնվենցիայի 3-րդ հոդվածի հիման վրա, այն է` ապահովել վատ վերաբերմունքն արգելող օրենսդրության կանխարգելիչ ազդեցությունը: Մասնավորապես, այդ ոստիկաններին ենթարկել էին օրենքով նախատեսված նվազագույն պատժի, և նույնիսկ այդ պատիժը հետաձգվել է. այսպիսով նրանք երբեք չեն ազատազրկվել: Ընդ որում, ոստիկանները մեղավոր չեն ճանաչվել տանջելու, այլ միայն ուժի չարաշահման համար, որը ոչ մեծ թեթև ծանրության հանցագործություն է:
56. Կառավարությունը պնդել է, որ երեք ոստիկաններին մեղավոր ճանաչելուց հետո դիմողներն այլևս չէին կարող պահանջել իրենց տուժողներ ճանաչել` ինչպես սահմանված է Կոնվենցիայի 3-րդ հոդվածում: Այն նաև պնդել է, որ դիմողների նկատմամբ կիրառված վատ վերաբերմունքի քննությունը կատարվել էր մանրակրկիտ ու արագ կերպով, և, որ այն հանգեցրել էր պատասխանատու անձանց բացահայտմանն ու դատարանների կողմից նրանց դատապարտմանը:
57. Ինչ վերաբերում է վատ վերաբերմունքի արգելման համար կանխարգելիչ արդյունքի ապահովմանը` Դատարանը նշում է, որ այն հանցանքը, որի համար ոստիկանները մեղադրվել էին, դասակարգվում էր որպես միջին ծանրության` ըստ Քրեական օրենսգրքի: Միայն «ծանր և առանձնապես ծանր» հանցանքներն են համարվում վտանգավոր, և ըստ բժշկական քննության արդյունքում արված եզրակացության` դիմողներն ստացել էին միայն ոչ ծանր մարմնական վնասվածքներ, որոնք չէին կարող համարվել խոշտանգման հետևանք: Վերջապես, Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է լրացուցիչ պատիժ, որն է զբաղեցրած պաշտոնից կամ ծավալած որոշակի գործունեությամբ զբաղվելուց զրկելը մեկից հինգ տարի ժամկետով:
2. Կալանքի պայմանները
58. Դիմողները բողոքել են, որ իրենց պահել էին անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող պայմաններում` թիվ 3 բանտում (որը հայտնի էր նաև որպես թիվ 13 բանտ, տես վերը` կետ 35): Նրանք մեջբերում են կատարել CPT-ի և ներպետական իրավասու մարմինների զեկույցներից, որոնք հավաստում էին բանտերի ընդհանուր համակարգի ոչ լիարժեք ֆինանսավորման պակասի մասին, ինչը անբավարար սննդի, հիգիենայի և կալանավորվածների առողջությունը վնասող այլ վտանգների պատճառ էր հանդիսանում:
59. Կառավարությունն առարկել է և նշել, որ դիտարկվել է ազգային սահմանված չափանիշը, ըստ որի` մեկ անձի համար ապահովվել է 2քմ տարածք, ինչպես նաև այլ չափանիշներ, օրինակ` սննդի, հիգիենայի, ջեռուցման, լույսի առկայության և բժշկական օգնության ապահովման:
Բ. Դատարանի գնահատականը
1. Դիմողների հանդեպ ցուցաբերված ենթադրյալ վատ վերաբերմունքը և իրավասու մարմինների պոզիտիվ պարտավորությունները Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն
60. Դատարանը նշում է, որ երկու կողմերը չեն վիճարկում այն, որ 2001թ. հունիսի 13-ին դիմողները ենթարկվել էին վատ վերաբերմունքի: Այն նշում է, որ դիմողները ենթարկվել են, inter alia, ֆալակայի` ոտքերի թաթերին հարվածների (տես վերը` կետ 41): Դատարանը հիշեցնում է, որ մարդու ոտնաթաթերին հարվածելով նրան ծեծելը կամ ֆալական մի պրակտիկա է, որը միշտ էլ համարվել է կանխամտածված, և կարող է ընդունվել միայն որպես խոշտանգում (տես` Կորսակովն ընդդեմ Մոլդովայի, 18944/02, կետ 65, 4 ապրիլի 2006թ, և Լևինտան ընդդեմ Մոլդովայի, no. 17332/03, կետ 71, 16 դեկտեմբերի 2008թ.): Դրանից հետևում է, որ խախտվել է դիմողների վատ վերաբերմունքի չենթարկվելու իրավունքը, ինչը սույն գործով հակասում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի հիմնական պահանջներին: Հաշվի առնելով այն փաստը, որ վատ վերաբերմունքի համար պատասխանատու աշխատակիցներն ի վերջո մեղադրվել և դատապարտվել են, անհրաժեշտ է պարզել, թե արդյոք դիմողները դեռ կարող են պահանջել` 3-րդ հոդվածի խախտման հիման վրա իրենց տուժող ճանաչել: Համոզվելով այդ առումով` այնուհետև Դատարանը կորոշի, թե արդյոք իրավասու մարմիններն անտեսել էին իրենց պարտավորությունները` 3-րդ հոդվածի մասով, մասնավորապես, արդյոք իրականացրել էին արդյունավետ քննություն դիմողների նկատմամբ կիրառված վատ վերաբերմունքի առնչությամբ, և արդյոք մեղավոր ճանաչելով և դատապարտելով երեք ոստիկաններին` պատասխանատու պետությունը ապահովել է այն պոզիտիվ պարտավորությունների կատարումը, որոնք պարտադրվում են նրան այդ դրույթով:
ա. Դիմողների նկատմամբ կիրառված վատ վերաբերմունքի հետաքննությունը
61. Դատարանը նկատում է, որ Բատցը և այլոք ընդդեմ Թուրքիայի գործում (33097/96 և 57834/00, ՄԻԵԴ 2004 IV (քաղվածքներ) այն վճռել է. «133. Եթե ֆիզիկական անձն ունի վիճելի գանգատ, որ պետական գործակալների ձեռքերում եղած ժամանակ նրան խոշտանգել են, ապա «իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի» հասկացությունը ենթադրում է մանրակրկիտ և արդյունավետ քննություն` ի հավելումն անհրաժեշտության դեպքում կատարվող փոխհատուցման վճարմանը և առանց վնասելու գործող ներպետական օրենքում առկա որևէ այլ միջոց: Քննությունները, որոնք կհասնեն այդ նպատակին, կարող են տարբեր լինել` ըստ հանգամանքների: Սակայն, անկախ քննության մեթոդից, իրավասու մարմինները պետք է գործեն անմիջապես, երբ պաշտոնական գանգատ է ներկայացվում: Նույնիսկ ուղղակի գանգատի բացակայության դեպքում քննությունը միևնույն է, պետք է սկսել, եթե առկա են բավարար հստակ ցուցմունքներ այն մասին, որ խոշտանգումներ կամ դաժան վերաբերմունք է կիրառվել (տես, ի թիվս այլ գործերի, Ուզբեյն ընդդեմ Թուրքիայի (դեկտեմբեր), no. 31883 / 96, 8 մարտի 2001թ., տես նաև` Ստամբուլի Արձանագրությունը վերոնշյալ 43-րդ կետում): Իրավասու մարմինները պետք է հաշվի առնեն խոշտանգումներից տուժածների առանձնակի խոցելի վիճակը և այն, որ մարդիկ, ովքեր ենթարկվել են լուրջ վատ վերաբերմունքի, հաճախ ավելի պակաս պատրաստակամություն կամ ցանկություն ունեն գանգատ ներկայացնելու համար (տես` Ակսոյն ընդդեմ Թուրքիայի 18 դեկտեմբերի 1996թ. վճիռը, 1996թ. Վճիռների և Որոշումների հաշվետվություն VI,] էջ 2286-87, կետեր 97-98):
136. Կասկածից վեր է, որ այս համատեքստում ենթադրվում է արագ և խելամիտ հանձնառություն սկսելու պահանջը: Իրավասու մարմինների կողմից արագ արձագանքը վատ վերաբերմունքի վերաբերյալ պնդումների քննությանը, ընդհանուր առմամբ, կարելի է համարել կարևոր իրենց հավատարմությունն օրենքի նկատմամբ ցուցաբերելու գործում հասարակության վստահությունը պահպանելու համար և կանխելու ցանկացած խախտում կամ հանդուրժողականություն անօրինական գործողությունների նկատմամբ (տես, ի թիվս այլ գործերի, Իդելիկատոն ընդդեմ Իտալիայի, no. 31143/96, կետ 37, 18 հոկտեմբերի 2001թ. և Օզգուր Կիլիչն ընդդեմ Թուրքիայի (դեկտեմբեր), no. 42591/98, 24 սեպտեմբերի 2002թ.): Թեև կարող են առաջանալ խոչընդոտներ կամ դժվարություններ, որոնք տվյալ իրավիճակում կխոչընդոտեն քննության առաջընթացը, այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, կարևոր է, որ իրավասու մարմիններն անհապաղ քննություն սկսեն` իրենց հավատարմությունը օրենքի նկատմամբ ցուցաբերելու առումով հասարակության վստահությունը պահպանելու համար և կանխելու ցանկացած տեսակի խախտում կամ հանդուրժողականություն անօրինական գործողությունների նկատմամբ (տես, մուտատիս մուտանդիս, Փոլ և Օդրի Էդվարդսներն ընդդեմ Միացյալ Թագավորության, no. 46477/99, կետ 72, ՄԻԵԴ 2002 II)»:
62. Հաշվի առնելով դիմողների մեղադրանքների հիման վրա սկսված քննությունը` Դատարանը նշում է, որ իրավասու մարմինները տեղեկացվել էին դիմողների նկատմամբ կիրառված վատ վերաբերմունքի մասին 2001թ. հունիսի 14-ին, երբ CPT-ն տեղեկացրել էր նրանց այդ մասին: Արդյունքում` 2001թ. հունիսի 15-ին դիմողներին այցելել էին Ներքին գործերի նախարարության աշխատակիցներ (տես վերը` կետ 14), ինչպես նաև նույն օրը գնդապետ Դ.Պ.-ն զեկուցել էր նրանց նկատմամբ վատ վերաբերմունքի մասին (տես վերը` կետ 17-րդ):
63. Դատարանը նշում է, որ չնայած վատ վերաբերմունքի մասին այս բազմաթիվ և հաճախակի հայտարարություններին, նրանց բժշկական զննության էին տարել միայն 2001թ. հունիսի 18-ին` խնդրի մասին իրավասու մարմինների տեղեկանալուց չորս օր անց (տես վերը` կետ 18): Այդ ուշացումը, ինչպես դիմողներն են նշել, հնարավորություն է ընձեռել իրենց վերքերի մասնակիորեն առողջացման համար, որն էլ պատճառ է հանդիսացել, որ բժիշկների եզրակացությունում իրենց մարմինների վրա առկա վերքերը որակվեն որպես «թեթև վնասվածքներ»:
64. Այնուհետև, նույնիսկ այն բանից հետո, երբ բժշկական քննությամբ հաստատվել էր դիմողների նկատմամբ կիրառված վատ վերաբերմունքը, որին հաջորդել էր 2001թ. հունիսի 21-ին Ներքին գործերի նախարարության կողմից ներկայացված պահանջը` քրեական քննություն սկսելու մասին (տես վերը` կետ 20), քննությունը չէր սկսվել մեկ ամիս անց` մինչև 2001թ. հուլիսի 21-ը:
65. Դատարանը վերջապես նշում է, որ CPT եզրակացությունները, բժշկական զեկույցը և վկաների հայտարարությունները հանդիսանում էին ապացույցների հարուստ աղբյուր: Հաշվի առնելով այդ նախնական վկայությունները, ինչպես նաև այն, ինչ հետևում է ներպետական դատարանների վճիռներից, պարզվում է, որ դատարանները չեն ունեցել շատ բարդ գործ թե փաստերի հաստատման, թե բարդ իրավական խնդիրներ լուծելու առումով: Սա հաստատվում է այն փաստով, որ մինչև 2001թ. նոյեմբեր դատախազությունն արդեն ավարտել էր քննությունը և գործն ուղարկել դատարան` դատական կարգով քննության առնելու համար (տես վերը` կետ 24):
66. Դատարանը գտնում է, որ դաժան վերաբերմունքի հաստատման համար դիմողներին բժշկական զննության տանելը ուշացնելը, ինչպես նաև քրեական հետապնդում նախաձեռնելու ձգձգումը չեն համապատասխանում սահմանված արագ քննության պահանջին` Կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով:
Բ. Վատ վերաբերմունքի արգելման կանխարգելիչ ազդեցություն
67. Դատարանը նշում է, որ Օկկալին ընդդեմ Թուրքիայի գործով (թիվ 52067/99, կետ 65, ՄԻԵԴ 2006 XII (քաղվածքներ), այն վճռել է. «3-րդ հոդվածի ընթացակարգային պահանջները անցնում են նախաքննական փուլը, երբ ... հետաքննությունը տանում է դեպի իրավական գործողությունների ձեռնարկմանը ազգային դատարաններում. դատավարությունը, որպես ամբողջություն, ներառյալ դատական քննության փուլը, պետք է համապատասխանի 3-րդ հոդվածում ամրագրված արգելքների պահանջներին: Սա նշանակում է, որ ներպետական դատական մարմինները չպետք է ոչ մի դեպքում թույլ տան, որ ֆիզիկական կամ հոգեբանական խոշտանգումներ հասցնելու դեպքերը անպատիժ մնան: Սա կարևոր է իրենց հավատարմությունը օրենքի նկատմամբ ցուցաբերելու գործում հասարակության վստահությունը պահպանելու համար և կանխելու ցանկացած տեսակի դավաճանություն կամ հանդուրժողականություն անօրինական գործողությունների նկատմամբ (տես, mutatis muntandis, Ուներյիլդիզն ընդդեմ Թուրքիայի [GC], no. 48939/99, կետ 96, ՄԻԵԴ 2004 XII):
68. Դատարանը նշում է, որ սույն գործում վատ վերաբերմունք ցուցաբերելու մեջ մեղադրված երեք ոստիկաններին դատապարտել էին երեք տարի ազատազրկման և զրկել էին իրավապահ մարմիններում ծառայելու իրավունքից երկու տարի ժամկետով: Ազատազրկման այդ ժամկետը նվազագույնն էր, որ թույլատրում էր օրենքը (տես վերը` կետ 37): Դա պատիժ նշանակող ներպետական դատարանների որոշումն է, թե ինչ պատիժ սահմանեն, որ առավել նպատակահարմար լինի ապահովելու դատապարտման ուղղիչ և կանխարգելիչ ազդեցությունը: Դատարաններն այդպես էին վարվել սույն գործով, և բացատրում էին մեղմ պատիժը` մեջբերելով մեղադրյալների երիտասարդ տարիքը, նախկինում դատված չլինելու հանգամանքը և այն փաստը, որ նրանք ընտանիք ունեին, ինչպես նաև հասարակության կողմից ընկալվում էին որպես դրական կերպարներ (տես վերը` կետ 32): Համաձայն ներպետական օրենսդրության` դատարանները պետք է հաշվի առնեին, թե մեղմացնող, թե ծանրացնող հանգամանքները: Սակայն դատարանները լռել էին առկա մի շարք ծանրացուցիչ հանգամանքների առումով (ակնհայտորեն նշված Քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածում, տես վերը` կետ 37): Մասնավորապես այն, որ սպաներից ոչ մեկը չէր զղջացել, ողջ դատավարության ընթացքում հերքելով իրենց կողմից ցուցաբերված որևէ վատ վերաբերմունքի դրսևորում:
69. Դատարանը նաև նշում է, որ ոստիկանների նույնիսկ այդ նվազագույն պատիժը դադարեցվել էր մեկ տարի փորձաշրջանով, այնպես որ ոստիկանները բանտում ոչ մի ժամ չէին անցկացրել: Ավելին, քննության ընթացքում նրանց չէին զրկել իրենց պաշտոններից (հակառակ Ստամբուլի արձանագրությունների առաջարկություններում արված` տես վերը` կետ 43):
70. Վերջապես և հավասարապես կարևոր կերպով, Դատարանը գտնում է, որ կանխարգելիչ ազդեցությունը, որ օրենսդրությամբ ընդունվել է մասնավորապես կանխելու խոշտանգումներ երևույթը, կարող է գործել, եթե այդ օրենսդրությունը կիրառելի է, այն դեպքերում, երբ հանգամանքները դա պահանջում են: Սույն գործում, CPT- ն պարզել է (տես` 2001թ. CPT զեկույցի 24-րդ կետը, վերը` կետ 41), որ 2001թ. հունիսի 14-ին բժշկական քննության ենթարկված անձին ծեծել էին` հարվածելով նրա ոտնաթաթերին (falaka), և նշել է, որ այդ նույն ժամանակահատվածում մեկ այլ անձ նույնպես ենթարկվել էր վատ վերաբերմունքի: Դատարանն արդեն պարզել է, որ այդ երկու անձինք դիմողներն էին (տես վերը` կետ 54): Դատարանը հիշեցնում է, որ մարդու ոտնաթաթերին հարվածելով նրան ծեծելը կամ ֆալական մի պրակտիկա է, որը միշտ էլ համարվել է կանխամտածված, և կարող է ընդունվել միայն որպես խոշտանգում (տես` Կորսակովը` կետ 65, և Լևինտան` կետ 71): Նման հանգամանքներում քրեական վարույթ նախաձեռնելու ձախողումը` քրեական օրենսգրքի (խոշտանգումների) հոդված 101/1-ի ներքո` առանց որևէ բացատրության, թե ինչու է ընտրվել իրավախախտման այլ տեսակ (ուժի չարաշահում), բավարար չէ ապահովելու օրենսդրության կանխարգելիչ հետևանքները, որ ընդունվել է մասնավորապես լուծելու վատ վերաբերմունքի վերաբերյալ առկա խնդիրը:
71. Դատարանը նշում է նաև Ներքին գործերի նախարարության դիրքորոշումը, որը, նույնիսկ այն բանից հետո, երբ CPT-ն այցի ընթացքում տեղեկացել է դիմողների գործի մասին, հայտարարել է, որ «տեղյակ չէ որևէ հստակ դեպքի, երբ ոստիկանության կողմից կալանավորված անձանց հարցաքննության ժամանակ նրանց նկատմամբ կիրառվեն անմարդկային մեթոդներ» (տես վերը` կետ 41): Այնուհետև այն նշում է քննության ժամանակակից մեթոդները զարգացնելու ջանքերի բացակայությունը (տես վերը` կետ 42) և ոստիկանության համար էթիկայի կանոնագրքի ընդունման էական ձգձգումը (որն ընդունվել էր CPT-ի կողմից դրա վերաբերյալ պահանջից գրեթե չորս տարի անց, տես կետեր 38 և 41): Սա հաստատում է Մոլդովայի իրավասու մարմինների անկարողությունը վատ վերաբերմունքի պրակտիկան լիովին վերացնելու առումով, և հավելում է այն տպավորությունը, որ օրենսդրությունը, որ ընդունվել է կանխարգելելու և պատժելու վատ վերաբերմունքի գործողությունները, չունի լիարժեք կանխարգելիչ ազդեցություն:
գ. Եզրակացություն` դիմողների նկատմամբ վատ վերաբերմունքի կապակցությամբ մասնակից պետության պարտավորությունների վերաբերյալ
72. Դատարանը եզրակացնում է, որ դիմողների հանդեպ վատ վերաբերմունքի առնչությամբ քննությունը չի եղել, «արագ» Կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով: Այն նաև գտնում է, որ երեք ոստիկանների դեմ հարուցված վարույթը, այդ թվում` նշանակված պատժի մեղմությունը և մասնավորապես խոշտանգումների խնդրին ուղղված իրավական դրույթների համաձայն նրանց դատապարտման ձախողումը, չի ապահովում բավարար զսպող ազդեցություն` ապագայում նման արարքները կանխելու համար (տես Օկալին`վկայակոչված վերը` կետ 75): Այսպիսով, սույն գործում առկա է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:
73. Նման հանգամանքներում և անկախ այն բանից, թե դիմողները կդադարեցնեն պատճառված վնասի դիմաց պահանջը, թե` ոչ (տես` կետ 27), Դատարանը գտնում է, որ նրանք դեռ համարվում են տուժողներ` 3-րդ հոդվածի խախտմամբ: Հետևաբար, Կառավարության նախնական առարկությունը մերժվել է:
2. Կալանքի պայմանները
74. Դատարանը նշում է, որ դիմողների նկարագրությունը` նրանց կալանքի վայրում պայմանների առումով, մեծամասամբ համապատասխանում է 2001- 2004թթ. ընկած ժամանակահատվածում Քիշնևի թիվ 13 բանտի վերաբերյալ CPT-ի զեկույցներին (արդյունքները նշված են, օրինակ` Բեցիևն ընդդեմ Մոլդովայի, no. 9190/03 գործում, կետեր 31-32, 4 հոկտեմբերի 2005թ.): Ըստ դիմողների` սա ևս չի վիճարկվում Կառավարության կողմից, նրանք պահվել են թիվ 3 բանտում մինչև 2004թ.: Դատարանը նշում է, որ, հետևաբար, դիմողներին առնվազն որոշակի ժամանակով կալանքի տակ պահել էին նույն պայմաններում, որոնք նկարագրված են վերոնշյալ Բեցիևի գործում: Ընդ որում, կալանքի պայմաններն այդ բանտում զգալիորեն չէին էլ բարելավվել, անգամ 2005թ.-ին (տես, օրինակ` Մոդարկան ընդդեմ Մոլդովայի գործում, no. 14437/05, կետեր 37, 38 և 60-69, 10 մայիսի 2007թ.):
75. Քանի որ Դատարանը վերոնշյալ գործերում գտել է 3-րդ հոդվածի խախտում`կապված նույն բանտի հետ, և քանի որ պայմանների վերաբերյալ դիմողների նկարագրությունը հատկապես նույնն է և մասնակիորեն հաստատվել է նաև Կառավարության կողմից (կապված` գերբնակեցվածության հետ, տես վերը` կետ 63), ուստի` Դատարանը գտնում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում` սույն գործով դիմողների կալանքի պայմանների վերաբերյալ:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
76. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը սահմանում է.
«Եթե դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող Կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
Ա. Վնասը
77. Դիմողները յուրաքանչյուրի համար պահանջել են 25.000 եվրո` ի հատուցումն իրենց կրած ոչ նյութական վնասի: Նրանք պնդել են, որ իրենց գործով կատարյալ արհամարհանք էր ցուցաբերել մարդու իրավունքների և օրենքի նկատմամբ` հանձինս ոստիկանների, և կոծկումն ու պատժի լիարժեք մեղմացումը` հանձինս քննիչների ու դատավորների, ովքեր քննել էին իրենց գործը` ընդդեմ այդ ոստիկանների: Ավելին, դիմողներին ոչ միայն խոշտանգել էին, այլ նաև նրանք կալանավայրում անցկացրել էին մի քանի տարի` անմարդկային ու մարդու արժանապատվությունը նվաստացնող պայմաններում:
78. Դատարանը գտնում է, որ դիմողներին պատճառվել էր որոշակի սթրես և անհանգստություն, քանի որ նրանց ենթարկել էին խոշտանգումների` ինքնախոստովանություն կորզելու նպատակով, ապա կալանքի տակ էին պահել անմարդկային պայմաններում, մինչդեռ ոստիկանները, ովքեր նրանց վատ էին վերաբերվել, երբևէ չէին ազատազրկվել կամ նույնիսկ չէին հեռացվել աշխատանքից ողջ քննության ընթացքում: Ոստիկանների հանդեպ կիրառված պատժամիջոցի մեղմությունը պետք է որ միայն ավելացրած լիներ դիմողների տառապանքները: Հաշվի առնելով գործի փաստերը և առաջնորդվելով արդարացիության սկզբունքով` Դատարանը որոշում է դիմողներին տրամադրել 15.000 եվրո յուրաքանչյուրին:
Բ. Ծախսեր և ծախքեր
83. Դիմողները պահանջել են նաև 2.125 եվրո` Դատարանում իրենց կրած իրավական ծախսերի համար:
84. Կառավարությունը վիճարկել է նշված գումարը և պնդում, որ այն չափազանց է:
85. Դատարանը որոշել է դիմողներին` երկուսին միասին, տրամադրել 2.000 եվրո:
Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույք
86. Դատարանը նպատակահարմար է համարում, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված տոկոսադրույքի վրա, որին պետք է ավելացվի երեքհարյուրերորդական տոկոս:
ՎԵՐՈԳՐՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
1. Բավարարում է Կառավարության նախնական առարկությունն այն մասին, որ դիմողները պետք է կորցնեն տուժողի/զոհի իրենց կարգավիճակը:
2. Հայտարարում է ընդունելի 3-րդ հոդվածի ներքո բերած գանգատը, իսկ դիմումի մնացած մասը` անընդունելի:
3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում` դիմողների նկատմամբ կիրառված վատ վերաբերմունքի առումով, ինչպես նաև մասնակից պետության կողմից` դիմողների նկատմամբ վատ վերաբերմունքի վերաբերյալ քննություն սկսելու ընթացակարգային պարտականությունները կատարելիս և պատասխանատու անձանց նկատմամբ զսպող վճիռ կայացնելիս, ինչպես նաև կալանավայրում անմարդկային պայմանների կապակցությամբ:
4. Մերժում է Կառավարության նախնական առարկությունը:
5. Վճռում է, որ
(ա) Պատասխանող պետությունը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավճիռը կայացնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով հաշվարկված պետք է
(i) դիմողներին` յուրաքանչյուրին, վճարի 15.000 եվրոյին (տասնհինգ հազար եվրո) համարժեք մոլդովական լեի` ավելացված նշված գումարի վրա հաշվարկվող բոլոր հարկերը` որպես ոչ նյութական վնասի հատուցում,
(ii) 2.000 եվրո (երկու հազար եվրո) երկուսին միասին` ի հատուցումն նրանց ծախսերի`ավելացված ծախսերին վերաբերող նշված գումարի վրա հաշվարկվող բոլոր հարկերը.
(բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո մինչև վճարման օրը պետք է վճարվի նշված գումարի պարզ տոկոս` Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխառության տրամադրման առավելագույն տոկոսադրույքի չափով, պարտավորությունների չկատարման ժամանակահատվածի համար` գումարած երեքհարյուրերորդական տոկոս:
6. Մերժում է դիմողների արդարացի փոխհատուցման պահանջի մնացյալ մասը:
Կատարված է անգլերեն, ծանուցվել է գրավոր 2009թ. հոկտեմբերի 20-ին` համաձայն Դատարանի կանոնների 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի:
Լոուրենս Էռլի Քարտուղար |
Նիկոլաս Բրատցա Նախագահ |