Գլխավոր տեղեկություն
Տիպ
Վճիռ
Ակտի տիպ
Base act (31.03.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
31.03.2009
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
31.03.2009

Ներմուծեք նկարագրությունը_15382

ՎԻԿՏՈՐԿՈՆ ԸՆԴԴԵՄ ԼԵՀԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՎ

 

2009թ. մարտի 31-ի վճիռը

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

ՓԱՍՏԵՐ

 

I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

 

5. Դիմողը ծնվել է 1957թ. և ապրում է Օլշտինում:

6. 1999թ. դեկտեմբերի 27-ի երեկոյան դիմողը հանդիպել է իր ընկերոջը:

7. Ավելի ուշ դիմողը տաքսի է նստել, որ տուն գնա, և հրաժարվել է վճարել չափից մեծ ուղեվարձը` առանց համապատասխան հաշիվ ստանալու: Արդյունքում` վարորդը թույլ չի տվել դիմողին դուրս գալ մեքենայից և տարել է նրան Օլշտինի սթափեցման կենտրոն: Դիմումողը տաքսու մեջ գտնված ժամանակ զանգահարել ոստիկանություն, քանի որ վարորդի պահվածքը վախեցրել է նրան, իսկ վարորդին էլ` նրանը:

8. Հետո դիմողին պահել են սթափեցման կենտրոնում: Նա հրաժարվել է շնչառությունն ստուգող թեսթ հանձնել: Դիմողը նշել է, որ երկու շիշ գարեջուր է խմել: Կառավարությունը հաստատել է, որ նա եղել է «միջին թունավորման» վիճակում:

9. Դիմողը պնդել է, որ կենտրոնի աշխատակիցները վիրավորել են իրեն, և որ ինքը դաժան ծեծի ու բռնության է ենթարկվել: Նրան նաև երկու տղամարդ և մեկ կին բռնի ուժով մերկացրել են: Հետո նրան ստիպողաբար մեկանգամյա օգտագործման հագուստ են հագցրել:

10. Կառավարությունը պնդել է, որ դիմումողն է աշխատակիցների հանդեպ ագրեսիվ եղել և վիրավորական խոսքեր է ասել նրանց հասցեին: Հետևաբար, նրանք նրան մերկացնելու այլ տարբերակ չեն ունեցել, քան` ստիպողաբար, քանի որ դիմողը հրաժարվել և ընդդիմացել է կատարել նրանց օրինական պահանջները` կապված հագուստը հանելու և հատուկ զգեստ հագնելու հետ:

11. Այնուհետև այն պնդել է, որ աշխատակիցներն ստիպված են եղել նրան զսպագոտիներ ամրացնել, քանի որ անկողնում պառկեցնելուց հետո նա ոտքերով հարվածել է սենյակի դռներին և բղավել վիրավորական խոսքեր`արթնացնելով մյուս հիվանդներին:

12. Կողմերի պնդումները համընկել են` կապված այն փաստի հետ, որ դիմողին զսպել են գոտիներով, կապել նրան մահճակալին և փակել նրան խցում մինչև 1999թ. դեկտեմբերի 28-ին նրան ազատ արձակելը: Դիմողը պնդել է, որ նա մոտ տասը ժամ մնացել է խցում` կապված զսպագոտիներով: Կառավարությունը չի առարկել այս պնդումը:

13. 1999թ. դեկտեմբերի 29-ին դիմողն ստացել է իր առողջական վիճակին վերաբերող վկայական:

Վկայականում նշվել է հետևյալը.

Մոտ երեք սմ տրամաչափի արյունոտ կապտուկ ձախ ազդրի առջևի մասում, քերծվածք արմունկի շրջանում` դաստակի վրա, ուսերի սահմանափակ շարժունակություն (պարզ չէ, արդյոք` ակտիվ, թե պասիվ շարժումների դեպքում): Դիմողը գանգատվել է ծնոտի զգացվող ցավից` ծնոտի ձախ կողմն այտուցված էր:

14. Կարճ ժամանակ անց դիմողը բողոք-դիմում է ուղարկել Օլշտինի տարածքային ոստիկանության ղեկավարին` ընդդեմ կենտրոնի աշխատակիցների: Նա պնդել է, որ սթափ է եղել (թունավորված չի եղել) և, որ իր պահվածքում ոչինչ չի արդարացնում այն հանգամանքը, որ իրեն զրկել են իր ազատությունից, դաժանորեն ծեծի ենթարկել և մերկացրել սթափարանի աշխատակիցների առջև:

15. 2000թ. հունվարի 21-ին տարածքային ոստիկանության ղեկավարը մերժել է հետաքննություն սկսել նրա գործով: Որպես որոշման հիմք նշել էր.

29.12.1999թ. քաղաքացի Ա. Վիկտորկոն բողոք է ներկայացրել քաղաքի ոստիկանություն, որ դեկտեմբերի 27-28-ին մի տաքսու վարորդ և սթափեցման կենտրոնի աշխատակիցներ իր նկատմամբ ֆիզիկական ուժ են կիրառել և վիրավորել իրեն: Իր պաշտոնական բողոքում` այն մասին, որ քրեական հանցագործություն է տեղի ունեցել, որը նա ներկայացրել էր 2000թ. հունվարի 4-ին, պարզաբանել է, որ 1999թ. դեկտեմբերի 27-ին գիշերը` մոտավորապես ժամը 11-ին համար …. տաքսու վարորդը նախ հայհոյել է իրեն և հետո տարել սթափարան, որտեղ, հակառակ իր կամքի, պահել են իրեն, ֆիզիկական ուժ գործադրել` պատճառելով կապտուկներ և քերծվածքներ: Մի քանի անձից տեղեկություններ են հավաքվել, բայց ոչ մեկը չի հաստատել դիմողի մեղադրանքները: Տաքսու վարորդը նշել է, որ քաղաքացի Վիկտորկոյին տարել է սթափեցման կենտրոն, քանի որ նա չի ցանկացել վճարել ուղեվարձը և ոչ էլ մեքենայից դուրս գալ, և որ նա ինքն է ցանկացել այդ կենտրոն գնալ` այլապես կարող էր ցանկացած պահի դուրս գալ տաքսուց: Կենտրոնում նրան պահել են ոստիկանները և ոչ թե վարորդը, ինչպես նա է նշել: Որ վերջապես նա չէր ցանկացել շնչառական թեսթ անցնել, և երբ արդեն կենտրոնում էր, չէր ցանկացել հանել հագուստը, և, երբ նրան տարել են հիվանդասենյակ, նա ձեռքերով և մարմնի այլ մասերով պատերին էր հարվածել` ինքն իրեն հասցնելով մարմնական վնասվածքներ: Այսպիսով, զսպագոտիներ օգտագործվել են` վախենալով, որ այլապես նա կվտանգեր իր կյանքն ու առողջությունը: 2000թ. հունվարի 31-ին Օլշտինի տարածքային դատախազը հաստատել է այս որոշումը:

16. 2000թ. փետրվարի 8-ին դիմողը բողոքարկել է որոշումը: Հատկապես նա կրկնել է, որ իր ձերբակալումը միանգամայն արդարացված չէր, քանի որ ինքը թունավորված չի եղել: Նա երկու շիշ գարեջուր էր խմել 1999թ. դեկտեմբերի 27-ի երեկոյան, և ոչ մի չափանիշներով դա չի կարող գնահատվել որպես թունավորում, առավել տարօրինակն այն էր, որ թունավորվածության համար սթափարանում մարդուն զրկել էին իր ազատությունից: Նրա ձերբակալումից հետո սթափարանի անձնակազմը նրա նկատմամբ վատ վերաբերմունք էր ցուցաբերել, սակայն 2000թ. հունվարի 21-ին կայացված որոշումն ակնհայտորեն չէր արտացոլել գործի փաստերը: Նա պնդել է, որ իր ձերբակալման ընթացքում իրեն մերկացրել են: Նա շեշտել է, որ ոստիկանությունը հնարավորություն չի տվել իրեն ծանոթանալ իր ձերբակալման գործի փաստաթղթերին, և որ հետաքննությունը շատ մակերեսային է եղել:

17. 2000թ. փետրվարի 21-ին Օլշտինի տարածքային ոստիկանապետը որոշել է հետաքննություն իրականացնել դիմողի մեղադրանքների կապակցությամբ:

18. 2000թ. մարտի 17-ին փորձագետը ներկայացրել է կարծիք` ազատումից հետո դիմողի առողջական վիճակի վերաբերյալ` հիմք ընդունելով հետաքննության փաստաթղթերը: Կարծիքը համընկնել է 1999թ. դեկտեմբերի 29-ի բժշկական վկայականի տվյալների հետ, և որում նշվել է նաև, որ այդ վնասվածքները կարող էին առաջացած լինել թե՛այլ անձանց կողմից նրա նկատմամբ բռնության կիրառման ժամանակ և թե՛ նրա իսկ շարժումներից, երբ մերկ վիճակում խցում փակված է եղել:

19. Հետագայում ոստիկանությունը դադարեցրել է հետաքննությունը, և 2000թ. ապրիլի 19-ին տարածքային դատախազը հաստատել է այս որոշումը: Որոշման գրավոր հիմքերը հետևյալն էին.

«Հետաքննության ընթացում փաստերը վերծանվել են, հարցաքննվել են վկաներ, ուսումնասիրվել է դիմողի հիվանդության պատմությունը, ինչպես նաև բժշկական փորձագետ է նշանակվել` հաստատելու վերքերի առկայության փաստը և թե ինչ հանգամանքներում կարող էին դրանք առաջացած լինել: 1999թ. դեկտեմբերի 27-ին այս նյութի հիման վրա սահմանվել է, որ Աննա Վիկտորկոյին, ով եղել էր ալկոհոլի ազդեցության տակ և հրաժարվել էր վճարել տաքսու ուղեվարձը, վարորդը տարել էր սթափարանային կենտրոն: Ավելի ուշ ոստիկանության աշխատակցի ներկայությամբ նրան ներս էին տարել կենտրոնի շենք: Երբ նա գտնվել էր ներսում` որոշվել է նրան ձերբակալել` հիմք ընդունելով նրա պահվածքը, որ եղել է բավականին գռեհիկ և ագրեսիվ ներկա գտնվող անձանց նկատմամբ: Քանի որ նա չէր ցանկացել ենթարկվել գործող կանոնակարգին, ըստ որի` պետք է շնչառության միջոցով օրգանիզմում ալկոհոլի և թմրանյութերի առկայություն ստուգող թեսթ հանձներ և ինքնակամ հաներ իր հագուստը, որպեսզի հագներ հետազոտման համար նախատեսված մեկանգամյա օգտագործման խալաթը, կենտրոնի անձնակազմն ուժ է գործադրել նրա նկատմամբ` ստիպելով նրան փոխել հագուստը և գնալ կալանավորների համար նախատեսված հիվանդասենյակ: Եվ այն պատճառով, որ նա շարունակել է իր ագրեսիվ պահվածքը և վնասել է գույքը, ինչպես նաև կարող էր վնասել ինքն իրեն, նրան հագցրել են զսպագոտիներ` որպեսզի հանգստանա:

Դիմողի բողոքները չեն հաստատվել վկաների կողմից: Նրա պահվածքը եղել է դատապարտելի և նրան սթափարանային կենտրոն տանելը եղել է անհրաժեշտություն: Հետևաբար, քանի որ չի եղել քրեական հանցագործություն` հետաքննությունը դադարեցվել է:

20. Դիմողն իր փաստաբանի միջոցով բողոքարկել է շրջանային դատախազին: Նա տեղեկացրել է, որ թունավորված չի եղել և որ կենտրոնի աշխատակիցների արարքները խախտել են իր անձնական իրավունքները, նվաստացրել արժանապատվությունը և խախտել իր անձնական անձեռնմխելիությունը: Նա նաև նշել է, որ խախտվել են նաև իր ընթացակարգային` դատավարական, իրավունքները, երբ ոստիկանությունն իր ներկայացուցչին չի տեղեկացրել դատական գործի ընթացքում ձեռնարկված հետաքննության մասին: Նշվել է նաև, որ հետաքննության ընթացքում դիմողը պետք է կենտրոնի աշխատակիցների հետ առերես հարցաքննման հնարավորություն ունեցած լիներ:

21. 2000թ. հունիսի 7-ին Օլշտինի շրջանային դատախազը, հաշվի առնելով դիմողի փաստարկները` կապված ընթացակարգի հետ, վերացրել է 2000թ. ապրիլի 19-ին կայացված` վիճարկման ենթակա որոշումը: Նա նշել է, որ առկա են ակնհայտ հակասություններ դիմողի ցուցմունքի և այլ անձանց կողմից տրված վկայությունների միջև, որոնք պետք է պարզաբանվեին:

22. 2000թ. օգոստոսի 2-ին Օլշտինի Հյուսիսային շրջանի դատախազը կարճում է գործը` մեկնաբանելով, որ ոչ մի քրեական հանցագործություն տեղի չի ունեցել: Որոշման հիմքերը գրավոր տեսքով հետևյալն էին.

1999թ. դեկտեմբերի 27-ի երեկոյան («դիմողը») տաքսի է կանչում`…., : Ուղևորությունից հետո նրա և վարորդի միջև տարաձայնություն է ծագում` կապված ուղեվարձի չափի հետ: Քանի որ կողմերը համաձայնության չեն գալիս («վարորդը») որոշում է խնդիրը լուծել ոստիկանության օգնությամբ: Տաքսու երթակարգավարական կենտրոն զանգահարելուց հետո` նա վարում է մեքենան դեպի մոտակա սթափարանային կենտրոն և սպասում ոստիկանության ժամանմանը: Մինչ նրանք սպասել են ոստիկանախմբի ժամանմանը, վարորդը մտել է կենտրոնի շենք, իսկ դիմողը մնացել է տաքսու մոտ և իր հերթին զանգահարել ոստիկանություն իր բջջային հեռախոսով:

Նշվել է, որ վարորդը դիմողի նկատմամբ չի գործել հանցագործություն` նրան անօրինական կերպով գույքից զրկելով` հաշվի առնելով այն, որ այդ պահին երկու կողմերն էլ ցանկացել են խնդիրը լուծել ոստիկանության միջոցով: Ինչպես նաև նշվել է, որ այդ պահին դիմողը կարող էր պարզապես հեռանալ կամ օգտվել իր հեռախոսից:

Երբ ոստիկանության ծառայողներ Ա.Ռ.-ն և Վ.Կ.-ն ժամանել են դեպքի վայր, նրանք փորձել են խաղաղ լուծում տալ խնդրին, սակայն` ապարդյուն: Հաշվի առնելով դիմողի ագրեսիվ և ոչ պատշաճ պահվածքը, ումից նաև ալկոհոլի հոտ էր փչում, ոստիկանության ծառայողները որոշել են, որ նրան պետք է պահել սթափարանային կենտրոնում, որտեղ նա հրաժարվել է օրգանիզմում ալկոհոլի և թմրանյութերի առկայությունն ստուգող շնչառական թեսթ հանձնել: Այսպիսով, հերթապահ բժիշկն ընդհանուր զննման արդյունքում որոշել է, որ դիմողը գտնվում է թունավորված վիճակում և հաստատել է նրան կենտրոնում տասներկու ժամ պահելու որոշումը:

Կենտրոնի անձնակազմի անդամ Մ. Փ.-ն (կին), հետևաբար, փորձել է նրան ստիպել, որպեսզի փոխի իր հագուստը` հագնելով միանգամյա օգտագործման խալաթ:

Քանի որ դիմողը համառել է, Մ.Փ.-ն պահանջել է, որպեսզի Լ.Զ.-ն և Թ.Փ-ն (տղամարդիկ) օգնեն իրեն: Դիմողին հագցել են խալաթը և տեղափոխել ալկոհոլով թունավորված անձանց համար նախատեսված սենյակ:

Դիմողը շարունակել է ոչ պատշաճ վարք ցուցաբերել, հետևաբար` նրա նկատմամբ կիրառվել է ֆիզիկական ուժ և նրան ամրացրել են զսպագոտիներ:

Սթափարանային կենտրոններում գործող կանոններից և աշխատակիցների աշխատանքային բնույթի նկարագրությունից պարզ է դարձել, որ նրանք վարվել են օրենքին համապատասխան` հիմնված գործող օրինական կանոնների վրա: Չի եղել հիմնավոր կասկածի հիմքեր. տեղի չի ունեցել քրեական հանցագործություն` ապօրինի կերպով ազատությունից զրկման կամ հարկադրման ձևով:

Կրթության մասին օրենքի 41-րդ հոդվածի հիման վրա չափավորության և ալկոհոլիզմի դեմ պայքարի մասին, ինչպես նաև 19-րդ և 20-րդ հոդվածների համաձայն 250 PLN (լեհական զլոտի) է գանձվել դիմողից` կենտրոնում նրան պահելու ծախսերի դիմաց:

Միանշանակ պետք է նշվի, որ աշխատակազմի վերաբերմունքը դիմողի նկատմամբ եղել է օրենքի սահմաններում:

Հետաքննության ընթացքում քննվել են բոլոր այն անձինք, ովքեր առնչություն են ունեցել դիմողի ձերբակալության և նրան կենտրոնում պահելու հետ: Հավաքված զգալի թվով մեծ ապացույցները չեն հիմնավորել կասկածն առ այն, որ քրեական հանցագործություն էր տեղի ունեցել:

Հաջորդաբար որոշումը հաստատվել է բժշկական քննության արդյունքներով (տե’ս երրորդ պարբերությունում): Որոշումը հետևյալն էր.

Իր դիմումում դիմողը բողոքում է, որ աշխատակազմը ոտնահարել է իր արժանապատվությունը և … հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիմողի ստացած վնասվածքներն ու վիրավորանքները կարող են քննվել դատավարական կարգով, որ կհաստատի այլ մասնավոր գանգատ` դիմողն ունի հնարավորություն ներկայացնելու նման գանգատ ներկա որոշման ուժի մեջ մտնելուց հետո` 14 օրվա ընթացքում:

23. Դիմողը բողոքարկել է` կրկնելով փաստարկները, որ նա ներկայացրել էր իր նախկին բողոքում: Նա նաև պնդել է, որ իրեն կենտրոնի անձնակազմը նվաստացրել է, քանի որ նրանք ուժով մերկացրել էին իրեն և զսպագոտիներով կապել մահճակալին` մինչև 1999թ. դեկտեմբերի 28-ը: Այս պատճառով նա չի կարողացել օգտվել զուգարանից:

24. 2000թ. հոկտեմբերի 25-ին Օլշտինի Շրջանային դատարանը որոշում է կայացրել դադարեցնել վարույթը: Քսան տողից բաղկացած որոշման մեջ նշվել է` դատարանը նկատել է, որ հավաքված ապացույցները հաստատում են այն եզրակացությունը, որ դիմողը եղել է թունավորված վիճակում, և, հետևաբար, նրան սթափարանային կենտրոն տանելը և նրա նկատմամբ կիրառված ուժն արդարացված են:

 

II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ

 

25. Կրթության մասին օրենքը ալկոհոլիզմի դեմ պայքարի և չափավորության առնչությամբ նախատեսում միջոցառումներ, որոնք կարելի կիրառել թունավորված վիճակում գտնվող մարդկանց նկատմամբ: ((Ustawa o wychowaniu w trzeźwosci i przeciwdziałaniu alkoholizmowi): 39-40-րդ հոդվածները նախատեսում են այն միջոցառումները, որոնք կիրառելի են նման մարդկանց նկատմամբ:

26. Համաձայն օրենքի 39-րդ հոդվածի` սթափարանային կենտրոնները պետք է ստեղծվեն և կառավարվեն այն քաղաքապետարանների կողմից, որոնք ունեն ավելի քան 50 000 բնակիչ: Օրենքի 40-րդ հոդվածը, որն այդ ժամանակ գործում էր, սահմանում էր, որ`

1. Թունավորված վիճակում գտնվող մարդկանց, ովքեր ցուցաբերում են ագրեսիվ պահվածք հասարակական վայրերում կամ աշխատավայրում, գտնվում են այն վիճակում, որ կարող են վտանգել իրենց կամ այլ անձանց կյանքն ու առողջությունը, կարելի տանել սթափեցման կենտրոն , հանրային բժշկական հաստատություն կամ իրենց բնակության վայր:

2. Սթափեցման կենտրոնների բացակայության դեպքում նրանց կարելի է տանել ոստիկանություն:

3. Ոստիկանություն կամ սթափեցման կենտրոններ տարված` ինտոքսիկացված վիճակում գտնվող անձինք պետք է մնան այնտեղ մինչև սթափվելը, բայց ոչ ավելի, քան քսանչորս ժամ:

27. Առողջապահության և սոցիալական ապահովության նախարարության որոշում –հրամանագիրը` թունավորված վիճակում գտնվող անձանց հետ վարվեցողության ընթացակարգի, սթափարանային կենտրոնների ու առողջապահական գործունեության կազմակերպման, ինչպես նաև սթափարանային կենտրոններ ընդունման և այնտեղ մնալու վճարումների մասին, սահմանում է սթափեցման կենտրոններում մարդկանց պահելու մանրամասն կանոններ:

28. Հրամանագրի 9-րդ մասում նշված է.

1. Սթափարանային կենտրոն փոխադրված անձին պետք է անհապաղ բժշկական ստուգման ենթարկել:

2. Բժշկական քննությանը պետք է հաջորդի բժշկի եզրակացությունն այն մասին արդյոք տվյալ անձին պետք է պահել սթափեցման կենտրոնում…տեղափոխել հիվանդանոց, այլ բժշկական հաստատություն, թե ինտոքսիկացվածության նշանները բավականին չեն նրան հաստատությունում պահելու համար:

 

13(1) կետում նշված է. «Փոխվելու հագուստ պետք է տրամադրվի կենտրոնում պահվող բոլոր անձանց»:

29. Հրամանագրի 16-րդ հոդվածում նշվում է, որ ուղղակի հարկադրանք կարող է կիրառվել համաձայն 1994թ. Հոգեկան առողջության պաշտպանության մասին որոշման 18-րդ հոդվածում ընդգրկված կանոնների, որոնք ուղղակի հարկադրանքի այլ մեթոդների թվում նշում են նաև անշարժացումը: Ակտի 16-րդ բաժինն անդրադառնում է նաև 1995թ. օգոստոսի 23-ին Առողջապահության և սոցիալական ապահովության նախարարության որոշմամբ հաստատված հրահանգը` «Ուղղակի հարկադրանքի կիրառման ձևի» մասին (w sprawie sposobu stosowania przymusu bezpośredniego), սահմանում է, թե ինչ ձևով կարելի է կիրառել ուղղակի հարկադրանք: Նշված որոշումը հետևյալն է.

«9 (2) բժիշկը պետք է նշանակի անշարժացում կամ մեկուսացում` որպես ուղղակի հարկադրանքի միջոց, ոչ ավելի քան քսանչորս ժամ: Անհրաժեշտության դեպքում հիվանդին քննելուց հետո բժիշկը կարող է այս անշարժացման վիճակը երկարաձգել ևս վեց ժամվա տևողությամբ:

13. Հերթապահ բուժքրոջ պարտականությունների մեջ է մտնում անշարժացված կամ մեկուսացված վիճակում գտնվող հիվանդի դրության ոչ պակաս, քան 15 րոպեն մեկ ստուգումը, երբ նույնիսկ հիվանդը քնած է: Վիճակի նկարագրությունը պետք է անհապաղ նշվի հիվանդի քարտում»:

 

 Օրենքը

 

I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ

 

30. Դիմողը բողոքել է, որ 1999թ. դեկտեմբերի 27-ի միջադեպի ժամանակ իր հանդեպ նվաստացուցիչ վերաբերմունք է ցուցաբերվել և համապատասխան կերպով չեն հետաքննվել իր մեղադրանքները` խախտելով Կոնվենցիայի 3-րդ հոդվածը, որի համաձայն` «Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:

Ա. Ընդունելիությունը

31. Կառավարությունը պնդել է, որ դիմողը չի սպառել բոլոր համապատասխան ներպետական միջոցները: Այն բանից հետո, երբ ենթադրյալ հարկադրանքի հանցագործության մասին քրեական գործ սկսելու իր ջանքերը ձախողվել են, նա պետք է մասնավոր գանգատով դիմեր քրեական դատարան` մեղադրանքով, որ թեթև մարմնական վնասվածքներ հասցնելու միջոցով հանցագործություն էր տեղի ունեցել: Դատախազը նրան պատշաճ կերպով տեղեկացրել էր այդպես վարվելու` նրա իրավունքի մասին:

32. Դիմողը բողոքարկել է, որ այն բանից հետո, երբ ձախողվել էր իր առաջին փորձը, որպեսզի միջադեպին առնչվող բոլոր մարդիկ քննվեին, նրանից պետք չէր ակնկալել, որ նա ևս մեկ փորձ կձեռնարկեր` պաշտպանելու համար իր իրավունքները, որոնք ցանկացած դեպքում հավանաբար նույնպես կձախողվեին:

33. Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանաբար սահմանում է հետևյալը.

«Դատարանը կարող է գործը քննության ընդունի այն բանից հետո, երբ սպառվել են միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերին համապատասխան իրավական պաշտպանության բոլոր ներպետական միջոցները»:

34. 35-րդ հոդվածի 1-ին մասում նշված` ներպետական միջոցները սպառելու կանոնի նպատակն է Պայմանավորվող պետություններին հնարավորություն տալ պարզելու իրավունքի հանգամանքներն իրենց իրավական համակարգում` նախքան իրենց գործողությունների համար միջազգային մարմիններին հաշվետու լինելը (տես` բազմաթիվ այլ գործերի շարքում` Էգմեզն ընդդեմ Կիպրոսի , no. 30873/96, կետ 64, ՄԻԵԴ 2000-XII): Ներպետական միջոցներ սպառելու պարտավորությունը պահանջում է, որ դիմողը բնականոն կետերով օգտագործի միջոցները, որոնք արդյունավետ, բավարար և մատչելի են Կոնվենցիայի հիմքով ներկայացվող գանգատների հարցում: Արդյունավետ լինելու համար միջոցը պետք է կարողանա անմիջապես շտկել գործերի կասկածահարույց վիճակը (տես Բալողն ընդդեմ Հունգարիայի, no. 47940/99, կետ 30, 2004թ. հուլիսի 20 )

35. Այն դեպքերում, երբ անհատն ունի վիճահարույց հայց` Կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով, ապա արդյունավետ միջոցի գաղափարն այն է, որ Պետությունը պետք է անցկացնի արդյունավետ հետաքննություն, որն ունակ կլինի մեղավորների ինքնությունը բացահայտելու և նրանց պատժելու (տես` Սելմունին ընդդեմ Ֆրանսիայի [GC], no. 25803/94, կետ 79, ՄԻԵԴ 1999-V և Էգմեզն ընդդեմ Կիպրոսի` վերևում մեջբերված, կետ 65):

36. Երբ առկա է միջոցների ընտրության խնդիր, սպառման պահանջը պետք է կիրառվի` արտացոլելու համար դիմողի դրության գործնական իրողությունները` ապահովելու համար Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների ու ազատությունների արդյունավետ պաշտպանությունը (տես` Allgemeine Gold-und Silberscheideanstalt A.G ընդդեմ Միացյալ Թագավորության, no. 9118/80, հանձնաժողովի 1983թ. մարտի 9-ի որոշումը, Վճիռներ և Զեկույցներ (DR) 32, էջ 165, և վերջերս ընդունված` Կռումպելն ու Կռումպելովան ընդդեմ Սլովակիայի, no. 56195/00, կետ 43, 5 հուլիսի 2005թ.): Ավելին, դիմողին, ով օգտագործել է մի միջոց, որն ըստ էության եղել է արդյունավետ և բավարար, չի կարելի պարտադրել, որ օգտագործի առկա մյուս միջոցները, որոնք, հավանաբար, այնքան էլ հաջողված չէր լինի: (Վոյչիկն ընդդեմ Լեհաստանի, no. 26757/95, հանձնաժողովի 1997թ. հուլիսի 7-ի որոշումը DR 90-A, էջ 28 Ասենովը և այլոք ընդդեմ Բուլղարիայի, 1998թ. հոկտեմբերի 28, կետ 86, Վճիռներ և Զեկույցներ 1998-VIII Ակիլան ընդդեմ Մալթայի [GC], no. 25642/94, կետ 39, ՄԻԵԴ 1999-III Գյունայդինն ընդդեմ Թուրքիայի (dec.), no. 27526/95, 25 ապրիլի 2002թ.):

37. Դատարանը նշել է, որ դիմողն այդ միջադեպի կապակցությամբ բողոք է ներկայացրել դատախազություն, որը քրեական հետաքննություն է սկսել ենթադրյալ հանցագործության վերաբերյալ: Դատարանն անհիմն չի համարել դիմողի` դատավարության ընտրությունը: Դիմողը, այսպիսով, փորձել է այնպես անել, որ բացահայտվեն և պատժվեն այն անձինք, ովքեր, իր կարծիքով, հանցագործություն էին գործել իր նկատմամբ: Հաշվի առնելով, որ իշխանությունները գտել են, որ համապատասխան անձինք քննելու գործ չեն ունեցել, դիմողից չի կարելի պահանջել, որ նախաձեռնի նոր դատավարություն, որը ծառայելու էր նույնանման նպատակի և հեռանկարներ չէր խոստանում, որ դիմողը դրական արդյունք կունենա:

38. Հետևաբար, Կառավարության հայտարարությունը ներպետական միջոցները չսպառելու վերաբերյալ, պետք է մերժվի:

39. Դատարանը նշել է, որ գանգատը 3-րդ հոդվածի թե նյութական, թե դատավարական հիմքերով` ակնհայտ անհիմն չէ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով: Այնուհետև նշել է նաև, որ որևէ այլ հիմքով այն նույնպես անընդունելի չէ: Հետևաբար այն պետք է ճանաչել ընդունելի:

 

Բ. Ըստ էության քննություն

 

1. Դիմողի նկատմամբ ցուցաբերված ենթադրյալ վատ վերաբերմունք

 

(ա) կողմերի դիրքորոշումները

40. Դիմողը բողոքում է, որ սթափեցման կենտրոնի աշխատակիցներն իր նկատմամբ վատ վերաբերմունք են ցուցաբերել: Երկու տղամարդ և մեկ կին նրան ուժով մերկացրել են, ամրացրել զսպագոտիներ և պահել փակ հիվանդասենյակում` ողջ գիշերվա ընթացքում: Նա իրեն խորապես նվաստացած է զգացել, որի պատճառն էր անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը, ինչն ամենևին չի արդարացվում: Մինչև ձերբակալությունը նա ընդամենը երկու շիշ գարեջուր էր խմել, որի պատճառով անհնարին է պատկերացնել, որ իր վիճակը կգնահատվեր թունավորված` արդարացնելով իր ձերբակալումը և արդյունքում կենտրոնում այդքան երկարատև պահելը, եթե նույնիսկ մի կողմ դնենք այն վերաբերմունքը, որ կենտրոնի աշխատակազմը ցուցաբերել էր նրա նկատմամբ:

41. Կառավարությունն առարկել է դիմողի այն պնդմանը, որ 1999թ. դեկտեմբերի 27-ի գիշերվա միջադեպի ժամանակ կենտրոնի աշխատակազմը բռնություն է կիրառել նրա նկատմամբ և անարդարացիորեն նվաստացրել նրան: Կառավարության կարծիքով, քննության արդյունքում ձեռք բերված փաստերը ցույց են տվել, որ դեպքերի` դիմողի ընկալումը եղել է ոչ ճիշտ: Քննության ընթացքում հավաքված փաստերից ակնհայտ երևում է, որ դիմողը եղել է «միջին թունավորված» վիճակում, մերժել էր վճարել տաքսու ուղեվարձը, խոսքերով վիրավորել էր ոստիկանության աշխատակիցներին, օգտագործել էր գռեհիկ, վիրավորական բառեր, ագրեսիվ էր եղել կենտրոնի աշխատակիցների նկատմամբ և վիրավորել էր իրեն քննող բժշկին: Հրաժարվելով հանել իր հագուստը` նա նաև հակադրվել էր աշխատակազմի կողմից ձեռնարկած բոլոր օրինական գործողություններին, որոնք բխում էին գործող օրենքից: Նա դիմադրել է աշխատակիցներին, երբ վերջիններս փորձել էին նրան հիվանդասենյակ փոխադրել: Այդ սենյակ նրան փոխադրելուց հետո` նա ոտքերով հարվածել է դռանը, բղավել և արթնացրել է մյուս հիվանդներին: Ի պատասխան նման պահվածքի` բժշկի հետ խորհրդակցելուց հետո, աշխատակազմը հանգստացրել է դիմողին զսպագոտիների միջոցով:

42. Այնուհետև Կառավարությունն անդրադարձել է բժշկական փաստաթղթին, որը դիմողը ներկայացրել էր դատարան: Բժիշկը նշել էր մեկ կապտուկ, մեկ քերծվածք, ցավող ուս և այտուցված ծնոտ: Կառավարությունը նշել է, որ այս վնասվածքները կարող էին առաջացած լինել դիմողի անձնական պահվածքի արդյունքում, երբ նա հարվածում էր դռանը` նրան հիվանդասենյակում փակելուց հետո:

43. Կառավարությունը եզրակացրել է, որ դիմողի ստացած վնասվածքներն աննշան էին, և, հետևաբար, նրա նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի վերաբերյալ բողոքը չի կարող դիտարկվել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո: Որպես այլընտրանք, եթե նույնիսկ ենթադրենք, որ վերաբերմունքի հետ կապված գանգատները կարող են դիտարկվել այդ դրույթի ներքո, ապա Կառավարությունը փաստարկել է, որ, միևնույն է, կենտրոնի աշխատակազմի կողմից դիմողի հանդեպ ֆիզիկական ուժի կիրառումը եղել է օրինական և խիստ անհրաժեշտ`դատելով նրա պահվածքից: Ըստ Կառավարության տեսակետի` դիմողի կրած վնասները չէին անցնել բուժման տվյալ ձևի կիրառման ժամանակ պատճառվող հնարավոր անխուսափելի վնասների սահմանները:

 

(բ) Դատարանի գնահատականը

44. Դատարանը կրկնել է, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածը պահպանում է ժողովրդավարական հասարակության ամենահիմնական արժեքներից մեկը: Այն բացարձակ արգելում է ցանկացած տեսակի խոշտանգում կամ անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք կամ պատիժ` անկախ գործի հանգամանքներից կամ տուժողի վարքագծից (տես` Լաբիտան ընդդեմ Իտալիայի [GC], no 26772/95, կետ 119, ՄԻԵԴ 2000 IV): Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո գնահատվելու համար վատ վերաբերմունքը պետք է խստության որոշակի (նվազագույն) աստիճան ունենա: Խստության այս նվազագույն մակարդակի գնահատումը խիստ հարաբերական է. այն կախված է գործի բոլոր հանգամանքներից, ինչպիսիք են` վերաբերմունքի տևողությունը, դրա ֆիզիկական և հոգեկան ազդեցությունները և որոշ դեպքերում էլ` տուժողի սեռը, տարիքն ու առողջական վիճակը (տես` Վալաշինազն ընդդեմ Լիտվայի no. 44558/98, կետեր 100-01, ՄԻԵԴ 2001 VIII):

45. Դատարանը վերաբերմունքը համարել է «անմարդկային», քանի որ, ի թիվս այլնի (inter alia), այն եղել է կանխամտածված, կիրառվել է ժամեր շարունակ և հասցրել է կա՛մ կոնկրետ մարմնական վնասվածքներ կա՛մ ուժգին ֆիզիկական և հոգեկան տառապանք: Դատարանը վերաբերմունքը համարել է «նվաստացնող», քանի որ այն տուժողի մոտ առաջացրել է վախի, տառապանքի և ստորադասության զգացում, որ կարող է նվաստացնել ու ստորացնել նրան (տես` Իվանչուկն ընդդեմ Լեհաստանի գործով, թիվ 25196/94, կետ 51, 15 նոյեմբերի 2001թ.):

46. Դատարանը նախ նշել է, որ բողոքարկված դեպքերը տեղի էին ունեցել դիմողին սթափեցման կենտրոնում պահելու ընթացքում: Այս կապակցությամբ այն կրկնել է, որ ներպետական օրենքի համաձայն` անձին Լեհաստանի սթափեցման կենտրոնում պահելը Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով հավասարազոր է «ազատությունից զրկելուն» (տես` Վիտոլդ Լիտվան ընդդեմ Լեհաստանի գործով, թիվ 26629/95, կետ 46, ՄԻԵԴ 2000-III):

47. Այս կապակցությամբ Դատարանը կրկնել է, որ չի արգելվում ուժի գործադրումը ձերբակալում իրականացնելու նպատակով: Այնուամենայնիվ, նման ուժը պետք է կիրառվի միայն անհրաժեշտության դեպքում, և այն չպետք է լինի լիազորությունները գերազանցող (այլ գործերի շարքում տես նաև`, Կլասն ընդդեմ Գերմանիայի, 22 սեպտեմբերի 1993թ., կետ 30, Սերիա A թիվ 269 Ռեհբոկն ընդդեմ Սլովենիայի, թիվ 29462/95, կետեր 68 78, ՄԻԵԴ 2000 XII; և Կրաստանովն ընդդեմ Բուլղարիայի, թիվ 50222/99, կետեր 52 և 53, 30–ը սեպտեմբերի 2004թ.): Ազատազրկված մարդու նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրելը, եթե դրա խիստ անհրաժեշտությունը չի առաջացել նրա իսկ վարքից, նվաստացնում է մարդու արժանապատվությունը և սկզբունքորեն 3-րդ հոդվածում սահմանված իրավունքի խախտում է (տես Ռիբիչն ընդդեմ Ավստրիայի գործով, 4 դեկտեմբերի 1995թ., կետ 38, Սերիա A no. 336, և Կրաստանով, վերը մեջբերված, կետ 53):

48. Դատարանը զգայուն է իր խնդրի` երկրորդական բնույթ ունենալու նկատմամբ և գիտի, որ պետք է շրջահայաց լինել առաջին ատյանի դեր ստանձնելիս, որը որոշակի գործի հանգամանքներում անխուսափելի է (տես, օրինակ` ՄքՔերն ընդդեմ Միացյալ Թագավորության (dec.), թիվ 28883/95, 4 ապրիլի 2000թ.): Այնուամենայնիվ, երբ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի հիմքով մեղադրանքներ են ներկայացվում, ինչպես ներկա գործում, Դատարանը պետք է կիրառի առանձնահատուկ մանրազնին ուսումնասիրություններ (տես` mutatis mutandis Ռիբիչ, վերը մեջբերված, կետ 32):

49. Դատարանն այս կապակցությամբ նշել է, որ իրավասու մարմիններն իրենց վճռի մեջ նշել են, որ վերաբերմունքը, որին դիմողն արժանացել էր, չի խախտել սթափեցման կենտրոններում կիրառելի ուժին վերաբերող գործող օրենքը: Այնուամենայնիվ, Դատարանը կրկնել է, որ միայն այն փաստը, որ ներպետական դատարանները գտել են, որ ֆիզիկական ուժի կիրառումը, որպես այդպիսին, չի համարվել հանցագործություն, Պայմանավորվող պետությանը չի ազատում Կոնվենցիայի ներքո ստանձնած իր պարտականություններից (տես` Ռիբիչ, վերը մեջբերված, կետ 34):

50. Դատարանը նկատել է, որ դիմողը ներկայացրել է իր ազատման հաջորդ օրն իրականացված բժշկական քննության արդյունքը: Վերջինիս պարզվում է, որ դիմողն ունեցել է թեթև վնասվածքներ, որոնք, ըստ բժշկի` կարող էին առաջացած լինել նրա հանդեպ կիրառված ֆիզիկական ուժի պատճառով: Դատարանը նշել է, որ չնայած Կոնվենցիայի 3-րդ հոդվածին վերաբերող շատ այլ դեպքերի` ներկա գործում նշված ֆիզիկական հարկադրման աստիճանն այնքան մեծ չէ, որ անհրաժեշտ լինի գործը քննելու: Սույն գործի կարևոր կողմը դիմողի բողոքն է այն մասին, որ կենտրոնում պահելու ընթացքում մի կին և երկու տղամարդ իրեն ուժով մերկացրել են և հետո ամրացրել զսպագոտիներ:

51. Դատարանը նշել է, որ դատախազության աշխատակիցներին ուղղած իր բողոքում դիմողը ներկայացրել էր, որ կենտրոնի աշխատակիցները մերկացրել էին իրեն և դաժան վերաբերմունք էին ցուցաբերել իր նկատմամբ: Նա նաև պնդել էր, որ նրանց վարվեցողությունը նսեմացրել և ստորացրել է իրեն, սակայն թե տեղական իշխանությունները և թե Կառավարությունը մեջբերում են դիմողի` մերկացնելու ժամանակ ցուցաբերած դիմադրությունն աշխատակազմի հանդեպ` որպես արդարացում նրա նկատմամբ կիրառված վերաբերմունքի, որից նա գանգատվել է: Նրանք այն կարծիքին էին, որ դիմադրությունը և հանվելուց հրաժարվելն արդարացնում էին նրա նկատմամբ հարկադրանքի կիրառումը, սակայն նրանք չեն կարողացել արձագանքել նրա այն բողոքին, որ այդ հարկադրանքի կիրառումը խախտել էր նրա անձնական իրավունքներն ու վիրավորել արժանապատվությունը:

52. Ինչ վերաբերում է նրան, որ դիմողը հրաժարվել էր հանել հագուստը, Դատարանը նշել է, որ տվյալ ժամանակահատվածում գործող` սթափեցման կենտրոնների գործունեության կազմակերպման և կառավարմանը վերաբերող հրահանգի դրույթները, որոնք սահմանում են (տես` կետ 28), որ կենտրոնում բուժվող բոլոր անձանց անպայման պետք է տրվի փոխվելու համար նախատեսված մեկանգամյա օգտագործման զգեստ-խալաթ` կենտրոնում մնալու համար: Ստորև նշված պատճառներից ելնելով` Դատարանն անհրաժեշտ չի համարել որոշել ոչ այն, թե արդյոք դիմողի գործի հանգամանքներում նրանից պետք է պահանջեին հագուստը հանել, ոչ էլ` արդյոք ֆիզիկական ուժի գործադրումը պատճառաբանված է, թե` ոչ:

53. Թեև սա այն գործերից չէ, երբ մերկ վիճակում խուզարկություն է անցկացվում, այնուամենայնիվ, Դատարանը գտել է, որ դրա դատական նախադեպ լինելը կարևոր է, քանի որ այն վերաբերում է նաև այլ դեպքերի, երբ ստիպում են դիմողներին հանվել: Այս առումով Դատարանը կրկնել է, որ թեև մերկ վիճակում խուզարկությունները որոշ դեպքերում անհրաժեշտ են, օրինակ` բանտում անվտանգության ապահովման կամ անկարգության և հանցագործության կանխման համար, դրանք միևնույն է, պետք է իրականացվեն համապատասխան կերպով և պետք է լինեն պատճառաբանված: Դրանք պետք է իրականացվեն համապատասխան կերպով` պատշաճ հարգանք ցուցաբերելով մարդու արժանապատվության նկատմամբ և օրինական նպատակ հետապնդեն (Յանկովն ընդդեմ Բուլղարիայի, no. 39084/97, կետ 166-176, ՄԻԵԴ 2003 XII (քաղվածքներ) Վեյնրայթն ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 12350/04, կետ 42, ՄԻԵԴ 2006 ...): Մերկ վիճակում խուզարկության նույնիսկ եզակի դեպքերը համարվել են նվաստացուցիչ վերաբերմունք` ելնելով այդ մերկ վիճակում խուզարկության իրականացման ձևից և հավանականությունից, որ դրա նպատակն է եղել նվաստացնելը, ստորացնելն ու պատճառաբանված չլինելը (տես` Վալաշինասն ընդդեմ Լիտվայի, թիվ 44558/98, կետ 117, ՄԻԵԴ 2001 VIII): Դատարանը նաև նշել է, որ այն դեպքերում, երբ կա խուզարկման նպատակով մերկացնելու հրաման, որը չի հիմնավորվում որպես անվտանգության ապահովում կամ հանցագործության ու անկարգության կանխում, ապա 3-րդ հոդվածը պետք է կիրառվի: (Վեյնրայթ, վերը մեջբերված, կետ 42, թիվ 2293/03, կետ 40, 22 փետրվարի 2007թ., երբ դիմողին մերկացրել էին ոստիկանության ծառայողները):

54. Դատարանը չի կարող անտեսել այն փաստը, որ դիմողին մերկացրել էին կենտրոնի երեք աշխատակիցներ` մեկ կին և երկու տղամարդ: Արդեն դիտարկվել է դեպք, երբ մի արական սեռի դիմողի մերկացրել էին բանտի` իգական սեռի ծառայողի ներկայությամբ, և որ կնոջ ներկայությունն այդ տեսարանում համարվել է որպես անհարգալից վերաբերմունք դիմողի նկատմամբ` նվաստացնելով նրա մարդկային արժանապատվությունը (տես` Վալաշինաս, վերը մեջբերված, կետ 117):

Դատարանի կարծիքով նույն նկատառումները վերաբերում են նաև սույն գործով դիմողին և ավելի խիստ` հաշվի առնելով, որ երկու արական սեռի աշխատակիցներ էին հարկադրաբար մերկացրել նրան:

55. Թերևս Դատարանին առավելապես մտահոգում է այն փաստը, որ ի պատասխան նրա վարքի` հիվանդասենյակ տեղափոխելուց հետո դիմողին ամրացրել են զսպագոտիներ: Դիմողը նշել է, որ ինքը շարունակաբար մնացել է այս գոտիներով կապված մինչև հաջորդ օրվա առավոտ` իր ազատման պահը` տասը ժամ անց: Կառավարությունը չի առարկել նրա այդ հայտարարությանը: Չի վիճարկվել այն, որ չեն պահպանվել համապատասխան ներպետական կանոնակարգերը` կապված զսպագոտիների գործածման հետ (տես` կետեր 27-29): Այդուհանդերձ, Կառավարությունը ոչ մի արդարացում չի ներկայացրել` կապված սահմանված ժամանակահատվածի հետ, որի ընթացքում կենտրոնի աշխատակիցների հրահանգով դիմողը մնացել է անշարժացված վիճակում: Նույնիսկ ընդունելով Կառավարության այն պնդումը, որ կենտրոն բերելու ժամանակ դիմողը եղել է «միջին թունավորված» վիճակում, նրան անշարժացված վիճակում պահելու տևողությունը Դատարանին լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Այն կարող է ընդունել, որ թունավորված վիճակում գտնվող անձի ագրեսիվ պահվածքը կարող է զսպագոտի կիրառելու անհրաժեշտություն առաջացնել, իհարկե, այն պայմանով, որ անշարժացված անձի առողջական վիճակի վերաբերյալ կանոնավոր կերպով ստուգումներ անցկացվեն: Սակայն սույն գործում, ոչ մի բացատրություն չի տրվել այն կապակցությամբ, թե ինչու են դիմողին այդքան երկարատև ժամով պահել զսպագոտիներով: Դիմողի երկարատև անշարժությունը պետք է որ նրան մեծ սթրես և ֆիզիկական անհարմարություն պատճառած լիներ: Պատճառված տառապանքները չեն կարող համապատասխանել 3-րդ հոդվածի չափանիշներին:

56. Հաշվի առնելով դիմողի գործի հանգամանքները` Դատարանը կարծում է, որ պատասխանատու կողմերի վարքը տրամաբանորեն կարող է համարվել նվաստացնող վերաբերմունք, որը հակասում է 3-րդ հոդվածին:

57. Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ըստ էության խախտում:

 

2. Հետաքննության ենթադրյալ անբավարարությունը

58. Ըստ Դատարանի ձևավորված նախադեպային իրավունքի` երբ անհատը հավանական հայտարարություն է անում, որ պետական գործիչների կողմից նա արժանացել է 3-րդ հոդվածը խախտող վերաբերմունքի, ապա դա դառնում է ազգային իրավասու մարմինների պարտականությունը` անցկացնել «արդյունավետ պաշտոնական հետաքննություն»` պարզելու փաստերը և պատժելու պատասխանատուներին (տես` Սլիմանին ընդդեմ Ֆրանսիայի գործով, թիվ 57671/00, կետեր 30 և 31, ՄԻԵԴ 2004-IX (քաղվածքներ), ինչպես նաև Ասենովն ու այլոք ընդդեմ Բուլղարիայի, 1998թ. հոկտեմբերի 28-ի Վճիռը, Զեկույցներ, կետ 102): Ավելին, 3-րդ հոդվածի ընթացակարգային պահանջներն անցնում են նախաքննություն: Ընթացակարգերը, որպես ամբողջություն, ներառում են նաև դատավարությունը, որը պետք է համապատասխանի 3-րդ հոդվածում պահպանված արգելքների պահանջներին: Չնայած չկա այդպիսի բացարձակ պահանջ, որ բոլոր հետապնդումներն անպայման հանգեցնեն որևէ դատապարտման կամ դատապատժի, այնուամենայնիվ, ազգային դատարանները որևէ կերպ չպետք է թույլ տան, որ անձի ֆիզիկական և հոգեկան ամբողջությունը լրջորեն վտանգող դեպքերը մնան անպատիժ (տես` Օնարյիլդիզն ընդդեմ Թուրքիայի գործով [GC], no. 48939/99, կետ 95 – 96, ՄԻԵԴ 2004-XII), Սալմոնն ընդդեմ Թուրքիայի գործով [GC], թիվ 21986/93, կետ 104-109, ՄԻԵԴ 2000-VII և Օկկալին ընդդեմ Թուրքիայի գործով . 52067/99, կետ 65, ՄԻԵԴ 2006թ.-... (քաղվածքներ)): Սա հատկանշական է ձեռք բերելու և պահպանելու համար հասարակության վստահությունն ու աջակցությունն օրենքի ուժի նկատմամբ, ինչպես նաև կանխելու համար իշխանությունների գաղտնի համաձայնությունը կամ հանդուրժողականությունն անօրինական գործողություն-ների նկատմամբ (տես, մուտատիս մուտանդիս, Օնարյիլդիզն, վերը մեջբերված, կետ 96):

59. Դատարանը նախ նշել է, որ դիմողի բողոքի հետաքննությունը տևել է յոթ ամիս, մասնավորապես` 2000թ. հունվարից մինչև նույն թվականի օգոստոսը: Երկու առիթով դատախազը վերացրել է հետաքննությունները դադարեցնելու մասին որոշումները` համարելով, որ հետաքննության ընթացքը թերի է եղել ընթացակարգային ակնհայտ թերությունների պատճառով: Իր բողոքներում դիմողը գանգատվել է որոշակի ընթացակարգային թերություններից, ինչպիսիք են, օրինակ` գործին առնչվող փաստաթղթերի անհասանելիությունն ու վկաների, մասնավորապես, կենտրոնի աշխատակիցների առերեսման հնարավորության բացակայությունը: Ճիշտ է, որ սրանք վերականգնվել են այն բանից հետո, երբ 2000թ. հունվարի 1-ի և 2000թ. ապրիլի 19-ի որոշումները չեղյալ են հայտարարվել ու հետաքննությունը վերսկսվել է:

60. Այնուամենայնիվ, փաստ է մնում այն, որ վարույթը դադարացնելու մասին որոշումը կայացվել է Դատարանի կողմից, որը գտել է, որ, ըստ ներպետական օրենքի` չեն եղել հիմքեր, որոնցից կարելի էր եզրակացնել, որ տեղի է ունեցել քրեական հանցագործություն: Այս կապակցությամբ Դատարանը չի կարող չնշել, որ հետաքննության հիմնական ուշադրությունը եղել է դիմողին ազատությունից զրկելու և նրա հանդեպ ֆիզիկական ուժ կիրառելու արդարացումը: Թեև դիմողը վիճարկել է, որ ինքը եղել է թունավորված վիճակում և պնդել է, որ իր վարքում չի եղել ոչ մի բան, որ կարդարացներ իրեն ազատությունից զրկելը, նա նաև բողոքել է, որ նրա նկատմամբ սարսափելի վատ վերաբերմունք է ցուցաբերվել, և կենտրոնի աշխատակազմի աշխատակիցներն են այնպես մերկացրել իրեն, որ նվաստացրել է իրեն` ու խախտել մարդկային արժանապատվության իր իրավունքը: Դատարանի կարծիքով 3-րդ հոդվածով սահմանված ընթացակարգային պարտականությունները պետք է ի զորու լինեն որոշելու, թե արդյոք բողոքում բերված փաստերը գերազանցում են 3-րդ հոդվածի արգելքների սահմանները: Դատարանի կարծիքով, իրավասու մարմինները դիմողի մեղադրանքները հետաքննել են խիստ նեղ շրջանակներում այդպիսով զրկվելով 3-րդ հոդվածի չափանիշների տեսանկյունից դիմողի նկատմամբ գործադրված ուժի համաչափությունը ճիշտ գնահատելու իրենց հնարավորությունից, մասնավորապես, արդարացնել երկու արական սեռի պատկանող աշխատակիցների կողմից ուժով նրա հագուստը հանելը և նրան զսպագոտիներով մինչև 1999թ. դեկտեմբերի 28-ի առավոտն անշարժացված վիճակում պահելը:

61. Հետևաբար, Դատարանը գտնում է, որ գործի ուսումնասիրման ձևը չի համապատասխանել Պետության` Կոնվենցիայի 3-րդ հոդվածով ստանձնած ընթացակարգային պարտականություններին:

62. Հետևաբար, տեղի է ունեցել այդ դրույթի խախտում` դրա ընթացակարգային հիմքով:

 

II Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ն մասի ենթադրյալ խախտում

63. Հիմք ընդունելով Կոնվենցիայի 5-րդ հոդվածը` դիմողը բողոքել է, որ սթափեցման կենտրոնում իրեն պահելը եղել է անօրինական: Իր ձերբակալման ժամանակ ինքը չի եղել թունավորված վիճակում և հասարակական կարգի ոչ մի խախտում թույլ չի տվել, որ գործող օրենքի պայմաններում կարևոր նախապայման է հանդիսացել նրա` նման ձերբակալման համար:

64. Դատարանը նշել է, որ դիմողն ազատությունից զրկվել է «օրենքով սահմանված ընթացակարգի համաձայն», մասնավորապես, Ալկոհոլիզմի դեմ պայքարի և լրջախոհության մասին կրթությանը վերաբերող օրենքի 40-րդ բաժնին համապատասխան (տես` կետեր 25-26): Ներպետական իրավասու մարմինները պարզորոշ հաստատել են, որ դիմողի ձերբակալումը եղել է ազգային օրենքի հիման վրա և ներկայացված պատճառները ոչ մի դեպքում չեն կարող խտրական համարվել:

65. Հետևաբար, Դատարանը գտել է, որ գանգատը չի բացահայտել Կոնվենցիայում և դրա Արձանագրություններում սահմանված ազատությունների ու իրավունքների խախտում:

66. Ուստի դիմումի այս մասն ակնհայտորեն անհիմն է և պետք է մերժվի Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն:

 

III. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի կիրառում

67. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը սահմանում է.

«Եթե դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունք է ընձեռնում միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:

 

Ա. Վնասը

68. Դիմողը պահանջել է 50 000 լեհական զլոտի (PLN)` որպես իր կրած ոչ նյութական վնասի փոխհատուցում, որ նա կրել էր ձերբակալման ընթացքում իր հանդեպ ցուցաբերված դաժան վերաբերմունքի պատճառով ստացած հոգեկան ցնցման և նվաստացման արդյունքում:

69. Կառավարությունը պնդել է, որ դիմողի պահանջն անհամաչափ է` հիմնավորելով, որ Կոնվենցիայով երաշխավորված նրա ոչ մի իրավունք չի խախտվել: Ամեն դեպքում այն վիճարկում է, որ գործի հանգամանքներով Կոնվենցիայի խախտման ցանկացած դեպքի բացահայտումը ինքնին դիմողին կապահովի արդարացի փոխհատուցում:

70. Դատարանի կարծիքով գործի հանգամանքների արդյունքում` դիմողին պատճառվել է մեծ տառապանք և ցավ, ինչը հնարավոր չէ հատուցել ընդամենը Կոնվենցիայի խախտում գտնելով: Հաշվի առնելով գործի ընդհանուր հանգամանքները և առաջնորդվելով արդարության սկզբունքով` Դատարանը որոշել է դիմողին տրամադրել 7 000 եվրո` որպես ոչ նյութական վնասի հատուցում:

 

Բ. Ծախսերը

71. Դիմողը չի ներկայացրել ոչ մի պահանջ գործի հետ կապված ծախսերի վերաբերյալ:

 

 Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը

72. Դատարանը նպատակահարմար է համարել, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված տոկոսադրույքի վրա, որին պետք է հավելել երեք հարյուրերորդական տոկոս:

 

ՎԵՐՈԳՐՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ

 

1. Միաձայն հայտարարում է ընդունելի դիմողի` իր նկատմամբ ենթադրյալ վատ վերաբերմունքի և իր մեղադրանքների հիման վրա հետաքննության ձախողման մասին գանգատը, իսկ դիմումի մնացած մասը` անընդունելի:

2. Վճռում է` միաձայն, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում նյութական հիմքով:

3. Վճռում է` հինգ կողմ և երկու դեմ քվեարկության արդյունքում, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում ընթացակարգային հիմքով:

4. Վճռում է` վեց կողմ և մեկ դեմ քվեարկությամբ, որ

(ա) պատասխանող պետությունը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավճիռը կայացնելուց հետո երեք ամսվա ընթացքում պետք է որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում դիմողին վճարի 7000 եվրոյին (յոթ հազար եվրո) համարժեք լեհական զլոտի` հաշվարկված վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով` նշված գումարին հավելած հաշվարկվող բոլոր հարկերը:

(բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո մինչև վճարման օրը պետք է վճարվի նշված գումարի պարզ տոկոս` Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխառության տրամադրման առավելագույն տոկոսադրույքի չափով, պարտավորությունների չկատարման ժամանակահատվածի համար` գումարած երեք հարյուրերորդական տոկոս:

5. Միաձայն մերժում է դիմողի` արդարացի փոխհատուցման վերաբերյալ պահանջի մնացած մասը:

 

Կատարված է անգլերեն և հրապարակված է գրավոր 2009թ. մարտի 31-ին` Դատարանի Կանոնների 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի համապատասխան:

 

Լոուրենս Էռլի

Քարտուղար

Նիկոլաս Բրատցա

 

Նախագահ

 

Համաձայն Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 2-րդ մասի և Դատարանի կանոնների 74-րդ կանոնի 2-րդ կետի, այս վճռին է կցվում Դատավորներ Գալիցկիի և Դեյվիդ Դոր Բյոգվինսոնի վճռից տարբերվող` համատեղ հատուկ կարծիքները:

 

Դատավորներ Գալիցկիի և Դեյվիդ Դոր Բյոգվինսոնի վճռից տարբերվող համատեղ կարծիքները

 

Ցավոք, մենք չենք կիսում Պալատի` հետաքննության անհամապատասխանության հետ կապված դիրքորոշումը:

Ինչպես երևում է Պալատի վճռի 60-րդ կետից` ընթացակարգային խախտման առկայությունը կապվում է այն փաստի հետ, որ «իրավասու մարմինները դիմողի մեղադրանքները հետաքննել են շատ նեղ շրջանակներում և, այդպիսով, զրկվել են 3-րդ հոդվածի չափանիշների տեսակետից դիմողի նկատմամբ գործադրված ուժի համաչափությունը ճիշտ գնահատելու իրենց հնարավորությունից»:

Այսպիսով, կարիք չկա մեղադրել իրավասու մարմիններին գործին առնչվող հիմնական փաստերը չհաստատելու մեջ: Հետևաբար, դժվար կլինի կայացնել այն վճիռը, որ «հետաքննությունը եղել է մակերեսային, ոչ օբյեկտիվություն և կայացրել է որոշումներ` չհիմնված փաստերի լուրջ զննման վրա» (տես, օրինակ`Լևանդովսկին և Լևանդովսկայան ընդդեմ Լեհաստանի գործով, թիվ 15562/02, կետ 74, 13 հունվարի 2009թ., նաև Ջվոնկովսկին ընդդեմ Լեհաստանի գործով, թիվ 46702/99, կետ 66, 12 ապրիլի 2007թ.): Պալատի կարծիքից թվում է, որ խախտումն առաջին հերթին տեղի էր ունեցել այն փաստի պատճառով, որ դիմողի պահանջում տեղ գտած «մարդկային արժանապատվության» խնդիրն իրավասու մարմիններն առանձին չէին դիտարկել և դրան համապատասխանաբար չէին արձագանքել, և երկրորդն այն փաստի պատճառով, որ հետաքննությունը չէր հանգեցրել այն բանին, որ կենտրոնի աշխատակիցները քրեական որևէ պատասխանատվության ենթարկվեին:

Մենք չենք կարծում, որ հետաքննությունը հաշվի չի առել դիմողի պահանջները` կապված իր արժանապատվությունը նսեմացնելու հետ: Գործի այս մասին հենց սկզբից անդրադարձել է շրջանային դատախազը (2000թ. հունիսի 7-ին)` կանխելով հետաքննությունը դադարեցնելու մասին սկզբնական որոշումը: Դատախազը գտել է, որ «գործի հետ կապված ցանկացած վերջնական որոշում պետք է պաշտոնապես պատասխանի դիմողի ներկայացրած բոլոր գործողություններին, այդ թվում` նրա արժանապատվության ոտնահարմանը (inter alia հարկադրաբար մերկացնելը): Տարածքային դատախազը 2000թ. օգոստոսի 2-ի իր որոշման մեջ հետևել է այդ հրահանգներին, սակայն եզրակացրել է, որ ի պատասխան դիմողի այն բողոքի, որ կենտրոնի աշխատակիցներն իր արժանապատվությունն ու պատիվը նվաստացնող վերաբերմունք էին ցուցաբերել, պետք է հաշվի առնել այն փաստը, որ դիմողն ինքը կարող էր մասնավոր գանգատ ներկայացնել` կապված իր հայցի հետ: Այսպիսով, «մարդկային արժանապատվության» հարցը չի վրիպել իրավասու մարմինների ուշադրությունից, երբ նույնիսկ կենտրոնում նրանց ձեռնարկած բոլոր միջոցառումները եղել են օրինական և, հետևաբար, քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքեր չեն եղել:

Ճիշտ է, որ այս փաստերի առումով Դատարանի գնահատականն այլ է, և որ մենք գտնում ենք, որ դիմողի նկատմամբ իրագործված միջոցառումները եղել են անհամաչափ դաժան: Բայց այս տարբերությունը գործի նյութական կողմին է վերաբերում, և այն հանգեցնում է 3-րդ հոդվածի խախտման մասին մեր հետևությանը: Այն չի կարող վերաբերել գործի ընթացակարգային գնահատմանը: Ներպետական իրավասու մարմիններին չէր կարելի մեղադրել օրինականության ներպետական չափորոշիչներ կիրառելու և եզրակացնելու համար, որ օրինական գործողությունը չի կարող հանգեցնել քրեական պատասխանատվության: Չպետք է մոռանալ, որ միջազգային իրավունքի ներքո Պետությունների պարտականությունների բնույթը տարբերվում է անհատների քրեական պատասխանատվությունից: Այսպիսով, Կոնվենցիայի խախտումը պարտադիր չէ, որ բոլոր գործերում վերածվի պատասխանատու անձի դեմ քրեական վարույթի:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան