Գլխավոր տեղեկություն
Տիպ
Վճիռ
Ակտի տիպ
Base act (04.07.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
04.04.2006
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.04.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.07.2006

Ներմուծեք նկարագրությունը_15382

ԿՈՐՍԱԿՈՎՆ ԸՆԴԴԵՄ ՄՈԼԴՈՎԱՅԻ գործով

 

Վ Ճ Ի Ռ

 

Ստրասբուրգ, 4 ապրիլի 2006թ.

 

 

Կորսակովն ընդդեմ Մոլդովայի գործով՝

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), հետևյալ դատավորներից կազմված Պալատի կազմով.

Նախագահ՝

սըր Nicolas BRATZA,

Դատավորներ՝

պրն G. BONELLO,

պրն K. TRAJA,S

պրն S. PAVLOVSCHI,

պրն L. GARLICKI,

տկն L. MIJOVIĆ,

պրն J. ŠIKUTA,

և Բաժանմունքի քարտուղար՝

պրն M. O’BOYLE,

դռնփակ խորհրդակցելով 2006թ. մարտի 14-ին, կայացրել է հետևյալ վճիռը, որը հաստատվել է նույն օրը:

 

ՓԱՍՏԵՐ

 

I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

 

8. Դիմողը ծնվել է 1981 թվականին և բնակվում է Մոլդովայի Կարպինենի բնակավայրում:

9. 1998թ. հուլիսի 9-ին դիմողը, որն այդ ժամանակ տասնյոթ տարեկան էր, ձերբակալվել է գողության մեղադրանքով: Դեպի ոստիկանական մեքենա տանելիս` նա փորձել է դեն նետել գրպանի դանակը: Այդ մասին անցորդի զգուշացումից հետո ոստիկաններ Ա. Տուլբուն և Վ. Դուբչակը դիմողին գետնին են գցել: Ըստ դիմողի` նրանք նաև բռունցքով հարվածել են իր դեմքին և ձեռնաշղթաներ հագցրել, իսկ ոստիկանություն տանելու ամբողջ ճանապարհին վիրավորել են իրեն:

10. Ըստ դիմողի՝ ոստիկանության բաժանմունքում հարցաքննության ընթացքում ոստիկանները շարունակել են ծեծել իրեն: Նրանք ոտքերով ու բռունցքներով հարվածել են իրեն, մահակներով հարվածել ոտքերի ներբաններին՝ խոստովանություն կորզելու նպատակով: Ծեծի ընթացքում նրա ձեռքերին ձեռնաշղթաներ են եղել: Դիմողի ասելով՝ իրեն նաև երկար ժամանակ պահել են մետաղյա ձողից կախված վիճակում: Կառավարությունը ժխտել է այդ մեղադրանքները:

11. Դիմողը պնդել է, որ իրեն ձերբակալած ոստիկանները 1998թ. հուլիսի 10-ին իրեն տարել են անտառ՝ միջադեպի պատկերը վերարտադրելու համար: Անտառ տանող ճանապարհին իրեն ծեծի են ենթարկել: Անտառում ոստիկաններից մեկն ատրճանակը ենթադրաբար պահել է իր գլխին՝ սպառնալով չխոստովանելու դեպքում սպանել նրան: Երեկոյան նրան ազատ են արձակել: Կողմերի ներկայացրած փաստաթղթերից ակնհայտ է, որ դիմողը խոստովանել է, որ գողությունը կատարել է: Այդուհանդերձ, հետագայում նրա նկատմամբ քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով:

12. Ըստ Կառավարության՝ ոստիկանները չէին կարող ատրճանակով սպառնալ նրան, քանի որ նրանք դիմողին չեն ուղեկցել անտառ: Նրան անտառ էին տարել քննչական նկատառումներից ելնելով, այլ ոչ թե հանցանքի պատկերը վերարտադրելու նպատակով:

13. 1998թ. հուլիսի 13-ին դիմողի առողջական վիճակը վատացել է, և նրա մայրը նրան տարել է բժշկի մոտ: Վերջինս պարզել է, որ նրա մոտ առկա են գլխի վնասվածք և ուղեղի ցնցում:

14. 1998թ. հուլիսի 13-ին դատական բժիշկը զննել է դիմողին և պարզել, որ նրա աջ աչքի, աջ ականջի, շրթունքի և ձախ ոտքի ներբանի վրա առկա են 3x2 և 6x5 չափերի կապտուկներ: Գլխի փափուկ հյուսվածքը և աջ կողմի ատամները հպվելիս՝ ցավում էին: Բժիշկը եզրակացրել է, որ վնասվածքները կարող էին առաջացած լինել բութ գործիքով հարվածելու հետևանքով, հնարավոր է՝ դիմողի նկարագրած հանգամանքներում, և հանդիսանում են թեթև մարմնական վնասվածք:

15. 1998թ. հուլիսի 13-ին դիմողի մայրը դիմում է ներկայացրել Հանչեշտի շրջանային դատախազություն՝ խնդրելով քրեական գործ հարուցել ոստիկանների դեմ, որոնք ենթադրաբար վատ վերաբերմունք են դրսևորել իր որդու նկատմամբ և սպառնացել սպանել նրան:

16. 1998թ. հուլիսի 14-ին քիթ-կոկորդ-ականջի մասնագետը զննել է դիմողին և եզրակացրել, որ նրա մոտ առկա է գերարյունություն (հիպերեմիա), իսկ աջ թմբկաթաղանթը ծակված է:

17. 1998թ. հուլիսի 28-ին մեկ այլ մասնագետ եզրակացրել է, որ դիմողի մոտ աջից առկա է հետվնասվածքային սուր ականջաբորբ, իսկ ձախից՝ չպարզված ծագման ականջաբորբ՝ խլացման վտանգով:

18. 1998թ. հուլիսի 14-25-ը, հուլիսի 30-ին և օգոստոսի 22-ին, սեպտեմբերի 2-ին և 17-ին, հոկտեմբերի 14-ին և նոյեմբերի 3-ին դիմողը փոխադրվել է հիվանդանոց՝ գլխի վնասվածքի և հանկարծակի խլության ախտանշաններով (surditate de percepţie brusc instalată):

19. 1998թ. օգոստոսի 3-ին դիմողի մորը Հանչեշտի շրջանի դատախազությունից տեղեկացրել են, որ նրա դիմումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով: Նա այդ որոշումը բողոքարկել է վերադաս դատախազին:

20. 1998թ. օգոստոսի 21-ին դիմողի մայրը Հանչեշտի շրջանի դատախազության վերադաս դատախազից նամակ է ստացել այն մասին, որ իր բողոքը մերժվել է: Այդ որոշումը նա բողոքարկել է Հանչեշտի շրջանային դատարան:

21. 1998թ. նոյեմբերի 16-ին Հանչեշտի շրջանային դատարանը վերացրել է վատ վերաբերմունքի մասին դիմումը մերժելու վերաբերյալ դատախազության որոշումը և կարգադրել գործն ուղարկել լրացուցիչ քննության: Ի թիվս այլոց, դատարանը եզրակացրել է, որ անառարկելի է, որ դիմողը վնասվածքներն ստացել է 1998թ. հուլիսի 9-ին՝ կա՛մ ոստիկանության բաժանմունքում, կա՛մ դեպի այն տանող ճանապարհին, այդուհանդերձ, հանգամանքներն այնքան էլ հստակ չեն: Դատարանը նաև եզրակացրել է, որ Հանչեշտի շրջանային դատախազությունը պատշաճ ուշադրություն չի դարձրել այն փաստին, որ 1998թ. հուլիսի 9-ից սկսած դիմողը բուժման նպատակով պարբերաբար այցելել է հիվանդանոց՝ զրկվելով դպրոց հաճախելու հնարավորությունից:

22. 1999թ. հունվարի 15-ին Հանչեշտի շրջանային դատախազությունը նոր որոշում է կայացրել, որով կրկին մերժել է քրեական գործ հարուցել դիմողի հանդեպ ենթադրյալ վատ վերաբերմունք դրսևորած ոստիկանների նկատմամբ: Որոշման մեջ, ի թիվս այլոց, նշվել էր, որ դիմողի ստացած վնասվածքներն առաջացել են 1998թ. հուլիսի 9-ին նրա ընկնելու հետևանքով՝ այն պահին, երբ ոստիկանները նրան գետնին էին գցել՝ իրենցից մեկի վրա դանակով հարձակումը հետ մղելու նպատակով: Որոշման մեջ հղում էր կատարվում 1999թ. հունվարի 14-ի բժշկական եզրակացությանը, որում նշված էր, որ վնասվածքները կարող են պատճառված լինել կա՛մ բութ գործիքով հարվածելու, կա՛մ ընկնելու հետևանքով: Դիմողի մայրը որոշումը բողոքարկել է գլխավոր դատախազություն:

23. 1999թ. փետրվարի 25-ին գլխավոր դատախազությունը վերացրել է 1999թ. հունվարի 15-ի որոշումը՝ թերի լինելու հիմքով, և գործն ուղարկել Հանչեշտիի օկրուգային դատախազություն՝ լրացուցիչ քննության: Ի թիվս այլոց, դատախազությունը եզրակացրել է, որ քննության արդյունքում չեն պարզվել դիմողի կողմից դանակով ոստիկաններից մեկի վրա ենթադրյալ հարձակման հանգամանքները:

24. 1999թ. մարտի 15-ին Հանչեշտի շրջանային դատախազությունը նոր որոշում է կայացրել՝ մերժելով քրեական գործ հարուցել ոստիկանների դեմ՝ վերջիններիս գործողություններում հանցանշաններ չհայտնաբերելու հիմնավորմամբ:

25. 1999թ. մարտի 25-ին վերադաս դատախազությունը վերացրել է 1999թ. մարտի 15-ի որոշումը՝ այն հիմքով, որ ոստիկաններից մեկի վրա դիմողի կողմից դանակով ենթադրյալ հարձակման հանգամանքները պատշաճ ձևով քննության չեն առնվել:

26. 1999թ. ապրիլի 9-ին Հանչեշտի շրջանային դատախազությունը կայացրել է նոր որոշում, որով կրկին մերժել է ոստիկանների նկատմամբ քրեական գործի հարուցումը, քանի որ վերջիններիս գործողություններն արդարացված են եղել: Միևնույն ժամանակ դատախազությունը եզրակացրել է, որ դիմողը դանակով չի հարձակվել ոստիկանների վրա, սակայն ոստիկանները ենթադրել են, որ առկա է իրենց վրա հարձակման վտանգ: Դիմողի մայրը որոշումը բողոքարկել է վերադաս դատախազին:

27. 1999թ. մայիսի 1-ին վերադաս դատախազը վերացրել է 1999թ. ապրիլի 9-ի որոշումը և ցուցում տվել քրեական գործ հարուցել ոստիկանության երկու աշխատակցի դեմ:

28. Դիմողը բողոք է ներկայացրել Ներքին գործերի նախարարություն (բողոքը ներկայացնելու օրը չի պարզվել):

29. 1999թ. հունիսի 14-ին Ներքին գործերի նախարարությունը դիմողին տեղեկացրել է, որ ոստիկաններ Ա. Տուլբուի և Վ. Դուբչեկի նկատմամբ կարգապահական տույժ կկիրառվի միայն այն դեպքում, եթե նրանք մեղավոր ճանաչվեն քրեադատավարական ընթացակարգի արդյունքում:

30. 1999թ. սեպտեմբերի 20-ին Հանչեշտի շրջանային դատախազությունը որոշում է կայացրել գործով վարույթը կարճելու մասին: Որոշման մեջ, ի թիվս այլոց, նշվել էր, որ դիմողի ձեռքում դանակ է եղել, սակայն նա չի փորձել դրանով հարձակվել ոստիկանների վրա: Դիմողի մայրը կրկին բողոքարկել է որոշումը:

31. 1999թ. նոյեմբերի 18-ին Լյապուշնայի դատախազության վերադաս դատախազը բողոքը մերժել է: Որոշման մեջ, ի թիվս այլոց, նշվել էր, որ դիմողի ստացած վնասվածքները պատճառվել են 1998թ. հուլիսի 9-ին ընկնելու արդյունքում, երբ դիմողը փորձել է դանակը դեն նետել, իսկ ոստիկանները՝ կարծելով, որ նա պատրաստվում է դանակով հարձակվել իրենց վրա, գետնին էին գցել նրան: Դիմողի առողջական վիճակը «բնականոն» էր, և վկաներից որևէ մեկը չէր տեսել, որ ոստիկանները հարվածում են նրան: Դիմողի մայրը բողոքարկել է այդ որոշումը:

32. 2000թ. փետրվարի 10-ին գլխավոր դատախազությունը բավարարել է դիմողի բողոքը և որոշում կայացրել քրեական գործի քննությունը վերսկսելու մասին: Այդ որոշման մեջ, ի թիվս այլոց, նշվել էր, որ քննությունը եղել է «չափազանց մակերեսային»: Գլխավոր դատախազությունը քննիչներին նաև ցուցում էր տվել կրկին հարցաքննել վկաներին և կողմերին՝ պարզելու համար՝ ոստիկաններ Ա. Տուլբուն և Վ. Դուբչեկն անտառում ատրճանակից կրակե՞լ են, թե՝ ոչ: Դատախազությունը նաև ցուցում էր տվել բժշկական զննության ենթարկել դիմողին, և մատնանշել էր վկաների ցուցմունքներում առկա մի շարք հակասություններն ու դատավարական անճշտությունները:

33. 2000թ. փետրվարի 28-ին Հանչեշտի շրջանային դատախազության քննիչ Վ.Բ.-ի խնդրանքով չորս փորձառու դատական բժիշկներից կազմված բժշկական հանձնաժողովն իրականացրել է համալիր բժշկական հետազոտություն: Նախկինում տրված բժշկական տեղեկանքների ուսումնասիրության և սեփական հետազոտությունների արդյունքում հանձնաժողովը կազմել է եզրակացություն, որում, ի թիվս այլոց, նշվել էր հետևյալը.

«Դատաբժշկական հետազոտությամբ պարզվեց, որ [դիմողի] աջ աչքի, աջ ականջի, շրթունքների և ձախ ոտքի ներբանի վրա առկա են եղել կապտուկներ: Գլխի փափուկ հյուսվածքը և աջ կողմի ատամները հպվելիս՝ ցավում էին:

[Դիմողի] բժշկական հաշվառման փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ ութ ամսական հասակում... նա աջ ականջի թարախային ականջաբորբ է տարել:

1998թ. հուլիսի 11-ին նյարդաբանը պարզել է, որ [դիմողի] մոտ առկա է գլխի սուր վնասվածք` ուղեղի ցնցման ախտանշանով:

1998թ. հուլիսի 14-ին քիթ-կոկորդ-ականջի մասնագետը եզրակացրել է, որ [դիմողի] մոտ առկա է թմբկաթաղանթի գերարյունություն (հիպերեմիա), իսկ աջ թմբկաթաղանթը ծակված է՝ 1998թ. հուլիսի 9-ին պատճառված բարոտրավմայի (ճնշման կայծակնային և չափազանց մեծ փոփոխությունների արդյունքում առաջացող վնասվածք) արդյունքում:

1998թ. հուլիսի 14-ին [դիմողը] ատամների վնասվածք չի ունեցել:

1998թ. հուլիսի 28-ին քիթ-կոկորդ-ականջի մասնագետը եզրակացրել է, որ [դիմողի] մոտ աջից առկա է հետվնասվածքային սուր ականջաբորբ, իսկ ձախից՝ չպարզված ծագման ականջաբորբ: Նա գանգատվում է հանկարծակի խլացումներից (surditate de percepţie brusc instalată):

1998թ. հոկտեմբերի 9-ին նյարդաբանը պարզել է, որ գլխի վնասվածքի պատճառով [դիմողի] մոտ առաջացել է բարձր ներգանգային ճնշում՝ ընկնավորության (էպիլեպսիայի) նախանշաններով:

2000թ. ապրիլի 20-ին [դիմողը] հետազոտվել է ականջակոկորդաբանի (օտոլարինգոլոգի) կողմից. վերջինս պարզել է, որ նրա մոտ առկա է հետվնասվածքային երկկողմ հիպոակուսիս [լսողական զգայության թույլ արտահայտված նվազում. լսողական սահմանագիծը՝ նորմայից բարձր]: Խորհուրդ է տրվում հիվանդանոցային բուժում:

...

1. Վերոգրյալի հիման վրա՝ հանձնաժողովը եզրակացնում է, որ Մ. Կորսակովի մոտ առկա են կապտուկների տեսքով վնասվածքներ` դեմքի շրջանում (աջ աչքի, աջ ականջի և շրթունքների) և ձախ ոտքի ներբանի հատվածում, գլխի վնասվածք և ուղեղի ցնցում, հետվնասվածքային սուր ականջաբորբ աջ կողմում, իսկ ձախ կողմում՝ չպարզված ծագման ականջաբորբ՝ երկկողմ հիպոակուսիսով:

... Դիմողի վնասվածքներն առաջացրել են երկարատև բժշկական խնամքի անհրաժեշտություն և կարող են որակվել որպես միջին ծանրության (mai puţin grave) վնասվածք:

...

3. Հանձնաժողովն օբյեկտիվ հիմքեր չունի կարծելու, որ վնասվածքները դիմողը կարող էր ստացած լինել մինչև 1998թ. հուլիսի 9-ը:

4. Վնասվածքներն առաջացել են բութ առարկայով հարվածելուց (aceste leziuni au fost cauzate prin acţiunea corpurilor contondente (lovire)), հնարավոր է՝ դիմողի կողմից նկարագրված հանգամանքներում, և դրանք չէին կարող ընկնելու հետևանք լինել (n-au putut fi produse prin cădere):

5. ... Ներկայումս պրն Կորսակովի առողջական վիճակը համեմատաբար բարվոք է. նրա մոտ առկա է հետվնասվածքային երկկողմ հիպոակուսիս...»:

 

34. 2000թ. հունիսի 10-ին Լյապուշնայի դատախազությունը որոշում է կայացրել գործով վարույթը կարճելու մասին: Որոշման մեջ, ի թիվս այլոց, նշվել էր, որ դիմողի ձեռքում դանակ էր եղել, սակայն նա չէր փորձել դրանով հարձակվել ոստիկանների վրա:

Դիմողի մայրը կրկին բողոքարկել է որոշումը:

35. 2000թ. հուլիսի 12-ին գլխավոր դատախազությունը վերացրել է 2000թ. հունիսի 10-ի որոշումը և գործն ուղարկել լրացուցիչ նախաքննության: Գլխավոր դատախազությունը, ի թիվս այլոց, գտել էր, որ վերացված որոշումն անօրինական է և կողմնակալ: Մասնավորապես, նշվել էր.

«Հակառակ բժշկական հանձնաժողովի եզրակացության, որը միանշանակորեն եզրակացրել է, որ Կորսակովի վնասվածքներն առաջացել են բութ առարկայով հարվածելուց, հնարավոր է՝ դիմողի կողմից նկարագրված հանգամանքներում, և դրանք չէին կարող ընկնելու հետևանք լինել, քննիչ Վ. Բ.-ն իր որոշման մեջ նշել է, որ վնասվածքները պատճառվել են դիմողի ընկնելու արդյունքում ...»

36. 2000թ. օգոստոսի 30-ին Լյապուշնայի դատախազությունը որոշում է կայացրել 1998թ. հուլիսի 9-ին դանակով հարձակում գործելու կապակցությամբ դիմողի նկատմամբ հարուցված գործը կարճելու մասին: Դատախազությունը գտել է, որ հիմքեր չկան եզրակացնելու, որ դիմողը մտադիր էր դանակը գործադրել ոստիկանության աշխատողների դեմ:

37. 2000թ. օգոստոսի 31-ին Լյապուշնայի դատախազությունը որոշում է կայացրել՝ ոստիկանների նկատմամբ հարուցված քրեական գործը ևս կարճելու մասին: Որոշման մեջ մասնավորապես նշվել էր, որ դիմողի ձեռքում դանակ է եղել, և ոստիկանները դա գնահատել են որպես վտանգ և դիմողին գետնին գցել: Համապատասխանաբար, դիմողը վնասվածքներն ստացել է գլուխը գետնին հարվածելու արդյունքում, և ոստիկանները գործել են անհրաժեշտ պաշտպանության սահմաններում: Դիմողը բողոքարկել է այս որոշումը:

38. 2001թ. հունվարի 21-ին գլխավոր դատախազությունը 2000թ. օգոստոսի 26-ի որոշումը վերացրել է, և գործով վարույթը վերսկսվել է:

39. 2001թ. փետրվարի 28-ին Լյապունշայի դատախազությունը ոստիկանների դեմ հարուցված քրեական գործը կրկին կարճել է: Դիմողը բողոքարկել է:

40. 2001թ. մարտի 20-ին Լյապուշնայի դատախազությունը ներկայացնող վերադաս դատախազը վերացրել է 2001թ. փետրվարի 28-ի որոշումը և ցուցում տվել վերսկսել գործի քննությունը:

41. 2001թ. հունիսի 20-ին Լյապուշնայի դատախազությունը որոշում է կայացրել դիմողի բողոքը մերժելու մասին: Դրանում, ի թիվս այլոց, նշվել էր.

«... Համաձայն 1998թ. հունվարի 15-ին տրված բժշկական տեղեկանքի՝ Կորսակովի աջ աչքի և աջ ականջի վրա առկա են կապտուկներ, բարոտրավմայի նշաններ, գլխի վնասվածք, որոնք կարող էին առաջացած լինել ընկնելու արդյունքում, և որոնք դասվում են թեթև մարմնական վնասվածքների շարքին:

Ըստ Հանձնաժողովի եզրակացության [2000թ. փետրվարի 28- ի բժշկական եզրակացություն]՝ Կորսակովի ատամները վնասված չէին: Պարզվել էր նաև, որ նրա մոտ առկա էին հետվնասվածքային սուր ականջաբորբ՝ աջ կողմում, և չպարզված ծագման ականջաբորբ՝ ձախ կողմում՝ երկկողմ հիպոակուսիսով, որոնք ևս կարող էին բռունցքով հարվածների հետևանք լինել:

Կասկածից վեր է, որ դիմողին վնասվածքներ հասցվել են, սակայն այդ վնասվածքները հասցվել են օրենքի շրջանակներում: Ինչ վերաբերում է ձախ կողմում առկա չպարզված ծագման ականջաբորբին, ապա դիմողի մոտ դրանք ենթադրաբար առաջացել են դեռևս մանուկ հասակում... Ըստ բժիշկ Ա.Մ.-ի՝ ձախ կողմում առկա անհայտ ծագման ականջաբորբը կապ չունի աջ կողմում առկա ականջաբորբի հետ, և կարող է առաջացած լինել մրսելու կամ վարակիչ հիվանդության, բայց ոչ հարվածելու արդյունքում:

Խլությունը կարող է առաջանալ տարբեր պատճառներով, և դրա ծագումը պարզելու համար կարևոր է որոշել, թե որ պահին է այն առաջացել: Սույն գործով հնարավոր չէ պարզել դիմողի խլացման ճշգրիտ ժամանակը: Թեև իր առաջին հայտարարության մեջ Կորսակովը նշել է, որ միայն հարվածները ստանալուց հետո է սկսել աջ ականջում զնգոց լսել, սակայն նա ոչինչ չի ասել ձախ ականջի ցավի կամ խլության մասին:

Ոստիկանության աշխատողները [Ա. Տուլբուն և Վ. Դուբչեկը] և վկա Կ.-ն ցուցմունք են տվել այն մասին, որ 1998թ. հուլիսի 9- ին ոստիկանություն գնալու ճանապարհին դիմողի դեմ ֆիզիկական ուժ չի գործադրվել՝ բացառությամբ դանակը նրա ձեռքից խլելու միջադեպի: Այդ ժամանակ հատուկ հնարքի միջոցով դիմողին գցել են գետնին. հենց այդ ժամանակ էլ նա գլուխը հարվածել է գետնին...

Կորսակովն ընդունել է, որ իր ձեռքին դանակ եղել է, և բացատրել է, որ փորձում էր դեն նետել այն՝ ոստիկանությունում խնդիրներ չունենալու համար:

Ոստիկաններ Մ.Ի.-ն և Դ.Ի.-ն, որոնք 1998թ. հուլիսի 9-ին ոստիկանության բաժանմունքում էին, ցուցմունք են տվել այն մասին, որ իրենց ներկայությամբ դիմողի նկատմամբ որևէ մեկը ֆիզիկական ուժ չի գործադրել, ձեռնաշղթաներ չեն գործադրվել և որ նրան մահակով չեն ծեծել...

Դիմողի մայրը հայտնել է, որ 1998թ. հուլիսի 9-ի երեկոյան ինքն իր որդուն տեսել է ոստիկանության բաժանմունքում, և որ նրա վրա վնասվածքներ չկային... Դիմողի մորեղբայր Բ.Վ.-ն ևս հաստատել է, որ 1998թ. հուլիսի 10-ին, ցերեկվա ժամը 1-ին և 2- ին դիմողին տեսել է ոստիկանության բաժանմունքում, նրա վրա վնասվածքի հետքեր չեն եղել, ... և դիմողը չի բողոքել իր նկատմամբ բռնություն գործադրելու մասին:

...

Կորսակովի վնասվածքներն առաջացել են գլուխը գետնին հարվածելու արդյունքում՝ այն պահին, երբ ոստիկաններ Ա. Տուլբուն և Վ. Դուբչեկը զգացել են իրենց սպառնացող իրական վտանգը: Դանակը նրա ձեռքից խլելիս ոստիկանության աշխատողները գործել են «Ոստիկանության մասին» օրենքի 14-րդ և 15-րդ հոդվածների շրջանակներում»:

42. Որոշման մեջ անդրադարձ չի եղել դիմողի այն պնդմանը, որ 1998թ. հուլիսի 10-ին իրեն տարել են անտառ և այնտեղ իրեն սպառնացել՝ սպանել: Դիմողը բողոքարկել է որոշումը:

43. 2001թ. հունիսի 20-ից հետո գործով վարույթը տարբեր հիմքերով վերսկսվել և կարճվել է: Գործը կարճելու վերաբերյալ վերջնական որոշումը կայացվել է 2002թ. հունվարի 10-ին՝ Լյապուշնայի դատախազության կողմից:

44. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից գործն ընդունելի հայտարարվելուց հետո գլխավոր դատախազությունը 2005թ. նոյեմբերի 7-ին ցուցում է տվել վերսկսել գործով վարույթը: Ներկայում վերսկսված վարույթն ընթացքի մեջ է: Ըստ Կառավարության՝ վարույթը վերսկսելու որոշում կայացնելուն գլխավոր դատախազին դրդել է այն, որ 1998թ. հուլիսին դիմողի ստացած վնասվածքները հանգեցրել են երկրորդ կարգի հաշմանդամության, որը, համաձայն Մոլդովայի օրենսդրության, համարժեք է աշխատունակության 50-75%-ի կորստի, ինչպես նաև այն, որ դիմողի տևական բուժման կարիք է առաջացել:

 

II. ԳՈՐԾԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

45. 1961թ. մարտի 24-ից մինչև 2003թ. հունիսի 12-ն ընկած ժամանակահատվածում գործող քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում էր.

«Հոդված 193. Հետաքննության մարմնի կամ քննիչի գործողությունները կարող են բողոքարկվել դատախազին:

Հոդված 194. Դատախազը քննության է առնում բողոքը և իր որոշման մասին երեք օրվա ընթացքում ծանուցում շահագրգիռ անձին: Բողոքը մերժելու դեպքում դատախազը պետք է կայացնի պատճառաբանված որոշում:

Հոդված 195/1. Նախնական քննության մարմինների և դատախազի որոշումները կարող են բողոքարկվել դատարան ամբաստանյալի, պաշտպանի, տուժողի կողմից...

Առաջին մասում նշված անձինք իրավունք ունեն դատարան բողոքարկել ... քրեական գործով վարույթը կասեցնելու և կարճելու մասին որոշումները...

Բողոքը ներկայացվում է համապատասխան շրջանային դատարան՝ այդ որոշման մասին շահագրգիռ անձի տեղեկանալու պահից տասն օրվա ընթացքում:

Հոդված 195/3. Անձը, ում իրավունքները խախտվել են քրեական գործի հարուցումը մերժելու արդյունքում, իրավունք ունի գործի հարուցումը մերժելու մասին որոշումը դատարանում բողոքարկել որոշման մասին տեղեկացվելու պահից տասն օրվա ընթացքում:

Հոդված 195/4. ... Համապատասխան դատարանը քննության է առնում մերժման պատճառները և դրա համապատասխանությունը դատավարական օրենսդրությանը: Քննության արդյունքում կայացվում է հետևյալ որոշումներից որևէ մեկը.

1) քրեական գործի հարուցումը մերժելու որոշումը վերացնելու մասին,

2) մերժումն ուժի մեջ թողնելու դեպքում` մերժման հիմքերը փոփոխելու մասին,

3) բողոքը մերժելու մասին...»:

46. 1961թ. մարտի 24-ից մինչև 2003թ. հունիսի 12-ն ընկած ժամանակահատվածում գործող քրեական օրենսգիրքը սահմանում էր.

«Հոդված 185. ... Իշխանության չարաշահումը՝ զուգորդված բռնությամբ, զենքի գործադրմամբ, խոշտանգումների և նվաստացման կիրառմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ երեք տարի ժամկետով՝ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով մինչև հինգ տարի ժամկետով...»:

47. Մինչև 2003թ. հունիսի 12-ը գործող քաղաքացիական օրենսգիրքը սահմանում էր.

«Հոդված 475. Անձին կամ նրա գույքին պատճառված ցանկացած վնաս... պետք է ամբողջությամբ փոխհատուցվի վնասը պատճառած անձի կողմից...

Փոխհատուցման պարտավորություն չի առաջանում, եթե վնասը պատճառվել է օրինաչափ գործողությունների արդյունքում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի»:

48. 1990թ. դեկտեմբերի 18-ին ընդունված «Ոստիկանության մասին» օրենքը սահմանում էր.

«Հոդված 14. Ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման պայմանները

Ոստիկանության աշխատակիցներն իրավունք ունեն ուժ, հատուկ միջոցներ և հրազեն գործադրել սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով: Ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրմանը պետք է նախորդի դրանց գործադրման մասին նախազգուշացումը, ինչպես նաև պետք է բավարար ժամանակ տրամադրվի ոստիկանության պահանջները կատարելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ ուժի գործադրման հապաղումը ... կարող է անմիջական վտանգ ստեղծել քաղաքացիների կամ ոստիկանության աշխատակիցների կյանքին և առողջությանը կամ կարող է առաջ բերել ծանր հետևանքներ:

...

Ուժի գործադրումից խուսափելու անհնարինության դեպքում ոստիկանության աշխատակիցները պարտավոր են անել ամեն ինչ՝ քաղաքացիների առողջությանը,, պատվին և արժանապատվությանը նվազագույն վնաս պատճառելու համար, ինչպես նաև՝ ապահովել, որպեսզի տուժածներին ցուցաբերվի բժշկական օգնություն:

Ուժի գործադրման արդյունքում մարմնական վնասվածք կամ մահ պատճառելու դեպքում ... ոստիկանության աշխատակիցը պարտավոր է զեկուցել վերադասին, որպեսզի վերջինս իր հերթին տեղեկացնի դատախազին:

Ուժ գործադրելու իրավունքի չարաշահումը ... պատժվում է օրենքով սահմանված կարգով:

Հոդված 15. Ֆիզիկական ուժի գործադրումը

Ոստիկանության աշխատակիցները հանցավոր գործողությունները դադարեցնելու և օրինական պահանջներին ցուցաբերվող դիմադրությունը չեզոքացնելու նպատակով կարող են ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ գործադրել միայն այն դեպքերում, երբ բռնություն չենթադրող միջոցները բավարար չեն իրենց պարտականությունները կատարելու համար:»:

 

ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՐՑԵՐԸ

 

I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

49. Դիմողը պնդել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում, որի համաձայն`

«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաuտացնող վերաբերմունքի կամ պատժի:»:

50. Դատարանն ընդգծում է, որ այս գանգատը վերաբերում է թե՛ դիմողի հանդեպ ցուցաբերված վատ վերաբերմունքին և թե՛ դրա կապակցությամբ իշխանությունների իրականացրած քննությանը:

 

A. Կողմերի դիրքորոշումները

 

51. Ըստ դիմողի` Մոլդովայում ոստիկանների աշխատավարձը և առաջխաղացումը կախված է նրանց կողմից բացահայտված հանցագործությունների թվից: Դա նպաստում է ցուցմունք կորզելու նպատակով կասկածյալների նկատմամբ վատ վերաբերմունք դրսևորելու պրակտիկային:

52. Նա նշել է, որ ոստիկաններ Ա. Տուլբուն և Վ. Դուբչեկը սպառնացել էին սպանել իրեն և դաժանորեն ծեծել: Նա, մասնավորապես, հիմնվել էր դատախազության կողմից նշանակված անկախ բժշկական հանձնաժողովի 2000թ. փետրվարի 28-ի բժշկական եզրակացության վրա (տե՛ս վերը՝ 33-րդ կետ), որը, ըստ նրա, հավաստում էր իրեն պատճառված վնասվածքների ծանրությունը: Ծեծի արդյունքում ինքը խլացել է և անչափահաս տարիքում դարձել անաշխատունակ:

Դիմողի պնդմամբ՝ իր հանդեպ դրսևորված վերաբերմունքը համարժեք է խոշտանգման:

53. Գործի ընդունելիության և էության վերաբերյալ 2004թ. սեպտեմբերին ներկայացրած իր առարկություններում Կառավարությունը վերահաստատել էր Լյապուշնայի դատախազության 2001թ. հունիսի 20-ի որոշման մեջ ներկայացված փաստարկները (տե՛ս վերը՝ 41-րդ կետ): Գործի էության վերաբերյալ 2005թ. նոյեմբերին ներկայացված լրացուցիչ առարկություններում Կառավարությունը պնդել է, որ դիմողի փաստարկներն անհիմն են և որ, ամեն պարագայում, նրա նկատմամբ դրսևորված վերաբերմունքը չի ընդգրկվում Կոնվենցիայի 3-րդ հոդվածի կարգավորման ոլորտում: Կառավարությունը վկայակոչել է Լյապուշնայի դատախազության 2001թ. հունիսի 20-ի որոշումը և պնդել, որ դիմողի մոտ առկա վնասվածքներն առաջացել են ընկնելու արդյունքում: Ըստ Կառավարության` ոստիկանները գործել են օրենքի սահմաններում, և դիմողը չի կարող ապացուցել ոստիկանների գործողությունների և իր հաշմանդամության միջև պատճառահետևանքային կապը: Կառավարության կարծիքով` դիմողի առողջության վատթարացումը կարող է լինել նրա՝ առանց այդ էլ թույլ առողջական վիճակի կամ սխալ բուժման, մասնավորապես՝ ոչ համարժեք բժշկական միջամտության հետևանք: Դիմողին գետնին գցելը նրան պատճառել է թեթև վնասվածքներ, այլ ոչ թե երկրորդ աստիճանի հաշմանդամություն:

 

B. Դատարանի գնահատականը

 

1. Ենթադրյալ վատ վերաբերմունքի վերաբերյալ

 

54. Ինչպես Դատարանը բազմիցս նշել է, 3-րդ հոդվածը վերաբերում է ժողովրդավարական հասարակությունում ընդունված հիմնարար արժեքներից մեկին: Անգամ ամենաբարդ հանգամանքներում, ինչպիսին ահաբեկչության կամ կազմակերպված հանցավորության դեմ պայքարն է, Կոնվենցիան կտրականապես արգելում է խոշտանգումները և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքն ու պատիժը: Ի տարբերություն Կոնվենցիայում և դրան կից 1-ին և 4-րդ արձանագրություններում ամրագրված նյութական դրույթների մեծամասնության՝ 3-րդ հոդվածը բացառություններ սահմանող որևէ դրույթ չի պարունակում և այն ենթակա չէ 15- րդ հոդվածի 2-րդ կետով ամրագրված որևէ սահմանափակման անգամ պետության գոյությանը սպառնացող հանրային վտանգի դեպքում (տե՛ս Selmouni v. France [Մեծ պալատ], թիվ 25803/94, կետ 95, ECHR 1999-V և Assenov and Others v. Bulgaria, 1998թ. հոկտեմբերի 28-ի վճիռը, Reports of Judgments and Decisions 1998-VIII, էջ 3288, կետ 93):

55. Դատարանը հիշեցնում է, որ կալանքի ընթացքում կամ ոստիկանության հսկողության տակ գտնվելու այլ ժամանակահատվածներում անձին պատճառված վնասը ծանրակշիռ հիմք է տալիս ենթադրելու, որ այդ անձը ենթարկվել է վատ վերաբերմունքի (տե՛ս Bursuc v. Romania, թիվ 42066/98, կետ 80, 2004թ. հոկտեմբերի 12): Պետությունը պարտավոր է հիմնավորապես պարզաբանել, թե ինչպես են պատճառվել վնասվածքները. հակառակ դեպքում ի հայտ է գալիս Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման խնդիր (Selmouni v. France, կետ 87): Քրեական վարույթի արդյունքում ոստիկանության աշխատակիցներին արդարացնելու փաստի պարզ վկայակոչումը բավարար չէ պետության համար ու, հետևաբար՝ անձին վնասվածք պատճառելու մեղադրանքով ոստիկաններին արդարացնելու փաստը պետությանը չի ազատում Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված պարտականությունից, այն է՝ ապացուցել, որ ոստիկանության հսկողության ներքո գտնվելու ընթացքում անձի ստացած վնասվածքները չեն պատճառվել ոստիկանների կողմից (Ribitsch v. Austria, 1995թ. դեկտեմբերի 4-ի վճիռը, Series A no. 336, 34 և 38 կետեր):

 

(a) Դատարանի եզրակացությունը փաստերի վերաբերյալ

 

56. Անվիճելի փաստ է, որ 1998թ. հուլիսի 9-ին կատարված իր ձերբակալությունից մինչև 1998թ. հուլիսի 10-ի երեկոն դիմողը գտնվել է ոստիկանության հսկողության ներքո: Կասկածից վեր է նաև այն, որ դիմողը վնասվածքները ստացել է այդ ժամանակահատվածում:

57. Կառավարության առարկությունների առանցքն այն է, որ վնասվածքներն առաջացել են 1998թ. հուլիսի 9-ին դիմողին ոստիկանություն տանելու ճանապարհին՝ նրան գետնին գցելու արդյունքում (տե՛ս վերը՝ 53-րդ կետ):

58. Կառավարության հիմնավորումները Դատարանը համոզիչ չի համարում և գտնում է, որ Կառավարությունը հիմնավորապես չի պարզաբանել, թե ինչպես են պատճառվել վնասվածքները: Դատարանը նշում է, որ դատախազության ձևավորած՝ չորս փորձառու դատական բժիշկներից բաղկացած հանձնաժողովի 2000թ. փետրվարի 28-ի եզրակացությունը հստակ ամրագրել է, որ վնասվածքները չէին կարող առաջանալ ընկնելու արդյունքում, այլ պատճառվել էին բութ առարկայով հարվածելուց (տես վերը՝ 33-րդ կետ): Դատարանը նաև նշում է, որ գործի ներպետական քննության ընթացքում կողմերը չեն վիճարկել բժշկական հանձնաժողովի եզրակացությունը, և որ Կառավարությունը չի ներկայացրել որևէ ապացույց՝ ի հերքումն բժշկական հանձնաժողովի հստակ եզրակացության: Հետևաբար, Դատարանը գտնում է, որ այդ եզրակացությունը նշանակալի ապացուցողական արժեք ունի դիմողի վնասվածքների առաջացման աղբյուրը պարզելու համար:

59. Բացի այն եզրակացությունից, որ դիմողի գլխի վնասվածքները պատճառվել են բութ առարկայով հարվածելուց և չէին կարող առաջանալ ընկնելու արդյունքում, հարկ է ընդգծել նաև, որ բժշկական հանձնաժողովի 2000թ. փետրվարի 28-ի եզրակացության մեջ նշվել է, որ կապտուկներ կան նաև նրա ձախ ոտքի ներբանին, որը ևս կարող էր առաջացած լինել միայն բութ առարկայով հարվածելու արդյունքում: Այդ եզրակացությունը համապատասխանում է դիմողի պնդումներին առ այն, որ խոստովանություն կորզելու նպատակով մահակներով հարվածել են իր ներբաններին: Այդուհանդերձ, ներպետական իշխանություններն անտեսել են հանձնաժողովի եզրակացությունը և հանգել ընդհանուր եզրակացության, որ դիմողի բոլոր վնասվածքները գլուխը գետնին հարվածելու արդյունք են՝ եզրահանգում, որը Դատարանն անհավանական է համարում:

60. Իրեն ներկայացված բոլոր նյութերի հետազոտության հիման վրա Դատարանը եզրակացնում է, որ Կառավարությունը չի կատարել իր պարտականությունը՝ ապացուցելու, որ վնասվածքներն անձին չեն պատճառվել ոստիկանության հսկողության ներքո գտնվելու ընթացքում ցուցաբերված վատ վերաբերմունքի արդյունքում:

61. Բժշկական ապացույցները ցույց են տալիս, որ դիմողին՝ գլխի և ձախ ոտքի ներբանի հատվածներում, հարվածել են բութ առարկայով: Ակնհայտ է, որ ծեծի արդյունքում պատճառվել է գլխի սուր վնասվածք և ուղեղի ցնցում. եղել են բազմաթիվ կապտուկներ դեմքի հատվածում՝ աջ աչքի, աջ ականջի, ինչպես նաև ձախ ոտքի ներբանի շրջանում. վնասված է եղել նաև թմբկաթաղանթը (տե՛ս վերը՝ 33-րդ կետ), դիմողը տառապել է հանկարծակի խլացմամբ, որը հետագայում հանգեցրել է թույլ լսողության (տե՛ս նույն տեղում): Պարզվել է, որ դիմողի կրած վնասվածքները վերջերս հանգեցրել են երկրորդ կարգի հաշմանդամության, որը, համաձայն Մոլդովայի օրենսդրության, համարժեք է աշխատունակության 50-75%-ի կորստի:

62. Հաշվի առնելով այն փաստը, որ Կառավարությունը վիճարկել է դիմողի պնդումներն այն մասին, որ իրեն սպառնացել են ատրճանակով, և դիմողն ի պաշտպանություն իր պնդումների՝ որևէ ապացույց չի ներկայացրել, Դատարանն այդ կապակցությամբ որևէ եզրակացության հանգելը հնարավոր չի համարում:

 

(b) Վատ վերաբերմունքի բնորոշումը՝ ըստ 3-րդ հոդվածի

 

63. Դատարանն այսուհետ պետք է որոշի, թե դիմողի նկատմամբ կիրառված վատ վերաբերմունքը դրսևորման ինչ ձև է ունեցել: Վատ վերաբերմունքի այս կամ այն ձևը որպես խոշտանգում որակելու կամ չորակելու հարցը քննարկելիս պետք է ուշադրություն դարձնել խոշտանգման և անմարդկային կամ նվաuտացնող վերաբերմունքի միջև 3-րդ հոդվածով սահմանված տարբերակմանը: Ինչպես արդեն նշվել է նախկինում քննված գործերով` ակներև է, որ այդ տարբերակումը դնելով` Կոնվենցիան փորձել է հատուկ եզրույթով ընդգծել շատ լուրջ ու դաժան տառապանք պատճառող անմարդկային վերաբերմունքը (տե՛ս Ireland v. the United Kingdom, 1998թ. հունվարի 18-ի վճիռը, Series A թիվ 25, 66-67 էջեր, կետ 167): Խոստովանություն կորզելու նպատակով դիտավորյալ ցավ կամ տառապանք պատճառելու փաստը հաջորդ գործոնն է, որը պետք է հետազոտվի՝ վատ վերաբերմունքը խոշտանգում համարելու կամ չհամարելու հարցը որոշելիս (Aksoy v. Turkey, 1996թ. դեկտեմբերի 18-ի վճիռը, Reports 1996-VI, կետ 64, Salman v. Turkey, [Մեծ պալատ], թիվ 21986/93, կետ 114, ECHR 2000-VII):

64. Սույն գործով Դատարանը մասնավորապես ընդգծում է դիմողին հասցված հարվածների ուժգնությունը, որի արդյունքում նա շատ լուրջ վնասվածքներ է ստացել (տե՛ս վերը՝ 61-րդ կետ): Այդ վնասվածքների պատճառով դիմողը 1998թ. հուլիսից մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածում շուրջ 70 օր անցկացրել է հիվանդանոցում (տե՛ս վերը՝ 18-րդ կետ): Հաշվի առնելու ենթակա կարևոր գործոն է այն, թե վատ վերաբերմունքն ինչպես է անդրադարձել դիմողի առողջական վիճակի վրա (տե՛ս վերը՝ 61-րդ կետ): Դատարանը նաև մեծ նշանակություն է տալիս դիմողի երիտասարդ տարիքի փաստին (միջադեպի ժամանակ նա տասնյոթ տարեկան էր), ինչը նրան առավել խոցելի է դարձրել բռնություն գործադրողների առջև:

65. Այնուհանդերձ, վատ վերաբերմունքի ձևը բնութագրելու որոշիչ գործոնը falaka-ի (ներբաններին հարվածելու) պրակտիկան է, որին դիմողը ենթարկվել է: Սա տեղեկություն կորզելու, պատժելու կամ ահաբեկելու նպատակով գործադրվող վատ վերաբերմունքի առանձնակի դատապարտելի ձև է: Դատարանը հիշեցնում է, որ վերոհիշյալ Salman v. Turkey գործով (կետ 115) falaka-ի կիրառումը՝ զուգորդված կրծքավանդակին ուղղված հարվածների հետ, համարվել է խոշտանգում:

66. Հաշվի առնելով վերոգրյալը` Դատարանը գտնում է, որ դիմողի դեմ գործադրված բռնությունն աչքի է ընկել առանձնակի լրջությամբ և պետք է որ նրան այնպիսի ուժգին ցավ ու տառապանք պատճառած լիներ, որը, Կոնվենցիայի 3- րդ հոդվածի իմաստով, պետք է որակվի որպես խոշտանգում:

67. Վերը նշվածի հիման վրա` Դատարանը եզրակացնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:

 

2. Ենթադրյալ ոչ պատշաճ քննության վերաբերյալ

 

68. Դատարանը հիշեցնում է, որ եթե անհատը հիմնավոր կերպով պնդում է, որ ոստիկանությունը կամ պետությունը ներկայացնող այլ պաշտոնատար անձանց կողմից ենթարկվել է վատ վերաբերմունքի, ապա 3-րդ հոդվածը, Կոնվենցիայի 1- ին հոդվածով պետության համար սահմանված «իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար Կոնվենցիայի I բաժնում նշված իրավունքներն ու ազատություններն» ապահովելու պարտականության հետ համակցության մեջ դիտարկելով, պահանջում է, որ իրականացվի արդյունավետ քննություն: Այնպես, ինչպես 2- րդ հոդվածի ներքո քննությունը, այդ քննությունը պետք է հանգեցնի հանցանք կատարած անձանց պատժելուն: Հակառակ դեպքում խոշտանգումների և անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և պատժի ընդհանուր արգելքը, չնայած իր հիմնարար նշանակությանը, գործնականում անարդյունավետ կլինի, և որոշ դեպքերում պետական պաշտոնատար անձինք հնարավորություն կունենան անպատիժ ոտնահարել իրենց հսկողության ներքո գտնվողների իրավունքները (ի թիվս այլ գործերի, տե՛ս Labita v. Italy [Մեծ պալատ], թիվ 26772/95, կետ 131, ECHR 2000-IV):

69. Քննությունը պետք է արդյունավետ լինի նաև այն իմաստով, որ դրա արդյունքում հնարավոր լինի պարզել՝ ոստիկանության կողմից գործադրված ուժը տվյալ հանգամանքներում արդարացվա՞ծ էր, թե՝ ոչ (տե՛ս Kaya v. Turkey գործով վճիռը՝ կայացված 1998թ. փետրվարի 19-ին, Reports 1998-I, կետ 87):

Վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոքների գործերով քննությունը պետք է լինի համակողմանի: Դա նշանակում է, որ իշխանությունները պետք է լուրջ քայլեր ձեռնարկեն՝ պարզելու, թե ինչ է տեղի ունեցել, և քննության ընթացքում կամ իրենց որոշումները կայացնելիս պետք է չհիմնվեն հապճեպ կայացված և անհիմն եզրակացությունների վրա (տե՛ս վերոհիշյալ Assenov and Others v. Bulgaria գործով վճիռը, 103 և հաջորդ կետեր): Նրանք պետք է ողջամտորեն ձեռնարկեն բոլոր հնարավոր միջոցները՝ միջադեպի վերաբերյալ ապացույցներ, ներառյալ` վկաների ցուցմունքներ ու դատաբժշկական փորձաքննության եզրակացություններ հավաքելու համար (տե՛ս Tanrıkulu v. Turkey [Մեծ պալատ], թիվ 23763/94, ECHR 1999-IV, 104 և հաջորդ կետեր, և GՖl v. Turkey, թիվ 22676/93, կետ 89, 14 դեկտեմբերի 2000թ.): Քննության ընթացքում թույլ տրված ցանկացած բացթողում, որը նվազեցնում է պատճառված վնասի պատճառները կամ մեղավոր անձանց ինքնությունը պարզելու հնարավորությունը, պարունակում է այս չափանիշից շեղվելու վտանգ:

70. Եվ վերջապես, քննությունը պետք է հնարավորինս արագ ընթանա: Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով նախատեսված միջադեպերի քննության ժամանակ, երբ քննության արդյունավետությունը հարցականի տակ էր դրվում, Դատարանը հաճախ գնահատում էր, թե իշխանությունները որքան արագ են արձագանքել բողոքներին (տե՛ս վերը՝ Labita v. Italy գործը, կետ 133):

71. Դատարանն ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ քննությունը տևել է ավելի քան երեք տարի, որի ընթացքում վարույթն առնվազն տասներկու անգամ կարճվել և վերսկսվել է: Բողոքներին ընթացք չտալու վերաբերյալ բոլոր որոշումները պարունակել են միևնույն եզրակացությունը՝ դիմողին պատճառված բոլոր վնասներն առաջացել են գլուխը գետնին հարվածելու արդյունքում` այն պահին, երբ ոստիկանները նրան գետնին են գցել՝ դանակը ձեռքից խլելու նպատակով: Նշվել էր նաև, որ ոստիկանները ուժ գործադրելու իրավունք ունեցել են, քանի որ դիմողի դանակը վտանգ է ներկայացրել նրանց կյանքի ու առողջության համար, և որ նրանք գործել են օրենքի սահմաններում:

72. Դատարանն այնուհետև նշում է, որ ներպետական իշխանությունները չեն փարատել բժշկական հանձնաժողովի 2000թ. փետրվարի 28-ի եզրակացության, որում հստակ նշվել էր, որ վնասվածքները կարող էին առաջացած լինել միայն ծեծի արդյունքում, և դեպքերի ընթացքի՝ ոստիկանության աշխատողներ Ա.Տուլբուի և Վ.Դուբչեկի ներկայացրած վարկածի միջև առկա հակասությունները:

73. Հարկ է նաև նշել, որ քննության ընթացքում փորձ չի արվել տրամաբանական բացատրություն գտնել դիմողի ոտքի ներբանի վրա առկա կապտուկների ծագման վերաբերյալ. այդ հանգամանքն անտեսվել է:

74. Դատարանը նաև նշում է, որ ներպետական իշխանությունները որևէ կերպ չեն արձագանքել դիմողի բողոքին առ այն, որ 1998թ. հուլիսի 10-ին իրեն սպառնացել են գլխից գնդակահարել, թեև դիմողը պարզորոշ հաղորդում էր ներկայացրել այդ մասին:

75. Վերոգրյալի հիման վրա Դատարանը գտնում է, որ քննությունն ընթացել է մի շարք լուրջ և անբացատրելի բացթողումներով: Քննության արդյունքում կայացվել են որոշումներ, որոնցում առկա են եղել անհամապատասխանություններ, իսկ փաստերը պատշաճ կերպով չեն վերլուծվել: Իշխանություններն անտեսել են որոշ փաստեր և իրենց որոշումներում չեն անդրադարձել որոշ անհանգստացնող փաստերի:

76. Վերոգրյալի հիման վրա` Դատարանը եզրակացնում է, որ այս առնչությամբ ևս տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

77. Դիմողը պնդել է, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված իրավունքների խախտման ընթացքում պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ ինքը չի ունեցել, և որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում, որը սահմանում է.

«Յուրաքանչյուր ոք, ում uույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք...»:

 

A. Կողմերի դիրքորոշումները

 

78. Դիմողը, ի թիվս այլոց, հայտնել է, որ իր նկատմամբ դրսևորված վատ վերաբերմունքի գործի քննության արդյունքում ինքը զրկվել է վնասների հատուցման վերաբերյալ ոստիկանության աշխատողների դեմ քաղաքացիական հայց ներկայացնելու հնարավորությունից:

79. Կառավարությունն այս առնչությամբ նշել է, որ արդյունավետ պաշտպանության միջոցներ տրամադրելու նպատակով Գլխավոր դատախազությունը 2005թ. նոյեմբերի 7-ին որոշում է կայացրել դիմողի հանդեպ ոստիկանության աշխատողներ Ա. Տուլբուի և Վ. Դուբչեկի կողմից ենթադրաբար դրսևորված վատ վերաբերմունքի գործով վարույթը վերսկսելու մասին: Կառավարությունը գտել է, որ 13- րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել:

 

B. Դատարանի գնահատականը

 

80. Ըստ վերոնշյալ եզրահանգման՝ խոշտանգումների չենթարկվելու և դրանց ենթարկվելու վերաբերյալ բողոքների կապակցությամբ դիմողի՝ արդյունավետ քննության իրավունքները պետության կողմից խախտվել են: Հետևաբար` այդ առնչությամբ դիմողի բողոքները ենթակա էին քննության՝ 13-րդ հոդվածի լույսի ներքո (տե՛ս Boyle and Rice v. the United Kingdom գործով 1988թ. ապրիլի 27-ի վճիռը, Series A թիվ 131, էջ 23, կետ 52):

81. Խնդրո առարկա ժամանակահատվածում գործող Մոլդովայի քաղաքացիական օրենսգրքին համապատասխան (տե՛ս վերը՝ կետ 47)` դիմողը կարող էր նյութական և ոչ նյութական վնասների համար փոխհատուցում պահանջել միայն այն դեպքում, երբ վնասները պատճառվել են անօրինական գործողությունների արդյունքում: Քանի որ ներպետական իշխանությունները, իրականացված քննության արդյունքում, եզրակացրել էին, որ ոստիկաններ Ա. Տուլբուի և Վ. Դուբչեկի գործողություններն իրավաչափ են եղել, ապա նրանց դեմ քաղաքացիական հայց ներկայացնելը չէր կարող արդյունավետ լինել:

82. Վերոգրյալը հաշվի առնելով` Դատարանը եզրակացնում է, որ ներպետական օրենսդրությամբ դիմողն արդյունավետ պաշտպանության միջոցներ չի ունեցել իր հանդեպ դրսևորված վատ վերաբերմունքի դիմաց փոխհատուցում պահանջելու համար, ուստի տեղի է ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում՝ 3-րդ հոդվածի շրջանակում ներկայացված բողոքի առնչությամբ:

 

III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

83. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը սահմանում է.

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իuկ համապատաuխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մաuնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի բավարարում տրամադրել»:

 

A. Ոչ-նյութական վնաս

 

84. Դիմողը պահանջել է 20 000 եվրո որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում՝ խոշտանգումների և իշխանությունների կողմից իր բողոքի պատշաճ քննություն չիրականացնելու դիմաց: Ըստ դիմողի` ինքը ցավ և տառապանք է կրել, վախ է ապրել իր կյանքի համար: Խոշտանգումների արդյունքում ինքը դարձել է հաշմանդամ և անաշխատունակ: Մեկ տարուց ավելի բուժում է անցել հիվանդանոցներում և դեռ բժշկական խնամքի կարիք ունի:

85. Կառավարությունն առարկել է՝ ի թիվս այլ փաստարկների, նշելով՝ քանի որ դիմողը չի ենթարկվել 3-րդ հոդվածին հակասող որևէ վերաբերմունքի, չի կարող որևէ փոխհատուցում ստանալ: Դիմողի վնասվածքները, որոնք սկզբում որակվում էին որպես թեթև, հանգեցրել են երկրորդ աստիճանի հաշմանդամության, որի հետևանքով դիմողի առողջական վիճակը վատթարացել է: Տվյալ պահին այդ հարցը գտնվում է Գլխավոր դատախազության վարույթում, որը վերսկսել է դիմողի գործով վարույթը: Այդուհանդերձ, վարույթի վերսկսումն ինքնին չէր նշանակում, թե ոստիկաններ Ա. Տուլբուն և Վ. Դուբչեկը մեղավոր են: Դրանք ընդամենը կարող են նպաստել վնասվածքների իրական պատճառները ճշտելուն, ինչպես նաև օգնել պարզելու՝ պրն Կորսակովի ներկայիս անընդհատ բժշկական խնամքի անհրաժեշտությունն առաջացել է ոստիկանության աշխատակիցների կողմից ծեծի ենթարկվելու արդյունքո՞ւմ, թե՞ այլ հանգամանքներում: Կառավարությունը եզրակացրել է, որ դիմողին չի հաջողվել ցույց տալ իր ստացած վնասվածքների և Կոնվենցիայի ենթադրյալ խախտման միջև պատճառահետևանքային կապը: Ամեն դեպքում, եթե Դատարանը խախտում հայտնաբերի, ապա այդ փաստն ինքնին կլինի բավարար չափով արդարացի փոխհատուցում:

86. Դատարանն առաջին հերթին ընդգծում է դիմողի իրավունքների ոտնահարումների ծայրահեղ ծանրությունը: Դատարանը նաև հաշվի է առնում, որ ոստիկանությունում բռնությունների ենթարկվելիս դիմողը եղել է անչափահաս՝ առանց որոշակի առողջական խնդիրների: Ծեծից հետո նա երկար ժամանակ բժշկական օգնություն է ստացել հիվանդանոցում, ինչպես նաև կորցրել է լսողությունը: Հետագայում նրա առողջությունը լրջորեն վատթարացել է: Անհրաժեշտ է որոշակի ուշադրություն դարձնել նրան, թե ներպետական իշխանության մարմիններն ինչ եղանակով են իրականացրել դիմողի խոշտանգումների վերաբերյալ բողոքի քննությունը, ինչպես նաև այն փաստին, որ քննության արդյունքում դիմողը զրկվել է քաղաքացիական գործով դատարանում փոխհատուցում պահանջելու հնարավորությունից:

87. Վերոգրյալը հաշվի առնելով` Դատարանը գտնում է, որ դիմողի տառապանքները չեն կարող փոխհատուցվել սոսկ խախտումը ճանաչելով, ինչպես առաջարկում է Կառավարությունը: Հիմնվելով 3-րդ հոդվածի վերաբերյալ իր նախադեպային իրավունքի վրա (մասնավորապես, տե՛ս վերոհիշյալ Selmouni v. France գործը, Dikme v. Turkey, թիվ 20869/92 գործը, ECHR 2000-VIII, Khudoyorov v. Russia, թիվ 6847/02 գործը, ECHR 2005-... (հատվածներ)), առաջնորդվելով անկողմնակալությամբ՝ Դատարանը բավարարում է դիմողի նշած ամբողջ գումարի փոխհատուցման պահանջը՝ հավելած այն հարկերը, որոնցով այդ գումարը ենթակա է հարկման:

 

B. Ծախքեր և ծախսեր

 

88. Դիմողի փաստաբանը պահանջել է 5 042.67 եվրո՝ որպես ծախսերի և ծախքերի հատուցում: Նա նշել է, որ այդ գումարը ներառում է գրասենյակային և թարգմանության ծախսերը, ներկայացուցչության համար վճարը: Նա ներկայացրել է բոլոր ծախսերի մանրամասն ցանկ, համաձայն որի՝ նա 39 ժամ է հատկացրել գործին՝ վճարման երկու տարբեր գումարներով՝ 50 և 150 եվրո:

89. Կառավարությունը չի համաձայնել պահանջվող գումարի չափին՝ ի թիվս այլոց, մատնանշելով, որ դիմողը չի ապացուցել ներկայացուցչության ծախսերի փաստացի կատարումը: Ըստ Կառավարության` Մոլդովայում միջին աշխատավարձի համեմատությամբ պահանջվող գումարը չափազանց մեծ է:

90. Դատարանը հիշեցնում է, որ ծախսերի ու ծախքերի գումարը փոխհատուցման ենթակա ընդհանուր գումարի մեջ ներառելու համար անհրաժեշտ է ապացուցել, որ դրանք անհրաժեշտ են եղել և փաստացի կատարվել են, ինչպես նաև հիմնավորված են գումարի չափի առումով (տե՛ս, օրինակ, Nilsen and Johnsen v. Norway [Մեծ պալատ], թիվ 23118/93, կետ 62, ECHR 1999-VIII):

91. Սույն գործի կապակցությամբ, հաշվի առնելով դիմողի կողմից ներկայացված մանրամասն ցանկը, վերոհիշյալ չափանիշները և փաստաբանի կատարած աշխատանքը` Դատարանը որպես ծախսերի և ծախքերի փոխհատուցում սահմանում է 1000 եվրոյի չափով գումարը:

 

C. Տուգանային տոկոսներ

 

92. Դատարանը նպատակահարմար է համարում, որպեսզի տուգանային տոկոսը գանձվի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության միջին տոկոսադրույքի հիման վրա` հավելած երեք տոկոս:

 

ՎԵՐՈԳՐՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝

 

1. վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում՝ դիմողի նկատմամբ գործադրված վատ վերաբերմունքի հիմքով,

2. վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում՝ ոստիկանության կողմից վատ վերաբերմունքի ենթարկվելու կապակցությամբ դիմողի բողոքին պատշաճ ընթացք չտալու հիմքով,

3. վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում՝ հաշվի առնելով բողոքի առարկա վատ վերաբերմունքի գործադրման կապակցությամբ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներից օգտվելու հնարավորության բացակայությունը,

4. վճռում է.

(a) որ պատասխանող պետությունը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան վճիռն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում դիմողին պետք է վճարի 20000 (քսան հազար) եվրո` որպես ոչ նյութական վնասների փոխհատուցում, և 1000 (հազար) եվրո՝ որպես կատարված ծախսերի ու ծախքերի փոխհատուցում՝ նշված գումարները պատասխանող պետության դրամական միավորով հաշվարկելով վճարման օրվա փոխարժեքով՝ հավելած դրա հետ կապված բոլոր հարկային պարտավորությունների գումարը.

(b) որ վճարումը վերոհիշյալ եռամսյա ժամկետը լրանալուց հետո կատարելու դեպքում այդ ժամանակահատվածի համար պետք է վճարվի տուգանային տոկոս, որը հավասար է չկատարված պարտավորության ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության միջին տոկոսադրույքին` հավելած երեք տոկոս,

5. մերժում է արդարացի փոխհատուցման վերաբերյալ դիմողի մնացյալ պահանջները:

 

Կատարվել է անգլերենով և գրավոր հրապարակվել 2006թ. ապրիլի 4-ին՝ Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ պարբերությունների համաձայն: