ՑԻՆՑԱԲԱՁԵՆ ԸՆԴԴԵՄ ՎՐԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՎ
2011թ. փետրվարի 15-ի վճիռը
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
ՓԱՍՏԵՐ
I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
5. Դիմողը ծնվել է 1955 թվականին և ապրում է Բաթումիում:
6. Գործի վերաբերյալ կողմերի ներկայացրած փաստերից կարելի է հանգել հետևյալին.
1. Դիմողի որդու մահվան կապակցությամբ իրականացված քննությունը
7. 2005թ. հունիսի 5-ին դիմողի որդին` Զուրաբ Ցինցաբաձեն, ծնված 1975 թվականին, մեղավոր է ճանաչվել և ազատազրկման դատապարտվել այն բանի համար, որ դիմադրություն էր ցույց տվել ոստիկանին, որը փորձել է կանխել վերջինիս կողմից իր նախկին կնոջ (գործին հայտնի է Մակա անունով) բնակության վայրում հանցանքի կատարումը (բռնություն կիրառել և ուրիշի գույքը վնասել): Նա դատապարտվել է երեք տարի ժամկետով ազատազրկման: Երբ դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել, դիմողի որդին 2006թ. հուլիսի 6-ին Ռուսթավիի քրեակատարողական հիմնարկի թիվ 1 բանտախցից տեղափոխվել է Արևմտյան Վրաստանի Քոնի քրեակատարողական հիմնարկի (Քոնի ՔԿՀ) թիվ 9 բանտախուց: Դիմողը հայտնել է, որ իր որդին լավ ֆիզիկական, առողջական և հոգեկան վիճակում է եղել:
8. 2005թ. սեպտեմբերի 30-ին դիմողի որդուն կախված վիճակում հայտնաբերել են բանտի պահեստարանային տարածքում:
9. Նույն օրը, Ա.Լ.-իանին` Քոնի քրեակատարողական հիմնարկի պետը, փակ տարածքների նկատմամբ հսկողություն իրականացնող՝ Արդարադատության նախարարության Արևմտյան Վրաստանի քննչական բաժնի ղեկավարը (Նախարարության քննչական բաժին) Արդարադատության նախարարության քննչական բաժնի նկատմամբ հսկողություն իրականացնող՝ Վրաստանի գլխավոր դատախազությանը գրավոր դիմում է ներկայացրել և հայտնել, որ պրն Ցինցաբաձեն ինքնասպանություն է գործել՝ 2005թ. սեպտեմբերի 30-ին, երեկոյան ժամը 7-8-ն ընկած ժամանակահատվածում, բանտի պահեստարանային տարածքում կախվել է:
10. 2005թ. հոկտեմբերի 1-ին, առավոտյան ժամը 12.15-ից մինչև 1.40-ը Նախարարության քննչական բաժնի քննիչը (քննիչ) դեպքի վայրի զննություն է իրականացրել: Քոնի քրեակատարողական հիմնարկի պետի երկու տեղակալները մասնակցել են այդ գործողությանը: Քննիչը նշել է, որ քննության առարկա պահեստարանային տարածքն առանձին է տեղակայված, գտնվում է բանտարկյալների և վարչակազմի սենյակներին մոտ, որտեղ պահում են բանտարկյալների պարագաները: Այդ պահեստարանային տարածք կարելի է մուտք գործել անսարք փական ունեցող երկաթե դռնով: Կառույցի առաջնամասում պատուհաններ կան, որոնց մի մասն ապակեպատ է, իսկ մյուս մասը ծածկված է պլաստմասսայով: Շինությունն ունի 2.20 մետր բարձրություն: Պատուհանները ներսից են փակվում: Իրականացված գործողությամբ գործին առնչվող ոչ մի այլ տեղեկություն չի տրամադրվել:
11. Պետի տեղակալներից մեկը հայտնել է, որ նա Զուրաբ Ցինցաբաձեին գտել է պարանից կախված, ինչը վերջինս հանձնել է քննությանը: Պետի տեղակալը նաև քննիչին է հանձնել դիակի հագին եղած կոշիկները: Կոշիկները և պարանը կնքվել են և հանձնվել քննությանը: Պետի տեղակալը հայտնել է նաև, որ դիակի ոտքերի տակ դրված է եղել երկու փայտե աթոռ: Դրանք նա բերել է իր սենյակ: Պետի տեղակալը նաև հայտնել է, որ դիակի գրպանում եղել են ծխախոտի մի տուփ, կրակայրիչ և ցավազրկող հաբեր: Այս երեք առարկաները կնքվել և հանձնվել են քննությանը:
12. Քննիչը, քրեակատարողական հիմնարկի բժշկի հետ մեկտեղ, վերջինիս սենյակում իրականացրել է դիակի արտաքին զննում: Պարանոցի շրջանում հայտնաբերվել են խեղդվելու, ինչպես նաև նախկինում ստացված վերքերի հետքեր: Ուրիշ վնասվածքներ չեն հայտնաբերվել: Քննիչը, առանց այլ մեկնաբանությունների, հայտնել է, որ շատ կարևոր ապացույցներ կարող են նկատված չլինել և, հետևաբար, անհրաժեշտ է Զուրաբ Ցինցաբաձեի դիակը ենթարկել դատաբժշկական փորձաքննության:
13. Նույն օրը Զ.Լ.-իանին՝ Քոնի քրեակատարողական հիմնարկի դատապարտյալը, հարցաքննվել է: Նա հայտնել է, որ 2005թ. սեպտեմբերի 30-ին, երեկոյան մոտավորապես ժամը 8-ին նա հանդիպել է մեկ այլ դատապարտյալի՝ Տ.Կ.-աձեին, որը ցանկանում էր պահեստից վերցնել վերնաշապիկը և տալ իրեն, սակայն նրանք նկատել են, որ դուռը ներսից փակ է: Զ.Լ.-իանին պատուհանից ներս է նայել և նկատել, որ պահեստում մարդ կա: Այդ նույն պատուհանից նա մտել է պահեստի տարածք և տեսել, որ ինչ-որ մեկը «ինքնասպան լինելու նպատակով» կախված է պարանից, սակայն դեռ ողջ է: Այդ ժամանակ նա ոտքով հրել և բացել է դուռը, որպեսզի Տ.Կ.-աձեն ներս մտնի: Նրանք դատապարտյալին ազատել են պարանից: Զ.Լ.-իանին օգնություն է կանչել հարևանությամբ գտնվող դատապարտյալներին: Նա հայտնել է նաև, որ շտապօգնության մեքենան եկել է մի քանի րոպե անց, բժիշկները ցույց են տվել համապատասխան բժշկական օգնություն, սակայն այդ ժամանակ արդեն դիմողի որդուն հնարավոր չի եղել փրկել: Զ.Լ.-իանին նշել է նաև, որ լավ ճանաչել է հանգուցյալին և երբեք նրա հետ վեճ չի ունեցել: Զ.Լ.-իանին կտրականապես բացառել է այն, որ դատապարտյալներից մեկը կարող է ճնշում գործադրած լինել հանգուցյալի վրա: Համաձայն հարցաքննվողի հայտնած տվյալների` քրեակատարողական հիմնարկում ոչ ոք չէր ցանկանա հանգուցյալի մահը:
14. Զ.Լ.-իանիի հարցաքննությունից անմիջապես հետո հարցաքննվել է նաև Տ.Կ.-աձեն, ով բառացի կրկնել է Զ.Լ.-իանիի նշած փաստերը:
15. 2005թ. հոկտեմբերի 1-ին քրեակատարողական հիմնարկի բժիշկն իր փաստարկները ներկայացրել է քննիչին: Նա նշել է, որ 2005թ. սեպտեմբերի 30-ին, երեկոյան` մոտավորապես ժամը 7.30-ից մինչև 8-ն ընկած ժամանակահատվածում, քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը նրան հայտնել է, որ դատապարտյալներից մեկը կախվել է: Երբ նա եկել է դեպքի վայր՝ դիակն արդեն դրված է եղել հատակին: Ապա նա պարանոցից հանել է պարանը, մարմինը տարել իր բժշկական սենյակ և փորձել նրան վերակենդանացնել, սակայն` ապարդյուն: Բժիշկը նշել է, որ կենսաբանական մահն արդեն վրա էր հասել, սակայն նա, համենայնդեպս, շտապօգնության մեքենա է կանչել:
16. 2005թ. հոկտեմբերի 1-ից մինչև 3-ը նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որն իրականացվել է Արդարադատության նախարարությանը կից Քութայիսի Ազգային փորձաքննությունների բյուրոյում («NFB»): Եզրակացության մեջ («դիահերձման մասին եզրակացություն») փորձագետը նշել է, որ դիակի երկու կողմերում առկա էին դիակային հետքեր (ցիանոզ), որոնք առաջացել են, երբ դիակի վրա մեխանիկական ճնշում է գործադրվել, պարանոցի մկանային շրջաններում, պարանից կախված տեղերում՝ փոքր այտուցներ, ինչպես նաև նշել է, որ հերձման ժամանակ անձի մոտ հայտնաբերվել է ուղեղի ուռուցք: Ներքին բոլոր օրգաններն ուսումնասիրվել են, ինչի մասին նշում է կատարվել փորձագիտական եզրակացության մեջ: Փորձագետը նշել է, որ մահը վրա է հասել կախված ժամանակ՝ մեխանիկական շնչահեղձուկի (ասֆիքսիա) հետևանքով: Պարանոցի շրջանում, բացի խեղդվելու հետքից, այլ հետքեր չեն հայտնաբերվել:
17. 2005թ. հոկտեմբերի 4-ին դիմողի նախկին ամուսինը՝ հանգուցյալի հայրը, հարցաքննվել է: Նա հայտնել է, որ այն ժամանակ, երբ 2005թ. սեպտեմբերի 30-ին նրան հայտնել են որդու մահվան մասին, ինքը գնացել է Քոնի քրեակատարողական հիմնարկ և հանդիպել տեղի պետին: Քրեակատարողական հիմնարկի պետը հայտնել է նրան, որ նրա որդին ինքնասպանություն է գործել` կախվելով սավանից պատրաստված պարանից, ինչպես նաև նշել է, որ նրան ոչ ոք չի սպանել: Այն հարցին, թե հնարավո՞ր է, արդյոք, որ ինչ-որ մեկը նրան հարկադրած լիներ ինքնասպան լինելուն, պետը պատասխանել է` «ենթադրաբար՝ ոչ» և նշել, որ «նրա որդին ինքնասպան է եղել այն բանից հետո, երբ պարզել է, որ իր կինը մեկնել է Թուրքիա»:
18. Քրեակատարողական հիմնարկի պետը դիմողի նախկին ամուսնուն ուղարկել է Քութայիսի դիահերձարան, որտեղ նրա որդուն տարել էին դեպքից հետո: Սակայն դիահերձարանում դիմողի նախկին ամուսնուն տեղեկացրել են, որ դիահերձումն արդեն իրականացվել է: Դիմողի նախկին ամուսինը վերցրել էր որդու դիակը և տարել իրենց տուն` Բաթումի: Սակայն արդեն տանը դիմողը և նրա նախկին ամուսինը հայտնաբերել են, որ իրենց որդին ինքնասպանություն չի գործել: Ծնոտի ձախ կողմը ջարդված է եղել, իսկ, քանի որ վնասվածքների տեղը սափրված չի եղել, նրանք ենթադրել են, որ դրանք դիահերձման արդյունքում ստացված վնասվածքներ չեն: Գլուխը ձևախախտված էր և առկա էին տեսանելի խոր հետքեր, պարանոցի շրջանում այտուցներ կային, ծնոտի մի մասը ևս այտուցված էր և կարծես կոտրված, անրակոսկրերը կոտրված էին` վրան այտուցներ: Ձախ ձեռքն ամբողջությամբ վնասված էր, այտուցներ կային նաև մեջքի շրջանում, մեծ այտուց կար նաև ամորձիների շրջանում: Հանգուցյալի հայրը նշել է, որ ձախ ուսի և ձեռքի վնասվածքներն ուղղահայաց էին: Նրա կարծիքով, իր որդին ծեծի ընթացքում ձեռքերով պաշտպանել է դեմքը: Միայն դեմքն էր առանց վնասվածքների:
19. 2005թ. հոկտեմբերի 4-ին դիմողի նախկին ամուսինը քննիչին միջնորդություն է ներկայացրել իր որդու մարմինը կրկնակի անկողմնակալ դատաբժշկական փորձաքննության ենթարկելու մասին:
20. 2005թ. հոկտեմբերի 5-ին հարցաքննվել է նաև Քոնի քրեակատարողական հիմնարկի պետը` Ա.Լ.-իանին, որը նշել է, որ 2005թ. սեպտեմբերի 30-ին, երեկոյան ժամը 7-ին աշխատակիցներից մեկը` Բ.Ջ.-ձեն, իրականացրել է հերթական ստուգումը, որից հետո հայտնել, որ ամեն ինչ կարգին է, յոթանասունինը դատապարտյալներից յուրաքանչյուրն իր բանտախցում է: Մոտավորապես երեկոյան ժամը 7.30-ին քրեակատարողական հիմնարկի գլխավոր աշխատակիցներից մեկը հայտնել է պետին, որ դատապարտյալներից մեկն իրեն լավ չի զգում: Պետը, քրեակատարողական հիմնարկի երկու բժիշկների հետ, իջել է պահեստային տարածք և այնտեղ տեսել է գետնին պառկած՝ դիմողի որդուն: Նա դեռ ողջ էր: Զուրաբ Ցինցաբաձեին անմիջապես տեղափոխել են բժշկի սենյակ, սակայն նրան չեն կարողացել փրկել: Շտապօգնության մեքենայի ժամանելու պահին նա արդեն մահացած էր: Այս տեղեկությունը գրանցվել է բժշկական հաշվետվության մեջ: Այնուհետև պետն այս տեղեկությունները հայտնել է համապատասխան մարմիններին՝ ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր կարգով: Մեկ ժամ անց քննիչը ժամանել է դեպքի վայր: Պետը նաև նշել է, որ ինքն անձամբ է հայտնել դիմողի նախկին ամուսնուն որդու ինքնասպանության մասին: Սակայն դիմողի նախկին ամուսինը միանգամից չի հավատացել, քանի որ իր որդին հանդիպումից խուսափելու համար նախկինում սպառնացել է հորը, որ ինքն իրեն կվնասի:
21. Քրեակատարողական հիմնարկի պետն այնուհետև նշել է, որ Զուրաբ Ցինցաբաձեն նախկինում գրանցված է եղել Բաթումիի հոգեբուժարանում: Նա նշել է նաև, որ ազատազրկման հենց սկզբից նա այցելությունների ժամանակ մարդկանց հետ չէր հանդիպում, ինչի հետևանքով տանջվում էր: Ըստ նրա` Զուրաբ Ցինցաբաձեն մտահոգված էր, որ իր կինը մեկնել Թուրքիա է, իսկ իր ծնողներն ամուսնալուծվել են: Պետը նաև նշել է, որ ճանաչում է դիմողի որդու հետ նախկին պատիժը կրած Օ.Ե.-իանիին, և վերջինս կարող է հաստատել իր նշած փաստերը:
22. 2005թ. հոկտեմբերի 6-ին հարցաքննության ժամանակ Օ.Ե.-իանին հաստատել է, որ լավ ճանաչել է դիմողի որդուն, ինչպես նաև նշել, որ վերջինս բանտում չէր շփվում ոչ մեկի հետ և մի քանի անգամ նույնիսկ փորձել է ինքնասպանություն գործել, մասնավորապես՝ կտրել է կոկորդն ու փորը. կտրվածքների սպիներն առկա էին մարմնի վրա:
23. 2005թ. հոկտեմբերին ներկայացված փաստաթղթի համաձայն` դիմողի որդու անունը գրանցված չի եղել Աջարիայի «ԱՌ» հոգենյարդաբանական հիվանդանոցում բուժվող անձանց ցուցակում:
24. 2005թ. հոկտեմբերի 6-ին Բ.Ջ.-ձեն` բանտի աշխատակիցը, ում մասին նշել էր բանտի պետն իր ցուցմունքներում (տե՛ս վերը` կետ 20), հարցաքննության է ենթարկվել: Վերջինս բառացի կրկնել է 2005թ. սեպտեմբերի 30-ին դիմողի որդուն հայտնաբերելու վերաբերյալ պետի ներկայացրած տվյալները: Հարցաքննվողը նաև նշել է, որ հանգուցյալը տառապում էր իր ընտանեկան խնդիրներով և բանտում ոչ մեկի հետ վիճաբանություն չի ունեցել:
25. Երբ հարցաքննության է ենթարկվել Քոնի բանտի մեկ այլ բանտարկյալ` այսպես կոչված X-ը, նա նշել է, որ լավ ճանաչել է դիմողի որդուն, քանի որ հարևանությամբ ապրել և մեծացել են Բաթումիում, իսկ նրանց ծնողները դեռ շարունակում են լավ հարաբերությունների մեջ մնալ: Նա նկարագրել է իր և մյուս դատապարտյալների կողմից դիմողի որդուն կախված վիճակում հայտնաբերելու պահը և նշել, որ ոչ մի կասկածելի բան չի նկատել: X-ը նաև հայտնել է, որ դիմողի որդին բանտում ոչ մեկի հետ խնդիրների չի ունեցել, արտաքին աշխարհից զանգեր կամ հաղորդագրություններ չի ստացել, հոգեբանական տառապանքներ է կրել՝ կապված իր նախկին կնոջ հետ ունեցած վիճաբանությունների հետ: Բացի դրանից, հարցաքննվողը նշել է, որ դիմողի որդու մարմնի վրա կային բազմաթիվ հին սպիներ:
26. 2005թ. հոկտեմբերի 6-ին հարցաքննության է ենթարկվել նաև Քոնի բանտի մեկ այլ դատապարտյալ` Ա.Ջ.-ձեն, որը հայտնել է, որ վերջին չորս կամ հինգ ամիսների ընթացքում դիմողի որդին հանգիստ և բարեհամբույր է եղել, բանտում ինքնասպանության փորձեր չի կատարել: Նա նաև նշել է, որ դիմողի որդին ոչ մեկի հետ չի տեսակցել այցելությունների ժամանակ և ոչ մի հեռախոսազանգ չի ունեցել: Կողքի մահճակալին քնած ժամանակ նկատել է, որ դիմողի որդու դաստակների վրա հին սպիներ կան:
27. Նույն օրը հարցաքննվել է նաև Քոնի բանտի գլխավոր բժիշկը: Նա հաստատել է բժշկի կողմից նշված փաստերը և ավելացրել, որ անձամբ զննել է դիմողի որդուն նրան քրեակատարողական հիմնարկ բերելու օրը: Դիմողի որդու մարմնի վրա` փորի շրջանում և պարանոցի աջ մասում, նկատել է հին սպիներ: Բժիշկը նաև նշել է, որ այլ վնասվածքներ կամ հետքեր նրա մարմնի վրա չեն հայտնաբերվել: Մարմնի վրայի հետքերի ծագումը բացատրելու համար դիմողի որդին հայտնել է, որ փորձել է ինքնասպան լինել Ռուսթավիի քրեակատարողական հիմնարկի թիվ 1 բանտախցում, սակայն բժիշկները նրան կարողացել են փրկել, ինչի համար ինքը շնորհակալ է նրանց: Բժիշկը հայտնել է, որ դիմողի որդին առհասարակ քիչ շփվող անձնավորություն էր, սակայն իր հետ հաճախ զրուցում էր: Հանգուցյալը հայտնել էր, որ իրեն ցավ է պատճառում այն, որ իր կինը և ծնողները երբեք չեն գալիս իրեն տեսակցության: Բժիշկը ենթադրում է, որ Զուրաբ Ցինցաբաձեն ինքնասպանություն է գործել, քանի որ վերջինս խաղամոլ չէր և բանտում ոչ մեկի հետ վատ հարաբերություններ չի ունեցել:
28. 2005թ. հոկտեմբերի 7-ի նամակով շտապօգնության աշխատակազմը հայտնել է, որ 2010թ. սեպտեմբերի 30-ին՝ երեկոյան ժամը 8.03-ին, Քոնի քրեակատարողական հիմնարկից ահազանգ է ստացել:
29. 2005թ. հոկտեմբերի 7-ին դիմողը հարցաքննվել է: Նա հայտնել է, որ որդուն այցելել է ցանկացած պահի, երբ նման հնարավորություն է ունեցել: Հանդիպումներից մեկի ժամանակ որդին խնդրել է իրեն փոխանցել վրացական 50 լարի (GEL-ը մոտավորապես 0.42 եվրո (EUR)), որից 10-ը նրան անհրաժեշտ էր ծխախոտ գնելու համար, իսկ մնացածը` «բանկում» (օբշիակ (obshiak)` լատիներեն տառերով վրացերեն «obSiaki» բառից, որն իրենից ներկայացնում է բանտարկյալների անօրինական գումարային ֆոնդը, տե՛ս ստորև` կետեր 61 և 68) վճարումներ կատարելու համար: Քանի որ դիմողն այդ ժամանակ հիվանդ է եղել, իր քույրն է այդ գումարը փոխանցել որդուն: Դիմողի որդին այնուհետև մի քանի անգամ կապնվել է մորաքրոջ հետ և խնդրել 30-40 GEL գումար: Մահվանից մի քանի օր առաջ դիմողի որդին ասել է մորաքրոջը, որ եթե չվճարի հերթական 10 GEL-ը` ստիպված կլինի ինքնասպանության դիմել: Մորաքույրը փոխանցել է պահանջված գումարը: Համաձայն արձանագրության` դիմողն ընդհատել է հարցաքննությունը և իշխանության մարմիններին մեղադրել քննությունը կողմնակալ վարելու մեջ: Դիմողը հրաժարվել է ստորագրել հարցաքննության արձանագրությունը:
30. 2005թ. հոկտեմբերի 8-ին դիմողի և նրա նախկին ամուսնու պահանջով իրականացվել է անկողմնակալ բժշկական փորձաքննություն, որն իրականացվել է նրանց երկու ներկայացուցիչների և Հանրային պաշտպանի գրասենյակի աշխատակցի ներկայությամբ: Արդյունքների համաձայն արված եզրակացությանը համապատասխան (դիակի հերձման մասին այլընտրանքային եզրակացություն)` դիակի պարանոցի շրջանում փորձագետները հայտնաբերել են 4.5 սմ և 3 սմ վնասվածքներ, որոնք հասցվել են բութ գործիքով: Սակայն այդ վնասվածքները կյանքի համար վտանգ չեն ներկայացրել: Հյուսվածքաբանական փորձաքննության ժամանակ հետազոտվել են բոլոր ներքին օրգանները, այդ թվում` ուղեղը, թոքերը և սիրտը, փորձագետները եկել են այն եզրակացության, որ մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձուկի (ասֆիքսիայի) հետևանքով:
31. 2005թ. հոկտեմբերի 13-ին քրեաբանն ուսումնասիրել է Զուրաբ Ցինցաբաձեի հագուստը և որպես պարան օգտագործված սավանի կապերը:
32. 2005թ. հոկտեմբերին մեղադրանք է առաջադրվել անհայտ անձի կամ անձանց դեմ, ովքեր Զուրաբ Ցինցաբաձեին հասցրել էին ինքնասպանության (քրեական օրենսգրքի 115-րդ հոդված): Նույն օրը, դատական վարույթի ժամանակ դիմողը հարցաքննվել է որպես շահագրգիռ կողմ: Նա միանշանակ հայտնել է, որ իր որդին հավասարակշռված անձնավորություն է եղել, հոգեկան ոչ մի խնդիր չի ունեցել և շատ էր սիրում իրեն: Որդու ազատազրկումից երկուսուկես ամիս անց ինքը հեռախոսով մի քանի անգամ խոսել է նրա հետ, և խոսակցություններից մեկի ժամանակ նա իրենից 50 լարի է խնդրել (տե՛ս նաև` կետ 29): Դիմողը նաև նշել է, որ հանցանք կատարած անձը եղել է դատապարտյալ X-ը (տե՛ս վերը` կետ 25), ով իր հոր միջոցով իր նախկին ամուսնուն հեռախոսով հայտնել էր որդու մահվան մասին: Դիմողը նշել է, որ որդու մարմինն ուսումնասիրելիս հայտնաբերել է վերոնշյալ հետքերը (տե՛ս վերը` դիմողի ամուսնու փաստարկները, կետ 18): Դատական վարույթի ժամանակ հայտնել է, որ իր որդուն սպանել են, իսկ հանցանքը թաքցնելու համար` կախել: Նա դատարանից խնդրել է արարքը որակել ոչ ինքնասպանության հասցնել, այլ որպես սպանություն (քրեական օրենսգրքի 108-րդ հոդված): Դիմողը խնդրել է պարզաբանել, թե ինչու՞ քրեակատարողական հիմնարկի վարչակազմն անմիջապես չի հայտնել ծնողներին որդու մահվան մասին` թողնելով, որ դատապարտյալը հայտնի, ինչպես նաև բացատրել, թե ինչու՞ իրենց չեն տեղեկացրել որդու դատաբժշկական փորձաքննության մասին, որպեսզի նրանք ներկա գտնվեին այդ գործողությանը: Նա նաև խնդրել է պարզաբանել, թե ինչպե՞ս է իր որդին մտել փակված տարածք առանց հսկիչի ուղեկցության: Դիմողը նաև նշել է, որ ինքը փաստաբան է վարձել իր որդու մահվան կապակցությամբ իրականացվող քննության ընթացքում իր շահերը ներկայացնելու համար
33. 2005թ. նոյեմբերի 2-ին Արևմտյան Վրաստանի շրջանային դատախազը («շրջանային դատախազ») քննիչին գրավոր ցուցումներ է տվել այն մասին, թե սույն գործով ինչպիսի քննչական գործողություններ պետք է իրականացվեն՝
- նույնականացում և այն պահակի հարցաքննություն, որը 2005թ. սեպտեմբերի 30-ին հսկել է Քոնի քրեակատարողական հիմնարկի ներսում՝ պահեստարանային տարածքից մի քանի մետր հեռավորության վրա, և կարող է վկայություն տալ այն մասին, թե երբ կամ ում հետ է դիմողի որդին մտել այդ տարածք, Տ.Կ.-աձեին և Զ.Լ.-իանին երբ են մտել և երբ դուրս եկել այդ նույն տարածքից,
- մյուս դատապարտյալների հարցաքննություն, ովքեր կարող էին որոշակի տեղեկություններ տրամադրել ինքնասպանության հաստատման կամ հերքման մասին, վկայություններ տալ այն մասին, թե հնարավո՞ր է, արդյոք, որ դիմողի որդին ենթարկվեր բռնության կամ նրան հարկադրեին ինքնասպան լինել,
- անկախ կամ պետական փորձագետների հարցաքննություն, որոնք իրականացրել են սույն գործով դիմողի որդու մարմնի դատաբժշկական փորձաքննությունը (տե՛ս վերը՝ կետեր 16 և 30) և կարող են հանգուցյալի ծնողների կողմից մատնանշված վնասվածքների վերաբերյալ պարզաբանում տալ:
34. 2005թ. նոյեմբերի 10-ին «NFB»-ի կողմից, կից գրությամբ, Նախարարությանը հանձնվել է մի ձեռագիր նամակ, որը հայտնաբերվել է դատաբժշկական փորձաքննություն իրականացնող փորձագետների կողմից՝ 2005թ. հոկտեմբերի 1-3-ը: Այդ նամակում հեղինակը, խոսքն ուղղելով ոմն Նինոյի, նշել է, որ ինքը նման գործողությունների է դիմում ի հավաստումն իր սիրո, որին նա այդքան կասկածանքով էր վերաբերվում: Նամակի հեղինակը մեղադրում էր կնոջն այն բանում, որ նա իրեն լքել է այն պահին, երբ այդքան նրա կարիքն ունի: Նամակի հեղինակը կնոջը մեղադրում էր ստելու մեջ, քանի որ վերջինս մեկնել էր ոչ թե Ռուսաստան, այլ՝ Թուրքիա: Նա միայն երջանկություն էր մաղթում կնոջն իր մահից հետո: Նամակի վերջում գրված էր դիմողի որդու անունը և թվագրված 2005թ. հոկտեմբերի 28-ով:
35. Ինչ վերաբերում է 2005թ. նոյեմբերի 10-ին «NFB»-ի կողմից Նախարարությանը ներկայացված կից գրությանը, ապա այդտեղ նշված էր, որ նամակը, որը թվագրված էր 2005թ. հոկտեմբերի 28-ով, գտնվել է դիահերձարանի սառնարանում, և քանի որ դա վերաբերում է սույն գործին, ներկայացվել է քննությանը՝ գործի նյութերին կցելու համար:
36. Երբ 2005թ. նոյեմբերի 21-ին հարցաքննվել է «NFB»-ի աշխատակիցը (տե՛ս վերը՝ կետ 34), վերջինս հայտնել է, որ նա ամիսը երկու-երեք անգամ մաքրում է դիահերձարանի սառնարանը: 2005թ. նոյեմբերի 8-ին, հերթական մաքրություն անելիս, նա անկյունում հայտնաբերել է տոպրակի մեջ փաթաթված մի նամակ, որը թվագրված էր 2005թ. հոկտեմբերի 28-ով: Այլ հարցեր վկային չեն ներկայացվել: Ինչպես երևում է գործի հանգամանքների ուսումնասիրությունից, այդ նամակի նկատմամբ այլ գործողություններ չեն իրականացվել:
37. Նույն օրը՝ 2005թ. նոյեմբերի 21-ին, պետական փորձագետը, ով 2005թ. հոկտեմբերի 1-3-ն իրականացրել էր Զուրաբ Ցինցաբաձեի դատաբժշկական փորձաքննությունը (տե՛ս վերը՝ կետ 16), հարցաքննության է ենթարկվել: Փորձագետը հաստատել է, որ պարանոցի շրջանում, բացի խեղդվելու հետքերից, որոնք հավանաբար առաջացել են պարանից կախված լինելու հետևանքով, այլ հետքեր նա չի հայտնաբերել: Ինչ վերաբերում է լրացուցիչ փորձաքննության ընթացքում անկախ փորձագետների կողմից կատարված զննությանը, ապա դրանք, հակառակ դատախազի տված կարգադրությանը, քննիչի կողմից քննության չեն առնվել (տե՛ս վերը՝ կետեր 30 և 33):
38. Հաջորդ օրը՝ 2005թ. նոյեմբերի 22-ին, շրջանային դատախազը կարճել է քրեական գործի վարույթն ապացույցների բացակայության պատճառով: Նա գտել է, որ սույն գործով չի հաստատվել, որ դիմողի որդին ենթարկվել է ֆիզիկական այնպիսի բռնության, որի հետևանքով վերջինս կարող էր ինքնասպանություն գործել: Ամեն դեպքում, դիակի «հագուստների մեջ» գտնված, 2005թ. հոկտեմբերի 28-ով թվագրված նամակը բացահայտում է, որ 2005թ. սեպտեմբերի 30-ին, երեկոյան ժամը 8.30-ին, դիմողի որդին ինքնասպան է եղել հանուն սիրո: Այն, որ դիմողի որդու կողմից գրված նամակը թվագրված էր իր մահվանից հետո, բացատրվում է նրանով, որ, հավանաբար, դատապարտյալը շփոթել էր ամսվա օրերը: Ինչ վերաբերում է դիմողի այն պնդմանը, որ իր որդու մարմնի վրա առկա էին նաև այլ վնասվածքներ, դատախազը նշել է, որ «NFB»-ում կատարված դատաբժշկական փորձաքննության ժամանակ դիմողի մարմնի վրա հայտնաբերվել են միայն խեղդվելու արդյունքում առաջացած հետքեր: Քննիչը նշել է, որ դիմողի նշած այտուցներն առաջացել են դիակի հերձման ընթացքում կամ դիակային երևույթներ են, իսկ որոշ վնասվածքներ, ինչպես նշում է քրեակատարողական հիմնարկի բժիշկը, նախկինում ստացված վնասվածքների սպիներն են: Հիմք ընդունելով գործի հանգամանքները` քննիչը հանգել է այն եզրակացությանը, որ արարքում բացակայում է քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմը (տե՛ս քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին կետը):
39. Դիմողը բողոք է ներկայացրել Քութայիսի քաղաքային դատարան` պնդելով, որ իշխանությունները սկզբից ևեթ արարքը դիտել են որպես ինքնասպանություն. քրեակատարողական հիմնարկի վարչակազմը խարխլել է գործով առկա ապացույցները, պետի տեղակալն իր սենյակից է բերել դիմողի որդու ոտքերի տակ դրված աթոռները, ինչպես նաև վերջինիս կոշիկները և որպես պարան օգտագործված սավանը, դիմողի որդու մատնահետքերի հետ համեմատելու համար մատնահետքեր չեն վերցվել աթոռից, դռան վրա եղած կողպեքից կամ պահեստարանային տարածքի դռան վրա դրված կողպեքից, քննության ընթացքում չի բացահայտվել նաև, թե արդյոք պահեստարանային տարածքը հսկվե՞լ է, թե՝ ոչ, կամ որտեղից դիմողի որդին ուներ այդ դռան բանալին, քննության ընթացում չեն ստուգել նաև անկախ փորձագետի կողմից հայտնաբերված վնասվածքների առկայությունը, միայն երեք առարկա է հայտնաբերվել դիմողի որդու գրպաններից, չի իրականացվել նամակի դատաձեռագրաբանական փորձաքննություն, իսկ ամենազավեշտալին այն է, որ իշխանությունները պնդում են, որ 2005թ. հոկտեմբերի 28-ին թվագրված նամակում դիմողի որդին, ով օր առ օր հաշվում էր անազատության մեջ մնալու իր օրերի թիվը, շփոթել էր ամսվա օրերը:
40. 2006թ. հունվարի 9-ին Քութայիսի քաղաքացիական դատարանը մերժել է դիմողի բողոքը՝ հիմք ընդունելով այն, որ գործի հանգամանքները բացահայտելու համար իրականացվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները, ինչպես նաև նշել, որ արարքում բացակայում է քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմը: Քաղաքային դատարանը որպես բացթողում նշել է այն հանգամանքը, որ դիմողն իր բողոքում չի մատնանշել, թե ուրիշ ինչ քննչական գործողություններ պետք է իրականացվեին քննության ընթացքը փոխելու համար:
41. Դիմողը բողոքարկել է՝ նշելով նույն հանգամանքները: Նա ավելացրել է, որ դիահերձարանի սառնարանում բոլոր մարմինները մերկ վիճակում են պահվում, ինչն ինքնին բացառում է, որ 2005թ. հոկտեմբերի 28-ով թվագրված նամակը կարող է ընկած լիներ իր որդու հագուստից: Դիմողը նաև նշել է, որ իր աղբյուրների համաձայն` իր որդին սպանվել է նախկինում՝ Ռուսթավիի թիվ 1 բանտի նույն բանտախցում գտնվող մի դատապարտյալի պատվերով, և իշխանության մարմիններին խնդրում է այդ կապակցությամբ քննություն իրականացնել: Դիմողը նաև նշել է, որ 1.78 մետր հասակ ունեցող անձը չի կարող կախվել այն դեպքում, երբ առաստաղի բարձրությունը 2.20 մետր է, իսկ աթոռներինը՝ 22 սմ: Դիմողը նաև գանգատներ է ներկայացրել իշխանությունների կողմից դեպքի վայրի զննություն իրականացնելու վերաբերյալ: Դիմողը նշել է, որ քննիչը դեպքի վայրի պատշաճ քննություն չի իրականացրել, քանի որ հիմք է ընդունել քրեակատարողական հիմնարկի պետի փաստարկները: Վերջինս որպես «ապացույց» իր սենյակից բերել է աթոռները, այնուհետև՝ պարանը և դիմողի որդու կոշիկները, որոնք պետք է հավաստեին ինքնասպանության մասին: Դիմողը նաև նշել է, որ շտապօգնության բժշկին քննիչը հարցաքննության չի ենթարկել:
42. 2006թ. հունվարի 16-ին Քութայիսի վերաքննիչ դատարանն իր որոշմամբ մերժել է դիմողի բողոքն այն հիմնավորմամբ, որը նշվել էր ստորադաս ատյանի կողմից: Ինչպես երևում է այդ որոշումից, վերաքննիչ վարույթի ժամանակ շրջանային դատախազը մերժել է դիմողի փաստարկներն այն մասին, որ 2005թ. հոկտեմբերի 28-ով թվագրված նամակի վերաբերյալ դատաձեռագրաբանական փորձաքննություն չի իրականացվել, այդ կապակցությամբ վերաքննիչ վարույթի ընթացքում նոր բացատրություններ չի ներկայացրել, սակայն նշել է, որ նամակի ձեռագիրը համեմատվել է Զուրաբ Ցինցաբաձեի ձեռագրի նմուշի հետ և պարզվել է, որ այդ ձեռագրերը նույնական են:
2. Շորթման վերաբերյալ X-ի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը և պրն Ցինցաբաձեի մահվան կապակցությամբ Հանրային պաշտպանի գրասենյակի կողմից իրականացված քննությունը
43. 2006թ. հուլիսի 13-ին Դատարանում իր ներկայացուցիչներին տրված գրավոր բացատրության մեջ դիմողը նշել է, որ իր որդու հուղարկավորությունից հետո X-ը քրեակատարողական հիմնարկից զանգահարել է իր նախկին ամուսնուն և խնդրել վճարել 80 GEL գումարը, որն իր որդին պարտք էր «բանկին»: Դիմողը բացատրել է, որ «բանկը» գումար է, որը, քրեակատարողական հիմնարկի վարչակազմի լռելյայն համաձայնությամբ, քրեակատարողական հիմնարկի makurebeli-ները պարտադրում են դատապարտյալներին հավաքել: Այս հանգամանքից դիմողը եզրահանգել է, որ հեռախոսի համար իր որդուց պահանջվող գումարը ևս «բանկի» համար է եղել (տե՛ս նաև վերը` կետեր 29 և 32): Նա ենթադրություն է արել այն մասին, որ 80 GEL գումարը չվճարելու պատճառով իր որդին սպանվել է: Ըստ դիմողի` քանի որ ինքն աղքատ էր, Նինոն` իր լավ ընկերը և միաժամանակ նաև 2005թ. հոկտեմբերի 28-ով թվագրված նամակի հասցեատերը, իր որդուն պարբերաբար 300-400 GEL էր ուղարկում: Նշվածը հաշվի առնելով` նրա համար անակնկալ է եղել այն, որ իր որդուն անհրաժեշտ է եղել պարտքով 80 GEL վերցնել «բանկից»:
44. 2005թ. դեկտեմբերի 13-ին դիմողի նախկին ամուսինը դատապարտյալ X-ի կողմից իրենից գումար պահանջելու վերաբերյալ քրեական մեղադրանք է ներկայացրել և նույն օրը վերջինիս վերաբերյալ շորթման հիմքով վարույթ է հարուցվել: Քննության իրականացումը հանձնարարվել է նույն Նախարարության քննչական վարչությանը (տե՛ս վերը` կետ 9):
45. Որպես շահագրգիռ կողմ հարցաքննված` դիմողի նախկին ամուսինը հաստատել է, որ X-ն իր հոր միջոցով իրեն տեղեկացրել է իր որդու մահվան մասին (տե՛ս վերը` կետ 25): Հետագայում` այն օրը, երբ գնացել է քրեակատարողական հիմնարկ իր որդու մարմինը վերցնելու, ինքը քրեակատարողական հիմնարկի պետի սենյակում հանդիպել է այդ դատապարտյալին: Պետի ներկայությամբ X-ը հայտնել է դիմողի նախկին ամուսնուն, որ նրա որդին ինքնասպանություն է գործել «կնոջ պատճառով»: Զգալով, որ դատապարտյալն իրեն ասելու բան ունի` դիմողի նախկին ամուսինը նրան տարել է միջանցք: Սակայն տեսնելով մի դատապարտյալի, ում X-ը ներկայացրել է որպես makurebeli, X-ը վախեցել է և ոչինչ չի ասել: Դիմողի նախկին ամուսինը նշել է, որ մինչև հուղարկավորությունը X-ն ամեն օր զանգահարել է իրեն և ասել, որ ինքը պետք է մեկ այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխվի, որպեսզի կարողանա խոսել: Այս հեռախոսային խոսակցություններից մեկի ժամանակ դատապարտյալն ակնարկել է, որ իր որդու մահվան կապակցությամբ ինչ-որ կասկածելի բան է գտել, խորհուրդ է տվել դիմողի նախկին ամուսնուն ճնշում գործադրել քրեակատարողական հիմնարկի պետի վրա: Հուղարկավորությունից հետո` 2005թ. դեկտեմբերի 9-ին X-ը կրկին զանգահարել է իրեն` պահանջելով 80 GEL, որն իր որդին պարտք էր «բանկին», և սպառնացել է սպանել նրան: Նա զանգահարել է և սպառնալիքները կրկնել 2005թ. դեկտեմբերի 12-ին:
46. 2006թ. փետրվարի 23-ին որպես կասկածյալ հարցաքննվելիս X-ը, ով տեղափոխվել էր մեկ այլ քրեակատարողական հիմնարկ, որը սույն վճռում կկոչվի Y քրեակատարողական հիմնարկ, ժխտել է մեղադրանքը` բացատրելով, որ դիմողի նախկին ամուսինն իրեն փող է առաջարկել սեփական նախաձեռնությամբ` հարգելու համար հանգուցյալի հիշատակը: Դատապարտյալը հաստատել է, որ ինքն առաջինն է դիմողի նախկին ամուսնուն տեղեկացրել է իր որդու մահվան մասին: Ապա X-ը հաստատել է, որ ինքն ի սկզբանե կասկածներ է ունեցել ինքնասպանության վարկածի կապակցությամբ, և որ նա հեռախոսային խոսակցությունների ընթացքում իր կասկածները կիսել է դիմողի և նրա նախկին ամուսնու հետ: Սակայն այդ կասկածները մնացել են ընդամենը ենթադրություններ, քանի որ նա չի կարողացել դրանց վերաբերյալ որևէ իրական փաստ ներկայացնել: X-ը նաև ենթադրել է, որ դիմողը և նրա նախկին ամուսինն իրեն շորթման մեջ մեղադրել են` վրեժից ելնելով, քանի որ նրանք հավատում էին, որ ինքը թաքցնում է նրանց որդու մահվան վերաբերյալ ճշմարտությունը:
47. 2006թ. ապրիլի 3-ին X-ը Նախարարության քննչական վարչության կողմից կրկին հարցաքննվել է, այս անգամ` որպես մեղադրյալ: Նա բացատրել է, որ Քոնի քրեակատարողական հիմնարկում դատապարտյալները «վերահսկվում են», (մասնավորապես այն պատճառով, որ հարցը վերաբերում էր «բանկ» կատարվող վճարումներին) գլխավոր makurebeli-ի` Վ.Տ.-ի` նախկին ոստիկանի կողմից, ով պատիժ է կրում սպանության համար: Դիմողի որդին «բանկից» պարտքով վերցրել էր 80 GEL` մեկ այլ դատապարտյալից Ericsson T10 բջջային հեռախոս գնելու համար: Սակայն չկարողանալով մարել պարտքը՝ դիմողի որդին սկսել է սպառնալիքների և վիրավորանքների ենթարկվել: Այսպես, երկու նախկին դեպքերում նա ծեծի է ենթարկվել Վ.Տ.-շվիլիի, Զ.Լ.-իանիի և Քոնի քրեակատարողական հիմնարկի մեկ այլ makurebeli-ի և Ա.Բ.-իանիի կողմից, ով հայտնի է նաև «Դիզելա» մականունով: X-ը նշել է, որ ինքն անձամբ է տեսել այդ ծեծերից առաջինը, այդ հանգամանքը կարող են հաստատել երկու այլ դատապարտյալներ՝ Գ.Գ.-իանին և Վ.Մ-շվիլի:
48. Ապա X-ը նշել է, որ 2005թ. սեպտեմբերի 30-ին տեսել է Վ.Տ.-շվիլիին, Զ.Լ.-իանիին և «Դիզելա»-ին, ովքեր kutoki-ում (զրույցների և հաշիվների մաքրման վայր) զրուցում էին դիմողի որդու հետ: Մի քանի րոպե անց նա տեսել է, որ այդ անձինք լքել են այդ սենյակը` քարշ տալով դիմողի որդուն, ով գիտակցությունը կորցրած է եղել: Նրանք վերջինիս քարշ են տվել վարսավիրի սենյակի պատուհանից դեպի պահեստ, որտեղ մի քանի րոպե անց նույն Զ.Լ.-իանին` Տ.Կ.-աձեի հետ «հայտնաբերել» են դիմողի կախված որդուն և սկսել են գոռալ: X-ը նշել է, որ դատապարտյալ Գ.Գ.-իանին ևս տեսել է, թե ինչպես են դիմողի գիտակցությունը կորցրած որդուն քարշ տալիս դեպի պահեստ: Ապա X-ը մանրամասն ցուցմունքներ է տվել հետագա դեպքերի մասին: Նա նշել է, որ երբ դատախազը և փորձագետը եկել են, մարմինը գտնվել է քրեակատարողական հիմնարկի բժշկի սենյակում: Պետը և դատապարտյալները ևս ներկա են եղել:
49. Դատապարտյալ X-ը Նախարարության քննչական վարչությանը բացատրել է, որ ցանկացել է խորհրդապահական կերպով հանգուցյալի հորը տեղեկություն հայտնել, երբ նա 2005թ. հոկտեմբերի 1-ին իր հոր հետ եկել էր մարմինը տանելու, սակայն այդ ժամանակ նա հսկողության տակ է եղել Վ.Տ.-շվիլիի` makurebeli-ների ղեկավարի կողմից: Հետևաբար, դիմողի ամուսնու` քրեակատարողական հիմնարկից հեռանալուց հետո է նա զանգահարել նրան և դիմողին ու հայտնել, որ գիտի նրանց որդու մահվան վերաբերյալ ճշմարտությունը: Նա հանգուցյալի ծնողներին խնդրել է կազմակերպել իրեն այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելը, որպեսզի ինքն իրեն ավելի անվտանգ զգա և նրանց հայտնի բոլոր անհրաժեշտ մանրամասները: Հանգուցյալի ծնողների հետ այդ հեռախոսային խոսակցություններից հետո փաստաբանը` Ն.Ա.-ձեն (տե՛ս վերը` կետ 32) զանգահարել է X-ին` խնդրելով հանդիպել նրան` կասկածելի մահվան վերաբերյալ ավելի շատ տեղեկություն ստանալու համար: Սակայն Քոնի քրեակատարողական հիմնարկի պետը` Ա.Լ.-իանին փաստաբանին երբևէ չի թողել քրեակատարողական հիմնարկ մտնել: Դիմողի որդու մահվանից հետո X-ն ինքն էր դարձել makurebeli-ների թիրախ, ովքեր պահանջում էին, որ նա` որպես հանգուցյալի մերձավոր անձ, պետք է վճարի նրա պարտքը կամ ստիպի, որ այդ պարտքը վճարվի ընտանիքի կողմից: Չկարողանալով վճարել պարտքը` X-ը 2005թ. նոյեմբերի 25-ին ծեծի է ենթարկվել երկու makurebeli-ների կողմից: Ապա նրան ստիպել են զանգահարել հանգուցյալի հորը և փորձել ստանալ պահանջվող գումարը: Նա հեռախոսով բացատրել է, որ նրա որդու պարտքի պատճառով խնդիրներ ունի:
50. Ի պատասխան քննիչի այն հարցին, թե ինչու այդ բոլոր փաստերը նա չի նշել իր նախորդ հարցաքննության ժամանակ, X-ն ասել է, որ վախեցել է Քոնի քրեակատարողական հիմնարկում դիմողի որդուն սպանած makurebeli-ների ձեռքերում գտնվող իր կյանքի համար: Նա նաև բացարձակորեն հավելել է, որ իր տվյալ ցուցմունքը ճիշտ է և տրված է կամավոր, որ ինքն է լրացուցիչ հարցաքննություն խնդրել, որ ինքը պատշաճ կերպով զգուշացվել է սուտ ցուցմունքի և սուտ մատնության համար պատասխանատվության ենթարկվելու հնարավորության մասին, և որ ինքը պատասխանատու է իր բառերի համար:
51. Հետագայում, 2006թ. ապրիլի չնշված մի օր Զ.Լ.-իանին և Վ.Տ.-շվիլին Նախարարության քննչական վարչության կողմից շորթման համար X-ի նկատմամբ հարուցված քրեական գործով հարցաքննվել են որպես վկա: Երկու վկաները ժխտել են, որ makurebeli-ներ են և որ Քոնի քրեակատարողական հիմնարկում «բանկի» պրակտիկա գոյություն ունի` բացատրելով, քանի որ այդ քրեակատարողական հիմնարկն առանձնացված էր նախկին իրավապահ մարմինների համար, նման քրեական պրակտիկան այնտեղ չի հանդուրժվում: Նրանք նշել են, որ ընկերական հարաբերություններ են ունեցել դիմողի որդու հետ, ով քրեակատարողական հիմնարկում որևէ մեկի հետ կոնֆլիկտ չի ունեցել: Երկու դատապարտյալների ցուցմունքները բառ առ բառ հաստատվել են Քոնի քրեակատարողական հիմնարկի վարսավիրի կողմից (տե՛ս վերը` կետ 48), ով նույնպես հարցաքննվել է 2006թ. ապրիլի չնշված մի օր, նա նույնպես նշել է, որ 2005թ. սեպտեմբերի 30-ին որևէ կասկածելի բան չի տեսել:
52. 2006թ. մայիսի չնշված մի օր X-ի հայրը ևս որպես վկա հարցաքննվել է: Նա հաստատել է որ իր որդին առաջինն է տեղեկացրել դիմողի նախկին ամուսնուն նրա որդու` 2005թ. սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած մահվան մասին: Նա նաև նշել է, որ X-ը մահվան վերաբերյալ որևէ կասկածելի բան երբևէ չի ասել նրան. այդ կապակցությամբ makurebeli-ների կամ «բանկի» դերի մասին երբևէ չի նշվել: Սակայն վկան հաստատել է, որ դիմողի նախկին ամուսինը մտածում էր, որ X-ը թաքցնում է իր որդու մահվան մասին ճշմարտությունը:
53. 2006թ. մայիսի 4-ին Հանրային պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները Y քրեակատարողական հիմնարկում այցելել են X-ին, ով բառ առ բառ կրկնել է իր` 2006թ. ապրիլի 3-ի ցուցմունքները (տե՛ս վերը` կետեր 47-50): Դատապարտյալը հավելել է, որ 2005թ. հոկտեմբերի 1-ին, երբ փորձագետը քրեակատարողական հիմնարկի բժշկի սենյակում նրան հանձնարարել է մերկացնել պրն Ցինցաբաձեի մարմինը, նա նկատել է, որ մարմնի վրա` անրակոսկրի շրջանում առկա է մեծ սև հետք, և որ մեջքի վրա առկա են ձեռքերի հետքեր և մաշկը կարմիր է: Նա պետի տեղակալին խնդրել է իրեն թույլատրել զանգել իր ընտանիքի անդամներին, ովքեր կտեղեկացնեին հանգուցյալի հորը: Իրեն արգելվել է դա անել այն հիմքով, որ առաջին հերթին դատախազները պետք է քննեն գործը: Ութ ժամ սպասելուց հետո X-ը, համենայնդեպս, զանգահարել է իր հորը` խնդրելով նրան տեղեկացնել հանգուցյալի ընտանիքին: Նա նշել է, որ իր նախորդ հարցաքննության ընթացքում ինքը խնդրել է քննիչին իրեն տեղափոխել այլ քրեակատարողական հիմնարկ` ցուցմունք տալիս իր անվտանգությունն ապահովելու համար, քանի որ այդ ցուցմունքը գործի համար կարևոր նշանակություն ունի: Սակայն այդ խնդրանքը մերժվել է:
54. 2006թ. մայիսի 8-ին Հանրային պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են Վ.Մ.-շվիլիին (տե՛ս վերը` կետ 47), ով հետագայում պահվել է Թբիլիսիի թիվ 1 քրեակատարողական հիմնարկում: Դատապարտյալը հրաժարվել է գրավոր ցուցմունք տալ` պատճառաբանելով, որ դրա համար կարող է իր կյանքով փոխհատուցել: Նա բանավոր ասել է, որ դիմողի որդին ինքնասպանություն չի գործել. Զուրաբ Ցինցաբաձեն «բանկից» պարտքով գումար էր վերցրել և այդ կապակցությամբ makurebeli-ների հետ տարբեր վիճաբանությունների մեջ էր մտել: Վ.Մ.-շվիլին հաստատել է, որ 2005թ. սեպտեմբերի 30-ին դիմողի որդին makurebeli-ի կողմից զրույցի է կանչվել: Ապա նա վերադարձել է ինչ-որ մեկին զանգահարելու համար և կրկին հեռացել է: Վ.Մ.-շվիլին չի բացառել այն, որ պարտքի պատճառով առաջացած ճնշումը կարող է պրն Ցինցաբաձեի մահվան պատճառ հանդիսացած լինել: Վ.Մ.-շվիլին նշել է, որ հանցագործությունը հանգամանորեն թաքցվել է Ա.Լ.-իանիի` քրեակատարողական հիմնարկի պետի կողմից, ով միջադեպի մեջ ուղղակիորեն ներգրավված Զ.Լ.-իանիի` Քոնի քրեակատարողական հիմնարկի makurebeli-ներից մեկի բարեկամն է:
55. Հանրային պաշտպանի գրասենյակը չնշված մի օր հանդիպել է նաև Գ.Գ.-իանիին (տե՛ս վերը` կետ 47): Սակայն վերջինս հայտնել է, որ չունի դիմողի որդու մահվան հանգամանքներին վերաբերող որևէ տեղեկություն:
56. 2006թ. հուլիսի 13-ին հանրային պաշտպանը վերոնշյալ դատապարտյալների հետ հանդիպումների արդյունքում կազմված զեկույց է ուղարկել Վրաստանի գլխավոր դատախազին և Հանրային պաշտպանի մասին օրենքի 21(3)-րդ բաժնի ուժով խնդրել է հանրային վարույթ հարուցել:
57. 2006թ. օգոստոսի 9-ի նամակով շրջանային դատախազի գրասենյակը, որն ստորագրել էր գործի վարույթը կարճելու վերաբերյալ 2005թ. նոյեմբերի 22-ի կարգադրությունը (տե՛ս վերը` կետ 38), հանրային պաշտպանին պատասխանել է, որ հանրային մեղադրանք առաջադրելու հիմքեր չկան: Ի հիմնավորումն այդ եզրակացության` այն հիշատակել է այն պատճառաբանությունը, որն առկա է եղել իր նախորդ` 2005թ. նոյեմբերի 22-ի որոշման մեջ, և ավելացրել է, որ հարցաքննության ժամանակ Վ.Մ.-շվիլին, ով անվտանգության նկատառումներով Քոնի քրեակատարողական հիմնարկից Y քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել, չի հաստատել, որ դիմողի որդու նկատմամբ քրեակատարողական հիմնարկում որևէ ճնշում է գործադրվել: Դատախազի գրասենյակը նաև շեշտադրել է, որ այցելությունների ժամանակ քրեակատարողական հիմնարկում նրան ընդունել են, X-ը երբևէ իր հորը որևէ բան չի ասել ենթադրյալ սպանության մասին և այն մասին, որ պարզապես հորինել է սպանության պատմությունը` շորթման մեղադրանքներից պաշտպանվելու համար: Դատախազական ծառայությունը նաև լուսաբանել է Նինոյին հասցեագրված նամակը, որը հայտնաբերվել էր «հանգուցյալի հագուստի մեջ», որն անվիճելիորեն հիմնավորում է ինքնասպանության վարկածը:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
A. Քրեական դատավարության օրենսգիրք (քր.դատ.օր), ինչպես այն գործել է տվյալ ժամանակահատվածում
58. Քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1(a)-ին կետը («Քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ») սահմանում է, որ.
«Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե՝
(a) արարքի մեջ բացակայում է քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմը,…»:
59. Քրեական դատավարության օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին կետը («Զննության տեսակներն ու նպատակները») սահմանում է, որ միայն քննիչը կամ դատախազն իրավունք ունի իրականացնել դեպքի վայրի զննությունը, ինչպես նաև դիակի, ապացույցների կամ այլ փաստաթղթերի զննությունը, որոնք կապված են հանցագործության կատարման հետ: Քրեական դատավարության օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերը («Դեպքի վայրի զննություն») սահմանում են, որ.
«1. Դեպքի վայրի զննությունը պետք է իրականացվի այն վայրում, որտեղ հանցագործությունը կատարվել է կամ դրա հետքերը հայտնաբերվել են:
3. Այն անձը, ով կատարում է դեպքի վայրի զննությունը, պետք է այդտեղից վերցնի հայտնաբերված հետքերը, առարկաները կամ փաստաթղթերը…»:
60. Համաձայն քրեական դատավարության օրենսգրքի 366-րդ հոդվածի պահանջների՝ շահագրգիռ երրորդ կողմը նախօրոք պետք է տեղեկացվի դատախազի որոշմամբ քննիչի կողմից նշանակված դատաբժշկական փորձաքննության մասին, այնպես, որ կողմը կարողանա լիարժեք իրացնել իր այնպիսի իրավունքները, ինչպիսիք են հարցում իրականացնելը կամ լրացուցիչ փորձաքննություն նշանակելը:
B. Վրաստանում Մարդու իրավունքների վերաբերյալ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի 2006թ. մարտի 8-ի երկրի Զեկույցը
61. Վրաստանի «obshiak»-ի վերաբերյալ ԱՄՆ պետդեպարտամենտի նշված զեկույցի համապատասխան հատվածներ սահմանում են, որ.
««Օրենքով գողերը»՝ կազմակերպված հանցավորության ուժեղ խմբերի ցանցեր են, տարածված են բոլոր բանտերում և, որպես կանոն, զբաղված են դրամաշորթությամբ գումարային ֆոնդեր ստեղծելով, որը հայտնի է որպես obshiak՝ դատապարտյալների պարբերաբար վճարումներ, որը հիմնականում օգտագործվում է բանտային ծառայողներին և դատավորներին կաշառելու համար: Գեգուտի կոչվող քրեակատարողական հիմնարկում նույնիսկ պարեկային խումբը գիշերը խուսափել է հսկողություն իրականացնել, քանի որ վախեցել է «օրենքով գողերի» հարձակումից: Ոչ կառավարական կազմակերպությունները հայտնում են, որ շատ դատապարտյալներ նախընտրում են մնալ պատժիչ մեկուսարաններում «օրենքով գողերից» խուսափելու համար: Համաձայն Հանրային պաշտպանի գրասենյակի տվյալների՝ դատապարտյալները խուսափում են համագործակցությունից ֆիզիկական և հոգեբանական ահի ազդեցության պատճառով:
Պահակներին վճարվող գումարները և բանտային այլ վճարներն ավելի հաճախակի բնույթ են ձեռք բերել վերջին տարիներին: Ոչ կառավարական կազմակերպության, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանի գործադրած ճնշումները հասան գերագույն աստիճանի հատկապես Ս[.] Կ[.]-ի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելիս, ով Արդարադատության նախարարության ուղղիչ (պենիտենցիար) բաժնի ղեկավարն էր և մեղադրվում էր օրենքով գողերի հետ համագործակցելու, դատապարտյալներից գումարներ շորթելու կամ վերջիններիս ստորացնելու մեջ: Հանրային պաշտպանի գրասենյակը մեղադրում էր Կ[.]-ին ամսական ավելի քան 166 ԱՄՆ դոլար (մոտավորապես 300 հազար լարի) դատապարտյալներից obshiak վճարումներ կատարելու նպատակով շորթման մեջ: Նախարարությունը Կ[.]-ին մեղավոր է ճանաչել, ինչպես նաև նշված գործով քրեակատարողական հիմնարկի աշխատող երկու անձ ազատազրկման են դատապարտվել՝ մեկը դատապարտյալների հարազատներից գումար շորթելու համար, իսկ մյուսը ազատազրկման է դատապարտվել այն բանից հետո, երբ դատախազը և Հանրային պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչը հերթական ստուգումներն իրականացնելու նպատակով ժամանեցին նրա հսկողության տակ գտնվող ազատազրկման վայր…»:
ՕՐԵՆՔ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
62. Դիմողը գանգատներ է ներկայացրել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին կետի խախտման վերաբերյալ` այն մասով, որ իր որդին բանտում սպանվել է, որը քողարկվել է որպես ինքնասպանություն, իսկ իշխանություններն այս կապակցությամբ արդյունավետ քննություն չեն իրականացրել:
Վերոնշյալ հոդվածը սահմանում է.
«1. … Ոչ մեկին չի կարելի դիտավորությամբ զրկել կյանքից այլ կերպ, քան ի կատարումն դատարանի կայացրած դատավճռի` այն հանցագործության համար, որի կապակցությամբ օրենքով նախատեսված է այդ պատիժը»:
63. Կառավարությունը նշել է, որ այն դեպքում, երբ դիմողի որդին քրեակատարողական հիմնարկում ինքնասպանություն է գործել, պատասխանող պետությունը, որը չի կանխատեսել նման դժբախտ պատահարը, չպետք է մեղադրվի կատարվածի համար: Այսպես, Կառավարությունը պնդել է, որ Զուրաբ Ցինցաբաձեն երբեք գանգատներ չի ներկայացրել բանտում վատ վերաբերմունքի կամ այլ անհանգստությունների ենթարկվելու մասին. սպանության վերաբերյալ ոչ մի բժշկական եզրակացություն չկա: Հետևաբար, իշխանության մարմինները չէին կարող ենթադրել, որ այս դժբախտ պատահարը կարող էր տեղի ունենալ և, հետևաբար, այդ կապակցությամբ անվտանգության միջոցներ չէր կարող ձեռնարկել:
64. Կառավարությունն այնուհետև նշել է, որ դիմողի որդու մահվան կապակցությամբ իրականացվել են Կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները: Այսպես, քննությունն իրականացվել է անմիջապես դիակը հայտնաբերելուց հետո, հարցաքննվել են համապատասխան տեղեկություններ ունեցող բոլոր վկաները՝ Քոնի քրեակատարողական հիմնարկի դատապարտյալները և աշխատակիցները, իրականացվել է նաև դատաբժշկական փորձաքննություն: Դիմողը նաև հնարավորություն է ունեցել քննության արդյունքները բողոքարկել ներպետական դատարաններում: Այն պարզ փաստը, որ դիմողը դժգոհություն է արտահայտում քննության իրականացման վերաբերյալ, չի կարող իշխանությունների գործողությունների նկատմամբ կասկած հարուցել:
65. Բոլոր քննչական գործողություններից Կառավարությունը հատկապես ընդգծել է 2005թ. հոկտեմբերի 28-ով թվագրված նամակի բացումը: Ինչ վերաբերում է 2005թ. նոյեմբերի 10-ին «NFB»-ի կողմից ներկայացված պարզաբանմանը (տե՛ս վերը՝ կետեր 34 և 35), Կառավարությունը պնդել է, որ քննությամբ, ինչպես նաև անձամբ դիմողի կողմից հաստատվել է, որ 2005թ. հոկտեմբերի 28-ով թվագրված նամակի ձեռագիրը պատկանում է դիմողի որդուն:
66. Վրաստանի քրեակատարողական հիմնարկներում տարածված makurebeli-ների և «բանկի», ինչպես նաև դրանց գոյացման հարցում քրեակատարողական հիմնարկի վարչակազմի աշխատակիցների ունեցած դերի մասին Դատարանի առաջադրած հարցերին ի պատասխան՝ Կառավարությունը նշել է, որ Քոնի քրեակատարողական հիմնարկը նախատեսված է եղել պետական կամ իրավապահ մարմինների` դատապարտյալ աշխատակիցների համար, խոսակցական լեզվով ասած՝ «կարմիր զոնա» է և, այսպիսով, բացառվում է, որ այդտեղ դատապարտյալները լինեն հանցավոր աշխարհի ներկայացուցիչներ: Հետևաբար, խոսք չի կարող լինել մաֆիայի պարագլուխների, այսպես կոչված` «օրենքով գողերի», ինչպես նաև այլ անօրինական մեթոդների առկայության մասին:
67. Ի պատասխան դրան, դիմողը նախ նշել է, որ իր կարծիքով իր որդու մահվան կապակցությամբ քննությունն անարդյունավետ է եղել: Նա նշել է, մասնավորապես, 2005թ. հոկտեմբերի 28-ի նամակը հասցեագրված էր ոմն Նինոյի, սակայն իր որդու կնոջ անունը Մակա է: Դիմողը նաև նշել է X-ի և իր նախկին ամուսնու փաստարկներն այն մասին, որ իր որդին լուրջ խնդիրներ է ունեցել Քոնի քրեակատարողական հիմնարկի makurebeli-ների հետ, ինչով կարող է բացատրվել նրա մահվան պատճառը: Դիմողը պնդել է, որ իշխանությունները քննություն չեն իրականացրել հնարավոր սպանության բացահայտման ուղղությամբ:
68. Դիմողն այնուհետև պնդել է, որ Կառավարությունը խուսափել է Դատարանի կողմից քրեակատարողական հիմնարկում առկա վերոգրյալ երկու երևույթների մասին տեղեկություններ տրամադրելուց և միայն նշել է մաֆիայի պարագլուխների մասին: Սակայն դիմողը նշել է, որ «բանկի» պրակտիկան առկա է բոլոր քրեակատարողական հիմնարկներում, անկախ այն բանից՝ բանտը «կարմիր զոնա» է (այսինքն` այն բանտերը, որտեղ պահվում են պետական և իրավապահ մարմինների դատապարտյալ աշխատակիցները), թե «սև զոնա» (այսինքն` այն բանտերը, որտեղ իրենց պատիժն են կրում քրեորեն պատժելի արարք կատարած անձինք): Այսպիսով, պարզ է դառնում, որ «բանկը», որպես պարտադիր վճար, առկա է բոլոր բանտերում, բանտերի վարչակազմը տեղյակ է դրա մասին և նույնիսկ սեփական շահն ունի, իսկ «բանկին» վճարումներ կատարելը, բացառությամբ makurebeli-ների, պարտադիր է բոլոր դատապարտյալների համար: Բացի այդ ամսավճարներից, վճարման են ենթակա նաև մոլախաղերից ստացված գումարների որոշակի տոկոսները: «Բանկի» մի մասը վճարվում է բանտի վարչակազմին, իսկ վերջիններս դրա դիմաց թույլ են տալիս որոշակի առավելություններ (թղթախաղ, ցանկության դեպքում՝ ցանկացած պահի զանգահարել, ինչպես նաև բջջային հեռախոսներ պահել իրենց մոտ, ինչն ուղղակիորեն արգելված է օրենքով): Եթե բանտը «սև զոնա» է, ապա «բանկը» նաև օգտագործվում է մաֆիայի պարագլուխների տարբեր գործողությունների համար: Ինչ վերաբերում է makurebeli-ների դերին, դիմողը նշել է, որ առկա է «նայողների» երկու տեսակ՝ բանտախցային makurebeli և շենքի makurebeli: Բանտախցայինը հսկում է, որպեսզի իր հետ նույն խցի բանտարկյալները ժամանակին կատարեն իրենց վճարումները, իսկ շենքերի makurebeli-ները՝ ավելի բարձր մակարդակի ղեկավարում իրականացնողները, հսկում են ողջ բանտում իրականացվող վճարումները: Makurebeli-ները պարտադիր չէ, որ լինեն «կարմիր զոնայի» կամ «սև զոնայի» մաֆիայի պարագլուխների թվից, սակայն պետք է լինեն հեղինակություն վայելող դատապարտյալներ, որոնց նաև ընդունում է բանտի վարչակազմը:
69. Շարունակելով` դիմողը նշել է, քանի որ Քոնի քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը հանդիսանում է վերոնշյալ բանտային երևույթների մի մասը, ակնհայտ է, որ վերջիններս շահագրգռված չեն բացահայտել հետևյալ ճշմարտությունը՝ արդյո՞ք իր որդուն իրականում սպանել են makurebeli-ները` «բանկին» պարտք լինելու պատճառով: Դիմողը նաև գանգատներ է ներկայացրել այն կապակցությամբ, որ իշխանությունները չեն վերսկսել քրեական գործի վարույթն այն պայմաններում, որ 2006թ. սկզբին իր որդու մահվան կապակցությամբ նոր հանգամանքներ են բացահայտվել:
A. Ընդունելիություն
70. Դատարանը նշում է, որ այս գանգատը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով ակնհայտ անհիմն չէ: Ապա այն նշում է, որ գանգատը որևէ այլ հիմքով անընդունելի չէ: Հետևաբար, այն պետք է ընդունելի համարվի:
B. Հանգամանքները
1. Ընդհանուր սկզբունքներ
71. Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին կետը պետություններին պարտավորեցնում է ոչ միայն ձեռնպահ մնալ անձանց կյանքի նկատմամբ անօրինական և դիտավորյալ ոտնձգություններից, այլ նաև սահմանում է, որ պետությունները պետք է իրենց իրավազորության ներքո գտնվող անձանց կյանքի պաշտպանության համար համապատասխան քայլեր ձեռնարկեն (տե՛ս, ի թիվս այլնի, Osman v. the United Kingdom, 1998թ. հոկտեմբերի 28, կետ 115, Reports of Judgments and Decisions 1998-VIII):
72. Կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված պաշտպանության լույսի ներքո, Դատարանը պետք է կյանքից զրկելու փաստին վերաբերվի զգուշորեն` հաշվի առնելով ոչ միայն պետական մարմինների գործողությունները, այլև այդ կապակցությամբ առկա բոլոր հանգամանքները: Ազատությունից զրկված անձինք խոցելի են, և իշխանությունները պետք է վերջիններիս պաշտպանության տակ առնեն: Հետևաբար, այն դեպքում, երբ անձն ազատությունից զրկվում է առողջ և առանց վնասվածքների, իսկ ազատ արձակվելու ժամանակ նրա մոտ հայտնաբերվում են վնասվածքներ, ապա դրանց առաջացման վերաբերյալ բացատրություն տալը պետությունների պարտականությունն է (տե՛ս Selmouni v. France [GC], գանգատ թիվ 25803/94, կետ 87, ECHR 1999-V): Պետության վրա դրված այս պարտականությունն ավելի լուրջ բնույթ է ստանում այն դեպքում, երբ ազատազրկված անձը մահանում է (տե՛ս Keenan v. the United Kingdom, գանգատ թիվ 27229/95, կետ 91, ECHR 2001-III և Salman v. Turkey [GC], գանգատ թիվ 21986/93, կետ 99, ECHR 2000-VII):
73. Որպես ապացուցման գնահատական՝ Դատարանն օգտագործում է «հիմնավոր կասկածից վեր» չափանիշը (տե՛ս Ireland v. the United Kingdom, 1987թ. հունվարի 18, կետ 161, Series A, գանգատ թիվ 25): Սակայն նման ապացույցը պետք է հիմնված լինի ուժեղ, պարզ և փոխկապակցված հանգամանքների կամ այլ անհերքելի փաստարկների վրա: Երբ քննարկվող խնդրի հանգամանքները, ներառյալ նաև իշխանությունների ներկայացրած փաստերը, ամբողջովին կամ մասամբ մտացածին են, հատկապես այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է ազատությունից զրկված անձանց նկատմամբ հսկողությանը, լուրջ կասկածներ կառաջանան վերոնշյալ անձանց մոտ վնասվածքների առկայության կամ մահվան դեպքում: Իրականում, բավարար և համոզիչ բացատրություններ ներկայացնելու համար ապացուցման պարտականության բեռը կարող է դրվել իշխանությունների վրա (տե՛ս վերը նշված` Salman, կետ 100 և Ertak v.Turkey, գանգատ թիվ 20764/92, կետ 32, 2000-V ECHR):
74. Կոնվենցիայի 2-րդ հոդվածով սահմանված կյանքի իրավունքի պաշտպանությունն անուղղակիորեն պետությունից պահանջում է անձանց մահվան կապակցությամբ պաշտոնապես օբյեկտիվ քննություն իրականացնել: Նման քննություն իրականացնելու պարտականությունը ծագում է բոլոր դեպքերում՝ սպանության կամ կասկած հարուցող մահվան դեպքերում՝ անկախ նրանից, թե հանցանք կատարած անձինք անհատներ են, թե պետական մարմիններ կամ անհայտ անձինք (տե՛ս Menson v. the United Kingdom (dec.), գանգատ թիվ 47916/99, ECHR 2003-V և Nachova and Others v. Bulgaria [GC], գանգատ թիվ 43577/98 and 43579/98, կետ 110, ECHR 2005-VII):
75. Քննությունն արդյունավետ կարող է համարվել այն դեպքում, երբ հնարավոր կլինի քննությամբ ձեռք բերված փաստերը համադրել և հանցանք կատարած անձանց պատասխանատվության ենթարկել: Իշխանությունները, հավանաբար, տեղի ունեցած իրադարձությունը բացահայտելու համար պետք է ձեռնարկեն հասանելի, խելամիտ քայլեր՝ վկաների հարցաքննություն, դատաբժշկական փորձաքննության նշանակում, ինչպես նաև դիահերձում, ինչը թույլ կտա բացահայտել առկա վնասվածքների ամբողջական և իրական պատկերը, ինչպես նաև մահվան պատճառը (տե՛ս վերը նշված` կետ 106, Tanrıkulu v. Turkey [GC], գանգատ թիվ 23763/94, կետ 109, ECHR 1999-IV և GՖl v. Turkey, գանգատ թիվ 22676/93, կետ 89, 2009թ. դեկտեմբերի 14): Քննության եզրակացությունը պետք է հիմնված լինի գործով առկա փաստերի ամբողջական, օբյեկտիվ և անկողմնակալ վերլուծության վրա: Քննության ընթացքում կիրառման ենթակա միջոցները բացարձակ իրավունք չեն սահմանում մեղադրելու կամ դատապարտելու համար և քննության ընթացքում ցանկացած խախտում կամ հանցանք կատարած անձին չհայտնաբերելը դիտվում է որպես արդյունավետության պահանջի խախտում (տե՛ս Esat Bayram v. Turkey, գանգատ թիվ 75535/01, կետ 47, 2009թ. մայիսի 26 և Ramsahai and Others v. the Netherlands [GC], գանգատ թիվ 52391/99, կետ 321, ECHR 2007-VI).
76. Քննությունն արդյունավետ համարելու համար այն իրականացնող պատասխանատու մարմիններն օրենքով և գործնականում պետք է անկողմնակալ և անկախ լինեն: Սա նշանակում է, որ ոչ միայն ենթակարգային կապի, այլ պրակտիկ գործունեության մեջ այս մարմինները պետք է անկախ լինեն (տե՛ս վերը նշված` Ramsahai and Others, կետեր 325 և 333-346, Scavuzzo-Hager and Others v. Switzerland, գանգատ թիվ 41773/98, կետեր 78 և 80-86, 2006թ. փետրվարի 7): Անհրաժեշտ է նաև հասարակության անդամներին ինչպես քննության, այնպես էլ դրա արդյունքների վերաբերյալ համապատասխան տեղեկություններով ապահովել, հասարակության անդամների մոտ վստահություն առաջացնել օրենքի գերակայության նկատմամբ, ինչպես նաև բացառել հանցավոր համագործակցությունը կամ հանցավոր արարքների նկատմամբ հանդուրժողական վերաբերմունք ցուցաբերելը: Բոլոր դեպքերում, տուժողները պետք է ներառվեն քննության մեջ` վերջիններիս օրինական շահերն ապահովելու նպատակով (տե՛ս, օրինակ, GՖleջ v. Turkey, 1998թ. հուլիսի 27, կետ 82, Reports 1998-IV):
2. Սույն գործի վերաբերյալ բողոքը
77. Անկասկած, դիմողի որդու մահվան կապակցությամբ անմիջապես և անհապաղ իրականացվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները, ինչպիսիք են դեպքի վայրի զննությունը, դիահերձումը և տարբեր վկաների հարցաքննությունը: Դատարանը, սակայն, նշում է, որ այս միջոցառումներն ինչպես քննության սկզբում, այնպես էլ դրա հետագա ընթացքում իրականացվել են որոշակի բացթողումներով: Հետևաբար, Զուրաբ Ցինցաբաձեի կասկածահարույց մահվան վերաբերյալ շատ հարցեր անպատասխան են մնացել:
(a) Ինքնասպանության վերաբերյալ պաշտոնապես հայտարարված վարկածի բացթողումները
78. Նախ Դատարանը նշում է, որ դիմողի որդին մահացած հայտնաբերվել է Քոնի քրեակատարողական հիմնարկում, որի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Արդարադատության նախարարությունը (տե՛ս վերը՝ կետ 9): Նույնիսկ քննության չառնելով դատապարտյալի կյանքը դիտավորությամբ խլելու վարկածը, պետք է նշել, որ սույն գործի կոնկրետ հանգամանքներից ելնելով պետք էր պարզել, թե արդյոք մահվան կապակցությամբ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը որևէ գործառութային բացթողում ունեցե՞լ է, թե՝ ոչ: Դատարանն այնուհետև ընդգծում է, որ բոլոր կարևոր քննչական գործողություններն իրականացվել են Արևմտյան Վրաստանի քննչական բաժնի կողմից, որի ներկայացրած արդյունքները հաստատել է դատախազը` առանց գործը կարճելու վերաբերյալ լրացուցիչ գործողություններ ձեռնարկելու (տե՛ս վերը՝ կետեր 10 և 38): Քննություն և հսկողություն իրականացնող մարմինների միջև նման կապը, Դատարանի կարծիքով, օրինական կասկածի տակ է դնում քննության անկախությունը (տե՛ս Ergi v. Turkey, 1998թ. հուլիսի 28, կետեր 83-84, Reports 1998-IV և վերը նշված Scavuzzo-Hager, կետեր 78 և 80-86): Այս կասկածները նաև հաստատվում են սույն գործի ընթացքում քննության փաստացի իրականացմամբ:
79. Այսպիսով, սույն գործի վերաբերյալ փաստերի մանրակրկիտ ուսումնասիրությունը հանգում է նրան, որ քննության ընթացքում եղել են բազմաթիվ բացթողումներ: Հատկապես ի խախտումն քրեական դատավարության օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին կետի և 335-րդ հոդվածի 1-ին կետի պահանջների՝ այն վայրը, որտեղ հայտնաբերվել է Զուրաբ Ցինցաբաձեի դին, մինչև քննության մարմինների ժամանելը չի փակվել (տե՛ս վերը՝ կետ 59 և Vachkovi v. Bulgaria, գանգատ թիվ 2747/02, կետ 91, 2010թ. հուլիսի 8): Դատարանը հատկապես ապշած է, որ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը, որոնց մասին նշված է սույն գործում, կարողացել է դեպքի վայրից դուրս բերել հանգուցյալի կոշիկները, աթոռները, որպես պարան օգտագործված սավանը, որը դիմողի որդին ենթադրաբար օգտագործել էր ինքնասպան լինելու համար, ինչպես նաև դիակի հագուստի գրպաններից հանված առարկաները (տե՛ս վերը՝ կետ 11): Ցավալի է նաև, որ վարույթն իրականացնող և դատական մարմինները, անտեսելով դիմողի բազմաթիվ միջնորդությունները, չեն շտկել քննության այդ բացթողումները (տե՛ս վերը՝ կետեր 39 և 41): Դատարանն այս կապակցությամբ նշում է, որ անհասկանալի է, թե ինչու քննության ընթացքում չեն առգրավվել դեպքի վայրից վերցված աթոռները, որոնք անհերքելի է, որ առանձնակի կարևորություն կունենային քննության համար (տե՛ս վերը՝ կետ 11):
80. Դատարանը նաև ապշած է, որ, ինչպես նշել է դիմողը, իշխանությունները, հանգուցյալի մատնահետքի նույնացման համար, մատնահետքեր չեն վերցրել աթոռներից, դռնից կամ պահեստարանային տարածքի կողպեքից (տե՛ս վերը՝ կետ 39): Դատարանը չի կասկածում, որ նման պարզ, սակայն սույն դեպքի համար կարևոր գործողությունները կարող էին լույս սփռել, թե արդյոք Զուրաբ Ցինցաբաձեն մտե՞լ էր պահեստարանային տարածք կամ նախապատրաստվե՞լ էր, արդյոք ինքնասպանությանը (տե՛ս Beker v. Turkey, գանգատ թիվ 27866/03, կետ 47, 2009թ. մարտի 24): Նաև ցավալի է, որ, անտեսելով շրջանային դատախազի պարզ և շատ կարևոր հանձնարարությունները, Նախարարության քննչական բաժինն այդպես էլ չի հարցաքննել Քոնի քրեակատարողական հիմնարկի պահակախմբին, որը 2005թ. սեպտեմբերի 30-ին իր ծառայողական պարտականություններն էր իրականացնում, հսկում էր պահեստարանային տարածքը և կարող էր նաև դիմողի որդու մահվան կապակցությամբ ցուցմունքներ տալ (տե՛ս վերը՝ կետ 33):
81. Քննության մյուս կարևոր բացթողումն այն է, որ իշխանությունները, չպահպանելով քրեական դատավարության օրենսգրքի 336-րդ հոդվածի պահանջները, ո՛չ դիմողին, ո՛չ նրա ամուսնուն չեն հայտնել իրենց որդու դատաբժշկական փորձաքննության արդյունքների մասին: Դեռ հակառակը, իշխանությունները նրանց ներկայացրել են արդեն հաստատված փաստերը, ex post facto մահվան պատճառը բացահայտող «NFB» կատարված փորձաքննության արդյունքները: Այն, որ դիմողը որպես շահագրգիռ երրորդ կողմ չի մասնակցել նման կարևոր քննչական գործողությանը, խոչընդոտել է վերջինիս իրավունքների իրացմանը, ինչպես նաև սահմանափակել հասարակության անդամների մասնակցությունը, ինչի հետևանքով կասկածի տակ են դրվում այս գործողության արդյունքները (տե՛ս վերը նշված` mutatis mutandis, Beker, կետեր 49 և 51-52):
82. Դատարանն այնուհետև նշում է, որ երկու փորձաքննությունների՝ «NFB»-ում կատարված փորձաքննության, որն իրականացվել է սահմանված կարգի խախտմամբ, քանի որ շահագրգիռ երրորդ կողմը չի մասնակցել այդ գործողությանը (տե՛ս նախորդ կետը) և Զուրաբ Ցինցաբաձեի մահվան կապակցությամբ նշանակված դատաբժշկական լրացուցիչ փորձաքննության, որն իրականացվել է արդեն դիմողի և Հանրային պաշտպանի գրասենյակի ներկայացուցչի մասնակցությամբ, միջև ակնհայտ տարբերություններ են առկա (տե՛ս վերը նշված` mutatis mutandis, Beker, կետ 49 և GՖleջ, կետ 82): Մասնավորապես, դատաբժշկական լրացուցիչ փորձաքննությունը հաստատել է, որ դիակի պարանոցի շրջանի վնասվածքի հետ առկա է նաև այլ վնասվածք, որն առաջացել է բութ գործիքի հարվածից (տե՛ս վերը՝ կետ 30): Ակնհայտ է, որ այդ վնասվածքի մանրամասն և բազմակողմանի ուսումնասիրությունը կարող էր լույս սփռել, մի կողմից, պաշտոնապես հայտարարված ինքնասպանության վարկածի, մյուս կողմից` սպանության վերաբերյալ դիմողի հավաստումների վրա: Ցավալի է, որ քննություն իրականացնող մարմիններն ի զորու չեն բացատրել նշված երկու փորձաքննությունների միջև եղած տարբերությունների պատճառը: Օրինակ, ինչպես նշել է շրջանային դատախազը (տե՛ս վերը՝ կետ 33), քննիչը կարող էր այդ վնասվածքների ծագման մասին տեղեկանալ գործով չշահագրգռված փորձագետին հարցաքննելիս կամ Պետական փորձագետի կողմից շարադրված փաստարկները համադրելիս: Սակայն այն, որ որոշում կայացնելիս հիմք են ընդունվել միայն փորձագետի բանավոր բացատրությունները, Դատարանին հիմք է տալիս ասելու, որ քննությունը միակողմանի է իրականացվել (տե՛ս վերը նշված՝ Esat Bayram, կետ 51):
83. Վերջապես, ինչ վերաբերում է 2005թ. հոկտեմբերի 28-ի՝ Զուրաբ Ցինցաբաձեի կողմից կնոջն ուղղված նամակին, որի վրա հենվելով` իշխանության մարմինները հաստատված համարեցին ինքնասպանության վարկածը, Դատարանը գտնում է, որ գործում առկա ապացույցների մեծ մասը նույնիսկ մեղմ քննադատությանը չի կարող դիմակայել: Առաջինը, նամակի վրա նշված է 2005թ. սեպտեմբերի 30, ինչը քննիչը բացատրում են այն բանով, որ դիմողն «անկասկած» շփոթել էր ամսվա օրը: Քննիչի այս փաստարկը հիմնված է միայն ենթադրությունների վրա: Երկրորդը, եթե նույնիսկ ենթադրենք, որ դատապարտյալը մոռացել էր ամսվա օրը, ապա դժվար է պատկերացնել, որ նա մոռացել էր նաև իր կնոջ անունը, ում պատճառով էլ ինքնասպան էր եղել: Բացի դրանից, Դատարանը նշում է, որ հանգուցյալի նախկին կնոջ անունը Մակա է, իսկ քննարկվող նամակն ուղղված է եղել Նինոյին (տե՛ս վերը` կետեր 7 և 34): Եթե նամակն ուղղված է եղել հանգուցյալի ընկեր Նինոյին, ով ենթադրաբար գումար էր ուղարկել դիմողի որդուն (տե՛ս վերը` կետ 43), ապա ակնհայտ անհասկանալի է, թե ինչու քննության ընթացքում այդ կինը չի հարցաքննվել դիմողի որդու հետ կապը բացահայտելու համար: Հատկանշական է, որ դիմողը բազմիցս գանգատներ է ներկայացրել այն կապակցությամբ, որ քննության ընթացքում անուշադրության է մատնվել այն փաստը, որ իր որդու հագուստի գրպանները խուզարկվել են բանտի վարչակազմի կողմից և հայտնաբերվել ընդամենը երեք առարկա` ծխախոտի տուփ, կրակայրիչ և ցավազրկող հաբեր (տե՛ս վերը` կետեր 11 և 39): Սա հաշվի առնելով` քննության ընթացքում փորձ չի կատարվել պարզել, թե հնարավո՞ր էր, արդյոք, որ դիահերձարանի սառնարանում ավելի քան մեկ ամիս` 2005թ. հոկտեմբերի 1-3-ից մինչև նոյեմբերի 8-ը, հանգուցյալի գրպանից ընկած նամակն աննկատ մնար, այն դեպքում, երբ դիահերձարանի սառնարանը ամիսը երկու-երեք անգամ մաքրվում է (տե՛ս վերը` կետեր 16 և 34-36): Բացի դրանից, անտեսելով դիմողի բազմաթիվ միջնորդությունները` քննություն իրականացնող մարմինները նամակը չեն ենթարկել ձեռագրաբանական և/կամ հետքաբանական փորձաքննության: Այս կապակցությամբ Կառավարությունը կարող է մատնանշել միայն 2005թ. նոյեմբերի 10-ին «NFB»-ում կատարված փորձաքննությունը (տե՛ս վերը` կետեր 34-35 և 65), որը, սակայն, չի ապացուցում, որ նամակը գրել է դիմողի որդին, քանի որ ձեռագրաբանական փորձաքննություն չի նշանակվել:
84. Վերոգրյալ բացթողումները և քննության ընթացքում տեղ գտած անբացատրելի անհամապատասխանությունները Դատարանի համար բավարար են հանգելու այն եզրակացությանը, որ իշխանության մարմինների կողմից բացահայտված ինքնասպանությունը չի համապատասխանում դիմողի կողմից ներկայացված փաստերին: Դատարանը, կիսելով դիմողի մտահոգությունները, այսպիսով համոզիչ չի համարում Զուրաբ Ցինցաբաձեի մահվան վերաբերյալ բացատրությունները (տե՛ս վերը նշված Beker, կետ 51):
(b) Հնարավոր սպանությունը համապատասխան քննության չառնելը
85. Դատարանը կրկնում է, որ քննությունն արդյունավետ համարվելու համար դրա եզրակացությունը պետք է հիմնված լինի գործի բոլոր հանգամանքների ամբողջական, օբյեկտիվ և անկողմնակալ ուսումնասիրության վրա: Այն, որ քննությունը չի իրականացվել ակնհայտ ուղղությամբ` կասկածի տակ է դնում, որ հանցագործության բոլոր հանգամանքներն են ուսումնասիրվել, իսկ մեղավոր անձինք` հայտնաբերվել (տե՛ս Kolevi v. Bulgaria, գանգատ թիվ 1108/02, կետ 201, 2009թ. նոյեմբերի 5):
86. Վերադառնալով սույն գործի հանգամանքներին` Դատարանը նշում է, որ դիմողը ներպետական իշխանության մարմիններին բազմիցս հայտնել է, որ բացառում է իր որդու ինքնասպան լինելը և ավելի հավանական է համարում, որ նրան սպանել են, իսկ Քոնի քրեակատարողական հիմնարկի վարչակազմը հանցանքը թաքցնելու համար հայտարարել է ինքնասպանության մասին: Դիմողի այս հայտարարությունները չի կարելի անհիմն համարել, քանի որ դրանք բխում են կուռ, պարզ և փոխկապակցված փաստերից, իսկ իշխանության մարմինները դրանք չեն հերքել:
87. Հատկապես քննության սկզբում` առաջին հարցաքննության ժամանակ, դիմողը համապատասխան փաստեր նշելով` հայտնել է, որ իր որդին խնդիրներ ուներ Քոնի քրեակատարողական հիմնարկի անօրինական դրամական ֆոնդի` «բանկի» հետ և վճարումներ կատարելու համար անընդհատ իր հարազատներից գումար էր խնդրում (տե՛ս վերը` կետեր 29 և 32):
88. Դատարանը նշում է, որ դիմողը միակը չէր, որ ինքնասպանության վարկածը կասկածի տակ էր դնում, իսկ Քոնի քրեակատարողական հիմնարկի մեկ այլ դատապարտյալ` X-ը, այս կապակցությամբ բավականին տեղեկություններ ուներ: Մասնավորապես, X-ը Հանրային պաշտպանի գրասենյակ և Նախարարության քննչական բաժին հայտնել էր Զուրաբ Ցինցաբաձեի և Քոնի քրեակատարողական հիմնարկի ազդեցիկ այլ դատապարտյալների` makurebeli-ների հետ ունեցած վիճաբանության մասին, որն առաջացել էր այն պատճառով, որ Զուրաբ Ցինցաբաձեն «բանկին» չէր վճարել համապատասխան գումարները: X-ը մանրամասն նկարագրել է, թե ինչպես բանտի երկու makurebeli-ները` Վ.Տ-շվիլին և Զ.Լ.-իանին, անընդհատ անհանգստացնում էին դիմողի որդուն` պահանջելով, որպեսզի նա վերադարձնի «բանկին» պարտք 80 լարին, ինչը վերջինս պարտքով վերցրել էր Ericsson T10 մակնիշի հեռախոսը գնելու համար: Համաձայն X-ի` դիմողի որդուն makurebeli-ները նախորդ երկու անգամ ծեծի էին ենթարկել: Դատապարտյալը, որպես ականատես, նաև մանրամասն նկարագրել է 2005թ. սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած իրադարձությունները, մասնավորապես, նա տեսել է, որ դիմողին նախ կանչել են makurebeli-ների հետ զրույցի, որից հետո սենյակից քաշելով դուրս են հանել անգիտակից վիճակում գտնվող` դիմողի որդու մարմինը, իսկ այնուհետև makurebeli-ները և մեկ այլ դատապարտյալ` Ա.Բ.-իանին, տարել են Զուրաբ Ցինցաբաձեի մարմինը դեպի պահեստարանային տարածք (ավելի մանրամասն տե՛ս վերը` կետեր 47-50):
89. Պետք է նշել, որ X-ը քննության սկզբում ոչ մի տեղեկություն չի հայտնել հնարավոր սպանության վերաբերյալ: Սակայն նրա լռությունը կարելի է հասկանալ, քանի որ, ինչպես ինքն է նշել, վախենում էր նման հայտարարություն անել: Դատարանն առանձին չի անդրադառնում գործի քննության ժամանակ Վրաստանի բանտերում հայտնի անօրինական մեթոդներին, հասարակ դատապարտյալների կամ մաֆիայի պարագլուխների կամ բանտի վարչակազմի միջև վախի մթնոլորտին (տե՛ս վերը` Վրաստանում մարդու իրավունքների վերաբերյալ ԱՄՆ պետական դեպարտամենտի զեկույցը, կետ 61), ինչպես նաև դիմողի կողմից վառ նկարագրված ոչ պաշտոնապես արտոնյալ դատապարտյալներին, որոնց անվանում էին makurebeli (տե՛ս վերը` կետեր 66-68): Մասնավորապես, ինչպես նշել է Զուրաբ Ցինցաբաձեի հայրը, երբ նա 2005թ. նոյեմբերի 1-ին այցելել է Քոնի քրեակատարողական հիմնարկ որդու դիակը վերցնելու համար, X-ը մոտեցել է նրան` կարծես ցանկանալով ինչ-որ բան հայտնել, սակայն չի կարողացել, քանի որ իրենց հանդիպմանը մոտիկից հետևում էին makurebeli-ները (տե՛ս վերը` կետ 68): Իրականում Դատարանը գտնում է, որ այս փաստարկները չի կարելի անհավանական համարել, քանի որ պարզ է, որ X-ը լինելով makurebeli-ների և բանտի վարչակազմի իշխանության ներքո և նրանց մեղավորության մասին տեղեկություններ իմանալով` վախեցել է այդ քայլը կատարել, իսկ հանգուցյալի ծնողներին կարողացել է միայն հեռախոսով համապատասխան ակնարկներ անել (տե՛ս վերը` կետեր 43, 46 և 49): Վախի նույն հանգամանքը կարող էր ազդել նաև Վ.Մ.-շվիլիի վրա, որը, հավանաբար, ևս ներկա է գտնվել 2005թ. սեպտեմբերի 30-ին Զուրաբ Ցինցաբաձեի մահվանը նախորդող կասկածելի իրադարձություններին (տե՛ս վերը` կետեր 47, 64 և 57):
90. Դատարանն այս կապակցությամբ չի կարող անտեսել այն հանգամանքը, որ Զուրաբ Ցինցաբաձեի դիակը հայտնաբերելուց անմիջապես հետո, նախքան դիակի դատաբժշկական փորձաքննությամբ մահվան պատճառի պարզաբանումը, քրեակատարողական հիմնարկի պետը, քննության նկատմամբ անկողմնակալություն և օբյեկտիվություն ցուցաբերելու փոխարեն, բացահայտ առաջ է քաշել ինքնասպանության վարկածը` որպես կասկածելի մահվան միակ հնարավոր տարբերակ. բավական կասկածելի է, որ սկզբից ևեթ պետը նույնիսկ կարողացել է հստակ որոշել ինքնասպանության պատճառը, մասնավորապես նշել է, որ Զուրաբ Ցինցաբաձեն լուրջ խնդիրներ ուներ նախկին կնոջ հետ (տե՛ս վերը` կետեր 17 և 45): Հետևաբար, դատարանը չի բացառում, որ քրեակատարողական հիմնարկի պետի այս դիրքորոշումը լուրջ ազդեցություն կարող էր ունենալ բանտի ամբողջ անձնակազմի, ինչպես նաև X-ի վրա, քանի որ վերջիններս անմիջականորեն գտնվել են նրա իշխանության և հսկողության ներքո:
91. Ամեն դեպքում, այն հարցը, թե ինչու է X-ին հանցանքի կատարման մեջ մեղադրող փաստարկներ ներկայացրել այն ժամանակ, երբ քննությունն արդեն ավարտված էր, սույն գործին այդքան էլ վերաբերելի չէ: Ինչ նշանակություն կարող էին ունենալ քննության ավարտից երեք ամիս հետո ներկայացված այդ փաստարկներն այն դեպքում, երբ իրավապահ մարմիններն արդեն հաստատված են համարել ինքնասպանության փաստը (տե՛ս վերը` 84), այն դեպքում, երբ փաստարկներում կային Զուրաբ Ցինցաբաձեի մահվան վերաբերյալ լուրջ և հավանական հավաստումներ: Հետևաբար, իշխանությունների անմիջական պարտականությունն էր Հանրային պաշտպանի գրասենյակ կատարված հարցման, ինչպես նաև այլ անձանց կողմից X-ին հանցանքի կատարման մեջ մեղադրող փաստարկների վերաբերյալ օբյեկտիվ քննություն իրականացնել (տե՛ս Brecknell v. the United Kingdom, գանգատ թիվ 32457/04, կետեր 70-71, 2007թ. նոյեմբերի 27): Եթե գեթ մեկ բողոքի առկայությունը բավարար էր X-ին դրամաշորթության համար մեղադրանք առաջադրելու համար (տե՛ս վերը` կետ 44), ապա տրամաբանական հարց է ծագում, թե ինչու makurebeli-ների և Քոնի քրեակատարողական հիմնարկի վարչակազմի դեմ Զուրաբ Ցինցաբաձեի մահվան կապակցությամբ քննություն չի իրականացվել:
92. Դատարանն այնուհետև նշում է, որ Նախարարությունը գործի վերաբերյալ կարևոր տեղեկություններն ստանալուն պես ձեռնամուխ չի եղել նոր օբյեկտիվ և բազմակողմանի քննության իրականացմանը, այլ ընդամենը բավարարվել է Վ.Տ.-շվիլիի և Զ.Լ.-իանիի հարցաքննությամբ: Բացի դրանից, հաշվի չառնելով մի շարք լուրջ հանգամանքներ, որոնց ուսումնասիրության դեպքում կարելի էր սպանություն կատարելու կասկածի տակ առնել այդ երկու անձանց (տե՛ս Anguelova v. Bulgaria, գանգատ թիվ 38361/97, կետ 120, ECHR 2002-IV), իշխանության քննչական մարմիններն ուղղակի արձանագրել են Քոնի քրեակատարողական հիմնարկում իրենց ոչ պաշտոնական կարգավիճակի վերաբերյալ Վ.Տ.-շվիլիի և Զ.Լ.-իանիի հայտարարությունները մասնավորապես այն մասին, որ իրենք makurebelis չեն, իսկ «բանկ» կոչվող երևույթն ընդհանրապես գոյություն չունի (տե՛ս վերը` կետ 51): Իշխանությունները նույնիսկ չեն հերքել կամ ապացուցել X-ի հավաստումները: Օրինակ` իշխանությունները կարող էին գործին վերաբերող տեղեկություններ ստանալու համար զրուցել պաշտպան Ն.Ա.-ձեի հետ, ով, ինչպես հայտնի է գործում առկա տվյալներից, հանդիսանում է դիմողին և X-ին կապող անձ` վերջինիս հայտնած տեղեկությունների վերաբերյալ լրացուցիչ բացատրություններ ստանալու համար (տե՛ս վերը` կետեր 32 և 49), դիմողի քույրը կարող էր հարցաքննության ենթարկվել, քանի որ վերջինիս հայտնի էին իր հանգուցյալ զարմիկի պարտքերի վերաբերյալ տեղեկությունները (տե՛ս վերը` կետ 29) և, վերջապես, իշխանություններն անտեսել են, որ հիմնական կասկածվող անձանցից մեկը` Զ.Լ.-իանին, կապ ունի քրեակատարողական հիմնարկի պետի` Ա.Լ.-իանիի հետ և վերջինիս հայտնած տեղեկությունները ենթակա են ստուգման (տե՛ս վերը` կետ 54):
93. Վերոգրյալ դատողությունները բավարար են, որպեսզի առանց մյուս հանգամանքների բացահայտման Դատարանը, պաշտոնապես հաստատված ինքնասպանության վերաբերյալ վարկածի հետ մեկտեղ, համոզիչ համարի նաև դիմողի դատողություններն այն մասին, որ իրականում սպանություն է կատարվել, ինչը թաքցնելու համար արարքը որակվել է որպես ինքնասպանություն (տե՛ս Vachkovi, կետեր 86 և 88 և վերը նշված Kolevi, կետ 201):
(c) Եզրակացություն
94. Վերոգրյալի լույսի ներքո, Դատարանը գտնում է, որ դիմողի որդու մահվան կապակցությամբ իրականացված քննությունն անկախ, օբյեկտիվ կամ արդյունավետ չի եղել:
95. Դատարանն այսպիսով եզրակացնում է, որ Պատասխանող պետությունը չի կարողացել ապացուցման բեռը վերցնել իր վրա և բավարար ու համոզիչ վարկածներ առաջ քաշել Զուրաբ Ցինցաբաձեի սպանության վերաբերյալ, ինչի համար արդեն Պետությունը պատասխանատվություն է կրում: Նշվածից հետևում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում (տե՛ս Mojsiejew v. Poland, գանգատ թիվ 11818/02, կետ 65, 2009թ. մարտի 24 և վերը նշված Beker, կետեր 53 և 54):
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ԵՎ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
96. Հղում կատարելով Կոնվենցիայի 2-րդ հոդվածի հետ զուգակցված 3-րդ և 13-րդ հոդվածներին՝ դիմողը կրկնել է իր որդու մահվան և այդ կապակցությամբ իրականացված անարդյունավետ քննության վերաբերյալ ներկայացրած գանգատները:
97. Սակայն հիմք ընդունելով այն, որ դիմողը հիմնական գանգատները ներկայացրել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի վերաբերյալ և հաշվի առնելով սույն գործի առանձնահատկությունները` Դատարանը գտնում է, որ անհրաժեշտություն չկա առանձին քննության առնել Կոնվենցիայի 3-րդ և 13-րդ հոդվածների վերաբերյալ ներկայացված գանգատները (որպես օրինակ` Dzamashvili v. Georgia, գանգատ թիվ 18183/05, կետ 72, 2010թ. հունիսի 8 և Abdullah Yılmaz v. Turkey, գանգատ թիվ 21899/02, կետ 77, 2008թ. հունիսի 17):
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄ
98. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը սահմանում է.
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
A. Վնասը
99. Դիմողը որպես պատճառված բարոյական վնասի փոխհատուցում պահանջել է 12000 եվրո:
100. Կառավարությունը պահանջվող գումարը չափից շատ է համարել:
101. Դատարանն առանց կասկածի նշում է, որ դիմողը հոգեկան տառապանքներ է կրել այն պատճառով, որ Պետության իշխանական մարմինները չեն կատարել իրենց պարտականությունները, ինչը հանգեցրել է դիմողի որդու մահվան: Հիմք ընդունելով վերոգրյալը` Դատարանը որոշեց որպես ոչ նյութական վնասի հատուցում տրամադրել 15000 եվրո, գումարած ցանկացած հարկ, որը կարող է գանձվել ոչ նյութական վնասի կապակցությամբ:
B. Ծախսեր և ծախքեր
102. Դիմողը պահանջել է 1,450 եվրո և 2,200 Միացյալ Թագավորության ֆունտ ստեռլինգ ((GBP) – EUR 2,570)` որպես Դատարանում կրած ծախսերի, մասնավորապես, որպես վրացի և բրիտանացի իրավաբաններին վճարված գումարների փոխհատուցում (տե՛ս վերը՝ կետ 2): Այս գումարները հաշվարկված են իրավաբաններին յուրաքանչյուր ժամի համար վճարված գումարների հիման վրա. 29 ժամից յուրաքանչյուր ժամի համար վրացի իրավաբաններին վճարվել է 50 եվրո (EUR), իսկ բրիտանացի իրավաբաններին 22 ժամից յուրաքանչյուր ժամի համար 100 բրիտանական ֆունտ ստեռլինգ (GBP): Ներկայացված վճարները համապատասխանում են նման իրավաբանական օգնության համար վճարվող գումարներին: Ինչ վերաբերում է բրիտանացի իրավաբաններին վճարված գումարներին, ապա դիմողը նշում է, որ 2008թ. փետրվարի 15-ին պրն Բովրինգն իրենից երկու ժամվա համար պահանջել է 200 բրիտանական ֆունտ ստեռլինգ (GBP) գործի նյութերին ծանոթանալու համար: Վճարումների այլ կտրոններ կամ հաշվարկներ չեն ներկայացվել:
103. Դիմողը պահանջել է 175 բրիտանական ֆունտ ստեռլինգ (GBP)` 204 եվրո և 467 եվրո դրամական փոխհատուցում` փոստային, հեռախոսային, թարգմանչական և այլ տեսակի վարչական գործողությունների համար: Որպես այդ վճարների ապացույց` դիմողը ներկայացրել է 2008թ. փետրվարի 15-ին Թբիլիսիից Ստրասբուրգ ուղարկված բողոքի համար 64 լարի (27 եվրո) վճարված փոստային կտրոնի պատճենը: Նաև դիմողը ներկայացրել է 2006թ. սեպտեմբերի 25-ի մի փաստաթուղթ այն մասին, որ ինչ-որ փաստաթղթեր թարգմանելու համար GYLA-ին և EHRAC-ին յուրաքանչյուրին 421 ԱՄՆ դոլար (307 եվրո) է վճարել. նշված փաստաթուղթը ոչ մի այլ լրացուցիչ տեղեկություն չէր տրամադրում ի հավաստումն կատարված թարգմանությունների:
104. Կառավարությունը նշել է, որ պահանջը հիմնականում ապացուցված չէ, իսկ գումարները չափազանցված են: Կառավարությունը նաև նշում է, որ դիմողի վրացի ներկայացուցիչը` տիկին Սոֆիո Ջափարիձեն, հանդիսանում է GYLA-ի անդամ, որն իրենից ներկայացնում է վրացի ազգաբնակչությանն անվճար իրավաբանական օգնություն ցուցաբերող ոչ առևտրային մի կազմակերպություն: Այսպիսով, ոչ մի անհրաժեշտություն չկա դիմողին նման փոխհատուցում տրամադրել նշված իրավաբանական օգնության համար:
105. Դատարանը գտնում է, որ վճարման վերաբերյալ անդորրագրերի բացակայությունն ինքնին չի բացառում, որ վրացի և բրիտանացի իրավաբանները փաստացի իրավաբանական օգնություն են ցույց տվել դիմողին (տե՛ս Patsuria v. Georgia, գանգատ թիվ 30779/04, կետ 103, 2007թ. նոյեմբերի 6): Ինչ վերաբերում է Կառավարության այն փաստարկին, որ վրացի պաշտպանը հանդիսանում է GYLA կոչվող ոչ առևտրային կազմակերպության անդամ, ապա Դատարանը գտնում է, որ դա հիմք չէ համարելու, որ Դատարանում GYLA-ի և EHRAC-ի իրավաբաններն անվճար են ներկայացրել դիմողին, ինչպես նաև նշում է, որ նման աշխատանքի համար ժամավճարի դեպքում ողջամիտ է նման փոխհատուցման պահանջը (տե՛ս Klaus and Iouri Kiladze v. Georgia, գանգատ թիվ 7975/06, կետեր 91-94, 2010թ. փետրվարի 2, ինչպես նաև Volkova v. Russia, գանգատ թիվ 48758/99, կետ 46, 2005թ. ապրիլի 5 և Fadeyeva v. Russia, գանգատ թիվ 55723/00, կետ 149, ECHR 2005-IV): Այսպիսով, Դատարանն արդարացիորեն դիմողին տրամադրում է 1450 եվրո և 220 բրիտանական ֆունտ ստեռլինգ (GBP)` 2570 եվրո որպես վրացի և երկու բրիտանացի իրավաբաններին վճարված գումարների փոխհատուցում:
106. Ինչ վերաբերում է փոստային և այլ տեսակի վարչական գործողությունների համար կատարված ծախսերին, Դատարանը հիմք ընդունելով նմանատիպ հարցերի վերաբերյալ նախադեպային որոշումները (որպես օրինակ տե՛ս Ghavtadze v. Georgia գանգատ թիվ 23204/07, կետեր 118 և 120, 2009թ. մարտի 3) և դիմողի կողմից որպես ապացույց ներկայացված վճարման անդորրագիրը` ենթադրում է, որ դիմողին նման ծախսերի համար պետք է փոխհատուցվի 27 եվրո` նախնական գանգատը Դատարան ուղարկելու փոստային վճարը:
C. Տուգանային տոկոսներ
107. Դատարանը նպատակահարմար է գտնում, որպեսզի տուգանային տոկոսները գանձվի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության միջին տոկոսադրույքի հիման վրա` հավելած երեք տոկոս:
ՎԵՐՈԳՐՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
1. Վճռում է, Կոնվենցիայի 2-րդ հոդվածի վերաբերյալ գանգատներն ընդունելի համարել.
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում.
3. Վճռում է, որ գանգատի մնացած մասը քննության առնելու անհրաժեշտություն չկա.
4. Վճռում է,
(a) որ վճիռը վերջնական դառնալուց հետո երեք ամսվա ընթացքում պատասխանող պետությունը, Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան, պետք է դիմողին վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է տրամադրվեն ազգային դրամով՝ վճարման օրը գործող փոխարժեքով.
(i) 15000 EUR (տասնհինգ հազար եվրո), գումարած ցանկացած հարկ, որը կարող է գանձվել ոչ նյութական վնասի կապակցությամբ.
(ii) 4047 (չորս հազար քառասունյոթ եվրո), գումարած ցանկացած հարկ, որը կարող է գանձվել ծախսերի և ծախքերի կապակցությամբ.
(b) որ վճարումը վերոնշյալ եռամսյա ժամկետը լրանալու պահից հետո կատարելու դեպքում այդ ժամանակահատվածի համար պետք է վճարվի տուգանային տոկոս` պարտավորությունը չկատարելու ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության միջին տոկոսադրույքի հիման վրա՝ հավելած երեք տոկոս:
5. Մերժում է արդարացի բավարարման հետ կապված դիմողի պահանջի մնացած մասը:
Կատարվել է անգլերենով և գրավոր հրապարակվել 2011թ. փետրվարի 15-ին` Դատարանի կանոնների 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն: