Ա Ռ Ա Ջ Ի Ն Բ Ա Ժ Ա Ն Մ ՈՒ Ն Ք
ԿԱՐԵՆ ՊՈՂՈՍՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(Գանգատ թիվ 62356/09)
ՎՃԻՌ
(Արդարացի փոխհատուցում)
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
29 մարտի 2018թ.
Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում։ Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։
Կարեն Պողոսյանն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Առաջին բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով՝
Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոս [Linos-Alexandre Sicilianos]` Նախագահ,
Քրիստինա Պարդալոս [Kristina Pardalos],
Ալեշ Պեյխալ [Aleš Pejchal],
Քրշիշտոֆ Վոյտիչեկ [Krzysztof Wojtyczek],
Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],
Թիմ Այքը [Tim Eicke],
Յովան Իլևսկի [Jovan Ilievski]՝ դատավորներ,
և Ռենատա Դեգեներ [Renata Degener]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,
2018 թվականի մարտի 6-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի պրն Կարեն Պողոսյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2009 թվականի նոյեմբերի 18-ին Դատարան ներկայացված գանգատի (թիվ 62356/09) հիման վրա:
2. 2016 թվականի մարտի 31-ին կայացրած վճռով (հիմնական վճիռ) Դատարանը որոշել է, որ 2001 թվականի հունիսի 8-ի վերջնական վճռի բեկանմամբ, որի հետևանքով դիմումատուն զրկվել էր իր ունեցվածքից, այդ թվում՝ հողամասից, խախտվել են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով և թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով նախատեսված երաշխիքները (տե՛ս Կարեն Պողոսյանն ընդդեմ Հայաստանի [Karen Poghosyan v. Armenia], թիվ 62356/09, § 45-53, 2016 թվականի մարտի 31):
3. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի հիման վրա՝ դիմումատուն պահանջել է 92 000 եվրո՝ որպես նյութական վնասի հատուցում, որը, ենթադրաբար, այն գույքի շուկայական արժեքն է, որից նա զրկվել էր բեկանման արդյունքում: Նա նաև պահանջել է 2 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում:
4. Քանի որ Կոնվենցիայի 41-րդ հոդվածի կիրառման հարցը համապատասխան որոշում կայացնելու համար դեռ պատրաստ չէր, Դատարանն այն հետաձգել էր և Կառավարությանն ու դիմումատուին առաջարկել էր երեք ամսվա ընթացքում ներկայացնել այդ խնդրի վերաբերյալ իրենց գրավոր դիտարկումները և, մասնավորապես, Դատարանին տեղեկացնել իրենց միջև ձեռք բերված ցանկացած համաձայնության վերաբերյալ (նույն տեղում, § 57, և եզրափակիչ դրույթների 4-րդ կետի «ա» և «բ» ենթակետեր):
5. Դիմումատուն և Կառավարությունը յուրաքանչյուրը ներկայացրել են դիտարկումներ։
ԻՐԱՎՈՒՆՔԸ
6. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել:»։
Ա. Վնասը
7. Դիմումատուն ի սկզբանե պնդել է նյութական վնասի մասով իր պահանջը։ Միևնույն ժամանակ նա պահանջել է իր գործի կրկին քննություն՝ հիմնական վճռի հիման վրա։ 2016 թվականի սեպտեմբերի 22-ին նրա կողմից Վճռաբեկ դատարան ներկայացված՝ կրկին քննելու պահանջներն ընդունվել են, ինչի արդյունքում գործն ուղարկվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ վերաքննության։ Վերաքննությունից հետո Վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշել է բեկանել իր՝ ավելի վաղ կայացված որոշումները և վերականգնել դիմումատուի իրավունքներն այն գույքի նկատմամբ, որից նա զրկվել էր։ 2017 թվականի սեպտեմբերի 14-ին տվյալ գույքի նկատմամբ դիմումատուի սեփականության իրավունքը պաշտոնապես գրանցվել է։ 2017 թվականի հոկտեմբերի 28-ի՝ Դատարանին ուղղված գրությամբ դիմումատուն ընդունել է այն փաստը, որ իր սեփականության իրավունքը վերականգնվել է։ Նա, այնուամենայնիվ, պնդել է 2 000 եվրո կազմող՝ ոչ նյութական վնասի մասով իր պահանջը։
8. Կառավարությունը Դատարանի ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ այն որոշումները, որոնցով խախտվել են դիմումատուի իրավունքները, բեկանվել են, և նրա սեփականության իրավունքը վերականգնվել է։ Այսպիսով, հաշվի առնելով դիմումատուի իրավունքների վերականգնմանն ուղղված՝ իշխանությունների կողմից համաչափ և ժամանակին ներդրված ջանքերը՝ Կառավարությունը պնդել է, որ ոչ նյութական վնասի մասով պահանջն անհիմն է, և խախտումն արձանագրելը դիմումատուի գույքային իրավունքների վերականգնման հետ միասին համարվում է համարժեք փոխհատուցում։
9. Դատարանը, նախևառաջ, համարում է, որ սույն գործով նյութական վնասի հարցը լուծվել է։ Ինչ վերաբերում է ոչ նյութական վնասի մասով պահանջին, ապա Դատարանը գնահատում է անվիճելի դրական զարգացումը, որ դիմումատուն կարողացել է հասնել տվյալ գույքի նկատմամբ ռեստիտուցիայի։ Այնուամենայնիվ, այն չի կարող անտեսել այն փաստը, որ դիմումատուն առնվազն վեց տարի զրկված է եղել իր ունեցվածքից օգտվելու հնարավորությունից, ինչն առաջացրել է ոչ նյութական վնաս, ինչը չի հատուցվել ռեստիտուցիայով։ Որոշում կայացնելով արդարության սկզբունքի հիման վրա՝ Դատարանը դիմումատուին շնորհում է 1 000 եվրո։
Բ. Ծախսերը և ծախքերը
10. Դիմումատուն նաև պահանջել է 1 410 եվրո՝ որպես հատուցում 2016 թվականի սեպտեմբերի 22-ին հարուցված՝ վերաքննության վարույթի ժամանակ իր իրավաբանական ներկայացուցչությունն ապահովելու հետ կապված ծախսերի համար։ Նա ներկայացրել է 2016 թվականի սեպտեմբերի 10-ին իր իրավաբանի հետ կնքած պայմանագրի պատճենը, որով ինքը պարտավորվել է Դատարանի՝ արդարացի փոխհատուցման վերաբերյալ վճռի կայացման օրվանից 15 օրվա ընթացքում վճարել վերը նշված գումարը։
11. Նախևառաջ, Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն ցույց չի տվել, որ իրականում կրել է տվյալ ծախսերը՝ չներկայացնելով որևէ ապացույց, ինչպես օրինակ՝ հաշիվ- ապրանքագիր կամ բանկի վճարման հանձնարարական։ Երկրորդ, ենթադրյալ ծախսերն առնչվել են հիմնական վճռի կայացումից հետո ընկնող ժամանակաշրջանին և, հետևաբար, դուրս են մնացել դիմումատուի սկզբնական բողոքի շրջանակներից։ Վերջապես, եթե Դատարանը համարի, որ պետք է գումար շնորհվի, ապա դիմումատուի կողմից պահանջված գումարը չափազանց մեծ է։
12. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դիմումատուն ունի ծախսերի ու ծախքերի հատուցման իրավունք այնքանով, որքանով ապացուցվել է, որ դրանք իրականում կատարվել են, անհրաժեշտ են եղել, և որ դրանց չափը եղել է ողջամիտ: Սա կարող է ներառել Կոնվենցիայի խախտումը կանխելու կամ խախտումների համար փոխհատուցում ստանալու նպատակով ներպետական շրջանակներում փաստացի և անհրաժեշտաբար կրած իրավաբանական ծախսերը (տե՛ս Էլեկտրաքարշերի ինժեներների և հրշեջների միավորված միությունը (ԷԻՀՄՄ) ընդդեմ Միացյալ Թագավորության [Associated Society of Locomotive Engineers and Firemen (ASLEF) v. the United Kingdom], թիվ 11002/05, § 58, 2007 թվականի փետրվարի 27)։ Ինչ վերաբերում է Կառավարության առաջին առարկությանը, ապա Դատարանը նշում է, որ այն արդեն քննել և մերժել է ընդդեմ Հայաստանի մի շարք գործերում ներկայացված նմանատիպ փաստարկները (տե՛ս Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի [Saghatelyan v. Armenia], թիվ 7984/06, §§ 61-63, 2015 թվականի հոկտեմբերի 20 և Սաֆարյանն ընդդեմ Հայաստանի [Safaryan v. Armenia], թիվ 576/06, §§ 62-64, 2016 թվականի հունվարի 21)։ Ավելին, ինչպես նշվել է վերևում, տվյալ վարույթում դիմումատուն պահանջել և հասել է փոխհատուցման՝ գույքի ռեստիտուցիայի ձևով, որը հատուցում է հիմնական վճռում նշված՝ նրա գույքային իրավունքների խախտման համար (տե՛ս վերևում՝ 9-րդ պարբերությունը, տե՛ս նաև այդ համատեքստում, Պապամիխալոպուլոսը և այլք ընդդեմ Հունաստանի [Papamichalopoulos and Others v. Greece] (50-րդ հոդված), 1995 թվականի հոկտեմբերի 31, § 34 և հաջորդող պարբերությունները, շարք Ա թիվ 330Բ)։ Հետևաբար, Դատարանը նպատակահարմար է գտնում ամբողջովին բավարարել իրավաբանական ծախսերի մասով պահանջը։
Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը
13. Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը վճիռը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վերջնական դառնալու օրվանից՝ երեք ամսվա ընթացքում, պետք է դիմումատուին վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.
i) ոչ նյութական վնասի դիմաց՝ 1 000 եվրո (հազար եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ,
ii) ծախսերի և ծախքերի դիմաց՝ 1 410 եվրո (հազար չորս հարյուր տաս եվրո)՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ.
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.
2. Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2018 թվականի մարտի 29-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
Ռենատա Դեգեներ |
Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոս |
Քարտուղարի տեղակալ |
Նախագահ |