Գլխավոր տեղեկություն
Համար
Ն-180-2
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.06.2001-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.06.12/16(148) Հոդ.424
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
23.05.2001
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.05.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.06.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԵՂԱԴՐՅԱԼՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 73-րդ հոդվածի երրորդ մասով և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգի 44-րդ հոդվածի առաջին մասով` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. Ստեղծել ժամանակավոր հանձնաժողով` 1999 թվականի հոկտեմբերի 27-ի գործի քննության ընթացքում մեղադրյալների, ինչպես նաև ամբաստանյալների պահպանությունն իրականացնող մարմինների գործունեության օրինականության մասին Ազգային ժողով եզրակացություն (տեղեկանք) ներկայացնելու համար:

2. Հանձնաժողովի առջև դնել հետևյալ խնդիրները`

ա) պարզել մեկուսարաններում, իսկ դատավարության ժամանակ նաև դատարանի շենքում ամբաստանյալների պահպանությունն իրականացնող մարմինների, պաշտոնատար անձանց գործողությունների համապատասխանությունն օրենքների, նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, և այդ մասին եզրակացություն (տեղեկանք) ներկայացնել Ազգային ժողով.

բ) քննության նյութերի ուսումնասիրության հիման վրա պարզել Նաիրի Հունանյանի` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության մեկուսարանում պահելու օրինականության և նպատակահարմարության հարցը, և այդ մասին եզրակացություն (տեղեկանք) ներկայացնել Ազգային ժողով.

գ) պարզել, թե ինչ միջոցներ են ձեռնարկվել մեկուսարանում կալանավոր Նորայր Եղիազարյանի` 2000 թվականի օգոստոսի 29-ին տեղի ունեցած մահվան կապակցությամբ, ստուգել դրանց համապատասխանությունը նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, և այդ մասին եզրակացություն (տեղեկանք) ներկայացնել Ազգային ժողով:

3. Հանձնաժողովին իրավունք վերապահել`

ա) ծանոթանալ քրեական գործով ձերբակալված և կալանավորված անձանց պահպանությունն ու տեղափոխությունը կարգավորող բոլոր նորմատիվ իրավական ակտերին.

բ) մուտք գործել մեկուսարանների և դատարանի այն տարածքները, որտեղ պահվում են ամբաստանյալները.

գ) ծանոթանալ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի գործով ձերբակալված և կալանավորված անձանց տեսակցությունների, ինչպես նաև նրանց համար ծանրոցներ, սննդամթերք, հագուստ և այլ առարկաներ ընդունելու հետ կապված գործողությունների փաստաթղթային ձևակերպումներին.

դ) ծանոթանալ վերոհիշյալ գործով ձերբակալված և կալանավորված բոլոր անձանց անձնական գործերին և փաստաթղթերին` նրանց մեկուսարանում գտնվելու օրվանից մինչև ստուգման օրն ընկած ժամանակահատվածում.

ե) մեկուսարանի աշխատակիցներից պարզաբանումներ և տեղեկատվություն ստանալ համապատասխան նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանման վիճակի մասին.

զ) իր գործունեությունն իրականացնելիս ներգրավել մասնագետների և փորձագետների:

4. Հանձնաժողովը ստեղծել հետևյալ կազմով` երեք պատգամավոր «Միասնություն» խմբակցությունից և մեկական պատգամավոր մյուս խմբակցություններից, պատգամավորական խմբերից և անկախ պատգամավորներից:

5. Պատգամավորները հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համապատասխան խմբակցության, պատգամավորական խմբի որոշմամբ` ղեկավարի ներկայացմամբ:

6. Հանձնաժողովի կազմում ընդգրկելու համար խմբակցության կամ պատգամավորական խմբի կազմում չընդգրկված պատգամավորների թեկնածությունները Ազգային ժողովի նիստում առաջադրում են պատգամավորները: Ընտրված է համարվում այն պատգամավորը, որն էլեկտրոնային համակարգի միջոցով կազմակերպված քվեարկության արդյունքներով ստանում է առավել շատ ձայներ:

7. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան ներկա է անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:

8. Հանձնաժողովի գործունեության ժամկետը սահմանվում է մինչև վեց ամիս: Հանձնաժողովն իր գործունեության արդյունքների մասին Ազգային ժողովին զեկուցում է մինչև 2001 թվականի նոյեմբերի 22-ը, իսկ մինչ այդ պարբերաբար, բայց ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ, հանդես է գալիս հաղորդումներով:

9. հանձնաժողովն իրավասու է հարցումներով դիմել համապատասխան մարմիններ և նրանցից ստանալ անհրաժեշտ տեղեկություններ:

 

ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Ազգային ժողովի նախագահ

Ա. Խաչատրյան


23 մայիսի 2001 թվականի,
քաղ. Երևան
Ն-180-2

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան