Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-291
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.03.2001-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՍԴՏ 2002/3
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
16.03.2001
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.03.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.03.2001

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ԱՍՏԱՆԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

16 մարտի 2001 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Հ. Երիցյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 21(1) և 56 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցության մասին 1999 թվականի սեպտեմբերի 2-ին Աստանայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Մ. Սևյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Հ. Երիցյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Սույն համաձայնագիրն ստորագրվել է 1999 թվականի սեպտեմբերի 2-ին Աստանայում` Կողմերի միջև կանոնավոր օդային հաղորդակցության հաստատման և իրականացման նպատակով:

2. Համաձայնագրով Կողմերը փոխադարձ պարտավորություններ են ստանձնում` կապված միմյանց տրամադրվող իրավունքների, ավիաընկերությունների նշանակման և լիազորման, ավիացիոն անվտանգության ապահովման, մաքսային տուրքերից և այլ գանձումներից ազատման, եկամուտների հարկման և փոխանցման, առաջացած տարաձայնությունների կարգավորման, համաձայնագրում փոփոխություններ կատարելու և դրա գործողության դադարեցման կարգի հետ:

3. Համաձայնագիրը պարունակում է դրույթներ, որոնք վերաբերում են նշանակված ավիաընկերությունների կողմից կիրառվող սակագների, չվացուցակների, մյուս Կողմի տարածքում առևտրային գործունեության կարգավորմանը և արդար մրցակցության ապահովմանը:

4. Համաձայնագիրն ունի հավելված, որում սահմանվում են Կողմերի նշանակած ավիաընկերությունների կողմից շահագործվող երթուղիները և այն իրավունքները, որոնցից օգտվում են այդ ավիաընկերությունները` միջանկյալ և միմյանց տարածքներից դուրս գտնվող վայրերում:

5. Համաձայնագրով նախատեսվում է Կողմերի միջև խորհրդակցությունների անցկացում, ինչպես նաև վեճերի կարգավորում` հաշտարար դատարան դիմելու միջոցով:

6. Համաձայնագիրը կնքված է երկու բնօրինակով` հայերեն, ղազախերեն և ռուսերեն, ընդ որում, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն համաձայնագրի մեկնաբանման ընթացքում տարաձայնություններ ծագելու դեպքում նախապատվությունը տրվում է ռուսերեն տեքստին:

7. Սահմանադրական դատարանը միաժամանակ նշում է, որ Հայաստանի Հանրապետությունը, միացած լինելով Միջազգային օդային փոխադրումներին վերաբերող որոշ կանոնների միասնականացման մասին 1929 թ. հոկտեմբերի 12-ի, Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին 1944 թ. դեկտեմբերի 7-ի Չիկագոյի, Օդանավերում կատարվող հանցագործությունների և մի շարք այլ ակտերի մասին 1963 թ. սեպտեմբերի 14-ի Տոկիոյի, Օդանավերի անօրինական բռնազավթման դեմ պայքարի մասին 1970 թ. դեկտեմբերի 16-ի Հաագայի, Քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ապօրինի գործողությունների դեմ պայքարի մասին 1971 թ. սեպտեմբերի 23-ի Մոնրեալի կոնվենցիաներին, Միջազգային օդային տրանզիտ հաղորդակցությունների մասին 1944 թ. դեկտեմբերի 7-ի Չիկագոյի պայմանագրին, Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայի փոփոխմանը վերաբերող 1977 թ. սեպտեմբերի 30-ի և 1984 թ. մայիսի 10-ի Մոնրեալի, Միջազգային օդանավակայաններում բռնության անօրինական ձեռնարկումների դեմ պայքարի մասին 1988 թ. փետրվարի 24-ի Մոնրեալի արձանագրություններին, որոնց վերաբերյալ սույն համաձայնագրում կան հղումներ, ստեղծել է միջազգային իրավական պատշաճ հիմք երկկողմ արդյունավետ պայմանագրային հարաբերություններ հաստատելու համար:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցության մասին 1999 թվականի սեպտեմբերի 2-ին Աստանայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարանի
նախագահ

Գ. Հարությունյան


16 մարտի 2001 թվականի
ՍԴՈ-291

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան