Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-387
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.10.2002-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՍԴՏ 2003/2
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
01.10.2002
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.10.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2002

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՏԱՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

1 հոկտեմբերի 2002 թ.

 

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը, նախագահությամբ` Սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` Սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ս. Մարգարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21/1/ հոդվածի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև օդային տրանսպորտի հաղորդակցությունների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի 11.09.02թ. ՀՆ-1271 թվակիր դիմումն է սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ռ. Պապայանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ս. Մարգարյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Համաձայնագիրն ստորագրվել է 2002 թ. ապրիլի 22-ին Դոհայում` երկու պետությունների միջև և դրանց սահմաններից դուրս օդային հաղորդակցություններ հաստատելու և իրականացնելու նպատակով:

Համաձայնագրով Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի ստանձնած պարտավորությունների թվում են.

- մյուս Կողմին իր տարածքի վրայով անվայրէջք թռիչք իրականացնելու, ոչ առևտրային նպատակներով իր տարածքում վայրէջքներ կատարելու իրավունքի տրամադրումը,

- ճանաչումը մյուս Կողմի օդանավի թռիչքային պիտանիության, իրավասության վկայականների, որոնք ուժի մեջ են և տրվել են համաձայն Չիկագոյի 1944 թ. կոնվենցիայի,

- մյուս Կողմի օդանավի, հաշվեցուցակային բորտային սարքավորումների, վառելանյութի ու քսանյութերի և փոխադարձության հիման վրա ինքնաթիռում առկա այլ անհրաժեշտ առարկաների ազատումը մաքսային տուրքերից, ակցիզային հարկերից և համանման վճարներից ու գանձումներից,

- վիճակագրական տվյալների ներկայացումը մյուս Կողմին,

- ավիացիոն անվտանգության ապահովումը` ըստ միջազգային իրավունքից բխող իրավունքների և պարտավորությունների,

- ավիաընկերություններին` ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցած գումարներն ազատորեն փոխանցելու իրավունքի վերապահումը:

Նախատեսված է վեճերի լուծման, համաձայնագրի դադարեցման, համաձայնագրում փոփոխություններ կատարելու կարգը:

Հատուկ ուշադրություն է հատկացված ավիաընկերությունների և դրանց ծառայությունից օգտվող անձանց շահերի հավասարակշռությանը, ինչը, մասնավորապես, արտահայտված է սակագներին վերաբերող նորմին. սակագները սահմանելու իրավունքը վերապահված է ավիաընկերությանը, սակայն այդ իրավունքը սահմանափակված է «ընդունելի չափերով», օգտագործողի շահերի հաշվառմամբ, շահույթի «չափավոր» լինելու պահանջով (հ. 8, կետ 1): Պատշաճ ուշադրության է արժանացած նաև ավիաընկերությունների շահերի հաշվեկշիռը, այդ թվում նախատեսված է, որ «ավիաընկերությունները հաշվի են առնելու մյուս Պայմանավորվող կողմի ավիաընկերությունների շահերը` այն նկատառումով, որ անտեղի վնաս չպատճառեն վերջիններիս կողմից միևնույն երթուղիներում կամ նրանց մի մասում իրականացվող հաղորդակցություններին» (հ. 7, կետ 2): Այս վերապահումները, որոնցով փաստորեն հռչակվում են իրավունքների որոշակի սահմանափակումներ, միանգամայն համահունչ են միջազգայնորեն ճանաչված և ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված այն դրույթին, ըստ որի օրենքով իրավունքները կարող են սահմանափակվել` այլոց իրավունքների պաշտպանության նպատակով (հ. 44):

Համաձայնագրում վկայակոչված է միջազգային պայմանագրերի մի շարք: Չնայած վերնագրերն աղավաղված են, սակայն տեքստից պարզ է, որ խոսքը վերաբերում է հետևյալ կոնվենցիաներին. «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» (Չիկագո, 1944), «Օդանավերում կատարվող հանցագործությունների և մի շարք այլ ակտերի մասին» (Տոկիո, 1963), «Օդանավերի անօրինական զավթումների դեմ պայքարի մասին» (Հաագա, 1970), «Քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ապօրինի գործողությունների դեմ պայքարի մասին» (Մոնրեալ, 1971): Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունը միացել է դրանց, նաև Չիկագոյի կոնվենցիայի մի շարք հավելվածներին, լրացումներին և փոփոխությունների արձանագրություններին (1994 և 1996 թթ.): Քանի որ համաձայնագրում «կոնվենցիա» տերմինը ներառում է և Չիկագոյի կոնվենցիան, ևÿ դրա բոլոր հավելվածները, լրացումներն ու փոփոխությունները, ապա կարևոր է վերջինների նկատմամբ արված վերապահումը. խոսքն այն լրացումների ու փոփոխությունների մասին է, որոնք «ուժի մեջ են մտել երկու Պայմանավորվող կողմերի համար կամ վավերացվել նրանց կողմից» (հ. 1, կետ 1):

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2002 թվականի ապրիլի 22-ին Դոհայում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև օդային տրանսպորտի հաղորդակցությունների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարանի
նախագահ

Գ. Հարությունյան


1 հոկտեմբերի 2002 թվականի
ՍԴՈ-387

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան