ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-ԻՆ ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
30 սեպտեմբերի 2003 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` հետևյալ կազմով. նախագահող` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կ. Ճշմարիտյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինայի Հանրապետության կառավարության միջև առևտրատնտեսական համագործակցության մասին 1994 թվականի մայիսի 3-ին Բուենոս Այրեսում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինայի Հանրապետության կառավարության միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրն ստորագրվել է 1994թ. մայիսի 3-ին Բուենոս Այրեսում` երկու երկրների միջև բարեկամության և համագործակցության կապերն ընդլայնելու, երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացնելու նպատակով:
2. Համաձայնագիրը սահմանում է առևտրատնտեսական համագործակցության հիմնական ուղղությունները` դրանք չսահմանափակելով միայն համաձայնագրով նախատեսվածներով:
Կողմերը ներմուծումների և արտահանումների հետ կապված մաքսային և այլ տուրքերի, ինչպես նաև երկու երկրների միջև ապրանքների փոխադրման վերաբերյալ նորմերի և ձևակերպումների կապակցությամբ միմյանց տրամադրում են առավելագույն բարենպաստման ռեժիմ:
Համաձայնագրի Կողմերը կաջակցեն և կնպաստեն հանրային և մասնավոր ոլորտների տնտեսավարող սուբյեկտների միջև անմիջական համագործակցությանը:
Համաձայնագրով ստեղծվում է հայ-արգենտինյան հանձնաժողով` համաձայնագրի կատարումը վերահսկելու նպատակով:
3. Համաձայնագրի գործողության ժամկետը 5 տարի է` այս ժամկետն ինքնաբերաբար մեկ տարով երկարացնելու հնարավորությամբ:
4. Սահմանելով երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության հիմնական սկզբունքները, այն է` հավասարություն և փոխշահավետություն, համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9 հոդվածով սահմանված` արտաքին քաղաքականության սկզբունքներին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինայի Հանրապետության կառավարության միջև առևտրատնտեսական համագործակցության մասին 1994 թ. մայիսի 3-ին Բուենոս Այրեսում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|