Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 8049/10
Տիպ
Վճիռ ընդդեմ Հայաստանի
Ակտի տիպ
Base act (18.05.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 03.08.2021
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
18.05.2021
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.05.2021

Ներմուծեք նկարագրությունը_15382 

ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

   

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

  

(գանգատ թիվ 8049/10)

  

ՎՃԻՌ

  

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

18 մայիսի 2021թ.

  

Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։

   

Հովհաննիսյանն ընդդեմ Հայաստանի գործով,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝

Թիմ Այքը [Tim Eicke]՝ Նախագահ,

Ֆարիս Վեհաբովիչ [Faris Vehabović],

Պերե Պաստոր Վիլանովա [Pere Pastor Vilanova]՝ դատավորներ,

և Իլզե Ֆրայվիրտ [Ilse Freiwirth]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,

             

հաշվի առնելով՝

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի պրն Արմեն Հովհաննիսյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2010 թվականի հունվարի 27-ին Դատարան ներկայացված գանգատը (թիվ 8049/10).

       

դիմումատուի՝ խաղաղ հավաքների ազատության իրավունքին ենթադրյալ միջամտության վերաբերյալ բողոքի մասին Հայաստանի կառավարությանը (Կառավարություն) ծանուցելու և գանգատը մնացած մասով անընդունելի հայտարարելու վերաբերյալ որոշումը.

      

կողմերի դիտարկումները.

2021 թվականի ապրիլի 13-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,

կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.

      

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

   

1. Գործը վերաբերում է դիմումատուի աշխատանքից ազատմանը, inter alia (ի թիվս այլնի), 2008 թվականի փետրվարի 19-ի վիճարկվող նախագահական ընտրություններին հաջորդած հավաքին իր մասնակցության հիմքով: Դիմումատուն հիմնվում է Կոնվենցիայի 11-րդ հոդվածի վրա։

  

ՓԱՍՏԵՐԸ

  

2. Դիմումատուն ծնվել է 1961 թվականին և ապրում է Վանաձորում։ Դիմումատուին, որն իրավաբանական օգնություն է ստացել, ներկայացրել է Վանաձորում գործող իրավաբան պրն Թումանյանը։

3. Կառավարությունը ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը, իսկ այնուհետև՝ պրն Ե. Կիրակոսյանը։

4. Գործով փաստերը, որոնք ներկայացրել են կողմերը, կարելի է ամփոփել հետևյալ կերպ:

5. 2006 թվականի հուլիսի 7-ին դիմումատուն որպես առաջատար մասնագետ սկսել է աշխատել Լոռու մարզպետարանում։ Նա ունեցել է քաղաքացիական ծառայողի առաջին դասի դասային աստիճան։

6. Դիմումատուն 2008 թվականի փետրվարի 1-ից մարտի 5-ը գտնվել է արձակուրդում։ Ըստ դիմումատուի՝ նա դա արել է, որպեսզի կարողանա մասնակցել 2008 թվականի փետրվարի 19-ին Հայաստանում կայանալիք գալիք նախագահական ընտրություններին: Ընտրությունների հիմնական թեկնածուներն էին այդ ժամանակ վարչապետի պաշտոն զբաղեցնող պրն Սերժ Սարգսյանը, որը ներկայացնում էր իշխող կուսակցությունը, և հիմնական ընդդիմադիր թեկնածու պրն Լևոն Տեր-Պետրոսյանը:

7. Ընտրության օրը դիմումատուն գործել է որպես պրն Տեր-Պետրոսյանի վստահված անձ։

8. Ընտրությունների նախնական արդյունքները հայտարարվելուց անմիջապես հետո պրն Տեր-Պետրոսյանն իր կողմնակիցներին կոչ է արել հավաքվել Երևանի կենտրոնում գտնվող Ազատության հրապարակում՝ ընտրական գործընթացում ենթադրաբար տեղի ունեցած խախտումների դեմ իրենց բողոքն արտահայտելու նպատակով՝ հայտարարելով, որ ընտրությունները չեն եղել ազատ և արդար։ 2008 թվականի փետրվարի 20-ից սկսած՝ պրն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն ամեն օր անցկացրել են համազգային բողոքի ցույցեր՝ ներգրավելով տասնյակ հազարավոր մարդիկ և իրենց հանդիպումների հիմնական վայրը դարձնելով Ազատության հրապարակը։

9. 2008 թվականի փետրվարի 26-ին և 28-ին դիմումատուն նույնպես մասնակցել է Ազատության հրապարակում անցկացվող այդպիսի հանրահավաքի։

10. 2008 թվականի մարտի 6-ին Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետը գրություն է ուղարկել Լոռու մարզպետին այն հարցի վերաբերյալ, որ դիմումատուն և Լոռու մարզպետարանի մի քանի այլ աշխատակիցներ, որոնք եղել են ընդդիմադիր կուսակցության անդամ, մասնակցել են պրն Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական քարոզարշավին և Ազատության հրապարակում անցկացված չթույլատրված ցույցերին։

11. Նույն օրը Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը դիմումատուին խնդրել է արձակուրդի ընթացքում իր դրսևորած վարքագծի վերաբերյալ գրավոր բացատրություն ներկայացնել։ Դիմումատուն նույն օրը պատասխանել է, որ մասնակցել է 2008 թվականի փետրվարի 26-ին և 28-ին Ազատության հրապարակում անցկացված խաղաղ ցույցերին։

12. Դիմումատուն պնդել է, որ 2008 թվականի մարտի 7-ին խուզարկել են իր տունը։ Այնուհետև նրան տարել են ոստիկանության բաժանմունք և հարցաքննել են ընդդիմության կողմից կազմակերպված ցույցերի վերաբերյալ։

13. 2008 թվականի մարտի 11-ին դիմումատուն Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի հրամանով ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից՝ հղում կատարելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետի «ժ» ենթակետին՝ քաղաքացիական ծառայողների քաղաքական զսպվածության սկզբունքը խախտելու համար։

14. 2008 թվականի մարտի 14-ին դիմումատուն զրկվել է քաղաքացիական ծառայողի առաջին դասի դասային աստիճանից։

15. 2008 թվականի ապրիլի 18-ին դիմումատուն Լոռու մարզպետարանի դեմ վարույթ է հարուցել՝ պահանջելով վերացնել 2008 թվականի մարտի 11-ի հրամանը։ Նա նշել է, inter alia, որ 2008 թվականի փետրվարի 1-ից 5-ն ինքը գտնվել է արձակուրդում, որի ընթացքում գործել է որպես պրն Տեր-Պետրոսյանի վստահված անձանցից մեկը և երկու անգամ մասնակցել է ընդդիմադիր ցույցերի, ինչն էլ դարձել է իրեն աշխատանքից ազատելու պատճառ։ Նա պնդել է, որ իր պաշտոնեական դիրքը չի օգտագործել որևէ կուսակցության շահերի համար, քանի որ այդ ժամանակահատվածում գտնվել է արձակուրդում, ինչպես նաև պնդել է, որ իր քաղաքական հայացքների համար հետապնդման է ենթարկվում։

16. 2008 թվականի ապրիլի 28-ին Վարչական դատարանը գործը դատաքննության նշանակելու մասին որոշում է կայացրել։

17. 2008 թվականի մայիսի 12-ին Լոռու մարզպետը որոշում է կայացրել՝ մարզպետարանում աշխատակազմի մասով փոփոխություններ կատարելու մասին, inter alia, կրճատելով դիմումատուի հաստիքը։

18. 2009 թվականի հունիսի 19-ին Վարչական դատարանը բավարարել է դիմումատուի հայցը և վերացրել 2008 թվականի մարտի 11-ի հրամանը։ Միևնույն ժամանակ, այնուամենայնիվ, դատարանը մերժել է դիմումատուին իր պաշտոնում վերականգնելու պահանջը։ Դատարանը գտել է, որ Մարզպետարանի այն եզրակացությունը, որ դիմումատուն խախտել է քաղաքացիական ծառայողների քաղաքական զսպվածության սկզբունքը՝ մասնակցելով նախընտրական քարոզարշավին և հաճախելով ցույցերին, ենթադրությունների վրա հիմնված է եղել։ Չի ներկայացվել որևէ ապացույց, որը ցույց կտար, որ դրանով դիմումատուն դրսևորել է որևէ վարքագիծ, որը կարող է որակվել որպես այդ սկզբունքի խախտում: Ուստի դիմումատուի գործում առկա չի եղել «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված հիմքերից որևէ մեկը, և հրամանը պետք է վերացվեր։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն փաստը, որ Լոռու մարզպետարանում դիմումատուի պաշտոնը կրճատվել էր 2008 թվականի մայիսի 12-ին՝ դադարեցնելով դիմումատուի և մարզպետարանի միջև աշխատանքային հարաբերությունները, հնարավոր չի եղել վերականգնել այդ հարաբերությունը և դիմումատուին վերականգնել իր նախկին պաշտոնում։ Դատարանը նաև իր նախաձեռնությամբ որոշում է կայացրել դիմումատուին փոխհատուցել հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի, այն է՝ 2008 թվականի մարտի 11-ից մայիսի 12-ն ընկած ժամանակահատվածի համար չվճարված աշխատավարձի գումարը։

19. Դիմումատուն ներկայացրել է վճռաբեկ բողոք:

20. 2009 թվականի սեպտեմբերի 9-ին Վճռաբեկ դատարանը դիմումատուի վճռաբեկ բողոքը հայտարարել է անընդունելի՝ հիմքերի բացակայության պատճառով։

21. Ավելի ուշ ամսաթվերին դիմումատուն գրություններ է ուղարկել տարբեր մարմինների՝ հետաքրքրվելով իր պաշտոնը կրճատելու պատճառների մասին։

22. 2010 թվականի դեկտեմբերի 16-ի և 2011 թվականի փետրվարի 23-ի գրություններով դիմումատուն Լոռու մարզպետից և Տարածքային կառավարման նախարարի տեղակալից տեղեկացել է, որ երկու հաստիքներ, այդ թվում՝ դիմումատուի հաստիքը, եղել են թափուր և կրճատվել են՝ մարզպետարանում երկու այլ հաստիքներ ստեղծելու համար։

     

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ

     

23. «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի (2002-2018 թվականների) 24-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետով նախատեսվում է, որ քաղաքացիական ծառայողն իրավունք չունի իրականացնել քաղաքացիական ծառայողների քաղաքական զսպվածության սկզբունքի խախտումներ` իր ծառայողական դիրքն օգտագործել կուսակցությունների, հասարակական, այդ թվում` կրոնական միավորումների շահերի համար, նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզել, ինչպես նաև իր ծառայողական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնել։

24. Նույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետի «ժ» ենթակետով նախատեսվում է, որ քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերն են, inter alia, սույն օրենքի 24-րդ հոդվածի 1-3-րդ կետերով նախատեսված սահմանափակումները չպահպանելը:

  

ԻՐԱՎՈՒՆՔԸ

  

I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 11-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

  

25. Դիմումատուն բողոքել է, որ իրեն պաշտոնից ազատելու հետևանքով խախտվել են Կոնվենցիայի 11-րդ հոդվածով երաշխավորված իր իրավունքները, որը, այնքանով, որքանով վերաբերելի է, ունի հետևյալ բովանդակությունը.

«1. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների ազատության [և այլոց հետ միավորվելու ազատության] իրավունք...

2. Այս իրավունքների իրականացումը ենթակա չէ որևէ սահմանափակման, բացի նրանցից, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը կամ այլ անձանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով...»:

  

Ա. Ընդունելիությունը

26. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն չի ունեցել «զոհի» կարգավիճակ, քանի որ ներպետական իշխանություններն ընդունել են Կոնվենցիայի խախտումը և բավարար փոխհատուցում են տրամադրել։ Մասնավորապես Վարչական դատարանը բավարարել է դիմումատուի՝ Լոռու մարզպետարանի դեմ ներկայացված հայցը և վերացրել է հրամանը, որով դիմումատուն ազատվել էր իր պաշտոնից։ Ավելին, դատարանը դիմումատուին շնորհել է փոխհատուցում՝ հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար չվճարված աշխատավարձի ձևով։ Թեև դատարանը մերժել է դիմումատուին իր նախկին պաշտոնում վերականգնելու պահանջը, այդ որոշումը պայմանավորված չի եղել դիմումատուի քաղաքական հայացքներով, այլ կապված է եղել դիմումատուի պաշտոնը վերացնելու հետ, ինչն անհնար է դարձրել նրան պաշտոնում վերականգնելը։ Դատարանի կողմից դիմումատուին պաշտոնում վերականգնելու պահանջի մերժումը լիովին համապատասխանել է ներպետական իրավունքին և Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքին։

27. Դիմումատուն նշել է, որ նա դեռ կարող է պահանջել, որ ստանա 11-րդ հոդվածի խախտման՝ «զոհի» կարգավիճակ, քանի որ իշխանությունները չեն ուղղել իրենց սխալը։ Մասնավորապես նրան իր պաշտոնից ազատել են ցույցերին մասնակցելու համար, և թեև այդ որոշման դեմ իր բողոքը դեռ քննության փուլում է գտնվել, իր պաշտոնն անօրինական ձևով կրճատվել է թափուր լինելու պատճառով՝ այդպիսով արհեստական խոչընդոտ ստեղծելով իրեն պաշտոնում վերականգնելու համար։ Նույնիսկ եթե Վարչական դատարանը նրան պաշտոնից ազատելը համարել է անօրինական, նրա ոտնահարված իրավունքները վերականգնելու փոխարեն դատարանն անհնար է համարել նրան պաշտոնում վերականգնելը՝ հաստիքը կրճատված լինելու փաստի պատճառով: Դիմումատուն չի համաձայնել այս եզրահանգման հետ և պնդել է, որ իշխանությունները հնարավորություն են ունեցել տարբեր եղանակներով վերականգնելու իր իրավունքները։ Նրանք կարող էին իր նախկին գործատուին պարտավորեցնել նրա համար ստեղծել նոր հաստիք կամ նշանակել նրան մեկ այլ թափուր պաշտոնում կամ կարող էին վերացնել իր հաստիքը կրճատելու մասին որոշումը։

28. Դատարանը կրկին նշում է, որ դիմումատուի համար բարենպաստ ցանկացած որոշում կամ միջոց սկզբունքորեն բավարար չէ նրան «զոհի» կարգավիճակից զրկելու համար, եթե իշխանությունները հստակորեն կամ ըստ էության ընդունած չլինեն Կոնվենցիայի խախտումը և այնուհետև դրա համար հատուցում տրամադրած չլինեն (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Սկորդինոն ընդդեմ Իտալիայի (թիվ 1) [ՄՊ] [Scordino v. Italy (no. 1) [GC]], թիվ 36813/97, § 180, ՄԻԵԴ 2006‑V): Տրամադրվող փոխհատուցումը պետք է լինի համապատասխան և բավարար։ Սա պայմանավորված կլինի գործի բոլոր հանգամանքներով՝ հատուկ ուշադրություն դարձնելով Կոնվենցիայի վիճարկվող խախտման բնույթին (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Գեֆգենն ընդդեմ Գերմանիայի [ՄՊ] [ Gäfgen  v. Germany [GC]], թիվ 22978/05, § 116, ՄԻԵԴ 2010)։ Անհատի՝ «զոհի» կարգավիճակ ունենալը նաև կարող է պայմանավորված լինել ներպետական դատարանների կողմից տրամադրված փոխհատուցման գումարով և փոխհատուցում նախատեսող իրավական պաշտպանության միջոցի արդյունավետությամբ (այդ թվում՝ հրատապությունը) (տե՛ս վերևում հիշատակված՝ Սկորդինոյի գործը, § 202):

29. Անդրադառնալով սույն գործին՝ Դատարանը նկատում է, որ Վարչական դատարանն իսկապես բավարարել է դիմումատուի հայցը և վերացրել է հրամանը, որով դիմումատուն ազատվել էր իր պաշտոնից։ Այնուամենայնիվ, այդպիսով դատարանը բացահայտ ձևով չի ընդունել դիմումատուի՝ խաղաղ հավաքների ազատության իրավունքի խախտումը։ Նույնիսկ ենթադրելով, որ այդ խախտումը կարող է համարվել ըստ էության ընդունված, Դատարանը մատնանշում է այն փաստը, որ դիմումատուի պաշտոնից ազատումն անօրինական համարելով՝ Վարչական դատարանը հրաժարվել է նրան վերականգնել իր պաշտոնում և սահմանափակվել է դիմումատուին պաշտոնից ազատելու և պաշտոնը վերացնելու ամսաթվերի միջև ընկած կարճ ժամանակահատվածում (շուրջ երկու ամիս) չվճարված աշխատավարձի փոխհատուցում տրամադրելով (տե՛ս վերևում 18-րդ պարբերությունը)։ Ավելին, որևէ ոչ նյութական վնասի համար չի տրամադրվել կամ նույնիսկ չէր կարող տրամադրվել փոխհատուցում դիմումատուին՝ հաշվի առնելով ոչ նյութական վնասի փոխհատուցման՝ որպես տվյալ ժամանակահատվածում հատուցման ձևի բացակայությունը (տե՛ս Ղավալյանն ընդդեմ Հայաստանի [Ghavalyan v. Armenia], թիվ 50423/08, § 79, 2020 թվականի հոկտեմբերի 22)։ Դատարանը չի համարում, որ հաշվի առնելով գործի հանգամանքները և դիմումատուի բողոքի բնույթը, տրամադրված փոխհատուցումը եղել է բավարար՝ դիմումատուին «զոհի» կարգավիճակից զրկելու համար։ Հետևաբար այն եզրակացնում է, որ դիմումատուն դեռ կարող է պահանջել «զոհի» կարգավիճակ՝ Կոնվենցիայի 34-րդ հոդվածի իմաստով։

30. Դատարանը նշում է, որ սույն բողոքը ո՛չ ակնհայտորեն անհիմն է, ո՛չ էլ անընդունելի է Կոնվենցիայի 35-րդ հոդվածում նշված որևէ այլ հիմքով։ Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի։

  

Բ. Ըստ էության քննությունը

1. Կողմերի փաստարկները

31. Դիմումատուն նշել է, որ պաշտոնից իրեն ազատելու հետևանքով խախտվել է խաղաղ հավաքների ազատության իր իրավունքը։ Նախընտրական քարոզարշավին և հետագա ցույցերին մասնակցելով՝ նա չի խախտել որևէ օրենք, ինչպես հաստատվել է Վարչական դատարանի կողմից կայացված վճռով։ Ոստիկանության գրության մեջ չի նշվել որևէ այլ բան՝ բացի Ազատության հրապարակում անցկացված ցույցերին նրա մասնակցության փաստից (տե՛ս վերևում 10-րդ պարբերությունը)։ Նա հազարավոր այլ անձանց նման պարզապես ներկա է եղել ցույցերին և նույնիսկ որևէ ելույթ չի ունեցել։ Ուստի միջամտությունը չի հետապնդել Կոնվենցիայի 11-րդ հոդվածի 2-րդ կետով ամրագրված իրավաչափ նպատակներից որևէ մեկը։

32. Կառավարությունը դիմումատուի բողոքի ըստ էության քննության վերաբերյալ որևէ փաստարկ չի ներկայացրել։

   

2. Դատարանի գնահատականը

ա) Արդյոք եղե՞լ է միջամտություն խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրականացմանը

33. Դատարանը վերահաստատում է, որ միջամտությունը կարող է չհանգեցնել բացարձակ արգելքի՝ իրավաբանորեն կամ փաստացի, սակայն կարող է ներառել իշխանությունների կողմից ձեռնարկվող այլ տարբեր միջոցառումներ։ 11-րդ հոդվածի 2-րդ կետում նշված «սահմանափակում» եզրույթը պետք է մեկնաբանվի և՛ հավաքից առաջ, և՛ դրա ընթացքում ձեռնարկվող միջոցառումների ներառմամբ, ինչպիսիք են նախնական արգելքը, հանրահավաքը ցրելը կամ մասնակիցներին ձերբակալելը, ինչպես նաև հետագայում կիրառվող պատժամիջոցները, այդ թվում՝ հանրահավաքին մասնակցելու համար կիրառված տույժերը (տե՛ս Նավալնին և Յաշինն ընդդեմ Ռուսաստանի [Navalnyy and Yashin v. Russia], թիվ 76204/11, § 51, 2014 թվականի դեկտեմբերի 4, և Կուդրևիչիուսը և այլք ընդդեմ Լիտվայի [ՄՊ] [Kudrevičius and Others v. Lithuania [GC]], թիվ 37553/05, § 100, ՄԻԵԴ 2015)։

34. Դատարանը նկատում է, որ դիմումատուին որպես քաղաքացիական ծառայողի իր պաշտոնից ազատելու հիմքերից մեկն այն փաստն էր, որ նա ներկա է եղել վիճարկվող նախագահական ընտրություններից հետո՝ 2008 թվականի փետրվարին, Երևանի Ազատության հրապարակում անցկացված հավաքին։ Դատարանը հաշվի է առնում այն փաստը, որ այն արդեն մանրամասն ուսումնասիրել է այդ հավաքի հանգամանքները և գտել է, որ այն եղել է խաղաղ՝ առանց բռնության կամ բռնության գործողությունների հրահրման (տե՛ս Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի [Mushegh Saghatelyan v. Armenia], թիվ 23086/08, §§ 230-33, 2018 թվականի սեպտեմբերի 20)։ Հետևաբար Դատարանը եզրակացնում է, որ դիմումատուին պաշտոնից ազատելը եղել է խաղաղ հավաքների ազատության իր իրավունքին միջամտություն։

բ) Արդյո՞ք միջամտությունը հիմնավորված էր

35. Միջամտությունը կհամարվի Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում, եթե այն չլինի «նախատեսված օրենքով», չհետապնդի 2-րդ պարբերությամբ նախատեսված մեկ կամ մի քանի իրավաչափ նպատակներ և չլինի «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում» այդ նպատակների իրականացման համար (տե՛ս Գալստյանն ընդդեմ Հայաստանի [Galstyan v. Armenia], թիվ 26986/03, § 103, 2007 թվականի նոյեմբերի 15):

36. Դիմումատուն չի պնդել, իսկ Դատարանը որևէ հիմք չունի եզրակացնելու, որ միջամտությունն օրենքով սահմանված չի եղել՝ հաշվի առնելով, որ դիմումատուին պաշտոնից ազատելը հիմնված է եղել «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետի և 33-րդ հոդվածի 1-ին կետի «ժ» ենթակետի վրա։ Ավելին, թեև դիմումատուն պնդել է, որ միջամտությունը չի հետապնդել իրավաչափ նպատակ, Դատարանը համարում է, որ այդ փաստարկներին ավելի պատշաճ ձևով անդրադարձ կկատարվի միջամտության անհրաժեշտության պայմաններում, և պատրաստ է ընդունելու, որ միջամտությունը հետապնդել է անկարգությունը կանխելու իրավաչափ նպատակ (տե՛ս, mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), Քյուչյուկբալաբան և Քուտլուն ընդդեմ Թուրքիայի [Küçükbalaban and Kutlu v. Turkey], թիվ 29764/09 և 36297/09, § 29, 2015 թվականի մարտի 24 և Դեդեկանը և Օքն ընդդեմ Թուրքիայի [Dedecan and Ok v. Turkey], թիվ 22685/09 և 39472/09, § 33, 2015 թվականի սեպտեմբերի 22): Դեռ անհրաժեշտ է որոշել, թե արդյոք միջամտությունն անհրաժեշտ է եղել ժողովրդավարական հասարակությունում, թե՝ ոչ։

37. Դատարանը կրկին նշում է, որ ժողովրդավարական հասարակության հիմքերից մեկով` հավաքների ազատության իրավունքով, նախատեսվում են մի շարք բացառություններ, որոնք պետք է մեկնաբանվեն նեղ իմաստով, և ցանկացած սահմանափակման անհրաժեշտություն պետք է համոզիչ կերպով հիմնավորվի: Երբ ուսումնասիրվում է այն հարցը, թե արդյոք Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների և ազատությունների մասով սահմանափակումները կարող են համարվել «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում», պայմանավորվող պետություններին վերապահված է հայեցողական լիազորությունների որոշակի, սակայն ոչ անսահմանափակ շրջանակ: Ամեն դեպքում Դատարանն է վերջնական որոշում կայացնում սահմանափակման` Կոնվենցիայի հետ համատեղելիության մասին, և դա պետք է կատարվի կոնկրետ գործի հանգամանքները գնահատելու միջոցով (տե՛ս վերևում հիշատակված՝ Կուդրեվիչուսի և այլոց գործը, § 142 և վերևում հիշատակված՝ Մուշեղ Սաղաթելյանի գործը, § 238):

38. Մանրամասն քննություն կատարելիս Դատարանի խնդիրը ոչ թե համապատասխան ազգային մարմինների տեսակետի վերաբերյալ սեփական կարծիքը հայտնելն է, այլ նրանց որոշումները 11-րդ հոդվածի համաձայն վերանայելը: Սա չի նշանակում, որ Դատարանը պետք է սահմանափակի իրեն` պարզելիս, թե արդյոք պետությունն իր հայեցողական լիազորություններն իրականացրել է ողջամտորեն, զգուշորեն ու բարեխղճորեն, թե` ոչ. այն պետք է բողոքի առարկա միջամտությունն ուսումնասիրի տվյալ գործի` որպես ամբողջության լույսի ներքո և հաստատելուց հետո, որ այն «իրավաչափ նպատակ» է հետապնդել, որոշի, թե արդյոք այն համապատասխանել է «ծայրահեղ սոցիալական անհրաժեշտությանը», և մասնավորապես, արդյոք այն համաչափ է եղել այդ նպատակին, և արդյոք այն արդարացնելու համար ազգային իշխանությունների կողմից ներկայացված հիմնավորումները «համապատասխան և բավարար» են եղել: Այդպիսով, Դատարանը պետք է հավաստիանա, որ ազգային իշխանությունները կիրառել են 11-րդ հոդվածում ներառված սկզբունքներին համապատասխանող չափանիշներ և բացի այդ, իրենց որոշումները կայացնելիս հիմնվել են համապատասխան փաստերի ընդունելի գնահատման վրա (տե՛ս վերևում հիշատակված՝ Կուդրեվիչուսի և այլոց գործը, § 143 և վերևում հիշատակված՝ Մուշեղ Սաղաթելյանի գործը, § 239):

39. Դատարանը նաև վճռել է, որ քաղաքացիական ծառայողների հստակ կատեգորիայի քաղաքական չեզոքությունը պահպանելու անհրաժեշտությանն ուղղված միջոցները սկզբունքորեն կարող են Կոնվենցիայի 11-րդ հոդվածի նպատակներով համարվել իրավաչափ և համաչափ։ Այնուամենայնիվ, այդ միջոցը չպետք է կիրառվի ընդհանուր ձևով, ինչը կարող է ազդել պաշտպանվող իրավունքի էության վրա՝ հաշվի չառնելով խնդրո առարկա քաղաքացիական ծառայողի գործառույթներն ու դերը և մասնավորապես՝ յուրաքանչյուր գործով հանգամանքները (տե՛ս վերևում հիշատակված՝ Քյուչյուկբալաբայի և Քուտլուի գործը, § 34 և վերևում հիշատակված՝ Դեդեկանի և Օքի գործը, § 38):

40. Անդրադառնալով սույն գործի հանգամանքներին՝ Դատարանը նկատում է, որ դիմումատուն եղել է Լոռու մարզպետարանում պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայող։ 2008 թվականի փետրվարի 26-ին և 28-ին նա մասնակցել է 2008 թվականի փետրվարի 19-ի վիճարկվող նախագահական ընտրությունների հետևանքով քաղաքական ընդդիմության կողմից Ազատության հրապարակում կազմակերպված հավաքին։ Սա դարձել է այն պատճառներից մեկը, որի համար դիմումատուն համարվել է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետով ամրագրված՝ քաղաքացիական ծառայողների քաղաքական զսպվածության սկզբունքը խախտած անձ և ազատվել է իր պաշտոնից։

41. Դատարանի դիտարկմամբ այն հարցը, թե արդյոք «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետի հիմքերով դիմումատուի նկատմամբ տույժ կիրառելու համար եղել են հիմքեր, քննվել է Վարչական դատարանի կողմից, որը վճռել է, որ առկա չի եղել որևէ այդպիսի հիմք՝ գտնելով, որ դիմումատուի վարքագծով չի խախտվել տվյալ սկզբունքը (տե՛ս վերևում 18-րդ պարբերությունը)։ Այս առնչությամբ Դատարանը նկատում է, որ դիմումատուի մասնակցությունը նշված հավաքին կրել է զուտ պասիվ բնույթ և եղել է առանց քաղաքական կարծիքների արտահայտման (տե՛ս վերևում հիշատակված՝ Քյուչյուկբալաբայի և Քուտլուի գործը, § 35 և վերևում հիշատակված՝ Դեդեկանի և Օքի գործը, § 39)։ Ավելին, տվյալ հանրահավաքներին հաճախելու ժամանակ դիմումատուն պաշտոնապես գտնվել է արձակուրդում։ Հետևաբար պարզվում է, որ դիմումատուի նկատմամբ տույժ է կիրառվել զուտ այն փաստի համար, որ մասնակցել է քաղաքական ցույցերի, որոնք, ինչպես արդեն նշվել է վերևում, կրել են խաղաղ բնույթ։ Միանալով դրանց՝ դիմումատուն պարզապես իրականացրել է խաղաղ հավաքների ազատության իր իրավունքը։

42. Հաշվի առնելով վերոնշյալը՝ չի կարելի ասել, որ դիմումատուի նկատմամբ կիրառված տույժը, հատկապես այնպիսի խիստ, ինչպիսին նրան պաշտոնից ազատելն է, Կոնվենցիայի 11-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով եղել է համաչափ միջոց։ Հետևաբար Դատարանը եզրակացնում է, որ դիմումատուի՝ խաղաղ հավաքների ազատության իրավունքին միջամտությունն անհրաժեշտ չի եղել ժողովրդավարական հասարակությունում։

43. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում։

     

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ

     

44. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։

    

Ա. Վնասը

45. Դիմումատուն պահանջել է 9 032 206 ՀՀ դրամ՝ որպես չվճարված աշխատավարձի դիմաց նյութական վնասի հատուցում, և տոկոսներ՝ 2008 թվականի մայիսի 13-ից 2014 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար, որը նրա կողմից փաստարկները Դատարան ներկայացնելու օրվան հաջորդող ամիսն է: Այնուհետև նա Դատարանին խնդրել է հաշվարկել և իրեն փոխհատուցել չվճարված աշխատավարձը և 2014 թվականի հուլիսի 1-ից մինչև Դատարանի կողմից վճիռ կայացնելու օրն ընկած ժամանակահատվածի համար հաշվարկվող տոկոսները։ Դիմումատուն պահանջել է նաև 7 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։

46. Կառավարությունը վիճարկել է դիմումատուի նյութական վնասի վերաբերյալ պահանջը՝ պնդելով, որ նրան արդեն այդ վնասի համար տրամադրվել է փոխհատուցում մինչև 2008 թվականի մայիսի 13-ն ընկած ժամանակահատվածի համար, որն այն ամսաթիվն է, երբ նրա պաշտոնը դադարել է գոյություն ունենալ` նրա վերականգնումն անհնար դարձնելով և դադարեցնելով դիմումատուի հարկադիր պարապուրդի շարունակականությունը: Հետևաբար չի եղել որևէ պատճառահետևանքային կապ պահանջվող վնասի և Կոնվենցիայի ենթադրյալ խախտման միջև։ Ավելին, դիմումատուի՝ ոչ նյութական վնասի հատուցման պահանջը եղել է չափազանցված և չհիմնավորված։

47. Դատարանը համարում է, որ որպես հիմնավորում նյութական վնասի հատուցման իր պահանջի, դիմումատուն չի հիմնավորել Կոնվենցիայի հայտնաբերված խախտման արդյունքում կրած իրական նյութական կորուստները և դրանք մեղմացնելու ուղղությամբ նրա կողմից ձեռնարկված քայլերը. հետևաբար այն մերժում է այս պահանջը։ Մյուս կողմից՝ այն դիմումատուին շնորհում է 7 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ։

     

Բ. Ծախսերը և ծախքերը

48. Դիմումատուն պահանջել է նաև 2 000 եվրո՝ Դատարանում կրած իրավաբանական ծախսերի համար՝ ներկայացնելով 2014 թվականի փետրվարի 21-ին իր և իրավաբանի միջև կնքված պայմանագրի պատճենը։

49. Կառավարությունը պնդել է, որ այդ պահանջը չպատճառաբանված և չափազանցված է։ Դիմումատուն գանգատը ներկայացնելիս որևէ ներկայացուցչություն չի ունեցել, իսկ տվյալ պայմանագիրն իր իրավաբանի հետ կնքվել է միայն 2014 թվականի փետրվարի 21-ին։ Ավելին, նա չի նշել աշխատաժամերի քանակը կամ ժամավճարի չափը։

50. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դիմումատուն ունի ծախսերի ու ծախքերի հատուցման իրավունք այնքանով, որքանով ապացուցվել է, որ դրանք իրականում կատարվել են, անհրաժեշտ են եղել, և որ դրանց չափը եղել է ողջամիտ: Սույն գործի շրջանակներում հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը և վերոնշյալ չափորոշիչները, ինչպես նաև հաշվի առնելով Եվրոպային խորհրդի կողմից դիմումատուին արդեն շնորհված իրավաբանական օգնության դիմաց գումարը՝ Դատարանը ողջամիտ է համարում շնորհել 150 եվրո՝ Դատարանի վարույթի համար՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ։

   

Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը

51. Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ։

  

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝

   

1. Հայտարարում է դիմումատուի՝ խաղաղ հավաքների ազատության իրավունքին միջամտության վերաբերյալ բողոքն ընդունելի.

2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 11–րդ հոդվածի խախտում.

3. Վճռում է, որ՝

ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.

i) ոչ նյութական վնասի դիմաց՝ 7 000 եվրո (յոթ հազար եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ,

ii) ծախսերի և ծախքերի դիմաց՝ 150 եվրո (հարյուր հիսուն եվրո)՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ.

բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.

4. Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։

  

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2021 թվականի մայիսի 18-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։

         

Իլզե Ֆրայվիրտ

Յոլիեն Շուկինգ

Քարտուղարի տեղակալ

Նախագահ