Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Incorporation (01.04.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2011.01.14/12(20) Հոդ.6
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
07.10.2009
Ստորագրման ամսաթիվ
07.10.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2010

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԸ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Ֆրանսիայի Հանրապետության Կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

ցանկանալով նպաստել երկու երկրների երկկողմ հարաբերությունների զարգացմանը և նպատակ ունենալով դյուրացնել իրենց քաղաքացիների տեղաշարժը,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հայկական դիվանագիտական վավեր անձնագրով, առանց մուտքի արտոնագրի կարող են մուտք գործել Ֆրանսիայի մայր տարածքի, ինչպես նաև անդրծովյան դեպարտամենտներ, շրջաններ, անդրծովյան վարչական միավորներ և Նոր Կալեդոնիա վեց ամսվա ընթացքում 90 օր ընդհանուր տևողությունը չգերազանցող` մեկ չընդհատվող կամ բազմակի այցերով:

Վերը նշված 90-օրյա ժամկետի հաշվարկն սկսվում է Շենգենյան գոտի կամ Ֆրանսիայի Հանրապետության տարածքի` այդ գոտում չընդգրկված որևէ մաս առաջին մուտքի օրվանից:

 

Հոդված 2

 

Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացիները ֆրանսիական դիվանագիտական վավեր անձնագրով, առանց մուտքի արտոնագրի կարող են Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործել վեց ամսվա րնթացքում 90 օր ընդհանուր տևողությունը չգերազանցող` մեկ չընդհատվող կամ բազմակի այցերով: Վերը նշված 90-օրյա ժամկետի հաշվարկն սկսվում է Հայաստանի Հանրապետություն առաջին մուտքի օրվանից:

 

Հոդված 3

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի պետության դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիները պարտավոր են մուտքի արտոնագրեր ստանալ սույն Համաձայնագրի 1-ին և 2-րդ հոդվածներում նշված տևողությունը գերազանցող` մեկ կամ բազմակի այցերի համար:

 

Հոդված 4

 

Սույն Համաձայնագրի 1-ին և 2-րդ հոդվածների դրույթները կիրառվում են Հայաստանի և Ֆրանսիայի գործող օրենքների և կանոնակարգերի պահպանման պայմանով և միջազգային պայմանագրերին համապատասխան:

 

Հոդված 5

 

Պայմանավորվող կողմերը դիվանագիտական ուղիներով փոխանակում են իրենց երկրների` շրջանառության մեջ գտնվող, նոր կամ փոփոխված դիվանագիտական անձնագրերի նմուշները և միմյանց իրազեկում են այդ անձնագրերը տալու և գործածության պայմանների մասին:

Այդ անձնագրերը ներկայացնելու, տալու և գործածության պայմանների վերաբերյալ ցանկացած փոփոխության մասին մի Պայմանավորվող կողմր տեղեկացնում է մյուս Պայմանավորվող կողմին դրանք կիրառելուց հնարավորության դեպքում առնվազն վաթսուն օր առաջ:

 

Հոդված 6

 

Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը ցանկացած պահի կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը` նախապես` 90 օր առաջ, ծանուցելով դիվանագիտական ուղիներով:

Պայմանավորվող կողմերը կարող են ամբողջովին կամ մասամբ կասեցնել սույն Համաձայնագրի կիրառումը` կասեցման և կիրառման վերսկսման մասին ծանուցելով դիվանագիտական ուղիներով:

Համաձայնագրի իրականացմանն առնչվող տարաձայնությունները Կողմերը ջանում են հաղթահարել դիվանագիտական ուղիներով:

 

Հոդված 7

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է մյուս Պայմանավորվող կողմին ծանուցի սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի ավարտի մասին: Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի վերջին ծանուցումը ստանալու օրվան հաջորդող երկրորդ ամսվա առաջին օրը:

Կատարված է Փարիզում 2009 թվականի հոկտեմբերի 7-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ֆրանսերեն, ընդ որում` երկու տեքստերն էլ հավասարազոր են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2010թ. ապրիլի 1-ին