ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՈՐՈՇՈՒՄ
Գանգատ թիվ 32251/12
«ՍԿԻԶԲ ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ-Ն ընդդեմ Հայաստանի և 2 այլ գանգատներ
(տե՛ս կից աղյուսակը)
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), 2022 թվականի մարտի 10-ին հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝
Յոլիեն Շուկինգ [Jolien Schukking]՝ Նախագահ,
Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],
Անա Մարիա Գուերա Մարտինս [Ana Maria Guerra Martins]՝ դատավորներ,
և Վիկտորիա Մարադուդինա [Viktoriya Maradudina]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,
հաշվի առնելով կից ներկայացված աղյուսակում նշված տարբեր ամսաթվերին ներկայացված վերոնշյալ գանգատները,
անցկացնելով խորհրդակցություն, որոշեց հետևյալը.
ՓԱՍՏԵՐԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Դիմումատու ընկերությունը՝ «Սկիզբ Մեդիա Կենտրոն»-ը, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է, որի գործունեության իրականացման վայրը Երևանում է։ Այն ներկայացրել է Երևանում գործող իրավաբան պրն Ն. Բաղդասարյանը։
Դիմումատու ընկերության՝ Կոնվենցիայի 10-րդ հոդվածով ամրագրված՝ ազատ արտահայտվելու իր իրավունքի ենթադրյալ խախտման վերաբերյալ բողոքներն ուղարկվել են Հայաստանի կառավարություն (Կառավարություն), որը ներկայացրել է գանգատի ընդունելիության և ըստ էության քննության վերաբերյալ իր դիտարկումները։ Դիտարկումներն ուղարկվել են դիմումատու ընկերությանը, որին հրավիրել են ներկայացնելու իր սեփական դիտարկումները: Քարտուղարի նամակներին որևէ պատասխան չի ստացվել։
Պատվիրված նամակով ուղարկված` 2021 թվականի հունվարի 11-ով թվագրված գրություններով դիմումատու ընկերությունը ծանուցվել է, որ թիվ 32251/12 և թիվ 71470/12 գանգատների առնչությամբ իր դիտարկումները ներկայացնելու համար սահմանված ժամկետը լրացել է 2017 թվականի մայիսի 29-ին, իսկ թիվ 12890/13 գանգատի առնչությամբ՝ 2017 թվականի հուլիսի 6-ին, և որ ժամկետը երկարաձգելու վերաբերյալ որևէ միջնորդություն չի ներկայացվել։
Դիմումատու ընկերության ուշադրությունը հրավիրվել է Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի վրա, որով նախատեսվում է, որ Դատարանը կարող է գանգատը վարույթ չընդունել, եթե հանգամանքները հանգեցնում են այն եզրակացության, որ դիմումատուն մտադիր չէ վարույթը շարունակել։ Դիմումատու ընկերության փաստաբանն այդ նամակներն ստացել է 2021 թվականի փետրվարի 17-ին։ Այնուամենայնիվ, որևէ պատասխան չի ստացվել։
2013 թվականից սկսած դիմումատու ընկերությունը կամ նրա փաստաբանը կապ չի հաստատել Դատարանի հետ։
ԻՐԱՎՈՒՆՔԸ
Հաշվի առնելով գանգատների նույնաբովանդակ առարկան՝ Դատարանը նպատակահարմար է գտնում է դրանց քննությունն իրականացնել համատեղ՝ մեկ որոշման շրջանակներում։
Վերոնշյալի լույսի ներքո, ինչպես նաև Կոնվենցիայով և դրան կից արձանագրություններով երաշխավորված իրավունքների նկատմամբ հարգանքի մասով որևէ հատուկ հանգամանքի բացակայության առնչությամբ՝ Դատարանը համարում է, որ գանգատի քննությունը շարունակելն այլևս արդարացված չէ՝ համաձայն Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետ «ա» ենթակետի։
Հետևաբար գործը պետք է վարույթ չընդունվի։
Այս հիմնավորմամբ Դատարանը միաձայն՝
Որոշում է միացնել գանգատները.
Որոշում է գանգատները վարույթ չընդունել։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2022 թվականի մարտի 31-ին։
Վիկտորիա Մարադուդինա [Viktoriya Maradudina]՝ Քարտուղարի տեղակալի պաշտոնակատար |
Յոլիեն Շուկինգ [Jolien Schukking]՝ Նախագահ |
ՀԱՎԵԼՎԱԾ |
Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համաձայն ներկայացված բողոքներ պարունակող գանգատների ցանկը
Թիվ |
Գանգատ թիվ |
Գործի անվանումը |
Ներկայացնելու ամսաթիվը |
Դիմումատու Բնակության վայրը |
Ներկայացվել է |
1. |
32251/12 |
«Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի |
18 մայիսի 2012թ. |
«ՍԿԻԶԲ ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ Երևան |
Նիկոլայ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ |
2. |
71470/12 |
«Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի |
27 հոկտեմբերի 2012թ. | ||
3. |
12890/13 |
«Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի |
31 հունվարի 2013թ. |