Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 70491/13
Տիպ
Վճիռ ընդդեմ Հայաստանի
Ակտի տիպ
Base act (21.06.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 23.09.2022
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
21.06.2022
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.06.2022

Ներմուծեք նկարագրությունը_15382

ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ԲԱԲԱՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

(գանգատ թիվ 70491/13)

 

ՎՃԻՌ

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

21 հունիսի 2022 թ.

 

Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների

 

Բաբայանն ընդդեմ Հայաստանի գործով,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝

Յոլիեն Շուկինգ [Jolien SchukkingՆախագահ,

Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],

Անա Մարիա Գեռա Մարտինս [Ana Maria Guerra Martins]` դատավորներ,

և Իլզե Ֆրայվըրթ [Ilse Freiwirth]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,

հաշվի առնելով՝

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի պրն Վահե Բաբայանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2013 թվականի նոյեմբերի 4-ին Դատարան ներկայացված թիվ 70491/13 գանգատը,

քաղաքացիական վարույթների տևողությանը և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 8-րդ հոդվածի համաձայն ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքին առնչվող բողոքների մասին Հայաստանի կառավարությանը (Կառավարություն) ծանուցելու և գանգատի մնացած մասն անընդունելի հայտարարելու մասին որոշումը,

կողմերի դիտարկումները,

2022 թվականի մայիսի 31-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,

կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Գործը վերաբերում է մորից բաժանվելուց հետո դիմումատուի և նրա դստեր միջև շփման ժամանակացույցի սահմանման մասով իրականացվող դատական վարույթի տևողությանը և արդյունքին, ինչպես նաև վարույթի ընթացքում շփմանը։ Դիմումատուն հիմնվում է Կոնվենցիայի 6-րդ և 8-րդ հոդվածների վրա։

 

ՓԱՍՏԵՐԸ

 

2. Դիմումատուն ծնվել է 1969 թվականին և ապրում է Երևանում։ Նրան Դատարանում ներկայացրել է Երևանում գործող իրավաբան պրն Հ. Հարությունյանը։

3. Կառավարությունը ներկայացրել է կառավարության ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանը՝ միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը։

 

I. Փաստական հանգամանքները

 

4. 2011 թվականի փետրվարին դիմումատուն սկսել է առանձին ապրել իր կնոջից և իրենց դստերից՝ Ա.Բ.-ից, որն այդ ժամանակ երկու տարեկան էր։ Կնոջ հետ պայմանավորվել է, որ Ա.Բ.-ին կտեսակցի երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 16.30-ից մինչև 22։00-ը, ինչպես նաև շաբաթ կեսօրից մինչև կիրակի կեսօր։ Ըստ երևույթին, տեսակցությունները համաձայն պայմանավորվածության տեղի են ունեցել մինչև մոտավորապես 2011 թվականի նոյեմբերը։

 

II. Համապատասխան ներպետական վարույթները

 

Ա. Հայցը Վարչական շրջանի դատարանում

5. 2011 թվականի դեկտեմբերի 13-ին դիմումատուն վարույթ է հարուցել իր կնոջ նկատմամբ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ ամուսնալուծության, երեխայի տեսակցության կարգ սահմանելու և իրենց ընդհանուր բնակարան մուտք գործելու պահանջով։ Դիմումատուն բացատրել է, որ իր կինը խոչընդոտում է Ա.Բ.-ի հետ իր շփումը և խնդրել է դատարանին հաստատել այն ժամանակացույցը, որը գործում էր 2011 թվականի փետրվար ամսից, քանի որ երեխան ընտելացել էր դրան։ Նրա կինը հակընդդեմ հայց է ներկայացրել՝ պահանջելով ալիմենտ։

6. 2012 թվականի փետրվարի 2-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը (Հանձնաժողով) առաջարկել է, որ դիմումատուն Ա.Բ.-ին տեսակցի չորեքշաբթի օրերին՝ ժամը 18։00-21։00, իսկ կիրակի օրերին՝ ժամը 16։00-18։00՝ մոր ներկայությամբ։

7. 2012 թվականի օգոստոսի 14-ին դիմումատուն խնդրել է Վարչական շրջանի դատարանին կիրառել միջանկյալ միջոց՝ կարգադրելով կնոջը թույլատրել իր և դստեր միջև կապի պահպանումը: Նրա պնդմամբ շփումը կանխելը, հավանաբար, անուղղելի վնաս կհասցնի՝ ստեղծելով հեռավորություն և հոգեբանական խոչընդոտներ իր և իր դստեր միջև՝ դրանով իսկ ավելի դժվար կամ նույնիսկ անհնարին դարձնելով հետագայում ըստ էության քննության մասով վճռի կատարումը: Ըստ դիմումատուի՝ իր պահանջը մերժվել է։

8. 2012 թվականի նոյեմբերի 26-ին Վարչական շրջանի դատարանը վճիռ է կայացրել։ Դատարանը վճռել է, որ Հանձնաժողովի 2012 թվականի փետրվարի 2-ի առաջարկությունը չի բխում երեխայի լավագույն շահերից, քանի որ այն անհիմն կերպով սահմանափակում է դիմումատուի իրավունքները, որն օգտվում է իր երեխային դաստիարակելու հավասար իրավունքից: Դատարանը գտել է, որ միայն մոր ներկայությամբ երեխային հանդիպելու պահանջը չի համապատասխանում ընտանեկան օրենսդրությանը և հակասում է երեխայի շահերին: Դատարանը շարունակել է.

«Ղեկավարվելով բացառապես երեխայի շահերի առավել ապահովմամբ և ելնելով սույն գործի կոնկրետ հանգամանքներից՝ դատարանը եկավ այն եզրահանգման, որ մանկահասակ Ա.Բ.-ն ավելի շատ է զգում մայրական խնամքի և փաղաքշանքի կարիքը և ունի հատուկ հոգածության և խնամքի կարիք: Երեխան գտնվելով մոր խնամքին՝ հարմարվել է կյանքի բնականոն գործընթացին։ [Դիմումատուն] զրկված չէ իր կողմից ծնողական իրավունքների իրացման հնարավորություններից, այդ թվում՝ նաև երեխայի հետ նրա բնակության վայրում ազատ շփվելուց, սակայն հաշվի առնելով շաբաթվա ընթացքում արդեն իսկ գործող ռեժիմով երեխայի հաճախումները մանկական հաստատություն և «Ակվատեկ» համալիր, դատարանի կողմից հայցվորի պահանջած 4 օրը սահմանելը բացասական հետևանքներ կթողնի մանկահասակ երեխայի ֆիզիկական, մտավոր և հոգևոր զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների վրա։

Դատարանը, հաշվի առնելով երեխայի կապվածությունը հոր հետ, նկատի ունենալով, որ երեխայի դաստիարակության հարցում ծնողներն ունեն հավասար իրավունքներ, ինչպես նաև կարևորելով այն հանգամանքը, որ երեխայի երկու ծնողներն էլ աշխատում են և ծնողներից [մայրն] է ապրում երեխայի հետ, գտնում է, որ պետք է սահմանել շփման կարգ՝ տեսակցության օրեր նշանակելով յուրաքանչյուր շաբաթվա երկուշաբթի և չորեքշաբթի օրերին ժամը 18։00-ից մինչև 21։00-ն ընկած ժամանակահատվածը և շաբաթ կեսօրից մինչև կիրակի կեսօր։

Վարույթի ընթացքում Երևանի Կենտրոն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը չի հիմնավորել իր եզրակացությունն այն մասին, թե ինչու երեխայի հետ շփումը պետք է լինի միայն նրա մոր ներկայությամբ։

Հետևաբար դատարանը հիմնավորված է համարում, որ [դիմումատուի] և նրա կնոջ միջև լարվածության պատճառով նրա կնոջ բացակայությամբ երեխայի հետ հանդիպումները լավագույնս համապատասխանում են երեխայի բարօրությանը»։

9. Վարչական շրջանի դատարանը նաև բավարարել է ամուսնալուծության և դիմումատուի օժանդակ պահանջների մի մասը և մասամբ բավարարել է դիմումատուի կնոջ ալիմենտի պահանջը:

 

Բ. Բողոքարկման առաջին վարույթը

10. 2012 թվականի դեկտեմբերի 24-ին դիմումատուն բողոք է ներկայացրել։ Նա վիճարկել է մասնավորապես Վարչական շրջանի դատարանի եզրակացությունները՝ կապված իր օժանդակ պահանջների և ալիմենտի հետ: Նա ընդգծել է ողջամիտ ժամկետում դատավարության իրականացման իր իրավունքը և այն փաստը, որ իր և իր երեխայի հարաբերությունները վտանգված են, ինչպես նաև պահանջել է դատարանից արագ լուծել գործը: Դիմումատուի կինը բողոքարկել է տեսակցության ժամանակացույցը և ալիմենտի շնորհումը:

11. 2013 թվականի ապրիլի 11-ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշում է կայացրել դստեր հետ դիմումատուի շփման ժամերի, շարժական գույքը բաժանելու և ալիմենտի մասով նոր քննություն իրականացնելու մասին։ Դատարանը վճռել է, որ Վարչական շրջանի դատարանը պատշաճ կերպով չի քննել և չի քննարկել երեխայի մոր փաստարկները՝ շփման ժամերի վերաբերյալ:

12. 2013 թվականի մայիսի 7-ին դիմումատուն ներկայացրել է վճռաբեկ բողոք։ Ի լրումն Վարչական շրջանի դատարանի կողմից սահմանված տեսակցության կարգն անփոփոխ թողնելու փաստարկների՝ նա կրկին շեշտել է գործի արագ լուծման կարևորությունը։ Նա պնդել է, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից կարգադրված նոր քննությունը չի կարող ապահովել ողջամիտ ժամկետում դատավարության իրականացումը։ 2013 թվականի հունիսի 12-ին Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը ճանաչել է անընդունելի՝ հիմքերի բացակայության պատճառով:

 

Գ. Վերալսումը Վարչական շրջանի դատարանում

13. 2013 թվականի հուլիսի 12-ին Վարչական շրջանի դատարանը որոշել է գործն ընդունել նոր քննության։

14. 2013 թվականի սեպտեմբերի 23-ին դիմումատուն ներկայացրել է միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջ՝ 2012 թվականի օգոստոսի 14-ին ներկայացված համանման հիմքերով (տե՛ս վերևում՝ 8-րդ պարբերությունը): Նա խնդրել է տրամադրել իր դստեր հետ շփվելու իրավունքները՝ համաձայն Վարչական շրջանի դատարանի 2012 թվականի նոյեմբերի 26-ի վճռի (տե՛ս վերևում՝ 8-րդ պարբերությունը): Պարզվում է, որ դատարանը որոշում չի կայացրել այդ պահանջի մասով։

15. 2014 թվականի մարտի 3-ին դիմումատուն մեկ այլ պահանջ է ներկայացրել Վարչական շրջանի դատարան՝ խնդրելով կիրառել նմանատիպ միջանկյալ միջոց: 2014 թվականի մարտի 6-ին Վարչական շրջանի դատարանը մերժել է պահանջը՝ պատճառաբանելով, որ պահանջվող միջանկյալ միջոցը եղել է գործով վեճի առարկա։

16. 2014 թվականի հուլիսի 17-ին դիմումատուն լրացուցիչ պահանջ է ներկայացրել Վարչական շրջանի դատարան՝ խնդրելով կիրառել նմանատիպ միջանկյալ միջոց: 2014 թվականի հուլիսի 21-ին դատարանը մերժել է պահանջը՝ 2014 թվականի մարտի 6-ին նշված պատճառաբանությամբ։ Դիմումատուն բողոքարկել է, սակայն նրա բողոքը մերժվել է 2014 թվականի օգոստոսի 7-ին այն հիմքով, որ միջանկյալ միջոցների կիրառման պահանջների մասին որոշումները ենթակա չեն բողոքարկման։

17. 2014 թվականի օգոստոսի 7-ին Վարչական շրջանի դատարանը վճիռ է կայացրել։ Այն կարգադրել է կապ հաստատել՝ համաձայն Հանձնաժողովի 2012 թվականի փետրվարի 2-ի եզրակացության (տե՛ս վերևում՝ 6-րդ պարբերությունը): Դատարանի հիմնավորումները պարունակող որոշման տեքստը նման է եղել 2012 թվականի նոյեմբերի 26-ի որոշման տեքստին (տե՛ս վերևում՝ 8-րդ պարբերությունը), ընդհուպ մինչև որոշման այն մասը, որը պարունակում է տեսակցության սահմանված վերջնական կարգը, որտեղ նշվում է հետևյալը.

«... դատարանը գտնում է, որ պետք է հաստատվի հետևյալ պայմանավորվածությունը՝ շաբաթվա չորեքշաբթի օրը՝ ժամը 18։00-ից 21։00-ն ընկած ժամանակահատվածը, և յուրաքանչյուր շաբաթվա կիրակի օրը՝ ժամը 16։00-ից 18։00-ն՝ երեխայի մոր ներկայությամբ»։

18. Դատարանը նաև մասամբ բավարարել է դիմումատուի նախկին կնոջ հակընդդեմ հայցը՝ կապված շարժական գույքի և ալիմենտի հետ։

 

Դ. Բողոքարկման երկրորդ վարույթը

19. 2014 թվականի օգոստոսի 29-ին դիմումատուն բողոք է ներկայացրել։ Ինչ վերաբերում է դստեր հետ կապ պահպանելուն, ապա նա պնդել է, որ իր երեխայի հետ շաբաթական հինգ ժամ շփվելն այն դեպքում, երբ երեխայի մայրը նրա հետ անցկացնում է շաբաթվա մնացած 163 ժամը, խախտում է երեխայի դաստիարակության հարցում ամուսնական հավասարության սկզբունքը և անարդարացիորեն սահմանափակում է նրա ծնողական իրավունքները։ Նա նաև ընդգծել է, որ հանդիպումների ժամանակ երեխայի մոր ներկայության պահանջն անհիմն է և հավանաբար վնասակար է երեխայի համար՝ հաշվի առնելով երեխայի ներկայությամբ նրա և նախկին կնոջ միջև վեճերի հավանականությունը։ Ի վերջո, նա պնդել է, որ այն ժամանակ, երբ Հանձնաժողովն իր երեխայի տեսակցության կարգի վերաբերյալ առաջարկություն է արել, երեխան եղել է ընդամենը երեք տարեկան, մինչդեռ բողոքը ներկայացնելու պահին նա գրեթե վեց տարեկան էր։

20. 2015 թվականի մարտի 24-ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանն անփոփոխ է թողել Վարչական շրջանի դատարանի 2014 թվականի օգոստոսի 7-ի վճիռն այնքանով, որքանով այն սահմանափակում էր շփումը շաբաթական հինգ ժամով, սակայն հանել է երեխայի մոր՝ այդ հանդիպումներին ներկա գտնվելու պահանջը՝ պատճառաբանելով, որ Հանձնաժողովը և Վարչական շրջանի դատարանը չեն հիմնավորել այդ պահանջը։

21. 2015 թվականի ապրիլի 21-ին դիմումատուն ներկայացրել է վճռաբեկ բողոք։

22. 2015 թվականի մայիսի 20-ին Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը ճանաչել է անընդունելի՝ հիմքերի բացակայության պատճառով:

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ

 

23. Տվյալ ժամանակահատվածում գործում էին Քաղաքացիական դատավարության օրենսգրքի (ՔԴՕ) հետևյալ համապատասխան դրույթները։

24. Համաձայն 89-րդ հոդվածի 3-րդ մասի՝ դատարանն իրավունք ուներ առանձին վարույթներում առանձնացնելու մեկ կամ մի քանի միացված պահանջներ։

25. 28-րդ հոդվածի [1-ին մասի] 4-րդ կետով նախատեսվում էր, որ գործին մասնակցող անձինք իրավունք ունեն միջնորդություններ ներկայացնելու դատարան։ Համաձայն 123-րդ հոդվածի՝ դիմումների և միջնորդությունների քննարկման արդյունքներով դատարանը կայացնում էր որոշում։

26. Համաձայն 97-րդ հոդվածի 1-ին մասի՝ դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ միջոցներ էր ձեռնարկում հայցի ապահովման համար, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող էր անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը։ Հայցի ապահովումը թույլատրվում էր դատավարության ցանկացած փուլում:

27. 97-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում էր, որ միջնորդությունը քննարկվում է այն ստացվելու օրը, և կայացվում է որոշում: 140.1 հոդվածի 2-րդ մասով և 207-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսվում էր, որ բողոքն ըստ էության չլուծող միջանկյալ դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք կարող էր բերվել միայն ՔԴՕ-ով կամ այլ օրենքներով նախատեսված դեպքերում։ Այնուամենայնիվ, ՔԴՕ-ի կամ այլ օրենքի որևէ դրույթով չէր թույլատրվում ներկայացնել այդպիսի վերաքննիչ բողոք։

28. Քաղաքացիական դատավարության նոր օրենսգիրքը, որն ուժի մեջ է մտել 2018 թվականի ապրիլին, բացահայտորեն նախատեսում էր միջանկյալ միջոցի կիրառման վերաբերյալ պահանջը բավարարելու հնարավորությունը, նույնիսկ եթե պահանջը վերաբերում էր վեճի առարկային։

 

ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

29. Դիմումատուն բողոքել է, որ դատական վարույթի ընթացքում իշխանության մարմինները չեն ապահովել իր երեխայի հետ կապ պահպանելու իրավունքը, և որ ներպետական դատարանների կողմից ի վերջո թույլատրված՝ իր երեխայի հետ շաբաթական հինգ ժամ շփումն անհամաչափորեն սահմանափակել է իր ծնողական իրավունքները: Նա հիմնվել է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի վրա, որն ունի հետևյալ բովանդակությունը.

«1. «Յուրաքանչյուր ոք ունի իր ... բնակարանի ... նկատմամբ հարգանքի իրավունք:

2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»։

 

Ա. Ընդունելիությունը

30. Կառավարությունը, առանց բացատրելու, թե ինչու, նշել է, որ իրենց դիտարկումները վերաբերում էին միայն սույն կետի ներքո դիմումատուի առաջին բողոքին, որը վերաբերում էր իշխանության մարմինների կողմից վարույթի ընթացքում կապը պահպանելու նրա իրավունքը չապահովելուն։ Նրանք իրենց նախնական դիտարկումներում պնդել են, որ դիմումատուն չի սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները, քանի որ նա չի բողոքարկել Վարչական շրջանի դատարանի՝ միջանկյալ միջոցներ կիրառելու մասով մերժումը։ Նրանք հղում են կատարել լայն իմաստով «վերջին գործելակերպին», որի դեպքում համանման գործերով կայացվել են շփման վերաբերյալ ժամանակավոր որոշումներ։ Այնուամենայնիվ, նրանք չեն ներկայացրել մանրամասներ այն կոնկրետ գործերի վերաբերյալ, որոնք, նրանց պնդմամբ, ցույց էին տալիս, որ պաշտպանության այս միջոցը հաջողության ողջամիտ հեռանկարներ էր առաջարկում: Իրենց հետագա դիտարկումներում նրանք ընդունել են, որ դիմումատուն փաստացի բողոքարկել էր միջանկյալ միջոցներ նշանակելու՝ Վարչական շրջանի դատարանի 2014 թվականի հուլիսի 21-ի մերժումը, և որ նրա վերաքննիչ բողոքը մերժվել էր (տե՛ս վերևում՝ 16-րդ պարբերությունը): Այնուամենայնիվ, նրանք պնդել են, որ նա դեռևս չի սպառել իրավական պաշտպանության միջոցներն այն հիմքով, որ նա Վճռաբեկ դատարան չի ներկայացրել վճռաբեկ բողոք։

31. Դիմումատուն նշել է, որ իր կողմից ներկայացվել է միջանկյալ միջոցների կիրառման չորս միջնորդություն, որոնք բոլորը մերժվել են։ Հակառակ իրավաբանական խորհրդատվության՝ նա փորձել էր բողոքարկել 2014 թվականի հուլիսի 21-ի որոշումը, սակայն Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել էր քննել նրա բողոքը, քանի որ ըստ դատարանի՝ միջանկյալ միջոցների մասին որոշումը բողոքարկման ենթակա չէր։

32. Դատարանը նկատում է, որ դիմումատուն իր դստեր հետ շփման համար միջանկյալ միջոցների մասով ընդհանուր չորս պահանջ է ներկայացրել Վարչական շրջանի դատարան (տե՛ս վերևում՝ 7-րդ և 14-ից 16-րդ պարբերությունները): Այս պահանջներից առաջին երկուսը` բերված 2012 թվականի օգոստոսին և 2013 թվականի սեպտեմբերին, մնացել են անպատասխան: 2014 թվականի հուլիսին՝ չորրորդ պահանջը մերժելուց հետո, դիմումատուն փորձել է բողոք ներկայացնել, սակայն այդ բողոքը մերժվել է այն հիմքով, որ հնարավոր չէր բողոքարկել միջանկյալ միջոցների մասին որոշումը (տե՛ս վերևում՝ 16-րդ պարբերությունը):

33. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն պետք է այդ մերժման մասով վճռաբեկ բողոք ներկայացներ Վճռաբեկ դատարան։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով բողոքի մերժման պատճառները և բողոքարկման համար որևէ պաշտոնական իրավական հիմքի բացակայությունը (տե՛ս վերևում՝ 27-րդ պարբերությունը)՝ Կառավարությունը ցույց չի տվել, որ հետագայում այդպիսի բողոքարկումը հաջողության ողջամիտ հեռանկարներ կունենա: Նրանք նաև չեն բացատրել, թե արդյոք այս միջոցը հաջողությամբ կիրառվել է նախկինում, և չեն ներկայացրել այս մասով համապատասխան գործերի վերաբերյալ մանրամասները:

34. Հետևաբար Դատարանը գտնում է, որ դիմումատուն իր բողոքների առնչությամբ բավարարել է 35-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները:

35. Դատարանն այնուհետև նշում է, որ 8-րդ հոդվածի համաձայն դիմումատուի բողոքները ո՛չ ակնհայտորեն անհիմն են, ո՛չ էլ անընդունելի Կոնվենցիայի 35-րդ հոդվածում նշված որևէ այլ հիմքով։ Հետևաբար դրանք պետք է հայտարարվեն ընդունելի։

 

Բ. Ըստ էության քննությունը

 

1. Կողմերի փաստարկները

36. Դիմումատուն բողոքել է, որ վարույթի ընթացքում իր երեխայի հետ շփման ժամեր պահանջող միջանկյալ միջոցների վերաբերյալ իր չորս պահանջները մերժվել են: Նա պնդել է, որ առաջին բողոքարկումից հետո Վերաքննիչ դատարանից իր պահանջը հետ ուղարկելը, ինչպես նաև գործը քննող դատարանի կողմից դատական նիստերի հետաձգումները հանգեցրել են իր գործի անհիմն ձգձգումների:

37. Նա նաև պնդել է, որ շփման վերջնական ժամանակացույցով չի ապահովվել երկու ծնողների հավասար մասնակցությունն իրենց երեխայի դաստիարակությանը։ Նա պնդել է, որ շաբաթական հինգ ժամից երկուսը, որի ընթացքում իրեն թույլ են տվել շփվել դստեր հետ, ծախսվել է տրանսպորտի վրա: Նա այնուհետև նշել է, որ իր դուստրը շատ ավելի փոքր էր այն ժամանակ, երբ Հանձնաժողովի կողմից առաջարկություն է ստացվել՝ ի տարբերություն այն ժամանակվա, երբ Վերաքննիչ դատարանը կայացրել է շփման վերջնական ժամանակացույցը հաստատելու մասին որոշումը։

38. Կառավարությունը որևէ փաստարկ չի ներկայացրել դիմումատուի՝ 8-րդ հոդվածի համաձայն բերված բողոքների էության վերաբերյալ:

 

2. Դատարանի գնահատականը

 

ա) Ընդհանուր սկզբունքները

39. Ծնողի և երեխայի՝ միմյանց ընկերակցությունը փոխադարձ վայելելը ընտանեկան կյանքի հիմնարար տարր է, և ընկերակցությունը վայելելը խոչընդոտող ներպետական միջոցները հավասար են Կոնվենցիայի 8-րդ հոդվածով պաշտպանվող իրավունքին միջամտելուն (տե՛ս Էլշոլզն ընդդեմ Գերմանիայի [ՄՊ], [Elsholz v. Germany [GC]], թիվ 25735/94, § 43, ՄԻԵԴ 2000 VIII, ևԿոսմոպուլուն ընդդեմ Հունաստանի [Kosmopoulou v. Greece], թիվ 60457/00, § 47, 2004 թվականի փետրվարի 5):

40. Կան նաև դրական պարտավորություններ, որոնք բնորոշ են ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի արդյունավետ ցուցաբերմանը։ Այսպիսով, իշխանության մարմինները պարտավոր են միջոցներ ձեռնարկել ծնողներին և նրանց երեխաներին վերամիավորելու համար շփման հետ կապված վեճերի մասով գործերում (տե՛ս Ռիբիչն ընդդեմ Խորվաթիայի [Ribić v. Croatia], թիվ 27148/12, § 89, 2015 թվականի ապրիլի 2, և Սուրն ընդդեմ Էստոնիայի [Suur v. Estonia], թիվ 41736/18, §§ 74-75, 2020 թվականի հոկտեմբերի 20): Սույն պարտավորությունը վերաբերում է ոչ թե արդյունքներին, այլ միջոցներին. առանցքային հարցն այն է, թե արդյոք մարմինները ձեռնարկել են շփումը հեշտացնելու համար անհրաժեշտ բոլոր քայլերը, որոնք կարող են ողջամտորեն պահանջվել գործի հանգամանքներում (տե՛ս վերևում հիշատակված՝ Ռիբիչի գործը, §§ 94 և 96, և վերևում հիշատակված՝ Սուրի գործը, § 77):

41. 8-րդ հոդվածով պահանջվում է, որ ներպետական մարմիններն արդար հավասարակշռություն հաստատեն երեխայի և ծնողների շահերի միջև: Հավասարակշռման գործընթացում հատուկ ուշադրություն պետք է դարձնել երեխայի լավագույն շահերին, որոնք, կախված դրանց բնույթից և լրջությունից, կարող են գերակայել ծնողների շահերի նկատմամբ (տե՛ս Սոմմերֆելդն ընդդեմ Գերմանիայի [ՄՊ] [Sommerfeld v. Germany [GC]], թիվ 31871/96, § 64, ՄԻԵԴ 2003 VIII (քաղվածքներ), և Շիրվինսկասն ընդդեմ Լիտվայի [Širvinskas v. Lithuania], թիվ 21243/17, § 95, 2019 թվականի հուլիսի 23)։ Հավասարակշռությունը պահպանելու համար իրավասու ազգային մարմիններին տրվող լիազորությունների շրջանակը տարբեր է՝ կախված խնդիրների բնույթից և վտանգված շահերի կարևորությունից: Խնամակալության մասին որոշումների համար սկզբունքորեն կիրառելի լիազորությունների լայն շրջանակը նեղացվել է հետագա սահմանափակումների մասով, ինչպիսիք են ծնողների շփման իրավունքների նկատմամբ կիրառվող սահմանափակումները (տե՛ս վերևում հիշատակված՝ Սոմմերֆելդի գործը, § 63, և վերևում հիշատակված՝ Շիրվինսկասի գործը, § 94)։

42. Դատարանի խնդիրը ներպետական մարմիններին փոխարինելը չէ, որոնք հնարավորություն են ունեցել օգտվելու շահագրգռված բոլոր անձանց հետ անմիջական շփումից։ Փոխարենը, Դատարանը Կոնվենցիայի լույսի ներքո պետք է վերանայի նրանց կողմից կայացված որոշումներն իրենց լիազորությունների շրջանակն իրականացնելիս։ Սրանով պահանջվում է, որ Դատարանը կենտրոնանա նրա վրա, թե արդյոք գործն ամբողջությամբ հաշվի առնելով և նկատի ունենալով երեխայի լավագույն շահերի էական նշանակությունը՝ կիրառված միջոցը հիմնավորելու համար բերված պատճառները տեղին և բավարար են եղել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ կետի նպատակներով (տե՛ս վերևում հիշատակված՝ Սոմմերֆելդի գործը, § 62, և վերևում հիշատակված՝ Շիրվինսկասի գործը, § 93):

43. Ավելին, որոշումների կայացման գործընթացը պետք է լինի արդար և այնպիսին, որ ապահովի 8-րդ հոդվածով պաշտպանված շահերի նկատմամբ պատշաճ հարգանքը։ Հետևաբար Դատարանը պետք է որոշի, թե արդյոք դիմումատուն ներգրավված է եղել որոշումների կայացման գործընթացին՝ դիտարկվելով որպես ամբողջություն այնքանով, որքանով բավարար է՝ նրան իր շահերի անհրաժեշտ պաշտպանությունն ապահովելու համար (տե՛ս W.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության [W. v. the United Kingdom], 1987 թվականի հուլիսի 8, § 64, շարք Ա թիվ 121, և վերևում հիշատակված՝ Շիրվինսկասի գործը, § 96)։ Այս համատեքստում այն կարող է հաշվի առնել տեղի մարմինների որոշումների կայացման գործընթացի տևողությունը և դրա հետ կապված ցանկացած դատական վարույթ, քանի որ ընթացակարգային հետաձգումը կարող է հանգեցնել վարույթի ընթացքում խնդրահարույց հարցի փաստացի որոշմանը (տե՛ս վերևում հիշատակված՝ W. -ն ընդդեմ Միացյալ Թագավորության գործը, § 65, և վերևում հիշատակված՝ Շիրվինսկասի գործը, § 97): Այսպիսով, իշխանության մարմինների վրա դրված են 8-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգային պարտավորություններից բխող դրական պարտավորություններ, այն է՝ ծնողների հետ շփումների հետ կապված վարույթներում ցուցաբերել բացառիկ զգուշավորություն (տե՛ս վերևում հիշատակված՝ Ռիբիչի գործը, § 92, և Ա.Վ.-ն ընդդեմ Սլովենիայի [A.V. v. Slovenia], թիվ 878/13, § 74, 2019 թվականի ապրիլի 9)։

բ) Շփումը վարույթի ընթացքում

44. Դատարանը նախ կքննի բողոքը, որը վերաբերում է պատասխանող պետության կողմից ներպետական վարույթի ընթացքում դիմումատուի և նրա դստեր միջև շփման հետ կապված դրական պարտավորությունները չկատարելուն։

45. Դատարանը վերահաստատում է, որ դիմումատուն մի քանի անգամ պահանջել է շփում հաստատելու մասին միջանկյալ միջոցների կիրառում։ Այս պահանջները կա՛մ անտեսվել են, կա՛մ մերժվել (տե՛ս վերևում՝ 32-րդ պարբերությունը): Մերժման միակ պատճառն այն էր, որ պահանջվող միջանկյալ միջոցը վերաբերում էր գործով վեճի առարկային (տե՛ս վերևում՝ 15-րդ պարբերությունը): Դատարանը գտնում է, որ սույն պատճառը ոչ տեղին է, ոչ էլ բավարար՝ վարույթի ընթացքում որոշակի աստիճանի նախնական շփում թույլատրելը մերժելու համար: Այն փաստը, որ դիմումատուի և նրա դստեր միջև երկարաժամկետ շփման պայմանավորվածությունները եղել են վարույթի առարկա, չպետք է խանգարեր դատարանին ձեռնարկել ժամանակավոր միջոցներ՝ նախքան վերջնական որոշում կայացնելը: Հատկանշական է, որ նոր ՔԴՕ-ն, ըստ երևույթին, ուղղակիորեն անդրադառնում է այս խնդրին՝ բացահայտորեն նախատեսելով միջանկյալ միջոցներ տրամադրելու հնարավորությունը, նույնիսկ այն դեպքում, երբ պահանջը վերաբերում է վեճի առարկային (տե՛ս վերևում՝ 28-րդ պարբերությունը)։ Դիմումատուի գործով պահանջները քննարկելուց հրաժարվելը առավել ևս անհիմն էր՝ հաշվի առնելով, որ ըստ երևույթին, այս վարույթի որևէ կետում չէր նախատեսվում, որ դիմումատուին, ի վերջո, կարող են զրկել շփման որևէ իրավունքից:

46. Հատկանշական է, որ վարույթը տևել է ավելի քան երեք տարի և հինգ ամիս։ Այս երկար ժամանակահատվածում, ըստ երևույթին, դիմումատուն իր դստեր հետ շփման իրավունք չի ունեցել: Գործերն արագացնելու վերաբերյալ վարույթի ընթացքում ներկայացված պահանջները, հաշվի առնելով այն, ինչը վտանգված էր, դատարաններից ուղղակի պատասխան չեն ստացել (տե՛ս վերևում՝ 10-րդ և 12-րդ պարբերությունները): Դատարանն ընդգծում է իշխանության մարմինների դրական պարտականությունը՝ ծնողական շփման վերաբերյալ վարույթում բացառիկ զգուշավորություն ցուցաբերելու մասով։ Այս պարտականությունն առավել հրատապ է, երբ, ինչպես այս դեպքում, մերժվել են ժամանակավոր շփման վերաբերյալ պահանջները։

47. Ներպետական դատարանների ձախողումների արդյունքում դիմումատուն զրկվել է դստեր հետ շփվելու իրավունքից գրեթե երեքուկես տարի ժամկետով։ Դատարանը գտնում է, որ ներպետական մարմինները չեն ձեռնարկել այն անհրաժեշտ քայլերը, որոնք ողջամտության սահմաններում կարող էին նրանցից ակնկալվել՝ դիմումատուի և նրա դստեր վերամիավորումը հեշտացնելու նպատակով, և գործի հանգամանքներում չեն ցուցաբերել նրանցից 8-րդ հոդվածով պահանջվող բացառիկ զգուշավորությունը: Հետևաբար այս առումով տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում։

 

գ) Շփման մասով վերջնական պայմանավորվածությունը

48. Դիմումատուն պնդել է, որ Ա. Բ.-ի հետ ներպետական դատարանների կողմից տրամադրված հնգժամյա շփումն անհամաչափորեն սահմանափակում էր նրա ծնողական իրավունքները։ Դատարանը համոզված է, որ որոշումը 8-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված նրա ընտանեկան կյանքը հարգելու իրավունքին միջամտություն է:

49. Դիմումատուն չի վիճարկում, որ միջոցը համապատասխանում էր օրենքին և հետապնդում էր իրավաչափ նպատակ: Հետևաբար միակ հարցն այն է, թե արդյոք շփման սահմանափակումները «անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում»:

50. 2012 թվականին Հանձնաժողովն առաջարկել է դիմումատուին թույլ տալ շփվել Ա.Բ.-ի հետ երեք ժամ չորեքշաբթի երեկոյան և երկու ժամ կիրակի օրվա երկրորդ կեսին՝ երեխայի մոր ներկայությամբ (տե՛ս վերևում՝ 6-րդ պարբերությունը): Վարչական շրջանի դատարանն իր առաջին վճռում, որը կայացվել է ավելի ուշ, որոշել է չհետևել այդ առաջարկության մեջ առաջարկվող շփման սահմանափակ ժամերին այն հիմքով, որ դա «չէր բխում երեխայի լավագույն շահերից»: Փոխարենը, դրանով հաստատվել է մի պայմանավորվածություն, ըստ որի՝ դիմումատուն կարող էր շաբաթվա ընթացքում երկու օր երեկոյան ժամերին տեսնել իր դստերը երեք ժամով և մի ամբողջ օր՝ հանգստյան օրերին, այդ թվում՝ գիշերակացը։ Ավելին, Դատարանը մերժել է երեխայի մոր ներկայությամբ շփվելու առաջարկությունը, քանի որ վերջինիս և դիմումատուի միջև լարվածությունը նշանակում էր, որ նրա բացակայությամբ տեղի ունեցող շփումը լավագույնս կհամապատասխաներ երեխայի բարօրությանը (տե՛ս վերևում՝ 8-րդ պարբերությունը):

51. Այն բանից հետո, երբ գործը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից հետ է ուղարկվել Վարչական շրջանի դատարան, 2014 թվականին Վարչական շրջանի դատարանը պարզապես հաստատել է Հանձնաժողովի 2012 թվականի առաջարկությունը (տե՛ս վերևում՝ 17-րդ պարբերությունը)։ Հաշվի չի առնվել, թե որքան ժամանակ է անցել այդ առաջարկությունն անելուց հետո, կամ ինչ ազդեցություն կարող էր ունենալ ժամանակի անցնելը շփման համապատասխան պայմանավորվածությունների վրա: Դատարանի 2014 թվականի վճռի պատճառաբանությունը նման էր 2012 թվականի վճռի պատճառաբանությանը, տարբեր էին միայն շփման մասով պայմանավորվածությունների վերաբերյալ եզրակացությունները։ Դատարանը չի բացատրել, թե ինչու է որոշել շեղվել 2012 թվականին կարգադրված շփման ժամանակացույցից և չի անդրադարձել որևէ նոր տարրի, որը հաշվի է առել և որը կարող էր բացատրել, թե ինչու է հանգել այլ եզրակացության։ Մասնավորապես, թեև գործը հետ է ուղարկվել այն հիմքով, որ Վարչական շրջանի դատարանը չի քննել և չի անդրադարձել մոր փաստարկներին (տե՛ս վերևում՝ 11-րդ պարբերությունը), այնուամենայնիվ, նոր վճռում չի նշվում նման որևէ փաստարկ, կամ չի պարզաբանվում, թե արդյոք դրանք անփոփոխ են թողնվել, թե՝ ոչ։ Այն նույնպես պատճառներ չի ներկայացրել մոր ներկայությամբ շփման պահանջը ներկայացնելու համար՝ չնայած այն հանգամանքին, որ նախորդ վճռով հստակ բացատրվել է, թե ինչու նման պահանջը չի բխում Ա.Բ.-ի շահերից: Թեև Վերաքննիչ քաղաքացիական դատարանը հետագայում հեռացրել է այս վերջին պահանջը, այնուամենայնիվ, այն պահպանել է 2014 թվականի վճռի առավել սահմանափակ շփման պայմանավորվածությունները՝ պարզապես մեջբերելով այդ վճռի պատճառաբանությունը (տե՛ս վերևում՝ 20-րդ պարբերությունը):

52. Դատարանը վերահաստատում է, որ իշխանության մարմինների լիազորությունների շրջանակը երեխաների հետ շփման վերաբերյալ գործերում լայն չէ (տե՛ս վերևում՝ 41-րդ պարբերությունը)։ Այս հանգամանքներում և մասնավորապես հաշվի առնելով Վարչական շրջանի դատարանի և Վերաքննիչ քաղաքացիական դատարանի վճիռներում 2012 թվականի վճռով կարգադրված շփման պայմանավորվածություններից շեղվելու մասով որևէ բացատրության բացակայությունը՝ չի կարելի ասել, որ շփման վերջնական ժամանակացույցը հիմնավորելու համար բերված պատճառները վերաբերելի էին և բավարար, որ Դատարանը հնարավորություն ունենար եզրակացնելու, որ սույն գործում վտանգված տարբեր շահերի միջև արդար հավասարակշռություն է հաստատվել:

53. Հետևաբար սույն բողոքի մասով նույնպես տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում:

 

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

54. Կոնվենցիայի 6-րդ հոդվածով դիմումատուն բողոք է ներկայացրել իր գործով քաղաքացիական վարույթի տևողության մասին։ 6-րդ հոդվածը շարադրված է հետևյալ կերպ.

«Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները ... ունի ... տրիբունալի կողմից ... ողջամիտ ժամկետում ... հրապարակային լսումների իրավունք ...»:

55. Հաշվի առնելով Կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն իր եզրակացությունները (տե՛ս մասնավորապես վերևում՝ 47-րդ պարբերությունը), Դատարանը գտնում է, որ անհրաժեշտ չէ ուսումնասիրել սույն բողոքի ընդունելիությունն ու ըստ էության քննությունը:

 

III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

56. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։

57. Դիմումատուն պահանջել է 6 000 եվրո (ԵՎՐՈ)՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։ Նա թողել է Դատարանի հայեցողությանը՝ արդյոք վճարել ծախսերը և ծախքերը. նա փաստացի կրած ծախսերի կամ ծախքերի վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացրել:

58. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի՝ ոչ նյութական վնասի մասով պահանջը չհիմնավորված և չափազանցված է՝ հաշվի առնելով ենթադրյալ խախտումների բնույթը և նմանատիպ գործով Դատարանի հաստատված նախադեպային իրավունքը (հղում կատարելով Ստասիկն ընդդեմ Լեհաստանի գործին [Stasik v. Poland], թիվ 21823/12, 2015 թվականի հոկտեմբերի 6)։ Հետևաբար նրանք Դատարանին առաջարկել են շնորհել ավելի քիչ գումար, քան պահանջվում էր։

59. Դատարանը նպատակահարմար է համարում դիմումատուին շնորհել 5 900 ԵՎՐՈ՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում՝ գումարած այդ գումարից գանձման ենթակա ցանկացած հարկ։ Քանի որ նա ոչ մի ապացույց չի ներկայացրել կատարված ծախսերի վերաբերյալ, այս կետով որևէ գումար չի շնորհվում։

60. Դատարանը նպատակահարմար է գտնում, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ:

 

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝

 

1. Հայտարարում է 8-րդ հոդվածի մասով բողոքներն ընդունելի.

2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում՝ կապված իշխանության մարմինների կողմից դատական վարույթի ընթացքում դիմումատուի դստեր հետ շփման իրավունքները չապահովելու և ներպետական դատարանների կողմից որոշված շփման վերջնական ժամանակացույցի հետ.

3. Վճռում է, որ կարիք չկա քննելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի մասով բողոքի ընդունելիությունը և ըստ էության քննությունը.

4. Վճռում է, որ՝

ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին ոչ նյութական վնասի դիմաց վճարի 5 900 ԵՎՐՈ (հինգ հազար ինը հարյուր եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ, որը պետք է փոխարկվի պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով,

բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.

5. Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։


 

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2022 թվականի հունիսի 21-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։

 

Իլզե Ֆրայվըրթ՝

Քարտուղարի տեղակալի

Յոլիեն Շուկինգ՝
Նախագահ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան