ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՍՏԵՓԱՆՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատ թիվ 12105/13)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
24 հունվարի 2023 թ.
Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Ստեփանյանն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝
Անյա Սիբերտ Ֆուա [Anja Seibert-Fohr]՝ Նախագահ,
Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],
Անա Մարիա Գեռա Մարտինս [Ana Maria Guerra Martins]` դատավորներ,
և Վալենտին Նիկոլեսկու [Valentin Nicolescu]` Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,
հաշվի առնելով՝
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն ընդդեմ Հայաստանի Հանրապետության բերված՝ 2013 թվականի հունվարի 18-ի գանգատը (թիվ 12105/13), որը Դատարան է ներկայացվել 1983 թվականին ծնված և Աբովյանում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի պրն. Գրիգոր Ստեփանյանի (դիմումատու) կողմից, որին ներկայացրել է Աբովյանում գործող իրավաբան տկն Մ. Գրիգորյանը,
գանգատի մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանը (Կառավարություն) ծանուցելու վերաբերյալ որոշումը, որին ներկայացրել է նրա լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը, իսկ այնուհետև՝ միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանը,
կողմերի դիտարկումները,
2022 թվականի դեկտեմբերի 13-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը։
ԳՈՐԾԻ ԱՌԱՐԿԱՆ
1. Դիմումատուի դուստրը՝ Մ. Ստեփանյանը, ծնվել է 2009 թվականի հուլիսի 1-ին:
2. 2010 թվականի հուլիսի 6-ին՝ երեկոյան ժամը 9-ի սահմաններում, Մ. Ստեփանյանը, որը թույլ էր, փսխել էր և ուներ փորլուծություն, ընդունվել է Աբովյանի բժշկական կենտրոն: Նրան հետազոտել է բժիշկ Հ. Ա.-ն, որը նրա մոտ ախտորոշել է սուր աղիքային վարակ՝ ստամոքսաղիքաբորբ և տոքսիկոզ էքսիկոզով, և նրան տեղավորել ինտենսիվ թերապիայի սենյակում:
3. 2009 թվականի հուլիսի 7-ին՝ առավոտյան ժամը 6:55-ին, Մ. Ստեփանյանի վիճակը կտրուկ վատացել է և շտապ հրավիրվել է ինտենսիվ թերապիայի մասնագետ: Երեխան մահացել է առավոտյան ժամը 7:45-ին:
4. Նույն օրը քրեական վարույթ է հարուցվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն (բժշկական անփութություն, որը հանգեցրել է մահվան):
5. 2010 թվականի օգոստոսի 9-ի դիահերձման արձանագրության համաձայն՝ մահվան պատճառը եղել է միոկարդիտի, կարդիոմիոցիտի կծկման ֆունկցիայի խանգարման, այտուցի, թոքերի ինտերստիցիալ հիվանդության և բրոնխների դեսկվամացիայի հետևանքով վրա հասած սրտի և շնչառության կանգը:
6. 2010 թվականի նոյեմբերի 4-ին ստացված փորձագիտական խմբի եզրակացության համաձայն, inter alia (ի թիվս այլնի) պարզվել է, որ Մ. Ստեփանյանի հետազոտությունները հիվանդանոց ընդունվելուց հետո եղել են անբավարար և թերի, իսկ իրականացված բուժումը՝ ոչ լիարժեք և սխալ: Հաշվի առնելով հիվանդանոց ընդունվելիս երեխայի ծայրահեղ ծանր վիճակը՝ նրան անհրաժեշտ էր ինտենսիվ թերապիա՝ մեխանիկական օդափոխությամբ` կենսականորեն կարևոր գործառույթների պահպանման համար: Հաշվի առնելով երեխայի մոտ առկա սուր վիճակը՝ հնարավոր չէ միանշանակ ասել, թե արդյոք հնարավոր էր փրկել նրա կյանքը, սակայն եթե ստուգումներն ամբողջությամբ կատարվեին և վերակենդանացման բաժանմունքում բուժում կազմակերպվեր, երեխային փրկելու հավանականությունը ավելի մեծ կլիներ: Հետևաբար Հ. Ա.-ն պետք է երեխային տեղավորած լիներ վերակենդանացման բաժանմունքում:
7. 2011 թվականի փետրվարի 18-ին ներկայացվել է փորձագիտական խմբի լրացուցիչ եզրակացությունը, որով, inter alia (ի թիվս այլնի), պարզ է դարձել, որ Մ. Ստեփանյանի սիրտ-թոքային ախտաբանությունը չէր ախտորոշվել անհրաժեշտ բժշկական հետազոտությունները (արյան և մեզի անալիզ, էլեկտրասրտագրություն և կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտություն) չիրականացնելու պատճառով: Արդյունքում երեխան չի ստացել այն բուժումը, որն անհրաժեշտ էր վերջինիս իր այդ վիճակում: Վերակենդանացման բաժանմունքում բուժման դեպքում դրական ելքի հավանականությունը կարող էր ավելի մեծ լինել: Այնուամենայնիվ, այդպիսի հիվանդություններ ունեցող երեխաների շրջանում առկա էր մահացության բարձր ցուցանիշ, և նույնիսկ ճիշտ ախտորոշման և բուժման դեպքում բացասական ելքը չէր կարելի բացառել:
8. 2011 թվականի մարտի 4-ին քննիչը, համարելով որ առկա չէ պատճառահետևանքային կապ Մ. Ստեփանյանի բուժման ժամանակ թույլ տրված թերությունների և նրա մահվան միջև, և որ նույնիսկ անհրաժեշտ և ժամանակին բուժման դեպքում բացասական ելքը թերևս հնարավոր չէր լինի բացառել, որոշել է կարճել քրեական գործով վարույթը:
9. Դիմումատուի բողոքի հիման վրա Կոտայքի մարզի դատարանը 2011 թվականի հունիսի 15-ի որոշմամբ վերացրել է վարույթը կարճելու մասին որոշումը՝ համարելով որ քննիչը պատշաճ կերպով հաշվի չի առել դատաբժշկական փորձաքննության արդյունքները: Ըստ այդ որոշման՝ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները պատշաճ կերպով չկատարելու համար և չի նախատեսում դրանից ազատում՝ հիվանդի կյանքը փրկելու՝ մեծ կամ փոքր հավանականություն ապահովելու դեպքում: Առկա էին բավարար դատափորձագիտական ապացույցներ այն մասին, որ Հ. Ա.-ն չի տեղավորել Մ. Ստեփանյանին վերակենդանացման բաժանմունքում և սխալ է ախտորոշել նրա հիվանդությունը, որի հետևանքով Հ. Ա.-ն որևէ բուժում չի իրականացրել հիվանդի մոտ առկա իրական հիվանդությունների կապակցությամբ:
10. Քրեական վարույթը վերսկսվել է, և Հ. Ա.-ի պահանջով նշանակվել է լրացուցիչ փորձագիտական հետազոտություն: Փորձագիտական նոր խումբն իր 2011 թվականի դեկտեմբերի 21-ի եզրակացության մեջ վերահաստատել է նախորդ փորձագիտական եզրակացություններում արված եզրահանգումները:
11. 2011 թվականի դեկտեմբերի 26-ին քննիչը որոշում է ընդունել կարճել քրեական վարույթն այն նույն հիմքով, որով այն դադարեցվել էր նախկինում։
12. Այդ որոշման դեմ բերված դիմումատուի բողոքները վերջին ատյանում՝ Վճռաբեկ դատարանում, մերժվել են 2012 թվականի հուլիսի 14-ին:
13. Հղում անելով Կոնվենցիայի 2-րդ և 13-րդ հոդվածներին՝ դիմումատուն բողոքել է, որ ներպետական մարմինները չեն իրականացրել իր դստեր մահվան կապակցությամբ արդյունավետ քննություն, և առկա չի եղել որևէ արդյունավետ մեխանիզմ, որը թույլ կտար նրան ստանալ հատուցում:
ԴԱՏԱՐԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
14. Դիմումատուի բողոքներն առավել նպատակահարմար է քննել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համատեքստում (տե՛ս Լոպես դե Սոուզա Ֆերնանդեսն ընդդեմ Պորտուգալիայի [ՄՊ] [Lopes de Sousa Fernandes v. Portugal [GC]], թիվ 56080/13, § 145, 2017 թվականի դեկտեմբերի 19):
15. Դատարանը նշում է, որ այս բողոքը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ պարբերության «ա» կետի իմաստով ակնհայտ անհիմն չէ և ոչ էլ անընդունելի է որևէ այլ հիմքով: Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի:
16. Բժշկական անփութության ոլորտում պետության ընթացակարգային պարտավորությունների վերաբերյալ կիրառելի ընդհանուր սկզբունքները ամփոփված են վերևում հիշատակված՝ Լոպես դե Սոուզա Ֆերնանդեսի [Lopes de Sousa Fernandes] գործում, §§ 214-221 (տե՛ս նաև Կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն բերված՝ Բոթոյանն ընդդեմ Հայաստանի [Botoyan v. Armenia], թիվ 5766/17, §§ 90-95, 2022 թվականի փետրվարի 8):
17. Դիմումատուն չի պնդում, որ իր դստեր մահը պատճառվել է դիտավորյալ: Այլ բան չեն վկայում նաև գործին առնչվող փաստերը: Հետևաբար Կոնվենցիայի 2-րդ հոդվածով անպայմանորեն քրեաիրավական պաշտպանության միջոց չի պահանջվում (տե՛ս Վոն ընդդեմ Ֆրանսիայի [ՄՊ] Vo v. France [GC], թիվ 53924/00, § 90, ՄԻԵԴ 2004-VIII): Այնքանով, որքանով նման միջոց է տրամադրվել, և դիմումատուն օգտվել է դրանից (տե՛ս վերևում՝ 4-րդ պարբերությունը, տե՛ս նաև վերևում հիշատակված՝ Բոթոյանի գործը, § 110), այդպիսի վարույթը ինքնին կարող էր բավարարել 2-րդ հոդվածով սահմանված ընթացակարգային պարտավորությունը՝ արդյունավետ համարվելու դեպքում (տե՛ս վերևում հիշատակված՝ Լոպես դե Սոուզա Ֆերնանդեսի գործը, § 232, և Սկրիպիկն ընդդեմ Մոլդովայի Հանրապետության [Scripnic v. the Republic of Moldova], թիվ 63789/13, §§ 31 և 35, 2021 թվականի ապրիլի 13):
18. Դատարանը նկատում է, որ Մ. Ստեփանյանի մահվան փաստով հարուցված քրեական վարույթը երկու անգամ կարճվել է (տե՛ս վերևում՝ 8-րդ և 11-րդ պարբերությունները)՝ բժշկական անփութության և դիմումատուի երեխայի մահվան միջև պատճառահետևանքային կապի բացակայության հիմքով: Հաշվի առնելով Մարզային դատարանի այն եզրահանգումը, որ 2011 թվականի հունիսի 15-ի որոշումն ընդունելուց առաջ գործի քննությունն արդյունավետ չի եղել (տե՛ս վերևում՝ 9-րդ պարբերությունը)՝ Դատարանը կուսումնասիրի այդ որոշումից հետո իրականացված քննությունը (Բարանինը և Վուկչեվիչն ընդդեմ Մոնտենեգրոյի գործը [Baranin and Vukčević v. Montenegro], թիվ 24655/18 և 24656/18, § 141, 2021 թվականի մարտի 11):
19. Չնայած երկու փորձագիտական եզրակացությունների առկայությանը (տե՛ս վերևում՝ 6-րդ և 7-րդ պարբերությունները), որոնց հիմնավորվածությունը կասկածի տակ չի դրվել գործի սկզբնական քննության ընթացքում, և որոնք որպես հիմնավոր և ընդունելի ապացույցներ հիմք են ընդունվել Մարզային դատարանի կողմից 2011 թվականի հունիսի 15-ի որոշումը կայացնելիս (տե՛ս վերևում՝ 9-րդ պարբերությունը), քննիչը բժշկի պահանջով նշանակել է ևս մեկ դատաբժշկական փորձաքննություն (տե՛ս վերևում՝ 10-րդ պարբերությունը):
20. Թեև երրորդ փորձագիտական եզրակացությունը չի պարունակել որևէ նոր եզրահանգում, քրեական վարույթը կրկին դադարեցվել է նույն հիմքերով, ինչպես նախկինում (տե՛ս վերևում՝ 8-րդ, 10-րդ և 11-րդ պարբերությունները) այն պարագայում, երբ, ինչպես նշել է Մարզային դատարանը, արդեն իսկ առկա էին բավարար ապացույցներ այն մասին, որ Հ. Ա.-ն չի իրականացրել բոլոր անհրաժեշտ բժշկական հետազոտությունները, որի արդյունքում դիմումատուի երեխան համապատասխան ախտորոշում և բուժում չի ստացել (տե՛ս վերևում՝ 5-րդ, 6-րդ, 7-րդ և 9-րդ պարբերությունները):
21. Նկատի առնելով վերոնշյալը՝ Դատարանը համարում է, որ քննության եզրահանգումները հիմնված չեն եղել բոլոր անհրաժեշտ տարրերի մանրամասն և օբյեկտիվ վերլուծության վրա (տե՛ս Մուրադյանն ընդդեմ Հայաստանի [Muradyan v. Armenia], թիվ 11275/07, § 135, 2016 թվականի նոյեմբերի 24, Նանա Մուրադյանն ընդդեմ Հայաստանի [Nana Muradyan v. Armenia], թիվ 69517/11, § 126, 2022 թվականի ապրիլի 5, և որպես համեմատություն՝ Շարիշվիլի-Բոլկվաձեն ընդդեմ Վրաստանի [Sarishvili-Bolkvadze v. Georgia], թիվ 58240/08, § 85, 2018 թվականի հուլիսի 19): Հետևաբար Դատարանը եզրակացնում է, որ տվյալ գործով իրականացված քրեական վարույթը չի համապատասխանել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային պահանջներին:
22. Հաշվի առնելով վերոնշյալ եզրահանգումը՝ Դատարանը պետք է քննի, թե արդյոք դիմումատուին հասանելի են եղել մասնավորապես այլ քաղաքացիաիրավական կամ կարգապահական պաշտպանության միջոցներ, թե՝ ոչ (տե՛ս Կալվելլին և Չիլյոն ընդդեմ Իտալիայի [ՄՊ] [Calvelli and Ciglio v. Italy [GC]], թիվ 32967/96, § 51, ՄԻԵԴ 2002 I, և վերևում հիշատակված՝ Վո-ի գործը, § 90):
23. Այնուամենայնիվ, Դատարանը նախորդ գործերից մեկով արդեն եզրակացրել է, որ Հայաստանի իրավական համակարգում առկա չեն արդյունավետ քաղաքացիաիրավական կամ վարչաիրավական պաշտպանության միջոցներ ենթադրյալ բժշկական անփութության վերաբերյալ բողոքների մասով (տե՛ս վերևում հիշատակված՝ Բոթոյանի գործը, §§ 116-30):
24. Սույն գործում ոչինչ հիմք չի ծառայում, որ Դատարանը գա այլ եզրահանգման: Հետևաբար Դատարանը գտնում է, որ դիմումատուին հասանելի չի եղել բժշկական անփութության վերաբերյալ իր հայցը ներկայացնելու և այն բժշկական անփութության դիմաց հատուցում ստանալու հնարավորություն ընձեռող արդյունավետ ընթացակարգ, որի զոհն էր դարձել իր երեխան (տե՛ս, mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), վերևում հիշատակված՝ Բոթոյանի գործը, § 131):
25. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում։
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
26. Դիմումատուն պահանջել է 20 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում, 500 000 ՀՀ դրամ (մոտավորապես 925 եվրո)՝ որպես ներպետական դատարաններում կրած ծախսերի և ծախքերի հատուցում, և 900 000 ՀՀ դրամ (մոտավորապես 1660 եվրո)՝ որպես Դատարանում կրած ծախսերի և ծախքերի հատուցում:
27. Կառավարությունն առարկել է այս պահանջների դեմ։
28. Դատարանը դիմումատուին տրամադրում է 12 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ։
29. Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը՝ Դատարանը ողջամիտ է համարում տրամադրել 2,000 եվրո՝ Դատարանում կրած բոլոր ծախսերի համար՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Հայտարարում է գանգատն ընդունելի,
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում.
3. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով`
i) ոչ նյութական վնասի դիմաց՝ 12,000 եվրո (տասներկու հազար եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ,
ii) ծախսերի և ծախքերի դիմաց՝ 2 000 եվրո (երկու հազար եվրո)՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ,
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.
4. Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2023 թվականի հունվարի 24-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
Վալենտին Նիկոլեսկու՝ |
Անյա Սիբերտ Ֆուա՝ |
Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար |
Նախագահ |