Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 7432/17
Տիպ
Վճիռ ընդդեմ Հայաստանի
Ակտի տիպ
Base act (05.01.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 02.11.2023
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
05.10.2023
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
05.10.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.01.2024

Ներմուծեք նկարագրությունը_15382

 

ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ԳՈՒՐԲԱՆՈՎՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

(Գանգատ թիվ 7432/17)

 

Վ Ճ Ի Ռ

 

Հոդված 8 Մասնավոր և ընտանեկան կյանքը ● Նախքան հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հրաձգության ժամանակ դիմումատուի որդու՝ զոհված ադրբեջանցի զինծառայողի մարմինը հայրենիք վերադարձնելը երեսունութ օր անցնելը ● Դեպքի հանգամանքները պարզելու օրինաչափ նպատակը, որը հանգեցրել է նաև մի շարք հայ զինծառայողների մահվան ● Բարեխիղճ դատաբժշկական փորձաքննություններ, որոնք իրականացվել են ներպետական օրենսդրությամբ սահմանված ժամկետներում և ո՛չ չափազանց շատ են, ո՛չ անտեղի՝ հաշվի առնելով պատասխանող պետության և Ադրբեջանի միջև ընդհանուր կոնֆլիկտային հարաբերությունները ● Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ ամբողջ ընթացքում տարբեր քննչական քայլերի անհրաժեշտության մասին տեղեկացված լինելը ● Ողջամիտ ամբողջ ժամանակահատվածը ● Ձեռք բերված արդար հավասարակշռություն դիմումատուի՝ 8-րդ հոդվածով նախատեսված իրավունքների և հետապնդվող օրինական նպատակի միջև

 

Հոդված 14 (+ հոդված 8) ● Խտրականություն ● Դիմումատուի որդու մարմինը և զոհված հայ զինծառայողների մարմինները վերադարձնելու հարցում տարբեր գործելակերպերի օբյեկտիվ և ողջամիտ հիմնավորում ● Երկու երկրների միջև թշնամության և լարվածության ընդհանուր համատեքստ, որը տարբեր իրավիճակների դեպքում պահանջում է տարբեր միջոցառումներ ● Հետապնդվող նպատակին համաչափ այլ գործելակերպ ● Դիմումատուի որդու հետ կապված քրեական գործը վարելիս էթնիկ նախապաշարման որևէ դեպքի բացակայություն

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

5 հոկտեմբերի 2023թ

 

Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում։ Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:

 

Գուրբանովն ընդդեմ Հայաստանի գործով,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով՝

Գեորգես Ռավարանի [Georges Ravarani]՝ Նախագահ,

Կարլո Ռանզոնի [Carlo Ranzoni],

Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],

Ստեֆանի Մուրու-Վիկստրյոմ [Stռphanie Mourou-VikstrՓm],

Մարիա Էլոսեգի [Maria Elցsegui],

Էրիկ Վեններստրյոմ [Erik WennerstrՓm],

Մաթիաս Գայոմար [Mattias Guyomar]՝ դատավորներ,

և Վիկտոր Սոլովեյչիկ [Victor Soloveytchik]՝ Բաժանմունքի քարտուղար,

հաշվի առնելով՝

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության

մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Ադրբեջանի քաղաքացի պրն Սալման Գուրբանովի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2017 թվականի հունվարի 24-ին Դատարան ներկայացված գանգատը (թիվ 7432/17),

Հայաստանի կառավարությանը (պատասխանող Կառավարություն) գանգատի մասին ծանուցելու վերաբերյալ որոշումը,

պատասխանող Կառավարության կողմից ներկայացված դիտարկումները և դիմումատուի կողմից ի պատասխան ներկայացված դիտարկումները,

Ադրբեջանի կառավարության կողմից ներկայացված մեկնաբանությունները, որոնց Բաժանմունքի նախագահի կողմից շնորհվել է միջամտելու թույլտվություն,

2023 թվականի սեպտեմբերի 12-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,

կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Դիմումը վերաբերում է դիմումատուի բողոքներին՝ կապված նրա որդու մարմնի՝ Հայաստանի իշխանությունների կողմից ուշ վերադարձի հետ։ Ենթադրվում է, որ դա Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն հավասարազոր է անմարդկային վերաբերմունքի դիմումատուի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ, որոնց մասնավոր և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքները նույնպես խախտվել են նույն պատճառով, դրանով նաև նրանց թույլ չի տրվել մարմինը թաղել իրենց կրոնական ավանդույթների համաձայն՝ խախտելով Կոնվենցիայի 8-րդ հոդվածը: Կոնվենցիայի համապատասխանաբար 13-րդ հոդվածի և 14-րդ հոդվածի համաձայն բարձրացվել են բողոքներ, որոնցում պնդում են, որ վերոհիշյալ խախտումների համար չկան իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ, և որ մարմինը վերադարձնելու մերժման հիմքում ընկած պատճառները խտրական են:

 

ՓԱՍՏԵՐԸ

 

2. Դիմումատուն ծնվել է 1968 թվականին և ապրում է Բաքվում։ Նրան ներկայացրել է Բաքվում գործող իրավաբան պրն Ա. Բագիրովը։

3. Պատասխանող Կառավարությունը ներկայացրել է Կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը։

 

I. Գործի նախապատմությունը

 

4. 2016 թվականի դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին ռազմական բախումներ են տեղի ունեցել։ Դիմումատուի որդին՝ Չինգիզ Գուրբանովը, որը ծնվել է 1994 թվականին և եղել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, սպանվել է մարտերի ժամանակ, իսկ նրա մարմինը հայտնաբերվել է Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի մերձակայքում։

5. 2017 թվականի հունվարի 9-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածել են հետևյալ հայտարարությունը.

 

«Բաքուն և Երևանը շարունակում են միմյանց մեղադրել 2016 թվականի դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ներխուժման փորձի համար, որը հանգեցրեց մարդկային զոհերի։ Հայաստանի զինված ուժերը դեռ իրենց մոտ են պահում մարտերում սպանված ադրբեջանցի զինծառայողի մարմինը։

Հրադադարի խախտումներն անթույլատրելի են և հակասում են այն պարտավորություններին, որ ստանձնել են Կողմերը, որոնք կրում են ամբողջ պատասխանատվությունը՝ ուժ չկիրառելու համար։ Համանախագահները կոչ են անում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին խստորեն պահպանել 2016 թվականին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունները, այդ թվում՝ հնարավորինս կարճ ժամկետներում վերջնական տեսքի բերել ԵԱՀԿ-ի՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմը։ Համանախագահները նաև կոչ են անում անհապաղ վերադարձնել աճյունները՝ըստ 2010 թվականին Աստրախանում բանակցությունների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության՝ հիշեցնելով խնդրի բացառապես հումանիտար բնույթը: Մենք կոչ ենք անում Կողմերին դադարեցնել փոխադարձ մեղադրանքներն ու ձեռնարկել անհրաժեշտ քայլեր իրավիճակը կայունացնելու ուղղությամբ»։

 

6. 2017 թվականի հունվարի 11-ի հայտարարության մեջ այն ժամանակ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն ասել է.

 

«Մենք մտահոգված ենք հակամարտության մարդասիրական ասպեկտով: Ես քաջատեղյակ եմ, որ դեկտեմբերի 29-ին հրադադարի խախտումը հանգեցրել է զոհերի, և որ Հայաստանի զինված ուժերը մինչ այժմ շարունակում են պահել մարտերում զոհված ադրբեջանցի զինծառայողի դին: Ես կոչ եմ անում կողմերին հարգել հրադադարը և լիարժեք կերպով պաշտպանում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչը՝ անհապաղ վերադարձնել աճյունը՝ ըստ 2010 թվականին Աստրախանում բանակցությունների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ հաշվի առնելով խնդրի բացառապես հումանիտար բնույթը»։

 

II. Գործի փաստական հանգամանքները

 

7. Գործի փաստական հանգամանքները վիճարկվել են։ Դրանք կարող են ամփոփ ներկայացվել հետևյալ կերպ.

 

Ա. Դիմումատուի կողմից ներկայացված փաստերը

 

8. Դիմումատուն պնդել է, որ 2016 թվականի դեկտեմբերի 29-ի առավոտյան հայկական զինված ուժերի մի խումբ զինծառայողներ հատել են Ադրբեջանի սահմանը, որտեղ նրանք դարանակալվել են ադրբեջանական բանակի կողմից և տվել մի քանի զոհ։ Չինգիզ Գուրբանովը՝ դիմումատուի որդին, համարվել է անհայտ կորած, ավելի ուշ պարզ է դարձել, որ նա զոհվել է այդ հրաձգության ժամանակ, և որ նրա մարմինը տեղափոխվել է հայկական տարածք։

9. Ադրբեջանի իշխանությունները դիմել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ): ԵԱՀԿ Մինսկի խումբը, ԿԽՄԿ-ն և Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը ջանքեր է գործադրել՝ ուղղված դիմումատուի որդու մարմինը հայրենիք վերադարձնելուն։ Ենթադրվում է, որ Հայաստանը ձգձգել է գործընթացը՝ պատճառաբանելով, թե այս հարցով քննությունն ընթացքի մեջ է։

10. 2017 թվականի փետրվարի 5-ին՝ դիմումատուի որդու մահից 38 օր անց, նրա մարմինը վերադարձվել է Ադրբեջան և հանձնվել նրա ընտանիքին։

 

Բ. Պատասխանող Կառավարության կողմից ներկայացված փաստերը

 

11. Պատասխանող Կառավարությունը պնդում է, որ 2016 թվականի դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան դիմումատուի որդին զոհվել է Հայաստանի Բիթլիս ռազմաբազայի (Տավուշի մարզ) տարածքում տեղի ունեցած ռազմական բախումների ժամանակ, որտեղ ադրբեջանական դիվերսիոն խումբը, որի կազմում եղել է նաև դիմումատուի որդին, ներթափանցման փորձ է արել։ Բախման ընթացքում զոհվել են նաև հայկական զինված ուժերի երեք զինծառայողներ (Շավարշ Մելիքյան, Էդգար Նարայան և Էրիկ Աբովյան)։

12. Նույն օրը հարուցվել է միջսահմանային միջադեպի առթիվ քրեական գործ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՔԴՕ) համապատասխան դրույթների հիման վրա։ Այնուհետև Հայաստանի քննչական մարմինների կողմից կատարվել են հանցագործության վայրի զննություն և դիմումատուի որդու մարմնի փորձաքննություն։ Մ.Դ.Հ.-ի, մոտակա հայկական քաղաքից դատաբժշկի և երկու ընթերակաների ներկայությամբ այդ միջադեպի առթիվ կազմված՝ մարմնի փորձաքննության մասին զեկույցի համաձայն՝ խոշտանգումների կամ դաժան վերաբերմունքի հետքեր չեն հայտնաբերվել:

13. Մարմնի դատաբժշկական փորձաքննությունը նշանակվել է 2016 թվականի դեկտեմբերի 30-ին, հումանիտար սկզբունքներին համապատասխան, և հաշվի առնելով, որ Ադրբեջանի իշխանությունները կարող են մտավախություն առաջացնել, որ դիմումատուի որդու մարմնին եղել են խեղման կամ անհարգալից վերաբերմունքի նշաններ, Հայաստանի իշխանությունները փորձաքննությանը մասնակցելու համար հրավիրել են ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներին, մասնավորապես՝ դատական բժշկությանը վերաբերող հարցերի համակարգողին, սակայն հրավերին պատասխան չի ստացվել, քանի որ, ինչպես հետագայում պարզվեց, համապատասխան մասնագետն այդ պահին Հայաստանում չի եղել։ Այդ կապակցությամբ պատասխանող Կառավարությունը ներկայացրել է Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից հանված տեղեկությունները, որը ցույց է տալիս, որ Մ.Վ.-ն՝ ԿԽՄԿ-ի դատական բժշկությանն առնչվող հարցերի համակարգողը, մեկնել է Հայաստանից 2016 թվականի դեկտեմբերի 17-ին և նորից երկիր է մուտք գործել 2017 թվականի հունվարի 3-ին, Մ.Վ.-ն կրկին մեկնել է Հայաստանից հաջորդ օրը և վերադարձել է 2017 թվականի հունվարի 8-ին։

14. 2017 թվականի հունվարի 14-ին Մ.Վ.-ի ներկայությամբ մարմինը կրկին ենթարկվել է փորձաքննության։ Այդ օրը կազմված զեկույցում նշվում էր, որ խոշտանգումների հետքեր չեն հայտնաբերվել։ Մ.Վ.-ն հաստատել է այդ եզրակացությունները՝ նշելով նաև, որ մարմինը լավ պահպանված է եղել։

15. Վերոնշյալ երկու դատաբժշկական փորձաքննությունների հիման վրա (տե՛ս վերևում՝ 13-րդ և 14-րդ պարբերությունները) 2017 թվականի հունվարի 9-ին, 18-ին և 30-ին տրվել են լրացուցիչ կենսաբանական, քիմիական և քրեաբանական եզրակացություններ սեռական ոտնձգությունների կամ ալկոհոլից կամ թմրամիջոցներից թունավորման հետքերի բացակայության վերաբերյալ։ Վերջնական դատաբժշկական եզրակացությունները, որոնք հաստատել են հրազենային վերքերի հետևանքով մահը, տրվել են 2017 թվականի փետրվարի 22-ին։

16. 2017 թվականի փետրվարի 3-ին Հայաստանի ազգային դատաբժշկական մարմինը հայտնել է քննչական մարմիններին, որ դատաբժշկական փորձաքննություններն ավարտվել են, հետևաբար դիմումատուի որդու մարմինը պահելու անհրաժեշտություն այլևս չկա։

17. Հետևաբար 2017 թվականի փետրվարի 5-ին մարմինը փոխանցվել է ԿԽՄԿ ներկայացուցիչներին՝ Ադրբեջան հայրենադարձվելու նպատակով։ Դա կատարվել է նույն օրը։

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱՆ

 

18. Տվյալ ժամանակահատվածում գործող ՔԴՕ-ի 102-րդ հոդվածով նախատեսվում էր, որ կողմերի կամ քրեական դատավարության այլ մասնակիցների կողմից ներկայացված բոլոր դիմումները և միջնորդությունները պետք է քննվեն և որոշվեն դրանք ներկայացնելուց անմիջապես հետո, եթե այլ բան նախատեսված չէ օրենսգրքով: Այդ կապակցությամբ կայացված որոշումները պետք է պատճառաբանված լինեին և ծանուցվեին դիմումատուին կամ միջնորդություն ներկայացրած անձին, և դրանք ենթակա էին բողոքարկման:

19. Հայաստանի՝ տվյալ ժամանակահատվածում գործող քրեական օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն՝ պայմանով, որ Հայաստանի տարածքում հանցագործություն կատարած ցանկացած անձ Հայաստանի օրենսդրության համաձայն կենթարկվի քրեական պատասխանատվության, Հայաստանի տարածքում կատարված է համարվում այն հանցագործությունը, որը, ի թիվս այլնի, սկսվել, շարունակվել կամ ավարտվել է Հայաստանի տարածքում։

20. Առողջապահության նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 24-ի հրամանի 4-րդ՝ «Պետության կողմից երաշխավորված բժշկական ծառայության և օգնության շրջանակներում դատաբժշկական փորձաքննությունների կազմակերպման չափորոշիչը հաստատելու մասին» հոդվածը սահմանում է մարմնի դատաբժշկական փորձաքննության խիստ ժամկետներ։ Այսպիսով, մարմնի զննումը կարող է տևել մինչև երեսուն օր, որը կարող է երկարաձգվել լրացուցիչ քսան օրով:

 

ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

I. Կոնվենցիայի 3-րդ, 8-րդ եՎ 14-րդ հոդվածներով նախատեսված բողոքների ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

 

21. Դիմումատուն բողոք է ներկայացրել Կոնվենցիայի 3-րդ, 8-րդ և 14-րդ հոդվածների հիման վրա նախ Հայաստանի իշխանությունների կողմից իր որդու մարմինն ընտանիքին չվերադարձնելու մասով: Այնուհետև բողոքը փոփոխվել է և վերաբերել մարմինը վերադարձնելը ենթադրաբար չափից ավելի ձգձգելուն, ինչի հետևանքով դիմումատուին թույլ չեն տվել պատշաճ կերպով հուղարկավորել իր որդուն, նա նաև պնդել է, որ ենթադրյալ խախտումները տեղի են ունեցել էթնիկ ծագման հիման վրա խտրականության արդյունքում։

 

Ա. Իրավազորությունը

 

22. Դատարանը պետք է առաջին հերթին որոշի, թե արդյոք գանգատվող հարցերի նպատակների համար (տե՛ս վերևում՝ 21-րդ պարբերությունը) Կոնվենցիայի 1-ին հոդվածի իմաստով գանգատը մտնում է պատասխանող պետության իրավազորության մեջ։

 

1. Կողմերի փաստարկները

 

ա) Պատասխանող Կառավարությունը

23. Քանի որ բողոքարկվող հարցերը (տե՛ս վերևում՝ 21-րդ պարբերությունը) առաջացել են Հայաստանի տարածքում, և նշելով, որ Հայաստանի քրեական օրենսդրության համաձայն՝ Հայաստանի տարածքում ցանկացած հանցագործության քննություն իրականացվել է Հայաստանի իրավապահ մարմինների կողմից (տե՛ս վերևում՝ 19-րդ պարբերությունը), պատասխանող Կառավարությունն ընդունել է, որ գործի փաստական հանգամանքների քննությունը Հայաստանի իրավազորության մեջ է։

 

բ) Դիմումատուն

24. Դիմումատուն պնդում է, որ հաշվի առնելով, որ պատասխանող Կառավարությունը հաստատել է Հայաստանի իրավազորությունը սույն գանգատով բարձրացված բողոքների առնչությամբ, այլևս իրավազորության հետ կապված որևէ խնդիր չկա:

 

գ) Ադրբեջանի կառավարությունը՝ ներգրավված երրորդ կողմ

25. Ադրբեջանի կառավարությունը լիովին համաձայն է այս հարցի վերաբերյալ դիմումատուի դիրքորոշման հետ։

2. Դատարանի գնահատականը

26. Դատարանը նշում է, որ հաշվի առնելով դիմումատուի կողմից բարձրացված բողոքների բնույթը, որոնք բացառապես վերաբերում են Հայաստանի իշխանությունների կողմից նրա որդու մարմնի վերադարձին, և հաշվի առնելով նաև այս հարցի վերաբերյալ կողմերի պնդումները (տե՛ս վերևում՝ 23-24-րդ պարբերությունները)՝ սույն գործով Հայաստանի իրավազորության հարցը վիճելի չէ:

 

Բ. Իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառումը

 

1. Կողմերի փաստարկները

 

ա) Պատասխանող Կառավարությունը

27. Պատասխանող Կառավարությունը պնդում է, որ ո՛չ դիմումատուն, ո՛չ Ադրբեջանի կառավարությունը չեն դիմել Հայաստանի իշխանություններին դիմումատուի որդու մարմինը հայրենիք վերադարձնելու համար, ո՛չ էլ պահանջել են դրա հետ կապված որևէ տեղեկություն։ Նրանք նաև պնդել են, որ համաձայն Հայաստանի ՔԴՕ-ի (տե՛ս վերևում՝ 18-րդ պարբերությունը)՝ դիմումատուն կարող էր քննությանն առնչվող ցանկացած հարցի վերաբերյալ դիմում ներկայացնել քննչական մարմիններ, ինչպես քրեական դատավարության ցանկացած մասնակից կամ, իսկապես, ցանկացած անձ, որի իրավունքները կամ պարտականությունները շոշափվում են քրեական գործով։ Այդպիսի դիմումը կարող է ներառել նաև մարմիններին ուղղված պահանջ՝ մարմինը վերադարձնել ընտանիքին, և եթե դիմումը մերժվել է, ապա այդ որոշումը բողոքարկելու իրավունք է եղել։ ՔԴՕ-ով սահմանված ընթացակարգը հստակ էր և հեշտությամբ հասանելի՝ այդ միջոցը դարձնելով արդյունավետ և լիովին համապատասխան Կոնվենցիայի 13-րդ հոդվածի դրույթներին (տե՛ս ստորև՝ նաև 79-րդ պարբերությունը):

28. Ավելին, սույն գործի հանգամանքները և նրանում բարձրացված բողոքներն էապես տարբերվում էին Չիրագովը և այլք ընդդեմ Հայաստանի [Chiragov and Others v. Armenia] գործով Դատարանի կողմից քննված գանգատներից ([GC] [ՄՊ], թիվ 13216/05, §§ 115-20, ՄԻԵԴ 2015թ.), որը վերաբերում էր Լաչինի շրջանում դիմումատուների ունեցվածքին և տներին հասանելիություն ունենալու մերժմանը (նույն տեղում, § 214), այդ էական տարբերությունը բավարար էր սույն գործով իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի բացակայության վերաբերյալ Դատարանի եզրակացությունները ոչ կիրառելի դարձնելու համար:

29. Պատասխանող Կառավարությունը նաև ընդունել է, որ Ադրբեջան պետության հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը կարող է դիտվել որպես գործնական խոչընդոտ, որը խանգարում է դիմումատուին ունենալ վերոնշյալ իրավական պաշտպանության միջոցին դիմելու հնարավորություն, այնուամենայնիվ, Հայաստանի իշխանությունները ցուցաբերել են իրենց կամքն ու պատրաստակամությունը՝ համագործակցելու Ադրբեջանի համապատասխան իշխանությունների հետ, երբ անհրաժեշտ է փոխադարձ իրավական օգնություն:

30. Այդ ֆոնին պատասխանող Կառավարությունը պնդել է, որ Հայաստանի իշխանությունները չեն կարող պատասխանատվություն կրել որևէ գործնական խոչընդոտի համար, ավելին, դիմումատուն որևէ կերպ չի հիմնավորել իր այն փաստարկն առ այն, որ Հայաստանի իշխանությունները պատշաճ ջանասիրություն չեն ցուցաբերել Ադրբեջանի քաղաքացուց ստացված ցանկացած պահանջով որոշում կայացնելիս: Ադրբեջանի քաղաքացիների կողմից կամ նրանց անունից արված որևէ պահանջի բացակայության պայմաններում, որոնք միշտ պնդել են, որ Հայաստանի օրենսդրությամբ սահմանված իրավական պաշտպանության միջոցներն անարդյունավետ են, պատասխանող Կառավարությունը չի կարողացել Դատարանին ներկայացնել որևէ օրինակ, որը ցույց կտա, որ իրավական պաշտպանության այդ միջոցներն իսկապես արդյունավետ են, և այդպես հարցը ձգձգվել է արատավոր շղթայով։

 

բ) Դիմումատուն

31. Դիմումատուն ընդգծել է, որ պատասխանող պետության և Ադրբեջանի միջև զինված հակամարտության արդյունքում երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը նշանակում էր, որ Ադրբեջանի քաղաքացիները զգալի գործնական դժվարությունների են բախվել Հայաստանում դատական գործընթաց սկսելու և դրան հետամուտ լինելու հարցում, ավելին, հաշվի առնելով երկու երկրները կապող ցանկացած հուսալի փոստային ծառայության բացակայությունը, ինչպես նաև նրանց միջև սահմանի փակ լինելը՝ դիմումատուից չէր կարող պահանջվել Հայաստանում կիրառել իրավական պաշտպանության որևէ միջոց:

32. Բոլոր դեպքերում Հայաստանի իշխանությունների համագործակցելու պատրաստակամությունը կասկածելի է եղել՝ հաշվի առնելով նրանց՝ ԿԽՄԿ-ից, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից և Եվրոպայի խորհրդից ստացված միջազգային կոչերին արձագանքելուց հրաժարվելը, որոնք նրանց հորդորել են վերադարձնել դիմումատուի որդու մարմինը (տե՛ս վերևում՝ 5-6-րդ պարբերությունները):

33. Վերջապես, քրեական դատավարության դրույթները, որոնց վրա հիմնվում են Հայաստանի իշխանությունները, ընդհանուր բնույթ են կրել և ուղղակիորեն չեն առնչվել դիմումատուի բողոքին, նույն կերպ, պատասխանող Կառավարության կողմից չի ներկայացվել որևէ կոնկրետ օրինակ, որով ցույց է տրվում իրավական պաշտպանության տվյալ միջոցի արդյունավետությունը:

 

գ) Ադրբեջանի կառավարությունը՝ ներգրավված երրորդ կողմ

34. Ադրբեջանի կառավարությունը պնդել է, որ իրենք որևէ դիվանագիտական հարաբերություն չեն ունեցել պատասխանող պետության հետ, և որ երկու պետությունների իշխանությունների միջև որևէ շփում չի եղել։

 

2. Դատարանի գնահատականը

 

35. Սույն գործով դիմումատուին հասանելի իրավական պաշտպանության ներպետական միջոցների արդյունավետության վերաբերյալ պատասխանող պետության փաստարկները գնահատելիս Դատարանը կանդրադառնա իր սկզբունքային եզրակացություններին վերջերս քննարկված Սարիբեկյանը և Բալյանն ընդդեմ Ադրբեջանի գործին [Saribekyan and Balyan v. Azerbaijan] (թիվ 35746/11, §§ 45-48, 2020 թվականի հունվարի 30): Այդ դեպքում, որն, անշուշտ, հարուցվել էր Ադրբեջանի դեմ, Դատարանը վկայակոչել է Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի [Sargsyan v. Azerbaijan] ([GC], [ՄՊ], թիվ 40167/06, § 117, ՄԻԵԴ 2015թ. ) Մեծ Պալատի գործը և ևս մեկ անգամ հաստատել, որ մի երկրից անձը կունենա զգալի գործնական դժվարություններ մյուս երկրում դատական գործընթաց սկսելու և դրան հետամուտ լինելու հարցում, ավելին, Ադրբեջանի կառավարությունը չի ներկայացրել ներպետական գործի կամ իրավական պաշտպանության որևէ միջոցի օրինակ, որով ցույց է տրվում, որ դիմումատուների իրավիճակում հայտնված անձինք կարողացել են հատուցում պահանջել Հայաստանի իշխանությունների միջոցով:

36. Նույն կերպ, սույն գործով Դատարանը գտնում է, որ արդարադատության իրականացման համակարգի պատշաճ գործունեության գործնական խոչընդոտները պետք է դիտարկվեն որպես հակամարտությունում ներգրավված երկու երկրների քաղաքացիների՝ իրենց բողոքները մյուս երկրի իշխանություններին ներկայացնելու հնարավոր փորձերի մասով էական նշանակություն ունեցող՝ անկախ երկու կողմերի ներպետական մարմինների հնարավոր բարի կամքից։

37. Ավելին, պատասխանող Կառավարությունը չի ներկայացրել որևէ կոնկրետ օրինակ, որը կարող էր ցույց տալ, թե ինչպես ՔԴՕ-ում շարադրված ընդհանուր բնույթի ներպետական դրույթները կարող են իրավական պաշտպանության միջոց հանդիսանալ Հայաստանում սպառելու նպատակներով կիրառելու համար՝ կապված դիմումատուի՝ որդու մարմնի վերադարձի մասով կոնկրետ բողոքների հետ:

38. Հետևաբար Դատարանը գտնում է, որ իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառման վերաբերյալ Կառավարության առարկությունը (տե՛ս վերևում՝ 27-րդ պարբերությունը) պետք է մերժվի (տե՛ս, վերևում հիշատակված, համապատասխան փոփոխություններով (mutatis mutandis), Սարիբեկյանը և Բալյանը [Saribekyan and Balyan], § 48):

 

Գ. Անհատական միջնորդության իրավունքի չարաշահումը

39. Պատասխանող Կառավարությունը պնդում է, որ դիմումատուն անհիմն կերպով թաքցրել է Դատարանից տեղեկությունն այն մասին, որ իր որդու մարմինը հայրենիք է վերադարձվել է 2017 թվականի փետրվարի 5-ին՝ իր դիմումը Դատարան ներկայացնելուց տասն օր անց։ Քանի որ նա ներկայանում էր ի դեմս պրոֆեսիոնալ փաստաբանի, նման վարքագիծը պետք է որակվեր որպես գործով որոշում ընդունելու համար առանցքային հարցի վերաբերյալ դատարանին մոլորեցնելու մտադրություն, քանի որ այն ուղղակիորեն առնչվում էր դիմումատուի զոհի կարգավիճակին (պատասխանող Կառավարությունը մեջբերել է Բեքաուրին ընդդեմ Վրաստանի [Bekauri v. Georgia], թիվ 14102/02, § 21, 2012 թվականի ապրիլի 10):

40. Դիմումատուն վերահաստատել է, որ իր բողոքները վերաբերել են իր որդու մարմինն ընտանիքին վերադարձնելու երկարատև և անհիմն ձգձգմանը, որի ընթացքում նրանք խորը և շարունակական վիշտ են ապրել, սա նաև խանգարել է նրանց հանգուցյալին արժանապատիվ և պատշաճ հուղարկավորել՝ համաձայն մուսուլմանական ավանդույթների (տե՛ս նաև վերևում՝ 21-րդ պարբերությունը): Այդ պատճառներով դիմումատուի զոհի կարգավիճակը կասկածի տակ չի եղել, ավելին, Դատարանին մոլորության մեջ գցելու մտադրություն չի եղել, քանի որ դիմումատուն հետևողականորեն վիճարկել է իր որդու մարմնի հայրենիք վերադարձը չափից ավելի և անհիմն ձգձգելը:

41. Հիմնվելով այս հարցի առնչությամբ իր համապատասխան նախադեպային իրավունքի վրա (տե՛ս, օրինակ, Բելոշևիչն ընդդեմ Խորվաթիայի (որոշում) [Belošević v. Croatia (dec.)], թիվ 57242/13, § 47, 2019 թվականի դեկտեմբերի 3, հաջորդող հղումների հետ միասին) և մասնավորապես հաշվի առնելով դիմումատուի բողոքները, որոնք վերաբերել են առաջին հերթին Հայաստանի իշխանությունների կողմից մարմինը չվերադարձնելուն և հետագայում փոփոխվել են՝ վիճարկելով մարմինը վերադարձնելու չափից դուրս ձգձգումը (տե՛ս վերևում՝ 21-րդ պարբերությունը), Դատարանը գտնում է, որ դիմումատուի կողմից որդու մարմնի վերադարձի մասին իրեն անհապաղ չտեղեկացնելը չի նշանակում դիմելու իրավունքի չարաշահում Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» ենթակետի իմաստով (տե՛ս նաև, mutatis mutandis, Վերեսն ընդդեմ Իսպանիայի [Veres v. Spain], թիվ 57906/18, §§ 59-60, 2022 թվականի նոյեմբերի 8)։

 

Դ. Ընդունելիության վերաբերյալ եզրակացությունները

42. Դատարանը համարում է, կողմերի պնդումների լույսի ներքո և հաշվի առնելով սույն գործի համատեքստը (տե՛ս վերևում՝ 4-6-րդ պարբերությունները), որ վերոնշյալ 21-րդ պարբերությունում ամփոփված բողոքները բարձրացնում են լուրջ փաստական և իրավական խնդիրներ՝ համաձայն Կոնվենցիայի, որոնց լուծումը պահանջում է ըստ էության քննություն։ Դատարանը հետևաբար եզրակացնում է, որ դրանք ակնհայտորեն անհիմն չեն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով: Դրանք անընդունելի ճանաչելու համար որևէ այլ հիմք չի սահմանվել։ Հետևաբար այն պետք է ճանաչվի ընդունելի:

 

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ԵՎ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

43. Դիմումատուն բողոքել է, որ Հայաստանի իշխանությունները հայրենիք չեն վերադարձրել իր որդու մարմինը ողջամիտ ժամկետներում, պնդելով, որ մարմինը հայրենիք չվերադարձնելն իր և իր ընտանիքի անդամների մոտ առաջացրել է ցավ ու տառապանք՝ խախտելով Կոնվենցիայի 3-րդ և 8-րդ հոդվածները: Ավելին, մահից հետո մարմնի անձեռնմխելիությունը վերականգնելու դժվարություններն ընտանիքին խանգարել են թաղել մարմինն ընտանիքի կրոնական ավանդույթներին համապատասխան, ինչը ցույց է տալիս, որ անտեսվել են Կոնվենցիայի 8-րդ հոդվածի դրույթները։ Կոնվենցիայի համապատասխան երկու հոդվածներն ունեն հետևյալ բովանդակությունը.

 

Հոդված 3

 

«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:

 

Հոդված 8

 

«1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք:

2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»:

 

Ա. Կողմերի փաստարկները

 

1. Դիմումատուն

 

44. Դիմումատուն պնդում է, որ իր որդու մարմինը չափազանց երկար ժամանակ չվերադարձնելը, ինչպես նաև պատասխանող պետության կողմից իրականացված՝ մարմնի անհարկի զննումները հավասարազոր են եղել իր և իր ընտանիքի անդամների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն։ Մարմինը չվերադարձնելու պատճառով ընտանիքի մոտ առաջացել է խորը վիշտ ու անհանգստություն, ինչը սաստկացել է այն անորոշությունից, թե արդյոք այն ընդհանրապես կվերադարձվի, թե՝ ոչ: Դիմումատուն նշել է, որ Հայաստանի զինված ուժերը դիտավորյալ են գործել՝ նպատակ ունենալով նվաստացնել իրեն և իր ընտանիքին և վախ ու տառապանք պատճառել ինչպես հարազատներին, այնպես էլ Ադրբեջանի հասարակությանը։ Հետևաբար գործի փաստական հանգամանքները տեղավորվում են Կոնվենցիայի և՛ 3-րդ, և՛ 8-րդ հոդվածների շրջանակում:

45. Դիմումատուն հայտնել է նաև իր խորին համոզմունքը, որ Հայաստանի իշխանությունների՝ իր որդու մարմինն անմիջապես վերադարձնելու մերժումը պայմանավորված է եղել խեղման և բռնության գործողությունները թաքցնելու անհրաժեշտությամբ, այլ ոչ թե, ինչպես պատասխանող պետությունն է պնդում, քանի որ իրավապահ մարմինները պետք է կատարեին իր որդու մահվան փաստի բազմակողմանի քննություն։ Իսկապես, և ի տարբերություն նրա որդու հետ կապված իրավիճակի, Հայաստանի իշխանություններն անհրաժեշտ չեն համարել որևէ համապարփակ քննություն իրականացնել նույն հանգամանքներում սպանված երեք հայ զինծառայողների մահվան առթիվ, որոնց մարմինները վերադարձվել են ընտանիքներին և թաղվել հրաձգության դեպքից անմիջապես հետո (մասնավորապես՝ 2016 թվականի դեկտեմբերի 31-ին): Այդ տեսանկյունից պատասխանող պետության կողմից դիմումատուի որդու մարմնի մասով ձեռնարկված միջոցները եղել են անհամաչափ և զուրկ որևէ կանխատեսելի իրավական հիմքից:

46. Նաև, ի վերջո, երբ այն վերադարձվել է, դիմումատուի որդու մարմինը եղել է մերկ, ինչը ցույց էր տալիս Հայաստանի իշխանությունների՝ ևս մեկ անգամ դիմումատուի որդուն իր ընտանիքի առաջ նվաստացնելու չարամիտ մտադրությունը:

47. Դիմումատուն, ի վերջո, առանց լրացուցիչ մանրամասների պնդել է, որ կարճ ժամանակում իր որդու մարմինը չվերադարձնելը ենթադրում էր Կոնվենցիայի 8-րդ հոդվածի հետագա խախտում, քանի որ նրան և իր ընտանիքի անդամներին թույլ չեն տվել թաղել մարմինն իրենց կրոնական ավանդույթներին համապատասխան:

 

2. Պատասխանող Կառավարությունը

 

48. Պատասխանող Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի որդու մարմինը հայրենիք վերադարձնելու հետ կապված ձգձգումն անհրաժեշտ է եղել համապարփակ բժշկական զննություն իրականացնելու համար՝ հիմնականում մահվան պատճառն ու ժամանակը, ինչպես նաև մարմնի խեղման կամ անհարգալից վերաբերմունքի ցանկացած հնարավոր գործողություն պարզելու նպատակով: Ներպետական օրենսդրությամբ պահանջվել է, որ դիմումատուի որդու մահվան հանգամանքները պաշտոնապես հաստատվեն, ինչպես բռնի մահվան կամ կասկածելի հանգամանքներում մահվան բոլոր դեպքերում (տե՛ս վերևում՝ 19-րդ պարբերությունը), սակայն անհրաժեշտ է եղել նաև բացահայտել մարմնի նկատմամբ հնարավոր դաժան վերաբերմունքի հետքերը, որպեսզի հնարավոր լիներ արդյունավետ վիճարկել ադրբեջանական կողմի ցանկացած հետագա մեղադրանք, որով մեղքը վերագրվում է Հայաստանի իշխանություններին։ Իհարկե, Հայաստանի իշխանությունները մեծ զգուշավորություն են ցուցաբերել դիմումատուի որդու մարմինը նախքան հայրենիք վերադարձնելը զննելիս, քանի որ նրանք ենթադրել են, որ դրանից հետո լրացուցիչ քննչական գործողություններ չեն կարող ձեռնարկվել՝ հաշվի առնելով Ադրբեջանի իշխանությունների հետ համագործակցության բացակայությունը: Հակառակ դրան՝ հայ զինծառայողների հետ կապված իրավիճակը տարբեր էր նրանով, որ եթե հետագայում անհրաժեշտ լիներ կատարել արտաշիրմում, ապա այն հնարավոր կլիներ, քանի որ նրանց մարմինները թաղված էին հայկական հողում։

49. Ամեն դեպքում դիմումատուի որդու մարմնի զննությամբ, որն իրականացվել է ինչպես դրա հայտնաբերումից անմիջապես հետո, այնպես էլ ավելի ուշ ԿԽՄԿ մասնագետի ներկայությամբ (տե՛ս վերևում՝ 13-րդ և 14-րդ պարբերությունները), դաժան վերաբերմունքի հետքեր չեն հայտնաբերվել։ Դիմումատուի պնդումները՝ կապված իր որդու մարմնի ենթադրյալ խեղման հետ, չեն հիմնավորվել որևէ բժշկական, դատաբժշկական կամ այլ ապացույցներով:

50. Ինչ վերաբերում է դիմումատուի որդու մարմնի նկատմամբ ձեռնարկված միջոցների կանխատեսելիությանը, ապա պատասխանող Կառավարությունը պնդել է, որ ներպետական ​​օրենսդրությամբ մարմնի դատաբժշկական փորձաքննություններ անցկացնելու համար սահմանված ժամկետը (տե՛ս վերևում՝ 20-րդ պարբերությունը) ամբողջությամբ պահպանվել է սույն գործով։ Բացի այդ, ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները տեղեկացվել են, որ մարմինը կվերադարձվի դատաբժշկական փորձաքննության ավարտից հետո, հենց որ փորձաքննությունն ավարտված է համարվել, մարմինը փոխանցվել է Ադրբեջանի իշխանություններին։ Հետևաբար դիմումատուի՝ անորոշության մասին պնդումները, որոնք առաջացել են նրանց պատասխանի բացակայության պատճառով, հիմնավորված չեն եղել:

51. Մարմինն իսկապես մերկ է վերադարձվել, ինչը սովորական պրակտիկա է դիահերձումից հետո, բացի այդ, դիմումատուի որդու հագուստներն առգրավվել են քննչական մարմինների կողմից դատահետքաբանական փորձաքննության համար։

52. Պատասխանող Կառավարությունը եզրակացրել է, որ վերոնշյալ տարրերն ապացուցում են, որ դիմումատուի ենթադրյալ հոգեկան վիշտն ու տառապանքը բավականաչափ հիմնավորված չեն, և եթե որևէ միջամտություն եղել է նրա՝ 8-րդ հոդվածով նախատեսված իրավունքներին, ապա դա եղել է օրինական, իրավաչափ և համաչափ այն նպատակին, որին դա պետք է ծառայեր։

 

3. Ադրբեջանի կառավարությունը՝ ներգրավված երրորդ կողմ

 

53. Ադրբեջանի կառավարությունը լիովին համաձայն է եղել դիմումատուի՝ գործի էության վերաբերյալ դիրքորոշման հետ՝ պնդելով, որ պատասխանող պետության իշխանությունների կողմից ձեռնարկված գործողություններն ուղղված են եղել նրան նվաստացնելուն և հուզական անհանգստություն և տառապանք պատճառելուն։

 

Բ. Դատարանի գնահատականը

 

1. Բողոքի բնութագրումը

 

54. Դատարանը վերահաստատում է, որ դիմումատուի բողոքները հիմնականում վերաբերում են իր որդու մարմնի վերադարձի անհիմն ձգձգմանը, ինչպես նաև անհիմն զննություններին, որոնց ենթարկվել էր մարմինը, ինչը, ի թիվս այլնի, նշանակում է, որ ընտանիքի համար անհնար է եղել հուղարկավորել իրենց որդուն՝ համաձայն մուսուլմանական ծեսերի։

55. Գործի նյութերի (տե՛ս վերևում՝ 12-րդ, 13-րդ, 14-րդ և 15-րդ պարբերությունները) և հակառակն ապացուցող որևէ ապացույցի բացակայության հիման վրա (տե՛ս նաև վերևում՝ 49-րդ պարբերությունը՝ վերջում) Դատարանը գտնում է, որ ի սկզբանե հաստատված է, որ դիմումատուի որդու մարմինը չի ենթարկվել որևէ տեսակի դաժան վերաբերմունքի, ինչպես օրինակ խեղման կամ ֆիզիկական բռնության որևէ այլ ձևի:

56. Հաշվի առնելով վերոշարադրյալը և նկատի առնելով հարցի վերաբերյալ դրա համապատասխան նախադեպային իրավունքը (տե՛ս, օրինակ, Մասխադովան և այլք ընդդեմ Ռուսաստանի [Maskhadova and Others v. Russia], թիվ 18071/05, § 208, 2013 թվականի հունիսի 6) և, mutatis mutandis, այնտեղ մեջբերված հղումները, Պոլատն ընդդեմ Ավստրիայի [Polat v. Austria] գործը, թիվ 12886/16, § 48, 2021 թվականի հուլիսի 20, որոնցում դիմումատուների հարազատների՝ մարմինների նկատմամբ վերաբերմունքի մասով բողոքները քննվել են Կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն, և, ի հակադրություն, Ակպինարը և Ալթունն ընդդեմ Թուրքիայի [Akpınar and Altun v. Turkey] գործը, թիվ 56760/00, §§ 84-87, 2007 թվականի փետրվարի 27, որտեղ դիմումատուների հարազատների՝ մարմինների խեղման վերաբրեյալ բողոքը քննվել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն)՝ Դատարանը, հանդես գալով որպես գործի փաստերին օրենքով տրվելիք որակավորման մասնագիտացված կառույց (տե՛ս Ռոդամիլյան և այլք ընդդեմ Խորվաթիայի [ՄՊ] [Radomilja and Others v. Croatia [GC]], թիվ 37685/10 և թիվ 22768/12, §114, 2018 թվականի մարտի 20), համարում է, որ դիմումատուի կողմից բարձրացված բողոքները պետք է լուծվեն միայն Կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն։

57. Նույն կերպ, Դատարանը գտնում է, որ դիմումատուի կողմից բողոքարկված գործողությունները միջամտություն են նրա «անձնական» և «ընտանեկան կյանքին» Կոնվենցիայի 8-րդ հոդվածի իմաստով: Մնում է պարզել, թե արդյոք այդ միջամտությունն արդարացված էր այդ դրույթի երկրորդ պարբերությամբ:

 

2. Միջամտության հիմնավորումը

 

58. Հայաստանի քննչական մարմինները որոշել են, որ 2016 թվականի դեկտեմբերի 29-ին տեղի ունեցած միջսահմանային հրաձգության դեպքի առթիվ քրեական գործի նախաքննությունը, որի հետևանքով զոհվել են երեք հայ և մեկ ադրբեջանցի զինծառայողներ (դիմումատուի որդին՝ տե՛ս վերևում՝ 4-րդ և 8-րդ պարբերությունները), անհրաժեշտ է եղել ՔԴՕ-ի դրույթների հիման վրա (տե՛ս վերևում՝ 12-րդ պարբերությունը): Քննությունը ներառել է հանցագործության վայրի վերաբերյալ բացահայտումներ և մարմինների վերաբերյալ դատաբժշկական եզրակացություններ և իրականացվել է համապատասխան ազգային քրեական օրենսդրության համաձայն՝ նպատակ ունենալով պարզել զինվորների մահվան հանգամանքները։

59. Հայ քննիչները որոշել են չեզոք մարմնի (ԿԽՄԿ դատաբժշկական փորձագետի) ներկայությամբ զննել դիմումատուի որդու մարմինը՝ պարզելու դաժան վերաբերմունքի նշանների առկայությունը՝ որպես նախազգուշական միջոց հաշվի առնելով ադրբեջանական իշխանությունների հետ կոնֆլիկտային հարաբերությունները: Այդ փորձաքննությունը պետք է անցկացվեր, քանի դեռ մարմինը գտնվում էր Հայաստանի իշխանությունների մոտ, որոնք գործում էին այն ենթադրությամբ, որ հայրենիք վերադարձվելուց հետո դիակն այլևս հեշտ հասանելի չի լինի հետագա դատաբժշկական քննության նպատակով (տե՛ս վերևում՝48-րդ պարբերությունը):

60. Թեև նախնական դատաբժշկական փորձաքննությունը տեղի է ունեցել հայկական կողմերի բացառիկ ներկայությամբ 2016 թվականի դեկտեմբերի 29-ի միջսահմանային հրաձգության դեպքից անմիջապես հետո (տե՛ս վերևում՝ 12-րդ պարբերությունը), այնուամենայնիվ, դատաբժշկական փորձաքննությունը, որով հաստատվել են դիմումատուի որդու մահվանը վերաբերող նախորդ եզրակացությունները և այն փաստը, որ նրա մարմնի վրա չեն հայտնաբերվել դաժան վերաբերմունքի հետքեր (տե՛ս վերևում՝ 14-րդ պարբերությունը), կատարվել է 2017 թվականի հունվարի 14-ին, քանի որ ԿԽՄԿ-ի փորձագետի ծառայություններն ավելի վաղ հասանելի չեն եղել (տե՛ս վերևում՝ 13-րդ պարբերությունը՝ վերջում): Հետագայում իրականացվել են կենսաբանական, քիմիական և քրեագիտական բնույթի լրացուցիչ դատաբժշկական քննություններ՝ ավելի հստակ պատկերացում տալով դիմումատուի որդու մահվան պատճառ դարձած հանգամանքների մասին (տե՛ս վերևում՝ 15-րդ պարբերությունը):

61. Այս բոլոր դատաբժշկական փորձաքննություններն անցկացվել են մոտ երեսուն օրվա ընթացքում և հետևաբար համապատասխան ազգային իրավական դրույթների համաձայն, որոնք նախատեսում էին նախնական երեսնօրյա ժամկետ, որը կարող էր երկարաձգվել քսան օրով:

62. Երկու օրվա ընթացքում, ինչ Հայաստանի դատաբժշկական մարմինները պարզել են, որ մարմինն այլևս անհրաժեշտ չէ հետագա քննության համար, իսկ Հայաստանի տարածքում այն հայտնաբերելուց հետո երեսունութ օրվա ընթացքում մարմինը վերադարձվել է Ադրբեջանի իշխանություններին (տե՛ս վերևում՝ 10-րդ պարբերությունը)։

63. Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ Դատարանը համոզված է, որ մարմինն ավելի վաղ չվերադարձնելը կարող է դիտվել որպես օրինական նպատակ՝ հնարավորություն տալ քրեական հետախուզության մարմիններին պարզելու 2016 թվականի դեկտեմբերի 29-ին միջսահմանային հրաձգության դեպքի հանգամանքները, որի հետևանքով զոհվել էին մեկ ադրբեջանցի և երեք հայ զինվորներ։

64. Ավելին, Հայաստանի իշխանությունների կողմից ձեռնարկված առանձնահատուկ բարեխիղճ միջոցները դիմումատուի որդու մարմնի դատաբժշկական փորձաքննություններ անցկացնելու ուղղությամբ (տե՛ս վերևում՝ 59-60-րդ պարբերությունները) պետք է դիտարկվեն իրենց հայեցողական լիազորությունների շրջանակում և ոչ մի դեպքում չեն համարվում չափազանցված կամ անտեղի՝ հաշվի առնելով պատասխանող պետության և Ադրբեջանի միջև ընդհանուր կոնֆլիկտային հարաբերությունները, որոնք խաթարված են փոխադարձ մեղադրանքներով և կասկածներով՝ կապված մյուս Պետության կողմից միջազգային համաձայնագրերի պահանջներին չհետևելու և հրադադարի շրջանակներում ստանձնած պարտականությունները չկատարելու հետ (տե՛ս վերևում՝ 5-րդ և 6-րդ պարբերությունները):

65. Դատարանը նաև նշում է, որ բոլոր 38 օրերի ընթացքում, երբ դիմումատուի որդու մարմինը պահվում էր Հայաստանի իշխանությունների կողմից, ԿԽՄԿ-ի մարմիններին շարունակաբար հայտնել են սույն գործով ձեռնարկվելիք տարբեր քննչական քայլերի անհրաժեշտության մասին (տե՛ս վերևում՝ 9-րդ, 13-րդ և 17-րդ պարբերությունները), միջոց, որը պետք է ցրեր դիմումատուի անորոշությունը որդու մարմնի վերադարձի մասով, ինչպես նա նշել էր սույն գործով ներկայացված իր բողոքում:

66. Ի վերջո, հաշվի առնելով սույն գործի կոնկրետ փաստական հանգամանքները և նկատի ունենալով վերոնշյալ եզրակացությունները (տե՛ս վերևում՝ 64-65-րդ պարբերությունները)՝ Դատարանը գտնում է, որ ընդհանուր երեսունութ օր ժամանակահատվածը, որն անցել է մինչև Հայաստանի իշխանությունները դիմումատուի որդու մարմինը վերադարձրել են Ադրբեջանին, չի կարող անհիմն համարվել (տե՛ս վերևում հիշատակված, mutatis mutandis, Սարիբեկյանը և Բալյանը [Saribekyan and Balyan, § 90] և, ի հակադրություն, Պաննուլոն և Ֆորտեն ընդդեմ Ֆրանսիայի [Pannullo and Forte v. France], թիվ 37794/97, §§ 38-39, ՄԻԵԴ 2001-X և Ժիրարն ընդդեմ Ֆրանսիայի [Girard v. France], թիվ 22590/04, § 107, 2011 թվականի հունիսի 30, երբ Դատարանն անհիմն է համարել, որ Ֆրանսիայի իշխանությունները ձգձգել են համապատասխանաբար ութ ամիս և չորս ամիս՝ նախքան դիմումատուների դստրերի մարմինները դիահերձումից հետո վերադարձնելը):

67. Ինչ վերաբերում է դիմումատուի այն բողոքին, որ Հայաստանի իրավապահ մարմինները չարամտորեն են վարվել՝ վերադարձնելով իր որդու մարմինը մերկ՝ նպատակ ունենալով նվաստացնել նրան և թույլ չտալով ընտանիքին հուղարկավորությունը կազմակերպել մուսուլմանական կրոնի պահանջներին համապատասխան, Դատարանը նշում է, որ մարմինն Ադրբեջանի իշխանություններին է վերադարձվել դիահերձումից հետո և նման դեպքերում ընդունված պրակտիկայի համաձայն (տե՛ս նաև վերևում՝ 20-րդ պարբերությունը): Այդ առումով Հայաստանի իշխանությունների անբարեխիղճ վերաբերմունքի վերաբերյալ որևէ այլ ապացույցի բացակայության դեպքում Դատարանը չի կարող գործի նյութերում գտնել բավարար հիմնավորումներ, որոնցով կհիմնավորվեն դիմումատուի պնդումները:

68. Վերոհիշյալ դիտարկումները բավարար են, որպեսզի Դատարանը եզրակացնի, որ, չնայած դիմումատուի համար որդուն կորցնելու ողբերգությանը, պետք է պատշաճ ուշադրություն դարձնել այն ընդհանուր համատեքստին, որում տեղի է ունեցել այդ ողբերգությունը, և այդ տեսանկյունից Հայաստանի իշխանություններն արդար հավասարակշռություն են հաստատել մի կողմից դիմումատուի մասնավոր և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի և մյուս կողմից՝ հետապնդվող օրինական նպատակի միջև։

69. Ուստի Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել։

 

III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 14–ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ Կոնվենցիայի 3-րդ ԵՎ 8-րդ հոդվածՆԵՐԻ ՀԱՄԱԿՑՈՒԹՅԱՄԲ

 

70. Դիմումատուն բողոքել է, որ սույն գործով Կոնվենցիայի ենթադրյալ խախտումներն առաջացել են էթնիկ և ազգային պատկանելության վրա հիմնված խտրական վերաբերմունքի հետևանքով՝ խախտելով Կոնվենցիայի 14-րդ հոդվածը, որն ունի հետևյալ բովանդակությունը.

 

«Կոնվենցիայում շարադրված իրավունքներից և ազատություններից օգտվելն ապահովվում է առանց խտրականության, այն է՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից կամ այլ դրությունից»:

 

Ա. Կողմերի փաստարկները

 

1. Պատասխանող Կառավարությունը

 

71. Պատասխանող Կառավարությունը պնդում է, որ դիմումատուն չի ներկայացրել որևէ ապացույց կամ վիճակագրական տվյալ, որով կհիմնավորվեր նրա այն պնդումը, որ ենթադրյալ խախտումների վրա ազդել է իր էթնիկ և ազգային ծագումը: Այն վերահաստատել է, որ դիմումատուի որդու մարմինը հանձնելու հետ կապված ձգձգումը պայմանավորված է եղել մարմնի համապարփակ և մանրամասն դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու անհրաժեշտությամբ, որը կարող էր բացահայտել դիակի նկատմամբ հնարավոր խեղում կամ անհարգալից վերաբերմունք և հետևաբար ապահովել Կառավարության համար բավարար պաշտպանվածություն այդ մասով Ադրբեջանի կողմից ներկայացված հետագա մեղադրանքներից։

 

2. Դիմումատուն

 

72. Դիմումատուն պնդել է, որ իր որդու մարմինը վերադարձվել է չափից ավելի ձգձգելուց հետո բացառապես այն պատճառով, որ նա Ադրբեջանցի զինծառայող է, իրականում 2016 թվականի դեկտեմբերի 29-ին տեղի ունեցած նույն հրաձգության ժամանակ զոհված հայ զինծառայողների մարմիններն անհապաղ հանձնվել են նրանց ընտանիքներին և հուղարկավորվել նրանց մահից կարճ ժամանակ անց։

 

3. Ադրբեջանի կառավարությունը՝ ներգրավված երրորդ կողմ

 

73. Ադրբեջանի կառավարությունը սատարել է դիմումատուի պնդումները։

 

Բ. Դատարանի գնահատականը

 

74. Վերաբերմունքի տարբերությունը կարող է խնդիր առաջացնել խտրականության արգելքի տեսանկյունից, ինչպես նախատեսված է Կոնվենցիայի 14-րդ հոդվածով, միայն այն դեպքում, երբ տարբեր վերաբերմունքի արժանացած անձինք գտնվում են համապատասխանաբար նման իրավիճակում՝ հաշվի առնելով այն տարրերը, որոնք բնութագրում են նրանց շրջապատող հանգամանքները կոնկրետ համատեքստում: Դատարանը նշում է, որ տարբեր իրավիճակներ բնութագրող և դրանց համեմատելիությունը որոշող տարրերը պետք է գնահատվեն՝ հաշվի առնելով տվյալ տարբերակումը կատարող միջոցի խնդրո առարկան և նպատակը (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Ֆաբիանն ընդդեմ Հունգարիայի [ՄՊ] [Fոbiոn v. Hungary [GC], թիվ 78117/13, § 121, 2017 թվականի սեպտեմբերի 5):

75. Սույն գործով Դատարանը նշում է, որ դիմումատուի՝ 14-րդ հոդվածով նախատեսված բողոքները ներկայացվել են նաև 3-րդ և 8-րդ հոդվածներով, և որ պնդումների հիմքում, ըստ էության, ընկած են այն նույն փաստերը, որոնք արդեն իսկ ուսումնասիրվել են նախորդ դրույթների համաձայն։ Մասնավորապես, որպես վերոնշյալ եզրակացությունների մաս (տե՛ս վերևում՝ մասնավորապես 59-րդ և 64-րդ պարբերությունները), Դատարանը հաշվի է առել Հայաստանի և Ադրբեջանի միջև թշնամության և լարվածության ընդհանուր համատեքստը և գտել է, որ հենց այդ համատեքստի պատճառով մի կողմից՝ դիմումատուի որդու և մյուս կողմից՝ զոհված հայ զինծառայողների հետ կապված տարբեր իրավիճակների պատճառով տարբեր միջոցներ են պահանջվել, հետևաբար դիմումատուի որդու մարմինը վերադարձնելու հարցում Հայաստանի իշխանությունների կողմից տարբեր վերաբերմունք ցույց տալը ողջամտորեն և օբյեկտիվորեն հիմնավորված է եղել և ամեն դեպքում՝ համաչափ այն նպատակին, որը հետապնդել է դիմումատուն իր մասնավոր և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը պաշտպանելիս:

76. Ընդունելով սա որպես ելակետ՝ սույն գործով Դատարանը չի նկատում որևէ լրացուցիչ տարր, որը նրան իրավունք կտար եզրակացնելու, որ դիմումատուի որդու գործով քրեական վարույթի շրջանակներում դրսևորվել է որևէ էթնիկ նախապաշարում (տե՛ս, mutatis mutandis, Մ.Բ.-ն և այլք ընդդեմ Սլովակիայի [M.B. and Others v. Slovakia], թիվ 45322/17, §§ 106-08, 2021 թվականի ապրիլի 1):

77. Հետևաբար տեղի չի ունեցել Կոնվենցիայի 14–րդ հոդվածի խախտում։

 

IV. ԵՆԹԱԴՐՅԱԼ ԱՅԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ

 

78. Ի վերջո, դիմումատուն բողոքում է, որ չկա որևէ դատական վերահսկողություն կամ այլ արդյունավետ միջոց՝ վիճարկելու իր որդու մարմինը չվերադարձնելու փաստը, որը խախտում է Կոնվենցիայի 13-րդ հոդվածը, որն ունի հետևյալ բովանդակությունը.

 

«Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձին:»:

 

Ա. Կողմերի փաստարկները

 

1. Պատասխանող Կառավարությունը

 

79. Պատասխանող Կառավարությունը վկայակոչել է իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառման վերաբերյալ իրենց առարկություններում բերված փաստարկները (տե՛ս վերևում՝ 27-30 պարբերությունները): Ըստ էության, նրանք պնդում էին, որ Հայաստանի ՔԴՕ-ն հստակորեն հնարավորություն է ընձեռել դիմումատուին հարցում կատարելու կամ պահանջ ուղղելու Հայաստանի քննչական մարմիններին քրեական գործերով ընթացիկ նախաքննությանը վերաբերող ցանկացած հարցի մասին (տե՛ս վերևում՝ 19-րդ պարբերությունը), երբ ընթացակարգը եղել է պարզ և հեշտ հասանելի դիմումատուին։ Այդ իրավունքի իրացման ցանկացած խոչընդոտ ոչ մի դեպքում չի կարող վերագրվել Հայաստանի իշխանություններին:

 

2. Դիմումատուն

 

80. Դիմումատուն կրկնում է, որ հաշվի առնելով պատասխանող պետության և Ադրբեջանի միջև լարված հարաբերությունները, Հայաստանի իշխանություններին պահանջ ներկայացնելու ցանկացած հնարավորություն թվացյալ և անիրատեսական է:

3. Ադրբեջանի կառավարությունը՝ ներգրավված երրորդ կողմ

81. Ադրբեջանի կառավարությունն այս մասով որևէ նկատառում չի ներկայացրել:

 

Բ. Դատարանի գնահատականը

 

82. 13-րդ հոդվածը երաշխավորում է ազգային մակարդակով իրավական պաշտպանության միջոցի առկայությունը՝ Կոնվենցիայի իրավունքների էությունը կիրառելու, ուստի՝ ենթադրյալ անհամապատասխանության համար՝ անկախ նրանից, թե ինչ եղանակով են դրանք ապահովված ներպետական օրենսդրությամբ։ Այնուամենայնիվ, այդ հոդվածը չի կարող ողջամտորեն մեկնաբանվել որպես նման միջոցի պահանջ՝ կապված Կոնվենցիայով նախատեսված ցանկացած ենթադրյալ բողոքի հետ, որը կարող է ունենալ անձը, որքան էլ այն անհիմն լինի։ Բողոքը պետք է վիճելի լինի Կոնվենցիայի տեսանկյունից (տե՛ս Բոյլն ու Ռայսն ընդդեմ Միացյալ Թագավորության [Boyle and Rice v. the United Kingdom], 1988 թվականի ապրիլի 27, § 52, Շարք Ա, թիվ 131): Դատարանը ձեռնպահ է մնացել վիճարկելիության հասկացության վերացական սահմանումից՝ նախընտրելով յուրաքանչյուր դեպքում, հաշվի առնելով կոնկրետ փաստերը և բարձրացված իրավական հարցերի բնույթը, որոշել, թե արդյոք 13-րդ հոդվածի համաձայն բողոքի հիմք հանդիսացող պահանջը վիճարկման ենթակա եղել է, թե՝ ոչ։ Այն վճռել է, որ գործով ընդունելիության մասին որոշումը պարտադիր չէ այդ առումով, բայց կարող է օգտակար ցուցումներ տալ (նույն տեղում, §§ 54 և 55, և տե՛ս նաև «Բժիշկները կյանքի համար» հարթակն ընդդեմ Ավստրիայի [Plattform Ärzte für das Leben” v. Austria], 1988 թվականի հունիսի 21, § 27, Շարք Ա, թիվ 139):

83. Որպես կանոն, այն փաստը, որ բողոքն ընդունելի է ճանաչվել, ակնհայտ նշանակում է, որ այն կարող է վիճելի համարվել 13-րդ հոդվածի նպատակներով, նույնիսկ եթե Դատարանը, ի վերջո, չհայտնաբերի տվյալ նյութական դրույթի որևէ խախտում (տե՛ս, օրինակ, Հաթթոնը և այլք ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ][Hatton and Others v. the United Kingdom] [GC], թիվ 36022/97, § 137, ՄԻԵԴ 2003-VIII): Այնուամենայնիվ, ինչպես նշվեց վերևում, հայցի վիճելի լինելու վերաբերյալ որոշումն այնքան կախված չէ գործի դատավարական նախապատմությունից, որքան կոնկրետ փաստերից և բարձրացված իրավական խնդիրների բնույթից:

84. Սույն գործով հաշվի առնելով կոնկրետ հանգամանքները և առկա ապացույցները՝ Դատարանը չի համոզվել, որ դիմումատուի որդու մարմնի վերադարձի հետ կապված Հայաստանի իրավապահ մարմինների ձեռնարկած միջոցներն անհամաչափ ազդեցություն են ունեցել դիմումատուի՝ 8-րդ հոդվածով նախատեսված իրավունքների վրա։ Ավելին, երեսունութ օրվա համեմատաբար կարճ ժամանակահատվածում, երբ դիմումատուի որդու մարմինը պահվում էր Հայաստանի իրավապահ մարմինների կողմից՝ նրա մահվան հանգամանքներով քրեական գործի արդյունավետ նախաքննություն իրականացնելու նպատակներով, ԿԽՄԿ-ն տեղեկացված է եղել (տե՛ս վերևում՝ 50-րդ, 59-րդ և 65-րդ պարբերությունները), և հետևաբար դիմումատուն կարող էր փնտրել և տեղեկություններ ստանալ նախաքննության ընթացքի և Հայաստանի իրավապահ մարմինների՝ դատաբժշկական փորձաքննություններն ավարտելուն պես մարմինը հնարավորինս շուտ վերադարձնելու մտադրության մասին (տե՛ս վերևում՝ 9-րդ, 13-րդ և 63-66-րդ պարբերությունները):

85. Հաշվի առնելով վերոշարադրյալը և նույնիսկ ենթադրելով, որ 8-րդ հոդվածի համաձայն բարձրացված բողոքը կարող էր դիտվել որպես վիճելի, և հետևաբար այն, որ 13-րդ հոդվածը կիրառվել է նախորդ պարբերության մեջ շարադրված հատուկ պատճառներով, կասկածելի է, թե արդյոք դիմումատուն իսկապես կարիք է ունեցել Հայաստանում բողոքարկման արդյունավետ ընթացակարգ կիրառելու, բայց դա նրան չի հաջողվել: Հետևաբար Դատարանը գտնում է, որ կոնկրետ հանգամանքներում 13-րդ հոդվածով նախատեսված գանգատն ակնհայտորեն անհիմն է Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով և պետք է մերժվի՝ դրա 35-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն։

 

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝

 

1. Հայտարարում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի, 8-րդ հոդվածի և 14-րդ հոդվածի մասով բողոքներն ընդունելի, իսկ գանգատի մնացած մասը՝ անընդունելի.

2. Վճռում է, որ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել.

3. Վճռում է, որ Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել։

 

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2023 թվականի հոկտեմբերի 5-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ մասերի։

 

Վիկտոր Սոլովեյչիկ՝

Քարտուղար

Գեորգես Ռավարանի՝

Նախագահ