ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ԵԴԻԳԱՐՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատներ թիվ 56126/17)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
18 հունվարի 2024 թ.
Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։
Եդիգարյանն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝
Ֆարիս Վեհաբովիչ [Faris Vehabović]՝ Նախագահ,
Անյա Զայբերտ Ֆոա [Anja Seibert-Fohr],
Էն Լուիս Բորմանն [Anne Louise Bormann]՝ դատավորներ,
և Վիկտորյա Մարադուդինա [Viktoriya Maradudina]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,
2023 թվականի դեկտեմբերի 14-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2017 թվականի հուլիսի 26-ին Դատարան ներկայացված գանգատի հիման վրա:
2. Դիմումատուին ներկայացրել է Երևանում գործող իրավաբան պրն Ա. Ղազարյանը։
3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը (Կառավարություն) ծանուցվել է գանգատի մասին։
ՓԱՍՏԵՐԸ
4. Դիմումատուի՝ գանգատի համար նշանակություն ունեցող տվյալները և տեղեկությունները ներկայացված են կից աղյուսակում:
5. Դիմումատուն բողոք է ներկայացրել անօրինական կալանքի վերաբերյալ։ Նա նաև բողոք է ներկայացրել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն։
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. Կոնվենցիայի 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
6. Դիմումատուն բողոք է ներկայացրել անօրինական կալանքի վերաբերյալ (լրացուցիչ մանրամասների համար տե՛ս կից աղյուսակը): Նա հիմնվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի վրա։
7. Կառավարությունը նշել է, որ դիմումատուն իր բողոքը ներկայացրել է Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված վեցամսյա ժամկետի ավարտից հետո:
8. Դատարանն այս առնչությամբ նկատում է, որ դիմումատուի՝ դատավարության ընթացքում իր կալանքի անօրինականության վերաբերյալ բողոքը վերաբերում է շարունակական իրավիճակի, որն սկսվել է 2015 թվականի մայիսի 21-ին, երբ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանն անփոփոխ է թողել դիմումատուի կալանքը՝ առանց որևէ ժամկետ սահմանելու, և ավարտվել է, երբ գործը քննող դատարանը նրան դատապարտել է 2017 թվականի հունվարի 26-ին: Դիմումատուն իր բողոքը ներկայացրել է իր դատապարտման օրվանից վեց ամսվա ընթացքում (նմանատիպ պատճառաբանության համար տե՛ս Պոպովիչն ընդդեմ Ուկրաինայի գործը [Popovych v. Ukraine], թիվ 44704/11, §§ 30-34, 2021 թվականի ապրիլի 22): Ուստի Դատարանը մերժում է Կառավարության առարկությունը։ Այն այնուհետև նշում է, որ դիմումատուի բողոքը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով ակնհայտ անհիմն չէ, ո՛չ էլ անընդունելի որևէ այլ հիմքով։ Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի։
9. Դատարանը վերահաստատում է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխանելու համար խնդրո առարկա կալանքը պետք է տեղի ունենա «օրենքով սահմանված կարգով» և լինի «օրինական»: Կոնվենցիան այս դեպքում, ըստ էության, հղում է կատարում ազգային իրավունքին և ամրագրում ազգային իրավունքի նյութաիրավական և ընթացակարգային կանոններին համապատասխանելու պարտավորությունը, սակայն ի հավելումն պահանջում է, որ ցանկացած ազատության սահմանափակում համապատասխանի 5-րդ հոդվածի նպատակին, այն է՝ անձին կամայականությունից պաշտպանելը (տե՛ս Հաչիսոն Ռիդն ընդդեմ Միացյալ Թագավորության [Hutchison Reid v. the United Kingdom], թիվ 50272/99, § 47, ՄԻԵԴ 2003 IV, Ասանիձեն ընդդեմ Վրաստանի [ՄՊ] [Assanidze v. Georgia [GC]], թիվ 71503/01, § 171, ՄԻԵԴ 2004 II, և Վասենինն ընդդեմ Ռուսաստանի [Vasenin v. Russia] թիվ 48023/06, §108, 2016 թվականի հունիսի 21)։ Դատական մարմինների կողմից երկարաժամկետ կալանքի թույլատրման որոշումներում տրված որևէ հիմքի բացակայությունը կարող է անհամատեղելի լինել 5-րդ հոդվածի 1-ին կետով ամրագրված կամայականությունից պաշտպանելու սկզբունքի հետ (տե՛ս Ստաշայտիսն ընդդեմ Լիտվայի [Stašaitis v. Lithuania], թիվ 47679/99, § 67, 2002 թվականի մարտի 21, Նախմանովիչն ընդդեմ Ռուսաստանի [Nakhmanovich v. Russia], թիվ 55669/00, § 70, 2006 թվականի մարտի 2, և Ելոյևն ընդդեմ Ուկրաինայի [Yeloyev v. Ukraine], թիվ 17283/02, § 54, 2008 թվականի նոյեմբերի 6):
10. Վարդան Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի [Vardan Martirosyan v. Armenia] (թիվ 13610/12, 2021 թվականի հունիսի 15) նախադեպային գործում Դատարանն արդեն հայտնաբերել է խախտում՝ կապված սույն գործում առկա նմանատիպ խնդիրների հետ:
11. Դատարանը, ուսումնասիրելով իրեն ներկայացված բոլոր նյութերը, չի հայտնաբերել սույն բողոքի առնչությամբ այլ եզրակացության հանգելու համար համոզիչ որևէ փաստ կամ փաստարկ։ Հաշվի առնելով այս հարցի առնչությամբ իր նախադեպային իրավունքը՝ Դատարանը համարում է, որ սույն գործում Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի 2015 թվականի մայիսի 21-ի որոշումը դիմումատուին չի ապահովել կամայականությունից պատշաճ պաշտպանություն, որը Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով օրինականության հիմնական տարրերից է, հետևաբար 2015 թվականի մայիսի 21-ից դիմումատուի կալանքը չի համապատասխանել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին:
12. Հետևաբար սույն բողոքով բացահայտվում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում։
II. ՄՅՈՒՍ ԲՈՂՈՔՆԵՐԸ
13. Դիմումատուն նաև փոխկապված լրացուցիչ բողոք է ներկայացրել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն: Դատարանը, քննելով իր մոտ եղած բոլոր նյութերը, եզրակացնում է, որ արդեն բացահայտել է սույն գործի հիմնական իրավական խնդիրը (տե՛ս վերևում՝ 11-րդ և 12-րդ պարբերությունները), և համապատասխանաբար կարիք չկա սույն բողոքն առանձին քննարկելու (տե՛ս Իրավական ռեսուրսների կենտրոնը՝ ի դեմս Վալենտին Կամպեանուի ընդդեմ Ռումինիայի [ՄՊ] [Centre for Legal Resources on behalf of Valentin Câmpeanu v. Romania [GC]], թիվ 47848/08, ՄԻԵԴ 2014):
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
14. Դատարանը, հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը և իր նախադեպային իրավունքը (տե՛ս մասնավորապես վերևում հիշատակված՝ Վարդան Մարտիրոսյանի գործը), ողջամիտ է համարում շնորհել կից աղյուսակում նշված գումարները։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Հայտարարում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն բողոքն ընդունելի և գտնում է, որ անհրաժեշտ չէ առանձին քննել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն դիմումատուի մյուս բողոքը.
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում` դիմումատուի անօրինական կալանքի առնչությամբ.
3. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի կից ներկայացված աղյուսակում նշված գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով,
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ:
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2024 թվականի հունվարի 18-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
Վիկտորյա Մարադուդինա |
Ֆարիս Վեհաբովիչ |
Քարտուղարի տեղակալի |
Նախագահ |
ՀԱՎԵԼՎԱԾ |
Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն ներկայացված բողոքներ պարունակող գանգատ
(անօրինական կալանք)
Գանգատ թիվ Ներկա-յացման ամսաթիվը |
Դիմու-մատուի անունը Ծննդյան տարեթիվը |
Ներկա-յացուցչի անունն ու գտնվելու վայրը |
Անօրի-նական կալանքի ժամկետը |
Կալանքի մասին որոշումը կայացրած դատարանը |
Հատուկ թերութ-յունները |
Դիմումա-տուներից յուրա-քանչյուրին ոչ նյութական վնասի դիմաց շնորհվող գումարը (եվրոյով)1 |
Յուրա-քանչյուր գանգատի մասով ծախսերի և ծախքերի դիմաց շնորհվող գումարը (եվրոյով)2 |
56126/ 17
26 հուլիսի 2017թ․ |
Սեմիոն ԵԴԻԳԱՐՅԱՆ
1989թ. |
Ղազարյան Արա
Երևան |
21 մայիսի 2015թ.-26 հունվարի 2017թ. |
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան |
Կալանքը թույլատրող որոշման մեջ դատարանի կողմից տրված որևէ հիմքի բացակայություն, առանց ժամկետի կալանքի որոշում |
4,000 |
250 |
__________________________
1 Գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ:
2 Գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ: