Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 70173/14
Տիպ
Վճիռ ընդդեմ Հայաստանի
Ակտի տիպ
Base act (06.03.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 04.04.2025
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
06.03.2025
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.03.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.03.2025

Ներմուծեք նկարագրությունը_15382

ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ՉԱՏԻՆՅԱՆԸ ԵՎ ԱՅԼՔ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

(գանգատ թիվ 70173/14)

 

Վ Ճ Ի Ռ

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

6 մարտի 2025 թ.

 

Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։

 

Չատինյանը և այլք ընդդեմ Հայաստանի գործով,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝

Անդրեաս Զունդ [Andreas Zünd]՝ Նախագահ,

Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],

Միկոլա Գնատովսկի [Mykola Gnatovskyy]՝ դատավորներ,

և Մարտինա Կելլեր [Martina Keller]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,

հաշվի առնելով՝

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի հինգ քաղաքացիների (դիմումատուներ) կողմից, որոնց մասին համապատասխան մանրամասները ներկայացված են կից հավելվածում, 2014 թվականի հոկտեմբերի 20-ին ընդդեմ Հայաստանի Հանրապետության Դատարան ներկայացված գանգատը (թիվ 70173/14), որոնց ներկայացրել է Վանաձորում գործող իրավաբան պրն Կ. Թումանյանը,

հօգուտ դիմումատուների կայացված վերջնական վճռի բեկանման վերաբերյալ բողոքների մասով Հայաստանի կառավարությանը (Կառավարություն), ի դեմս միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանի ծանուցում ներկայացնելու և գանգատի մնացած մասն անընդունելի ճանաչելու մասին որոշումը,

կողմերի դիտարկումները,

2025 թվականի փետրվար 6-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,

կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը։

 

ԳՈՐԾԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն գործը վերաբերում է իրավական որոշակիության սկզբունքի և դիմումատուների՝ իրենց գույքից անարգել օգտվելու իրավունքի խախտմանը՝ հոգուտ իրենց կայացված վերջնական վճռի բեկանման առնչությամբ։ Նրանք բողոք են ներկայացրել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի համաձայն:

2. 1988 թվականի երկրաշարժի հետևանքով դիմումատուների՝ Վանաձոր քաղաքում գտնվող բնակարանն ավերվելուց հետո նրանք ապրել են ժամանակավոր կացարանում։

3. 2007 թվականի փետրվարի 26-ին դիմումատուները պայմանագիր են կնքել Վանաձոր համայնքի (Համայնք) հետ՝ ի դեմս Վանաձորի քաղաքապետի (համայնքի ղեկավարը, որը ներկայացնում է դրա գործադիր մարմինը), ըստ որի՝ դիմումատուները պետք է ազատեին այն հողատարածքը, որի վրա գտնվում էր իրենց ժամանակավոր կացարանը, և համայնքը պետք է օտարեր այդ հողատարածքը բազմաբնակարան շենքի կառուցման նպատակով, որտեղ դիմումատուներին պետք է տրամադրվեր ոչ պակաս, քան 55 քառակուսի մետր մակերեսով բնակարան։

4. Դիմումատուներն ազատել են հողատարածքը, և այն համայնքի կողմից վաճառվել է մասնավոր շինարարական ընկերությանը:

5. 2009 թվականին Վանաձորի քաղաքապետը տեղեկացրել է դիմումատուներին, որ շենքի շինարարությունը հետաձգվել է, որից հետո դիմումատուները Լոռու մարզային դատարան (Մարզային դատարան) քաղաքացիական հայց են ներկայացրել ընդդեմ Վանաձորի քաղաքապետարանի (Քաղաքապետարան)՝ պահանջելով փոխհատուցում։

6. Դատավարության մի քանի փուլերից հետո Վանաձորի քաղաքապետը համայնքի անունից գրավոր առաջարկ է ներկայացրել դիմումատուներին, և կողմերը եկել են համաձայնության։ Մարզային դատարանը 2011 թվականի հոկտեմբերի 5-ի վճռով հաստատել է դիմումատուների, համայնքի անունից հանդես եկող Վանաձորի համայնքապետի և շինարարական ընկերության միջև կնքված հաշտության համաձայնությունը, որով համայնքապետարանը և տվյալ ընկերությունը պարտավորվել են՝ i) դիմումատուներին տրամադրել առնվազն 55 քառակուսի մետր մակերեսով բնակարան մինչև 2013 թվականի հոկտեմբերի 1-ը, ii) վճարել նրանց ապրելու համար անհրաժեշտ ծախսերը (մոտ 30 եվրո (եվրո) ամսական) մինչև բնակարան ստանալը, և iii) վճարել նրանց փոխհատուցում՝ 38,000 ԱՄՆ դոլարի (ԱՄՆ դոլար) չափով, եթե i) պարտավորությունը չի կատարվել: Վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

7. Դիմումատուները մինչև 2013 թվականի հոկտեմբերի 1-ը չեն ստացել բնակարանը և պահանջել են վճռի հարկադիր կատարում։

8. 2014 թվականի հունվարի 30-ին հարկադիր կատարողը կատարողական վարույթ է հարուցել և բռնագանձում է տարածել քաղաքապետարանի գույքի վրա:

9. 2014 թվականի փետրվարի 13-ին համայնքի ավագանին (Ավագանի) (համայնքի ներկայացուցչական մարմինը՝ ընտրված 2012 թվականի սեպտեմբերին) բողոք է ներկայացրել 2011 թվականի հոկտեմբերի 5-ի վճռի դեմ (տե՛ս վերևում՝ 6-րդ պարբերությունը)՝ պնդելով, որ Ավագանին չի տվել իր համաձայնությունն այդ վճռով հաստատված հաշտության համաձայնությանը և, որ ավագանին վճռի մասին տեղեկացել է հարկադիր կատարողի՝ 2014 թվականի հունվարի 30-ի որոշումից:

10. 2014 թվականի մարտի 3-ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշել է վարույթ ընդունել Ավագանու կողմից ներկայացված բողոքը: Դատարանը մերժել է դիմումատուների այն փաստարկը, որ Ավագանին պետք է ավելի վաղ տեղեկացված լիներ 2011 թվականի հոկտեմբերի 5-ի վճռի վերաբերյալ (տե՛ս վերևում՝ 6-րդ պարբերությունը), հաշվի առնելով, որ մի քանի տարի քաղաքապետարանը նրանց տրամադրել էր վճարման հանձնարարականներ (հղում կատարելով այդ վճռին), և Ավագանին հաստատել էր համայնքի բյուջեն: Վերաքննիչ դատարանը նշել է, որ 2011 թվականի հոկտեմբերի 5-ի վճռի վերաբերյալ Ավագանու տեղեկացված լինելու փաստը չէր կարող ենթադրվել խնդրո առարկա վճարման հանձնարարականներից:

11. 2014 թվականի ապրիլի 30-ի որոշմամբ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը բեկանել է 2011 թվականի հոկտեմբերի 5-ի վճիռը և գործն ուղարկել նոր քննության՝ այն հիմնավորմամբ, որ համայնքի ղեկավարը ձեռք չի բերել Ավագանու համաձայնությունը՝ համայնքի գույքն օտարելու վերաբերյալ: 2014 թվականի օգոստոսի 20-ին Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել դիմումատուների վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին:

12. Գործի նոր քննության շրջանակներում Մարզային դատարանը մերժել է դիմումատուների քաղաքացիական հայցը (տես վերևում՝ 5-րդ պարբերությունը) և անվավեր է ճանաչել 2007 թվականի փետրվարի 26-ի համաձայնությունը (տես վերևում՝ 3-րդ պարբերությունը): Դիմումատուների բողոքները Մարզային դատարանի վճռի դեմ անարդյունավետ էին։

 

ԴԱՏԱՐԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

 

ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՎ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԹԻՎ 1 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

13. Դիմումատուները բողոքել են, որ 2011 թվականի հոկտեմբերի 5-ի վերջնական վճռի բեկանումը խախտել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի պահանջները։

 

Ա. Ընդունելիությունը

14. Կառավարությունը պնդել է, որ գանգատի առնչությամբ վեցամսյա ժամկետը պետք է հաշվարկվի 2014 թվականի մարտի 3-ից՝ Ավագանու կողմից ներկայացված բողոքը վարույթ ընդունելու մասին Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշման օրվանից (տե՛ս վերևում՝ 10-րդ պարբերությունը): Քանի որ գանգատը Դատարան է ներկայացվել 2014 թվականի հոկտեմբերի 20-ին, դիմումատուները չեն պահպանել վեցամսյա ժամկետի կանոնը:

15. Դիմումատուները պնդել են, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2014 թվականի մարտի 3-ի որոշումը իրենց բողոքների առնչությամբ չի կարող «վերջնական որոշում» համարվել։

16. Որպես կանոն, վեցամսյա ժամկետն սկսվում է իրավական պաշտպանության ներպետական միջոցները սպառելու գործընթացում վերջնական որոշում կայացվելու ամսաթվից: Այնուամենայնիվ, եթե ի սկզբանե պարզ է, որ դիմումատուին հասանելի չէ իրավական պաշտպանության ոչ մի արդյունավետ միջոց, ապա ժամկետն սկսվում է ակտերը կամ միջոցները բողոքարկելու ամսաթվից, կամ այդ ակտի կամ դիմումատուի վրա դրա ազդեցության կամ կանխակալ վերաբերմունքի մասին հայտնի դառնալու ամսաթվից, իսկ եթե իրավիճակը շարունակական է, ապա այդ իրավիճակն ավարտվելու պահից (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Մոկանուն և այլք ընդդեմ Ռումինիայի [ՄՊ] [Mocanu and Others v. Romania [GC]]) թիվ 10865/09 և 2 այլ գործեր, § 259, ՄԻԵԴ 2014 (քաղվածքներ)):

17. 2014 թվականի մարտի 3-ի որոշումն Ավագանու բողոքը վարույթ ընդունելու վերաբերյալ ընթացակարգային որոշում էր (տե՛ս վերևում՝ 10-րդ պարբերությունը): 2014 թվականի ապրիլի 30-ի որոշմամբ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը անվավեր է ճանաչել 2011 թվականի հոկտեմբերի 5-ի վերջնական վճիռը, իսկ Վճռաբեկ դատարանը սույնով վերջնական որոշում է կայացրել 2014 թվականի օգոստոսի 20-ին (տե՛ս վերևում՝ 11-րդ պարբերությունը): Դիմումատուներն իրենց գանգատը ներկայացրել են 2014 թվականի հոկտեմբերի 20-ին, ինչը համապատասխանում է վեցամսյա ժամկետի պահանջներին։ Հետևաբար Կառավարության առարկությունը պետք է մերժել:

18. Դատարանը նշում է, որ դիմումը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով ակնհայտ անհիմն չէ կամ անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի։

 

Բ. Ըստ էության քննությունը

19. Դատարանը վերահաստատում է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված արդար դատաքննության իրավունքը, որը մեկնաբանվում է օրենքի գերակայության և իրավական որոշակիության սկզբունքների լույսի ներքո, ներառում է պահանջ, որ երբ դատարանները վերջնականապես որոշում են կայացնում, նրանց որոշումը չպետք է կասկածի տակ դրվի (տե՛ս Բրումարեսկուն ընդդեմ Ռումինիայի [ՄՊ][Brumărescu v. Romania] [GC] գործը, թիվ 28342/95, § 61, ՄԻԵԴ 1999-VII): Այս սկզբունքից շեղումն արդարացված է միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է՝ ելնելով էական և պարտադիր բնույթի հանգամանքներից, ինչպիսին է էական թերությունները կամ արդարադատության սխալ իրականացումը շտկելը (տե՛ս Կարեն Պողոսյանն ընդդեմ Հայաստանի [Karen Poghosyan v. Armenia], թիվ 62356/09, § 44, 2016 թվականի մարտի 31, և Տիգրակն ընդդեմ Թուրքիայի [Tığrak v. Turkey] գործերը, թիվ 70306/10, § 48, 2021 թվականի հուլիսի 6)։

20. Սույն գործը վերաբերում է վաղեմության ժամկետի ավարտից հետո գործի վարույթի վերաբացմանը՝ շահագրգիռ կողմի անտեղյակ լինելու հիմքով: Դատարանը նախկինում հաստատել է իրավական որոշակիության սկզբունքը համանման իրավիճակում (տե՛ս վերևում հիշատակված Կարեն Պողոսյանի գործը, §§ 45-47, ինչպես նաև §§ 32 և 33՝ համապատասխան ներպետական իրավունքի նկարագրության համար):

21. Դիմումատուները մանրամասն փաստարկներ են ներկայացրել՝ վիճարկելու Ավագանու այն պնդումը, որ վերջինս վիճարկվող վճռի վերաբերյալ տեղեկացել է միայն 2014 թվականի հունվարի 30-ին: Այնուամենայնիվ, Վերաքննիչ դատարանը համարժեք պատճառաբանություններ չի ներկայացրել նրանց փաստարկները մերժելու համար (տե՛ս վերևում՝ 10-րդ պարբերությունը): Վերաքննիչ դատարանը նաև չի քննել, թե արդյոք Ավագանին, որն ընտրվել էր 2012 թվականի սեպտեմբերին, այսինքն՝ վիճարկվող վճռի կայացումից գրեթե մեկ տարի անց, կարող էր և (կամ) պետք է հատուկ տեղեկացված լիներ այդ մասին (համեմատե՛լ վերը նշված Կարեն Պողոսյանի գործի հետ, §§ 48 և 49):

22. Բացի այդ, 2011 թվականի հոկտեմբերի 5-ի վերջնական որոշումը բեկանվել է այն հիմքով, որ Ավագանին (ենթադրաբար այն ժամանակ) չէր հաստատել այդ վճռով հաստատված հաշտության համաձայնությունը (տե՛ս վերևում՝ 11-րդ պարբերությունը): Այնուամենայնիվ, Դատարանն ընդգծել էր, որ պետական մարմինների կողմից դատական կամ այլ վարույթներում թույլ տրված սխալի վտանգը պետք է կրի պետությունը, հատկապես, եթե ոչ մի այլ մասնավոր շահ վտանգված չէ, և որ ցանկացած սխալ չպետք է ուղղվի տվյալ անձի հաշվին (տե՛ս Մագոմեդովը և այլք ընդդեմ Ռուսաստանի [Magomedov and Others v. Russia] գործը, թիվ 33636/09 և 9 այլ գործեր, §§ 87-89 և 94-95, 2017 թվականի մարտի 28): Կառավարությունը որևէ պահի չի պարզաբանել, թե ինչու նորընտիր Ավագանին դատական հայց չի ներկայացրել ընդդեմ քաղաքապետի կապված վերջինիս գործողությունների հետ, որոնք Ավագանին համարել է ապօրինի, փոխարենը դիմումատուներին վնաս պատճառելով՝ փորձել է անվավեր ճանաչել հօգուտ նրանց կայացված վերջնական որոշումը։

23. Հաշվի առնելով վերոնշյալը, ոչինչ չի վկայում, որ եղել է էական և հիմնավոր բնույթի որևէ հանգամանք, որն արդարացնում է հարցի վերաքննությունը, որը որոշվել է վերջնական և պարտադիր դատական որոշմամբ։ Հետևաբար Դատարանը գտնում է, որ բեկանելով 2011 թվականի հոկտեմբերի 5-ի վերջնական վճիռը՝ դատարանները խախտել են իրավական որոշակիության սկզբունքը:

24. Անդրադառնալով թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածին, Դատարանը նշել է, որ 2011 թվականի հոկտեմբերի 5-ի վերջնական վճռով հաստատվել է հաշտության համաձայնությունը, համաձայն որի դիմումատուներին պետք է տրամադրվեր բնակարան կամ փոխհատուցում, եթե նրանց բնակարան չտրամադրվեր (տե՛ս վերևում՝ 6-րդ պարբերությունը): Դատարանը վերահաստատում է, որ վճռով նախատեսված պարտավորությունը կարող է դիտվել որպես «սեփականություն» թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի նպատակների համար, և որ 6-րդ հոդվածի խախտմամբ այդ վճռի բեկանումը կարող է նաև միջամտություն համարվել անձի՝ իր գույքը անարգել տնօրինելու իրավունքին, որի օգտին վճիռը բավարարվել է (տե՛ս Ռյաբիխն ընդդեմ Ռուսաստանի [Ryabykh v. Russia] գործը, թիվ 52854/99, § 61, ՄԻԵԴ 2003-IX): Քանի որ Դատարանն արդեն գտել է, որ վերջնական վճիռը վերանայվել է իրավական որոշակիության սկզբունքի խախտմամբ, դրանից հետևում է, որ այդ առումով տեղի է ունեցել նաև թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում (տե՛ս վերը նշված Կարեն Պողոսյանի գործը, § 52, հետագա հղումներով):

25. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում:

 

ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ

 

26. Դիմումատուն պահանջել է 38 000 ԱՄՆ դոլար (35, 000 եվրո) և 1 800 եվրո՝ որպես նյութական վնասի հատուցում։ Առաջին գումարը համարժեք է 38 000 ԱՄՆ դոլարի չափով փոխհատուցմանը, որը հաշտության համաձայնության համաձայն պետք է վճարվեր նրանց (դատարանի վճռով հաստատված է իրենց օգտին, որը բեկանվել է) վերջիններիս բնակարան չտրամադրվելու դեպքում։ Երկրորդ գումարը ներառում էր նրանց կեցության ծախսերը՝ նույն համաձայնության համաձայն, որոնք չեն վճարվել 2014 թվականի ապրիլից (Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից համապատասխան որոշումը բեկանելու ամսաթիվը) մինչև 2019 թվականի ապրիլը (երբ դիմումատուները ներկայացրել են իրենց հայցերը): Դիմումատուները հետևաբար պահանջել են ընդհանուր 25 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում, և 3 000 եվրո՝ Դատարանում կրած ծախսերի համար։

27. Կառավարությունը չի ներկայացրել իր մեկնաբանությունները։

28. Ինչ վերաբերում է նյութական վնասին, հաշվի առնելով նմանատիպ գործերով որդեգրված մոտեցումը (տե՛ս, օրինակ, Բեզրուկովներն ընդդեմ Ռուսաստանի [Bezrukovy v. Russia], թիվ 34616/02, § 53, 2012 թվականի մայիսի 10, և Սիմոնյանն ընդդեմ Հայաստանի [Simonyan v. Armenia] գործերը, թիվ 18275/08, § 31, 2016 թվականի ապրիլի 7)՝ Դատարանը շնորհում է դիմումատուներին այն գումարը՝ այն է՝ 35 000 եվրո, որը նրանք պետք է ստանային, եթե 2011 թվականի հոկտեմբերի 5-ի վերջնական վճիռը չբեկանվեր (տես վերևում՝ 6-րդ պարբերությունը)։ Ինչ վերաբերում է 1 800 եվրոյի պահանջին, դիմումատուները սույնով չեն նշել դրա հիմքերը: Ուստի Դատարանը մերժում է պահանջի այս մասը: Դատարանը հետևաբար դիմումատուներին համատեղ շնորհում է 3 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում՝ գումարած դիմումատուներից գանձման ենթակա ցանկացած հարկ։

29. Հաշվի առնելով իր տրամադրության տակ գտնվող փաստաթղթերը՝ Դատարանը ողջամիտ է համարում դիմումատուներին համատեղ շնորհել 2 000 եվրո՝ Դատարանում գտնվող վարույթի դիմաց՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ։

 

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝

 

1. Հայտարարում է գանգատն ընդունելի.

2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում.

3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում.

4. Վճռում է՝

ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուներին համատեղ վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով՝

i) նյութական վնասի դիմաց՝ 35 000 եվրո (երեսունհինգ հազար եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ,

ii) ոչ նյութական վնասի դիմաց՝ 3 000 եվրո (երեք հազար եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ,

iii) ծախսերի և ծախքերի դիմաց՝ 2 000 եվրո (երկու հազար եվրո)՝ գումարած դիմումատուներից գանձման ենթակա ցանկացած հարկ.

բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.

5. Մերժում է դիմումատուների՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2025 թվականի մարտի 6-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։

 

Մարտինա Կելլեր

 

Քարտուղարի տեղակալ

Անդրեաս Զունդ

 

Նախագահ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 

Դիմումատուների ցանկը՝

 

Թիվ

Դիմումատուի անունը

Ծննդյան տարեթիվը

Քաղաքացիությունը

Բնակության վայրը

1.

Մհեր ՉԱՏԻՆՅԱՆ

1989

Հայաստան

Վանաձոր

2.

Դավիթ ՉԱՏԻՆՅԱՆ

1989

Հայաստան

Վանաձոր

3.

Համլետ ՉԱՏԻՆՅԱՆ

1958

Հայաստան

Վանաձոր

4.

Ռոզիկ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ

1937

Հայաստան

Վանաձոր

5.

Նաիրա ԶԱՔԱՐՅԱՆ

1960

Հայաստան

Վանաձոր