Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սույն Արձանագրության մասնակից պետությունները, այսուհետ` Կողմեր, գիտակցելով այն վտանգը, որը մարդկանց կյանքին ու առողջությանը ներկայացնում է ահաբեկչությունը,
հաշվի առնելով ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող միջազգային փաստաթղթերը,
մեծ նշանակություն տալով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետություւնների տարածքներում հակաահաբեկչական համատեղ միջոցառումների անցկացմանը,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
1. Հաստատել «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների տարածքներում հակաահաբեկչական համատեղ միջոցառումների կազմակերպման և անցկացման կարգի մասին» Կանոնակարգը, այսուհետ` Կանոնակարգ (կցվում է), որը հանդիսանում է սույն Արձանագրության անբաժանելի մասը:
2. Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումը ավանդապահի ստանալու օրվանից:
3. Կանոնակարգում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրությամբ, որը ուժի մեջ է մտնում սույն Արձանագրության 2-րդ կետով նախատեսված կարգով:
4. Ուժի մեջ մտնելուց հետո սույն Արձանագրությունը բաց է այլ պետությունների միանալու համար: Միացող պետության համար այն ուժի մեջ է մտնում համապատասխան ծանուցումը ավանդապահի ստանալու պահից 30-րդ օրը լրանալուց հետո:
5. Սույն Արձանագրությունը գործում է ուժի մեջ մտնելու պահից հինգ տարվա ընթացքում: Այդ ժամկետը լրանալուց հետո սույն Արձանագրության գործողությունը ինքնաբերաբար երկարաձգվում է, ամեն անգամ` հինգ տարով, եթե Կողմերն այլ որոշում չեն ընդունում:
6. Կողմերից յուրաքանչյուրը կարող է դուրս գալ սույն Արձանագրությունից` դուրս գալուց ոչ պակաս, քան վեց ամիս առաջ այդ մասին գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին: Սույն Արձանագրությունից դուրս գալը չի ազատում պետությանը այն ֆինանսական պարտավորություններից, որոնք նա ստանձնել է` որպես սույն Արձանագրության Կողմ:
Կատարված է Քիշնև քաղաքում 2002թ. հոկտեմբերի 7-ին, ռուսերեն, մեկ բնօրինակով: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության կոմիտեում, որը սույն Արձանագրությունը ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:
Արձանագրությունը ստորագրել են Ադրբեջանական Հանրապետությունը (հատուկ կարծիքով), Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Վրաստանը (վերապահումով), Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը, Մոլդովայի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը (վերապահումով), Տաջիկստանի Հանրապետությունը, Ուկրաինան:
Ադրբեջանական Հանրապետության հատուկ կարծիքը
Անկախ պետությունների Համագործակցության մասնակից պետությունների տարածքում հակաահաբեկչական համատեղ միջոցառումների կազմակերպման և անցկացման կարգի մասին Կանոնակարգը հաստատելու մասին Արձանագրության վերաբերյալ
Ադրբեջանական Հանրապետությունը կարող է մասնակցել «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների տարածքներում համատեղ հակաահաբեկչական միջոցառումների կազմակերպման և անցկացման կարգի մասին» Կանոնակարգի իրագործմանը միայն այն պետությունների իրավասու մարմինների հարցումների տեղեկատվական-վերլուծական և խորհրդատվական ապահովման շրջանակներում, որոնց տարածքում անցկացվում են այդ միջոցառումները, և Ադրբեջանական Հանրապետության ազգային օրենսդրությանը խիստ համապատասխան:
Ադրբեջանական Հանրապետության
նախագահ` Հեյդար Ալիև
Վրաստանի վերապահումը
Անկախ պետությունների Համագործակցության մասնակից պետությունների տարածքում հակաահաբեկչական համատեղ միջոցառումների կազմակերպման և անցկացման կարգի մասին Կանոնակարգը հաստատելու մասին Արձանագրության նախագծի վերաբերյալ
Վրաստանը ընդհանուր առմամբ աջակցում է նախագծին` հաշվի առնելով հետևյալ դիտողություններն ու առաջարկությունները.
- 4.1 կետի առաջին պարբերությունում «համաձայնեցնելով» բառը փոխարինել «ծանուցելով» բառով և դրանով ավարտել պարբերությունը:
- 5.3 կետի երկրորդ պարբերությունում «հայցվող» բառի փոխարեն գրել «հայցող» բառը:
Է. Շևարդնաձե
Ռուսաստանի Դաշնության վերապահումները
Անկախ պետությունների Համագործակցության մասնակից պետությունների տարածքում հակաահաբեկչական համատեղ միջոցառումների կազմակերպման և անցկացման կարգի մասին Կանոնակարգը հաստատելու մասին Արձանագրության վերաբերյալ
Սույն Արձանագրությամբ հաստատված Անկախ պետությունների Համագործակցության մասնակից պետությունների տարածքում հակաահաբեկչական համատեղ միջոցառումների կազմակերպման և անցկացման կարգի մասին Կանոնակարգը հաստատելու մասին Արձանագրությունը կիրառելիս Ռուսաստանի Դաշնությունը կելնի հետևյալից`
1. Ռուսական կողմի հատուկ հակաահաբեկչական կազմավորումների կազմի մեջ մտնող և Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների տարածքներում համատեղ հակաահաբեկչական միջոցառումների անցկացմանը մասնակցող զինծառայողների և այլ անձանց նկատմամբ չի կիրառվում այն Կողմի օրենսդրությունը, որի տարածքում անցկացվում են տվյալ միջոցառումները: Ամեն դեպքում նրանք գտնվում են Ռուսաստանի Դաշնության իրավազորության ներքո:
2. Ռուսական կողմի հատուկ հակաահաբեկչական կազմավորումների հատուկ միջոցները և ապահովման նյութերը հանդիսանում են Ռուսաստանի Դաշնության սեփականությունը և չեն կարող պահվել և (կամ) որևէ այլ ձևով օտարվել հայցող Կողմի կողմից:
3. Հայցող Կողմը, համատեղ հակաահաբեկչական միջոցառումներ անցկացնելու մասին խնդրանքով դիմելով ռուսական կողմին, դրանով իսկ ընդունում է սույն վերապահումները որպես Արձանագրության` իր համար պարտադիր անբաժանելի բաղկացուցիչ մաս:
Ռուսաստանի Դաշնության
նախագահ` Վ. Պուտին
Հավելված | |
Կ ա ն ո ն ա կ ա ր գ |
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների տարածքներում հակաահաբեկչական համատեղ միջոցառումների կազմակերպման և անցկացման կարգի մասին
Սույն Կանոնակարգը սահմանում է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների (այսուհետ` Կողմեր) տարածքներում հակաահաբեկչական համատեղ միջոցառումների անցկացման կազմակերպչական հիմքերն ու կարգը:
1. Ընդհանուր դրույթներ
1.1. Սույն Կանոնակարգում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.
հակաահաբեկչական համատեղ միջոցառումներ - Կողմերի իրավասու մարմինների կողմից հայցող Կողմերի տարածքներում հատուկ հակաահաբեկչական կազմավորումների ուժերով միասնական համաձայնեցված մտահղացմամբ և պլանով իրականացվող` ահաբեկչության դեմ պայքարի միջոցառումներ.
հակաահաբեկչական հատուկ կազմավորումներ - Կողմերի` իրենց ազգային օրենսդրության համապատասխան ձևավորած` ահաբեկչության դեմ պայքարի համար մասնագետների խմբեր.
հակաահաբեկչական համատեղ միջոցառման մասնակիցներ - հակաահաբեկչական հատուկ կազմավորումների անձնակազմ, հակաահաբեկչական համատեղ միջոցառումներ անցկացնելիս հակաահաբեկչական հատուկ կազմավորումների ղեկավարման մարմնի աշխատակիցներ և այդ միջոցառումներին մասնակցող այլ անձինք.
հայցող Կողմ - Կողմ, որը դիմում է իր տարածքում հակաահաբեկչական համատեղ միջոցառումների անցկացման համար հակաահաբեկչական հատուկ կազմավորումներ ուղարկելու մասին հարցումով (այսուհետ` հարցում աջակցություն ցույց տալու մասին).
հայցվող Կողմ - Կողմ, որին դիմում է հայցող Կողմը հակաահաբեկչական համատեղ միջոցառումների անցկացման համար հակաահաբեկչական հատուկ կազմավորումներ ուղարկելու մասին հարցումով.
իրավասու մարմին - Կողմի մարմին, որը ազգային օրենսդրության համապատասխան, իրականացնում է ահաբեկչության դեմ պայքար և պատասխանատու է հակաահաբեկչական համատեղ միջոցառումների անցկացման համար.
ապահովման հատուկ միջոցներ և նյութեր - նյութեր, տեխնիկական և տրանսպորտային միջոցներ, հակաահաբեկչական հատուկ կազմավորումների հանդերձանք` ներառյալ զենք ու զինամթերք, հատուկ միջոցները և սարքավորումները.
Կենտրոն - Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների Հակաահաբեկչական Կենտրոն:
1.2. Հակաահաբեկչական համատեղ միջոցառումների իրավական հիմքն են կազմում միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներն ու նորմերը, Կողմերի միջազգային պարտավորությունները և նրանց ազգային օրենսդրությունը, ինչպես նաև սույն Կանոնակարգը:
1.3. Հակաահաբեկչական համատեղ միջոցառումներն անցկացվում են ահաբեկչական գործունեության խափանման նպատակով, այդ թվում`
ահաբեկիչների վերցրած պատանդների ազատման.
մեծ հզորության պայթուցիկ սարքերի կամ բարդ կառուցվածք ունեցող` ոչնչացնող այլ սարքերի վնասազերծման.
ահաբեկիչների զավթած տեխնոլոգիական և էկոլոգիական բարձր վտանգավորության օբյեկտների, ատոմային արդյունաբերության, տրանսպորտի, էներգիայի, քիմիական արտադրության և այլ օբյեկտների (դիվանագիտական ներկայացուցչությունների շենքեր ու շինություններ և այլն) ազատման.
ահաբեկիչների ձերբակալման, ահաբեկչական խմբերի և խմբավորումների վերացման:
1.4. Հակաահաբեկչական համատեղ միջոցառումների նախապատրաստման և անցկացման ընթացքում հայցվող Կողմի հակաահաբեկչական հատուկ կազմավորումների մասնակիցները պետք է պահպանեն միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներն ու նորմերը և հայցող Կողմի ազգային օրենսդրությունը:
1.5. Սույն Կանոնակարգի մեկնաբանման և կիրառման ժամանակ ծագող վիճելի հարցերը կարգավորում են Կողմերի խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
2. Հակաահաբեկչական համատեղ միջոցառումների կազմակերպման կարգը
2.1. Կողմերը, իրենց ազգային օրենսդրության համապատասխան, որոշում են հակաահաբեկչական համատեղ միջոցառումների անցկացման համար պատասխանատու իրավասու մարմիններին, որի մասին հայտնում են ավանդապահին սույն Կանոնակարգը հաստատող Արձանագրության ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգի կատարման մասին ծանուցման հետ միաժամանակ, ինչպես նաև` իրավասու մարմնի անվանափոխության մասին:
Կողմերի իրավասու մարմինները Կենտրոնին տեղեկացնում են հակաահաբեկչական համատեղ միջոցառումների անցկացման համար նախատեսված հակաահաբեկչական հատուկ կազմավորումների կազմի մասին:
2.2. Հակաահաբեկչական հատուկ կազմավորումների անձնակազմն անցնում է լրացուցիչ նախապատրաստում Կողմերի իրավասու մարմինների` Կենտրոնի մասնակցությամբ մշակած ծրագրերով` ինչպես նրանց ազգային ուսումնական բազայի, այնպես էլ պայմանագրային հիմունքներով` մյուս Կողմերի ուսումնական կենտրոններում:
Կողմերի հակաահաբեկչական հատուկ կազմավորումների համատեղ նախապատրաստումը իրականացվում է Կենտրոնի կողմից կազմակերպվող հրամանատարաշտաբային և օպերատիվ-տակտիկական վարժանքների անցկացման ընթացքում: Կողմերը փոխպայմանավորվածության հիման վրա կարող են անցկացնել հակաահաբեկչական հատուկ կազմավորումների համատեղ վարժանքներ և մյուս Կողմի ներկայացուցիչների ստաժավորում իրենց իրավասու մարմինների ստորաբաժանումներում:
2.3. Հակաահաբեկչական համատեղ միջոցառման անցկացման մասին որոշումն ընդունում է հայցող Կողմը` հայցվող Կողմի համաձայնությամբ:
Եթե հակաահաբեկչական համատեղ միջոցառումների նախապատրաստման և անցկացման ժամանակ շոշափվում են այն Կողմի շահերը, որը դրանց չի մասնակցում, ապա, նրա խնդրանքով, այդ միջոցառումների մասին որոշումն ընդունվում է Անկախ Պետությունների Համագործակցության պետությունների ղեկավարների Խորհրդի կողմից:
2.4. 2.3-րդ կետում նշված որոշման հիման վրա հայցող Կողմի իրավասու մարմինը հայցվող Կողմի իրավասու մարմնին ուղարկում է հարցում աջակցություն ցույց տալու մասին և այդ մասին տեղեկացնում է Կենտրոնին:
Հարցումն ուղարկվում է գրավոր, այդ թվում նաև` տեքստի փոխանցման տեխնիկական միջոցների օգտագործմամբ:
Հարցումը ստորագրվում է հայցող Կողմի իրավասու մարմնի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի կողմից և հաստատվում է տվյալ մարմնի` զինանշանի պատկերով կնիքով:
Հարցման իսկության կամ բովանդակության շուրջ կասկածներ ծագելու դեպքում հայցվող Կողմը կարող է լրացուցիչ հաստատում պահանջել:
2.5. Ուղարկվող հարցումը պետք է բովանդակի.
հայցող Կողմի իրավասու մարմնի և հայցվող Կողմի իրավասու մարմնի անվանումները.
գործի էության, հարցման նպատակի և հիմնավորվածության շարադրանքը.
հայցվող աջակցության բովանդակության նկարագրությունը.
հայցվող Կողմի հակաահաբեկչական հատուկ կազմավորումները հակաահաբեկչական համատեղ միջոցառումների անցկացման վայր հասցնելու և գտնվելու երկիր վերադարձնելու միջոցների ու պայմանների մասին տեղեկատվություն, այդ թվում նաև` հայցող Կողմի պետական սահմանի հատման տեղի, ժամանակի և կարգի մասին.
այլ տեղեկատվություն, որը կարող է օգտակար լինել հարցման պատշաճ կատարման համար:
2.6. Հայցող Կողմը ստեղծում է անհրաժեշտ պայմաններ հակաահաբեկչական հատուկ կազմավորումների անձնակազմը, հատուկ միջոցներն ու նյութերը հակաահաբեկչական համատեղ միջոցառումների անցկացման վայր հասցնելու համար:
Տեղաբաշխումը, սննդով, տրանսպորտով, բուժսպասարկմամբ ապահովելը, կապից օգտվելը, այդ թվում նաև` հատուկ, իրականացվում է հայցող Կողմի հաշվին:
2.7. Հակաահաբեկչական հատուկ կազմավորման կամ նրա առանձին մասնակիցների տեղաշարժը հայցող Կողմի տարածք իրականացվում է հատուկ թույլտվության հիման վրա և հայցող Կողմի իրավասու մարմնի ղեկավարի հսկողությամբ:
Հակաահաբեկչական հատուկ կազմավորման կամ նրա առանձին մասնակիցների տեղաշարժը հայցող Կողմի տարածք իրականացվում է հայցող Կողմի իրավասու մարմնի պաշտոնական ներկայացուցչի հսկողության ներքո:
2.8. Հակաահաբեկչական հատուկ միջոցառումների անցկացման արդյունավետության և օպերատիվության բարձրացման նպատակով Կողմերը հակաահաբեկչական հատուկ կազմավորումների` պետական սահմանը հատելիս ապահովում են ազգային օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի արագ կատարումը:
2.9. Հակաահաբեկչական հատուկ կազմավորման ղեկավարը պետական սահմանի անցագրային կետում ներկայացնում է հայցվող Կողմի իրավասու մարմինների կողմից հաստատված` անձնակազմի անվանացուցակը և ապահովման հատուկ միջոցների ու նյութերի ցանկը, իսկ կազմավորման բոլոր մասնակիցները` անձը հաստատող փաստաթղթերը:
2.10. Հայցվող Կողմի հակաահաբեկչական հատուկ կազմավորման ապահովման հատուկ միջոցներն ու նյութերը հակաահաբեկչական հատուկ միջոցառումների անցկացման վայր ուղարկելիս և հետ վերադարձնելիս Կողմերի կողմից ազատվում են մաքսային և այլ տուրքերից ու վճարումներից:
3. Հակաահաբեկչական համատեղ միջոցառումների անցկացման կարգը
3.1. Հակաահաբեկչական համատեղ միջոցառումներ անցկացնելիս հայցող Կողմը հակաահաբեկչական հատուկ կազմավորումների անմիջական ղեկավարման համար ստեղծում է ղեկավարման մարմին:
Ղեկավարման մարմնի ղեկավարին նշանակում է հայցող Կողմը:
Ղեկավարման մարմնի կառուցվածքը, նրա ստորաբաժանումների խնդիրներն ու գործառույթները սահմանում է ղեկավարման մարմնի ղեկավարը` կախված հակաահաբեկչական համատեղ միջոցառումների անցկացման նպատակներից: Ղեկավարման մարմնում գործավարությունը կատարվում է ռուսերեն:
Ղեկավարման մարմնի ղեկավարության կազմի մեջ ընդգրկվում են հակաահաբեկչական համատեղ միջոցառումներին մասնակցող հակաահաբեկչական հատուկ կազմավորումների ղեկավարները, Կողմերի իրավասու մարմինների և Կենտրոնի ներկայացուցիչները:
Անկախ Պետությունների Համագործակցության պետությունների ղեկավարների Խորհրդի որոշմամբ, իսկ անհրաժեշտության դեպքում` ԱՊՀ շահագրգիռ մասնակից պետությունների ղեկավարների որոշմամբ` հակաահաբեկչական համատեղ միջոցառումների անցկացման ղեկավարումը կարող է հանձնարարվել Կենտրոնին: Այդպիսի դեպքերում ղեկավարման մարմինը ստեղծվում է Կենտրոնի ղեկավարի կողմից:
3.2. Հակաահաբեկչական համատեղ միջոցառման անցկացման մեջ ներգրավված անձինք ենթարկվում են ղեկավարման մարմնի ղեկավարին:
3.3. Ղեկավարման մարմնի ղեկավարը`
ղեկավարում է հակաահաբեկչական համատեղ միջոցառման նախապատրաստումն ու անցկացումը.
որոշում է ընդունում հակաահաբեկչական համատեղ միջոցառման անցկացման համար ներգրավվող ուժերի և միջոցների օգտագործման, նրանց կողմից ապահովման հատուկ միջոցների և նյութերի գործադրման մասին.
նշանակում է ղեկավարման մարմնի պաշտոնատար անձանց.
հաստատում է հակաահաբեկչական համատեղ միջոցառման անցկացման ծրագիրը.
թույլատրում է անձանց բանակցություններ վարել ահաբեկիչների հետ.
տեղեկացնում է հայցող Կողմի պետական իշխանության մարմինների ղեկավարներին և զանգվածային լրատվության միջոցներին հակաահաբեկչական համատեղ միջոցառումների անցկացման ընթացքի և արդյունեքների մասին և ահաբեկչական ակտի հետևանքների մասշտաբների մասին.
հայցող Կողմին առաջարկություն է անում հակաահաբեկչական համատեղ միջոցառումն ավարտելու մասին և նրա անցկացման արդյունեքների մասին հաշվետվություն է ներկայացնում Կողմերի իրավասու մարմիններին:
3.4. Հակաահաբեկչական համատեղ միջոցառումների անցկացման ղեկավարմանը միջամտել թույլատրվում է միայն հայցող պետության ղեկավարի հանձնարարությամբ:
3.5. Հակաահաբեկչական համատեղ միջոցառումների անցկացման ընթացքում ղեկավարման մարմնի հիմնական խնդիրներն են.
իրադրության մասին տեղեկությունների հավաքումը, տեղեկատվության գնահատումը, ընդհանրացումն ու վերլուծությունը, դրանց փոխանցումը հակաահաբեկչական հատուկ կազմավորումներին և հակաահաբեկչական համատեղ միջոցառումներին ներգրավված այլ ստորաբաժանումներին, առաջարկությունների նախապատրաստումը` ղեկավարման մարմնի ղեկավարի կողմից որոշման ընդունման համար.
հակաահաբեկչական համատեղ միջոցառման անցկացման պլանի մշակումը.
ներգրավվող ուժերի, ապահովման հատուկ միջոցների նյութերի նախապատրաստման և կիրառման կազմակերպումը, հնարավոր բացասական հետևանքների կանխման նպատակով միջոցների ձեռնարկումը.
բանակցությունների վարման մարտավարության մշակումը և դրանց անցկացման կազմակերպումը հակաահաբեկչական համատեղ միջոցառումների անցկացման օբյեկտ հանդիսացող անձանց հետ (անհրաժեշտության դեպքում).
պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ փոխգործակցության իրականացումը.
օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների անցկացման ապահովումը.
անցկացված միջոցառումների ամփոփումը:
3.6. Հակաահաբեկչական համատեղ միջոցառման անցկացման կարգի մասին որոշումը, այդ թվում` ուժերի ապահովման հատուկ միջոցների ու նյութերի կիրառման, ընդունվում է ղեկավարման մարմնի ղեկավարի կողմից` հայցող Կողմի հակաահաբեկչական հատուկ կազմավորման ղեկավարի հետ համաձայնեցված: Որոշումը ձևակերպվում է ղեկավարման մարմնի ղեկավարի գրավոր հրամանով:
Եթե հայցվող Կոմղի հակաահաբեկչական հատուկ կազմավորման ղեկավարի կարծիքին ուշադրություն չի դարձվում, ապա նա իրավունք ունի, հայցվող Կողմի իրավասու մարմնի հետ համաձայնեցված, հրաժարվել իր կողմից ղեկավարվող ստորաբաժանման միջոցառմանը մասնակցելուց:
Հայցվող Կողմի հակաահաբեկչական հատուկ կազմավորման` Հակաահաբեկչական համատեղ միջոցառմանը մասնակցելուց հրաժարվելու մասին որոշումը կազմավորման ղեկավարը գրավոր ներկայացնում է ղեկավարման մարմնի ղեկավարին:
3.7. Հայցող Կողմի հետ սահմանակցող` Համագործակցության պետության անվտանգությանը վտանգ սպառնալու դեպքում ղեկավարման մարմինն այդ պետության իրավասու մարմիններին տեղեկացնում է սպառնալիքի բնույթի և չափերի մասին, ինչպես նաև մշակում է առաջարկություններ դրա տեղափակման վերաբերյալ:
3.8. Հակաահաբեկչական համատեղ միջոցառումների անցկացման ժամանակ ահաբեկչական ակտերի մասին հասարակության տեղեկացումն իրականացվում է ղեկավարման մարմնի ղեկավարի կամ հասարակության հետ կապի ապահովման համար պատասխանատու նրա ներկայացուցչի սահմանած ձևով և ծավալով` հայցող Կողմի ազգային օրենսդրությանը համապատասխան:
3.9. Չի թույլատրվում տեղեկատվության տարածումը` ուղղված ահաբեկչության և ծայրահեղականության պրոպագանդմանն ու արդարացմանը, ինչպես նաև.
հակաահաբեկչական հատուկ կազմավորումների մասնակիցների, ղեկավարման մարմնի պաշտոնատար անձանց և հակաահաբեկչական համատեղ միջոցառումների անցկացմանն օժանդակող անձանց մասին.
բացահայտող հակաահաբեկչական համատեղ միջոցառման անցկացման հատուկ տեխնիկական ձևերի և տակտիկայի մասին.
հակաահաբեկչական համատեղ միջոցառման անցկացման ժամանակ օգտագործվող ուժերի, ապահովման հատուկ միջոցների և նյութերի բնութագրերի մասին.
ունակ դժվարացնելու հակաահաբեկչական համատեղ միջոցառման անցկացումը և ստեղծելու սպառնալիք մարդկանց կյանքին և առողջությանը:
4. Հակաահաբեկչական համատեղ միջոցառումների
ավարտման կարգն ու վիճելի հարցերի կարգավորումը
4.1. Հակաահաբեկչական համատեղ միջոցառումների ավարտման և ղեկավարման մարմնի լուծարման մասին որոշումն ընդունում է հայցող Կողմը` համաձայնեցնելով հայցվող Կողմի հետ, ինչպես նաև Կենտրոնի հետ այն դեպքերում, երբ հակաահաբեկչական համատեղ միջոցառումների անցկացման ղեկավարումը հանձնարարված է եղել Կենտրոնին:
Հայցող Կողմը հակաահաբեկչական համատեղ միջոցառումների ավարտման մասին տեղեկացնում է ԱՊՀ պետությունների ղեկավարների Խորհրդին:
Ղեկավարման մարմնի ղեկավարը հրաման է արձակում հակաահաբեկչական համատեղ միջոցառումների ավարտման և ղեկավարման մարմնի լուծարման մասին:
Հայցող Կողմի տարածքից հակաահաբեկչական հատուկ կազմավորումների դուրս բերման պլանը և ժամկետները որոշում և հաստատում է հայցող Կողմի իրավասու մարմինը` համաձայնեցնելով հայցվող Կողմի իրավասու մարմնի հետ:
4.2. Հայցող Կողմն ապահովում է հայցվող Կողմի անձնակազմի, հակաահաբեկչական հատուկ կազմավորումների, ապահովման հատուկ միջոցների և նյութերի ուղարկումը:
Հայցվող Կողմի հակաահաբեկչական հատուկ կազմավորումների չօգտագործված ապահովման հատուկ միջոցները և նյութերը պետք է նրա կողմից դուրս բերվեն հայցող Կողմի տարածքից հակաահաբեկչական համատեղ միջոցառումների ավարտից հետո:
Եթե հատուկ հանգամանքների բերումով հնարավոր չէ դուրս բերել ապահովման հատուկ միջոցներն ու նյութերը, ապա հայցվող Կողմը փոխպայմանավորվածության հիման վրա կարող է դրանք փոխանցել հայցող Կողմին:
4.3. Հայցող Կողմը հրաժարվում է հակաահաբեկչական համատեղ միջոցառումներին մասնակցող հայցվող Կողմի նկատմամբ որևէ պահանջից, այդ թվում նաև` հայցող Կողմի տարածքում գտնվող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց պատճառված վնասի հատուցմանը վերաբերող (այսուհետ` վնաս), եթե այն պատճառվել է ղեկավարման մարմնի առաջադրած խնդիրները կատարելիս:
Եթե հայցվող Կողմի հակաահաբեկչական համատեղ միջոցառման մասնակիցները հայցող Կողմի տարածքում ղեկավարման մարմնի առաջադրած խնդիրներն իրականացնելիս վնաս են պատճառում, ապա այն հատուցվում է հայցող Կողմի կողմից` ազգային օրենսդրության համաձայն, որը կկիրառվեր համանման իրավիճակում հայցող Կողմի հակաահաբեկչական կազմավորումների մասնակիցների կողմից վնաս պատճառելու դեպքում:
4.4. Հայցող Կողմի կատարած ծախսերի հատուցման կարգը, ներառյալ ներմուծված ապահովման հատուկ միջոցների և նյութերի կորստի, լրիվ կամ մասնակի ոչնչացման հետ կապված ծախսերը, սահմանվում են շահագրգիռ Կողմերի պայմանավորվածությամբ:
4.5. Այն դեպքում, երբ Կողմերից մեկը հակաահաբեկչական հատուկ կազմավորումների գործողություններով պատճառված վնասը կհամարի ոչ համարժեք ղեկավարման մարմնի առաջադրած խնդիրներին, ապա ծագած տարաձայնությունները կկարգավորվեն շահագրգիռ Կողմերի կողմից` խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
4.6. Հայցող Կողմի տարածքում հայցվող Կողմի հակաահաբեկչական հատուկ կազմավորումների մասնակիցների պատճառած վնասը սույն Կանոնակարգի 4.3-րդ կետով չնախատեսված դեպքերում հատուցվում է շահագրգիռ Կողմերի պայմանավորվածությամբ:
5. Հակաահաբեկչական համատեղ միջոցառումների
մասնակիցների իրավական կարգավիճակը
5.1. Հակաահաբեկչական համատեղ միջոցառումներ անցկացնելիս հայցող Կողմը հակաահաբեկչական համատեղ միջոցառումների մասնակիցներին և նրանց ընտանիքների անդամներին հատուցում է վիրավորման, հաշմանդամության կամ մահվան հետ կապված ծախսերը` հայցող Կողմի օրենսդրությամբ նախատեսված կարգով և չափով: Միևնույն ժամանակ հայցվող Կողմի հակաահաբեկչական համատեղ միջոցառումների մասնակիցների և նրանց ընտանիքի անդամների համար պահպանվում են նրա օրենսդրությամբ սահմանված արտոնությունները, երաշխիքներն ու փոխհատուցումները լրիվ ծավալով:
Տվյալ կարգը կիրառվում է այն դեպքում, եթե հակաահաբեկչական համատեղ միջոցառումների մասնակիցներին այդպիսի վնաս հասցվել է հայցող Կողմի տարածքում գտնվելու ժամանակ:
5.2. Կողմերից յուրաքանչյուրը հարգում է հակաահաբեկչական համատեղ միջոցառումների մասնակիցների իրավական կարգավիճակը և ապահովում է նրանց բոլոր քաղաքացիական իրավունքները և ազատությունները` միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերին համապատասխան:
5.3. Հայցող Կողմի տարածքում հակաահաբեկչական հատուկ կազմավորումների ժամանակավոր գտնվելու հետ կապված իրավազորության հարցերում Կողմերը կղեկավարվեն հետևյալ սկզբունքներով.
հակաահաբեկչական համատեղ միջոցառման մասնակցի կողմից իրավախախտում կատարվելու դեպքում նա պատասխանատվություն է կրում հայցվող Կողմի օրենսդրության համապատասխան.
Կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է, ազգային օրենսդրության համապատասխան, հետապնդում իրականացնել մյուս Կողմի կամ Կողմերի դեմ ուղղված հանցագործության մեջ կասկածվող (մեղադրվող) իր հակաահաբեկչական հատուկ կազմավորումների կազմի մեջ մտնող հակաահաբեկչական համատեղ միջոցառումների մասնակիցների.
դատավարական գործողություններ կատարելիս, ինչպես նաև իրավական օգնություն տրամադրելիս Կողմերը ղեկավարվում են ազգային օրենսդրությամբ և իրենց ստանձնած միջազգային պարտավորություններով:
Արձանագրությունը ուժի մեջ է մտել Մոլդովայի Հանրապետության համար` 24.03.2004թ., Ղրղզստանի Հանրապետության համար` 24.03.2004թ., Ադրբեջանական Հանրապետության համար` 24.03.2004թ., Ռուսաստանի Դաշնության համար` 24.043.2004թ., Ուկրաինայի համար` 19.05.2004թ., Բելառուսի Հանրապետության համար` 9.06.2004թ., Ղազախստանի Հանրապետության համար` 14.10.2004թ., Հայաստանի Հանրապետության համար` 8.12.2004թ., Տաջիկստանի Հանրապետության համար` 15.12.2004թ.,: