ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ «ԱԼՖԱ-ՖԱՐՄ» ՓԲԸ-ԻՆ ՏՐՎԱԾ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ Կ-XX-001190 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
27.03.2012 թ. |
ք. Երևան |
ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾ ՎԴ/0763/05/11
2012 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ
Նախագահող դատավոր՝ քարտուղարությամբ՝ |
Կ. Ավետիսյան, Ն. Հովակիմյանի, |
մասնակցությամբ հայցվոր |
ՀՀ առողջապահության նախարարության, (ներկայացուցիչ Ա. Մանուչարյան) |
դռնբաց դատական նիստում քննելով վարչական գործն ըստ հայցի ՀՀ առողջապահության նախարարության ընդդեմ «Ալֆա Ֆարմ» ՓԲԸ-ի՝ 2008 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ Կ-XX-001190 լիցենզիայի գործողությունն ուժը կորցրած ճանաչելով դադարեցնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը։
Դիմելով դատարան՝ ՀՀ առողջապահության նախարարությունը պահանջել է «Ալֆա Ֆարմ» ՓԲԸ-ի 2008 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ Կ-XX-001190 լիցենզիայի գործողությունը դադարեցնել՝ այն ուժը կորցրած ճանաչելով։
ՀՀ վարչական դատարանի 2011 թվականի ապրիլի 11-ի որոշմամբ սույն վարչական գործն ընդունվել է վարույթ և հրավիրվել են նախապատրաստական նիստեր։
ՀՀ վարչական դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 10-ի որոշմամբ սույն գործը նշանակվել է դատաքննության։
2. Հայցվորի իրավական դիրքորոշումը։
«Ալֆա Ֆարմ» ՓԲԸ-ն դեղատնային գործունեության իրականացման լիցենզիա ստանալու համար 2008 թվականի դեկտեմբերի 17-ին առողջապահության նախարարություն է ներկայացրել համապատասխան հայտ և 2008 թվականի դեկտեմբերի 26-ին ստացել է դեղատնային գործունեության թիվ Կ-XX-001190 լիցենզիան։
ՀՀ Նախագահի վերահսկողության ծառայության կողմից 26.01.2011թ. ՀՀ առողջապահության նախարարությանն է ներկայացվել համապատասխան տեղեկություն, համաձայն որի՝ ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության աշխատանքային խմբի կողմից 2010 թվականի նոյեմբեր ամսին ուսումնասիրություն է իրականացվել «Ալֆա Ֆարմ» ՓԲԸ-ին պատկանող դեղատնային կրպակում, որի արդյունքում հայտնաբերվել են որոշակի անհամապատասխանություններ։ Արդյունքում որոշակի կասկածներ են առաջացել՝ կապված հայտատուի կողմից ներկայացված տվյալների իսկության հետ։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմնի կողմից քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ անձի ներկայացրած տվյալները, տեղեկությունները համարվում են հավաստի բոլոր դեպքերում, քանի դեռ վարչական մարմինը հակառակը չի ապացուցել։ Արգելվում է անձանցից պահանջել իրենց ներկայացրած տվյալները, տեղեկությունները հավաստող փաստաթղթեր կամ լրացուցիչ տեղեկություններ, եթե այդ պահանջը սահմանված չէ օրենքով։ Եթե վարչական մարմինը հիմնավոր կասկածներ ունի անձանց ներկայացրած տվյալների, տեղեկությունների իսկության վերաբերյալ, ապա ինքը պարտավոր է ինքնուրույն և իր հաշվին ձեռնարկել միջոցներ՝ դրանց իսկության մեջ հավաստիանալու համար։
Ղեկավարվելով նշված դրույթով, ինչպես նաև նույն օրենքի 15-րդ հոդվածով (վարչական մարմինների փոխադարձ օգնության պարտականությունը)՝ ՀՀ առողջապահության նախարարությունը հարցում է կատարել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Էրեբունի» տարածքային ստորաբաժանմանը՝ ներկայացված անշարժ գույքի վերաբերյալ տվյալների իսկությունը պարզելու նպատակով։
Հարցմանն ի պատասխան՝ ՀՀ առողջապահության նախարարությունը 23.02.2011թ-ին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Էրեբունի» տարածքային ստորաբաժանման կողմից ստացել է թիվ 1Կ-04/3-537 գրությունը, որում նշվում է, որ. «Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ «Էրեբունի» տարածքային ստորաբաժանման կադաստրային տվյալների՝ Երևանի Էրեբունի փողոց 18 շենքի 28.0 քմ տարածքի նոտարի կողմից 15.12.2007թ-ին վարձակալության (օգտագործման) իրավունքով գրանցվել է «Ալֆա Ֆարմ» ՓԲԸ-ի անվամբ (սեփականության վկայական հ. 2565942)։ ՀՀ ԱՆ-ի կողմից ներկայացված հ. 2565942 վկայականի պատճենի և նշված վկայականի բնօրինակի միջև առկա է հատակագծի անհամապատասխանություն. այն է՝ բնօրինակում բացակայում է 2.0 քմ նշագծված տարածքը»։ Կից ներկայացվել են նաև կադաստրային գործում առկա օգտագործման իրավունքի գրանցման վկայականի պատճենը։
Արդյունքում պարզվել է, որ «Ալֆա Ֆարմ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված տվյալները չեն համապատասխանում կադաստրային գործում առկա տվյալներին։ Մասնավորապես՝ «Ալֆա Ֆարմ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հայտում որպես սանհանգույց է ներկայացվել 2 քմ մակերեսով առանձնացված տարածք։ Այնինչ, կադաստրային գործում առկա տվյալների համաձայն՝ բացակայում է 2.0 քմ նշագծված տարածքը, որը նախատեսված է որպես սանհանգույց։ Փաստորեն, «Ալֆա Ֆարմ» ՓԲԸ-ն հայտ ներկայացնելիս՝ չի պահպանել ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի «ՀՀ-ում դեղերի արտադրության դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման, բժշկական միջին մասնագիտական ու բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» թիվ 867 որոշմամբ հաստատված «ՀՀ դեղատնային գործունեության իրականացման լիցենզավորման կարգով» սահմանված լիցենզավորման պարտադիր պայմաններն ու պահանջները։ Մասնավորապես՝ դեղատնային կրպակում բացակայել է սանհանգույցը (վերոնշյալ կարգի 24-րդ կետի 3-րդ կետ, «գ» պարբերություն), իսկ «Ալֆա Ֆարմ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հայտում որպես սանհանգույց է ներկայացվել 2.0 քմ մակերեսով տարածքը, որն իրականում չի եղել։
Մինչդեռ, սանհանգույցի առկայության պայմանը լիցենզիա ստանալու համար հանդիսանում է պարտադիր պայման, և դրա չպահպանման դեպքում լիցենզիայի տրամադրումը մերժվում է, քանի որ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքի և ՀՀ օրենսդրության պահանջներին։
Այսպիսով, «Ալֆա Ֆարմ» ՓԲԸ-ն չի ապահովել օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջները և պայմանները և լիցենզիա ստանալու համար 2008 թվականի դեկտեմբերի 17-ին ներկայացրել է լիցենզիա ստանալու մասին հայտ, որում (կից փաստաթղթերում) ներկայացրել է ակնհայտ կեղծ և խեղաթյուրված տեղեկություններ և արդյունքում 2008 թվականի դեկտեմբերի 26-ին ստացել դեղատնային գործունեության թիվ Կ-XX-001190 լիցենզիան։
Դատաքննության ընթացքում հայցվորի ներկայացուցիչը պնդեց հայցադիմումում նշված փաստարկները և խնդրեց հայցը բավարարել։
3. Պատասխանողի իրավական դիրքորոշումը։
Պատասխանողը հայցադիմումի պատասխան չի ներկայացրել։
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի որևէ ներկայացուցիչ նիստին չներկայացավ։
Դատարանը, ղեկավարվելվ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, որոշեց գործը քննել պատասխանողի բացակայությամբ։
4. Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը։
1) Դեղատնային գործունեության լիցենզիա ստանալու համար ներկայացված հայտին կից պատասխանող ընկերությունը իրավասու մարմնին ներկայացրել է անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի թիվ 2565942 վկայականի պատճենը, ինչպես նաև՝ տեղեկանք՝ դեղատնային կրպակի տարածքների և հագեցվածության մասին։
2) 2008 թվականի դեկտեմբերի 26-ին պատասխանողին տրվել է դեղատնային գործունեության թիվ Կ-XX-001190 լիցենզիան։
3) ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարին հասցեագրված 2011 թվականի փետրվարի 9-ի գրությամբ հայտնվել է, որ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի թիվ 2565942 վկայականի պատճենը բովանդակությամբ չի համապատասխանում նույն անշարժ գույքի վերաբերյալ կադաստրային գործում պահվող թիվ 2665942 վկայականի բնօրինակին, մասնավորապես՝ բնօրինակում բացակայում է 2,0 քմ մակերեսով պատճենում նշագծված տարածքը։
5. Դատարանի իրավական վերլուծությունները և եզրահանգումները։
Լսելով հայցվորի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով և գնահատելով ներկայացված ապացույցները՝ դատարանը եկավ այն եզրակացության, որ հայցը ենթակա է բավարարման, հետևյալ պատճառաբանությամբ։
Գործի քննությամբ պարզվեց, որ դեղատնային գործունեության լիցենզիա ստանալու համար 2008 թվականին իրավասու մարմնին ներկայացված հայտին կից պատասխանող ընկերությունը ներկայացրել է դեղատնային գործունեության իրականացման վայրի՝ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի թիվ 2565942 վկայականի պատճենը, ինչպես նաև՝ տեղեկանք՝ դեղատնային կրպակի տարածքների և հագեցվածության մասին։ Ներկայացված թիվ 2565942 վկայականում ամրագրված անշարժ գույքի հատակագծում նշագծված է 2,0 քմ մակերեսով տարածք։ Դեղատնային կրպակի տարածքների և հագեցվածության տեղեկանքում նշվել է, որ առկա է 2,0 քմ մակերեսով առանձնացված տարածք՝ սանհանգույց։ Ի թիվս այլոց, վերը հիշատակված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի պահանջների պահպանմամբ 2008 թվականի դեկտեմբերի 26-ին պատասխանողին տրվել է դեղատնային գործունեության թիվ Կ-XX-001190 լիցենզիան։
Մինչդեռ, հետագայում վարչական մարմնի մոտ ձևավորվել են որոշակի կասկածներ՝ պատասխանողի կողմից ներկայացված տեղեկությունների իրականությանը համապատասխանելու հարցում։ Կատարված հարցմանն ի պատասխան՝ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարին հասցեագրված 2011 թվականի փետրվարի 9-ի գրությամբ հայտնվել Է, որ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի թիվ 2565942 վկայականի պատճենը բովանդակությամբ չի համապատասխանում նույն անշարժ գույքի վերաբերյալ կադաստրային գործում պահվող թիվ 2665942 վկայականի բնօրինակին, մասնավորապես՝ բնօրինակում բացակայում Է 2,0 քմ մակերեսով պատճենում նշագծված տարածքը։
Փաստորեն, հետագա ուսումնասիրությամբ պարզվել է, որ պատասխանողի կողմից դեղատնային լիցենզիա ստանալու համար հայտին կից ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում իրերի իրական դրությանը, մասնավորապես՝ պատասխանողի կողմից պատճենի տեսքով ներկայացված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի թիվ 2565942 վկայականում նշագրված է եղել 2,0 քմ մակերեսով առանձնացված տարածք, մինչդեռ, նույն վկայականի կադաստրային գործում պահվող բնօրինակում նման տարածք նշագրված չի եղել։
«Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման, բժշկական միջին մասնագիտական ու բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ դեղատնային կրպակի միջոցով իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից իրականացվող դեղատնային գործունեության լիցենզավորման ժամանակ ներկայացվող պարտադիր պայմաններն են նաև դեղատնային կրպակների տարածքների թույլատրելի նվազագույն չափերը՝ առևտրի սրահ, սպասասրահ՝ 18 քմ, գրասենյակ, հանգստի սենյակ՝ 8 քմ, սանհանգույց՝ լվացարանով՝ 2 քմ։
Այսպես, դեղատնային կրպակի միջոցով դեղատնային գործունեությամբ զբաղվելու համար, ի թիվս այլոց, անհրաժեշտ պայման է նաև առնվազն 2 քմ մակերեսով սանհանգույցի առկայությունը։ Մինչդեռ, դեղատնային գործունեության լիցենզիա ստանալու համար ընկերության կողմից ներկայացված հայտին կցված զբաղեցված տարածքին վերաբերող թիվ 2565942 վկայականում (բնօրինակում) նշագծված չէ հիշյալ որոշմամբ հաստատված կարգով սահմանված 2 քմ մակերեսով տարածքը՝ սանհանգույցը։ Սա նշանակում է, որ դեղատնային գործունեությամբ զբաղվելու լիցենզիա ստանալու համար սկզբնապես ընկերության կողմից իրավասու մարմնին ներկայացվել են ոչ հավաստի, խեղաթյուրված տեղեկություններ՝ ՀՀ կառավարության վերը հիշատակված որոշմամբ հաստատված կարգով նախատեսված էական նշանակություն ունեցող պարտադիր պայմանների և պահանջների կատարման ուղղությամբ։
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն հայտնաբերվելու դեպքում։ Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 9-րդ կետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը դադարեցվում է դատական կարգով՝ լիցենզավորող մարմնի դիմումի համաձայն։
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի համաձայն՝ լիցենզիայի գործողությունը դադարեցվում է լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու միջոցով։
Նման պայմաններում դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում առկա է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքը՝ դեղատնային գործունեությամբ զբաղվելու լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող խեղաթյուրված տեղեկատվություն հայտնաբերված լինելու փաստը, հետևաբար հայցը հիմնավոր է, ուստի այն պետք է բավարարել՝ ուժը կորցրած ճանաչելու միջոցով դադարեցնել ք. Երևան, Էրեբունի թիվ 18 հասցեում գտնվող դեղատնային կրպակի միջոցով դեղատնային գործունեությամբ զբաղվելու համար ՀՀ առողջապահության նախարարության կողմից «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ին տրված 2008 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ Կ-XX-001190 լիցենզիայի գործողությունը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի կողմից վկաներին և փորձագետներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։ Դատական պաշտպանության այն միջոցի ծախսերը, որն իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին։
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ, 112-115-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132-րդ հոդվածներով, ՀՀ դատական օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ կետով, դատարանը
ՎՃՌԵՑ
ՀՀ առողջապահության նախարարության հայցը բավարարել։
Ուժը կորցրած ճանաչելու միջոցով դադարեցնել «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ին (ըստ լիցենզիայի գործունեության վայրը ք. Երևան, Էրեբունի թիվ 18 հասցեում գտնվող տարածք) տրված 2008 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ Կ-XX-001190 լիցենզիայի գործողությունը։
«Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ից հօգուտ ՀՀ առողջապահության նախարարության բռնագանձել 4.000 ՀՀ դրամ պետական տուրքը։
Սույն վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո։
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին։
Վճիռը կարող է բողոքարկվել վերաքննության կարգով ՀՀ վարչական վերաքննիչ դատարան՝ հրապարակման պահից մեկամսյա ժամկետում։
Դատավոր՝ |
Կ. Ավետիսյան |