Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
24 մայիսի 2012 թվականի N 20
6. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ՝
1) «Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղների բնագավառի կարգավորման և զարգացման մասին» հայեցակարգին` համաձայն N 1 հավելվածի.
2) «Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղների բնագավառի կարգավորման և զարգացման մասին» հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրին` համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հունիսի 1 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2012 թ. մայիսի 24-ի նիստի N 20 արձանագրային որոշման |
Հ Ա Յ Ե Ց Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
ԵՐԵՎԱՆ – 2012 թ.
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ
2. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ
3. ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ
4. ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ
5. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ (ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ)
6. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Հայեցակարգի նպատակն է խթանել ներքին արտադրողներին, ոլորտում ներդնել միջազգային պրակտիկայում գոյություն ունեցող լավագույն փորձը, տեխնիկան և տեխնոլոգիան, սպառողների շահերի պաշտպանության գործուն մեխանիզմներ, ինչպես նաև հայ արտադրողների և արտահանմամբ զբաղվող անձանց համար պարզեցնել և սահմանել հստակ կանոններ թանկարժեք մետաղների միջազգային շուկաներում առանց խոչընդոտի հանդես գալու ու կայուն դիրքեր գրավելու համար:
2. Հայեցակարգով ներկայացվում է նաև միջազգային պրակտիկայում գործող ասոցիացիաներին Հայաստանի Հանրապետության անդամակցության և մի շարք երկրների հետ միջկառավարական համաձայնագրերի կնքման նպատակահարմարությունը, ինչպես նաև փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի տեսանկյունից վերահսկողության հստակեցման մեխանիզմների ներդրման ապահովումը:
I. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ
3. Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղների բնագավառը կարգավորող օրենսդրական դաշտի հիմնաքարն է 2006 թվականի մայիսին ընդունված «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որը կարգավորում է թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի վաճառքի իրավական հիմքերը և պետական կարգավորման սկզբունքները, թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի շրջանառության ոլորտում պետական կառավարման և այլ մարմինների լիազորությունները:
4. «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշումը և հարգադրոշմումն իրականացնելու իրավունք ունեն հարգորոշման և հարգադրոշման լիցենզիա ստացած անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք: Օրենսդրությամբ սահմանված են նաև հարգորոշման և հարգադրոշման տեխնիկական պայմանները, չափանիշները և այլն: Հարկ է նշել, որ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշմամբ և հարգադրոշմմամբ զբաղվելու համար անհրաժեշտ է թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշմամբ և հարգադրոշմմամբ զբաղվող աշխատողների մասնագիտական որակավորման առկայությունը, որը հավաստվում է թանկարժեք մետաղներ զտարկողների և թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից ստեղծված որակավորման հանձնաժողովի կողմից կազմակերպվող քննությունների միջոցով:
5. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը կարող են ներմուծվել առանց հարգորոշման և հարգադրոշման լիցենզիա ունեցող անձանց կողմից դրված հարգադրոշմի, եթե`
1) այդ իրերը կրում են արտադրող երկրի հարգեր, որոնք համապատասխանում են «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարգերին և դրանց նկատմամբ կիրառվող պահանջներին.
2) այդ իրերը ներմուծվում են ֆիզիկական անձանց կողմից` ոչ առևտրային նպատակներով:
6. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի արտահանման ժամանակ այդ իրերի վրա հարգադրոշմի և տարբերանիշի առկայությունը պարտադիր չէ:
7. 2008 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից իրականացվել է 143 ստուգում մասնագիտացված մանրածախ առևտրի կետերում, լիցենզավորված անձանց մոտ և պետական հիմնարկներում: Ստուգումների արդյունքում պարզվել է, որ ստուգված շուրջ 9800 իրերից 3759-ը սխալ հարգով են եղել հարգադրոշմված կամ հարգադրոշմված չեն եղել (38%): Արձանագրված խախտումների արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է գանձվել 8.4 մլն. դրամ: 2008 թվականին իրականացվել է նաև 734 իրերի, 34570 հատ թանկարժեք քարերի և 178.79 կարատ ադամանդների փորձաքննություն: 2009 թվականին 1-ին կիսամյակում իրականացվել է 124 մասնագիտացված մանրածախ առևտրի կետերում, լիցենզավորված անձանց մոտ և պետական հիմնարկներում: Ստուգումների արդյունքում պարզվել է, որ ստուգված շուրջ 9800 իրերից 2465-ը սխալ հարգով են եղել հարգադրոշմված կամ հարգադրոշմված չեն եղել (25%): Արձանագրված խախտումների արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է գանձվել 4.1 մլն. դրամ: 2009 թվականի կեսից, առաջնորդվելով ՓՄՁ-ներում ստուգումներ չիրականացնելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ մանրածախ առևտրի կետերում և լիցենզավորված անձանց մոտ չի իրականացվել ստուգում: 2009 թվականին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մետաղափորձական վերահսկողության տեսչությունը (լուծարվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1773-Ն որոշմամբ) իրականացրել է նաև 4526 պատմամշակութային իրերի, 9508 հատ թանկարժեք քարերի և 50.24 կարատ ադամանդների փորձաքննություն:
8. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված է, որ տեղական ինքնակառավարման մարմինները տրամադրում են թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի թույլտվություն (այսուհետ` Թույլտվություն): Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի N 1445-Ն որոշման 3-րդ կետի համաձայն` համայնքների ղեկավարներին առաջարկվել է թույլտվությունը տրամադրելուց հետո 5-օրյա ժամկետում տեղեկացնել լիազոր մարմնին` «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթն իրականացնելու համար:
9. 2007 թվականի ընթացքում համայնքների ղեկավարների կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացվել թվով 112 (ք. Երևանում` 20, մարզերում` 92), 2008թ. ընթացքում` 96 (ք. Երևանում` 0, մարզերում` 96), 2009թ. ընթացքում` 220 (ք. Երևանում` 13, մարզերում` 207), իսկ 2010թ. փետրվարի 15-ի դրությամբ` 15 (ք. Երևանում` 0, մարզերում` 15) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առևտրի թույլտվություններ ստացած անձանց մասին տեղեկատվություն: Անհրաժեշտ է նշել, որ տրամադրված թույլտվությունների գործունեության ժամկետը հիմնականում սահմանվում է մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ը: Համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մետաղափորձական վերահսկողության տեսչության ուսումնասիրությունների` այս ոլորտում գործունեություն է իրականացնում մոտ 10000 անձ: Հարկ է նշել, որ համայնքների ղեկավարների կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն են ներկայացվել բազմաթիվ գրություններ այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում գործող բազմաթիվ ոսկու տոնավաճառներ հրաժարվում են ստանալ թույլտվություն: Ստացվում է, որ այս բնագավառում գործունեություն իրականացնող բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ իրականացնում են գործունեություն` առանց օրենսդրության պահանջների պահպանման: Նշված հարցը կարգավորելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը դիմել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին, սակայն վերջինս գրությամբ հայտնել է, որ այս ոլորտում առանց թույլտվության` ապօրինի գործունեություն իրականացնող անձանց նկատմամբ օրենքներով իրենց վերապահված չեն վերահսկողական գործառույթներ:
10. Նշված հարցի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը 2007թ. գրությամբ հայտնել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ-տարածքային կառավարման նախարարին, որն էլ 12.12.2007թ. հանձնարարել է Հայաստանի Հանրապետության մարզպետներին առաջարկել համայնքների ղեկավարներին սեղմ ժամկետներում կարգավորել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջների հետ կապված խնդիրները և 45-օրյա ժամկետում արդյունքների վերաբերյալ ներկայացնել տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը: Բարձրացված հարցի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը ոչ մի առաջարկ չի ստացել:
11. Փաստորեն ստացվում է, որ լիազոր մարմինը չի կարող իրականացնել այս ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված վերահսկողական գործառույթները` անհրաժեշտ տեղեկատվություն չստանալու պատճառով:
12. Այնուամենայնիվ, առկա տեղեկատվության սահմաններում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մետաղափորձական վերահսկողության տեսչության կողմից իրականացված վերահսկողության արդյունքում որոշակի դրական տեղաշարժ է գրանցվել թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման ոլորտում:
13. Այսպես, «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելու առաջին տարում` համաձայն թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման լիցենզիա ստացած անձանց կողմից ներկայացված հաշվետվությունների` 2007թ. հարգորոշվել և հարգադրոշմվել է 31 331 հատ իր (177 528 գրամ ընդհանուր քաշով), 2008թ. այն կազմել է 131 258 հատ (802 201 գրամ ընդհանուր քաշով)` մոտ 100 000 հատով (624 673 գրամ քաշով) ավելի, քան նախորդ տարում, իսկ 2009 թվականի 10 ամիսների ընթացքում հարգորոշվել և հարգադրոշմվել է 74 826 հատ իր (473 346 գրամ քաշով): Ինչպես երևում է ներկայացված տվյալներից 2009թ. զգալի կրճատվել է հարգորոշվող իրերի քանակը և քաշը: Ավելին, հարգորոշված և հարգադրոշմված իրերի նվազումը էլ ավելի արտահայտիչ է 2009 թվականի հունիս-նոյեմբեր ամիսներին (ընդամենը 28 909 հատ իր` 206431 գրամ քաշով): Այս նվազումը պայմանավորված է «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 29.05.2009թ. N 594-Ա որոշմամբ, համաձայն որի` ս.թ. հունիսի 1-ից կասեցվել են թանկարժեք մետաղների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց մոտ տեսչական ստուգումները:
14. Հարկ է նշել, որ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 2009թ. ստացված տեղեկատվության` ոլորտում թանկարժեք մետաղների մանրածախ առուվաճառք իրականացնող անձանցից միայն 11 սուբյեկտներ են 2008թ. արդյունքում ունեցել 70 մլն Հայաստանի Հանրապետության դրամից ավելի շրջանառություն:
II. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ
Հարգորոշումն ու հարգադրոշմումը ԵՄ-ում
15. Եվրամիության անդամ պետություններում հարգադրոշմման և հարգորոշման համակարգերը կարելի է պայմանականորեն բաժանել երեք խմբի` կամավոր, պարտադիր և ինքնասերտիֆիկացման: Կամավոր համակարգի դեպքում (4 երկիր) թանկարժեք մետաղից պատրաստված իրեր արտադրողներն ու ներմուծողները պարտավոր են ապահովել այդ իրերի վրա միայն անվանանիշի և հարգադրոշմի առկայությունը: Պարտադիր համակարգի դեպքում (16 երկիր) անհրաժեշտ է, որպեսզի թանկարժեք մետաղից պատրաստված իրի վրա առկա լինի նաև համապատասխան լիազորված մարմնի տարբերանիշը: Ինչպես տեսնում ենք, թեպետ որոշ երկրներում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի վրա տարբերանիշի առկայությունը պարտադիր չէ, բոլոր երկրներում` նույնիսկ կամավոր համակարգի դեպքում, պարտադիր է անվանանիշի առկայությունը, ինչը հնարավորություն է տալիս վերահսկողություն իրականացնող մարմիններին արդյունավետ իրականացնել իրենց գործառույթները` իրերի հետագծելիությունը հեշտությամբ որոշելու շնորհիվ:
16. Եվրամիության երկրներում պահանջվում է, որ տարբերանիշը դրոշմող կազմակերպությունը (լաբորատորիան) անցած լինի հավատարմագրման համապատասխան ընթացակարգ և բավարարի մի շարք խիստ պահանջների, որոնք վերաբերում են համապատասխան մարդկային և տեխնիկական ռեսուրսների առկայությանը և այլ խնդիրներին: Այն դեպքում, երբ տարբերանիշը դրոշմող կազմակերպությունը մասնավոր է, այն պետք է անկախ լինի թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր արտադրողներից կամ ներմուծողներից:
17. Եվրամիության երկրների օրենսդրությունները սահմանում են նաև արտադրողների և ներմուծողների անվանանիշերի գրանցման մանրամասն կանոններ: Գրանցումն իրականացվում է ինչպես տարբերանիշը դրոշմող կազմակերպությունում (հիմնականում այն դեպքերում, երբ այդ կազմակերպությունը պետական է), այնպես էլ առանձին ստեղծված ռեգիստրում (եթե տարբերանիշի դրոշմման լիազորությունները վերապահված են մասնավոր կազմակերպությանը): Միևնույն ժամանակ ԵՄ երկրներում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի առուվաճառքի համար օրենսդրությամբ սահմանված է, որ այդ իրերը պետք է օրենսդրությամբ սահմանված կարգով ենթարկված լինեն հարգորոշման և սահմանված է` ինչ պարտադիր դրոշմներով պետք է դրոշմված լինեն, իսկ եթե այդ իրերը օրենսդրության շրջանակներում ենթակա չեն հարգադրոշմման, ապա պատասխանատու անձը (հարգորոշում և հարգադրոշմում իրականացնող անձը) պետք է թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը հարգորոշման և հարգադրոշմման ներկայացրած անձին տրամադրի այդ իրերի հարգի մասին հավաստագիր (սերտիֆիկատ): Թանկարժեք մետաղների առուվաճառքով իրավունք է տրվում զբաղվել այդ երկրների լիազոր մարմինների կողմից տրամադրված թույլտվության կամ լիցենզիայի հիման վրա, և յուրաքանչյուր երկիր նախատեսում է նաև վայրի նկատմամբ կոնկրետ պահանջներ և պայմաններ:
18. Ստորև բերված աղյուսակում ներկայացված են հարգադրոշմման երեք տեսակի համակարգերը` ըստ երկրների:
Պարտադիր համակարգ |
Կամավոր համակարգ |
Ինքնասերտիֆիկացում |
Ավստրիա Ֆրանսիա Իռլանդիա Հոլանդիա Պորտուգալիա Իսպանիա Միացյալ Թագավորություն Բուլղարիա Չեխիա Էստոնիա Հունգարիա Լատվիա Լիտվա Լեհաստան Սլովակիա Կիպրոս |
Բելգիա Դանիա Ֆինլանդիա Շվեդիա |
Գերմանիա Հունաստան Իտալիա Լյուքսեմբուրգ |
19. Եվրամիությունում միասնական կարգավորող համակարգի բացակայությունը պահանջ էր առաջացնում, որ փնտրվեն թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի միջպետական առևտուրը դյուրինացնելու այլ մեխանիզմներ:
20. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵՄ անդամ երկրների համար չի գործում այս ոլորտը կարգավորող միասնական օրենսդրություն` եվրոպական մի շարք երկրներ նախաձեռնել են այդ ոլորտում գործունեությունը դյուրինացնելու նպատակով կոնվենցիայի մշակման և ստորագրման աշխատանքներ: 1972 թվականի նոյեմբերի 15-ին Վիեննայում Ավստրիայի, Ֆինլանդիայի, Նորվեգիայի, Պորտուգալիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի և Միացյալ թագավորության միջև ստորագրվեց «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի վերահսկողության և հարգադրոշմման մասին» կոնվենցիան, որի նպատակն էր դյուրինացնել անդամ պետությունների միջև թանկարժեք մետաղներից պատրաստած իրերի շրջանառությունը, ինչպես նաև ապահովել սպառողների շահերի արդյունավետ պաշտպանությունը տվյալ ոլորտում: Մասնավորապես` կոնվենցիայով սահմանված է, որ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշմանն ու հարգադրոշմմանը վերաբերող անդամ պետության իրավական պահանջները համարվում են բավարարված թանկարժեք մետաղներից պատրաստված այն իրերի նկատմամբ, որոնք ներմուծվել են մեկ այլ անդամ պետության տարածքից, եթե դրանք վերահսկվել և դրոշմվել են կոնվենցիայի պահանջներին համապատասխան կարգով: Որպեսզի թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը կարողանան օգտվել անդամ պետությունների միջև ազատ շրջանառության իրավունքից, անհրաժեշտ է, որ դրանք
1) ներկայացվեն լիազորված հարգորոշող կազմակերպությանը,
2) ենթարկվեն վերահսկողության` լիազորված հարգորոշող կազմակերպության կողմից կոնվենցիայով նախատեսված ընթացակարգերին համապատասխան,
3) դրոշմվեն կոնվենցիայով և դրա հավելվածներով նախատեսված բոլոր նիշերով` ներառյալ Միասնական Վերահսկման Տարբերանիշը:
21. Յուրաքանչյուր անդամ պետություն պետք է նշանակի մեկ կամ մի քանի հարգորոշող կազմակերպություններ, որոնք պետք է լինեն տվյալ պետության տարածքում գործող միակ մարմինները` լիազորված վերահսկելու կոնվենցիայով նախատեսված թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը և դրոշմելու իրենց սեփական տարբերանիշն ու Միասնական Վերահսկման Տարբերանիշը: Հարգորոշող կազմակերպությունը նշանակելուց հետո յուրաքանչյուր անդամ պետություն պետք է ծանուցի դրա մասին դեպոզիտարիային, որն իր հերթին պետք է դրա մասին ծանուցի մնացած բոլոր անդամ պետություններին:
22. Ներկայումս կոնվենցիային անդամակցում է 19 երկիր, իսկ 2 երկիր հանդիսանում է դիտորդ (Observer): Ստորև ներկայացվող աղյուսակում սահմանված են կոնվենցիային անդամակցող երկրները և դիտորդները.
Անդամակցող երկրներ (members) |
Դիտորդներ (Observers) | |
Ավստրիա |
Ուկրաինա | |
Կիպրոս |
Շրի Լանկա | |
Չեխիա |
||
Դանիա |
||
Ֆինլանդիա |
||
Հունգարիա |
||
Իռլանդիա |
||
Իսրայել |
||
Լատվիա |
||
Լիտվա |
||
Հոլանդիա |
||
Նորվեգիա |
||
Լեհաստան |
||
Պորտուգալիա |
||
Սլովակիա |
||
Սլովենիա |
||
Շվեդիա |
||
Շվեյցարիա |
||
Միացյալ Թագավորություն |
23. Անհրաժեշտ է փաստել, որ 2008 թվականի սեպտեմբերի 22-ին Կիևում (Ուկրաինա) տեղի է ունեցել Կոնվենցիայի Մշտական Կոմիտեի 63-րդ նիստը, որին մասնակցում էին 19 անդամ երկրների, 2 թեկնածու երկրների (Ուկրաինա և Շրի Լանկա), ինչպես նաև 5 հրավիրված երկրների (Իտալիա, Ռուսաստանի Դաշնություն, Մոլդովա, Իսպանիա և Ռումինիա) ներկայացուցիչներ: Հատկանշականն այն է, որ նիստի ընթացքում իտալական կողմը հետաքրքրություն է ցուցաբերել Կոնվենցիայի անդամակցության կապակցությամբ:
24. Ամփոփելով վերոգրյալը` կարելի է եզրակացնել, որ Կոնվենցիան ունի շրջանակներն ընդլայնելու մեծ հնարավորություններ և զարգացման ապագա, քանի որ բացի Եվրոպական երկրներից անդամակցության հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերում նաև այլ երկրներ:
III. ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ
Էստոնիա
25. Ոլորտը կարգավորող հիմնական իրավական ակտն է «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասին» օրենքը, որով սահմանվում են ոսկու, արծաթի, պլատինի և պալադիումի հարգերը, անվանանիշերի, տարբերանիշերի, հարգադրոշմների և տարեթվի դրոշմների գրանցման և դրոշմման կարգը, թանկարժեք մետաղների մեծածախ և մանրածախ առևտրի կանոնները, ոլորտի համար պատասխանատու պետական կառավարման մարմինները և այլն:
26. Օրենքով սահմանվում է, որ ներմուծողներն ու արտադրողները պետք է ապահովեն թանկարժեք իրերի վրա պարտադիր նիշերի առկայությունը: Պարտադիր են համարվում հարգադրոշմը (fineness mark) և անվանանիշը (sponsor’s mark) կամ համակցված հարգադրոշմն ու անվանանիշը (combined sponsor’s and fineness mark):
27. Ոչ պարտադիր են համարվում վերահսկող դրոշմը (control mark) և տարեթվի դրոշմը (date letter): Վերահսկող դրոշմի միջոցով թանկարժեք մետաղներ հարգորոշողը հավաստում է թանկարժեք մետաղից պատրաստված իրի համապատասխանությունը հարգադրոշմների ստանդարտներին: Տարեթվի դրոշմը ցույց է տալիս թանկարժեք մետաղից պատրաստված իրի արտադրության տարեթիվը:
28. Նույն օրենքով նախատեսվում են մի շարք սահմանափակումներ` կապված թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առևտրի իրականացման վայրերի հետ: Մասնավորապես` արգելվում է այդ իրերի վաճառքը շուկաներում, փողոցային առևտրում և գրավատներում:
29. Թանկարժեք մետաղներ հարգորոշող կազմակերպությանը տրված է այդ ոլորտում գործելու բացառիկ իրավունք: Թանկարժեք մետաղներ հարգորոշողի նկատմամբ օրենքով սահմանված են հետևյալ պահանջները.
1) կազմակերպությանը, ղեկավար և վերահսկիչ մարմինների անդամներին և թանկարժեք իրի հարգի` ստանդարտներին համապատասխանությունը գնահատող աշխատողին արգելվում է իրականացնել թանկարժեք մետաղների արտադրության, ներմուծման, մեծածախ և մանրածախ առևտրի հետ կապված գործունեություն, իսկ կազմակերպության աշխատողները պետք է անցած լինեն համապատասխան վերապատրաստում, ունենան այդ ոլորտում անհրաժեշտ կրթություն և աշխատանքային փորձ,
2) կազմակերպությունը պետք է ունենա անհրաժեշտ տեխնիկական միջոցներ թանկարժեք իրի հարգի` ստանդարտներին համապատասխանությունը գնահատելու համար,
3) կազմակերպության լաբորատորիան պետք է հավատարմագրված լինի «Ապրանքների համապատասխանության գնահատման մասին» օրենքով նախատեսված հավատարմագրման մարմնի կողմից` թանկարժեք մետաղների փորձաքննությունն իրականացնելու համար և այլն:
30. Թանկարժեք մետաղներ հարգորոշողը պարտավոր է նաև կնքել ապահովագրական պայմանագիր հարգորոշման համար թանկարժեք մետաղից պատրաստված իրը իրեն ներկայացնողի հետ:
31. «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասին» օրենքով սահմանված դրույթների իրականացման վերահսկողության գործառույթը վերապահված է Տեխնիկական տեսչությանը (Tecհոical Iոspectօrate): Ի լրումն` Սպառողների պաշտպանության խորհուրդը, ոստիկանությունը, Հարկային և մաքսային խորհուրդը, տեղական ինքնակառավարման մարմիններն ու քաղաքապետարանները իրենց լիազորությունների շրջանակում ևս իրականացնում են այդ ոլորտի վերահսկողությունը:
Սլովենիա
32. Այս ոլորտը կարգավորող հիմնական իրավական ակտն է «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասին» օրենքը, որով սահմանվում են ոսկու, արծաթի, պլատինի և պալադիումի հարգերը, համապատասխանության գնահատման ու հավաստման ընթացակարգերը և դրանց համար պատասխանատու կազմակերպությունների լիազորություններն ու պարտականությունները, թանկարժեք մետաղից պատրաստված իրերի դրոշմմանը ներկայացվող պահանջները, այդ իրերի առևտրի հետ կապված կանոնները, վերահսկողությունը և այլն:
33. Օրենքով նախատեսված են թանկարժեք մետաղից պատրաստված իրերի վրա դրոշմվող հետևյալ նիշերը` անվանանիշ (sսpplier’s mark), տարբերանիշ (mark օf cօոfօrmity) և հարգադրոշմը (fiոeոess mark): Ինչպես և Էստոնիայի դեպքում, Սլովենիայում ևս թանկարժեք մետաղից պատրաստված իրերը շուկայահանելու համար դրանց վրա պարտադիր է անվանանիշի և հարգադրոշմի առկայությունը: Տարբերանիշը պետք է դրոշմվի միայն վերամշակված իրերի վրա:
34. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի ոլորտում տեխնիկական և առնչվող վարչական ու կազմակերպական գործառույթների իրականացման լիազորությունները վերապահված են բարձրագույն կրթության, գիտության և տեխնոլոգիաների նախարարությանը:
35. Թանկարժեք մետաղից պատրաստված իրեր արտադրողը կամ ներմուծողը պետք է գրանցի իր անվանանիշը նախարարության ստորաբաժանումում կամ Եվրամիության կամ Եվրոպական տնտեսական գոտու անդամ պետությունում անվանանիշերի գրանցման համար լիազորված ցանկացած կառույցում:
36. Արտադրողը կամ ներմուծողը կարող է ապահովել թանկարժեք մետաղից պատրաստված իրերի համապատասխանությունը սահմանված պահանջներին` վարելով նախատեսված տեխնիկական փաստաթղթեր կամ ներկայացնելով այդ իրերը նախարարության ստորաբաժանմանը` հարգորոշման և տարբերանիշի դրոշմման համար: Հարգորոշումը և տարբերանիշի դրոշմումը պետք է իրականացվի նախարարության գործող լաբորատորիայի միջոցով:
37. Արտադրողը կամ ներմուծողը թանկարժեք մետաղից պատրաստված իրերի հարգորոշման և տարբերանիշի դրոշմման համար կարող է դրանք ներկայացնել նաև նախարարի կողմից նշանակված իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին, որոնք պետք է հավատարմագրված լինեն և համապատասխանեն հարգորոշման և տարբերանիշի դրոշմման համար սահմանված լրացուցիչ պահանջներին:
Միացյալ Թագավորություն
38. Ոլորտը կարգավորող հիմնական իրավական ակտն է 1973 թվականի «Հարգադրոշմման մասին» օրենքը, որով սահմանվում են պարտադիր դրոշմման ենթակա նիշերն ու հարգադրոշմը, ոլորտի համար պատասխանատու կառույցների լիազորությունները, պարտականություններն ու գործառույթները, պատասխանատվության միջոցները և այլն:
39. Միացյալ Թագավորությունում կա չորս հարգորոշող անկախ կազմակերպություն` Լոնդոնի, Բիրմինգեմի, Էդինբուրգի և Շեֆիլդի: Հարգադրոշմման բրիտանական խորհուրդը դրանց կոորդինացնող մարմինն է: Հարգադրոշմման ոլորտի իրավական կարգավորման համար պատասխանատու նախարարությունը Առևտրի և արդյունաբերության դեպարտամենտն է (DTI):
40. Գանձապետարանը կարող է ցանկացած պահի այցելել յուրաքանչյուր հարգորոշող կազմակերպություն` հարգորոշման բաժինը ստուգելու և հարգորոշման համար կիրառվող մեթոդների և ընթացակարգերի ճշգրտությունն ու արդյունավետությունը ստուգելու համար: Գանձապետարանի փորձագետի կողմից պետք է պատրաստվի համապատասխան հաշվետվություն և ներկայացվի գանձապետի տեղակալին, Հարգորոշման բրիտանական խորհրդին և համապատասխան հարգորոշող կազմակերպությանը: Եթե գանձապետարանի կարծիքով հարգորոշման կիրառվող մեթոդները չեն համապատասխանում սահմանված չափանիշներին, ապա գանձապետարանը պետք է տեղյակ պահի այդ մասին Հարգորոշման բրիտանական խորհրդին և առաջարկություններ ներկայացնի նրան` նշված անհամապատասխանությունները վերացնելու ձևերի վերաբերյալ: Խորհուրդն ու համապատասխան հարգորոշող կազմակերպությունը պետք է միասին դիտարկեն գանձապետարանի կողմից ներկայացված առաջարկությունները:
41. «Հարգադրոշմման մասին» օրենքի պահանջների կատարումը պետք է ապահովեն տեղական մարմինները:
Չեխիա
42. Հարգադրոշմման և հարգորոշման ոլորտը կարգավորող հիմնական իրավական ակտերն են «Հարգադրոշմման և թանկարժեք մետաղների վերահսկողության մասին» օրենքը և «Հարգադրոշմման և թանկարժեք մետաղների փորձաքննության մասին» Չեխիայի Հանրապետության պետական կառավարման մարմինների ազգային խորհրդի թիվ 19/1993 ակտը, ինչպես նաև վերոնշյալ օրենքը կիրարկելու մասին Չեխիայի Արդյունաբերության և առևտրի նախարարի որոշումը:
43. «Հարգորոշման և թանկարժեք մետաղների վերահսկողության մասին» օրենքով նախատեսված են հետևյալ դրոշմները.
1) «Արտադրողի նշանը», որը սահմանվում է հարգորոշող կազմակերպության կողմից` հիմք ընդունելով արտադրողի անունը, ազգանունը կամ ապրանքային նշանը, որը բնութագրում է արտադրողի ապրանքը,
2) «Հավաստող նշանը», որը սահմանվում է հարգորոշող կազմակերպության կողմից` հիմք ընդունելով արտադրողի անունը, ազգանունը կամ ապրանքային նշանը, որը բնութագրում է ներմուծված ապրանքը:
44. Ի լրումն վերոնշյալ դրոշմների` Արդյունաբերության և առևտրի նախարարի որոշմամբ սահմանված են նաև Չեխիայի պաշտոնական տարբերանիշերը` յուրաքանչյուր թանկարժեք մետաղի և դրա հարգի համար առանձին տեսակ:
IV. ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ
45. Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղների ոլորտում այսօր առկա են չլուծված խնդիրներ, որոնք խոչընդոտում են ճյուղի զարգացումը:
46. «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանվում է, որ թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքը կարող է իրականացվել միայն նրանց վրա օրենքով սահմանված կարգով հարգադրոշմի եւ տարբերանիշի առկայության դեպքում, մինչդեռ անվանանիշի առկայությունը պարտադիր չէ: Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հետագծելիությունն ապահովելու համար պետք է սահմանվի, որ մանրածախ առուվաճառք իրականացնելու համար այդ իրերի վրա անհրաժեշտ է նաև արտադրողի կամ ներմուծողի անվանանիշի առկայությունը: Անվանանիշի առկայությունը պետք է պարտադիր լինի նաև մեծածախ առուվաճառք իրականացնելու համար: Բացի այդ, մեծածախ և մանրածախ առուվաճառք իրականացնող անհատ ձեռնարկատերերն ու իրավաբանական անձինք նույնպես պետք է հաշվառվեն շուկայի վերահսկողության համար պատասխանատու պետական կառույցում: Հաշվառման ընթացակարգը պետք է լինի պարզ` ներառելով էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով հաշվառման հնարավորությունը:
47. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր արտադրողների ու ներմուծողների հաշվառման և նրանց անվանանիշերի գրանցման հետ կապված դրույթները հստակեցնելուց և այդպիսով իրերի հետագծելիությունն ապահովելուց հետո անհրաժեշտ է պատասխանատվության միջոցներ սահմանել նաև արտադրողների և մեծածախ վաճառողների համար: Նշված բոլոր դրույթների հստակեցումը հնարավորություն կտա ապահովել թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հետագծելիությունը և այդպիսով բարձրացնել վերահսկողության արդյունավետությունը
48. Անվանանիշերի հաշվառումը պատշաճ կերպով ապահովելուց և այսպիսով շուկայի բոլոր մասնակիցների վերաբերյալ բոլոր անհրաժեշտ տվյալներն ունենալուց հետո բնագավառում վերահսկողություն իրականացնող մարմինը պետք է կազմի ստուգումների տարեկան ծրագրեր, որոնք պետք է մշակվեն` հիմնվելով ռիսկերի գնահատման վրա հիմնավորված ընտրանքի վրա և հաշվի առնեն այս ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները առավել հաճախ խախտող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ տեղեկատվությունը և այլ կարևոր հանգամանքներ: Անհրաժեշտ է նաև վերահսկողություն իրականացնող մարմնի աշխատակիցների համար կազմակերպել դասընթացներ` Եվրամիության երկրներում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի շուկայի վերահսկողության մեխանիզմների վերաբերյալ, ինչպես նաև փողերի լվացման և ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում պետք է սահմանվի թանկարժեք մետաղների դիլերների հաշվետվողականության ապահովում:
49. Կարևոր պայմաններից է նաև վերահսկողություն իրականացնող մարմնի տեխնիկական վերազինման անհրաժեշտությունը, քանի որ ներկայումս ուսումնասիրության ենթարկված և մի շարք այլ երկրներում վերահսկողություն իրականացնող մարմիններում կիրառվում են նորագույն տեխնիկա և տեխնոլոգիա, որը հանդիսանում է երկրների հետ համաձայնագրերի ստորագրման և կոնվենցիաներին անդամակցելու համար կարևորագույն նախապայմաններից մեկը:
50. Թեպետ գոյություն ունեն պահանջներ հարգորոշում և հարգադրոշմում իրականացնող կազմակերպությունների նկատմամբ, այնուամենայնիվ, դրանց լաբորատորիաների հավատարմագրման պահանջներ նախատեսված չեն: Եվրամիության անդամ պետություններում գոյություն ունեցող հարգադրոշման և հարգորոշման երեք` կամավոր, պարտադիր և ինքնասերտիֆիկացման եղանակներից, Հայաստանի համար ընդունելի տարբերակ է կամավոր եղանակը: Այն ընկերությունները որոնք իրենց արտադրանքը ցանկանում են արտահանել Կոնվենցիայի երկրներ կամավոր սկզբունքով հավատարմագրվում են` համապատասխանեցնելով ընթացակարգերի ներդաշնակումը միջազգային հավատարմագրման համակարգերի ընթացակարգերին` բացառելով առևտրում տեխնիկական խոչընդոտները: Այսինքն` լաբորատորիաների հավատարմագրման պահանջը պետք է տարածվի միայն Կոնվենցիայի երկրներ տեղական արտադրանքի արտահանման նկատմամբ: Հայաստանի Հանրապետության պետական լիազոր մարմնի կողմից տեխնիկական կանոնակարգերի պահանջների համապատասխանության դեպքում հարգորոշող և հարգադրոշմող մարմնի նշանակումը իրականացվում է «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
51. Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգադրոշմման և վերահսկողության մասին» կոնվենցիային Հայաստանի Հանրապետության անդամակցության ուղղությամբ: Նշված կոնվենցիայի արդյունավետ կիրարկումը կնպաստի Հայաստանից դեպի կոնվենցիայի անդամ այլ պետություններ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի արտահանման ժամանակ դրանց հարգորոշման և հարգադրոշմման հետ կապված ընթացակարգերի կտրուկ նվազեցմանը, ինչն իր հերթին հայ արտադրողների համար առավել մատչելի կդարձնի եվրոպական երկրների շուկաները: Կոնվենցիային անդամակցելուց հետո անհրաժեշտ է ձեռնարկել քայլեր` Հայաստանի Հանրապետության իրավական և ինստիտուցիոնալ համակարգը կոնվենցիայի պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ: Նախքան կոնվենցիային միանալը, պետք է նաև միակողմանիորեն ճանաչել միայն կոնվենցիայով նախատեսված Միասնական վերահսկման տարբերանիշը: Ի լրումն` անհրաժեշտ է մշակել գործողությունների ծրագիր, որը կներառի բոլոր այն բարեփոխումների ժամանակացույցը, որոնք անհրաժեշտ է իրականացնել կոնվենցիային անդամակցելու համար:
52. Այս խնդիրների լուծմանն են ուղղված թանկարժեք մետաղների ոլորտի համար մշակված հետևյալ մարտահրավերները, որոնք վերջին հաշվով կոչված են նպաստելու Հայաստանում ոսկեգործության ոլորտի զարգացմանը, բիզնես միջավայրի կայացմանը, առկա արտադրական ցուցանիշների խթանմանը.
1) օրենսդրական դաշտի բարելավում,
2) ոսկեգործության արդյունավետ շուկաների հասանելիության ապահովում,
3) միջազգային չափանիշներին համապատասխանող վերահսկման համակարգի ներդրում,
4) սպառողների շահերի պաշտպանություն:
V. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ (ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ)
53. Հայաստանում թանկարժեք մետաղների բնագավառի զարգացման և կանոնակարգմանն ուղղված միջոցառումները կարելի է բաժանել հետևյալ ուղղությունների`
1) Օրենսդրության կատարելագործում`
ա. թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի վրա անվանանիշի առկայության պարտադիր պահանջի կիրառում,
բ. վերահսկողություն իրականացնող մարմնի աշխատանքային գործունեության արդյունավետության բարձրացում,
գ. Հայաստանի Հանրապետությունում հարգորոշման և հարգադրոշմման գործունեության հետ առնչվող եվրոպական չափանիշներին համապատասխան ստանդարտների և տեխնիկական կանոնակարգերի ներդրում,
դ. տեղեկատվական համակարգերի ստեղծում:
2) Նոր սերնդի ոսկերիչների ձևավորման համար բարենպաստ պայմանների ստեղծում.
ոսկերիչների, կադրերի վերապատրաստման համար համապատասխան ուսումնական կենտրոնների ստեղծում:
3) Միջազգային շուկաների հասանելիության ապահովում`
ա. «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգադրոշմման և վերահսկողության մասին» կոնվենցիային միացում,
բ. Հայաստանի Հանրապետության և ԱՊՀ ու այլ երկրների միջև «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգադրոշմների և տարբերանիշերի փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրերի ստորագրում:
4) Ոսկեգործության ոլորտում պետություն–մասնավոր հատված համագործակցության սկզբունքների ներդրում.
ապահովել ոլորտում վարվող պետական քաղաքականության թափանցիկությունը և դրա մշակման ու իրականացման գործընթացում համագործակցությունը մասնավոր հատվածի հետ:
5) Սպառողների իրազեկության ապահովում.
Տեղեկատվությունը սպառողների համար առավել մատչելի դարձնելու և վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ստեղծել շուկայում վերահսկողության համար պատասխանատու մարմինների (ներառյալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի) հետ տեղեկատվության արագ փոխանակման համակարգերի ստեղծում:
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2012 թ. մայիսի 24-ի նիստի N 20 արձանագրային որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Միջոցառման անվանում |
Միջոցառման նպատակ |
Ակնկալվող արդյունքը |
Պատասխանատու մարմին |
Իրականացման ժամկետ |
1. |
Թանկարժեք մետաղների մասին օրենսդրության մշակում` կատարել փոփոխություններ և լրացումներ «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքում և դրա ենթաօրենսդրական կարգավորումն ապահովող իրավական ակտերի ընդունում: |
Սահմանել հարգորոշման և հարգադրոշմման գործունեության հետ առնչվող եվրոպական չափանիշներին համապատասխանող ստանդարտներ և տեխնիկական պայմաններ, կոնվենցիային անդամակցելուն ուղղված այլ պայմաններ և պահանջներ: |
Միջազգային չափանիշներին համապատասխան օրենսդրական դաշտ. |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2013-2014 թթ. |
2. |
Թանկարժեք մետաղների ոլորտում ստուգումներին վերաբերող իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին իրավական ակտերի մշակում: |
Ընդլայնել վերահսկողություն իրականացնող մարմնի լիազորությունները` թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի շուկայում վերահսկողության արդյունավետության բարձրացման նպատակով: |
Միջազգային չափանիշներին համապատասխան վերահսկողության ներդրում, ինչպես նաև թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի շրջանառության ոլորտում իրավախախտումների կանխարգելում և նվազեցում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2013թ. |
3. |
Դասընթացների կազմակերպում |
Վերահսկողություն իրականացնող մարմնի աշխատակիցների համար կազմակերպել դասընթացներ եվրոպական երկրներում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի շուկայի վերահսկողության վերաբերյալ |
Սպառողների շահերի պաշտպանության որակի բարձրացում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2013-2014թթ. |
4. |
Հարգադրոշմների, անվանանիշերի և տարբերանիշերի դրոշմման ուղեցույցների հաստատման մասին համատեղ հրամանի նախագծի մշակում |
Հարգադրոշմների, անվանանիշերի և տարբերանիշերի դրոշմման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հարգորոշող կազմակերպությունների համար մշակել հարգադրոշմների, անվանանիշերի և տարբերանիշերի դրոշմման ուղեցույց` հիմք ընդունելով «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգադրոշմման և վերահսկողության մասին» կոնվենցիայի մշտական կոմիտեի կողմից մշակված ուղեցույցները |
Հարգադրոշմների, անվանանիշերի և տարբերանիշերի դրոշմման գործընթացի արդյունավետության բարձրացում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
2013թ. |
5. |
Հարգորոշող և հարգադրոշմող կազմակերպությունների մասին վիճակագրության վարման համակարգի ներդրում |
Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հետագծելիությունը և հարգորոշող կազմակերպությունների վերահսկելիությունն ապահովելու նպատակով ստեղծել հարգորոշող կազմակերպությունների կողմից հարգադրոշմված իրեր արտադրողի, ներմուծողի, այդ իրերի ծավալների վերաբերյալ համակարգչայնացված վիճակագրական ռեգիստր |
Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հետագծելիությունը և հարգորոշող և հարգադրոշմող անձանց վերահսկելիության ապահովման բարձրացում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2013թ. |
6. |
Տեղեկատվության արագ փոխանակման համակարգերի ստեղծում |
Տեղեկատվությունը սպառողների համար առավել մատչելի դարձնելու և վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ստեղծել շուկայում վերահսկողության համար պատասխանատու մարմինների (ներառյալ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի) հետ տեղեկատվության փոխանակման համակարգեր |
Սպառողների շահերի պաշտպանության որակի բարձրացում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2013թ. |
7. |
Բարեփոխումների վերաբերյալ տնտեսվարող սուբյեկտների իրազեկության բարձրացում |
Տրամադրել համապատասխան տեղեկատվություն, կազմակերպել սեմինարներ վերոնշյալ բարեփոխումների մասին` թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր արտադրողների, վաճառողների, ներմուծողների, ինչպես նաև հարգորոշող և հարգադրոշմող անձանց համար |
Պետություն-մասնավոր հատված համագործակցություն |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարություն |
2013-2014թթ. |
